Կլոր սեղան-քննարկում ՝ «Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակման խնդիրները» թեմայով
20 Հուլիս 2022
Այսօր, հուլիսի 20-ին «Ավիատրանս» հյուրանոցում տեղի ունեցավ «Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկում:
Տեսակետներ են ներկայացրել հայտնի տնտեսագետներ և փորձագետներ։
Գնաճը կարող է լինել օբյեկտիվ ու սուբյեկտիվ եւ տարբեր պատճառներով, գնաճը կարող է նպաստել տնտեսական աճին, կամ՝ արգելակի տնտեսական աճը, բայց մի բան շատ կարեւոր է. եթե գնաճի կարգավորումը ԿԲ-ի տիրույթում է, կա նաեւ կառավարություն, որն իրականացնում է սոցիալական քաղաքականություն. քննարկմանն ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:
Նրա խոսքով, մեր երկրի իշխանությունները միակն են, որ մեր տարածաշրջանում գնաճի ահագնացող ֆոնին 2020-21-22 թվականների առաջին կիսամյակ որեւէ ձեւով չեն արձագանքել սոցիալապես անապահով ընտանիքների գնաճային այս խնդիրներին: Ասաց, որ աղքատության նպաստի չափը եւ հիմնական կենսաթոշակը չի ավելացել, նվազագույն աշխատավարձը չի բարձրացել, իսկ միջին աշխատավարձն էլ ավելի քիչ է աճել՝ քան առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Ներդրումների առումով էլ ասաց, որ մարդիկ երբեմն կարեւորում են այն ռիսկը, որ կորցնելուց, ավելի շատ են վախենում, քան՝ ոգեւորվում այն գերշահույթից, որը նրան խոստանում են. «Այսպիսի իրավիճակում, երբ առկա են աշխարհաքաղաքական սպառնալիքներ, մեր երկրում անվտանգային խնդիրները ավելանում են եւ լուծված չեն, անորոշությունը դարձել է անչափ, շատ բարդ է գնահատել ներդրումային միջավայրը»:
Ըստ ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ հստակ է, որ Հայաստանում սարսափելի մոնոպոլիզացիայի պայմաններում գները չեն կարգավորվում նույնիսկ այն դեպքում, երբ դոլարի նման արժեզրկում է արձանագրված:
Նրա ներկայացմամբ՝ գինի արտադրողը նախորդ տարի պայմանավորվել էր, որ մեկ շիշը կվաճառեր 20 դոլարով, կստանար 10 հազար դրամ, որից 8 հազար ինքնարժեքի պայմաններում 2 հազար դրամը նախընտրելի շահույթ էր, իսկ այսօր արտադրանքի ինքնարժեքը նույնն է մնացել իսկ դոլարի արժեզրկման կամ վաճառքի նվազման պատճառով հասույթը քչացել է և նա կանգնած է ճգնաժամի առաջ, նույն վիճակն է նաև ՏՏ ոլորտում:
Անդրադառնալով կանխիկով գործարքների թեմային՝ Արթուր Խաչատրյանն ասաց, որ որոշ դեպքերում քաղաքացուց բանկերը կոմիսիոններ է պահվում, այն դեպքում, երբ կառավարությունը հավաստիացնում էր, որ նման բան չկա:
«Ինչ վերաբերում է բացասական հարկմանը՝ երբ դու ID քարտով գործարքի դեպքում կարող ես փող հետ ստանալ, ապա ես կատեգորիկ համաձայն չեմ դրա հետ: Պատկերացրե՛ք, ԱԺ ՔՊ-ի պատգամավորներից մեկը երկրորդ Rolls-Royce-ն է ուզում գնել, հիմա ի՞նչ, պետությունը պետք է մի տոկոս իրեն հետ տա՞, այսինքը՝ մեզնից, բոլորիցս փողը հավաքի, որ իրեն այդ մեքենայի դիամց 1 կամ 0.5 % հետ տա՞, ինչու… Կամ եթե մյուս ՔՊ-ականն ուզի Բենտլի նոր մոդել գնել, կամ թանկանոց տուն, ապա պետությունը պետք է բոլորիցս փող հավաքի՝ իրե՞ն վերադարձնի: Մենք սոցիալական պետություն ենք և դրա հետ ես բացարձակապես համաձայն չեմ»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը քննարկման ժամանակ նշեց. «Հանքարդյունաբերության ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են, գների աճ կա եւ դրա հաշվին է, որ մեր երկրի արտահանումը աճ է գրանցել»:
«Այս իրավիճակը նման է 2000-ականների վիճակին, երբ Հայաստան մեծ քանակությամբ դոլար էր գալիս շինարարության ոլորտ: Կհիշեն շատերը, որ դոլարի փոխարժեքը հասավ ընդհուպ մինչեւ 300-310 դրամի: Այն ժամանակ ԿԲ նախագահը Տիգրան Սարգսյանն էր, որը շատ գեղեցիկ ներկայացնում էր, որ դա շատ լավ է, մեր տնտեսությունը շուտով արտադրողականության թռիչք է ապահովելու: Բայց իրականության մեջ ոչինչ էլ չունեցանք: Հիմա էլ նմանատիպ իրավիճակ է: Իշխանությունը կարող է ներկայացնել, որ տեսեք, փող ենք բերել, ուզում ենք ծախսել, իսկ դուք բողոքում եք այդ փողից: Փող չկա՝ բողոքում եք, փող կա՝ բողոքում եք»,-ասաց նա:
Նա անդրադարձավ նաեւ բանկերի կողմից արտարժույթի կանխիկացման դեպքում 3-5 տոկոս միջնորդավճար պահանջելուն՝ նշելով. «ԿԲ-ն, իր պատկերացմամբ, ստերիլիզացիա է իրականացնում, երբ, օրինակ, կանխիկացման դեպքում 3-5 տոկոս գումար է ուզում: Սրանով ԿԲ-ն ուզում է բանկերի ֆինանսական վիճակը կայունացնել, նաեւ որոշակի բյուջե է լցնում: Բայց դա նրան չի հաջողվում, որովհետեւ հստակ է, որ մենք կանխիկ դոլարի պակաս ունենք տնտեսության մեջ: Դա պայմանավորված է նրանով, որ մեր բանկերը նախկինում իրենց կանխիկ դոլարի խնդիրը լուծում էին ռուսական բանկերի միջոցով: Հիմա ՀՀ-ում կա 2-3 բանկ, որ կարողանում է ԱՄՆ-ից կանխիկ դոլար բերել: Այդ բանկերը դոլարը վաճառում են մյուս բանկերին: Այսինքն՝ այստեղ կա հստակ սպեկուլյացիա՝ դոլարի հետ կապված»:
Տնտեսագետները կանխատեսում են՝ արտարժույթի տատանումները կշարունակվեն:
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/i7zgNuSoa6Q