Մահմեդական բնակչության 1919 թ. հակահայկական խռովության ճնշումը Զոդ-Բասարգեչարի շրջանում և հայկական պետականության ամբողջականության վերահաստատումը
27 Հունիս 2022
1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության պետաքաղաքական կյանքի կարևորագույն բնութագրական գծերից էր հայկական պետականությունը ներսից կազմաքանդող ուժերի դեմ մշտական պայքարը:
Ադրբեջանի և Վրաստանի հետ Տարածքային-սահմանային վեճերը ունեին հին արմատներ և մշտապես արտաքին-քաղաքական կողմնորոշումների հիմքում էին, որոնք առաջացան անդրկովկասյան երեք հանրապետությունների ի հայտ գալուն պես, երբ յուրաքանչյուրը ձեռնամուխ եղավ սեփական զինուժի ստեղծմանը:
1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման տեսանկյունից առավել կարևորվեց այն շրջանների հարցը, որտեղ հայ բնակչության իրավունքների ոտնահարման ավելի մեծ սպառնալիք կար։ Այդ շրջաններում ապրում էր մեծաթիվ մահմեդական բնակչություն, որը հաճախ բոլորովին էլ օրինապաշտ դիրքորոշում չէր դրսևորում օրինական իշխանությունների նկատմամբ: Հայ-թաթարական (ադրբեջանական) ընդհարումների ժամանակ Ներքին գործերի նախարարության և կանոնավոր բանակի զորամասերի ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ Հայաստանից արտաքսվել են զգալի թվով մահմեդականներ, որոնք, կենտրոնանալով գլխավորապես սահմանամերձ գոտիներում, դարձել էին յուրահատուկ պայթուցիկ լիցքի կրող և ստեղծում էին խռովության օջախներ:
Դրան հաջորդեցին Սելիմի և ուրիշների ավազակախմբերի հաճախակի դարձած հարձակումները հայկական զորամասերի ու միլիցիոներների վրա Աղբաբայում, Զոդում, Զարուշատում և այլուր, որտեղ ադրբեջանական գործակալները մշտապես գաղտնի ժողովներ էին գումարում` ՀՀ կառավարությունը տապալելու սադրիչ կոչեր անելով : Դեռ 1918 թ. հուլիսին Ադրբեջանը սկսեց բողոքագրեր հղել Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով վերջ տալ Նոր Բայազետի գավառում մուսուլմանների նկատմամբ բռնություններին։ Դրան ի պատասխան՝ ՀՀ կառավարությունը Ադրբեջանի կառավարությանը տեղեկացնում է, որ բռնության ենթարկված մուսուլման բնակիչները պետք է դիմեն ՀՀ կառավարությանը, այլ ոչ թե Ադրբեջանին՝ անթույլատրելի համարելով, որ Ադրբեջանի հայերը դիմեն իրենց, իսկ Հայաստանի մուսուլմանները՝ Բաքվին՝ դա համարելով միջամտություն միմյանց ներքին գործերին։ Հենց դրանով էլ բացատրվում է մահմեդական շարժումների ակտիվացումը 1919 թ. ընթացքում:
1918 թ. երկրորդ կեսին և 1919 թ. սկզբին գրանցվեցին ՀՀ տարածքից մահմեդական բնակչության արտաքսման քիչ թե շատ նշանակալից դեպքերը և հակառակ հոսքը` Ադրբեջանի հայկական շրջաններից հայերի արտաքսումը Հայաստան: Հայաստանի տարածքի վարչակազմի և միլիցիայի կոմիսարը 1919 թ. մարտի 11ին ՆԳ նախարարին ուղղած զեկուցագրում ընդգծում էր, որ հայթուրքական բախումների ողջ ընթացքում ՀՀ սահմաններից արտաքսվել է 111.560 մահմեդական, որից 15 հազարը՝ քուրդ: Արտաքսված թաթարներից վերադարձել են 29 հազարը, իսկ քրդերը չեն վերադարձել: Կոմիսարը նշում էր նաև, որ Հայաստանի տարածքում մահմեդականներից ազատ գյուղերի թիվը հասնում է 248ի, որոնցից 50ը ավերված են, իսկ լիովին դատարկ 56 գյուղերը զբաղեցվել են գլխավորապես Թուրքահայաստանից, Կարսի մարզից եկած փախստականներով` 142 գյուղ : Հ. Հարությունյանը անհամաձայնություն է հայտնել վերն ասվածին՝ գտնելով, որ այն չի համապատասխանում իրականությանը, որ նման երևույթներ չեն եղել : ՀՀ կառավարությունը ձգտում էր սահմանամերձ գոտում բնակչությունը դարձնելու միատարր՝ ապահովագրելով երկիրը վտանգներից, որոնք բխում էին Ադրբեջանից և Թուրքիայից:
Ըստ 1919 թ. նոյեմբերի 10ին Հովհ. Քաջազնունու՝ ԱՄՆի Սենատին ներկայացրած ՀՀ կառավարության հուշագրի՝ բուն Հայաստանի տարածքում մահմեդականների (թաթար, թուրք, թուրքմեն, կարափափախ) թիվը կազմում էր 588.000 կամ ողջ բնակչության 27 %ը։ Մահմեդականների այս զանգվածը բավական էր, որ ՀՀն մշտապես տագնապի մեջ գտնվեր, մանավանդ որ այդ զանգվածին փորձում էին կազմակերպել Ադրբեջանից և Թուրքիայից ժամանած լրտեսները, զանազան էմիսարները` զինված կեղծ փողերի հսկայական պաշարով, և դրդել ապստամբության օրինական իշխանությունների դեմ՝ սատարելով անջատողական տրամադրությունները:
Մահմեդական ընդվզումներ տեղի էին ունենում ամենուր, որտեղ կար մահմեդական քիչ թե շատ հոծ բնակչություն, որի դեմ պայքարելը դժվար էր, և նման խնդիրներ լուծելու համար հաճախ ներգրավվում էր զորուժ, որն էլ ոչ թե ուժեղանում, այլ թուլանում էր` մասնակցելով ներքին կռիվների։ Դա շատ ցայտուն դրսևորվեց ԶոդԲասարգեչարի /Վարդենիս/ խռովության ճնշման ժամանակ, երբ Ադրբեջանի Հանրապետությունը, հենվելով մահմեդական բնակչության վրա Սևանա լճի ավազանում, փորձեց հավակնություններ ներկայացնել ՀՀ օրինական տարածքի մի մասի նկատմամբ: Այս մասին Ռ. ՏերՄինասյանը գրում է. «Թաթարները, կէդրոն ունենալով Զոդը, հոն հաստատած էին Ադրբեջանի իշխանութիւնը եւ ամուր փակած էին Ջիւանշիրի ճանապարհները. Բայազետի շրջանի Բասարգեչարի շրջանում, Սեւանայ լճից հիւսիս մօտ 2000 քառ. վերստ տարածութեան վրայ գտնուող թաթար գիւղերը, որ անմիջապէս կապուած էին Ջիւանշիրի հետ եւ սահմանակից Ադրբեջանին, իրենց յայտարարում էին ոչ թէ անկախ, այլ մասը Ադրբեջանի. հոն նստած էին Ադրբեջանի գործակալներ եւ պաշտօնեաներ, իսկ մեր պաշտօնէութիւնը մուտք չուներ այդ երկիրում: Այդ շրջանի կորուստը խիստ վնասակար էր Հայաստանի համար ոչ թէ տնտեսական, այլ ռազմական տեսակետից: Ադրբեջանը մտած էր լինում դրանով Սեւանայ լճի աւազանը, նա կապ կարող էր պահել Ջղինի վրայով Վեդիբասարի եւ Սադարակի հետ, ուրեմն եւ Տաճկաստանի հետ: Նրա առաջ բաց էին Հայաստանի բոլոր ճանապարհները եւ ուզած ատեն պիտի կարողանար կտրել Դարալագեազի եւ Զանգեզուրի շրջանները, ինչպէս եւ Դիլիջանի եւ Երեւանի շրջանները: Դա մի մուրճ էր՝ բարձրացուած հայկական գաւառների գլխին» :
Ադրբեջանաթուրքական այդ նկրտումների մասին տեղեկություններ հայթայթվեցին հետախուզական մարմինների կողմից: Սևանի ավազանի և ՀՀի շուրջ ստեղծված այդ իրավիճակը լավ է ներկայացնում Տ. Դևոյանցը. «Հետագայ դէպքերը հետեւանք են մահմեդականների այն ծրագրի գործադրութեան, որով Ազերբէյջանը պէտք է միանար Թուրքիայի հետ, եւ Հայաստանը պէտք է չէզօքացուէր, սահմանափակուելով Սեւանայ լճով, Երեւանով ու Ալեքսանդրապոլով: Միեւնոյն ժամանակ բացարձակ կերպով պարզւում է գոյութիւն ունեցող լրիւ կապը Ազերբէյջանի եւ Տաճկաստանի գործողութիւնների մէջ ու Ազերբէյջանի ղեկավարողի դերը բոլոր այն թշնամական գործողութիւնների մէջ, որ ուղղուած են անմիջականօրեն Հայաստանի դէմ այն միջոցին, երբ Թուրքիան ժամանակաւորապէս աւելի զբաղուած է իր ներքին գործերով եւ Փարիզի խորհրդաժողովի որոշումներին դիմադրելու կազմակերպութեամբ» : Այսպես կոչված բասարգեչարյան իրադարձությունները մեծ աղմուկի պատճառ դարձան։ Թուրքերը, անտեսելով Հայաստանի իշխանությունների՝ զգաստության կոչող հորդորները և զգուշացումները, իրենց աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների և ադրբեջանական իշխանությունների դրդմամբ անթաքույց շարունակում էին փայփայել Ադրբեջանին միանալու հույսը և ծավալում հակահայկականհակապետական ագրեսիվ գործողություններ Բասարգեչարի շրջանում:
Դատելով միլիցիապետերի, գավառապետերի և զինվորական մարմինների միջև եղած գրագրությունից՝ տագնապի նախանշանները զգացնել են տվել դեռևս 1918 թ. դեկտեմբերից 1919 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում` մինչև բասարգեչարյան մահմեդական հայտնի ընդվզումները, երբ թաթարական բեկերի հրահրմամբ բնակչությունը հայտարարեց, որ միանում է Ադրբեջանին: Ստեղծված իրավիճակում հատուկ ծառայությունները հարկադրված էին այս կամ այն վայրում` Զանգիբասար, Կարս, Բասարգեչար և այլն, մերկացնել հակառակորդի ծպտված գործակալներին ու լրտեսներին՝ կանխելով նրանց հակահայ գործունեությունը:
Երբեմն էլ ՀՀ իշխանությունները բախվում էին «տեղական» բնույթի խնդիրների՝ կանխելով գավառական հայ իշխանավորների օրինազանցությունները: ՆԳ նախարարին հղած 1919 թ. գրության մեջ Գլխավոր շտաբի մի գնդապետ գրում էր, որ 3րդ հետևակային բրիգադի պետի տեղեկություններով` Քարվանսարայի կոմիսարը կաշառքի դիմաց Ադրբեջանից Հայաստան քոչի համար ազատ բաց էր թողնում զինված մարդկանց։ Պահանջ է դրվում անհապաղ միջոցներ ձեռնարկելու՝ դադարեցնելու զինված մարդկանց ապօրինի անցումը սահմանով : Գլխավոր շտաբի հետախուզական բաժնի պետի օգնական պրապորշչիկ Հովսեփյանը հակահետախուզական բաժնին ուղղված գրությամբ հայտնում էր ադրբեջանաթուրքական նկրտումների մասին Կարսի մարզում, ինչը հաստատում էր նաև Հայաստանում ֆրանսիական ռազմական ներկայացուցչության սպա Ա. Պուադեբարը, որի տվյալներով 1918 թ. վերջերին 1919 թ. սկզբներին թուրք գործակալները նշված տարածքում զբաղված էին ակտիվ քարոզչությամբ:
Հետախուզական ամփոփագրում հաղորդվում էր, որ Շուրայի (այսպես կոչված «Միլլի Շուրա», Կարսի մարզում գտնվող մահմեդական «ինքնավարությունը») նախկին «փոխպրեզիդենտ» Ալի Ռիզան, փախչելով Բաթումիի բանտից, Թիֆլիսով անցել է Ղարաչախ, այնտեղից էլ` Աղբաբայի շրջան, ապա՝ Զարուշատով Օլթիի շրջան (1919 թ. հուլիս)։ Նշվում էր նաև, որ կասկածներ չկան, որ Ադրբեջանը ձգտում է Աղբաբայի, Զարուշատի, Արդահանի և Օլթիի շրջաններում ստեղծելու «երկրորդ Ղարաբաղ», նկատվում է նաև վրացադրբեջանական դաշինք, և Ախալքալաքի գավառի սահմանամերձ Գորլովկա և Տրոիցկ գյուղեր են ժամանել ավելի քան 300 վրացի զինվորներ: Պրապորշչիկ Հովսեփյանը տվյալներ էր ներկայացնում թաթարների` քրդերի հետ համագործակցության մասին, հայտնում, որ այդ մասին զրույց է ունեցել Էրզրումում գտնվող բրիտանական շտաբի գնդապետ Ա. Ռաուլենսոնի հետ : 1919 թ. մայիսի 24ի օպերատիվ հետախուզական ամփոփագրում փոխգնդապետ Շնեուրը հաղորդում էր Կաղզվանում, Մերդենեկում և Արդահանի շրջանում քուրդթաթարական և թուրքվրացական ոտնձգությունների մասին՝ ավելացնելով, որ Արդահանի ուղղությամբ ուղարկվել է հայկական զորամաս: Կարսի նահանգապետ Ստ. Ղորղանյանը ՀՀ ՆԳ նախարարին ուղղված 1919 թ. օգոստոսի 22ի զեկույցում հաղորդում էր Արդահանի շրջանում վրացական զորամասերի լրտեսականհրահրիչ գործողությունների մասին: Իրավիճակն արմատական փոփոխության չենթարկվեց նաև 1919 թ. երկրորդ կեսին․ վրացիները շարունակեցին սադրանքները Արդահանի շրջանում։ ՀՀ արտգործնախարարության գլխավոր քարտուղարը 1919 թ. սեպտեմբերին Թիֆլիսում ՀՀ դիվանագիտական հավատարմատարին հղած հեռագրում հայտնում էր, որ հայկական հակահետախուզության ձեռքն է ընկել Արդահանի վրացական ջոկատի պետ Կվիտաշվիլու ձեռքով գրված կոչը, ըստ որի՝ Վրաստանին միանալու համար Արդահանի շրջանի բնակիչների բարձրացրած աղմուկը ոչ այլ ինչ է, եթե ոչ վրաց պաշտոնատար անձանց կողմից նախապատրաստված սադրիչ գործողություն, որի մասին բողոք ներկայացվեց Երևանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Մախարաձեին : Հետախուզական բաժանմունքի 1920 թ. սեպտեմբերի 3ի գաղտնի ամփոփագիրը վկայում է Վրաստանի օգտին քարոզչության, վրացական զորքերի տեղաբաշխման մասին Արդահանից Արդվին ընկած հատվածում: Դրանում նաև նշվում էր, որ Արդահանը Վրաստանին միացնելու համար Ախալքալաքից Արդահան են ուղարկվել 3րդ լեռնային մարտկոցը և 400500 հեծյալներից բաղկացած 2րդ հետևակային գունդը՝ Ախալքալաքում կազմ ու պատրաստ պահելով ժողովրդական գվարդիան և 531 զինվոր ունեցող 12րդ գումարտակը, սպասելով Ախալցխայից նոր զինուժի ժամանմանը` բաղկացած 7 սպաներից և 800 զինվորներից։ Ավելացվում էր, որ Ախալքալաքում կա 180200 արկղ փամփուշտ, իսկ Եկատերինֆելդում տեղաբաշխված են մոտ 200հոգանոց ժողովրդական գվարդիա և հրետանային պահեստներ : Վրացիները, օգտվելով ՀՀի համար ստեղծված անբարենպաստ իրավիճակից` կապված թուրքական սպառնալիքի հետ, 1920 թ. հոկտեմբերի վերջերին ակտիվացրին իրենց գործողությունները` Բաթումիից զորքեր տեղափոխելով Արդահան և Արդվինի մարզ, ինչի մասին վկայում են 11րդ Կարմիր բանակի օպերատիվ բաժանմունքի պետը, կոմիսարը և հետախուզական բաժանմունքի պետը Անդրկովկասի վերաբերյալ իրենց բացատրության մեջ:
Այս հանգամանքը խորությամբ է ըմբռնել Հովհ. Քաջազնունին.«․․․․վրացիները շատ վարպետօրէն (աւելացնեմ` նաեւ ցինիկաբար) օգտւում էին հայթուրքական ու հայթաթարական հակառակութիւններից` իրանց արտօնեալ դիրքը ամրացնելու համար: Յենւելով թուրքերի ու թաթարների վրայ կամ սպառնալով, թէ այն ուղղութեամբ կը շիտկեն իրանց ճակատը, անելանելի կացութեան մէջ էին դնում մեզ ու հարկադրում իրանց ցանկութիւններին յարմարւելու: Ապա` երեսները մեր կողմը դարձնելով, մեզ մերձենալով (կամ մերձենալու մտադրութիւն ցուցադրելով), կաշկանդում էին ու որոշ չափով ահաբեկում նաեւ ազրբեյջանցիներին: Քաղաքական շանտաժ էր սա, որ մեծ առաւելութիւն էր տալիս վրացիներին ու ապահովեցնում նրանց գերիշխանութիւնը» :
1919 թ. հուլիսի 26ի հեռագրում` ուղղված ՆԳ նախարարին, Դրոյին և գնդապետ Շնեուրին, Նոր Բայազետի գավառի կոմիսար Խոսրոևը հայտնում էր, որ հետախույզ Քուրդը (Ալի Ալահվերդի) Շիշկայա գյուղում 2 թաթարներից տեղեկացել է, որ թաթարները պատրաստվում են վերցնելու Բասարգեչարը՝ հայերին քշելով, ակնկալելով հաջողության դեպքում հայերին վռնդել Ղարաբաղից և Ելիզավետպոլից` այնտեղ բնակեցնելով թաթարներին: Խոսրոևը 1919 թ. հուլիսի 30ին գնդապետ Շնեուրին ուղղված մեկ այլ հեռագրում տեղեկացնում էր, որ Քուրդ անունով հետախույզը հաղորդել է, որ թաթարները պահանջագիր են ուղարկել Ելիզավետպոլ` խնդրելով ուղարկել զորքեր, սպառնալով հակառակ դեպքում ենթարկվել ՀՀ իշխանությանը: Դրոյին և ՀՀ ՆԳ նախարարին ուղարկված 1919 թ. օգոստոսի 7-ի հեռագրում Համազասպը շեշտում էր Դալլար-Չարդախլու-Գետաբեկ-Ղալաքենդ գծի վրա տեղաբաշխված ադրբեջանական զորքերի կողմից Զոդ-Շիշկայա շրջանին սպառնացող վտանգի մասին՝ խնդրելով միլիցիոներներով և այլ ուժերով շտապ ամրացնել տարածքը:
Ստեղծված իրավիճակում հայկական իշխանությունները փորձեցին կանխել մահմեդական հակահայկական հնարավոր ընդվզումները, սակայն շրջան պատժիչ զորամասեր ուղարկելը դարձավ անխուսափելի:
1918 թ. աշնանը Երևանից եկած պատժիչ զորամասը հայկական գյուղերում հարկահավաքության խնդիրը լուծելուց հետո մտավ Բասարգեչարի շրջան։ Անդրկովկասյան հանրապետությունների ստեղծումից հետո Զոդ գյուղի բնակիչ, շրջանի նախկին գավառային կոմիսար Աբբաս Ալի բեկը փորձեց Բասարգեչարի շրջանը միացնել Ադրբեջանի Հանրապետությանը: 1918 թ. աշնանը Բասարգեչարի շրջանը Ադրբեջանին միացնելու նպատակով նա մի քանի ազդեցիկ թուրքերի ուղարկեց Գանձակ, որպեսզի հպատակություն հայտնեն ադրբեջանական իշխանություններին` ակնկալելով նրանց ռազմական աջակցությունը: Այդ նպատակով հասարակ ժողովրդից հավաքելով 60.000 ռ.՝ Ադրբեջանը գործուղեց նաև մի քանի ազդեցիկ թուրքերի։ Հնարավոր առճակատումից խուսափելու համար Նոր Բայազետի գավառային կոմիսարը Աբբաս Ալի բեկին կանչում է Նոր Բայազետ, սակայն վերջինս մերժում է՝ բացահայտ հայտարարելով, որ ինքը չի ճանաչում գավառային կոմիսարի իշխանությունը: Բասարգեչար է ժամանում պրապորշչիկ Տիգրան Բաղդասարյանի պատժիչ զորամասը։ Վերջինս իր մոտ է կանչում թուրքական գյուղերի ներկայացուցիչներին և հայտնում հայկական կառավարության որոշումը` զինաթափելու ՀՀ տարածքում ապրող ժողովրդին՝ պահանջելով երեք օրվա ընթացքում հանձնել ունեցած զենքերը և հարկերը, հակառակ դեպքում սպառնալով ռմբակոծել գյուղերը : Անցնում է 3 օր, սակայն թուրքերը հայկական իշխանություններին հպատակվելու պատրաստակամություն ցույց չեն տալիս, ինչն էլ դրդում է պատժիչ զորամասին ռմբակոծելու Մ. Մազրա գյուղը, որից հետո մահմեդական բնակչությունը, թնդանոթի ձայնից ահաբեկված, սպիտակ դրոշով ներկայանում է Տ․ Բաղդասարյանին՝ հանձնելով զենքը և հարկերը (20.000 ռ. և 400 զենք), խոստանալով տալ նաև պետական հացահատիկը, որից հետո պատժիչ զորամասը 1918 թ. նոյեմբերի 12ին հեռանում է Երևան : Եվ այսպես, Բասարգեչարի շրջանը աստիճանաբար վերածվեց ՀՀ մուսուլման բնակչության հակապետական շարժման և անջատողական տրամադրությունների կենտրոնի: Բասարգեչարի խռովությունը ոգևորեց Հայաստանի այլ շրջանների բնակչությանը, և նրանք սկսեցին բացահայտորեն միջամտել երկրի ներքին գործերին, դիմումներ հղել Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով ազատել իրենց ծանր վիճակից և իսլամի վրա բռնացող հայկական իշխանություններից, գրավել Հայաստանը և շրջանը միացնել Ադրբեջանի Հանրապետությանը: Այդ նպատակով 1919 թ. հունվարի 2ին Երևանում կայացավ հայաստանաբնակ մահմեդական հասարակական գործիչների խորհրդակցություն, որի ժամանակ դժգոհություն հայտնվեց մահմեդական բնակչության նկատմամբ Հայաստանի կառավարության վերաբերմունքից: Բեգ Բայրամբեգովը ներկայացնում է տեղեկություններ Երևանի նահանգի մահմեդականների ողբերգական դրության մասին: Խորհրդակցության ընդունած բանաձևում խնդիր է դրվում դիմելու Բաքվում գտնվող դաշնակից զորքերի հրամանատար, գեներալ Վ. Թոմսոնին՝ գրավելու Երևանի նահանգը, իսկ եթե դա որևիցե պատճառով հնարավոր չլինի, ստիպելու Արարատյան (Հայաստանի) Հանրապետության կառավարությանը ձեռք առնել իրական միջոցներ հայկական հրոսակախմբերի գազանությունների դեմ:
