Ուկրաինական ճգնաժամն ու Թուրքիայի միջանկյալ դիրքավորումը
28 Հուլիս 2022
Դեռևս 2021 թ. տարեվերջին, երբ արդեն իսկ կանխատեսելի էր մի կողմից Ռուսաստան-Ուկրաինա, մյուս կողմից Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների աննախադեպ սրացումը, Թուրքիան փորձեց դիրքավորվել նոր իրավիճակում` ակնկալվող զարգացումներում նվազագույնը կորցնելու ու առավելագույնը շահելու սկզբունքի համաձայն։
Բանն այն է, որ մի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցությունը, Ուկրաինայի հետ բազմավեկտոր համագործակցությունը, մյուս կողմից Ռուսաստանի հետ բազմաշերտ հարաբերություններն Անկարային ընձեռում էին առնվազն սեփական քաղաքական կշիռն ամրապնդելու և ակտիվ դիվանագիտությամբ իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներում մանևրելու լայն հնարավորություններ։
Դիվանագիտական գործընթացին Թուրքիան լծվեց հնարավոր ամենաբարձր՝ նախագահ Ռ. Թ. Էրդողանի, ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուի, նախագահի գլխավոր խորհրդական Ի. Քալընի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։ Ուկրաինական ճգնաժամը դարձավ Թուրքիայի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների տարաբնույթ բանակցային օրակարգերի առանցքային թեմաներից մեկը։ 2021 թ. դեկտեմբերից 2022 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում թուրքական կողմի գործուն նախաձեռնողականությամբ գրանցվել են մի քանի տասնյակ հեռախոսազրույցներ, այցելություններ, քննարկումներ՝ միտված ճգնաժամի ռազմական փուլի կանխմանը, և այդ ամենը, անշուշտ, Անկարայի միջնորդական ջանքերի ընդգծման համատեքստում։
Գլոբալ հակամարտությունից, սակայն, խուսափել այդպես էլ չհաջողվեց. Ռուսաստանը փետրվարի 24-ին Ուկրաինայում սկսեց «հատուկ ռազմական գործողություն»։ Ռուս-ուկրաինական բախումը, ինչպես և կանխատեսվում էր, բացառապես երկկողմ հակամարտություն չէ։ Այն գործող աշխարհակարգի և իրավակարգի փոփոխությանը միտված լրջագույն դիմակայություն է, ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական ընդհարմանը զուգահեռ՝ նաև Ռուսաստան-Արևմուտք բազմաշերտ հակամարտություն, որն ընդգրկում է միաժամանակ քաղաքական-դիվանագիտական, իրավական, ֆինանսատնտեսական, հումանիտար և այլ հարթություններ։ Ռուսաստանին «պատժելու» Արևմուտքի ռազմավարությունը ենթադրում էր ոչ միայն համակողմանի ուղիղ աջակցության ցուցաբերում Ուկրաինային, այլև քաղաքական, տնտեսական բազմաշերտ պատժամիջոցների կիրառմամբ Ռուսաստանի ռազմավարական մեկուսացման քաղաքականության իրականացում, այսինքն՝ Ռուսաստանի բացարձակ մեկուսացում, ազդեցության չեզոքացում՝ աշխարհում եղած տարաբնույթ հիմնախնդիրներում «ազդեցիկ խոսքի» հնարավորությունից զրկելու վերջնարդյունքով։ Այս նպատակների իրականացման համար Արևմուտքը առաջնորդվում է Ռուսաստանի դեմ դաշնակից-համախոհների հնարավորինս լայն ճամբար ձևավորելու տրամաբանությամբ։
Արևմուտքի տվյալ ռազմավարության համաձայն՝ հակառուսական ճամբարում ներգրավված յուրաքանչյուր դերակատար միանշանակորեն և առանց երկընտրանքի պետք է միանա Ուկրաինային համակողմանի աջակցություն ցուցաբերելու և Ռուսաստանի դեմ բազմաքայլ ու բազմոլորտ պատժամիջոցների քաղաքականությանը։ Արևմուտքի նման դիրքավորումն օբյեկտիվորեն ենթադրում էր Մոսկվայի պատասխան քաղաքականությունն ու քայլերը։
Աշխարհաքաղաքական նման լարվածության պայմաններում զգալիորեն տուժելու էին հատկապես այն երկրները, որոնք շատ ավելի սերտաճած քաղաքական, տնտեսական կապեր կամ կախվածություն ունեին Ռուսաստանից։ Այս տեսանկյունից առավել զգայուն էին հատկապես Ռուսաստանին հարևան, բայց նաև արևմտյան դաշինքներում ընդգրկված խաղացողները, այդ թվում՝ Թուրքիան։ Հետևաբար նման պայմաններում Անկարայի համար օրակարգային խնդիր էր այնպիսի դիրքավորման ընտրությունը, որը թույլ կտար հնարավորինս քիչ տուժել աշխարհաքաղաքական բարդագույն իրավիճակում, ավելին՝ նաև օգտվել կանխատեսվող զարգացումներից։
Այս համատեքստում ուկրաինական ճգնաժամում Թուրքիայի դիրքավորման հիմքում կարելի է դիտարկել հետևյալ պայմանական նպատակները, որոնց առարկայացումը հնարավոր է ապահովել «մարտահրավերները որպես հնարավորություն» գնահատելու միջոցով.
1. Հնարավորինս խուսափել ճգնաժամի տնտեսական և քաղաքական հետևանքներից։ Դիրքավորվել այնպես, որ մի կողմից Թուրքիա-Արևմուտք, մյուս կողմից Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները տուժեն նվազագույն չափով։
2. Ուկրաինական ճգնաժամի խորացմանը զուգահեռ՝ փորձել հընթացս օգուտներ քաղել՝ մանևրելով հակամարտ ճամբարների միջև: Ճգնաժամի ընթացքում բացված հնարավորություններն օգտագործել սեփական խնդիրները լուծելու, շահերն առաջ մղելու բազմակողմանի քաղաքական առևտրում։
3. Նույն համատեքստում բարելավել արևմտյան գործընկերների հետ ոչ այնքան հարթ հարաբերությունները, ինչպես նաև, օգտվելով Մոսկվայի ռազմավարական թուլացումից, բարելավել սեփական դիրքերն այն տարածաշրջաններում, որոնցում կողմերը հանդես են գալիս իբրև մրցակից-գործընկերներ։
Թուրքիայի միջնորդական դիրքավորումը
Վերոնշյալ սկզբունքների վրա հիմնվելով՝ ճգնաժամի հենց սկզբնական փուլում Թուրքիան դիրքավորվեց որպես միջնորդ դերակատար, որպես եզակի ընդունելի խաղացող, որը հակամարտության բոլոր մասնակիցների հետ ունի երկկողմ խոր հարաբերություններ և անհրաժեշտության դեպքում ունակ է վերածվելու բանակցային կարևոր հարթակի կամ իրականացնելու այլ միջնորդական գործառույթներ։ Անկարայի այս քաղաքական ուղեգիծը պայմանականորեն ձևակերպվեց՝ որպես «հավասարակշռման» քաղաքականություն։ Ընդ որում, կարևոր է արձանագրել, որ Անկարայի միջնորդական դերակատարումը, պայմանավորված ճգնաժամի ընթացքով, գրանցել է նաև իրավիճակային համապատասխան կերպափոխումներ՝ միտված լինելով նախ հրադադարի հաստատմանը, ապա՝ հումանիտար և պարենային խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերի գործադրմանը։
Նման դիրքորոշման որդեգրումը չափազանց կարևոր էր Թուրքիայում գործող վարչակարգի համար ոչ միայն սեփական աշխարհաքաղաքական հավակնությունների իրացման, այլև նախանշված ներքաղաքական բարդ գործընթացներին (2023 թ. համապետական ընտրություններ) նախապատրաստվելու տեսանկյունից։ Ընդ որում, այդ մոտեցման հաջողումը կարևոր էր երկրի հնարավոր դիվանագիտական ձեռքբերումները ներքին քարոզչության համար կիրառելու և, որ ամենակարևորն է, երկրի տնտեսությունը կոլապսից փրկելու տեսանկյունից։ Բանն այն է, որ շուրջ մեկ տարի տոկոսադրույքների նվազեցման Էրդողանի քաղաքականության հետևանքով Թուրքիայի տնտեսությունը հայտնվել է բարդագույն իրավիճակում։ «Տոկոսադրույքը պատճառ է, գնաճը՝ հետևանք» թեզի շրջանակում հռչակված տնտեսական նոր մոդելի կիրառման, դրա պատճառով 2021 թ․ ցուցանիշներով թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկման հետևանքով արձանագրվել է վերջին 20 տարվա ամենախոր ու շարունակ խորացող տնտեսական ճգնաժամը։ Ընդ որում, Էրդողանի վարչակարգի յուրօրինակ դրամավարկային քաղաքականության հետևանքով լիրան նաև միջազգային դափնիներ ձեռք բերեց՝ դառնալով աշխարհում ամենից շատ արժեզրկված դրամական միավորը։ Այսպես, Թուրքիայի կենտրոնական բանկի տվյալներով, 2021 թ․ մեկ տարվա կտրվածքով դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկումը կազմել է 75 % ։ Իսկ ըստ երկրի վիճակագրական ծառայության տեղեկատվության՝ նույն ժամանակահատվածում սպառողների համար գնաճը տարվա կտրվածքով կազմել է 36.08 %, ներքին արտադրողների համար՝ 79.89 % ։
Հետևաբար նաև ներքին լրջագույն ցնցումներից խուսափելու նպատակով վերոնշյալ սկզբունքների համատեքստում ռուսական գործողության մեկնարկից անմիջապես հետո՝ փետրվարի 24-ին, «միաժամանակ երկու լարի վրա խաղալու տրամաբանությամբ» Էրդողանն այն գնահատեց որպես «միջազգային իրավունքին հակասող քայլ, միջազգային խաղաղությանը և կայունությանը հասցված ծանր հարված» : Նա հայտարարեց, որ Թուրքիան աջակցում է իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար Ուկրաինայի պայքարին՝ զուգահեռաբար ընդգծելով, որ Անկարան ցանկանում է, որ խնդիրները լուծվեն Մինսկի համաձայնագրերի շրջանակներում, ինչի մասին հայտնել էր ՌԴ նախագահ Վ. Պուտինին: Իսկ «Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ սկսած ռազմագործողության» վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր. «ՌԴ ԶՈՒ-երի՝ Ուկրաինայի դեմ սկսած ռազմական գործողությունն անընդունելի ենք համարում և մերժում: Այս հարձակումը ոչ միայն անվավեր է դարձնում Մինսկի համաձայնագրերը, այլև միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և լուրջ սպառնալիք է ներկայացնում մեր տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության համար: Թուրքիան, որ հավատում է երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը, դեմ է զենքով սահմանները փոխելուն: Ռուսաստանին էլ կոչ ենք անում այս անօրինական գործողությունը վայրկյան առաջ դադարեցնելու: Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը մեր աջակցությունը շարունակվելու է» :
Զուգահեռաբար Թուրքիան, ի պատասխան ուկրաինական կողմի դիմումի, ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուի շուրթերով հայտարարեց Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների կիրառման և Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռազմական նշանակության նավերի համար փակելու հնարավորության մասին, եթե իրավական առումով ընդունեն պատերազմական վիճակի գոյությունը ։ Իսկ արդեն փետրվարի 28-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան որոշել է կիրառել Մոնտրյոյի համաձայնագրի այն դրույթը, ըստ որի՝ այն դեպքերում, երբ Թուրքիան պատերազմի կողմ չէ, լիազորություն ունի պատերազմի մասնակից երկրների նավերին թույլ չտալու անցնել նեղուցներով։ Նա նաև հիշեցրեց, որ, ըստ Մոնտրյոյի համաձայնագրի, եթե նավերը վերադառնում են Սև ծովում գտնվող իրենց բազաներ, ապա դրանց անցումը նեղուցներով չի խոչընդոտվում ։
Բացի նշվածից՝ թուրքական ուղեգծի շրջանակում էին նաև միջազգային կառույցներում հակառուսական դիրքորոշման անթաքույց արտահայտումը, որը դրսևորվեց հատկապես ՄԱԿ-ի ԳԱ-ում տեղի ունեցած քվեարկությունների ընթացքում, և հումանիտար օգնության պարբերական ցուցաբերումն ու սպառազինության, մասնավորապես՝ տարաբնույթ ԱԹՍ-ների անխափան նվիրատվություն-վաճառքն Ուկրաինային։
Միևնույն ժամանակ Թուրքիան, հատկապես ճգնաժամի տնտեսական ծանր հետևանքներից խուսափելու և Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին միանալուց հրաժարվելու քայլը հիմնավորելու նպատակով, հետևողականորեն հիմքեր էր ստեղծում հակամարտ կողմերի միջև սեփական միջնորդական ուղեգիծն առաջ մղելու համար։ Այսպես՝ փետրվարի 28-ին Էրդողանը հայտարարեց. «Թուրքիան կատարել և կատարելու է ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի ու ԵՄ-ի և այլ կազմակերպությունների ու դաշինքների շրջանակներում իր պարտավորությունները: Մենք, անշուշտ, մեր ազգային շահերի հարցում զիջումներ չենք անելու: Տարածաշրջանային ու միջազգային հավասարակշռությունն էլ չենք անտեսելու: Դրա համար ո՛չ Ուկրաինայից ենք հրաժարվելու, ո՛չ էլ Ռուսաստանից» : Նույն թեզը զարգացրեց նաև Չավուշօղլուն՝ ընդգծելով. «Առաջնայինն այս պահին զինադադար հաստատելն է, քանի որ ոչ մի արդյունք չի ստացվի, քանի դեռ բախումները և ռմբակոծությունները շարունակվում են։ Իհարկե, մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք և ՆԱՏՕ-ի որոշումներին հետևում ենք, դրանցում մեր ներդրումն ենք ունենում։ Թուրքիան սկզբունքային դիրքորոշում է հանդես բերում։ Չնայած տեսակետների տարբերությանը՝ մի երկիր ենք, որ երկու երկրի հետ էլ զարգացնում է իր համագործակցությունը։ Մենք ստիպված չենք պատերազմի ժամանակ որևէ մեկի կողմն ընդունել։
