Հայ ազգային-ազատագրական պայքարի փուլերը, մարտավարական փոփոխություններն ու արտաքին կողմնորոշման խնդիրը
01 Օգոստոս 2022
Հայոց պետականության անկումից հետո Հայաստանը կռվախնձոր դարձավ քոչվոր զավթիչների միջև: Քոչվորների իրարահաջորդ արշավանքներն ու ծանր լուծը հայ ազգային շրջանակներում հասունացրին Հայաստանի ազատագրության և սեփական պետություն ունենալու գաղափարը:
Ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսությունը նախ ծնունդ առավ ազգային-եկեղեցական շրջանակներում, այնուհետև դրա կրողը դարձան հայ խոջաները (վաճառականներ) և պահպանված հատուկենտ ազնվականական տները: Հայ ժողովրդի՝ ավելի քան 600 տարի տևած ազգային-ազատագրական պայքարը ենթարկվեց մարտավարական մի շարք փոփոխությունների՝ յուրաքանչյուր դարաշրջանին համապատասխան կրելով ժամանակաշրջանի մտածողության կնիքը:
Ինչպես ասացինք, Հայաստանի անկախության վերականգնման գաղափարի առաջին կրողը հայ հոգևորականությունն էր, որի միջոցով էլ այն տարածվեց ավելի լայն շրջանակներում: Հայերի ստրկական ծանր վիճակը, շարունակվող արտագաղթը, ալան-թալանը, կոտորածներն ու հալածանքները հոգևորականները բացատրում էին հայերի գործած բազում մեղքերով, որոնք առաջ էին բերել Աստծու զայրույթը, ուստի ժամն էր, որ հայերն ապաշխարեին: «Ահա եկեղեցական այս միջավայրում է ծնվում ազատագրական մտքի յուրօրինակ արտահայտություններից մեկը՝ հայ ազատագրական լեգենդը»1: Այդ լեգենդի համաձայն՝ Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Մեծը «մահվան մահճում գուշակել էր ոչ միայն հայկական պետականության կործանումը, այլև Հայաստանում օտար ամենադաժան տիրապետությունների հաստատումը և հայերի՝ աշխարհով մեկ ցրվելը: Տեսիլի համաձայն՝ Հայաստանը կարող էր ազատագրվել միայն երկար տարիներ անց, բայց առանց արտաքին քրիստոնյա հզոր պետության օգնության սեփական ուժերով դա հնարավոր չէր»2: Այս լեգենդն էլ կանխորոշեց հայ ազգային-ազատագրական պայքարի հետագա մարտավարությունը՝ Հայաստանի ազատագրման գործում հույսը դնել ոչ թե սեփական ուժերի, այլ արտաքին միջամտության՝ քրիստոնյա պետությունների օգնության վրա: «Ազատագրական լեգենդը տարբեր պատմաշրջաններում, կախված քաղաքական իրադրությունից, տարբեր «փրկիչներ»ի է մատնանշել, ազատագրական առաքելությունը վերագրել տարբեր հասցեատերերի: Հայերի համար ազատարար Արևմուտքը սկզբում Բյուզանդիան էր (նշվում էին որպես հռոմեացիներ): Կ. Պոլսի անկումից հետո (1453) ազատարար Արևմուտքը տեղափոխվեց էլ ավելի արևմուտք՝ դեպի Հռոմ, դեպի ֆրանկների աշխարհը: Ազատագրական առաքելությունը հերթականությամբ վերապահվում էր մե՛րթ Հռոմի պապին ու Վենետիկի դոժին, մե՛րթ Բուրբոններին, Հաբսբուրգներին ու գերմանական տարբեր իշխաններին և ի վերջո ռուսաց ցարին»3: «Ազատարար» Արևմուտքը, օգտվելով հայերի ծանր վիճակից, պահանջում էր կաթոլիկություն ընդունել, հայերն էլ իրենց հերթին Հայաստանի ազատագրման համար պատրաստ էին դավանաբանական որոշ զիջումների, բայց Արևմուտքն այդպես էլ խոսքից գործի չանցավ:
16-17-րդ դարերում սկսվեցին հայ ազատագրական պայքարի գործիչների անվերջանալի թվացող դեգերումները «ազատարար» Արևմուտքում: 1547 թ. Ստեփանոս Ե Սալմաստեցու գլխավորությամբ Ս. Էջմիածնում հրավիրվում է գաղտնի խորհրդաժողով. քննարկման թեման էր Հայաստանի ազատագրման հարցը: Խորհրդաժողովն ընդունում է մի «աղերսագիր» և որոշում կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկել Վենետիկ ու Հռոմ: 1548 թ. պատվիրակությունը հասնում է Վենետիկ և տեսակցում Վենետիկի դոժին, 1549 թ.՝ լինում Հռոմում, այնուհետև՝ Վիեննայում և Վարշավայում, որտեղ Ստեփանոս Ե-ն հանդիպում է Կառլոս 5-րդ կայսեր և Սիգիզմունդ 2-րդ թագավորի հետ: 1551 թ. հայկական պատվիրակությունը ձեռնունայն վերադառնում է Հայաստան:
1562 թ. մայիսի 20-ին հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացին հրավիրում է գաղտնի խորհրդաժողով, որի ընթացքում որոշվում է Եվրոպա ուղարկել մի պատվիրակություն՝ Աբգար Թոխատեցու ղեկավարությամբ: 1563 թ. լինելով Վենետիկում և Հայաստանի նկատմամբ հովանավորության խոստում ստանալուց հետո Աբգար Թոխատեցին ուղևորվում է Հռոմ: Նրա ջանքերը, սակայն, ապարդյուն են անցնում՝ բախվելով «ազատարար» Արևմուտքի սառն անտարբերությանը: 1575-1584 թթ. և հետագա տարիներին ևս շարունակվեցին հայ գործիչների ապարդյուն դեգերումները Արևմուտքում:
1677 թ. Ս. Էջմիածնում Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը հրավիրում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին նաև Արցախի ու Սյունիքի մելիքները: Ընտրված պատվիրակությունը՝ Հակոբ Դ Ջուղայեցու գլխավորությամբ, «1677 թ. հունիսին անցնում է Վրաստան և բանակցություններ վարում Քարթլիի թագավոր Գեորգի 11-րդի հետ: Այստեղ մշակվում է հայ-վրացական համատեղ պայքարի ծրագիր, որի համաձայն՝ հայերը պետք է դիմեին Արևմուտքի, իսկ վրացիները՝ Ռուսաստանի օգնությանը»4: Սակայն 1680 թ. օգոստոսի 1-ին Հակոբ Դ Ջուղայեցին հանկարծամահ է լինում, և պատվիրակությունը ստիպված վերադառնում է Հայաստան:
Հայ ազատագրական պայքարի նոր փուլը կապված է Իսրայել Օրու անվան հետ: 1680-ական թթ. վերջերին Վենետիկում հաստատված Իսրայել Օրին երկար դեգերումներից հետո՝ 1698 թ., հանդիպում է Պֆալցի իշխան Հովհան Վիլհելմին և նրան ներկայացնում Հայաստանի ազատագրության խնդիրը: Այնուհետև ուղևորվելով հայրենիք՝ 1699 թ. ապրիլի 9-ին Օրին Սյունիքի Անգեղակոթ գյուղում հրավիրում է գաղտնի ժողով: Մելիքների խորհրդաժողովը որոշում է օգնություն խնդրել Ավստրիայի կայսր Լեոպոլդ 1-ինից, Տոսկանայի մեծ դուքս Կոզմաս 3-րդից և Պֆալցի մեծ իշխան Հովհան Վիլհելմից: Մելիքների դիմումներով և Մինաս վարդապետ Տիգրանյանցի ուղեկցությամբ 1699 թ. ապրիլի 29-ին Իսրայել Օրին մեկնում է Եվրոպա: 1700 թ. վերջերին Օրին արդեն Վիեննայում էր, որտեղ Ավստրիայի Լեոպոլդ 1-ին կայսրը նրան հուշեց օգնության խնդրանքով դիմել Ռուսաստանի ցարին: Եվրոպան փաստորեն ձեռքերը լվաց Հայաստանի ազատագրումից, իսկ մերժում ստացած Օրին ստիպված էր հայացքն ուղղել դեպի հյուսիս՝ հզորացող Ռուսաստան: 1701 թ. հուլիսի 7-ին Օրու գլխավորած պատվիրակությունը հասավ Մոսկվա: Հայ ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ազատագրության հույսը կապվեց ոչ թե Արևմուտքի, այլ Հյուսիսի՝ Ռուսաստանի հետ:
Օրու՝ Պետրոս 1-ինին ներկայացրած զեկուցագրում նշվում էր, որ հայերը վաղուց իրենց հույսը կապել են Ռուսաստանի օգնության հետ. «….այս խեղճ ժողովուրդը միշտ ապրել ու ապրում է Ձեր թագավորական մեծությունից օգնություն ակնկալելու հույսով: Ժողովրդի մեջ կա մի նախապատմություն, թե… գալու է Մոսկվայի օգոստոսափառ տնից ինչ-որ մի իշխան, Ալեքսանդր Մեծից ավելի քաջ մեկը, որը ազատելու է քրիստոնյաներին և վերականգնելու է հայոց թագավորությունը»5: Այսպիսով՝ քաղաքական նոր պայմաններից ելնելով՝ հայ ազատագրական միտքը նոր փոփոխությունների ենթարկվեց՝ արևմտակենտրոնից, դառնալով հյուսիսակենտրոն:
Չխորանալով մանրամասնությունների մեջ՝ նշենք միայն, որ 1722 թ. սկսված ռուսական բանակի պարսկական արշավանքը, թեև ցանկալի արդյունքը չտվեց, բայց, ըստ էության, սկիզբ դրեց հայ-ռուսական ռազմական համագործակցության:
Այլ էին ազգային-ազատագրական պայքարի ընկալումները Արցախում և Սյունիքում: Արցախի հայկական զինված ուժերը ազատագրական կռիվների միջոցով երկրամասից դուրս քշեցին պարսկական վարչակազմին և զորամասերին. «….փաստորեն, 1722 թ. վերջերին և 1723 թ. սկզբներին ամբողջ Արցախն ազատագրված էր պարսկական իշխանության մնացուկներից»6: 1724 թ. Գյուլիստանի և Ջրաբերդի զինված ուժերը ջախջախիչ պարտության մատնեցին Արցախի որոշ շրջաններում հաստատված քոչվոր թուրքերին (Կովկասի թուրքեր, ներկայիս եզրույթով՝ ադրբեջանցիներ): Շուտով, սակայն, սկսվեց Օսմանյան Թուրքիայի արշավանքը տարածաշրջան, և թշնամու դեմ միայնակ մնացած Արցախի ազատագրական ուժերը, մինչև 1731 թ. դիմադրելով, պարտություն կրեցին բացառապես ուժերի անհավասարության պատճառով. տարիներ շարունակ հերոսաբար պաշտպանվող արցախցիները ի վերջո բախվեցին թուրքական ուժերի քանակական գերակշռությանը, բայց Արցախում ազատարարական տրամադրությունները պահպանվեցին նաև հետագայում:
