Հայ-ադրբեջանական բանակցությունների մոսկովյան և բրյուսելյան հարթակները
20 Հունիս 2022
2020 թ. պատերազմից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և արցախյան խնդրի լուծման երկու նոր հարթակ է ձևավորվել՝ Մոսկվայում և Բրյուսելում։ Դրանցից առաջինը՝ Մոսկվան՝ որպես ինքնուրույն միջնորդ, քաղաքական ասպարեզ է եկել պատերազմի արդեն վերջին օրերին։ Ավելին՝ հենց Ռուսաստանի միջնորդությամբ է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադար կնքվել, որից հետո պաշտոնական Մոսկվան ստանձնել է ոչ միայն միջնորդի, այլև Արցախում անվտանգության ապահովման երաշխավորի դեր։ Իհարկե, ռուսական կողմը նախկինում էլ է հանդես եկել ինքնուրույն նախաձեռնություններով և անգամ շատ մոտ է եղել որոշ լուծումների, բայց, վերջին հաշվով, այդ բոլոր ջանքերը մշտապես համադրվել և համատեղվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով մշակված մոտեցումների հետ և նույնիսկ մաս կազմել դրանց։ Իսկ ահա 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի միջնորդությունը բացարձակապես ինքնուրույն և միանձնյա էր դարձել։
Բրյուսելը՝ որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նոր հարթակ, հետպատերազմյան շրջանում առաջին անգամ ասպարեզ է եկել 2021 թ. դեկտեմբերին, երբ ԵԽ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Ալիևի ու Փաշինյանի հանդիպումը։ Դրանից հետո՝ 2022 թ. ապրիլի 6-ին և մայիսի 22-ին, տեղի են ունեցել ևս երկու եռակողմ հանդիպումներ՝ ԵԽ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով։ Բացի այդ՝ եվրոպական կողմի միջնորդությամբ տեղի են ունեցել նաև Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներ, ինչպես նաև դրանց ղեկավարների երկու հանդիպում՝ այս անգամ արդեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։ Այս բոլոր հանդիպումներն ու հակամարտության կարգավորմանն ուղղված եվրոպական կողմի ջանքերն էլ ձևավորել են, այսպես կոչված, բրյուսելյան ձևաչափը, որն այս պահին հայ-ադրբեջանական հարաբերությունների վերականգնման ամենաակտիվ գործող հարթակներից է դարձել՝ շատ հարցերում մրցակցելով Մոսկվայի հետ։
2022 թ. փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Այդ օրվանից ի վեր Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները հետխորհրդային ողջ ժամանակաշրջանի կտրվածքով լարվածության ամենաբարձր մակարդակին հասան։ Կողմերը սկսեցին մրցակցել հնարավոր բոլոր հարթակներում, ինչն իր անդրադարձն ունեցավ նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վրա։ Ուկրաինական ճգնաժամը դարձավ այն ջրբաժանը, որից հետո Մոսկվան և Բրյուսելը սկսեցին մրցակցել նաև արցախյան հակամարտության կարգավորման գործում առաջնային դեր ունենալու համար։ Երևանն ու Բաքուն նախընտրեցին օգտագործել թե՛ մոսկովյան և թե՛ բրյուսելյան հարթակները՝ իրենց հերթին նպաստելով այդ մրցակցության ակտիվացմանն ու էլ ավելի սրմանը։
Որո՞նք են Մոսկվայի և Բրյուսելի միջնորդությամբ ծավալվող բանակցային գործընթացների ընդհանրություններն ու տարբերությունները, և ի՞նչ է սպասվում Արցախին ու հայ-ադրբեջանական հարաբերություններին առաջիկայում։ Այս հարցերին պատասխանելու համար առաջարկում ենք առանձին-առանձին դիտարկել մոսկովյան և բրյուսելյան գործընթացները։
Մոսկվա
44-օրյա պատերազմն ավարտվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հայտնի եռակողմ հայտարարության ընդունմամբ (1)։ Ինը կետերից բաղկացած այդ հայտնի փաստաթղթի գրեթե բոլոր դրույթներն այս կամ այն չափով գրեթե անմիջապես կյանքի են կոչվել. դադարեցվել են ռազմական գործողությունները, հայկական կողմն Ադրբեջանին է հանձնել Ակնայի, Քարվաճառի և Բերձորի շրջանները (նշենք, որ հայտարարության մեջ օգտագործվել են դրանց ադրբեջանական անվանումները), Արցախում՝ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, տեղակայվել են ռուս խաղաղապահներ, տեղի է ունեցել գերիների և զոհվածների մարմինների փոխանակում (իհարկե, ոչ լիարժեք), ստեղծվել է խաղաղապահ կենտրոն և այլն։
