Հայոց աշխարհակալ Տիգրան Մեծ արքայից արքան հռոմեացի սենատոր և ճարտասան Ցիցերոնի գնահատմամբ
01 Հուլիս 2022
Արքայից արքա Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-55 թթ.) արդարամտությունը և արդարասեր բարքը փառաբանվել են փանդռահար հայ հին գուսանների երգերում ու զրույցներում, որոնցում պատմվում էր Տիգրան Մեծի «արդարադատ կշեռքի» մասին: Այդպիսի մի զրույցից տպավորված՝ Պատմահայրը ևս դիմում է քերթողական արվեստին` հայոց մեծ արքայի արդարամտությունը համեմատելով «արդարադատ ու հավասարասեր կշեռքի» հետ, և այնուհետև նրա խոսքը ներբողյանի ոճ ու պերճություն է ստանում, որից նա մշտապես խուսափում էր իր «Պատմությունը» շարադրելիս. «Հայոց մեծ արքան ամեն բանում արդարադատ և հավասարասեր կշեռք ուներ, և իր մտքի լծակով կշռում էր ամեն մեկի կյանքը՝ չէր նախանձում լավագույններին և չէր արհամարհում նվաստներին, այլ ամենքի վրա առհասարակ ջանում էր տարածել իր խնամքի զգեստը» («Արդարադատ և հաւասարասէր կշիռս ունելով յամենայնի՝ զամենայն ուրուք զկենցաղ՝ մտացն լծակաւ կշռէր: Ոչ ընդ լաւագոյնսն խանդայր, և ոչ զնուաստսն արհամարհէր, այլ ամենեցուն հասարակաց հնարէր զխնամոցն իւրոց ի վերայ տարածանել զզգեստս» ):
Տիգրան Մեծի արդարադատ կշեռքի մասին այդ սրտառուչ զրույցը մնացել է հայ ժողովրդական բանահյուսության մեջ և հասել մեզ բանավոր ավանդությամբ, որն առաջին անգամ աշխարհաբար գրի է առել հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը: Իր «Զվարճալի ու կարճ պատմությունք» զրուցարանում, օտար աղբյուրներից հետաքրքիր դրվագներ քաղելով Ֆրիդրիխ Մեծ Փրուսսիո թագավորի, Կոնրադ Գ գերմանացոց թագավորի, ռուսաց թագավոր Պետրոս Մեծի, ֆրանցուզի թագավոր Մեծն Լյուդովիկոսի մասին, Խ. Աբովյանը ցանկացել է ցույց տալ, որ հայ ժողովուրդն էլ ունեցել է հին ժամանակներում մի շատ երևելի թագավոր, որի մեծասրտությունը կարող էր հիացնել շատ ազգերի:
«Մեծն Տիգրան, անվանի թագավորն հայոց, մի օր որս անելիս (մառախուղի մեջ) մի քարի վրա սև ուրու տեսավ ու կարծելով, թե արծիվ է, նետը լարեց: Ուրվապատկերը վայր ընկավ, ձին չափ գցեց, որ որսը բռնի, բայց, ավա՜ղ որսի տեղ տեսավ մի ութ տարեկան երեխա` արյան մեջ շաղախված: Խեղճ մայրը, որ մոտը քնած էր եղել, ընկել էր վրան ու իրեն կոտորում էր: Մեծահոգի թագավորի գլխին կրակ վառվեց: Իսկույն ձիուց իջավ կնոջ ոտքերն ընկավ ու հրամայեց, որ մի կշեռք բերեն` մի նժարի վրա դնել տվեց երեխային ու իր թուրը, իսկ մյուս նժարին նույն քաշով ոսկի լցնել տվեց ու ասաց. «Քույր իմ, այս թուրն ու քո որդին, այս էլ նրա չափով ոսկին: Երեխայիդ ես սպանեցի անգիտությամբ: Կուզես` թուրն առ, վիզս կտրիր, կուզես ոսկին վերցրու, որ գոնե քո գլուխը պահես: Ես լավ գիտեմ, որ դու քո անգին զավակը աշխարհի հետ չես փոխի, բայց ինչ անեմ, չար ժամի պատահեց մեզ այս բանը: Բայց էլի կամքը քոնն է` ինչպես կուզես, այնպես արա»:
Ի՞նչ պետք է աներ խեղճ մայրը, ինքն էլ տեսավ, որ թագավորը կամոք չի արել, ընկավ ոտքերը լալով ու ասաց. «Իմ աստղը խավարեց, թագավո՛ր, բայց ինչ անեմ, քո ոտի հողն եմ. էդ մեծասրտությունը, որ դու արիր, ինչպես կթողնի, որ ես իմ միակ որդու արյունը քո գլխին մատաղ չանեմ»: Այդ օրից սկսած՝ կինը թագավորի դռնից էլ չհեռացավ» :
Այս ամենը ոգեշնչել է արվեստագետներին և երգահաններին ստեղծելու հայոց աշխարհակալ Տիգրանի մարդկային և առաքինի կերպարը փառաբանող առնվազն քսաներեք օպերա. Տոմազո Ալբինոնի – «Տիգրան արքա Հայաստանի» (1697), Անտոնիո Մ. Բոնոնչինի – «Տիգրան արքա Հայաստանի» (1710), Ալեսանդրո Սկարլատի – «Տիգրան կամ սեր և հավատարմություն» (1715), Ֆրանչեսկո Գասպարին, Անտոնիո Վիվալդի, Ֆրանչեսկո Կոնտի և Ջուզեպե Օրլանդինի – «Տիգրան» (1719), Յոհան Ադոլֆ Հասսե – «Տիգրան Մեծ» (1723), Անտոնիո Վիվալդի, Ֆրանչեսկո Կոնտի և Ջուզեպե Օրլանդինի – «Տիգրան» (1724), Ջեմինիանո Ջակոմելլի – «Տիգրան» (1733), Ջուզեպե Պագանելլի – «Տիգրան» (1733), Սանտո Լապիս – «Տիգրան» (1738/9), Ջուզեպե Արենա – «Տիգրան» (1741), Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ – «Տիգրան» (1743), Դանիել Դալ Բարբա – «Տիգրան» (1744), Անտոնիո Պալելլա – «Տիգրան» (1745), Ջովանի Լամպունիանի – «Տիգրան» (1747), Ջուզեպե Կարկանի – «Տիգրան» (1750), Ջուզեպե Սարտի – «Պոմպեոսը Հայաստանում» (1752), Իգնացիո Սելոնիատ – «Տիգրան» (1757), Նիկոլո Պիչինի – «Տիգրան» (1761), Անտոնիո Տոցցի – «Տիգրան» (1762), Ջուզեպե Կոլլա – «Տիգրան» (1767), Պիետրո Ալեսանդրո Գուլիելմի – «Տիգրան» (1767), անհայտ հեղինակ – «Տիգրան» (1771), Վինչենցո Ռիգինի – «Տիգրան» (1799):
Ըստ ավանդության՝ Տիգրան Մեծի մասին առաջին պատմական երկը գրել է Մետրոդորոս Սկեպսացին, որն ապրել է Միհրդատ Պոնտացու, իսկ կյանքի վերջին տարիներին՝ նաև Տիգրան Մեծի պալատում (ըստ Պլուտարքոսի՝ մահապատժի է ենթարկվել Միհրդատ Պոնտացու ձեռքով մ.թ.ա. մոտ 70 թ.): Մետրոդորոսի երկից, անշուշտ, պետք է օգտված լինեն ժամանակով նրան ավելի մոտ կանգնած հունա-հռոմեական պատմիչները:
Տիգրան Բ արքայից արքայի ռազմական արշավանքներն ու պետական գործունեությունը մանրակրկիտ քննարկման առարկա են դարձել հունա-հռոմեական հին հեղինակների պատմական երկերում ու ֆրագմենտներում՝ Սալուստիոս, Տիտոս Լիվիոս, Պոմպեոս Տրոգոս, Մեմնոն, Ապպիանոս, Հովսեփոս, Պլուտարքոս, Դիոն Կասսիոս, Հուստինոս և այլք, մեզանում՝ Փավստոս և Խորենացի, որոնց մեծամասնությունը ապրել է Տիգրան Մեծից երկու-երեք դար հետո: Միակ ամենանշանավոր հեղինակը, որը ժամանակակից է Տիգրան Մեծին, և որի աչքի առաջ ստեղծվել է Տիգրան Մեծի՝ Կուր գետից մինչև Եգիպտոս ձգվող վիթխարածավալ աշխարհակալ տերությունը, անտիկ հռոմեացի հռչակավոր ճարտասան, իրավագետ և սենատոր Մարկոս Տուլիոս Ցիցերոնն է (մ.թ.ա. 106-43 թթ.):
Տիգրան Մեծի ստեղծած պետությունը և նրա մղած պատերազմներն արդեն իսկ անտիկ շրջանում գրավել են հունա-հռոմեական և այլազգի ականավոր պատմագիրների ուշադրությունը, որոնք երբեմն անաչառ տեղեկատվությամբ, հաճախ էլ փաստերը միտումնավոր խեղաթյուրելով, հարուստ և նույնքան էլ վիճահարույց նյութ են մատակարարել նոր ժամանակի պատմագիտությանը՝ առիթ տալով հակասական եզրակացությունների: Հենց միայն Տիգրանի արքայական խույրն ու ապարոշը մի քանի տարբեր դրվագների նյութ են ծառայել Պլուտարքոսի, Դիոն Կասսիոսի, Մեմնոնի, Փրոնտինոսի համար՝ նսեմացնելու հայոց արքայից արքային: Սակայն այդ դրվագներից որևէ մեկը չի հիշատակվում Ապպիանոսի երկում, ինչը և հիմք է տվել 19-րդ դարի գերմանացի նշանավոր պատմաբան Թեոդոր Մոմզենին իր «Հռոմեական պատմության» մեջ եզրակացնելու դրանց մտացածին լինելը:
Տիգրան Բ-ի և Հռոմի ռազմաքաղաքական հարաբերությունների հարցերով հիմնավորապես զբաղվել են եվրոպացի պատմաբաններ Մոմզենը, Ռեյնաքը, Էկհարդտը և այլք, մեզանում՝ հատկապես Հ. Մանանդյանը , Ն. Ադոնցը, Յ. Աստուրյանը: Ստեղծվել են համաշխարհային հռչակ վայելող հայոց արքայի, պետական գործչի ու զորավարի գործն ու դարաշրջանն ամբողջացնող ուսումնասիրություններ: Բայց վերանայման կարիք ունի մանավանդ Լուկուլլոսի արշավանքների խառնաշփոթ շրջանը, մի զորավարի, որին անտիկ հույն գրող և պատմագիր Պլուտարքոսը (մոտ 45-127 թթ.) և նրանից արտագրած պատմագիրները վերագրում են անվաստակ փառք ու հաղթանակներ:
Ցիցերոնի՝ աֆորիզմ հիշեցնող դառն հանդիմանությունը, թե «Հռոմեացի զորավարները հաճախ են վերադարձել հաղթանակի նշաններով, բայց ոչ հաղթանակով» («insignia victoriea, non victoriam reportarent») , պետք է բնաբան ծառայի Լուկուլլոսի և նրա նմանների մասին գրված ու գրվելիք աշխատությունների համար: «Հաղթանակեց Սուլլան Միհրդատի դեմ, հաղթանակեց Մուրենան, երկուսն էլ հույժ խիզախ այրեր ու կարկառուն զորավարներ, բայց միայն այնքան հաջող, որ նա (Միհրդատ Պոնտացին – Ա. Մ.), թեպետև ջարդված ու պարտված, բայց շարունակում է թագավորել /…./ իսկ Լուկուլլոսի մասին ես կխոսեմ մի այլ տեղ, բայց այնպես կխոսեմ, քվիրիտնե՛ր, որ ո՛չ ինքը հուսախաբ լինի իմ ճառից՝ ճշմարիտ գովեստ լսելով, ո՛չ էլ ուրիշները՝ կեղծ գովեստ հորինելուս համար »:
Վերոհիշյալ հին հեղինակները և նոր պատմաբանները, ինչպես հարկն է, չեն գնահատել նույնիսկ Տիգրան Մեծի բացահայտ թշնամի, Հռոմի իմպերատոր (գլխավոր զորավար) Լուկիոս Լուկուլլոսի տված գնահատականը հայոց արքայից արքայի մասին` նույնքան բացասական, որքան և մեծարանքի արժանացնող: Իր քաղաքական ընդդիմախոսներին, որոնք մեղադրում էին իրեն Միհրդատի դեմ ուղղված ռազմական գործողությունները ձգձգելու և դանդաղկոտության համար, հռոմեացի գլխավոր զորավար Լուկուլլոսը պատասխանում է. «Դա էլ հենց իմ ուզածն է, ես դիտմամբ եմ դանդաղում, թող արքան (իմա՝ Միհրդատը – Ա.Մ.) նորից ուժ հավաքի և, ինչքան հարկավոր է իրեն, զորք ժողովի պատերազմի համար, մենակ թե մնա իր տեղում և խույս չտա մեր մոտենալու ժամանակ։ Չե՞ք տեսնում ինչ է՝ նրա թիկունքում ինչ անսահման ամայի տարածքներ կան, իսկ կողքին Կովկասն է՝ վիթխարի լեռնային երկիր՝ խորունկ ձորերով, որտեղ կարող են պատսպարվել թեկուզ հազարավոր արքաներ՝ թշնամուց խույս տվող։ Բացի այդ՝ Կաբիրոսից ընդամենը մի քանի օրվա ճանապարհ է մինչև Հայաստան, իսկ Հայաստանում թագավորում է Տիգրանը՝ արքայից արքան, որն իր զորքով փակում է պարթևների ճանապարհը դեպի Փոքր Ասիա, իսկ հունական քաղաքների բնակչությունը գաղթեցնում է Մեդիա: Նա նվաճել է Ասորիքն ու Պաղեստինը, իսկ Սելևկյան տոհմի թագավորներին մահվան է մատնում և գերության տանում նրանց դուստրերին ու կանանց: Եվ այդ մարդը Միհրդատի բարեկամն է և փեսան: Եվ եթե Միհրդատը դիմի նրա պաշտպանությանը, ապա նա Միհրդատին չի թողնի աղետի մեջ և պատերազմ կսկսի մեր դեմ:
Չլինի այնպես, որ, շտապելով Միհրդատին դուրս քշել իր տիրույթներից, հանդիպենք Տիգրանին ու փորձանքի գանք: Քանզի նա արդեն վաղուց առիթ է փնտրում մեր դեմ պատերազմելու, իսկ նա ի՞նչ ավելի հարմար առիթ կարող է գտնել, քան նեղության մեջ օգնության գալու իր քեռայր արքային: Ինչո՞ւ ձգտենք դրան, ինչո՞ւ սովորեցնենք Միհրդատին, թե ում օգնությանը դիմի մեր դեմ պայքարելիս: Ինչո՞ւ նրան մղել Տիգրանի գիրկը, երբ ինքն այդ չի ուզում և այն համարում է անպատվություն: Ավելի լավ չի՞ լինի, եթե նրան ժամանակ տանք հավաքելու իր սեփական ուժերը և նորից ոգևորվելու: Այնժամ մեզ կմնա կռվել կողքիսացոց, տիբարենների և կապադովկացիների դեմ, որոնց մենք քանիցս պարտության ենք մատնել, ոչ թե մեդացիների և հայերի» ։
Սակայն քաղաքական ընդդիմախոսների և թևարկու «բարեկամների» սադրանքները ի վերջո Լուկուլլոսին մղեցին արկածախնդրության, և նա, չունենալով Հռոմի Սենատի համաձայնությունը, մ.թ.ա. 69 և 68 թթ. երկու անգամ ներխուժեց Հայաստան: Եվ այդ չհայտարարված պատերազմի ծանր հետևանքների համար Հռոմի Սենատը 66 թ. ստիպված եղավ Լուկուլլոսին ժամկետից շուտ հեռացնել գլխավոր զորավարի (իմպերատորի) պաշտոնից:
Մարկոս Տուլիոս Ցիցերոնը՝ Տիգրան Մեծի ժամանակակիցը, լույս է սփռում Լուկուլլոսի անհեռատես ռազմական գործողությունների հետևանքով Հռոմի համար ստեղծված ծանր կացության վրա: Ցիցերոնի այս ճառը, որին ստորև կանդրադառնամ, ցավոք, ինչպես հարկն է, չի լուսաբանվել և գնահատվել եվրոպական և հայ պատմագիտության մեջ: Տիգրանի աշխարհակալությանը վերաբերող մնացած սկզբնաղբյուրները պատկանում են հիմնականում Պլուտարքոսի, Ապպիանոսի և Դիոն Կասսիոսի գրչին, որոնք ապրել են Տիգրան աշխարհակալի վախճանից 150-250 տարի հետո և իրենց հերթին օգտվել են Տիգրանի ժամանակակից լատին պատմագիր Սալլուստիոսից (մ.թ.ա. 86-34), որոշ չափով՝ նաև Տիտոս Լիվիոսից (մ.թ.ա. 59 – մ.թ. 17)։
Հանդես գալով Հռոմի Սենատում մ.թ.ա. 66 թ.՝ Տիգրանի և Միհրդատ Պոնտացու (Եվպատորի) համատեղ հակահարձակման հետևանքով ստեղծված իրադրության առիթով՝ Ցիցերոնը դիմում է քվիրիտներին՝ Սենատի անդամներին, հետևյալ տագնապալից խոսքերով. «Ահեղ և վտանգավոր պատերազմով ձեր դաշնակիցների և հարկատուների դեմ ելան երկու հզորագույն արքաներ՝ Միհրդատը և Տիգրանը: Առաջինը, որ թողնվել էր հանգիստ, և երկրորդը, որ մեր կողմից մարտահրավեր նախազգաց, կարծեցին, թե առիթը ներկայացել է զավթելու Ասիան ։ /…/ Բյութանիայում, որն այժմ ձեր պրովինցիան է, հրկիզվել են շատ գյուղեր … Իր թագավորությունից վտարված է Արիոբարզան թագավորը ՝ հռոմեական ժողովրդի դաշնակիցն ու բարեկամը։ Ողջ Ասիային է սպառնում երկու արքաների ներխուժումը, որոնք ոչ միայն ձեր ոխերիմ թշնամիներն են, այլև ձեր դաշնակիցների և բարեկամների: Մեծագույն վտանգը ստիպում է Ասիայի և Հունաստանի բոլոր քաղաքային համայնքներին դիմել ձեր օգնությանը »:
Գնեոս Պոմպեոսին իմպերատոր կարգելու որոշմանը հասնելու համար իր ողջ ճառի ընթացքում Ցիցերոնը շարունակ հիշեցնում է քվիրիտներին նրանց ձեռք բերած տուրքերն ու եկամուտները, որոնցից նրանք կզրկվեին, եթե Հռոմը կորցներ իր դաշնակիցներին և հարկատու երկրները. «Իսկ Ասիան այնքան հարուստ և այնքան պտղաբեր է, որ և՛ իր դաշտերի բերրիությամբ, և՛ բազմատեսակ պտուղներով, և՛ իր ընդարձակ արոտավայրերով, և՛ արտահանվող ապրանքների առատությամբ շատ ավելի գերազանցում է բոլոր մյուս երկրներին» ։ «Այնուհետև մենք՝ տառապանքով արդեն փորձվածներս, պետք է հաստատապես հիշենք այն, ինչ մեզ սովորեցրին Ասիայում պատերազմի սկզբին նույն այդ Ասիան և նույն Միհրդատը, երբ շատ շատերը Ասիայում մեծ-մեծ փողեր կորցրին. Հռոմում, ինչպես գիտենք, վճարումները դադարեցվեցին, և վարկերն ընկան» : Այնպես որ միանգամայն իմաստազուրկ են դառնում Սենատի անդամներին ուղղված Ցիցերոնի պատվախնդիր կոչերը Հռոմի փառքի և հայրենիքի պատվի մասին, որոնցով նա փորձում էր հայրենասիրության շղարշով քողազարդել քվիրիտների փողի պարկերը. «Խնդիրը վերաբերում է հռոմեական ժողովրդի փառքին, որ ավանդել են ձեզ նախնիները, վեհ՝ բոլոր իմաստներով, բայց ամենից ավելի՝ ռազմի գործում։ … Խնդիրը վերաբերում է հռոմեական ժողովրդի ամենակայուն և առավելագույն եկամուտներին, որոնց կորստով կնվազեն խաղաղությունը գեղեցիկ դարձնելու և պատերազմը վարկավորելու միջոցները »։
Ցիցերոնը հաղորդում է ռազմաքաղաքական բնույթի կարևոր տվյալներ, որոնք՝ իբրև դեպքերին ժամանակակից Հռոմի Սենատի երևելի անդամի վկայություններ, փշրում են հետագա պատմագրության մեջ ստեղծված կարծրատիպերը։ Այն, որ հռոմեացի զորավար Լուկիոս Լուկուլլոսը հաղթարշավով անցել է Հայաստանով, իսկ Փոքր Ասիայում պարտություն են կրել միայն աննշան լեգատներ Տրիարիոսը և նրա նմանները, բայց ոչ ինքը՝ Լուկուլլոսը, բացահայտվում է իբրև սովորական մեծապետական սնամեջ կեղծիք, որովհետև Հռոմի իմպերատորի, այսինքն՝ գլխավոր զորավարի կրած պարտությունը կարող էր դիտվել իբրև Հռոմի պարտություն, որի անպարտելիության վարկը պետք է անձեռնմխելի մնար պատմագրության, հետևաբար և պատմության մեջ։
Հիշենք, որ 244-245 թթ. Սասանյան Շապուհ I-ից Հռոմի կրած խայտառակ պարտությունը միայն 5-րդ դարում բյուզանդացի պատմագիր Զոսիմոսն էր, որ անվանեց «ամենաամոթալի պարտություն»։
Մինչդեռ Ցիցերոնը ներկայացնում է Սենատին Փոքր Ասիայում և ապա Հայաստանում անձամբ Լուկուլլոսի վարած ռազմական գործողությունների անսքող պատկերը և իրական հաջորդականությունը։ Ըստ Հ. Մանանդյանի՝ մ.թ.ա. 70 թ. գարնանը հռոմայեցիները երկար պաշարումից հետո գրավեցին Պոնտոսի թագավորությունից Հերակլեան և Սինոպը, իսկ աշնանը՝ նաև Ամիսոսը ։ Լուկուլլոսի այս արշավանքի մասին Ցիցերոնն իր ճառում հայտնում է. «Ժամանելուն պես Լուկուլլոսը գրավեց Սինոպն ու Ամիսոսը, որտեղ կային արքայական ապարանքներ՝ շքեղ զարդարված և լեփ-լեցուն ամեն տեսակ գանձերով, և Պոնտոսի ու Կապադովկիայի շատ ու շատ ուրիշ քաղաքներ, իսկ արքան (Միհրդատը – Ա. Մ.), զրկվելով իր հոր և պապերի թագավորությունից, մուրացկանի պես դիմեց ուրիշ թագավորությունների և ուրիշ ժողովուրդների, և այս բոլոր սխրանքները կատարվեցին առանց դաշնակիցներին վնաս հասցնելու և առանց մուտքերի ու տուրքերի նվազման »: Այնուհետև Ցիցերոնի խոսքից պարզվում է, թե ում օգնությանն էր մուրացկանի պես դիմել պարտված Միհրդատը. դա Հայաստանի արքա Տիգրանն էր. «Սարսափահար փախած Միհրդատը ապաստան գտավ Տիգրանի՝ Հայաստանի արքայի մոտ, որը բարձրացրեց նրա ընկած ոգին, վերադարձրեց նրա կորցրած առույգությունը և կենդանացրեց նրա նախկին հույսերը »։
Պոնտոսը և Կապադովկիան գրավելուց հետո, ըստ Պլուտարքոսի, Լուկուլլոսը դեսպան է ուղարկում Ասորիք՝ Տիգրան արքայի մոտ, և պահանջում իր ձեռքը հանձնել Միհրդատին։ Կտրուկ մերժում ստանալով՝ Լուկուլլոսը 12.000 հետևակով և 3.000 հեծյալով վճռում է ներխուժել Հայաստան։ Գրեթե 150 տարի հետո այս արշավանքը նկարագրող Պլուտարքոսը, պատկերելով Լուկուլլոսի զորքի ընթացքը Կապադովկիայով դեպի Եփրատ գետը, արշավանքի աղետալի վախճանին տեղյակ ուշ հեղինակի դառն պարսավանքով մատնում է մոտալուտ ապագայում Լուկուլլոսին Հայաստանում սպասվող ահավոր պարտությունը։ Հայաստանի դեմ ձեռնարկվելիք այս պատերազմը Պլուտարքոսն անվանում է «խելահեղ անմտություն». «Կարող է թվալ,- նկատում է նա,- թե ինչ-որ վայրագ, ողջամտությանը թշնամի մի մոլուցք մղում էր նրան ռազմատենչ ցեղերի կենտրոնատեղին՝ նրանց անթիվ-անհամար այրուձիով, դեպի անծայրածիր մի երկիր, որ ամեն կողմից շրջապատված է խորունկ գետերով և հավերժական ձյունով ծածկված լեռներով» ։ Պլուտարքոսի այս չարագուշակ վկայությունը ահազանգն է այն ծանր պարտության, որ կրելու էր Լուկուլլոսի զորքը Տիգրանի մեծաքանակ հեծելազորից, որի հետ բախվելը հույն հեղինակը խելահեղ անմտություն է համարում։ Մյուս կողմից, կարծես հիմնավորելով Լուկուլլոսի արշավանքի ձախողումը, Պլուտարքոսը մեջտեղ է բերում հռոմեական զորքի շրջանում տիրող բացահայտ տրտունջը. զինվորները, որոնք առանց այդ էլ աչքի չէին ընկնում հնազանդությամբ, արշավանքի էին գնում դժկամորեն, բացահայտ արտահայտելով իրենց դժգոհությունը։ Նույն այդ ժամանակ, ըստ Պլուտարքոսի, «Հռոմում ժողովրդական առաջնորդները հանդես էին գալիս աղմկահույզ կշտամբանքներով ու մեղադրանքներով Լուկուլլոսի հասցեին, թե նա մի պատերազմից մյուսն է նետվում, թեև պետությունը դրա անհրաժեշտությունը չունի, միայն թե ինքը մնա իմպերատոր և առաջվա նման օգուտ քաղի այն աղետներից, որոնց մեջ նա ներքաշում է հայրենիքը» ։
Լուկուլլոսի զորքը Կապադովկիայից Հայաստան անցնելու համար պետք է կտրեր վարարած Եփրատ գետը։ Ամենայն հավանականությամբ, անցումը տեղի է ունեցել Մելիտենեի մոտ՝ Արածանի և Եփրատ գետերի միախառնման վայրից հարավ-արևմուտք։ Դա դժվար չէ ենթադրել Պլուտարքոսի պատմածից։ Վարարած Եփրատը տեսնելով՝ Լուկուլլոսը տարակուսանքի մեջ ընկավ։ Բայց երեկոյան դեմ ջուրն սկսեց նվազել, իսկ գիշերը գետն այնքան իջավ, որ լուսաբացին զորքը հաջողությամբ անցավ մյուս ափը։ Եվ այստեղ, ըստ Պլուտարքոսի պատմածի, Լուկուլլոսը հանկարծ նկատում է «այդ վայրերում արձակ արածող երինջներին, որոնք նվիրված էին պարսկական Արտեմիսին (Περσίας Άρτέμιδος) . այդ դիցուհուն Եփրատի մյուս կողմում բնակվող բարբարոսները բոլոր աստվածներից առավել էին պատվում, իսկ երինջները միայն զոհելու համար էին և խարանված էին դիցուհու ջահի նշանով, բայց նրանց հեշտ չէր որսալ և զոհաբերել: Դրանցից մեկը բարձրացավ դիցուհուն նվիրված մի ժայռի վրա և գլուխն այնպես խոնարհեց, կարծես պարանոցը փոկով ձգեին, և ինքն իրեն նվեր էր մատուցում Լուկուլլոսին՝ զոհելու համար» : Այս բարեգուշակ նշանը տեսնելով՝ իմպերատորը երինջի հետ մի ցուլ ևս զոհաբերեց Եփրատը բարեհաջող անցնելու համար:
Զարմանալի է, որ Պլուտարքոսը Ծոփքում տեսած երինջներին պարսկական Արտեմիսի հետ է կապում, մինչդեռ նրան հաջորդած հռոմեացի պատմագիր Դիոն Կասսիոսը (2-րդ դարի վերջ – 3-րդ դարի սկիզբ) քաջ տեղյակ է, որ այդտեղից ոչ հեռու՝ Եկեղյաց գավառում էր գտնվում հայոց Անահիտ դիցուհու մեհյանը, և այդ պատճառով նույն Եկեղյաց գավառն անվանում է «την Αναιτιν χωραν» ՝ Անահտական գավառ։ Այդ մեհյանը հիշատակվում է նույնիսկ 293 թ. փորագրված Պայկուլիի արձանագրության մեջ ՝ միջին պարսկերեն և պահլավերեն զուգահեռ բնագրերով, որում Հայաստան ժամանած պարսից արքունի նվիրակները հաղորդում են. «….երբ մենք տեսանք հրովարտակը (PRW[RT]K), որ տրված էր Արամազդի և բոլոր աստվածների և Անահիտ տիկնոջ անունից (NH[T]YE MRATY ŠME), Հայաստանով (MN ’RMNY) վերադարձանք Էրանշահր (’YR’N-[H]ŠTR)» : Այստեղից հստակ երևում է, թե որքան մեծ համբավ ուներ հայոց Անահիտի մեհյանը Իրանի արքունիքում, որտեղ մեծ անհամբերությամբ էին սպասում հայոց քրմապետի հրովարտակին:
Անահիտի մեհյանը մեծ հռչակ էր վայելում նաև հելլենիստական երկրներում։ Հեթանոս Տրդատ թագավորը, սաստիկ հանդիմանելով Գրիգոր Լուսավորչին հեթանոս աստվածներին անարգելու համար, ասում է. «Մանավանդ այս մեծ Անահիտ տիկնոջը, որը մեր ազգի փառքն է ու կենսատուն, որին բոլոր թագավորներն են պաշտում, մանավանդ հունաց թագավորը։ Նա է բոլոր զգաստությունների մայրը, բարերարը ամբողջ մարդկային բնության և դուստրը՝ մեծ, քաջ Արամազդի» ։
«Այդ օրը զորքը դադար առավ, իսկ հաջորդ օրը բացվելուն պես Լուկուլլոսը սկսեց շարժվել Ծոփքով (իմա` դեպի հարավ – Ա. Մ.) … Երբ զինվորները ցանկություն հայտնեցին գրավելու ամրոցը, որտեղ, ըստ լուրերի, պահվում էին մեծաթիվ գանձեր , Լուկուլլոսը պատասխանեց. «Ավելի լավ է գրավեք հրեն այն ամրոցը,- ցույց տվեց Տավրոսի հեռավոր լեռների կողմը,- իսկ այս բոլորը առանց այդ էլ կհասնեն հաղթողներին»։ Հապճեպ շարունակելով ճանապարհը՝ նա անցավ Տիգրիսը և ոտք դրեց Հայաստան» ։ Այստեղ Լուկուլլոսը պաշարում է Տիգրանակերտը, որի պաշտպանները հերոսաբար դիմադրում են նրան, և Լուկուլլոսը տիրում է քաղաքին միայն այնտեղ բնակվող մեծաթիվ օտարազգիների, հատկապես այն 300.000 հույների դավադրության հետևանքով, որոնց այդտեղ էր վերաբնակեցրել Տիգրանը Միհրդատ Պոնտացու խորհրդով 12 հելլենական քաղաքներից, ինչպես և Կիլիկիայի Մաժաք քաղաքից (Ստրաբոն)։ Այսպես Տիգրանակերտը Լուկուլլոսին հանձնվեց այնտեղ վերաբնակված հելլենների ձեռքով, որոնք ապերախտորեն վատ ծառայություն մատուցեցին արքայից արքա Տիգրանի հելլենասիրությանը։
68 թ. գարնանը Լուկուլլոսը, դուրս գալով Կորդուքից, որտեղ նրա զորքը հանգստացել և կազդուրվել էր ձմռան ընթացքում, ձեռնարկում է մի նոր արշավանք դեպի Հայաստան։ Նա զորքով Տավրոսից իջնում է Մշո դաշտ և հայկական ուժերի հետ երկու-երեք անգամ ընդհարվելուց հետո, Պլուտարքոսի վկայությամբ, ամռանը շտապում է հասնելու Արտաշատ մայրաքաղաք՝ գերելու արքունիքում գտնվող Տիգրանի կանանց և մանկահասակ զավակներին։ Պլուտարքոսի վկայությամբ՝ Արտաշատ նոր մայրաքաղաքը կառուցվել էր Կարթագենի հայտնի զորավար Հաննիբալի խորհրդով, որը Կարթագենի պարտությունից հետո ապաստան էր գտել Հայաստանի Արտաշես 1-ին արքայի պալատում։ Լուկուլլոսի և Տիգրանի միջև ճակատամարտը, որ պատմագիտության մեջ հայտնի է Եփրատ-Արածանիի ճակատամարտ անունով, հավանորեն տեղի է ունեցել Բագավանի դաշտում՝ Նպատ լեռան ստորոտում՝ ճիշտ այնտեղ, որտեղ ուղիղ 4 դար հետո՝ 371 թ., տեղի ունեցավ Ձիրավի ճակատամարտը, երբ հայ-հունական զորքերը սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախեցին պարսից Շապուհ II արքայից արքայի բանակը ։
Եփրատ-Արածանիի նշանավոր ճակատամարտը տարբեր կերպ է նկարագրվել հռոմեացի և հույն հեղինակների կողմից, որոնք և իրենց հերթին տեղիք են տվել ամենատարբեր, նույնիսկ իրարամերժ մեկնաբանությունների։
«Երբ Լուկուլլոսը հասել էր Արածանի գետի ափը,- ինչպես վկայում է Պլուտարքոսը,- Տիգրանը ևս հանգիստ չմնաց. ամբողջ զորությամբ առաջ խաղաց և, հասնելով այստեղ չորրորդ օրը, բանակ դրեց հռոմեացիների դեմուդեմ՝ մեջտեղում ունենալով Արածանի գետը»։ Եվ հասկանալի չէ, թե այս պարագայում Լուկուլլոսն ինչպես կարողացավ իր տասներկու կոհորտները (գնդերը) անցկացնել գետի մյուս ափը, երբ նրա դիմաց՝ հանդիպակաց ափին, կանգնած էր Տիգրանի բազմաքանակ ընտիր այրուձին։ Հույն հեղինակը դա բացատրում է այսպես. «Տիգրանի զորքի առաջապահն էին հեծյալ աղեղնավոր մարդերը և նիզակավոր իբերները (վրացիք), որոնց կորովի և քաջության վրա Տիգրանը շատ վստահ էր, բայց նրանք ոչ մի քաջագործություն ցույց չտվեցին, այլ մի պահ միայն դիմակայեցին հռոմեացոց հեծելազորին, իսկ երբ առաջ խուժեցին վահանավոր հետևակները, նրանք ցիրուցան եղան ու փախուստի դիմեցին, և Լուկուլլոսի հեծելազորն իսկույն ընկավ նրանց հետևից։ Այս տեսնելով՝ Տիգրանն առաջ շարժեց իր հիմնական այրուձին, որի բազմությունից, զենքերի փայլից ու շողքից Լուկուլլոսը սարսափի մեջ ընկավ և անմիջապես ձայն տվեց ետ դարձնել հետապնդման ուղարկած հեծելազորը» («այրուձի այլ յառաջ խաղացուցեալ Տիգրանայ, ի փայլիւն ի շողիւն բազմութեանն զահի հարեալ Լուկուղղեայ՝ ձայն տայր դարձի հետամուտ այրուձիոյ» ):
Պլուտարքոսի այս դրվագին անդրադարձել է նաև Մովսես Խորենացին «Պատմութիւն Հայոց»-ի առաջին գրքում. «Որոց ի մի վայր հասելոց բաւական էր տեսիլն միայն, և որ ի նոցայն պահպանակաց և զինուց փայլմունք և շողիւնք՝ զթշնամիսն արտահալածել» («Եվ երբ նրանք հայտնվում էին մի վայրում, բավական էին միայն նրանց տեսքը և նրանց պահպանակների ու զենքերի փայլն ու շողքը՝ թշնամիներին հալածելու»): Այս գրեթե բառացի քաղագրությունը, որ առաջին անգամ եմ մատնանշում, հստակորեն ցույց է տալիս, որ Խորենացին անձամբ կարդացել է Պլուտարքոսի «Լուկուլլոս» կենսագրականը և ցանկացել հունարեն գրավոր աղբյուրով ևս հաստատել աշխարհակալ Տիգրան Մեծի զորավարական տաղանդը, որը փանդռահար վիպասանները իրենց ավանդած վիպերգության մեջ զգալի չափով վերագրել են մ.թ.ա. 6-րդ դարում գործած Տիգրան Երվանդյանի վիպական կերպարին: Թեև Պատմահայրը այստեղ Լուկուլլոսի անունը չի տալիս, բայց այդ հատվածը չափազանց արժեքավոր է նրա շարադրանքի, այսպես կոչված, միջբնագրային (ինտերտեքստուալ) քննության տեսանկյունից՝ ոչ միայն հունարեն բնագիրը հարազատորեն վերարտադրելու առումով, այլև իբրև թանկագին մասունք, որ հաստատում է հունական սկզբնաղբյուրից անձամբ օգտվելու փաստը, որի համար մեր դարում Խորենացին աղքատիմաց հավակնոտների վեճի առարկա է դառնում ոչ սակավ։ Մինչդեռ Պլուտարքոսը «Լուկուլլոս» կենսագրականում, հակառակ հռոմեացի զորավարին համակած սարսափի, նույն ոգով շարունակում է, իբր «նա քաջաբար դեմ դուրս եկավ ատրպատականցիներին, որոնք առաջ խաղացին ընտիր քաջերով՝ սաստիկ ահ ձգելով իրենց տեսքով, բայց, մարտի մեջ մտնելով, Լուկուլլոսը փախուստի մատնեց նրանց» ։ Ակներև է, որ այս ամենն ընթերցողին հավատացնելու համար Պլուտարքոսը վկայակոչում է հռոմեացի պատմագիր Լիվիոսին, ըստ որի՝ «առաջին մարտում թշնամիների մեջ բազմաթիվ էին ընկածներն ու գերիները, իսկ վերջում՝ նրանց ավագ իշխանները» ։
Անդրադառնալով Պլուտարքոսի նկարագրած այս ճակատամարտին՝ պետք է ընդգծենք, որ Տիգրանի այրուձիի առաջապահ հեծյալների (մարդերի և իբերների) անակնկալ ցրիվ գալու և փախչելու մեջ Պլուտարքոսը և որոշ այլ պատմագիրներ չեն հասկացել Տիգրան արքայի հեծելազորի կեղծ նահանջի և ապա հարձակման հմուտ ու խելամիտ նոր մարտավարությունը, այրուձի, որ գերազանցում էր Լուկուլլոսի հեծելազորին։ Մովսես Խորենացին վկայում է, որ Նպատ լեռան դեմ փռված Ձիրավի դաշտում հայոց Մուշեղ սպարապետի և հունաց զորքի համատեղ մղած ճակատամարտում՝ պարսից Շապուհ II թագավորի զորքի հարձակման ժամանակ, երբ մերոնք նահանջում էին, մեր հեծյալները իրենց ձիերով պատսպարվում էին հունաց ասպարակիրների վահանափակի մեջ, կարծես մի ամուր քաղաք մտնեին՝ առանց որևէ վնաս կրելու։ Այդպես իր վահանակիրների հետ հետևակ զորքի իշխան Գորգոնոսը վահաններով, ինչպես պարսպով, պատում էր Պապ թագավորի ճակատը ։
Մ.թ.ա. 68 թ. Արածանիի առափնյա դաշտում Լուկուլլոսի հեծյալներին և զինվորներին Տիգրան Մեծը այս նույն եղանակով էր ստիպում հարձակման անցնել և այդպիսով լքել հռոմեացի վահանակիրների ապահով թաքստոցը։ Եվ սա այն նոր մարտավարությունն էր, որ Խորենացու նկարագրած Ձիրավի ճակատամարտից գրեթե չորսուկես դար առաջ առաջին անգամ գործադրում էր հայոց մեծ աշխարհակալը։ Այս մարտավարությամբ պետք է բացատրել նաև հենց մարդերի և իբերների առաջապահ ջոկատի այն կեղծ «սարսափահար փախուստը», որ ճակատամարտի սկզբում նկարագրում էր Պլուտարքոսը՝ այն համարելով «ճակատը լքելու ամոթալի փախուստ»։
Այս մարտավարությունը միայն 250 տարի հետո կռահել է հռոմեացի պատմագիր Դիոն Կասսիոսը։ Վերջինս, հակառակ Պլուտարքոսի նկարագրած «հաղթական» դրվագների, նույն ճակատամարտի իր նկարագրության մեջ ավելի անաչառորեն է ներկայացնում իրականությունը. «Լուկուլլոսը արդեն ամռան կեսին սկսեց արշավանքը, քանզի ցրտերի պատճառով անկարելի էր գարնանը ներխուժել թշնամու երկիրը, և ավերեց երկրի որոշ մասերը, որպեսզի բարբարոսները, պաշտպանելով այն, ներքաշվեն պատերազմի մեջ, բայց քանի որ նրանք դարձյալ չշարժվեցին, ինքն արշավեց նրանց վրա։ Եվ այս ընդհարման ժամանակ հռոմայեցի հեծյալներին թշնամու հեծելազորը դժվար դրության մատնեց, իսկ հետևակի հետ նրանցից ոչ մեկը ձեռնամարտի դուրս չեկավ, այլ նրանք փախչում էին ամեն անգամ, երբ Լուկուլլոսի վահանակիրները օգնության էին հասնում հեծելազորին։ Այսուհանդերձ, թշնամիները որևէ վնաս չկրեցին, այլ նրանք, ետ դառնալով և հետապնդողներին նետահարելով, շատերին իսկույն սպանեցին, իսկ շատ շատերին էլ վիրավորեցին» :
Դիոն Կասսիոսի այս նկարագրության մեջ դրսևորվել է ռազմական այն նոր մարտավարությունը, որն անծանոթ էր Լուկուլլոսին։ Քանի որ հռոմեական զորքի վահանակիրներն իրենց կիցառկից վահաններով պատսպարում և անխոցելի էին դարձնում Լուկուլլոսի հեծյալներին, այդ պատճառով Տիգրանն առաջապահ զորախմբերի կեղծ փախուստով ստիպում էր հռոմեացի վահանակիրներին հարձակման անցնել և բացազատվել։ Ապա հիմնական այրուձին սրընթաց առաջ էր նետվում, և հենց ձիերի թամբերից դիպուկահար աղեղնավորները, Խորենացու խոսքով՝ «դիպաղեղունք», մինչ այդ չտեսնված երկծայր նետերով խոցոտում էին թշնամու զինվորներին ու հեծյալներին։
«Վերքերը ծանր էին և դժվարբուժելի,- շարունակում է Դիոն Կասսիոսը,- քանզի նրանք (իմա` հայ նետաձիգները – Ա.Մ.) գործածում էին երկծայր նետեր, և ծայրերը այնպես էին իրար ագուցված, որ նետերը թե՛ մարմնի որևէ մասում մնալու և թե՛ դուրս քաշվելու դեպքում արագորեն սպանում էին, որովհետև երկաթյա ծայրերից մեկը, որը չէր ամրացված, մնում էր վերքի մեջ» ։ Այսպես, մեծ կորուստներ պատճառելով, Տիգրանի դիպուկահար նետաձիգները մաշում էին հռոմեական բանակը։
Այս նոր մարտավարության մասին նշում է և Հ. Մանանդյանը. «Տիգրանի հեծելազորի փախուստը պարզապես կեղծ փախուստ էր, որի միջոցին նրա նետաձիգ արագաշարժ ձիավորները նոր ջարդ էին տալիս թշնամուն։ Կռվելու արևելյան այդ ձևը գործադրել էին, ինչպես հայտնի է, նաև պարթևները Կրասսոսի դեմ, որը կատարյալ պարտություն էր կրել 53 թվին» ։ Սակայն անվանի պատմաբանի վերջին դիտողությունը պարզապես անուշադրության հետևանք է, որովհետև 53 թվին Կրասսոսի դեմ պարթևների տարած հաղթությունը Լուկուլլոսի դեմ Տիգրանի հաղթանակից 15 տարի հետո էր։ Ուրեմն պարթևներն էին ընդօրինակել Տիգրան Մեծի խաբուսիկ նահանջի նոր մարտավարությունը, ոչ թե հակառակը։
Լուկուլլոսի ենթադրյալ արշավանքը դեպի
Ելիմայիսի տաճարը և դրա հերքումը
Դեպքերին ժամանակակից Ցիցերոնը Լուկուլլոսի՝ 68 թ. Հայաստան ներխուժելու առթիվ մատնանշում է այլ հետաքրքիր մանրամասներ, որոնք բացակայում են ավելի ուշ ապրած հեղինակների աշխատություններում. «Այնուհետև, երբ Լուկիոս Լուկուլլոսը զորքով մտավ նրա (Տիգրանի – Ա. Մ.) տերության սահմանները, բազմաթիվ ազնվական տոհմեր (plures etiam gentes) դուրս եկան մեր իմպերատորի դեմ, քանզի երկյուղ էին ներշնչել այդ ազգերին (nationibus), որոնց հռոմեացի ժողովուրդը երբևիցե մտադիր չի եղել անհանգստացնել ո՛չ պատերազմով և ո՛չ այլ փորձությամբ։ Բարբարոսների մեջ սարսափազդու լուր էին տարածել, որ սաստիկ ալեկոծել էր նրանց, թե իբր մեր զորքը մտցվել է այդ երկիրը՝ նրանց ամենահարուստ և ամենապաշտելի տաճարը կողոպտելու։ Եվ ահա բոլոր ուժեղ ցեղերը ոտքի ելան՝ համակված անասելի ահով ու սարսափով »։
Պատմագիտության մեջ տարբեր կարծիքներ են արտահայտվել, թե որտեղ է գտնվել Ցիցերոնի նշած հռչակավոր տաճարը։ Ըստ Մոմզենի՝ դա պարսկական Նանեայի կամ Անահիտի տաճարն է Ելիմայիսում՝ ներկայիս Լուրիստանում ։ Ցիցերոնի ճառերի ռուսերեն թարգմանիչներ Վ. Օ. Գորնշտեյնը և Մ. Ե. Գրաբար-Պասեկը այդ տաճարը տեղադրում են Բարիդում՝ Արտաշատից Եկբատան տանող ճանապարհին ։
Ինչպես նշում է Հ. Մանանդյանը, 68 թ. հռոմեա-հայկական պատերազմը Մոմզենը և Ռեյնաքը բնորոշել են իբրև միացյալ Արևելքի ազգային և կրոնական պատերազմ ընդդեմ Արևմուտքի ։ Ըստ Մոմզենի՝ կարելի էր հեշտությամբ այդ պատերազմը դարձնել նաև կրոնական և տարածել լուր, որ Լուկուլլոսի արշավանքի նպատակն է պարսկական Նանեայի կամ Անահիտի տաճարի գրավումը Ելիմայիսում: Այդ տաճարն ամենից շատ մեծարված և հարուստ սրբավայրն էր Եփրատ գետի ամբողջ առափնյա շրջանում։ Ասիացիները խմբերով հավաքվում էին մոտ շրջաններից և հեռվից թագավորների դրոշների տակ, որոնք նրանց կանչել էին պաշտպանելու Արևելքը և նրա աստվածներին անաստված օտարերկրացիներից ։
Բանաստեղծական ազատություն տալով իր երևակայությանը՝ գերմանացի պատմաբանը նոր ժամանակների կրոնական մոլեռանդությունը փորձում է տարածել անտիկ ժամանակների վրա, երբ, չնայած իշխող բազմաստվածությանը, ժողովուրդների մեջ համընդհանուր սովորություն կար նույնացնելու տարբեր անուններ ունեցող աստվածներին, որոնք բնության նույն երևույթներն ու նույն պաշտամունքն էին մարմնավորում իրենց պատկերացումներում։
Մոմզենի այս կարծիքի դեմ վճռաբար հանդես եկան գերմանացի պատմաբան Կուրտ Էքհարդը և ակադ. Հակոբ Մանանդյանը։ Էքհարդը դատապարտում է «իսլամի սրբազան պատերազմի գաղափարը» անտիկ աշխարհին վերագրելու միտումը՝ շեշտելով, որ այն ժամանակ ամեն մի գավառ ուներ իր սեփական կրոնական կենտրոնատեղին ։ Բարձր գնահատելով «Լուկուլլոսի հայկական արշավանքները» ուսումնասիրության մեջ Էքհարդի դրսևորած միանգամայն անաչառ դիրքորոշումը՝ Հ. Մանանդյանը հատկապես ընդգծում է նրա այն միտքը, որ «68 թվին հայերը պատերազմում էին հռոմայեցիների դեմ, գլխավորապես, իրենց սեփական ուժերով և ունեին իրենց հետ համեմատաբար ավելի քիչ դաշնակիցներ, քան 69 թվին….» ։ Եվ դա հաստատում է Պլուտարքոսը, ըստ որի՝ Արածանիի ճակատամարտում Տիգրան Մեծի զինակիցներն էին միայն նրա աները՝ Միհրդատ Պոնտացին, և փեսան՝ Ատրպատականի թագավոր Միհրդատը:
Վիճարկելով անտիկ աշխարհում արևելյան ազգերի մեջ իբր գոյություն ունեցած «կրոնական սրբազան պատերազմի» գաղափարը՝ այսուհանդերձ հարկ է նշել, որ Կուրտ Էքհարդը, Հակոբ Մանանդյանը և այլք հետամուտ չեն եղել, թե ինչի հիման վրա է Թեոդոր Մոմզենը Լուրիստանում գտնվող Անահիտի տաճարը կապել Լուկուլլոսի հայկական արշավանքների հետ։ Երևի Մոմզենին թյուրիմացության մեջ է գցել Պլուտարքոսի հիշատակած պարսկական Արտեմիսի (Περσίας Άρτέμιδος) գաղափարը:
Միանգամայն անտեղի եմ համարում այդ տաճարը որոնել պարսկական Ելիմայիսում կամ Բարիդում, որքան էլ տեղանքի այդպիսի ընտրությունը հարմար է Արևելքի ժողովուրդների ենթադրյալ կրոնական պատերազմի պատրանքին։ Ըստ իս՝ Ելիմայիսի տաճարի մասին իր տեղեկությունը Թ. Մոմզենը պետք է քաղած լինի Հովսեփոս Փլավիոսի «Հրեական հնախոսություն»-ից։ Այս պատմական երկում Հովսեփոսը նկարագրում է սելևկյան տոմարի 149-րդ տարում (մ.թ.ա. 164-163) Անտիոքոս Եպիփանես թագավորի ձեռնարկած արշավանքը դեպի Պարսկաստանի Ելիմայիս քաղաք՝ կողոպտելու այնտեղի Արտեմիսի (Անահիտի) տաճարի ճոխ գանձերը, երբ պաշարված քաղաքի բնակիչները քաջաբար դիմադրեցին նրան և, պարիսպներից դուրս գալով, հալածեցին մինչև Բաբելոն ։
Անտիոքոսի արշավանքի իրողությունը Մոմզենը բանաստեղծական երևակայությամբ պարզապես փոխադրել է Տիգրան Մեծի ժամանակները և գրեթե մեկ դար հետո կրկնում է այդ իրադարձությունը Լուկուլլոսի արշավանքի տեսքով։
Անակնկալ գրոհ դեպի Անահիտ դիցուհու մեհյանը
Իրավացի չէ Հ. Մանանդյանը՝ եզրակացնելով, թե իբր կրոնական պատերազմի մասին «Մոմզենի և Ռեյնաքի սխալ այդ դիտողությունները հիմնված են, իրավի, բացառապես միայն մի վիճելի հատվածի վրա Կիկերոնի ճառից» ։ Իրականում Մանանդյանի սխալ մեկնաբանությունը նաև հետևանք է Ցիցերոնի ճառի իր իսկ սխալ թարգմանության: Ահա այդ թարգմանությունը. «Երբ Լուկուլլոսը,- վկայում է Կիկերոնը,- մտավ իր զորքով նրա [Տիգրանի] թագավորությունը՝ շատ ցեղեր արդեն գրգռված էին մեր հրամանատարի դեմ։ Մեկ կողմից՝ ահով լցվել էին այն ցեղերը, որոնց երբեք հռոմեական ժողովուրդը մտադիր չէ եղել անհանգստացնել կամ պատերազմի միջոցով նվաճել։ Իսկ մյուս կողմից՝ բարբարոս ցեղերի մեջ մի դաժան ու գրգռիչ կարծիք էր ստեղծվել և տարածվել, որ իբր թե մեր զորքը եկել էր այդ երկրները, որպեսզի կողոպտե ամենահարուստ ու ամենանվիրական սրբատեղին։ Այսպիսով բազմաթիվ և մեծ ցեղեր գրգռվել էին և նորից մատնվել ահ ու սարսափի» ։
Զարմանալի է, որ Մանանդյանը Ցիցերոնի այս խոսքերի հետևանքն է համարում Մոմզենի և Ռեյնաքի՝ «արևելյան ցեղերի հայտարարած կրոնական պատերազմի» գաղափարը, թեև այս թարգմանության մեջ «արևելյան ցեղերի կրոնական պատերազմ» արտահայտությունն իսպառ բացակայում է։ Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի Ցիցերոնին վերագրել մի գաղափար և ապա խոստովանել, թե Ցիցերոնից «….մեջ բերված հատվածի բովանդակությունից ևս դժվար է եզրակացնել, որ իբր թե 68 թվի պատերազմը եղել էր կրոնական և ընդհանուր արևելյան» ։
Այստեղ իմ թարգմանությամբ բերում եմ Ցիցերոնի ճառի այն հատվածը, որ տարակուսանքի մեջ է գցել Մանանդյանին. «Այնուհետև, երբ Լուկիոս Լուկուլլոսը զորքով մտավ նրա (Տիգրանի – Ա. Մ.) տերության սահմանները, բազմաթիվ ազնվական տոհմեր (plures etiam gentes) դուրս եկան մեր իմպերատորի դեմ, քանզի երկյուղ էին ներշնչել այդ ազգերին (nationibus), որոնց հռոմեացի ժողովուրդը երբևիցե մտադիր չի եղել անհանգստացնել ո՛չ պատերազմով և ո՛չ այլ փորձությամբ։ Բարբարոսների մեջ սարսափազդու լուր էին տարածել, որ սաստիկ ալեկոծել էր նրանց, թե իբր մեր զորքը մտցվել է այդ երկիրը՝ նրանց ամենահարուստ և ամենապաշտելի տաճարը կողոպտելու։ Եվ ահա բոլոր ուժեղ ցեղերը ոտքի ելան՝ համակված անասելի ահով ու սարսափով» ։
Հ. Մանանդյանն իր թարգմանության մեջ, ինչպես ընդգծել եմ, չորս անգամ «ցեղեր» է անվանում Ցիցերոնի լատիներեն բնագրում հայ ժողովրդի տարբեր խավերին: Ցիցերոնը «Gentes» ասելով նկատի ունի Հայաստանի ազնվական արտոնյալ տոհմերը, այսինքն՝ նախարարական տները։ Տիգրան Մեծի ժամանակ գոյություն ունեցած հայոց նախարարական տների (Բագրատունի, Մեհրուժան–Միթրոբարզանեսի, Մանկայոսի և այլոց) հարցին անդրադարձել է Նիկողայոս Ադոնցն իր «Армения в эпоху Юстиниана» աշխատության մեջ։ Վերջին Մանկայոսին Ն. Ադոնցը համարում է հետագայում շատ հայտնի Մամիկոնյան քաջարի տոհմի հիմնադիրը: Ադոնցին հետևելով՝ բոլոր այդ տոհմերը Հ. Մանանդյանը ներկայացրել է իր «Տիգրան Բ և Հռոմը» երկում։
Ստորև կտեսնենք, թե ինչ սրբատեղի նկատի ունի Ցիցերոնը իր ճառում։ Տիգրանի հեծելազորից կրած պարտությունից գլուխը կորցրած Լուկուլլոսը, որ նախապես մտադրվել էր արշավել Հայաստանի մայրաքաղաք Արտաշատ՝ գերելու Տիգրանի կանանց և զավակներին, կեսճանապարհին հրաժարվելով այդ մտքից, որոշեց արշավել դեպի Հայաստանի Վերնագավառը։ Ինչպես տեսնում ենք, խոսքը ամենևին էլ Ելիմայիսի տաճարին չի վերաբերում։ Իմ համոզմամբ՝ Ցիցերոնը նկատի ունի Հայաստանի Եկեղյաց գավառի Երեզ ավանում գտնվող Անահիտի հռչակավոր մեհյանը, որը հեթանոս հայերի թերևս ամենապաշտելի սրբավայրն էր, և հայ ժողովուրդն էլ իսկապես կարող էր տագնապել, որ Փոքր Ասիայում Պոնտոսի և Ամիսոսի արքայական ճոխ ապարանքները կողոպտած Լուկուլլոսը և նրա զորքը կարող էին նույն վայրագությամբ կողոպտել իր նվիրական տաճարի հարուստ գանձերը։
Իսկ որ Ցիցերոնի խոսքն իսկապես Եկեղյաց գավառի Անահիտի մեհյանի մասին է, հաստատում է և Պլուտարքոսը՝ նշելով, որ Լուկուլլոսը մտադիր էր առաջանալ դեպի Վերնագավառ և իսպառ վերացնել բարբարոսներին, որի վկայությանը ցարդ ուշադրություն չեն դարձրել «Լուկուլլոսի հայկական արշավանքները» ուսումնասիրած պատմաբանները. «Խորհէր (Լուկուղղոս) ի Վերնագաւառ անդր յառաջ խաղալ, և ’ի սպառ զբարբարոսսն վանել» («ανω προáγειν διενοεîτο καì καταστρέψεσθαι την βάρβαρον» )։ Ըստ երևույթին, Պլուտարքոսի հայ թարգմանիչ Եղիա վարդապետ Թոմաճանը Վերնագաւառ բառը գործածել է այստեղ ոչ պատահաբար։ Փավստոսը «Հայոց պատմության» մեջ Վերնագաւառք է անվանում Հայաստանի հյուսիսային գավառները ոչ թե սոսկ «վերին գավառներ» իմաստով, այլ հենց Բարձր Հայք անվան փոխարեն, ինչի մասին է վկայում հայ պատմիչը՝ անմիջապես հիշելով նաև ստորին գաւառք արտահայտությունը՝ նկատի ունենալով Ստորին Հայքը, որտեղ և գտնվում էր Անգեղտուն գավառը ։ Ուրեմն հռոմեացի ճարտասանը և հույն պատմագիրը ճիշտ պատկերացում ունեին Անահիտ դիցուհու մեհյանի և Եկեղյաց գավառի մասին, որը, ինչպես տեսանք, հռոմեացի պատմագիր Դիոն Կասսիոսը Անահտական գավառ է անվանում։
Եվ ահա բոլոր հայ նախարարական տների առաջնորդներն իրենց զորքերով՝ Տիգրան Մեծի գլխավորությամբ, ոտքի ելան և հուժկու հարված հասցրին Լուկուլլոսին, որը Մոմզենի և Ռեյնաքի երևակայության մեջ տպավորվել է իբրև Արևելքի ժողովուրդների կրոնական մոլեռանդ պատերազմ ընդդեմ Արևմուտքի։
Ցիցերոնի ճառում տեղ գտած այն սենտիմենտալ պատճառաբանությունը, թե իբր Հայաստան ներխուժած հռոմեացի զինվորները հանկարծ ահ զգացին այդ վայրերի չափազանց մեծ հեռավորությունից՝ կարոտելով իրենց հարազատներին, և, փոխանակ առաջ շարժվելու, պահանջեցին անմիջապես ետ նահանջել, անտարակույս պատկանում է իրեն՝ Լուկուլլոսին, որն այդ կերպ արդարացնում էր Հայաստանում իր կրած պարտությունը. «Իսկ մեր զորքը, թեև մի քաղաք էր գրավել Տիգրանի թագավորության մեջ,- շարունակում է Ցիցերոնը,- և մղել հաջող ճակատամարտեր, այսուհանդերձ սկսեց տրտնջալ այդ վայրերի չափազանց մեծ հեռավորության պատճառով՝ կարոտելով իր հարազատներին։ Այլևս այս մասին չեմ խոսի. բանը վերջացավ նրանով, որ մեր զինվորները առաջ շարժվելու փոխարեն պահանջեցին անմիջապես ետ նահանջել» :
Պլուտարքոսն առհասարակ նշանակություն չի տվել հռոմեացի զինվորների սենտիմենտալ կարոտախտին և Լուկուլլոսին հասած աղետը բացատրում է ոչ թե նրանց քմահաճույքով, այլ Հայաստանի բնության արհավիրքներով, թե իբր մ.թ.ա. 68 թվի սեպտեմբերի 21-ի գիշերահավասարին տեղացած անսպասելի ձյունը և սառնամանիքները ստիպեցին Լուկուլլոսին հեռանալ դեպի հարավ: Վրա հասած սառնամանիքից ձիերի սմբակների ջլերը կտրվում էին սառցակալած ջրերում: Այս կերպ ձիերից զրկված հռոմեական հեծելազորը փաստորեն դարձել էր հետևակ, և, ըստ Պլուտարքոսի, զինվորները սառչում էին մութ ու խոնավ ծմակներում ու թավուտներում: Ակնհայտ է, որ Տիգրանի հեծելազորի հարվածների տակ Լուկուլլոսի զորքի մնացորդները թաքնվել էին անտառներում, որտեղ, ըստ Պլուտարքոսի, նրանց տրտունջները սպառնալիքի և ըմբոստության հասան:
Այսպիսով՝ Լուկուլլոսի պարտության պատճառը ոչ թե անակնկալ վրա հասած սեպտեմբերյան սառնամանիքն էր, այլ Տիգրանի հեծելազորից կրած ջախջախիչ հարվածը: Հենց այդ այրուձին է ակնարկում Պլուտարքոսը Լուկուլլոսի արշավանքի նախաբանում, որ բերեցի վերևում, երբ դեռ նրա զորքը գտնվում էր Կապադովկիայում. «Կարող է թվալ, թե ինչ-որ վայրագ, ողջամտությանը թշնամի մի մոլուցք մղում էր նրան ռազմատենչ ցեղերի կենտրոնատեղին՝ նրանց անթիվ-անհամար այրուձիով, դեպի անծայրածիր մի երկիր, որ ամեն կողմից շրջապատված է խորունկ գետերով և լեռներով՝ ծածկված հավերժական ձյունով»:
Այն ժամանակ Լուկուլլոսը բազում աղերսանքներով և քաջալերանքով զինվորներին համոզում էր համբերել, «մինչև զԿարքեդոնն Հայոց հիմն ի վեր քանդեսցեն» («մինչև հիմքից քանդեն այն ձեռակերտը, որ հիմնել էր իրենց ոխերիմ թշնամի Հաննիբալը»), բայց քանի որ չկարողացավ նրանց հանդարտեցնել, առաջ շարժվեց նրանց հետ և, Տավրոսի բարձունքն անցնելով, մի այլ ճանապարհով քաշվեց դեպի Մյուգդոնիա՝ պտղաբեր և արևահայաց մի գավառ, որտեղ ընդարձակ և բազմամարդ քաղաքն էր, որ բարբարոսները կոչում էին Մծբին, իսկ հելլենները՝ Մյուգդոնյան Անտիոք:
Տիգրան Մեծի հարազատ եղբայր Գուրասը (հայերեն՝ Գոռ – Ա. Մ.) «պաշտպանում էր Նիսիբիս (հայերեն՝ Մծբին) քաղաքը Լուկուլլոսից, երբ նա, Արտաշատից ետ մղվելով, անցավ Տավրոսը և պաշարեց այդ կարևոր ռազմավարական կետը» : Այստեղ Ադոնցը բաց է թողել Գուրասին առնչվող կարևոր շարունակությունը, որ նշում է Պլուտարքոսը. «Ըստ ավագության կարգի՝ քաղաքին իշխում էր Տիգրանի եղբայր Գուրասը, իսկ բազմափորձ մեքենական հմտությամբ՝ Կալլիմաքոսը, որը Ամիսոսի պաշարման ժամանակ մեծ նեղություն էր պատճառել Լուկուլլոսին: Այժմ իր հնարագիտությամբ զորքով պաշարելով քաղաքը՝ Լուկուլլոսը կարճ միջոցում գրավեց այն: Ապա մեծ մարդասիրություն ցուցաբերեց Գուրասի հանդեպ, որ անձնատուր եղավ նրան, բայց չխնայեց Կալլիմաքոսին, թեպետ և խոստացել էր բաժին հանել նրան թաքնված մեծամեծ գանձերից, այլ հրամայեց գելարանի մեջ պրկել նրան որպես վրեժ նախկինում Փոքր Ասիայում Ամիսոս քաղաքի պաշարման ժամանակ Կալլիմաքոսի հարուցած հրդեհի և ավերածության» :
Նկատի առնելով Լուկուլլոսի այս անզիջում հիշաչարությունը Կալլիմաքոսի հանդեպ և նրա վրեժխնդրությունը Մծբինը գրավելու ժամանակ՝ Գուրասի նկատմամբ տածած նրա «բազում մարդասիրութիւն»-ը պետք է բացատրել սոսկ նրանով, որ Տիգրան արքայից արքան իրապես չհետապնդեց Լուկուլլոսին և մեծահոգաբար թույլ տվեց, որ անվտանգ հեռանա Հայաստանից:
Հույն հեղինակները մեկ անգամ չէ, որ շինծու մեծահոգություն են վերագրում Լուկուլլոսին Տիգրան Մեծի հանդեպ, ինչպես Դիոն Կասսիոսը, որը միանգամայն անհիմն հետևության է հանգում կամ գիտակցաբար թաքցնում է իրողությունը՝ մտացածին պատճառ բերելով, թե իբր Լուկուլլոսը Տիգրանին չհետապնդեց, այլ թույլ տվեց նրան ազատորեն փրկվել: Եվ իբր այս պատճառով էլ Լուկուլլոսը «քաղաքացիների և մյուսների» (հասկանալի չէ, թե էլ ում) կողմից պաշտոնանկ արվեց : Դիոն Կասսիոսի այս հաղորդումը նպատակ ունի Լուկուլլոս իմպերատորի պաշտոնանկության պատճառ համարելու նրա շինծու վեհանձնությունը: Նման մեկնաբանությունը հակասում է Ցիցերոնի հաղորդած տեղեկությանը, որը թեև խիստ ժլատ է իր պերճախոսության մեջ Հռոմի հանրային գործերը հրապարակավ քննելիս, բայց և ստիպված է Սենատի անդամներին հիշեցնել Լուկուլլոսին «իմպերիումից» զրկելու և ետ կանչելու իրական պատճառները, որոնք ոչ մի կապ չունեն երկու դար հետո Դիոն Կասսիոսի հորինած փաստարկումների հետ:
Լուկուլլոսին պաշտոնանկ են արել ոչ թե Հռոմի քաղաքացիները իբր Տիգրան Մեծի նկատմամբ ցուցաբերած մեծահոգության և վեհանձնության համար, այլ Հռոմի Սենատը՝ 68 թ. առանց Սենատի թույլտվության Հայաստան ներխուժելու պատճառով, երբ, Ցիցերոնի վկայությամբ, Հայաստանում «բազմաթիվ ցեղեր դուրս եկան մեր իմպերատորի դեմ, քանզի երկյուղ էին ներշնչել այդ ազգերին (nationibus), որոնց հռոմեացի ժողովուրդը երբևիցե մտադիր չի եղել անհանգստացնել ո՛չ պատերազմով և ո՛չ այլ փորձությամբ» : Ցիցերոնի այս խոսքերը, որ, հավանաբար, Հռոմի Սենատի ընդունած որոշումից են քաղված, վկայում են, որ Լուկուլլոսը Սենատից լիազորություն չի ունեցել Հայաստանի դեմ պատերազմ սկսելու և Տիգրանի երկիրը ներխուժելու, որովհետև Հռոմում չէին ցանկանում ռազմական բախման մեջ մտնել միաժամանակ «երկու հզորագույն արքաների՝ Միհրդատի և Տիգրանի հետ (a duobus potentissimis regibus infertur, Mithridate et Tigrane)» , ինչպես բազմիցս նշում է Ցիցերոնը:
Հակառակ հետագա պատմագրության հնարովի, բայց ոչ հնարամիտ մեկնաբանություններին՝ Ցիցերոնը թերևս միակն է և դեպքերի ժամանակակիցը, որ համարձակվում է իրերը կոչել իրենց անուններով և խոստովանել Լուկիոս Լուկուլլոսի «կրած ծանրագույն ռազմական պարտությունը» (իր բառերն են՝ «gravissima belli offensione»): Ոչ պակաս կարևոր է և Ցիցերոնի մյուս վկայությունը, որ այդ ծանրագույն պարտությունը Հռոմի իմպերատորը կրել է «երկու հզորագույն արքաների՝ Տիգրանի և Միհրդատի դեմ մղած ծանր պատերազմում»: Սրանով նա ցանկանում էր ինչ-որ չափով թեթևացնել Լուկուլլոսի մեղքը: Իսկ թե որքան ծանր է եղել այդ պարտությունը, երևում է Ցիցերոնի հետևյալ խոսքերից. «Թո՛ւյլ տվեք այստեղ, քվիրիտնե՛ր, Հռոմի պատմությունը շարադրող բանաստեղծների օրինակով լռել մեզ հասած դժբախտության մասին, որ այնքան ծանր եղավ, որ իմպերատորին այդ լուրը հասցրեց ոչ թե ռազմադաշտից եկած սուրհանդակը, այլ տարածված համբավը: ….ես դիտմամբ լռության եմ տալիս շատ ուրիշ հանգամանքներ, բայց ինքներդ կռահում եք դրանց մասին և հասկանում, թե որքան բարդ պիտի լինի մի պատերազմ, որը միացյալ ուժերով մղում են հզորագույն արքաները (reges potentissimi), շարունակում մեր դեմ արդեն ապստամբած ժողովուրդները , սկսում դեռևս կռվին չխառնված ցեղերը…» :
Իր ճառում Ցիցերոնը հիշատակում է նաև Սենատի ընդունած այդ վճիռը. «Ձեր հրամանի համաձայն,- հիշեցնում է նա քվիրիտներին,- քանի որ դուք, հետևելով հինավուրց ավանդությանը, անհրաժեշտ համարեցիք կարճել նրա իմպերիումի տևողությունը, նա արձակեց այն զինվորներին, որոնց ծառայության ժամկետը լրացել էր, իսկ մնացյալին հանձնեց Մանիոս Գլաբրիոնին» : Վերջինս Լուկուլլոսից հետո նշանակված նոր իմպերատորն էր, որի անգործության պատճառով Ցիցերոնի առաջարկով Սենատը իմպերատոր նշանակեց Գնեոս Պոմպեոսին: Այս ամենից հետո հասկանալի է դառնում հաջորդ իմպերատոր Գնեոս Պոմպեոսի ընդգծված հարգալից վերաբերմունքը Հայաստանի ալեզարդ արքա Տիգրան Մեծի նկատմամբ, ինչը պայմանավորված էր Լուկուլլոսի վերաբերյալ Սենատի ընդունած խիստ որոշմամբ և նոր իմպերատորին տրված հանձնարարությամբ՝ ամեն կերպ բարելավելու Հռոմի հարաբերությունները հայոց արքայից արքայի հետ:
Կյանքի վերջին տարիներին՝ 55 տարեկան հասակում՝ մ.թ.ա. 51 թ., Ցիցերոնը վիճակահանությամբ նշանակվեց Կիլիկիայի փոխարքա: Նա հաջող կառավարում էր և ճնշեց կապադովկիացիների խռովությունը՝ առանց զենքի դիմելու, ինչպես և պարտության մատնեց Ամանոսի լեռան ելուզակ ցեղերին, ինչի համար ստացավ իմպերատորի տիտղոս: Ցիցերոնը սևեռուն ուշադրությամբ հետևում էր Հռոմում հանրապետականների և կայսերականների քաղաքական պայքարին և իբրև հանրապետականների առաջնորդ՝ իր համարձակ ելույթներով վտանգի էր ենթարկում իր անձը, հատկապես այն ժամանակ, երբ թվում էր, թե Օկտավիանոսը, Անտոնիոսը և Մարկ Էմիլիյ Լեպիդը պարտված են և չեն կարող միասնություն կազմել: Սակայն 43 թ. աշնանը տեղի ունեցավ անսպասելին, և Հուլիոս Կեսարի եռապետությունից հետո նրանք կազմեցին երկրորդ եռապետությունը: Եռապետների զորքը գրավեց Հռոմը, և Անտոնիոսը կարողացավ Ցիցերոնի անունը մտցնել «ժողովրդի թշնամիների» ցուցակի մեջ, որը նրանք հրապարակեցին իրենց միության կայացումից անմիջապես հետո, և այս կերպ Ցիցերոնը դատապարտվեց մահապատժի: Նա փորձեց փախչել Հունաստան, բայց դահիճները հետապնդեցին, և երբ նա նկատեց, որ դահիճները հասնում են իր դեսպակին, հրամայեց ստրուկներին ցած դնել դեսպակը և վարագույրի ետևից իր պարանոցը մեկնեց կենտուրիոնին: Հերենիուսը կտրեց նրա կոկորդը, ապա Անտոնիոսի հրամանով՝ գլուխն ու ձեռքերը: Ցիցերոնը սպանվեց 43 թ. դեկտեմբերի 7-ին՝ 64 տարեկան հասակում: Պլուտարքոսը պատմում է, որ Ցիցերոնի գլուխն ու ձեռքերը ցուցադրել էին հռետորների ամբիոնին՝ ի սարսափ հռոմեացիների, որոնք այս ամենի մեջ տեսնում էին ոչ թե Ցիցերոնի դեմքը, այլ Անտոնիոսի հոգու պատկերը:
Անտոնիոսի այս դաժանությունը սոսկ անձնական վրեժխնդրության հետևանք էր, և դա անվրեպ կարելի է գուշակել Մովսես Խորենացու օգնությամբ, որը նույնպես ծաղրանքի առարկա է դարձրել Մարկոս Անտոնիոսին՝ գրելով. «Անտոնիոս՝ ինքն ի ձմերոց գնայ յԵգիպտոս: Փութայր հասանել ըստ շամբշութեան առն կնամոլոյ, ցանկութեամբ վառեալ ի Կղէոպատրայ դշխոյն Եգիպտացւոց» («Անտոնիոսն ինքը ձմեռանոց է գնում Եգիպտոս: Նա շտապում էր այնտեղ հասնելու կնամոլ մարդու վավաշոտությամբ, վառված ցանկությամբ դեպի Կլեոպատրան՝ եգիպտացիների թագուհին»):
Եթե երբևէ ստեղծվի արքայից արքա Տիգրան Մեծի աշխարհակալությանը և միաժամանակ մարդկային վեհությանը արժանի մոնումենտալ հուշարձան, ապա նրա պատվանդանին պետք է փորագրվեն Պատմահոր հետևյալ խոսքերը, որոնք թեև վերաբերում են Կյուրոս Մեծի աջակից Տիգրան Երվանդյանին, բայց, ըստ էության, ձոնված են Տիգրան Մեծի հավաքական կերպարին. «Քանզի սա ամենեցունց թագաւորացն մերոց հարստագոյն և խոհեմագոյն, և արանցն այնոցիկ և ամենեցուն քաջ: Որ և Կիւրոսի աջակցեալ, զՄարացն ի բաց բառնալով զիշխանութիւնն, և զՅոյնս ոչ սակաւ ժամանակս ընդ իւրեաւ նուաճեալ հնազանդէր: Եւ զսահմանս մերոյ բնակութեանս ընդարձակեալ՝ ի հինսն մեր հասուցանէր յեզերս ծայրից բնակութեան, և ամենեցունց որ առ իւրովքն էին ժամանակօք՝ նախանձելի, և զկնեացս ըղձալի ինքն և ժամանակ իւր: Զի ո՞ք ի ճշմարիտ արանց, և որոց ի բարս արութեան և խոհականութեան սիրելութիւն կայցէ, սորա յիշատակօքն ոչ զուարճասցի, և յորդորեսցի այսպիսի այր լինել» («Որովհետև սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջ: Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով իրեն հնազանդեցրեց, և մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը. բոլոր իր ժամանակակիցներին նախանձելի եղավ, իսկ հետո եկողներիս ցանկալի թե՛ ինքը և թե՛ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիության բարքը և խոհականությունը, չի հրճվի սրա հիշատակով և չի ձգտի նրա նման մարդ լինել»)։
Ալբերտ Մուշեղյան
Բան․ գիտ․ դոկտոր, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար
գիտաշխատող