Ընդհակառակը՝ մենք մի երկիր ենք, որ պատերազմի դադարեցման հարցում կարող է երկու կողմի հետ էլ հավասարապես երկխոսություն հաստատել։ Մենք որևէ կողմին պաշտպանելու շքեղություն մեզ չենք կարող թույլ տալ….» ։
Նույն անդրադարձում Չավուշօղլուն շոշափել է նաև Անկարայի համար հանգուցային՝ երկկողմ պատժամիջոցների կիրառման խնդիրը՝ նշելով, որ Թուրքիան ուսումնասիրում է այլ երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ հասկանալու, թե դրանք ինչպես կանդրադառնան սեփական տնտեսության և էներգետիկ անվտանգության վրա։ Իսկ Անկարայի՝ Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ նշել է, որ Թուրքիան սկզբունքորեն չի մասնակցել պատժամիջոցներին և հակված էլ չէ մասնակցելու։
Պաշտոնական Անկարայի նման հրապարակային ուղերձներին զուգահեռ՝ թուրք պաշտոնյաներն ակտիվ հեռախոսազրույցներ և բանակցություններ էին վարում ինչպես հակամարտ կողմերի իրենց պաշտոնակիցների, այնպես էլ այլ շահագրգիռ դերակատարների ներկայացուցիչների հետ։
Միջնորդական ուղեգծի առաջմղման հարթությունում Անկարայի արձանագրած լրջագույն հաջողությունը մարտի 11-13-ը կայացած Անթալիայի միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Ս. Լավրովի և Դ. Կուլեբայի հանդիպման կազմակերպումն էր՝ Չավուշօղլուի անմիջական մասնակցությամբ։ Ընդ որում, հարկ է փաստել, որ ուկրաինական ճգնաժամի մեկնարկից ի վեր սա հակամարտ կողմերի միջև կայացած ամենաբարձր մակարդակի հանդիպումն էր։
Անթալիայում արձանագրված հաջողությունն ամրապնդելու նպատակով Թուրքիայի ԱԳ նախարարն անմիջապես այցելեց նախ Մոսկվա, ապա՝ Լվով՝ բարձր մակարդակի բանակցությունների շարունակականությունն ապահովելու և սեփական միջնորդական դերակատարումն ավելի ընդգծելու համար։
Հրադադարի հաստատման առումով թուրքական միջնորդական վերջին հաջողությունն արձանագրվեց մարտի 29-ին` պայմանավորված Ստամբուլի Դոլմաբահչե նախագահական պալատում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների անցկացմամբ։ Ընդ որում, հանդիպումից առաջ պատվիրակություններին ողջունեց Թուրքիայի նախագահը՝ հայտարարելով, որ շատ գոհ են բանակցությունների համար նրանց հյուրընկալելու և խաղաղության հաստատման ճանապարհին ներդրում ունենալու համար :
Ըստ էության, ստամբուլյան հանդիպումը հրադադարի հաստատմանը միտված հակամարտ կողմերի միջև բանակցային վերջին առարկայական շրջափուլն էր։ Այս ուղղությամբ հետագա միջնորդությունը կորցրեց իր արդյունավետությունը՝ պայմանավորված ուկրաինական ճգնաժամի խորացման իրողությամբ։ Մինչդեռ քանի որ Թուրքիայի համար չափազանց կարևոր էր սեփական դիրքավորման պահպանումը, ուստի Անկարան ձեռնամուխ եղավ հակամարտության ընթացքում ծագող կամ այլ մասշտաբային խնդիրների լուծմանը։
Դրանք հիմնականում հումանիտար բնույթի խնդիրներ էին։ Այս համատեքստում հատկապես կարևոր էր պարենային՝ Ուկրաինայից հացահատիկային մատակարարումներին առնչվող ճգնաժամի համակարգումը։ Եվ Անկարան հակամարտ կողմերի ու միջազգային կառույցների հետ համագործակցությամբ սեփական դիվանագիտական օրակարգ ներառեց նաև այս խնդիրը։
Արդեն ապրիլի 24-ին Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը շեշտեց հրադադարի հաստատման, հումանիտար միջանցքների բացման ու տարհանումների անվտանգ իրականացման կարևորությունը՝ հայտնելով, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել բոլորին վնասող այս զարգացումների դադարեցման ու տևական խաղաղության հաստատման հարցում : Իսկ մայիսի 19-ին նշվող երիտասարդության և սպորտի տոնի կապակցությամբ ունեցած ելույթում Էրդողանը հայտարարեց, որ Ուկրաինայի հետ էլ համագործակցում են գյուղատնտեսության, մասնավորապես՝ սննդամթերքի և հացահատիկի արտադրության ոլորտում :
Հունիսի 3-ին Չավուշօղլուն աշխարհում պարենային անվտանգության հարցի առնչությամբ ընդգծել է. «Աշխարհում հացահատիկի 1/3-ն Ուկրաինան և Ռուսաստանն են արտադրում: Հիմա հացահատիկի արտահանման համար եղած խոչընդոտները վերացնելու հարցում առանցքային երկիրը Թուրքիան է: Միջանցքը կբացվի, տարածքը կականազերծվի, Ռուսաստանն իր ռազմանավերն այդտեղ չի մտցնի, հացահատիկ տեղափոխող նավերն էլ Ուկրաինա զենք չեն տանի: Շատ մանրամասնություններ կան, որոնց մասին մեր նախագահն անընդհատ խոսում է Պուտինի և Զելենսկու հետ» :
Տվյալ խնդրի կարևորությունն ընդգծվում է հատկապես այն դեպքերում, երբ Ուկրաինայի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին շուրջ 400 հազար տոննա ուկրաինական հացահատիկը «գողանալու», նաև Սև ծովով այլ շուկաներ արտահանելու մեջ ։ Եվ այս հարցում վերահսկողական հատուկ դերակատարում է վերապահվում Թուրքիային։
Դիվանագիտական այս ուղղությամբ ձեռք բերած հնարավորությունները զարգացնելու համար Թուրքիայի իշխանությունները փորձում են նախաձեռնել բանակցային հերթական շրջափուլը՝ ներգրավելով նաև ՄԱԿ-ին: Այս հարցի առնչությամբ Չավուշօղլուն հունիսի 20-ին մասնավորապես հայտարարել էր. «Թուրքիան կառուցողական դեր է ստանձնում Սև ծովում «հացահատիկի միջանցքի» համար։ Ստամբուլում Ռուսաստանի ծրագրած հանդիպմանը դրական պատասխան ենք տալիս։ Մենք դեմ ենք նաև Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի կողմից ուկրաինական հացահատիկի կամ որևէ այլ ապրանքի ապօրինի վաճառքին։ Որպես Թուրքիա՝ մենք նույնպես թույլ չենք տա, որ այն մեզ մոտ գա» ։ Նա նաև հավելել էր, որ եթե Ստամբուլում համաձայնություն ձեռք բերվի, ապա կառավարման կենտրոն և Ուկրաինայի տարածքային ջրերից դուրս անվտանգության գոտի կստեղծվեն։ Ավելին, այս ուղղությամբ միջնորդության համակարգումն իր անմիջական հսկողության տակ է վերցրել Էրդողանը, ով հուլիսի 11-ին նախաձեռնած հեռախոսազրույցների ընթացքում հարցը քննարկել է նախ Ռուսաստանի, ապա՝ Ուկրաինայի նախագահների հետ :
Քրդական խաղաքարտի գործարկումը
Ուկրաինական ճգնաժամի և դրան զուգահեռ՝ Ռուսաստան-Արևմուտք դիմակայության խորացման տրամաբանությամբ հընթացս ծագած խնդիր-հնարավորությունները Թուրքիան առայժմ կարողանում է օգտագործել սեփական շահերն առաջ մղելու համար։ Այս համատեքստում Անկարայի համար բավականաչափ կարևոր հաղթաթղթեր ստեղծվեցին ապրիլի կեսերին՝ պայմանավորված Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմամբ։ Վերջինները կառույցին անդամակցելու գործընթացի մեկնարկը նախատեսում էին հունիսի վերջին` Մադրիդում նախանշված գագաթնաժողովի ընթացքում։ Հարցին անմիջապես արձագանքեց Անկարան՝ հայտարարելով սկանդինավյան երկրների անդամակցության հարցում վետոյի կիրառման հնարավորության մասին։ Թուրքիայի նման դիրքավորումը միտված էր նախ և առաջ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ քրդական և ներքաղաքական հիմնախնդիրներով պայմանավորված խորքային տարաձայնությունները հարթելուն՝ վերջիններից հստակ քայլեր ակնկալելով։ Մյուս կողմից՝ Անկարան կարողացավ այս հարցը վերածել նաև Արևմուտքի և Ռուսաստանի հետ քաղաքական բազմաշերտ սակարկությունների գործիքի։ Հաշվի առնելով ընդհանուր գործընթացի ռազմավարական կարևորությունը՝ բոլոր շահառու դերակատարներն էլ դիրքավորվեցին Անկարայի առաջարկած «առևտրում»։ Նման մոտեցումը թուրքական իշխանությունները փաթեթավորեցին սկանդինավյան երկրների կողմից Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ), դրա սիրիական ճյուղավորման` «Սիրիական ժողովրդավարական միության» զինյալներին, ինչպես նաև Էրդողանի վարչակարգին ընդդիմադիր կառույցներին շարունակական աջակցության հանգամանքով։ Այս համատեքստում Մադրիդի գագաթնաժողովին ընդառաջ՝ հունիսի սկզբին, թուրքական կողմը հրապարակեց սկանդինավյան երկրներին ուղղված 10 պահանջները.