Հիշատակված հայտարարության որոշ կետեր էլ, ցավոք, գերակատարվել են ի վնաս հայկական կողմի։ Օրինակ՝ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի Հանրապետությունը կանգ չի առել իր «զբաղեցրած դիրքերում», ինչը նախատեսված էր հայտարարության առաջին կետով, և հետագայում իր զորքերն առաջ է բերել թե՛ Արցախի Հանրապետության և թե՛ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ՝ գրավելով ոչ միայն ռազմավարական բարձունքներ, այլև բնակավայրեր ու միջպետական ճանապարհներ: Կամ՝ պաշտոնական Բաքուն հրաժարվել է լիարժեքորեն կատարել հայտարարության 7-րդ կետով ստանձնած պարտավորությունները և Հայաստանին վերադարձնել բոլոր ռազմագերիներին, պատանդներին ու պահվող անձանց։ Բայց ընդհանուր առմամբ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին 8 դրույթները կյանքի են կոչվել, և այժմ կողմերն աշխատում են 9-րդ կետի կենսագործման, այն է՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ։
Այսպիսով՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ ձևավորվել է հայ-ադրբեջանական բանակցային փաստացի նոր, այն էլ՝ որոշ արդյունքներ (դրանց դրական կամ բացասական լինելու խնդիրը դուրս է այս հոդվածում քննարկվող հարցերի շրջանակից) արձանագրած ձևաչափ, որը հետագայում հարստացել է նոր օրակարգերով և պայմանավորվածություններով։
2021 թ. հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները կրկին հանդիպեցին Մոսկվայում և եռակողմ նոր հայտարարություն ընդունեցին (2)։ Այս անգամ 4 կետերից բաղկացած փաստաթուղթը ամբողջությամբ նվիրված էր նախորդ հայտարարության վերջին կետին՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրին։ ՌԴ նախագահ Վ. Պուտինի առաջարկով կողմերը համաձայնեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ձևավորել, որի առջև դրվեցին հստակ խնդիրներ՝ կազմել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկ՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, և մինչև 2021 թ. մարտի 1-ը ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարներին ներկայացնել Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներով միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ համատեղ հայտարարությունն ընդունվել է 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիում (3)։ Այս փաստաթղթում կողմերը հղում են անում նախորդ երկու հայտարարությունների տեքստերին՝ նշելով դրանց կետերը կյանքի կոչելու անհրաժեշտությունը, և առաջին անգամ խոսում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու մասին։ Փաշինյանն ու Ալիևը համաձայնում են ստեղծել սահմանագծման և սահմանազատման երկկողմ հանձնաժողով՝ Ռուսաստանի խորհրդատվական մասնակցությամբ։
Եռակողմ այս հանդիպման ավարտից և հիշատակված հայտարարության ընդունումից հետո ՌԴ նախագահ Վ. Պուտինը մամուլին տրված մեկնաբանություններում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքների երկկողմ հանձնաժողովը կձևավորվի մինչ 2021 թ. ավարտը (4)։ Սակայն, ինչպես շատ այլ հարցերում, այս անգամ ևս երեք երկրների ղեկավարների ընդունած այդ որոշման կյանքի կոչվելու ժամկետները խախտվեցին։ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև սահմանագծման և սահմանազատման հայկական և ադրբեջանական կողմերի հանձնաժողովները ձևավորվեցին շատ ավելի ուշ՝ 2022 թ. ապրիլ-մայիս ամիսներին, արդեն միանգամայն այլ պայմաններում և այլ ձևաչափով՝ Բրյուսելի ակտիվ մասնակցությամբ։ Իսկ այդ հանձնաժողովների ղեկավարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել նույն թվականի մայիսի 24-ին։ Այդ հարցին կվերադառնանք փոքր-ինչ ավելի ուշ։
Այսպիսով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հիշատակված երեք համատեղ հայտարարությունները դրվել են հայ-ադրբեջանական բանակցությունների մոսկովյան ձևաչափի հիմքում։ Այդ ձևաչափի հիմնական առաջնահերթություններն են արցախյան հակամարտության գոտում հրադադարի պահպանման ռեժիմի ապահովումն ու տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Մնացած բոլոր հարցերը, որ այս ընթացքում քննարկվել են երեք երկրների ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ստորադասված են հենց այս երկու դրույթներին։
Ընդ որում, պետք է նշել, որ մոսկովյան ձևաչափում թե՛ կայունության և թե՛ կոմունիկացիոն խնդիրներն ավելի շատ համապատասխանում են մեր տարածաշրջանի ապագայի մասին այն պատկերացումներին, որոնք տարածված են Ռուսաստանում և որոշ չափով նաև Ադրբեջանում ու Թուրքիայում։ Ցավոք, հայկական օրակարգի այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսին է, օրինակ, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, բանակցային այս ձևաչափում դեռևս չեն քննարկվում։ Այս հարցի կապակցությամբ Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալն է. «Ադրբեջանին պետք է վերադարձվեին Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող յոթ պահվող շրջանները, իսկ բուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա, այսինքն՝ դա պետք է թողնվի ապագային։ Լեռնային Ղարաբաղում պետք է ամրագրել ստատուս քվո, բայց Հայաստանի և Ղարաբաղի միջև շփման հնարավորության պարտադիր ստեղծմամբ….» (5)։
Բրյուսել
2021 թ. դեկտեմբերի 14-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպում, որից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով։ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություններում հիմնական շեշտը դրված էր 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի շուրջ քննարկումների վրա։ Սակայն Շառլ Միշելի՝ եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարությունից պարզ դարձավ, որ Բրյուսելում անցած հայ-ադրբեջանական բանակցություններում ի հայտ են եկել նոր տարրեր։ Մասնավորապես, առաջին անգամ Շառլ Միշելը հայտարարեց, որ մեր տարածաշրջանում կայուն խաղաղությունը «ի վերջո կամրագրվի համապարփակ խաղաղության համաձայնագրով» (6)։ Բացի այդ՝ ԵԽ խորհրդի նախագահի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններում լարվածությունը նվազեցնելու նպատակով ուղիղ կապ է հաստատվել երկու երկրների պաշտպանության նախարարների միջև։
Բրյուսելյան եռակողմ առաջին հանդիպման հատկանշական հանգամանքներից մեկն էլ այն է, որ, չնայած Շառլ Միշելն ինքն էր հղում անում Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված երեք հայտնի հայտարարություններին, այնուամենայնիվ, արդեն իսկ 2021 թ. վերջին նկատելի էր, որ եվրոպական դիվանագիտությունը փորձելու է իր ձեռքը վերցնել այդ հայտարարություններում ամրագրված կետերի իրագործման նախաձեռնությունը։ Այսպես՝ դեկտեմբերի 14-ի հանդիպման ընթացքում ԵԽ խորհրդի նախագահը փորձագիտական և ներդրումային աջակցություն է առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, որպեսզի վերջիններս կարողանան հնարավորինս անվտանգ միջավայրում արագ իրականացնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, վերականգնել երկաթուղային կապերը և այլն։
Բրյուսելյան այդ հանդիպման երրորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ Փաշինյանը, Ալիևն ու Միշելը պայմանավորվել են շարունակել աշխատանքներն այդ ձևաչափում, ինչը բացահայտ ակնարկ էր այն մասին, որ բրյուսելյան ձևաչափը՝ որպես Մոսկվայի ձևաչափը փոխլրացնող, իսկ հնարավոր է՝ նաև այլընտրանք, գոյություն ունենալու իրավունք ունի։ Ավելին՝ ադրբեջանական իշխանամերձ մամուլը հենց այդ հանդիպումից հետո սկսեց շարունակ հոդվածներ հրապարակել այն մասին, որ Բրյուսելը շատ ավելի անկողմնակալ միջնորդ է, քան Մոսկվան։
2022 թ. ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ Փաշինյան-Միշել-Ալիև երկրորդ եռակողմ հանդիպումը։ Այս անգամ պայմանավորվածությունները շատ ավելի առարկայական էին և վկայում էին այն մասին, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին նոր տեմպ է հաղորդվել։ ԵԽ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպման ավարտից անմիջապես հետո հայտարարել է, որ և՛ Իլհամ Ալիևը, և՛ Նիկոլ Փաշինյանը ցանկանում են արագ տեմպերով շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր։ «Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարներին հանձնարարելու աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, որը կլուծի բոլոր հրատապ խնդիրները» (7),- մասնավորապես նշել է Շառլ Միշելը։
