Առանց Արցախի ինքնորոշման իրավունքի` տարածաշրջանում իրական խաղաղություն հաստատել անհնար է. Իշխան Սաղաթելյան
24 Հունիս 2022
Արցախցին պինդ է, ամուր է, տեր է իր հայրենիքին: Չնայած բազմաթիվ անորոշություններին ու դժվարություններին` արցախցին ամուր կանգնած է իր հողին, նաև մեր այս երկու ամսվա պայքարն արցախցուն նոր ուժ է տվել. այսօր Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով Շարժման պատվիրակության եռօրյա այցին Արցախ:
«Պատերազմից հետո բազմիցս եղել էինք Արցախում, բայց այն, ինչ տեսանք երկու օր առաջ` մթնոլորտն ամբողջությամբ այլ էր, կարող ենք փաստել` Արցախում ևս ձևավորված են դիմադրության օջախներ: Արցախի ժողովուրդը տեր է իր հայրենիքին և որևէ պարագայում չի ընդունի որևէ լուծում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,- ասաց նա` հավելելով. «Արցախում բոլոր քաղաքական ուժերը միակարծիք են այն հարցում, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հնչեցված այն տեսակետները, թե Արցախում կա այլ դիրքորոշում, ես պատասխանատու կերպով հայտարարում եմ այն, ինչ փոխանցել են մեզ՝ Արցախում Նիկոլի և Ալիևի հայաթափման օրակարգը կիսող և սպասարկող չկա ու չի լինելու»։
Սաղաթելյանը նաև ընդգծեց, որ Հայաստան- Արցախ պաշտոնական հարաբերությունները խարխլված են։
«Արդեն երկու տարի է` Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդները համատեղ նիստ չեն գումարում, Արցախի և Հայաստանի ԱԳ նախարարները պաշտոնական հանդիպումներ չեն ունենում։ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովները նիստ չեն գումարում։ Սա այն է, ինչ շարունակ բարձրաձայնում էին` Հայաստանի իշխանություններն իրենց ձեռքերը լվանում են Արցախից։ Մենք դա թույլ չենք տալու»,- շարունակեց պատգամավորը։
Նա նաև տեղեկացրեց, որ «Դիմադրություն» շարժման խորհուրդներ կձևավորվեն նաև Արցախում։ «Շարժումը պետք է լինի համահայկական։ Օջախները պետք է ձևավորվեն Արցախում, Սփյուռքում, ինչը մոտ ապագայում պետք է լինի իրականություն»,- ասաց Սաղաթելյանը:
Նա նաև անդրադարձավ Ադրբեջանի առաջարկած «խաղաղության» օրակարգին, որը որպես ցանկալի ապագա ներկայացնում է նաև Հայաստանի գործող իշխանությունը։ Այդ օրակարգի մասին այսօր Բաքվում կրկին խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Այս հրապարակից, ի պատասխան այսօր Ադրբեջանում հնչեցված հայտարարության, հստակ ասում ենք, որ իրենց առաջարկած կետերը, իրենց առաջարկած «խաղաղությանը» հասնելու ձգտումը խաղաղության օրակարգ չէ, դա Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրելու օրակարգ է, որը մեր ժողովրդի կողմից անընդունելի է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտարարեց` առանց Արցախի ինքնորոշման իրավունքի, տարածաշրջանում իրական խաղաղություն հաստատել անհնար է։
«Առանց այդ իրավունքի հռչակման, առանց Արցախի անկախ կարգավիճակի, ցանկացած լուծում տարածաշրջանում բերելու է անկայունություն, ցանկացած լուծում բերելու է Արցախի հայաթափում և ցեղասպանություն։ Դա Ալիևի օրակարգն է, որը սպասարկում է Նիկոլը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը և շեշտեց` Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած պայմանավորվածություններն անընդունելի են հայ ժողովրդի համար և առ ոչինչ են։
Ինչ այս հրապարակում ձեզ հետ պայմանավորվել ենք, դրանից հետքայլ չկա։ Մենք խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով, դրանք Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերն են և Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգը, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտատարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։
«Մյուս օրակարգերը, որոնք այսօր առաջ են բերում խորհրդարանում, դրանք հայ ժողովրդի օրակարգի հետ հատման կետեր չունեն։ Հայ ժողովրդի օրակարգը ձևավորվել է այս հրապարակում․ մենք սպասարկելու ենք այդ օրակարգը։ Մենք խորհդարանում կլինենք միայն ժողովրդի ձևավորած օրակարգով»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։