Արցախի հետ միաժամանակ դիմադրության դրոշ էր պարզել նաև Սյունիքը: Ի տարբերություն Արցախի, որտեղ 40.000-անոց հայկական զինուժ կար, Սյունիքում այդպիսի ռազմական ուժ չկար: Ի տարբերություն Արցախի, որն ուներ ազատագրական պայքարը ղեկավարող երկու հեղինակավոր գործիչներ՝ Եսայի Հասան-Ջալալյանն ու Ավան հարյուրապետը, Սյունիքում նման հեղինակավոր գործիչներ չկային: Դրանով էր պայմանավորված այն, որ Սյունիքի ազատագրական ուժերն իրենց հայացքն ուղղել էին Վրաստան, որտեղից էլ Սյունիք ժամանեց Վախթանգ թագավորի մերձավորագույն զինակիցներից Դավիթ Բեկը: Կարճ ժամանակում նրա շուրջը հավաքվեցին շուրջ 2.000 մարտիկներ: 1725 թ. Գողթնի և Մեղրիի մարտերից հետո Սյունիքն ազատագրված էր, ցավոք կարճ ժամանակով, ինչպես Արցախը: 1728 թ. Դավիթ Բեկը մահացավ, և Սյունիքի ազատագրական ուժերը ղեկավար ընտրեցին Մխիթար Սպարապետին: Ցավոք սրտի, շուտով այդ ուժերը պառակտվեցին, Մխիթարը գրեթե միայնակ մնաց և, չնայած դրան, շարունակեց հերոսական պայքարը: 1730 թ. Օրդուբադում թուրքերին ծանր պարտության մատնելուց հետո Մխիթար Սպարապետը սպանվեց խնձորեսկցի մի խումբ դավաճանների ձեռքով: Մխիթարի սպանությունից հետո Սյունիքում չգտնվեց մեկը, որը կշարունակեր Դավիթ Բեկի գործը, բայց, չնայած դրան, «Սյունիքի հայության առանձին զինված ջոկատներ, ապավինած լեռնային անմատչելի վայրերին, մինչև 30-ական թվականների կեսերը դեռ շարունակում էին պարտիզանական պայքարը»7:
18-րդ դարի երկրորդ կեսին հայ ազատագրական պայքարի կենտրոններ դարձան Հնդկաստանի և Ռուսաստանի գաղթավայրերը, մասնավորապես՝ «Մադրասի խմբակի» (Շ. Շահամիրյան, Մ. Բաղրամյան, Հ. Էմին և ուրիշներ) և ռուսահայ գաղթօջախի գործիչների (Հ. Լազարյան, Հ. Արղության և այլք) գլխավորությամբ, որոնք առաջ էին քաշում Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական պետություն ստեղծելու նախագիծ: Հայ ազատագրական շարժման այս փուլի ամենանշանավոր դեմքը թերևս Հովսեփ Էմինն էր: Երկարատև մաքառումներից հետո՝ 1759 թ. վերջերին, Էմինը վերջապես Հայաստանում էր, որը բացասական առումով ցնցեց նրան. հայ ժողովուրդը վերածվել էր պատմական հիշողությունը կորցրած իրավազուրկ ստրուկի: Հայաստանում չգտնելով պայքարի պատրաստ որևէ ուժ՝ Էմինը հայացքը դարձրեց դեպի Ռուսաստան: Եկատերինա 2-րդ կայսրուհու և վարչապետ Վորոնցովի կողմից հայերին օգնելու խոստում ստանալուց հետո նա մեկնում է Վրաստան՝ նպատակ ունենալով վրացական բանակի և հայ մելիքների ուժերով ազատագրելու Արևելյան Հայաստանը: Էմինի գաղափարները, ի վերջո, պաշտպանություն գտան Արցախի մելիքների շրջանում:
Էմինի գործունեությանը ուշադիր հետևում էր Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, որն էլ Գանձասարի կաթողիկոսից և մելիքներից պահանջեց հրաժարվել Արցախում հաստատված Էմինի ծառայություններից և հեռացնել նրան Արցախից: 1767 թ. մելիք Հովսեփը ճարահատյալ խնդրում է Էմինին թողնել Գյուլիստանը: Էմինը ստիպված հեռանում է Արցախից և 1768 թ. մեկնում Հնդկաստան` շարունակելով պայքարը Հայաստանի ազատագրության համար:
Իսրայել Օրու, Հովսեփ Էմինի, Մովսես Սարաֆյանի և նրանց հաջորդների գործունեությունը հստակ ուրվագծեց հայ ազատագրական պայքարի նոր ուղղվածությունը՝ ավանդական Արևմուտքի փոխարեն դեպի Ռուսաստան: Այս ուղղությունն ավանդական դարձավ հետագա տարիներին: Իր հերթին Ռուսաստանը ձգտում էր ընդլայնվելու դեպի Կովկաս, և այդ ճանապարհին որպես հուսալի հենարան էր ընկալվում հայ ժողովուրդը: Ահա թե ինչու ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների ընթացքում հայ ժողովուրդն աջակցեց Ռուսաստանին:
1804-1813 թթ. տեղի ունեցած ռուս-պարսկական առաջին պատերազմն ավարտվեց 1813 թ. հոկտեմբերի 12-ին Գյուլիստանի պայմանագրի կնքմամբ, որով հաղթող «Ռուսաստանի կազմի մեջ էին մտնում հյուսիսարևելյան Հայաստանի հետևյալ շրջանները՝ Գանձակը, Ղարաբաղը, Զանգեզուրը, Շիրակը»8, իսկ մինչ այդ՝ 1801 թ., Վրաստանի հետ միասին Ռուսաստանի կազմում էին ներառվել վրաց թագավորությանը ենթակա հայկական գավառները՝ Փամբակը, Լոռին և Ղազախ-Շամշադինը: Իսկ ահա 1826-1828 թթ. ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո Թուրքմենչայի պայմանագրով Պարսկաստանը Ռուսաստանին զիջեց Երևանի ու Նախիջևանի խանությունները և Օրդուբադի գավառը, այսինքն՝ Արևելյան Հայաստանի մեծ մասը, բացառությամբ Պարսկահայքի, միացավ Ռուսաստանին:
Այլ ճակատագիր էր վիճակված Արևմտյան Հայաստանին ու արևմտահայությանը: 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով ռուսական զորքերը գրավեցին Ախալցխան, Ախալքալաքը, Կարսը, Բայազետը, Ալաշկերտը, Դիադինը, Օլթին, Քղին, Էրզրումը, Խնուսը և Մուշը: Թեև պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով, սակայն Ադրիանապոլսի պայմանագրով հայկական տարածքներից Ռուսաստանին անցան միայն Ախալքալաքն ու Ախալցխան, իսկ մյուս տարածքները Անգլիայի ու Ֆրանսիայի ճնշմամբ Ռուսաստանը ստիպված եղավ թողնել Թուրքիային: Սա դարձավ վատ նախադեպ ռուս-թուրքական հետագա պատերազմների համար, երբ, որպես կանոն, Ռուսաստանը Անգլիայի, Ֆրանսիայի և Ավստրո-Հունգարիայի ճնշմամբ ստիպված Թուրքիային էր թողնում իր գրաված տարածքները: Բացառություն եղան 1877-1878 թթ. պատերազմների ժամանակ Ռուսաստանին անցած Արդահանի, Սարիղամիշի, Օլթիի և Կարսի շրջանները, որոնց հիման վրա էլ կազմավորվեց Կարսի մարզը (19.000 քառ. կմ):
1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո արմատական փոփոխություն տեղի ունեցավ հայ ազգային-ազատագրական պայքարում. Հայաստանի ազատագրության հարցը դարձավ միջազգային դիվանագիտական խնդիր և դիվանագիտական օրակարգ մտավ որպես Հայկական հարց: Առաջին հայացքից դրական այս երևույթը, սակայն, ակնկալվող դրական արդյունքը չունեցավ հայության համար, քանզի մեծ տերությունները մի կողմից Հայկական հարցը մահակ դարձրին Թուրքիայի գլխին՝ նրանից իրենց ցանկալի զիջումներ կորզելու համար, մյուս կողմից էլ նպատակ էին հետապնդում Հայկական հարցին միջամտելով չեզոքացնելու Ռուսաստանի տարածաշրջանային առավելությունը: Հայ ժողովուրդը, ներքաշվելով համաշխարհային քաղաքական խաղերի մեջ, մեկ անգամ ևս ստիպված էր ազատագրական պայքարի իր մարտավարությունը ձևել ժամանակի քաղաքական պահանջներին համապատասխան:
Բեռլինի վեհաժողովը և դրանում Սան Ստեֆանոյի 16-րդ հայանպաստ հոդվածի փոխարինումը 61-րդ անորոշ հոդվածով սառը ցնցուղի ազդեցություն ունեցան հայության համար: Հենց դրա հետևանքով էլ Խրիմյան Հայրիկը շրջանառության մեջ դրեց «երկաթե շերեփի» գաղափարը, որի էությունը, փաստորեն, ազատագրական զինյալ պայքարն էր:
Զինյալ պայքարի մարտավարությունը հայ իրականության մեջ միս ու արյուն ստացավ 1890-ականներին, երբ արդեն ձևավորվել էին ազգային-քաղաքական կուսակցությունները: Արևմտյան Հայաստանում տիրող ողբերգական իրավիճակը և արևմտահայության դանդաղ բնաջնջումը Օսմանյան Թուրքիայի կողմից ստիպեցին հայ քաղաքական շրջանակներին որդեգրել ազատագրական պայքարի նոր մարտավարություն: Ծնունդ առավ հայկական ազգային հեղափոխությունը. «….պայքարի ղեկավարությունը ստանձնեցին նոր ձևավորվող ազգային կուսակցությունները, որոնք, չնայած ծրագրային, գաղափարական տարբերություններին, հետապնդում էին նույն գործնական նպատակը՝ թուրքական բռնակալությունից Արևմտյան Հայաստանի ազատագրումը»9: Հաշվի առնելով Հայկական հարցի միջազգայնացումը՝ ազգային կուսակցությունները կարծում էին, թե Հայկական հարցի վերջնական լուծումը ի վերջո վերապահված է միջազգային դիվանագիտությանը: Հայկական հարցի վրա մեծ տերությունների ուշադրությունը հրավիրելու նպատակով հնչակյանները 1890 թ. հուլիսի 15-ին Կ. Պոլսի Գում Գափու թաղամասում խաղաղ ցույց կազմակերպեցին, որը, սակայն, թուրքական իշխանություններն արյան մեջ խեղդեցին: Արդեն պարզ էր, որ Հայկական հարցը դիվանագիտական ճանապարհով լուծվելիք հարց չէ. բնաջնջման եզրին կանգնած հայության գիտակից շրջանակներին կյանքը ստիպում էր անհավասար կռվի մեջ մտնել թուրքական բռնակալության դեմ: Դիվանագիտական խաղաղ ճանապարհով Հայկական հարցը լուծելուն ձգտող հայ քաղաքական միտքը հակվեց պայքարի մարտավարությունը փոխելուն՝ որդեգրելով զինված պայքարի մարտավարությունը: Ելնելով Օսմանյան կայսրության պայմաններից՝ հայ ազատագրական շարժման ղեկավար շրջանակները ստիպված էին ընտրել հայդուկային պայքարը՝ ֆիդայական կռիվների մարտավարությունը: Ֆիդայական կռիվներին լրացնելու էին գալիս ինքնապաշտպանական մարտերը, Արևելյան Հայաստանից խմբերի փոխադրումը Երկիր, անհատների ահաբեկումները, զինատար խմբերը և այլն: Հայ ազատագրական զինյալ պայքարի առաջին փուլին բնորոշ ռոմանտիզմի արգասիք էր Բաբ Ալիի խաղաղ ցույցը, որի ժամանակ զորքն ու խուժանը փակեցին ցուցարարների ճանապարհը և սկսեցին ջարդը: Ցույցն ավարտվեց ամբողջ քաղաքում հայերի ջարդով, որին զոհ գնաց մոտ 2.000 հայ:
Հաշվի առնելով նախորդ շրջանի դասերը՝ հայ ազատագրական պայքարի ղեկավար ուժերը, մասնավորապես՝ Դաշնակցությունը, որոշեցին վերանայել պայքարի մարտավարությունը՝ 1895-1898 թվականների համար: 1895-1896 թթ. համիդյան ջարդերը ազատագրական պայքարում ղեկավար դեր ստանձնած ՀՅԴ-ին դրդեցին դիմելու առավել արմատական քայլերի: Միջազգային հանրության ուշադրությունը Հայկական հարցի վրա սևեռելու նպատակով ՀՅԴ ուշադրության առանցքում հայտնվեց կայսրության մայրաքաղաք Կ. Պոլիսը: Այդ շրջանում Դաշնակցությունը որդեգրեց «զուգակցված հարվածների» մարտավարությունը, որին բնորոշ էր «Երկրում, Կ. Պոլսում ու կայսրության ծովեզրյա խոշոր քաղաքներում միաժամանակյա կամ ժամանակի առումով մեկը մյուսին անմիջապես հաջորդող երկու և ավելի զուգակցված ու մասշտաբային հարվածներ հասցնելու գործելաոճը»10: Այս մարտավարության արդյունք էին Օտոմանյան բանկի գրավումը, Սամաթիայի ռմբային կռիվները և այլն, իսկ գործողությունների նպատակն էր վրեժ լուծել հայ ժողովրդի 1895-1896 թթ. ջարդերի համար և դնել քաղաքական պահանջներ՝ ապահովելով Հայկական հարցին մեծ պետությունների միջամտությունը: Օտոմանյան բանկի գործողության արդյունքներից մեկն այն էր, որ մեծ տերությունների ձեռնարկած քայլերը կաշկանդեցին Աբդուլ Համիդի հետագա գործողությունները: Համիդն ինքն էլ ավելի զգուշավոր դարձավ, և 1896 թվականից հետո՝ մինչև 1909 թ. Ադանայի ջարդերը, արևմտահայության զանգվածային ջարդեր տեղի չունեցան: Թեև առիթները քիչ չէին, հայ հեղափոխականների գործողություններով կաշկանդված Համիդը ստիպված եղավ անպատասխան թողնել նույնիսկ 1905 թ. իր դեմ կազմակերպված մահափորձը:
Հետագայում, սակայն, իրադարձությունները դասավորվեցին ի վնաս հայության: Ելնելով արտաքին քաղաքական անբարենպաստ պայմաններից՝ ազգային-ազատագրական պայքարի ղեկավար ուժերը ստիպված էին հերթական անգամ փոխել պայքարի մարտավարությունը, այս անգամ՝ երիտթուրքական հեղաշրջումից հետո: 20-րդ դարի սկզբին մեծ տերությունները զբաղված էին իրենց խնդիրներով, և Հայկական հարցը հետին պլան էր մղվել, ուստի հայերը ստիպված էին ուղիղ երկխոսության մեջ մտնել և փորձել լեզու գտնել թուրքերի հետ, մանավանդ որ երիտթուրքերն իշխանության էին եկել ֆրանսիական հեղափոխության «ազատություն, հավասարություն, եղբայրություն» լոզունգներով և սկզբնապես լավ քողարկում էին իրենց իրական նպատակները: Հայ քաղաքական ուժերը, իրավիճակից ելնելով, անցան խորհրդարանական լեգալ գործունեության, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ երիտթուրքերը պատրաստ չէին երկխոսության: Երիտթուրքական կառավարության իրական դեմքը լիովին բացահայտվեց 1909 թ. ապրիլի 1-ին կազմակերպված և իրականացված Ադանայի ջարդերից հետո. «Հետզհետէ անտանելի կը դառնային մանաւանդ համաթուրանական գաղափարախօսութեամբ «թիւրքճի» շարժման ճնշումները՝ օսմանեան պետութեան ոչ թուրք փոքրամասնութիւններուն նկատմամբ»11: Փաստացի վերադարձ էր կատարվել նախկին քաղաքականությանը. հայկական նահանգներում կամայականություններն ու բռնությունները հիշեցնում էին Աբդուլ Համիդի օրերը, հետևաբար հայերը նորից ստիպված էին մտածել ինքնապաշտպանության մասին: Այդ նպատակով էր, որ 1911 թ. օգոստոս-սեպտեմբերին տեղի ունեցած ՀՅԴ 6-րդ Ընդհանուր ժողովը ձևավորեց «Ինքնապաշտպանության մարմին», որն էլ լիազորված էր վարելու զինամարտական ողջ գործը: Հայ քաղաքական շրջանակները, համոզվելով, որ երիտթուրքերը շարունակում էին հայերի բնաջնջման աբդուլհամիդյան քաղաքականությունը, ստիպված էին հերթական անգամ փոխել պայքարի մարտավարությունը` նորից դիմելով մեծ պետությունների միջամտությանը՝ հիշեցնելով նրանց Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածի և 1895 թ. «Մայիսյան բարենորոգումների» ծրագրի մասին: Այս շրջանում հայության համար ոգևորիչ էին 1912 թ. հոկտեմբերին բալկանյան պատերազմում Թուրքիայի կրած պարտությունն ու Ռուսաստանի հայանպաստ դիրքորոշումը: Թուրքիային և նրա դաշնակիցներին հարվածելու նպատակով մեծ տերությունները որոշեցին իրագործել բարենորոգումների ծրագրեր, սակայն վերահաս պատերազմը հերթական անգամ խառնեց հայ քաղաքական ուժերի մտադրությունները: Վրա հասավ ողբերգական 1915 թ., երբ թուրքական պետության կողմից իրականացվող ցեղասպանության պայմաններում Դաշնակցության գերխնդիրը դարձավ արևմտահայության բեկորների փրկությունը ինքնապաշտպանական մարտեր կազմակերպելու միջոցով: Այսպիսով՝ 1908-1914 թթ. հայ ազգային-քաղաքական կուսակցությունների՝ որպես ազատագրական պայքարի ղեկավար ուժերի համար բարդ ու հակասական մի շրջան էին, երբ մի քանի անգամ փոփոխվեցին մարտավարություններն ու օրակարգային խնդիրները:
Նորագույն ժամանակաշրջանում ազատագրական պայքարի նոր մարտավարությունը մատնանշեց 1917 թ. դեկտեմբերին Հայոց ազգային խորհրդի կողմից արտակարգ լիազորություններով Երևան ուղարկված Արամ Մանուկյանը. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա խօսք է՝ զուրկ իրական հիմքից ու ան¬¬կեղծութիւնից: Հայերով ո՜չ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտ¬պա¬նելու եւ թէ՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»12: Ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդն ընտրում է սեփական ուժերին ապավինելու մարտավարություն: Այս մարտավարությունը, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ամենաճիշտն էր, որ Մայիսյան հերոսամարտերի միջոցով ծնունդ տվեց Հայաստանի Հանրապետությանը: Իհարկե, ազգային-ազատագրական պայքարը չավարտվեց Հայաստանի Հանրապետության ստեղծմամբ: 1918-1920 թթ. ՀՀ ղեկավարությանը հաջողվեց դիվանագիտական ճանապարհով Հայաստանին միացնել մի շարք հայկական տարածքներ, և մինչև խորհրդայնացումը Հայաստանի Հանրապետությունը փաստացի տիրապետում էր 70.000 քառ. կմ տարածքի (1918 թ. հունիսի 10.000 քառ. կմ-ի փոխարեն): 1920 թ. նոյեմբերի 22-ի Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով (Սևրի պայմանագրի հիման վրա) Հայաստանի Հանրապետությանը պետք է միացվեր ևս 90.000 քառ. կմ Արևմտյան Հայաստանից:
Թվում էր, թե բազմաչարչար Հայկական հարցը վերջապես քիչ թե շատ արդարացի լուծում է ստանում, սակայն արագ փոփոխված արտաքին քաղաքական դրությունը ողբերգական եղավ Հայաստանի համար, որն իր կամքից անկախ ընկավ թուրք-բոլշևիկյան խարդավանքների ծուղակը, իսկ «դաշնակիցները» արագ մոռացան իրենց փոքր դաշնակից Հայաստանի մասին` նրան միայնակ թողնելով թուրք-բոլշևիկյան գերակշիռ ուժերի դեմ: Անհավասար պատերազմում պարտված Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացվեց, իսկ նրա տարածքը բզկտվեց թուրք-բոլշևիկյան դաշինքի կողմից: Բայց Հայաստանի Հանրապետությունը շարունակեց ապրել հայ ժողովրդի սրտում «որպես մշտավառ հուշ անցյալի և իբրև կենդանի հույս ապագայի»13: Այդ հուշն ու հույսն էին, որ 1988 թ. դարձան ազգային-ազատագրական պայքարի նոր փուլի կայծն ու ոգեշնչումը: 1988 թ. փետրվարին Ստեփանակերտում տեղի ունեցած առաջին ցույցերը վերաճեցին Արցախյան շարժման՝ ընդգրկելով ոչ միայն ԼՂԻՄ-ը, այլև ՀԽՍՀ-ն ու հայկական սփյուռքը: Ազգային-ազատագրական պայքարի այս շրջանի սկիզբը ևս աչքի էր ընկնում ընդգծված ռոմանտիզմով, երբ հայությունը հավատում էր, որ խաղաղ ճանապարհով կհասնի Արցախի միացմանը մայր Հայաստանին: «1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի XX գումարման արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»14: Ի պատասխան արցախցիների արդարացի պահանջի՝ նախ Ադրբեջանի, ապա նաև ԽՍՀՄ ղեկավարությունները հայության ազատասիրական ձգտումները ճնշելու համար դիմեցին բռնությունների, իսկ կարճ ժամանակ անց Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմ սանձազերծեց, որից, իհարկե, Հայաստանը չէր կարող անմասն մնալ և Արցախին օգնելու համար ներքաշվեց անհավասար պատերազմի մեջ: Ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ երկրորդ անգամ հայությունն ապավինեց սեփական ուժերին և փոքրաթիվ ուժերով մեծ հաղթանակ տարավ. Արցախն ազատագրվեց, ու դրանով էլ ծնունդ առան մերօրյա հայկական երկու անկախ պետությունները՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները: Թվում էր, թե ազգային-ազատագրական պայքարի այս փուլում տարած հաղթանակից հետո՝ հայությունը շարունակելու է իր պայքարը արդեն նոր մարտավարությամբ, որը որպես հաղթող պետություն դրսևորելու էր դիվանագիտական ճակատում Հայ դատի հանձնախմբերի հաջողություններով, որոնք ի վերջո հանգեցնելու էին հայության վերջնական նպատակի՝ Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի կենսագործմանը: Հայաստանում, սակայն, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, երբ 2018 թ. թավշյա հեղափոխության միջոցով իշխանության եկավ դրածոների մի խմբակ, որի միակ «առաքելությունը» հայ ժողովրդի հաղթանակները փոշիացնելն ու հայկական պետությունները վերացնելն էր։ Դրա համար պետք էր սկսել հայկական երկու պետություններին ծնունդ տված արցախյան հաղթանակի արժեզրկումից, ինչն էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաջողությամբ իրագործեց: Նախ զարգացրին այն թեզը, որ թավշյա հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր է, քան Արցախի հաղթանակը, հետո բոլշևիկների օրինակով պատերազմի հերոսներին բանտերում փակեցին, բանակի հեղինակավոր, պատերազմներով անցած սպաներին փոխարինեցին գրասենյակային զինվորականներով, Արցախի ու արցախցիների դեմ հզոր արշավ սկսեցին՝ չմոռանալով այդ ամենը համեմել «խաղաղության» մասին գայթակղիչ խոստումներով, և, ի վերջո, Հայաստան բերեցին պատերազմը: Պատերազմ, որի ընթացքում Հայաստանը հետևողականորեն առաջնորդեցին դեպի ծրագրված պարտություն: Այնուհետև «պատերազմը կանգնեցնելու» և «խաղաղության դարաշրջան» բացելու պատճառաբանությամբ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրեց` թշնամուն հանձնելով հայկական Արցախի 75 %-ը, այդ թվում՝ հայոց զենքի փառք Շուշին (որը հայության համար հաղթանակների խորհրդանիշ էր, և որի հանձնումը հայությանը հոգեբանորեն ընկճելու նպատակ ուներ): Չբավարարվելով այս ամենով՝ Հայաստանի կոլաբորացիոնիստ ղեկավարը Ադրբեջանին հանձնեց (և ամեն օր շարունակում է հանձնել) Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքները՝ զուգահեռաբար դյուրահավատներին «կերակրելով» «խաղաղության» մասին կեղծ խոստումներով:
Հայաստանում իշխանության բերված այս դրածոների դեմ 2020 թ. նոյեմբերի 11-ին սկսվեց «Հայրենիքի փրկության շարժում» ազգային-ազատագրական պայքարը: Շարժումը, ցավոք սրտի, հասարակության լայն շերտերի ընդգրկվածության բացակայության պատճառով լուրջ հաջողություններ չգրանցեց և ավարտվեց 2021 թ. հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններով, որոնց հետևանքը եղավ դրածո խմբակի վերարտադրությունը:
Ազգային-ազատագրական պայքարի մի նոր փուլ մեկնարկեց 2022 թ. ապրիլի 23-ի ջահերթով: Պայքարի սկզբնավորողն ու շարժիչ ուժը 2021 թ. նոյեմբերին ձևավորված դիմադրության շարժումն է, որին հաջողվել է համախմբել և փողոց դուրս բերել մեծաթիվ մարդկանց, թեև հանուն արդարության պետք է ասել, որ շարժումը դեռևս համազգային բնույթ չի ստացել: 2022 թ. հունիսի 14-ին շարժման ղեկավարությունը մարտավարական որոշակի փոփոխություններով ազդարարեց շարժման առաջին փուլի ավարտն ու նոր փուլի սկիզբը, որի տևողությունն ու արդյունքները կախված կլինեն շարժման ղեկավարների ընտրած մարտավարությունից (հարկ եղած դեպքում այդ մարտավարությունը ժամանակին փոխելու կարողությունից), սեփական սխալներն ու բացթողումները շտկելու վճռականությունից և անկախ ամեն ինչից պայքարը շարունակելու կամքից: Միաժամանակ վճռական խոսքը հայ ժողովրդինն է՝ երկարատև ու ծանր պայքարի իր պատրաստակամությամբ, այն գիտակցությամբ, որ պայքարի ընթացքում չպետք է ակնկալի որևէ արտաքին ուժի միջամտությունը, այլ գործի վճռական մենակի հոգեբանությամբ, քանզի մեր ֆիզիկական անվտանգությունն ու հայկական պետականության գոյությունը հետաքրքիր են միայն մեզ: Կարևոր գործոն է նաև ազգային-ազատագրական այս պայքարում ամեն գնով հաջողության հասնելու անհրաժեշտության գիտակցումը, քանզի դիմադրության շարժման հաջողությունից են կախված հայկական երկու պետությունների գոյությունն ու հայ ժողովրդի հետագա ճակատագիրը:
__________________________________
Հղումներ
1. Հովհաննիսյան Պ., Հայ ազատագրական շարժումները (XV դարի կես-XVIII դարի վերջ). դասախոսություններ, Եր., 2010, էջ 7:
2. Նույն տեղում:
3. Նույն տեղում, էջ 8:
4. Նույն տեղում, էջ 22:
5. Նույն տեղում, էջ 35:
6. Նույն տեղում, էջ 48:
7. Նույն տեղում, էջ 66:
8. Հայոց պատմություն, խմբ.՝ Հր. Սիմոնյան, Եր., 2012, էջ 312:
9. Նույն տեղում, էջ 369:
10. Գրիգորյան Հ., Հայ ազատագրական պայքարի մարտավարությունը 1895-1898 թթ., Եր., 2002, էջ 13:
11. Տասնապետեան Հր., Հ.Յ. Դաշնակցութիւնը իր կազմութենէն մինչեւ Ժ Ընդհ. Ժողով (1890-1924), Աթէնք, 1988, էջ 103:
12. Աստուածատուրեան Ա., Արամը Երեւանում, «Արամը: Մահուան յիսնամեակին առթիւ», Եր., 1991, էջ 89:
13. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993, էջ 609:
14. http://www.nkr.am/hy/karabakh-national-liberation-movement (մուտք՝ 11․07․2022).
Օգտագործված գրականության և աղբյուրների ցանկ
ա) Գրականություն
1. Աստուածատուրեան Ա., Արամը Երեւանում, «Արամը: Մահուան յիսնամեակին առթիւ», Եր., 1991:
2. Գրիգորյան Հ., Հայ ազատագրական պայքարի մարտավարությունը 1895-1898 թթ., Եր., 2002:
3. Հայոց պատմություն, խմբ.՝ Հր. Սիմոնյան, Եր., 2012:
4. Հովհաննիսյան Պ., Հայ ազատագրական շարժումները (XV դարի կես-XVIII դարի վերջ). դասախոսություններ, Եր., 2010:
5. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993:
բ) Համացանցային նյութեր
1. http://www.nkr.am/hy/karabakh-national-liberation-movement.
Անի Մելքոնյան