Քննարկում՝ «Սոցիալական խորացող ճգնաժամ. կեղծ խոստումներ, իրական փաստեր» թեմայով
06 Հուլիս 2022
Այսօր, հուլիսի 6-ին Սարյանի անվան պուրակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման կազմակերպած՝«Սոցիալական խորացող ճգնաժամ. կեղծ խոստումներ, իրական փաստեր» թեմայով քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Ստամբուլյանը, Թադևոս Ավետիսյանը, տնտեսագետներ՝ Արմեն Գեւորգյանը եւ Կառլեն Խաչատրյանը:
«Մեր քաղաքացիներին այսօր հետաքրքրում է, թե իրենց թոշակն ինչո՞ւ չի ավելանում կամ անապահովության նպաստներն ինչո՞ւ չեն ավելանում»,- ասաց քննարկումը համակարգող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նրա գնահատմամբ՝ գնաճի նման իրավիճակում չեն ավելանում ցածր եկամուտ ունեցող, նվազագույն աշխատավարձով աշխատող, միայնակ կենսաթոշակառուներին վճարվող նպաստներն ու նվազագույն աշխատավարձերը։
Թադևոս Ավետիսյանը նաև փաստեց, որ բարձր գնաճը շարունակվում է, ինչը նոր երևույթ չէ։
«Դրան ականատեսն ենք եղել 2020թ․ին, շարունակվել է 2021թ․-ին և 2022թ․-ին։ Բայց այս փուլի ամենավտանգավոր սոցիալական հետևանքն այն է, որ այս պահին մենք ականատեսն ենք առաջին անհրաժեշտության ապրանքների մասով բարձր գնաճին։Հետևաբար՝ տրամաբանական է, որ մարդիկ պահանջում են սոցիալական խնդիրների լուծում, նպաստի և թոշակի բարձրացում»,- ավելացրեց Ավետիսյանը։
Զարգացած են այն երկրները, որոնք բարեկեցիկ են և անվտանգ, զարգացող են այն երկրները, որոնք գնում են այդ ճանապարհով: Հայաստանը որտե՞ղ է, ոչ մեկում, քանի որ մենք երկու սեգմենտում էլ ունենք խնդիրներ. իր խոսքում ասաց տնտեսագետ Արմեն Գրիգորյանը:
«Զարգանալու համար պետք է ապրեցնել պետությունը, իսկ ապրեցնելու համար հարկավոր է զարգացնել համաչափ: Այդ պարագայում կարևոր դեր ունի գյուղատնտեսությունը: Ինչքան էլ ասենք` բարձր տեխնոլոգիաների դար է, բայց երկրները, ժողովուրդներին պահում է գյուղատնտեսությունը,- ասաց նա:
Սակայն, ըստ տնտեսագետի, այսօր չունենք այդ ոլորտում քաղաքականություն, ռազմավարական ծրագրեր մշակող գյուղատնտեսության նախարարություն: Մինչդեռ այդ ծրագրերը կլուծեին մեր պարենային անվտանգության խնդիրը, գյուղում ապրեցնելով մարդկանց` կպահեին գյուղը, մասնավորապես` սահմանամերձ գյուղերը` բարձրացնելով պետության անվտանգության մակարդակը, ի վերջո` նաև պահպանելով գյուղական մշակույթը:
«Այսօր գյուղացին իր հոգսերի հետ մենակ է մնացել, ոլորտն էլ ամբողջությամբ անտերության է մատնված»,- ասաց տնտեսագետը:
Մանրաասները՝ տեսանյութում