Խորհրդակցության հանձնարարությամբ Տ. բեկ Մակինսկին, Փալաբեգ Բայրամբեգովը, Ռաշիդ բեկ Իսմայիլովը և Ազիզ բեկ Սուլթանովը պետք է մեկնեին Բաքու և հանդիպեին գեներալ Թոմսոնի հետ, որը հայտնի էր իր հայատյացությամբ և հակաղարաբաղյան դիրքորոշմամբ:
Հայկական զորքերի հրամանատարության ուլտիմատիվ պահանջով տեղական թաթարները համաձայնում են հպատակվել իշխանություններին` հանձնելով 450 հրացան։ Ներկայացվում է նաև պետությանը չվճարված հարկերի հանձնման պահանջ: Այդ հանգամանքին ավելանում է նաև սովալլուկ և գազազած գաղթականության առկայությունը թաթարական բնակավայրերի մոտ : Այսպես՝ 1919 թ. հունվարի 31-ին Նոր Բայազետի գավառային կոմիսար Շահինյանը Հայաստանի տարածքի վարչակազմի և միլիցիայի կոմիսարին ուղղված հեռագրում հայտնում է, որ մոտ 1000 զինված փախստական հայեր Բասարգեչարի շրջանում հարձակվել են մահմեդական Վերին Զաղալու, ՂըզըլՎանք, Սուբբոտան գյուղերի վրա, ինչի պատճառով այնտեղ է ուղարկվել միլիցիայի պետը : Փետրվարի 2ին տարածքային վարչակազմի ղեկավարին գավառային կոմիսար Շահինյանի հղած պաշտոնագրից տեղեկանում ենք, որ փախստականները Մուշեղի, Վահանի, Իշխանի և Նիկոլի գլխավորությամբ աջակցել են տեղի հայերին, դուրս քշել մուսուլմաններին Վերին Զաղալու, ՂըզըլՎանք և Սուբբոտան գյուղերից, որից վախեցած՝ թուրքերը փախել են հարևան գյուղեր: Փետրվարի 6-ին Հայաստանի տարածքի վարչակազմի և միլիցիայի կոմիսարից Նոր Բայազետի գավառային կոմիսարը պատասխան հեռագիր է ստանում, որով պահանջվում էր անհապաղ վճռական միջոցներ ձեռնարկել՝ կանխելու անկարգությունները և մեղավորներին ենթարկելու դատական խիստ պատասխանատվության : Դատելով, սակայն, փաստաթղթերից, իրադարձությունները դուրս էին եկել վերահսկողությունից և զարգանում էին այլ սցենարով: Դառնալով անվերահսկելի՝ դրանք ստեղծել էին նորանոր խնդիրներ, երբ, ինչպես ընդգծվում էր վարչապետին ուղղված ՀՀ արտգործնախարարի 1919 թ. փետրվարի 18ի հեռագրում «…․տեղական ադմինիստրացիան ցույց է տվել հանցավոր անփութություն և ապիկարություն» : Սակայն այդ ամենը բացատրել միայն վարչակազմի անճարակությամբ կլինի միակողմանի, քանզի այդ դեպքերն ունեին նաև սոցիալտնտեսական շարժառիթներ, որոնք լրացուցիչ ազդակ հանդիսացան դեպքերի անցանկալի ընթացքի համար, ինչից էլ օգտվեցին Ադրբեջանի հավակնոտ առաջնորդները։ Գործընթացը խթանվեց 1919 թ. հունվարի վերջերին Բասարգեչարի շրջանի փախստական և սովալլուկ հայերի հուսահատ քայլերից։ Նրանք հարձակվում են թաթարաբնակ Վերին Զաղալու, ՂըզըլՎանք և Սուբբոտան բնակավայրերի վրա, ինչի հետևանքով թաթարները փախչում են հարևան գյուղեր: Վարչակազմի և դիվիզիոնի ռոտմիստր Ալեքսանդր Սիլիկյանի ձեռնարկած քայլերի շնորհիվ փախստականները հանդարտվում են և մասամբ զինաթափվում, թաթարական գյուղերն ազատվում են դրանք գրաված փախստականներից, վարչակազմը սկսում է թաթարներին վերադարձնել իրենց կողոպտված ունեցվածքը և ձեռնամուխ լինում մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Ռոտմիստր Սիլիկյանը և կոռնետ Խաչատուրովը թաթարների հետ գնում են գյուղերը` բնակիչներին հանդարտեցնելու, ինչը փաստում է ՀՀ իշխանությունների ոչ խտրական մոտեցման մասին։ Տեղ հասած զորամասերի միջոցով փախստականները զինաթափվում են, իսկ թաթարները տեղավորվում են իրենց գյուղերում, և նրանց թալանված ունեցվածքը վերադարձվում է:
Իրադարձությունները, սակայն, արդեն դուրս էին եկել Բասարգեչար գյուղից և դարձել ազգամիջյան փոխհարաբերություններում լարվածության պատճառ, ինչն ավելի էր սրվել Ադրբեջանի սահմանի մոտիկության հետևանքով։ Այդ մասին հեռագրել էր դիվիզիոնի հրամանատար ռոտմիստր Սիլիկյանը գեներալներ Սիլիկյանին և Փիրումյանին :
1919 թ. փետրվարի 12ին Նախարարների խորհուրդը լսում է արտգործնախարարի զեկուցումը Ադրբեջանի արտգործնախարարի հեռագրի մասին, որով վերջինս բողոքել էր Սևանա լճի մոտակայքում հայկական զորամասերի գործողություններից, որոնք, անցնելով Ադրբեջանի սահմանը, իբր թե հարձակվել էին մի քանի թուրքական գյուղերի վրա, ճնշում գործադրել ու կատարել հափշտակություններ։ Վերջինս պահանջել էր նման երևույթների դեմն առնել և մեղավորներին դատել, հակառակ դեպքում Ադրբեջանի կառավարության անունից իրենց պատասխանատու չհամարել թուրք ազգաբնակչության կողմից սպասվող գործողությունների համար: ՀՀ Նախարարների խորհուրդը այդ կապակցությամբ ընդունված որոշման մեջ ընդգծել էր. «Ի նկատի ունենալով Զինվորական նախարարի զեկուցումը, որ հնարավոր է մահմեդական ավազակաբարո «խումբերի» հարձակում լինի, Ներքին Գործերի նախարարին հանձնարարական է տալիս անհապաղ խիստ քննություն նշանակել` հեռագրի մեջ հիշված հարձակումների և ճնշումների իսկությունը պարզելու և հանցավորներին պատասխանատվության ենթարկելու համար»: Հայկական կողմի պատասխանում նշվել է, որ Բասարգեչարի շրջանի անկարգություններին ՀՀ կանոնավոր զորքեր չեն մասնակցել, այլ մոտ 10 հազար հայ գաղթականներ են հարձակվել մուսուլմանական գյուղերի վրա, և ՀՀ իշխանությունները մուսուլմաններին վերադարձրել են իրենց գյուղերը, նրանց հանձնել թալանված գույքը, իսկ մեղավորները պատասխանատվության են կանչվել։ Հարկ է, սակայն, ասել, որ այս կապակցությամբ արևելագետ Դավիթ Կնյազյանը հակառակ տեսակետն է պաշտպանում՝ նշելով, որ Բասարգեչարի շրջանում դրության սրման պատճառը եղել է հայկական կողմը՝ ի դեմս արևմտահայ գաղթականների, որոնք մնացել էին անօթևան և անսնունդ։ Դ․ Կնյազյանը կարծում է, որ Երևանից ժամանած զորամասը գաղթականներին հանել է մուսուլմանական գյուղերից, և զորամասի հրամանատար ռոտմիստր Սիլիկյանի անպատասխանատու վարքագիծը պատրվակ է դարձել մուսուլմանների ընդվզման համար՝ հանգեցնելով զորքի կոտորմանը։ Այդ ամենն էլ հանգեցրել է լարվածությանը և Ադրբեջանի տարածքից զինված խմբերի ներթափանցմանը ՀՀ տարածք ու զենքի առաքմանը ապստամբներին։ Սկսվեցին նախապատրաստություններ Ճամբարակը և Բաշքենդը գրավելու համար, զուգահեռ զորահավաք հայտարարվեց, որի ժամանակ Ադրբեջանին օգնության եկան մոտ
1000 վրացի սպաներ։
Հարկ է նշել, որ ՀՀի համար դրական էր այն, որ խնդրի կարգավորման հարցում բրիտանական հրամանատարությունը և նրա ռազմաքաղաքական ներկայացուցիչը գործնականում աջակցեցին Հայաստանին՝ չնայած Լեռնային Ղարաբաղում, Զանգեզուրում և այլուր իրենց ցուցաբերած բացահայտ պրոադրբեջանամետ դիրքորոշմանը, և դրանով իսկ նպաստեցին ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը ԶոդԲասարգեչարի շրջանում։ Միջադեպը նաև հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանը բոլոր միջոցներով հավակնում էր տիրելու բոլոր այն հայկական շրջաններին, որտեղ կար համահավաք մուսուլմանական բնակչություն:
1919 թ․ փետրվարի 18-ին Նախարարների խորհուրդն իր հերթական նիստում լսում է Բասարգեչարի շրջանում մահմեդական շարժման ակտիվացման մասին և հանձնարարում ՆԳ նախարարին քննություն անցկացնել տեղական վարչակազմի գործունեության վերաբերյալ : Շուտով ավելանում են նոր փաստեր, որոնք հիմք են տալիս կառավարությանը ավելի իրատեսական և ամբողջական պատկերացում կազմելու Զոդի շրջանում ծագած խնդրի վերաբերյալ: Դա հստակորեն երևում է արտաքին գործերի նախարար Ս. Տիգրանյանի 1919 թ. փետրվարի 18ի պաշտոնագրից` ուղղված վարչապետին. «Ադրբեջանի կառավարության միջամտության առիթ դարձած Բասարգեչարի շրջանի անցքերը որոշ չափով արդեն պարզվել են: Բացի մասնավոր անհատներից, որոնք կատարել են այդ հանցագործությունը և կրելու են օրինական պատիժը, ես հարկ եմ համարում կառավարության հատուկ ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ, ըստ կարևորության, տեղական ադմինիստրացիան ցույց է տվել հանցավոր անփութություն և ապիկարություն: Անհրաժեշտ եմ համարում, որ այդ կառավարիչները խիստ դատի կանչվեն, պատժի ենթարկվեն և թերևս հեռացվեն պետական պաշտոնեությունից, իսկ դիվիզիոնի հրամանատար ռոտմիստր Սիլիկյանը, որի միջամտությամբ է վերականգնվել կարգն ու խաղաղությունը, արժանացվի շնորհակալության: Խնդրում եմ մատակարարել ինձ մանրամասն և ստույգ տեղեկություններ անցքի (Զոդում մահմեդական ելույթների ‒ Վ. Վ.) շարժառիթների, բնույթի մասին, որպեսզի կարողանամ այդ մասին իրազեկ պահել թե՛ բրիտանական գլխավոր հրամանատարությանը և թե՛ Ադրբեջանի կառավարությանը»:
Արդեն ՀՀ արտաքին գործերի նախարարի փետրվարի 18-ի հեռագրից` ուղղված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին, պարզ է դառնում, որ փետրվարի կեսերին հայկական զինուժի ձեռնարկած եռանդուն գործողությունների հետևանքով, որոնց մասնակցել էին նաև տեղական վարչակազմը և ներքին գործերի մարմինները, թաթարները հետ էին շպրտվել դեպի իրենց բնակավայրերը, նրանց կողմից կողոպտված ունեցվածքը Զոդի շրջանում վերադարձվել էր, իսկ մեղավորները սկսել էին քննվել դատական կարգով պատասխանատվության ենթարկելու համար: Արտգործնախարարության սույն գրությունը՝ անցկացնելու Բասարգեչարի շրջանի դեպքերի քննություն, ուղարկվում է ներքին գործերի նախարարին:
Փետրվարի 24-ին ռոտմիստր Սիլիկյանը դիվիզիոնի հետ գնում է Մեծ Մազրա գյուղ, որտեղ թաթարները նրանց դիմավորում են աղուհացով՝ վստահեցնելով, որ իրենք արդեն հանդարտվել են: Երեկոյան Սիլիկյանը գնում է Բասարգեչար և փետրվարի 25-ի առավոտյան 1-ին էսկադրոնով և 2րդ էսկադրոնի կեսով վերադառնում Փոքր Մազրա գյուղը: Նույն օրը՝ փետրվարի 25-ին, 1-ին էսկադրոնը ռոտմիստր Սիլիկյանի և կոռնետ Խաչատուրովի հետ վերադառնում է Բասարգեչար գյուղ, իսկ դիվիզիոնի հրամանատար Սիլիկյանն իր համհարզ Շիմկևիչի հետ և կիսաէսկադրոնով մեկնում է Զոդ, որտեղ իջևանում են Ագիլյար Սամանդ աղա Քեսմանսկի անունով թաթարի տանը: Այստեղ ռոտմիստր Սիլիկյանը գյուղացիներին հայտարարում է, որ դիվիզիոնի համար թաթարները պետական գներով նախապատրաստեն խոտ, ցորեն և գարի: Թաթարները խոստանում են խորհրդակցել և առավոտյան պատասխանել: Փետրվարի 27-ի առավոտյան Զոդ գյուղի պատվելիները պատասխանում են Սիլիկյանին, որ հրաժարվում են տալ պահանջվող անասնակերը և հացը: Սիլիկյանի համառ պահանջները դարձան թաթարների նախահարձակ լինելու պատճառ: Փետրվարի լույս 27ի գիշերը գյուղի թաթարների տներում տեղավորված զինվորները` 11 հոգի, սպանվում են, այդ թվում՝ Զոդի թուրքերի կողմից «հյուրընկալված» դիվիզիոնի 4 սպաներ` համհարզ կոռնետ Շիմկևիչը, կոռնետ Խաչատուրովը, հրամանատար Ալեքսանդր Սիլիկյանը և նրա կրտսեր եղբայրը՝ Արշակ Սիլիկյանը (սպաները այդ գիշեր հանգրվանել էին Սամեդ աղա Քյասամանսկու տանը), որոնց գլխատում են և ծաղրուծանակով ցուցադրում շրջակա մուսուլմանական
գյուղերում:
Փետրվարի 28-ին ՀՀ տարածքի վարչակազմի և միլիցիայի կոմիսարը Նոր Բայազետի գավառային կոմիսարին հրահանգ է տալիս տեղամասային քննիչի հետ գնալու դեպքի վայր, անցկացնելու հետաքննություն, պարզելու մեղավորներին և տեղամասային տեսուչի, հասարակական գյուղական կոմիսարների, միլիցիոներների ներկայությամբ ու մասնակցությամբ ձերբակալելու նրանց՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև զորքի օգնությանը, չթույլատրելով, սակայն, գործում ներգրավել մահմեդական փախստականներից ներկայացուցիչ` խուսափելով նոր խռովության հրահրման վտանգից և բռնություններից: Միաժամանակ ՆԳՆ հանձնարարությամբ դեպքի վայր է գործուղվում դատախազի օգնականը` հետաքննությունը ղեկավարելու և կարգ ու կանոնը վերականգնելու համար:
Այս փաստերը ինքնին ապացույցն են այն իրողության, որ Բասարգեչարի շրջանի մահմեդական խռովարար բնակչությունը գործնական լուրջ նպատակ էր դրել զինված գործողություններով օգնելու Ադրբեջանին՝ շրջանը Հայաստանից կտրելու և Ադրբեջանին բռնակցելու համար: Զոդյան հանգույցը դարձավ հայկական քաղաքական և ռազմական շրջանակների օրակարգի առանցքակետը։ Այն վտանգեց երկրի տարածքային ամբողջականությունը, խրախուսեց անջատողականսադրիչ ելույթները ՀՀ տարածքի այլ կետերում, որոնք ՀՀ կառավարությունը ձգտում էր զսպել խաղաղ ճանապարհով: Զոդը շարժառիթ դարձավ Ադրբեջանի առանց այն էլ ագրեսիվ կառավարության համար ավելի բացահայտ կերպով միջամտելու ՀՀ ներքին գործերին և բաց տեքստով խոսելու` կանխորոշված համարելով Ադրբեջանի կազմում Բասարգեչարի շրջանի ընդգրկումը, որը ռազմավարական տեսանկյունից ներառում էր նաև ամբողջ Սևանա լճի ավազանը, ինչպես և այսօր` 2021-2022 թթ․ դեպքերի ժամանակ` 2020 թ. աշնան հայ-ադրբեջանական կապիտուլյացիոն պատերազմից հետո: Բասարգեչարյան թնջուկը սրվեց․ այն իր շրջապտույտի մեջ առավ նաև հայկական Բաշքենդի և պղնձահանքերով հարուստ Գետաբեկի շրջանները, որոնց ՀՀ կառավարությունն աջակցում էր այնքան, որքան ի վիճակի էր, քանզի շատ դեպքերում զենքզինամթերքով ու զորքով աջակցելը միշտ չէ, որ արդյունավետ էր լինում:
1919 թ. մարտի 1-ի նիստում Նախարարների խորհուրդը լսում է ներքին գործերի նախարարի զեկուցումը Բասարգեչարի շրջանի Զոդ գյուղում տեղի ունեցած դեպքերի մասին, որը վերաբերում էր Ղարաբաղի հեծյալ գնդի սպաների և զինվորների սպանությանը: Հանգամանալից քննարկելով ստեղծված իրադրությունը՝ Նախարարների խորհուրդը որոշում է կազմել մի արտակարգ քննիչ հանձնաժողով՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների նախագահությամբ և Զինվորական և ՆԳ նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, և հանձնարարում անմիջապես քննություն սկսել տեղի ունեցած դեպքերի առնչությամբ։ Արտակարգ քննիչ հանձնաժողովը կազմվում է հատուկ գործերի քննիչից և Ներքին գործերի ու Զինվորական նախարարությունների մեկական ներկայացուցչից՝ ՀՀ դատախազի օգնականի նախագահությամբ։ Այն ուղարկվում է Նոր Բայազետի գավառի Զոդ գյուղ՝ քննելու փետրվարի վերջերին տեղի ունեցած դեպքերի պատճառները, որոնց հետևանքով սպանվել էին հեծյալ դիվիզիոնի 4 սպաներ և մոտ 80 զինվորներ, պարզելու մեղավորներին և բանտարկելու ու Նոր Բայազետի բանտն ուղարկելու այն անձանց, որոնք որևիցե առնչություն էին ունեցել այդ հանցագործության հետ։ Թուրքերի կողմից հայերի բռնությունների մասին գանգատներ լինելու դեպքում Արտակարգ քննիչ հանձնաժողովը պարտավորվում էր քննել նաև այդ գանգատները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Քննության նորմալ պայմաններ ստեղծելու նպատակով հանձնաժողովի տրամադրության տակ էին դրվում բավականաչափ միլիցիոներական և զինվորական ուժեր :
Հանձնաժողովը մարտի 4ին, ելնելով մարտավարական նկատառումներից, ոչ լրիվ կազմով՝ միայն գավառային կոմիսարի ու քննիչի հետ, մեկնում է Բասարգեչարի շրջան` խաղաղ ճանապարհով կարգավորելու հակամարտությունը, ինչին, սակայն, խռովարարների պարագլուխները պատասխանում են ծայրահեղ դիրքորոշմամբ և հայտարարում, որ խաղաղության երաշխիքը հնարավոր է միայն «իրենց հողերի» անկախացումից հետո, և իրենք ամեն ինչ կանեն՝ հայկական կողմին պարտադրելու հրաժարվել Բասարգեչարի շրջանից: Թուրքերը հայ բանագնացներին դիմավորեցին հրացանազարկերով: Դրանով ՀՀ իշխանությունները համոզվեցին, որ եթե այդպես շարունակվի, իրենք հաջողության չեն հասնի, և իրենց ծրագրերը կշրջվեն հակառակ ուղղությամբ, քանի որ մահմեդական բնակչությունը հաստատակամ էր իր անջատողական գործողություններում:
Հայկական կառավարությունը ջանք չխնայեց խուսափելու թաթարների հետ ռազմական առճակատումից: Այդ մասին շեշտում է շտաբսռոտմիստր Կուդրյավցևը Նոր Բայազետից 1919 թ. մարտի 5ին Երևան՝ գեներալմայորներ Սիլիկյանին, Փիրումյանին և ՀՀ տարածքի կոմիսարին ուղարկված հեռագրում, որում նշվում է, որ մարտի 4ին՝ ժամը 20-ին, գավառային կոմիսարի ու քննիչի հետ մեկնել են թաթարաբնակ այդ շրջանը` միջադեպը հարթելու համար, սակայն նրանց դիմավորել են հրացանազարկով: Կուդրյավցևը, շտաբսռոտմիստրի հետ համախորհուրդ, համալրում էր խնդրում՝ բողոքելով պարենամթերքի պակասից և ընդգծելով, որ, առանց թնդանոթների, խնդիրն անլուծելի է և մեծ կորուստների կհանգեցնի :
Գեներալ Սիլիկյանին ուղղված մարտի 56ի հեռագրում գավառային կոմիսար Շահինյանը, անդրադառնալով այդ տագնապալից վիճակին, անհրաժեշտ էր համարում մահմեդականներին օրինական իշխանությանը ենթարկեցնելու համար պատժիչ ջոկատ ուղարկել` թնդանոթներով հանդերձ՝ ավելացնելով նաև, որ ղարաբաղյան դիվիզիոնում կա ընդամենը 200 սվին, իսկ հրետանարկեր բոլորովին չկան : Ի պատասխան՝ զինվորական նախարար Հախվերդյանը, 1919 թ. մարտի 7-ին այս գրությունն ուղարկելով ՀՀ վարչապետին, միաժամանակ անհրաժեշտ համարեց Նոր Բայազետ ուղարկել մեկ գումարտակ և երկու թնդանոթ՝ հաշվի առնելով թաթարների հնարավոր դիմադրությունը: Զինվորական նախարարը տեղեկացրել էր նաև, որ գնդապետ Քլայվ Թեմպերլեյը (Թեմփըրլի Քլայվ Էրինգտոն) իր հետ զրույցում համաձայնել էր զինված ուժի օգտագործմանը, եթե թաթարները քննչական հանձնաժողովին չթույլատրեին մեկնել դեպքի վայր: Անդրկովկասում բրիտանական զորքերի հրաձգային բրիգադի 4-րդ գումարտակի համհարզ կապիտան Քլայվ Թեմպերլեյը դեռ 1919 թ. հունվարի 7-ին, գեներալ Ջ․ ՖորեստիերՈւոքերի հուշագրի համաձայն, նշանակվել էր Կարսի բրիտանական զինվորական նահանգապետի պաշտոնում` փոխգնդապետի աստիճանով, որի նկատմամբ 1919 թ. փետրվարմարտ ամիսներին մահմեդական բնակչությունը ցուցաբերեց անպատկառ վերաբերմունք, որն անհանդուրժելի դարձավ։ Մահմեդականներն ամեն ինչ արեցին՝ անտեսելու վերջինիս, որին Քաջազնունու կառավարությունը սկզբնապես անվանում էր «մեծամիտ և անպատկառ անգլիացի», որը, Կարսում Շուրայի` պաշտոնապես հարավարևմտյան կովկասյան ժամանակավոր կառավարության հետ համաձայնության գալով, ընդդիմացել էր հայ վարչակազմի աշխատողներին պաշտոն հատկացնելու ամեն մի փորձի և նույնիսկ խիստ պահանջներ ներկայացրել Ալեքսանդրապոլի` Կարսը և Թիֆլիսը շաղկապող գլխավոր երկաթուղային հանգույցի հայ պաշտոնյաներին : 1919 թ. հունվարի 26-ի դրությամբ՝ Ք. Է. Թեմպերլեյը Կարսի բրիտանական զինվորական նահանգապետն էր, որին աջակցելու համար Կարսում էր 4րդ բրիգադի հրաձիգների գնդապետ Ֆրեդերիկ Լաթընի գլխավորած նախնական թիկնազորի հետ վերամիավորված գումարտակի գլխավոր մարմինը:
Դրանից հետո՝ 1919 թ. մարտի 2ին, Թեմպերլեյը տեղափոխվել է Երևան որպես զինվորական ներկայացուցիչ: Հենց Երևանում ծառայելու ժամանակ Թեմպերլեյի վերաբերմունքը հայերի նկատմամբ որոշակիորեն փոխվում է, ինչն արտահայտվում է նրա՝ 27րդ զորաբաժնի սպայակույտ ուղարկած զեկույցներում: Դրանցում Թեմպերլեյը մտահոգություն էր հայտնում հայկական կառավարության առջև ծառացած դժվարությունների առթիվ: Նա հաճախակի փորձել էր խաղաղեցնել մահմեդական բնակավայրերի բնակչությանը, որոնք մերժում էին Երևանի իրավասությունը: Այդ ընթացքում խռովարարական քայլերի դիմած Վեդիչայ-Սադարակի մահմեդականներին հանդարտեցնելու համար Թեմպերլեյը զգալի ջանքեր գործադրեց` փորձելով կանխել հայերի հաճախակի դարձած սպանությունները և թալանը: Նա փորձեց զսպել ոտքի ելած ցեղապետերին ու խաներին, ինչը, սակայն, ոչ մի հաջողություն չունեցավ: Թեմպերլեյի եզրահանգմամբ՝ այդ խռովությունը սոսկ առանձին միջադեպ չէր, քանի որ Սադարակի շրջանում զորակոչը կապված էր Արալըխի, Կաղզվանի և Կարսի համանման երևույթների հետ, իսկ գնդապետ Լաթընը Սադարակը բնութագրել էր որպես Շուրայի հետ մի ընդհանուր հակահայկական շղթա կազմած անզիջում դիրքորոշում ունեցող շրջան: Թեմպերլեյի և Լաթընի զուսպ ջանքերը և փորձերը՝ պատժելու հանցագործ մահմեդական գյուղերին հանցավոր գործողությունների համար, անհաջողության մատնվեցին, քանզի այդ գյուղերի բնակիչները պատասխանեցին բացեիբաց զենքի դիմելով, ինչն արդեն խռովության չարագուշակ նշան էր, ինչին նպաստեց թուրքական քարոզչությունը:
Այն Արաքսով Մակուից և Արալըխից տարածվում էր Սադարակի շրջանում` գրգռելով մահմեդական բնակչությանը ԲոյուքՎեդիից մինչև Նախիջևան: 1919 թ. ապրիլի 28-ին Թեմպերլեյը զորավար Անդրանիկի և մայոր Ուիլյամ Գիբբոնի ընկերակցությամբ մեկնում է Թիֆլիս և մայիսի 1-ին ժամանակավորապես ստանձնում հրաձգային բրիգադի 4րդ գումարտակի հրամանատարությունը, ինչին և հաջորդում է նրա գործունեությունը Զոդ-Բասարգեչարի շրջանում:
Կառավարության և զինվորական իշխանությունների որդեգրած կուրսի մասին կարելի է հստակորեն դատել նաև մեկ այլ փաստաթղթից, որի հեղինակը գեներալմայոր Սիլիկյանն է: Այսպես՝ 1919 թ. մարտի 7ին հայկական դիվիզիայի պետ Սիլիկյանը շտապ գաղտնի զեկուցագրով դիմում է ՀՀ զինվորական նախարարին, որում անդրադառնում է նաև Զոդի խնդրին՝ նշելով գնդապետ Ա. Շնեուրի հաղորդած տեղեկության մասին, որ Սեմյոնովսկի լեռնանցքը ծածկված է ձյունով, իսկ գեներալ Փիրումյանը դեռևս Նոր Բայազետում է՝ սպասելով նոր զորաջոկատի ժամանմանը, որպեսզի վճռական խոսի, հակառակ դեպքում տպավորությունը թույլ կլինի, քանզի տեղական խռովարար մահմեդական բնակչությունը և նրանց առաջնորդները նախապատրաստություններ էին տեսնում և կազմակերպվում՝ ակնկալելով նաև աջակցություն Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններից: Սիլիկյանն ընդգծել էր, որ, ըստ գեներալմայոր Դանիել Բեկ Փիրումյանի, թաթարների հետ բախումն անխուսափելի է :
Զոդ գործուղված արտակարգ քննիչ հանձնաժողովին տրված հրահանգում, որը ստորագրել էին արդարադատության նախարար Հարությունովը, ՆԳ նախարարի պաշտոնակատար Մանասյանը և զինվորական նախարար Հախվերդյանը, ասվում էր, որ հանձնաժողովը գործուղվում է Նոր Բայազետի գավառի Զոդ գյուղը` հետաքննելու փետրվարի վերջերին տեղի ունեցած դեպքերի հանգամանքները, որոնց հետևանքով սպանվել էին ղարաբաղյան հեծյալ դիվիզիոնի 4 սպա և 30 զինվոր, նաև պարզելու մեղավորներին և այդ հանցագործությանն առնչվող բոլոր հանգամանքները: Հրահանգում նաև ասվում էր, որ եթե կլինեն նաև թաթարների կողմից հայտարարագրեր հայերի թույլ տված բռնությունների մասին, ապա քննիչ հանձնաժողովը պարտավոր է հետաքննել նաև այդ բողոքները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Արտակարգ քննիչ հանձնաժողովը մարտի 8-ին ժամանում է Բասարգեչար: Հանձնաժողովը երկու մահմեդականի է ուղարկում Զոդ` առաջարկելով խռովարարների առաջնորդներին մարտի 10-ին ներկայանալ Բասարգեչար` տեղի ունեցածի հանգամանքները պարզելու, սահմանված կարգով գործի քննությունը վարելու համար: Բանակցություններն ընթանում են մարտի 11-ին Մազրա գյուղում: Արտակարգ քննիչ հանձնաժողովն առաջարկում է հանձնել սպանված սպաների և զինվորների դիերը, ունեցվածքը, զենքերը, ձիերը, փաստաթղթերը և դիվիզիոնի դրոշը՝ նշելով, որ միայն այդ դեպքում քննիչ հանձնաժողովը կհամաձայնի մտնել Զոդ գյուղ` գործի պատճառների, շարժառիթների և հետևանքների անաչառ ու օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու: Արտակարգ քննիչ հանձնաժողովն իր բարոյական պարտքը համարեց նաև ընդգծել, որ այդ ամենը անհրաժեշտ է, որ խուսափեն, մասնավորապես, ռազմական ուժի գործադրումից: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ թուրքերի կատարած հանցավոր գործողությունները վաղօրոք նախապատրաստվել էին տեղի անջատողական ուժերի կողմից և ուղղորդվել Բաքվից, որը տեղի մահմեդականներին դրդում էր շարունակելու պայքարը` ամեն կերպ խուսափելով խնդրի խաղաղ կարգավորումից և ձգտելով մեքենայությունների միջոցով, ինչպես նաև ազդելով բրիտանական թրքամետ գեներալների և մասնավորապես Թոմսոնի վրա, վաղ թե ուշ Բասարգեչարի հարցը վճռելու հօգուտ Ադրբեջանի: Բանակցություններն այդպիսով մտնում են փակուղի։ Թշնամին ինչպես այսօր, այնպես էլ այդ օրերին Զոդի և մյուս բնակավայրերի շուրջ կենտրոնացնում է զգալի զինուժ, զենք-ռազմամթերք, հրետանի, ինչը մարտահրավեր էր ՀՀ իշխանություններին:
ՀՀ կառավարությունը պաշտոնագրով դիմում է Երևանում գտնվող բրիտանական զինվորական ներկայացուցչությանը, որը մարտի 12-ին իր սպային է գործուղում Բասարգեչար, որպեսզի անձամբ համոզվի, թե ինչքանով են օրինական հայկական իշխանությունների գործողությունները մահմեդական համայնքի նկատմամբ, և ինչքանով են պատճառաբանված նրանց ձեռնարկած քայլերը , որոնց մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարար Հարությունովի` քննչական հանձնաժողովի նախագահ Փարսադանովին ուղղված մարտի 10ի նամակից, որում իրազեկվում էր, որ գեներալ Թոմսոնի հանձնարարությամբ Նոր Բայազետ է մեկնում անգլիացի գնդապետ Թեմպերլեյը զոդյան իրադարձությունները կարգավորելու համար : Մարտի 12-ին Թեմպերլեյը այցելում է Բասարգեչար: 1919 թ. մարտի 17-ին Նախարարների խորհուրդն անդրադառնում է բասարգեչարզոդյան խնդրին՝ լսելով վարչապետի զեկուցումը Զոդ գյուղ պատժիչ զորամաս ուղարկելու մասին: Նիստում որոշվում է՝
1) քննիչ հանձնաժողովը թողնել տեղում, որպեսզի հնարավորություն ստեղծվելուն պես նա անմիջապես անցնի գործի,
2) հանձնարարել զինվորական նախարարին կարգադրություն անել գեներալ Փիրումյանին, որ նա հարկ եղած դեպքում անմիջապես իր հայեցողությամբ որոշակի նախապատրաստություններ տեսնելուց հետո զինվորական ուժը շարժի դեպի ապստամբության վայր : Մարտի 17-ին դեպքի վայր է ժամանում բրիտանական զինվորականության ներկայացուցիչ Ք. Թեմպերլեյը և, լսելով արտակարգ քննիչ հանձնաժողովի զեկույցը, թաթարների միջոցով նամակ է ուղարկում նրանց ներկայացուցիչներին՝ պահանջելով հապաղ ներկայանալ Բասարգեչար` բանակցությունների համար, սակայն բանագնացները չեն վերադառնում, և բրիտանական սպան ստիպված ետ է վերադառնում : Այդ ընթացքում թաթարները Զոդի շրջանում կենտրոնացնում են զգալի ուժեր (նաև շրջակա գյուղերի խռովարարներին)` զինված հրացաններով ու գնդացիրներով՝ նախապատրաստվելով ռազմական գործողությունների, նախօրոք տարհանելով իրենց ընտանիքներին և ունեցվածքը:
1919 թ. մարտի 20-ին քննարկվում է մինիստրնախագահի զեկուցումը Զոդի դեպքերի առթիվ: Նախարարների խորհուրդը որոշում է՝
ա) հայտագիր ուղարկել Ադրբեջանի կողմից զինված խմբերի՝ հայկական սահմանն անցնելու առնչությամբ,
բ) հանձնարարել զինվորական նախարարին կարգադրել գեներալ Փիրումյանին, որ վերջինս Նոր Բայազետից դուրս գալուց առաջ ուղիղ հեռագրակապով կապվի Երևանի հետ,
գ) հանձնարարել արտգործնախարարին Զոդի դեպքերի մասին հրապարակում անել մամուլում:
Հարցի որոշ կարևոր մանրամասներ` կապված Զոդի շրջանում մահմեդական շարժման ակտիվացման հետ, ակնհայտ են դառնում նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի 1919 թ. մարտի 22-ի հեռագրից` ուղղված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին (պատճենը` Բաքվում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչին): Դրանում ՀՀ արտգործնախարարը շեշտել էր, որ Զոդ գյուղի շրջանում սպանել են 4 հայ սպայի և ղարաբաղյան երկրորդ հեծյալ դիվիզիոնի ավելի քան 10 զինվորի, ընդգծել, որ կառավարության ուղարկած քննիչ հանձնաժողովին դիմավորել են հրացանային համազարկով, և իշխանություններին ցուցաբերվող դիմադրությանն օժանդակել են Ադրբեջանից ժամանած զինված խմբերը: ՀՀ արտգործնախարարը, միանգամայն անթույլատրելի համարելով զինված խմբերի անցումը Ադրբեջանից ՀՀ տարածք, ընդգծել էր, որ կառավարության հանձնարարականով ինքը եռանդագին բողոքում է նման գործողությունների դեմ, և խնդրում էր շտապ կարգադրություններ անել, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիներին ետ պահեն զինված ելույթներից և Հայաստանի տարածքում կարգը խախտելուց:
Զոդյան հանգույցը խնդիրներ էր ստեղծում հայադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, վառոդալիցք դառնում դիվանագիտական հարաբերություններում՝ մեծացնելով լարվածությունը սահմանային շրջանների ներքին գործերի մարմինների և միլիցիայի աշխատանքներում: Ինչպես պարզվում է գեներալ Բաղդասարովի՝ Ղարաքիլիսայից Երևան` գլխավոր հրամանատարին ուղարկված 1919 թ․ մարտի 21ի հեռագրից, որը հիմնված էր ստացված գործակալական հետախուզական տվյալների վրա, իրավիճակը վատացել էր նաև Բաշքենդի շրջանում` կապված Զոդում կատարված սպանությունների հետ: Հեռագրում հաղորդվում էր այն մասին, որ թաթարները նախապատրաստվում են, գյուղերում տեղի են ունենում հավաքներ` Զոդի իրենց հայրենակիցներին օժանդակելու համար, որ Ադրբեջանի Գեդաբեկի շրջանից ուղարկվել է 200 մարդ, իսկ Զեգամի կիրճով անցկացվել են երկու թնդանոթ և երկու գնդացիր, չեն կարողացել տեղափոխել մեկ լեռնային թնդանոթ, որը թողել են Շախթալա գյուղում, և շեշտվում նաև մի հետաքրքիր մանրամաս, որ նշանառուները ռուսներ և վրացիներ են : Մեկ այլ հեռագրից, որի հեղինակը միլիցիոն գնդի հրամանատար շտաբսկապիտան Մկրտիչյանն էր, հայտնի են դառնում այդ օրերի այլ փաստեր: Այսպես՝ 1919 թ. մարտի 24-ին շտաբսկապիտան Մկրտիչյանը դիվիզիայի հրամանատարին հղած հեռագրում (պատճենը` Քարվանսարայում գտնվող գեներալ Բաղդասարովին) հայտնում էր, որ, ստուգված տեղեկությունների համաձայն, թաթարները Շախթալա գյուղ են բերել դաշտային թնդանոթ, իսկ այնտեղ գտնվող լեռնային թնդանոթը Ջիլ գյուղով տարել են դեպի Զոդ: Մկրտիչյանը հեռագրի վերջում նաև ավելացրել էր, որ, առանց թնդանոթների, տեղական ուժերն ի վիճակի չեն դիմադրելու, և խնդրում էր անհապաղ կարգադրություններ անել, թե ինչպես գործել : Հայկական դիվիզիայի հրամանատարին ուղղված 1919 թ․ մարտի 27ի հեռագրում շտաբսկապիտան Մկրտիչյանը Քարվանսարայից հայտնում էր, որ, ստացված տեղեկությունների համաձայն, Աղստևի աջ վտակ Թարսաչայի (Գետիկ) կիրճի թաթարները ցորեն և գարի են տեղափոխում Զոդ, և մարտի 25ին 300 փութ տարվել է Դիլիջանով դեպի Չիբուխլու: Այս ընթացքում հայկական թե՛ քաղաքացիական, թե՛ զինվորական և թե՛ ՆԳ մարմինները նախապատրաստություններ են տեսնում, զբաղվում զորուժի կազմակերպմամբ, համալրում զենքի ու զինամթերքի պակաս պաշարները, լուծում զորակոչային խնդիրներ։ 1919 թ. մարտի 18-ին Նոր Բայազետից զինվորական նախարարին ուղարկած հեռագրում Փիրումյանը հայտնում էր, որ ավարտին է մոտենում զորաջոկատի կենտրոնացումը, իսկ համալրումը կավարտվի մարտի 28ին: Ավելացվում էր, որ ռազմական հետախուզությամբ հաստատվել է, որ Զոդի շրջանում կուտակվել են մոտ 6 հազար զինված թաթարներ` գնդացիրներով և հեծելակով, ինչի մասին տվյալները դեռ ստուգվում են :
Նախարարների խորհուրդը 1919 թ. մարտի 22-ի նիստում լսում է զինվորական նախարարի զեկուցումը Նոր Բայազետի գավառում զինվորական դաշտային դատարան հիմնելու մասին: Որոշվում է, բացառությամբ մահվան պատժի, օրինագիծը հաստատել և ի կատար ածել :
1919 թ. ապրիլի 2ին Նախարարների խորհուրդը լսում է զինվորական նախարարի զեկույցը Զոդ գյուղի խնդիրների մասին, և որոշվում է հանձնարարել զինվորական նախարարին կարգադրել գեներալ Փիրումյանին, որ նա գործի գնդապետ Ք. Թեմպերլեյի հետ համերաշխությամբ՝ գործի դնելով բոլոր հնարավոր միջոցները միջադեպը խաղաղ ճանապարհով հարթելու համար` խուսափելով, սակայն, ռազմական ուժի գործադրումից: Միաժամանակ հերքվում է Ադրբեջանի կառավարության ստահոդ պնդումը Զոդ գյուղի ադրբեջանական պատկանելության մասին՝ հատուկ ընդգծելով, որ այն մտնում է Հայաստանի Հանրապետության կազմի մեջ: Այս ընթացքում, բնականաբար, հայկական կառավարությունը ձգտում էր օգտագործելու դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները՝ միջադեպը խաղաղ ճանապարհով հարթելու համար: Միաժամանակ ձեռնարկվում էին ռազմաքաղաքական, ոստիկանական որոշակի միջոցառումներ՝ ամրապնդելու դիրքերը Հայաստանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Սևանա լճի ավազանում և Նոր Բայազետի գավառում, որտեղ և գտնվում էր չարաբաստիկ զոդյան հանգույցը: Այդ շրջանում գործելու պատվին արժանացած ղարաբաղյան հատուկ գումարտակի ղեկավարությունը վստահվեց գեներալմայոր Դանիել բեկ Փիրումյանին և Սարդարապատի հերոս փոխգնդապետ Ա. Շնեուրին՝ որպես շտաբի պետի , որը զոդյան օպերացիայի ողջ ընթացքում ղեկավարեց նաև հետախուզական ծառայությունը։ 1918 թ. դեկտեմբերի 31-ից սկսած՝ Ա. Շնեուրը արդեն առանձին ղարաբաղյան բրիգադի պետն էր: Ք. Արարատյանի դիմումագրում` ուղղված Մ. Սիլիկյանին, ասվում էր, որ, ըստ կապիտան Մեդվեդևի և փոխգնդապետ Ա. Շնեուրի, վարչապետը կարգադրել էր գեներալ Փիրումյանին ապահովել հետաքննիչ հանձնաժողովի մուտքը Զոդ: Հեռագրում խնդրվում էր նորից ստուգել ամեն ինչ, և հարցում արվում, թե ինչ անել, եթե հետաքննիչ հանձնաժողովի մուտքը Զոդ խաղաղ ճանապարհով չհանգեցնի դրական արդյունքների: Այդ պարագայում գեներալ Փիրումյանին հրահանգվում էր հրամանատարության միջոցով ուղիղ գծով կապվել կառավարության հետ և զինված ուժ չգործադրել մինչև այդ մասին ՀՀ կառավարությունից համապատասխան թույլտվություն ստանալը: ՀՀ կառավարությունը նորանոր ճշգրտումներ է մտցնում իր հետագա քայլերում, փորձում դուրս գալ ստեղծված ճգնաժամային իրավիճակից: 1919 թ. ապրիլի 8ին ՀՀ արտգործնախարարը Ադրբեջանի արտգործնախարարից հեռագիր է ստանում, որում Ադրբեջանի ներկայացուցիչը, Զոդի շրջանը համարելով Ադրբեջանի տարածք, անթույլատրելի էր համարում հայկական զինված ուժերի առկայությունը Ադրբեջանի տարածքում և թյուրիմացությունից խուսափելու պատասխանատվությունը դնում ՀՀ կառավարության վրա :
ՀՀ արտգործնախարարը Ադրբեջանի արտգործնախարարին (պատճենը` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչին Ադրբեջանում` Ալ․ Բեկզադյանին) ուղղված ապրիլի 3ի հեռագրում ընդգծում էր, որ Զոդ գյուղում տեղի ունեցած դեպքերը հետաքննելու, մեղավորներին գտնելու և օրինական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ կառավարության կողմից այնտեղ է ուղարկվել արտակարգ քննիչ հանձնաժողով, որին, սակայն, չի հաջողվել դեպքերի վայր հասնել զինված թաթարների դիմադրության պատճառով: Հայտնում էր, որ ՀՀ կառավարությունը զինվորական ջոկատին հրահանգել է ապահովել արտակարգ հանձնաժողովի մուտքը Զոդ՝ հետաքննության համար՝ իրազեկելով, որ բրիտանական գնդապետ Ք. Թեմպերլեյը գեներալ Վ. Թոմսոնի հանձնարարությամբ մեկնել է Զոդ` նպաստելու արտակարգ քննիչ հանձնաժողովի ժամանմանը Զոդ և հետաքննության անցկացմանը։ Հեռագրում նշվում էր նաև, որ հայկական կառավարությունը հանձնարարել է բախումը հարթել խաղաղ ճանապարհով, իսկ եթե չհաջողվի, զենքի ուժի չդիմել առանց կառավարության թույլտվության:
Ճարահատյալ գնդապետ Թեմպերլեյը ուղևորվում է Զոդ։ Այդ մասին ապրիլի 9ին գեներալմայոր Փիրումյանին ուղարկած հեռագրում տեղեկացնում էր գնդապետ Շախանովը։ Զոդում բրիտանական սպան հանդիպումներ է ունենում բնակչության հետ, որն այն տեսակետին էր, որ ստեղծված իրավիճակում առավելագույն զիջումը, որին կարող էր համաձայնել տեղական թուրք բնակչությունը, այն էր, որ ապրիլի 11ից հայկական զորքերը պետք է զբաղեցնեին թաթարական գյուղերը, ինչը միակ պայմանն էր, որի դեպքում նա համաձայն կլիներ շարունակել խոսակցությունը վիճահարույց հարցերի շուրջ: Թուրքերը Թեմպերլեյի հետ համաձայնում են պայմանով, որ զորքերի տեղակայմանը մասնակցի նաև անգլիացի ներկայացուցիչը, հակառակ դեպքում սպառնում էին չնահանջել։
Ինչպես պարզվում է գեներալմայոր Փիրումյանի հեռագրերից՝ ուղղված դիվիզիայի հրամանատարին, դեպքերի վայր ժամանած գնդապետ Ք. Թեմպերլեյը, Զոդից վերադառնալով Բասարգեչար, թաթարներին հայտարարել էր, որ ապրիլի 11-ին հայկական զորքերը պետք է զբաղեցնեն այդ գյուղերը, ինչին թաթարները պատասխանել են, որ գյուղերի գրավումը հայկական զորքերի կողմից հնարավոր է միայն բրիտանական ներկայացուցչի անմիջական մասնակցության պայմաններում և նրա կարգադրությամբ: Փիրումյանը զորքերի համալրում էր խնդրում՝ ավելացնելով, որ թաթարները շարունակում են զինվել, և, գնդապետ Ք. Թեմպերլեյի հետ պայմանավորվածության համաձայն, իրենց զորքերը ապրիլի 13-ին կարող են սկսել թաթարական Տաշքենդ, Զոդ, Մեծ Մազրա և Փոքր Մազրա գյուղերի գրավումը՝ թաթարների զինաթափումն իրականացնելով խաղաղ ճանապարհով, իսկ դիմադրելու պարագայում` զենքով:
Մահմեդական շարժման ակտիվ գնդապետ Ք. Թեմպերլեյը մի քանի օր մնում է Զոդում, ապա՝ վերադառնում Բասարգեչար, իսկ մի քանի օր անց՝ ապրիլի 14ին, Զոդում հակապետական ելույթների նոր ալիք է բարձրանում:
Մահմեդական շարժման ակտիվացմանը ԲասարգեչարԶոդի շրջանում Նախարարների խորհուրդը հերթական անգամ անդրադառնում է իր 1919 թ. ապրիլի 14ի նիստում՝ լսելով զինվորական նախարարի զեկուցումը գեներալ Փիրումյանին Զոդի դեպքերի վերաբերյալ հրահանգներ տալու մասին։ Ըստ այդմ՝ որոշվում է հանձնարարել զինվորական նախարարին հեռագրել Փիրումյանին՝
1) գործել Ք. Թեմպերլեյի ցուցմունքների համաձայն,
2) եթե հարկ լինի զինված ուժ կիրառել, դիմել Ք. Թեմպերլեյին գրավոր առաջարկ ներկայացնելու խնդրանքով,
3) աշխատել չդիմել բռնագրավումների և ձեռք առնել ամենակտրուկ միջոցները, որպեսզի ազգաբնակչության նկատմամբ բռնություններ չկիրառվեն՝ այդ մասին հայտարարելով ժողովրդին:
Նույն օրը ՀՀ արտգործնախարարությունը հատուկ գրությամբ տեղեկացնում է Ադրբեջանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչին, որ Ադրբեջանի կառավարության բողոքի և Բասարգեչարի շրջանում հայկական զորքերի առկայության առնչությամբ իրենք գտնում են, որ այդ տարածքը չի կարող դիտվել իբրև Ադրբեջանի տարածք, Բասարգեչարի շրջանը ՀՀ տարածքի անբաժանելի մասն է՝ կրկնելով, որ ՀՀ կառավարությունը բողոքում է ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանի տարածքից ուղարկվող զինված թաթարական խմբերի՝ ՀՀ սահմաններն անցնելու դեմ, որոնք այնտեղ խռովություններ են բարձրացնում և բնակչությանը գրգռում զինված հակամարտության ընդդեմ Հայաստանի իշխանությունների :
Ինչպես պարզվում է գեներալ Սիլիկյանին ուղղված գեներալ-մայոր Փիրումյանի ապրիլի 14-ի հեռագրից, գնդապետ Ք. Թեմպերլեյի առաջարկի համաձայն, ապրիլի 14-ի առավոտյան ժամը 7-ին հայկական զորքերի Նոր Բայազետի զորաջոկատը երկու զորաշարքերով սկսում է հարձակում՝ թաթարական գյուղերը գրավելու համար: Սակայն Մեծ Մազրայի թաթարները հանկարծակի ուժեղ հրացանակրակ են բացում, որին հայկական հետևակը չի պատասխանում՝ շարունակելով իր առաջխաղացումը դեպի գյուղ, և փոխարենը գյուղի վրա մի քանի հրետանազարկ է տրվում, ինչը թաթարներին ստիպում է նահանջել: Այդ ամենից հետո պարզվում է, որ բնակչությունը նախօրոք լքել էր գյուղը՝ իր հետ տանելով այն ամենը, ինչ հնարավոր էր տեղափոխել, իսկ կրակ արձակողները գյուղում մնացած թաթարական խմբերն էին: Նույնը կրկնվում է Հուսեյն Ղարալի, Աղալու, Կոշա Բալաղ, Գալբաշ և Սիրի Աղունի գյուղերի գրավման ժամանակ, իսկ Տաշքենդ գյուղի մերձակայքում տեղի են ունենում մարտեր, որոնցից հետո հայկական զորամասը գրավում է գյուղը, իսկ հակառակորդը փախչում է դեպի սարերը: Ապրիլի 14-ի մարտերում հայերն ունենում են 3 զոհ, վիրավորվում է փոխգնդապետ Իշխանովը, որը, սակայն, վիրավորվելուց հետո վերադառնում է մարտաշարք: Այնուհետև հայերն ունենում են 15 զոհ և կորցնում 8 ձի: Հատկանշական է, որ բոլոր կարգադրություններն արվել են գնդապետ Ք. Թեմպերլեյի ներկայությամբ և գիտությամբ, որը մարտերի ընթացքում զորքերի կողմից ոչ մի բռնություն և կողոպուտ չի տեսել: Հայկական բանակի առաջապահ զորամասերը գրավում են Մեծ Մազրան, Հուսեյն Ղում Աղալուն, Գալբաշին և Տաշքենդը : Ապրիլի 15-ին՝ ժամը 7-ին, հայկական կողմը Զոդ գյուղ է ուղարկում բանագնացների` սպիտակ դրոշակներով, սակայն թաթարները կրակ են բացում նրանց վրա։
Հայկական կողմը երկրորդ անգամ է բանագնացներ ուղարկում, որոնք ևս չեն կարողանում գյուղ մտնել, որից հետո միայն ղարաբաղյան գումարտակն անցնում է հարձակման և առանց կրակոցի գրավում Զոդը, որտեղից թաթարները փախել էին: Նույնը կատարվում է նաև ՍարՅաղուբ, ՂարաԳոպլի, Աղքիլիսա և Զարզիբիլ գյուղերի գրավման ժամանակ, որոնց բնակիչները նախօրոք լքել էին դրանք՝ դուրս բերելով իրենց ողջ ունեցվածքը։ Այդ մարտերի ընթացքում վիրավորվում են 1 սպա, 18 զինվոր և 2 ձի, սպանվում 3 զինվոր և 3 ձի :
Ինչպես պարզվում է գեներալ Սիլիկյանին գեներալմայոր Փիրումյանի՝ Բասարգեչարից 1919 թ. ապրիլի 16ին ուղարկած հեռագրից, ապրիլի 15-ին հետախույզներ են ուղարկվել Շորժալու գյուղ, սակայն պարզվել է, որ գյուղում խաղաղ տրամադրություններ չեն իշխել, և հետախույզները ենթարկվել են գնդակոծման։ Ապրիլի 16ին ԹաղիՔենդ գյուղի մատույցները զբաղեցնող զորաջոկատները շարժվել են դեպի Շորժալու` դարձյալ գնդակոծվելով այնտեղ դարանակալած թաթարների կողմից: Հրետանակոծելուց հետո հայկական զորամասը կարողացել է մտնել գյուղ և գրավել այն, իսկ փախած թաթարները ապաստանել են մոտակա լեռներում: Ապրիլի 17-ին հայկական զորամասերը զինակալել են խռովության որջ Զոդը, որտեղից մահմեդական բնակչությունը փախել էր :
Գեներալմայոր Փիրումյանի ապրիլի 23-ի հեռագրից` ուղղված գեներալմայոր Սիլիկյանին, տեղեկանում ենք հաջորդ օրերի մարտական գործողությունների ժամանակագրությանը և մանրամասներին: Ապրիլի 18-ին՝ ժամը 16ին, Շիշկայա գյուղն է ուղարկվել ղարաբաղյան գումարտակի մի վաշտ, որը հանդիպել է թաթարների կրակին: Չնայած թաթարների համառ դիմադրությանը՝ գյուղը գրավվել է, որից հետո պարզվել է, որ այնտեղ զգալի ուժեր են եղել` մոտ 1000 հետևակ և հեծելակ: Նախօրոք թաթարները գյուղից դուրս էին բերել իրենց ունեցվածքը և ընտանիքները: Այս մարտերի հետևանքով հայկական կողմը ունեցել է 8 վիրավոր, 1 զինվոր սպանվել է, վիրավորվել է նաև պրապորշչիկ Մխիթարյանցը :
Այս բոլոր գործողությունների ընթացքում հայադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լարվածություն էր իշխում, ադրբեջանցիները դիմում էին բազմաբնույթ խարդավանքների, զորքերի զգալի տեղաշարժերի, բոլորն էլ՝ ակնհայտ հակահայկական ուղղվածության: 1919 թ. ապրիլի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարին ուղղված հեռագրում Գլխավոր շտաբի պետ գնդապետ Մ. Զինկևիչը հայտնում էր, որ, միլիցիոն գնդի հրամանատարից ստացված տեղեկատվության համաձայն, ապրիլի 23-ին Յաղուբլիով Ջիլի ուղղությամբ գնացել են ադրբեջանական զորքերի խմբեր, և ապրիլի 25-ին սպասվել է ադրբեջանական զորքերի ժամանումը Նովոսարատովկա և Նովոիվանովկա: Զինկևիչը նշում էր, որ միլիցիոն գնդի հրամանատարին կարգադրվել է այդ տեղեկությունները ստուգել և այդ մասին հայտնել իրեն: Սակայն այդ ամենը չի կարողանում խոչընդոտել ու խանգարել հայկական բանակին եզրափակելու Զոդի օպերացիան, դաս տալու մահմեդական ագրեսիվորեն տրամադրված ուժերին, որոնք ձգտում էին Բասարգեչարի շրջանը կտրելու Հայաստանից և կցելու Ադրբեջանին: Հայկական զորամասերը տանում են տպավորիչ հաղթանակ՝ ազատագրելով հայրենի տարածքի մի կարևոր մասը, ընդ որում՝ դրսևորելով լավ ու մարտունակ զորքին հատուկ կարգ ու կանոն, կարգապահություն, զերծ մնալով հափշտակություններից և կողոպուտներից:
Այնուամենայնիվ, ՀՀ կառավարության կողմից Զոդի շրջան գործուղված արտակարգ քննիչ հանձնաժողովը փորձեց բացահայտել այն շարժառիթները, որոնք ընկած էին Զոդ-Բասարգեչարի մահմեդականների ապստամբականխռովարարական գործողությունների հիմքում: 1919 թ. ապրիլի 27-իի դրությամբ արվել են հետևյալ եզրակացությունները․
1) Մուսուլմանների շրջանում հետաքննության անցկացման անհնարինության պատճառով հնարավոր չեղավ ճշգրտորեն պարզել Հայաստանի իշխանությունների դեմ մահմեդական ապստամբության շարժառիթները։ Ենթադրվում է, որ ռոտմիստր Սիլիկյանի՝ չափից ավելի մեծ պահանջները` իրենց տրամադրելու ցորեն և գարի, ընդամենը առիթ են հանդիսացել տխուր հանգուցալուծման համար, իսկ մահմեդականների դժգոհությունը իշխանություններից օրեցօր աճել է և վերածվել բախման: Պատճառների դեր կատարել են մի շարք հանգամանքներ։
2) 1918 թ. օգոստոսին ողջ Զոդի շրջանը Ադրբեջանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվել է (կամ ընդունվել) որպես Ադրբեջանի սահմաններում ներառված տարածք և հայտարարվել Ելիզավետպոլի գավառի 9րդ ոստիկանական տեղամաս, նշանակվել են իրենց կոմիսարները և միլիցիան: Իսկ 1919 թ. հոկտեմբերին այդ շրջանը ենթարկվեց Հայաստանին, մահմեդական բնակիչներն էլ, թեկուզև չկամությամբ, իշխանություններին ենթարկվելու պատրաստակամություն հայտնեցին՝ չխզելով իրենց կապերը Ադրբեջանի հետ։
3) 1918 թ. վերջին Նոր Բայազետի գավառ է գործուղվել ռոտմիստր Սիլիկյանը` ղարաբաղյան հեծյալ դիվիզիոն կազմավորելու նպատակով, սակայն դրա համար ոչ մի միջոց պետական գանձարանից բաց չի թողնվել: Սիլիկյանին հնարավորություն և իրավունք էր տրվել բռնագրավելու ձիերը, հանդերձանքը, զենք և դիվիզիոնը պահելու համար անհրաժեշտ ամեն ինչ: Բռնագրավումներն անցկացվել էին մի շարք չարաշահումներով՝ անտեսելով այդ նպատակով և այդ դեպքերի համար հանձնաժողովների կողմից սահմանված կարգը, վարկաբեկելով գործի գաղափարը: Դրանով զբաղվել էր ամեն ոք` ցանկացած սպա, կոմիսար, ուրյադնիկ, միլիցիոներ և այլն։ Մեծ մասամբ բռնագրավված ունեցվածքի դիմաց տրվել էին ընդամենը ստացականներ, այդ ընթացքում թույլ էին տրվել այլ չարաշահումներ ևս, գլխավորապես՝ մահմեդական գյուղերում ձիերի բռնագրավումների ժամանակ, քանզի բռնագրավված ոչ բոլոր ձիերն էին գնում դիվիզիոնի կարիքներին ծառայելու․ դրանք պետական գներով վաճառվել էին կողմնակի՝ դիվիզիոնի հետ ոչ մի առնչություն չունեցող անձանց կամ էլ պարզապես իրենց նախկին տերերին, իհարկե՝ ավելի բարձր գներով, բռնագրավված անասնակերը նույնպես վաճառվել էր: Այս ամենը առաջ բերեց մահմեդական բնակչության դժգոհությունը, որին, իհարկե, Հայաստանի օրինական իշխանությունների դեմ ապստամբելու առիթ էր պետք:
4) 1919 թ. հունվարի վերջերին գաղթական հայերը ոմն Նիկոլայ Ավետիսովի գլխավորությամբ հարձակվել են մահմեդական Զագալու, Ղըզըլ-Վանք և Սուբբոտան գյուղական բնակավայրերի վրա ու թալանել դրանք, իսկ գյուղացիները փախել են Զոդի շրջանի մյուս գյուղերը։ Նախապատրաստվող հարձակման մասին ժամանակին զգուշացվել է մահմեդական տեղամասային կոմիսարը, սակայն նրա կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել: Ճիշտ է, այդ գործով անցկացվել է նաև հետաքննություն, և կողոպտված ունեցվածքի մի մասը վերադարձվել է մահմեդականներին և առհասարակ բոլոր նրանց, որոնցից վերցվել էր, սակայն մեղավորները չեն բացահայտվել: Այս կարևոր պատճառներն էլ, ըստ էության, արտակարգ քննիչ հանձնաժողովի նախագահ Փարսադանովի եզրակացությամբ, առաջ բերեցին մեծ դժգոհություն մահմեդականների շրջանում, որոնք նույնիսկ բացեիբաց հայտարարել էին, որ Հայաստանում ոչ մի իշխանություն էլ չկա, և իրենք չեն ցանկանում ոչ մեկի ենթարկվել: Այդ շարժառիթներով էլ Սիլիկյանների և այլոց սպանությունից մի քանի օր առաջ Զոդ գյուղից հեռացվել էր միլիցիայի պահակակետը: Այս եզրակացությանն է հանգել ՀՀ կառավարության կողմից Զոդ գործուղված արտակարգ քննիչ հանձնաժողովը 1919 թ. ապրիլի 27-ի դրությամբ, իսկ մայիսի 2-ին այն հաստատել է Արդարադատության նախարարության գրասենյակի դիրեկտորը :
1919 թ. մայիսի 5-ին լսելով արդարադատության նախարարի պաշտոնակատարի զեկուցումը կառավարության կողմից Զոդ ուղարկված արտակարգ քննիչ հանձնաժողովի գործունեության մասին (զեկ. 951, մայիսի 2)՝ Նախարարների խորհուրդը հանձնարարում է արդարադատության և ՆԳ նախարարներին օրինական պատասխանատվության ենթարկել մեղավորներին :
Հարցն առաջ բերեց դիվանագիտականքաղաքական բարդություններ: 1919 թ. ապրիլի 10ին Նախարարների խորհուրդը կցեց վարչապետի զեկուցումը Թեքինսկու ներկայացրած միջնորդության մասին՝ Զոդի շրջանում զորքերը ետ քաշելու և քննիչ հանձնաժողովի աշխատանքներում թուրք ներկայացուցիչ ներգրավելու, և հանձնարարեց արտգործնախարարին հայտնել Թեքինսկուն, որ ստեղծված պայմաններում զորքը ետ քաշելը ռազմական պատճառներով անհնար է, իսկ արտակարգ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին թուրք ներկայացուցչի մասնակցության դեմ առարկություն չկա: Ինչպես տեսնում ենք, ԶոդԲասարգեչարի շրջանում հայկական իշխանությունները ձգտում էին ելնելու օրինականության որոշակի սկզբունքներից՝ խուսափելով ավելորդ և անտեղի բարդացումներից ու սրացումներից: 1920 թ. ապրիլի 6-ին լսելով ՆԳ նախարարի զեկուցումը Բասարգեչարի հանձնաժողովի «ապօրինի գործողությունների մասին»՝ Նախարարների խորհուրդը, ընդունված որոշման մեջ քննիչ հանձնաժողովի կարգադրությունն անօրինական և պետական շահերի առումով խիստ վնասակար համարելով, ՆԳ նախարարությանը հանձնարարում է բոլոր փաստաթղթերը և նյութերը հանձնել զինվորական դատարանին :
Ստեղծված բարդ իրավիճակում հայկական իշխանությունները, տեղի չտալով մահմեդականների ճնշմանը, օրինական ճանապարհով ապահովեցին ՀՀ անվտանգային շահերը Սևանի ավազանում` կանխելով Ադրբեջանի տարածքային-քաղաքական վտանգավոր հավակնությունները, ինչը հեշտ չէր:
Զոդ գյուղի շրջանում հայկական բանակի գործողությունները բարձր գնահատականի արժանացան նույնիսկ բրիտանական ծառայության գնդապետ Ք. Թեմպերլեյի կողմից: Թաթարական գյուղերը մարտով գրավելու ժամանակ զորաջոկատի գործողությունները կարգապահության և սպաների ու զինվորների խիզախության առումով այնքան գերազանց էին, որ գնդապետ Թեմպերլեյը, օպերացիայի ավարտից հետո ժամանելով Երևան, անհրաժեշտ համարեց իր զեկույցում Հայաստանի կառավարության առաջ գովաբանել զորաջոկատին՝ տոկունության և կարգապահ գործողությունների համար: Նախարարների խորհուրդը, ապրիլի 24ին լսելով գնդապետ Թեմպերլեյի դրական կարծիքը, շնորհակալություն հայտնեց գեներալմայոր Փիրումյանին և բոլոր սպաներին ու զինվորներին՝ Զոդի շրջանում մարտական փայլուն գործողությունների համար: Զինվորական նախարար գեներալմայոր Ք․ Արարատյանն իրեն երջանիկ համարեց, ի դեմս երիտասարդ հայկական բանակի, շնորհակալություն հայտնելու գեներալմայոր Փիրումյանին և նրա շտաբի պետ Շնեուրին՝ իրականացված անթերի ռազմական օպերացիայի համար։ Նա արժևորեց նրանց ներդրումը Զոդի գործողություններում՝ որպես փառավոր մարտական փորձ ունեցող սպաների, որոնք ստեղծել էին և ոգեկոչել Զոդի ջոկատը, որի իրականացրած գործողությունները առաջին անգամ դրական գնահատականի արժանացան անգամ բրիտանական բանակի ներկայացուցիչ գնդապետ Ք․ Թեմպերլեյի կողմից։ Զինվորական նախարարը կարգադրեց հատկապես աչքի ընկած սպաներին ներկայացնել զինվորական կոչման հերթական աստիճանի, իսկ զինվորների պարգևատրման համար շտաբի պետ Շնեուրին հրահանգեց ի պահ վերցնել Գեորգիևյան 4 խաչեր յուրաքանչյուր վաշտի, մարտկոցի և հեծելավաշտի համար : Այս օպերացիայից հետո զինվորական գերատեսչության գծով 1919 թ. ապրիլի 28-ի հրամանով առանձին ղարաբաղյան բրիգադի պետ Ա. Շնեուրը նշանակվում է Գլխավոր շտաբի բաժնի պետ :
Բասարգեչարի շրջանի Զոդ գյուղի շուրջ ծավալված ռազմաքաղաքական բախումնալից իրադարձություններից հետո այդ տարածաշրջանի մուսուլման բնակչության մեծ մասը արդեն 1919 թ. տեղափոխվեց Ադրբեջանի տարածք, որտեղից նա վերադարձավ միայն խորհրդային իշխանության հաստատմամբ, ինչը պարտադրվեց Հայաստանի խորհրդային հանրապետությանը:
Զոդ-Բասարգեչարի հարցը ՀՀ կառավարությունը այդ պատմափուլում լուծեց հաջողությամբ, որն այդ անգամ արժանացավ բրիտանական բարձր աջակցությանը, ինչը բացառիկ դեպք էր՝ ի տարբերություն Արցախ-Ղարաբաղի հիմնախնդրի, որի դեպքում Մեծ Բրիտանիան և ՀՀ մյուս թվացյալ դաշնակիցները հանուն իրենց նավթային և գաղութային-կայսերապաշտական շահերի բացահայտորեն հովանավորեցին ու աջակցեցին բոլշևիզմի և Ռուսաստանի դեմ պատնեշի դեր կատարող Ադրբեջանին, որն իրեն բռնակցեց հայկական Ղարաբաղը: Այդուհանդերձ, զոդ-բասարգեչարյան խռովահույզ իրադարձությունների ժամանակ Ադրբեջանին չհաջողվեց անդամահատել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը Սևանա լճի ավազանում և հարակից շրջաններում, ինչը միանգամայն կարևոր էր նորահռչակ հայկական պետականության առջև ծառացած մարտահրավերների տեսանկյունից:
Վանիկ Վիրաբյան
Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան (ՀՊՄՀ)