1. Երկու երկրները պետք է աջակցեն ահաբեկչական կազմակերպություններ PKK-ի, DHKP-C-ի («Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ»), DEAŞ-ի, FETÖ-ի և դրանց ճյուղավորումների դեմ Թուրքիայի պայքարին։
2. Ահաբեկչական կազմակերպություններին պաշտպանող Շվեդիան և Ֆինլանդիան ահաբեկչության դեմ պայքարի համար պետք է իրավական կարգավորումներ և օրենսդրական ենթակառուցվածքներ ձևավորեն։
3. Պետք է փակեն ՔԲԿ ճյուղավորումներին պատկանող ներկայացուցչությունները և թույլ չտան նորերի բացումը։
4. Պետք է արգելեն գյուլենականների գործունեությունը և փակեն նրանց հարող կայքերն ու մեդիա կառույցները։
5. Պետք է բավարարեն Թուրքիայի պահանջները, որոնք վերաբերում են արտահանձնմանը, ունեցվածքի/ֆինանսական միջոցների սառեցմանը և ահաբեկչությանը հարող կազմակերպությունների փակմանը։
6. Շվեդիայում և Ֆինլանդիայում գտնվող ահաբեկչության հետ կապ ունեցող անձինք պետք է արտաքսվեն կամ արտահանձնվեն։
7. Չպետք է թույլատրվի PKK-ի և DHKP-C-ի նման ահաբեկչական կազմակերպությունների դրոշներով ցույցերի կազմակերպումը։
8. Շվեդիան և Ֆինլանդիան պետք է Թուրքիայի հետ հետախուզական տվյալներ փոխանակեն։
9. Երկու երկրները պետք է չեղարկեն Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության ոլորտում կիրառվող սահմանափակումները։
10. Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու դեպքում այս պարտավորություններ պետք է կատարեն ։
Քրդական խնդրի ակտիվացմանը զուգահեռ՝ Անկարան կրկին օրակարգ բերեց Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումների դեմ նոր ռազմագործողություն նախաձեռնելու հնարավորությունը՝ 2016 թ.-ից նույն հատվածում իրականացված 3 գործողությունների հետևանքով հիմնած սահմանային անվտանգային գոտին ընդլայնելու նպատակով։ Թուրքիան այս անգամ ընտրեց հատկապես լոգիստիկ առումով զգալի նշանակություն ունեցող Թալ Ռիֆաաթ և Մանբիջ շրջանները։ Դրանց նկատմամբ վերահսկողության փորձը գետնի վրա բախումների հնարավորություն էր ստեղծելու քրդական կառույցների և սիրիական բանակի, իսկ քաղաքական հարթությունում՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ։ Հարկ է նշել, որ ծրագրված ռազմագործողությունը Թուրքիայի համար չափազանց կարևոր է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետից արևմուտք ընկած հատվածում, թուրքական վերահսկողության գոտին ամբողջացնելու տեսանկյունից։ Կառավարության մայիսի 23-ի նիստի ավարտին ունեցած ելույթում Էրդողանը հայտարարեց. «Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30 կիլոմետր խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգության գոտիներ ստեղծելու նպատակով: Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, որոնք մեր երկրի ու մեր հիմնած անվտանգության գոտիների վրա հաճախակի իրականացվող հարձակումների, ոտնձգությունների ու թակարդների կենտրոն են: Աստծո կամքով, այս գործողությունները կսկսեն հենց մեր թուրքական զինված ուժերը, երբ հետախուզությունն ու ոստիկանությունն ավարտեն իրենց նախապատրաստական աշխատանքները» :
Հաջորդիվ թուրքական իշխանության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ նախագահի գլխավորությամբ նախաձեռնեցին ակտիվ բանակցություններ` միաժամանակ մի քանի ուղղություններով։ Այսպես՝ Էրդողանի գլխավոր խորհրդական և խոսնակ Ի. Քալընը հարցը քննարկեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում , Էրդողանը՝ Պուտինի հետ հեռախոսային բանակցություններում և այլն։ Բացի այդ՝ թուրքական ղեկավարությունն այս հարցը ևս վերածեց հրապարակային քաղաքականության թեմայի՝ տարբեր առիթներով շեշտադրելով, թե իբր Անկարան նման գործողություն իրականացնելու համար ազատ է, որևէ մեկի թույլտվության կարիքը չունի և այլն։
Քրդական խնդրի առնչությամբ թուրքական կողմից հրահրված քաղաքական սակարկությունների խճանկարը ենթադրում էր պայմանավորվածությունների հետևյալ պայմանական սցենարները։ Բնականաբար, Անկարայի շահերից առավելապես բխում էր Արևմուտքի հետ համաձայնությունը, որը ենթադրում էր մի կողմից սկանդինավյան երկրների կողմից թուրքական պահանջների կատարում, դրան ի պատասխան՝ ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հարցում վետոյի կիրառումից հրաժարում և, իհարկե, որպես կողմնակի արդյունք՝ Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-ԵՄ խնդրահարույց հարաբերությունների ջերմացում, ամերիկյան կողմից հատկապես ռազմական ոլորտում մի շարք կարևոր համագործակցությունների վերականգնում։
Զարգացումների մյուս տարբերակն արդեն հանգեցնելու էր Թուրքիա-Ռուսաստան համաձայնությանը, որը կարող էր տեղի ունենալ առաջին սցենարի տապալման պայմաններում։ Դրա շրջանակներում Թուրքիան արգելափակելու էր Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին, իսկ Ռուսաստանն արտոնելու էր թուրքական սահմանափակ գործողությունը Սիրիայի հյուսիսում, չէր խոչընդոտելու թուրքական դիրքերի ամրապնդումն ինչպես արաբական երկրի այլ հատվածներում, այնպես էլ գուցե այլ տարածաշրջաններում։
Բայց և այնպես, հատկապես Արևմուտքի համակողմանի ակտիվ ջանքերով զարգացումներն ընթացան առաջին սցենարով։
Հունիսի 28-29-ը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպումից հետո Թուրքիան համաձայնեց աջակցել կառույցին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության գործընթացի մեկնարկին: Բանակցություններից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց. «Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք համաձայնության եկանք: Այն Ֆինլանդիայի և Շվեդիայի համար ճանապարհ է բացում դեպի ՆԱՏՕ։ Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան համատեղ հայտարարություն են ստորագրել, որում հաշվի են առնվում Թուրքիայի շահերն ու մտահոգությունները՝ ներառյալ զենքի արտահանումը և ահաբեկչության դեմ պայքարը» :
10 կետից կազմված եռակողմ հայտարարությամբ, ըստ էության, բավարարվում էին սկանդինավյան երկրներին ուղղված Թուրքիայի վերոնշյալ պահանջները։
Մադրիդյան պայմանավորվածությունից հետո, պայմանավորված ռուսական կողմի դիրքորոշման կոշտացմամբ, բնականաբար, առժամանակ հետաձգվեց Սիրիայում թուրքական ծրագրված ռազմագործողությունը: Հարցի առնչությամբ հուլիսի 4-ին Չավուշօղլուն հայտարարեց. «Ֆինլանդիան և Շվեդիան ստիպված են հավատարիմ մնալ այդ փաստաթղթին։
Եթե հավատարիմ չմնան, մենք նրանց չենք ընդունի ՆԱՏՕ» ։ Իր խոսքում Թուրքիայի արտգործնախարարը նաև ակնարկեց Սիրիայում ռազմագործողության հետաձգման մասին.
«Մենք պայմանավորվածություններ ունեինք նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ։ Նրանք պատրաստվում էին այդ ահաբեկիչներին քաշելու 30 կիլոմետր հարավ, բայց չարեցին։ Վերջերս ահաբեկչական կառույցն ավելացրել է ոտնձգությունները Սիրիայի ներսում և նաև Սիրիայից դեպի մեր տարածքներ։ Մեր հարցերն ինքներս ենք լուծելու և մաքրելու ենք։ Եթե այդ երկրները տեր չկանգնեն իրենց խոսքին, մենք էլ կանենք մեր համապատասխան քայլերը։ Թուրքիան, երբ դեմ հանդիման է դուրս գալիս վտանգին, հաշվի չի առնում, թե ով որտեղ է գտնվում, անում է այն, ինչ պետք է ու վերացնում է» ։
Թուրքիայի դիրքավորումն այլ տարածաշրջաններում
Ուկրաինական ճգնաժամին համընթաց՝ Անկարան շարունակում է համապատասխան քաղաքական քայլերը հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջաններում։ Ընդ որում, այս ուղղությամբ ևս թուրքական կողմն առաջնորդվում է ստեղծված իրավիճակում առավելագույնս շահելու սկզբունքով։ Այսպես՝ դեռևս 2021 թ. սկզբից նախաձեռնված «կարգավորման» քաղաքականության շրջանակներում Անկարան ընդգծված նախաձեռնողականությամբ շարունակում է Մերձավոր Արևելքի մի շարք առանցքային դերակատարների հետ հարաբերությունների կարգավորմանը միտված նպատակային քայլերը։ Այս համատեքստում շոշափելի տեղաշարժեր են արձանագրվել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ հարաբերություններում, փորձ է արվում առաջ մղելու Իսրայելի հետ ընթացիկ տարվա սկզբին մեկնարկած բաց երկխոսությունը, ինչպես նաև հասնելու Եգիպտոսի հետ արդյունավետ շփումների մեխանիզմի ձևավորման:
Ի տարբերություն Մերձավոր Արևելքի՝ արևելամիջերկրածովյան տարածաշրջանում Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերություններում Անկարան կրկին կոշտացրել է իր դիրքորոշումը, սրել հռետորաբանությունը՝ փորձելով ԱՄՆ-ի հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում հարաբերությունների բարելավման միտումն օգտագործել նաև այս տարածաշրջանում սեփական շահերն առաջ մղելու նպատակով։ Այս ուղղությամբ ռազմաքաղաքական հարթությունում վերջին լուրջ սրացումը գրանցվել էր 2020 թ. ընթացքում: Այդ ժամանակ ԵՄ պատժամիջոցների սպառնալիքի ճնշմամբ Անկարան փոխեց մարտավարությունը, և խնդիրները տեղափոխվեցին բանակցային հարթություն: Ներկայումս հենց թուրքական կողմի հրահրմամբ իրավիճակը կրկին սրվել է: Անկարան դարձյալ օրակարգ է վերադարձրել Էգեյան ծովում հունական կղզիների ռազմականացման խնդիրը՝ սպառնալով վիճարկել դրանց նկատմամբ հունական ինքնիշխանության հարցը:
Թուրքիայի շահերի գոտի հանդիսացող մեկ այլ տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, նկատվում է Անկարայի քաղաքականության ակնհայտ պասիվություն։ Մասնավորապես, ուկրաինական ճգնաժամի ակտիվ փուլի մեկնարկից հետո Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգծի առաջնահերթություններում հետին պլան են մղվել այս տարածաշրջանի խնդիրները: Վերոնշյալ տեսակետի օգտին է խոսում ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տեմպի դանդաղեցման իրողությունը, այնպես էլ մինչև ճգնաժամը նաև Թուրքիայի կողմից ակտիվորեն առաջ մղվող «3+3» ձևաչափի նախաձեռնման ուղղությամբ ակտիվ քայլերի բացակայությունը: Թուրքական հարավկովկասյան օրակարգի այս միջանկյալ մարտավարությունը, ամենայն հավանականությամբ, հաշվարկվում է ուկրաինական հակամարտության խորացման պայմաններում նաև այս տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման հնարավորությամբ, որը, ինչպես ապացուցված է պատմականորեն, ավելի կդյուրինացնի Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդումը և, որ ամենակարևորն է, առանց լուրջ զիջումների։ Հետևաբար թուրքական ներկայիս մարտավարությունը հիմնված է Ադրբեջանի դերակատարությանը համակողմանի աջակցության, ինչպես նաև ընդհանուր խնդիրների առաջմղման տրամաբանության վրա։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա ներկա փուլում Անկարայի հիմնական խնդիրը զուտ գործընթացի կենսունակության ապահովումն է՝ առանց շոշափելի արդյունքների արձանագրման։ Որպես վերոնշյալ տեսակետի փաստարկում կարելի է դիտարկել Թուրքիայի կողմից Հարավային Կովկասում տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման գործընթացում ադրբեջանա-թուրքական «Զանգեզուրի միջանցքի» նախագծի առաջմղումը առնվազն պաշտոնական հռետորաբանության և քարոզչական հարթություններում:
Ամփոփելով կարելի է նշել, որ ուկրաինական ճգնաժամն իր աշխարհաքաղաքական հետևանքներով ինչպես լրջագույն մարտահրավերներ, այնպես էլ կարևոր հնարավորություններ է ստեղծում նաև Թուրքիայի համար։ Զարգացումներին արձագանքելու Անկարայի քաղաքական ճկունությունը և ցայժմ արձանագրված իրավիճակային հաջողված դիրքավորումները հնարավորություն են ընձեռում ոչ միայն լուծելու տարաբնույթ խնդիրներ, մեծացնելու սեփական քաղաքական կշիռը, այլև երկիրը զերծ պահելու հնարավոր գլոբալ անկայունության հետևանքներից։ Միևնույն ժամանակ սեփական շահերի վրա գերկենտրոնացման թուրքական մանևրային հայտնի քաղաքականությունը հերթական անգամ հավաստում է այս պետության՝ վտանգավոր և անվստահելի խաղացող լինելու պատմականորեն փաստված իրողությունը։
Արմեն Պետրոսյան
Արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