Երկրորդ խիստ շոշափելի և առարկայական համաձայնությունը, որը ապրիլի 6-ին ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, վերաբերում էր սահմանագծման և սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելուն, որը պետք է ձևավորվեր մինչև 2022 թ. ապրիլի վերջը։ Ընդ որում, ի տարբերություն 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համանման հանձնաժողովի մասին պայմանավորվածության, որին անդրադարձել ենք հոդվածի առաջին հատվածում, Բրյուսելում որոշվել է, որ այս նոր հանձնաժողովը պետք է օժտված լինի երկու մանդատով՝ սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի սահմանը և ապահովել կայուն, անվտանգ իրադրություն սահմանագծի երկայնքով և մերձակայքում:
Նշված հանդիպումից մեկուկես ամիս անց՝ մայիսի 23-ին, ԵԽ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում կազմակերպեց Հայաստանի, Ադրբեջանի և ԵԽ ղեկավարների երրորդ համատեղ հանդիպումը։ Այս անգամ եվրոպացի դիվանագետի՝ հանդիպումն ամփոփող հայտարարությունը շատ ավելի հստակ և կոնկրետ էր։ Նախ՝ նա տեղեկացրեց, որ առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Միշելի ազդարարած այդ հանդիպումը տեղի ունեցավ հաջորդ օրը՝ մայիսի 24-ին (8)։
Երկրորդ՝ ԵԽ ղեկավարը հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների, սահմանների կառավարման, անվտանգության, միջազգային բեռնափոխադրումների, մաքսային սկզբունքների և այլ հարցերի շուրջ (9)։
Միշելի այդ հայտարարությունը վկայում է այն մասին, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունները մտել են ավարտական փուլ։ Ընդ որում, կարևոր է նշել այն հանգամանքը, որ քննարկվող այս հարցերի առումով Հայաստանին փաստորեն պարտադրվում է չհավասարակշռված որոշում։ Այսպես, ըստ Շառլ Միշելի հայտարարության, մեր երկիրը թույլ է տալիս Ադրբեջանին Հայաստանի տարածքով կապ ունենալ Նախիջևանի հետ՝ փոխարենը ստանալով «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման» հնարավորություն։ Հարց է առաջանում՝ միմյանց հետ կապ պահելու համար Հայաստանի այդ որ շրջաններն ունեն Ադրբեջանի տարածքից օգտվելու անհրաժեշտություն։ Խոսքն այստեղ կարող է վերաբերել միայն երկու ճանապարհների՝ Երևան-Նախիջևան-Մեղրի գծին և 2020 թ. պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Սյունիքի միջհամայնքային և միջպետական ճանապարհի փոքր հատվածներին։ Բայց պետք է փաստենք, որ նախ՝ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը Սյունիքի ճանապարհներին անօրինական է (առնվազն որովհետև այդ հատվածներում սահմանագծում և սահմանազատում դեռևս չի կատարվել), և երկրորդ՝ Հայաստանն իր մայրաքաղաքը Սյունիքի քաղաքներին կապող այլընտրանքային ճանապարհ էլ ունի (ճիշտ է՝ խայտառակ վատ որակի), իսկ Ադրբեջանը Նախիջևան տանող այլ ճանապարհ՝ ոչ։
Երրորդ կարևոր կետը, որ նշված էր Միշելի հայտարարության մեջ, վերաբերում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, «որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը» (10):
Եվ վերջապես, չորրորդ կարևոր շեշտադրումը վերաբերում էր «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը», որոնք, ըստ Շառլ Միշելի, անհրաժեշտ է ապահովել։
Ամփոփելով Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ երեք հայտարարությունների արդյունքները, ինչպես նաև նկատի ունենալով այն փաստը, որ նման չորրորդ հանդիպումը կկայանա ս.թ. հուլիս-օգոստոս ամիսներին՝ կարելի է վստահ պնդել, որ բրյուսելյան ձևաչափը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններում արդեն իսկ կայացած փաստ է։ Ընդ որում, այն իր գործունեության առաջին իսկ օրվանից նախաձեռնողների ու մասնակիցների կողմից մատուցվել և ընկալվել է որպես Մոսկվայի ձևաչափին այլընտրանք, որի գործունեությունը, ի դեպ, 2022 թ. շատ ավելի արդյունավետ է եղել, քան ռուսական միջնորդությունը։ Ավելին՝ Բրյուսելը հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգ շարունակ նոր տարրեր ներմուծում, որոնք Մոսկվայում հաճախ մեկնաբանվում են որպես հակառուսական կամ Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանից հեռացնելու փորձ։
Ինչպես արդեն նշվել է նյութի սկզբում, հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափի կայացման գործում մեծ դեր է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն իր հերթին Ալիևի և Փաշինյանի հետ երկու հանդիպում է անցկացրել։ Ակտիվ ջանքեր են գործադրում նաև եվրոպական տարբեր կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, որոնք իրենց հերթին Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներն են կազմակերպում։ Սակայն այս բոլոր գործընթացներում, լինեն դրանք Մոսկվայում, թե Բրյուսելում, բաց է թողնվում հայկական կողմի համար ամենակարևորը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։ Իսկ ամենացավալին այն է, որ պաշտոնական Երևանն ինքն է շրջանցում այդ հարցի բարձրացման բոլոր առիթները և դեռ ավելին՝ համաձայնություն տալիս Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար Բաքվի ներկայացրած 5 հայտնի առաջարկ-պահանջներին (Հայաստանի և Ադրբեջանի բանակցային դիրքորոշումների առանձնահատկություններին կանդրադառնանք մեկ այլ հոդվածով)։ Եվ սա է այն հանգամանքը, որը, չնայած մոսկովյան ու բրյուսելյան բանակցային ձևաչափերի բոլոր նմանություններին ու տարբերություններին, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի և Արևմուտքի՝ աշխարհաքաղաքական նոր թափ ստացած մրցակցությանը, Հայաստանի և Արցախի իրական շահի տեսանկյունից երկու ձևաչափերն էլ դնում է նույն հարթության մեջ։
Ճիշտ է, և՛ ռուսական, և՛ արևմտյան կողմերը հաճախ խոսում են արցախահայության իրավունքների մասին՝ նշելով, որ, առանց տեղի հայության կարծիքը հաշվի առնելու, հակամարտության կարգավորումը հնարավոր չէ, այնուամենայնիվ, թե՛ Մոսկվայում և թե՛ Բրյուսելում փաստացի անտեսվում է հայկական երկու պետությունների գլխավոր խնդիրը՝ Արցախի ինքնորոշման իրավունքը։
_______________________________________________
Հղումներ
1. Տե՛ս Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 10.11.2020, https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/ (մուտք՝ 08․06․2022)։
2. Տե՛ս Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, 11.01.2021, https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/01/11/Nikol-Pashinyan-Moscow-meeting-Announcement/ (մուտք՝ 08․06․2022)։
3. Տե՛ս Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը և Ադրբեջանի նախագահն ընդունել են համատեղ հայտարարություն, 26.11.2021, https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/11/26/Nikol-Pashinyan-Sochi/ (մուտք՝ 08․06․2022)։
4. Տե՛ս Заявления по итогам трехсторонних переговоров лидеров России, Азербайджана и Армении, 26.11.2021, http://kremlin.ru/catalog/countries/AM/events/67203 (մուտք՝ 08․06․2022)։
5. Путин: статус Карабаха должен остаться неизменным и решаться в будущем, 17.12.2020, https://ria.ru/20201217/karabakh-1589711827.html (մուտք՝ 08․06․2022).
6. Statement of President Charles Michel following the trilateral meeting with President Ilham Aliyev and Prime Minister Nikol Pashinyan, 14.12.2021, https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2021/12/14/statement-of-president-charles-michel-following-the-trilateral-meeting-with-president-ilham-aliyev-and-prime-minister-nikol-pashinyan/ (մուտք՝ 08․06․2022).
7. Statement of European Council President Charles Michel following the Second Trilateral Meeting with President Ilham Aliyev and Prime Minister Nikol Pashinyan, 06.04.2022, https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2022/04/06/statement-of-european-council-president-charles-michel-following-the-second-trilateral-meeting-with-president-ilham-aliyev-and-prime-minister-nikol-pashinyan/ (մուտք՝ 08․06․2022).
8. Տե՛ս Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են միջպետական սահմանին, 24.05.2022, https://times.am/?p=308835&l=am (մուտք՝ 08․06․2022)։
9. Տե՛ս Press statement by President Michel of the European Council following a trilateral meeting with President Aliyev of Azerbaijan and Prime Minister Pashinyan of Armenia, 23.05.2022, https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2022/05/23/press-statement-by-president-michel-of-the-european-council-following-a-trilateral-meeting-with-president-aliyev-of-azerbaijan-and-prime-minister-pashinyan-of-armenia/ (մուտք՝ 08․06․2022)։
10. Նույն տեղում։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար