Բերձորի հանձնումը կանխելու ճանապարհը այս դավաճան իշխանությանը հեռացնելն է. Իշխան Սաղաթելյան
01 Հուլիս 2022
Նիկոլ Փաշինյանը Բերձորի հանձնումը հիմնավորում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներով, որոնց հետ կապված մի շարք անպատասխան հարցեր կան. այսօր, հուլիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Հայտարարության վեցերորդ կետում գրված է, որ Լաչինի միջանցքը ապահովելու է կապը Հայաստանի հետ՝ շրջանցելով Շուշին, եւ որ այն մնում է ռուսական խաղաղապահ զորքերի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապը ապահովելու համար պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման ծրագիր, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների երթեւեկությունը երկու ուղղություններով: Սա է այս չարաբաստիկ փաստաթղթի վեցերորդ կետը, որով իրենք հիմնավորում են Բերձորի հանձնումը»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը մի քանի հարցեր հնչեցրեց՝ կապված դրույթների իրացման հետ:
«1.Ե՞րբ, որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններում է ձեռք բերվելու նոր երթուղու կառուցման համաձայնությունը: Կա՞ համաձայնություն եւ ստորագրվա՞ծ է՝ թե՞ ոչ:
2. Երթուղու կառուցման նախագիծը պետք է հաստատվեր երեք տարվա ընթացքում, մինչդեռ քսան ամիս անց Ադրբեջանը կառուցել է 32 կմ ճանապարհահատված եւ արագացված կերպով առաջ է մղում իր շահերը: Ո՞ւմ է ձեռնտու այս շտապողականությունը եւ ինչո՞ւ է շտապում Հայաստանի Հանրապետությունը:
3. Հայաստանի եւ Արցախի միջեւ ճանապարհը ենթադրում է նոր կոմունիկացիաներ, գազամուղ, էլեկտրական հաղորդալար, մալուխ: Ինչպե՞ս եւ ի՞նչ ժամկետներում են լուծվելու այս հարցերը: Ո՞ւմ իրավասության տակ են լինելու այս ենթակառուցվածքները եւ շահագործման պայմանները:
4. Ինչպե՞ս են կառավարվելու ամայի տարածքներով անցնող նոր ճանապարհի սպասարկման եւ անվտանգության հետ կապված ռիսկերը: Որքանո՞վ է երաշխավորված լինելու Արցախի հետ Հայաստանի անխափան ցամաքային կապը:
5. Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ադրբեջանի համար է սահմանում պարտավորություններ, որոնք այս ընթացքում չեն կատարվել, այդ թվում՝ ռազմագերիների եւ պատանդների վերադարձը: Խախտել է նույն համաձայնագրի հենց առաջին կետը, որտեղ հստակ նշված է, որ զինադադարից հետո կողմերը պետք է կանգ առնեն իրենց դիրքերում, բայց դրանից հետո մենք գիտենք, թե որքան տարածք են կորցրել։ Մենք պնդում ենք, որ այս իշխանությունը ձեր թիկունքում ձեռք է բերել պայմանավորվածություն Բերձորը հանձնելու: Կա լրացուցիչ ճանապարհային քարտեզ, համաձայնություն, որի մասին հայ ժողովուրդը տեղյակ չէ:
Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը Ադրբեջանը չի կատարում, քանի որ մեր Կառավարության շենքում նստած են դավաճաններ, որոնք սպասարկում են Ադրբեջանի շահերը եւ կապ չունեն մեր ժողովրդի հետ»,- հայտարարեց Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ նոր կապիտուլյացիան բացառելու համար պետք է շատանալ, ընդլայնվել եւ համախմբված պայքարել:
«Շուշին կայացած, շեն քաղաք էր, սակայն մեկ ստորագրությամբ այս սրիկաները հանձնեցին: Քարվաճառն ազատագրված եւ վերակառուցված էր, բայց կրկին մեկ ստորագրությամբ հանձվեց: Այս սրիկաները հանձնելու են ամեն ինչ, պետք է ոտքի կանգնել, համախմբվել: Հայաստանի ճակատագիրը կախված է պետական եւ քաղաքական որոշումից: Մեր աջակիցներից շատերը մի քիչ հիասթափված են, ասում են՝ պայքարել ենք, ծեծվել ենք, ձերբակալվել ենք, բայց վերջնական հաջողության չենք հասել: Համոզված եղեք, եթե մենք չանեինք այն, ինչ արեցինք այս ընթացքում, ապա այս սրիկաններն արդեն ամեն ինչ հանձնած կլինեին: Մենք այսօր անում ենք հսկայական աշխատանք, որը ձեզ անտեսանելի է: Նորից եմ խնդրում ձեր հավատը եւ համբերությունը այս սրբազան պայքարի համար: Բերձորի հանձնումը կանխելու ճանապարհը այս դավաճան իշխանությանը հեռացնելն է»,- ասաց նա:
Կարո՞ղ եք վաղն առավոտյան գալ եւ ստորագրել մեր հայտարարությունը ու երաշխավորել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ասաց Իշխան Սաղաթելյանը՝ խոսքն ուղղելով իշխանություններին:
«Սրանց թվում է, թե մեզ պաշտոնից զրկելով կարող են մեր գործունեության վրա ազդել, մեզ սպառնալ կամ վախեցնել: Իրենք մեզ չափում են իրենց արշինով: Եթե իրենք հունիսի 3-ի հայտարարությունը գան եւ ստորագրեն, մեր բոլորի մանդատներն էլ ենք իրենց տալիս, ձեզ էլ կխնդրենք, որ ամիս ձեր աշխատավարձից պարգեւավճարներ տաք: Կարո՞ղ եք վաղն առավոտ գալ եւ ստորագրել մեր ձեւավորած հայտարարությունը եւ երաշխավորել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ստորագրեք, մանդատ էլ կտաք, պաշտոն էլ, կրկնակի աշխատավարձ էլ: Բայց չեն գալու, որովհետեւ իրենք ստորագրելու են Էրդողանի եւ Ալիեւի շահերը»,- հայտարարեց Սաղաթելյանը: