Հետխորհրդային Ադրբեջանի ամբողջատիրական քաղաքականությունը
03 Օգոստոս 2022
Ադրբեջանական կապիտալիզմի սոցիալական դաժանությունը:
Բաքու հաճախակի այցելող ճանապարհորդների աչքին անմիջապես զարնում են այն խոր դառնությունն ու աճող կորստի զգացողությունը, որ քաղաքացիների մեծ մասն ունի վատթարացող կյանքի հանդեպ: Անկախության կարճատև ցնծությանը հաջորդեց այն բանի գիտակցությունը, որ, այսպես կոչված, անցումային շրջանը շատերի կյանքից երկար կտևի: Խաղաղության, անկախության և բարգավաճման խոստումները, որ թվում էր, թե պետք է հաջորդեին կոմունիստական շրջանին, տասը տարվա ընթացքում հօդս ցնդեցին: ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանն անկում ապրեց և հայտնվեց երրորդ աշխարհի երկրների շարքում: Կապիտալիզմը հաղթեց, և իշխանության ու հարստության համար մղվող դասային պայքարը՝ որպես պատմության անիվը պտտող հիմնական ուժ, արժեզրկվեց: Ժողովրդի համատարած վրդովմունքի հիմնական պատճառն այն է, որ բարեփոխումների սկսվելուց ի վեր, առաջընթացի փոխարեն, երկիրն ավելի խորն է գլորվել անդունդը: Ահա թե ինչի հանգեցրեց Ադրբեջանի անկախության առաջին տասնամյակը:
Ադրբեջանցիների մեծ մասը ծայրահեղ չքավոր է, քանի որ ամբողջ ազգը վարակված է կաշառակերությամբ՝ սկսած երթևեկության կարգուկանոնի պահպանությանը կոչված ոստիկաններից մինչև բարձրաստիճան պաշտոնյաները: Բայց գոյություն ունի նաև հին` խորհրդային ժամանակների համար անգամ աներևակայելի, աչքի զարնող մեկ այլ Ադրբեջան: «Անցումային» կապիտալիզմն անսահման հնարավորություններ է ստեղծել ստվերային շուկայի զարգացման համար, որը շատ արագ մոնոպոլիզացվել է այն մարդկանց կողմից, որոնք կապեր ունեն երկրի ազդեցիկ ընտանիքի հետ: Ամենաշահութաբերը նավթի մաքսանենգությունն է, որի հետևանքով միլիոնավոր դոլարների եկամուտ բերող նավթը լցանավերով տեղափոխվում է Վրաստան, Թուրքիա, Ուկրաինա և Ռուսաստան` շրջանցելով նավթի հիմնական առևտուրը վերահսկող ադրբեջանական մարմիններին:
Առավել մտահոգիչ է այն, որ կառավարությունն ի վիճակի չէ բավարարելու հասարակական ծառայությունների և սոցիալական բարեկեցության նվազագույն պահանջները, առավել ևս ապահովելու այն արտոնությունները, որոնք հասարակությունն ուներ նախքան անկախություն ձեռք բերելը: Պետական կրթական համակարգը փլուզվել է, առողջապահությունը՝ վատթարացել, խղճուկ կենսաթոշակներն այդպես էլ չեն վճարվել, և փլուզվել է սոցիալական հավասարությունը քիչ թե շատ ապահովող համակարգը:
Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները մեղադրում են կառավարությանը, որ վերջինս, կեղծելով մարդահամարի տվյալները, չի հայտնում արտագաղթած տղամարդկանց և կանանց իրական թիվը: Մոտավորապես 20 տարեկանից սկսած՝ տղաները հեռանում են երկրից: Սրա վերաբերյալ ոչ մի պաշտոնական տվյալ չկա, քանի որ կառավարությունը հերքում է խնդրի գոյությունը : Համեմատական վերլուծությամբ ցույց է տրվում, որ ԱՀ պաշտոնական աղբյուրները հետևողականորեն խեղաթյուրում են միգրացիոն հոսքերի պատկերը, մահացությունների և ծնելիության վիճակագրությունը՝ արհեստականորեն ավելացնելով Ադրբեջանի բնակչության պաշտոնական թվաքանակը 2.0-2.2 միլիոնով: Սկսած 1996-1997 թվականներից՝ պաշտոնական Բաքուն խեղաթյուրում է բնակչության աճի տարեկան տեմպի և բնակչության սեռական կազմի մասին տվյալները: Հավատարիմ տասնամյակներ ձգվող «ավանդույթներին»՝ պաշտոնական Բաքուն շարունակում է հետևողականորեն աղավաղել երկրի բնակչության ազգային կազմի մասին տվյալները։
Ինստիտուցիոնալացված կոռուպցիա: Երբ կաշառակերությունը տիրում է ղեկավարության վերին օղակներում, այն իր արտահայտությունն է գտնում հասարակության մեջ: Մարդիկ կարծում են, թե պետք է վճարեն ու կաշառք ստանան, և այս կերպ կոռուպցիան ինստիտուցիոնալացվում է: Ադրբեջանցիները շատ են սիրում ասել, թե կոռուպցիան այնքան բնորոշ է իրենց պետությանը, որ, առանց դրա, երկիրը պարզապես չի կարող գոյատևել: Նավթային եկամուտների հոսքի և համատարած կաշառակերության վերաբերյալ իր հոդվածում ամերիկացի լրագրող Ջ. Գոլդբերգը ժամանակին հասարակ ադրբեջանցիներին հարց էր տվել, թե ինչու, չնայած համատարած կաշառակերությանը, Ադրբեջանում չկա մաֆիա։ Տեղացի մի գործարար բացատրել էր. «Երբ կաշառակերությունը գալիս է ղեկավարությունից, էլ մաֆիայի կարիք չի լինում. պետությունն ինքնին մաֆիա է» : Սակայն այս բոլոր հանցանքները խամրում են նավթային մաքսանենգության դիմաց, որը պետական մասշտաբով իրականացվում է նախագահական ընտանիքի կողմից: Վերջինս իր ձեռքում է պահում արտահանման բացարձակ մենաշնորհը, ինչպես նաև նավթային արտադրանքի տեղական բաշխումը: Տարիներ առաջ նախագահ Ալիևի եղբայր Ջալալ Ալիևին է պատկանել «Azpetrol» կոչվող ազգային բենզալցակայանների կարտելը: Վրաստանի կառավարության վիճակագրական տվյալների համաձայն՝ ամեն տարի ԱՀՆՊԸ-ն Վրաստանի սևծովյան Բաթումի և Փոթի նավահանգիստներով արտահանել է 6.5 մլն տոննա ավելի հում նավթ, քան հայտնել են Ադրբեջանի կառավարության պաշտոնյաները: Այս չհայտարարագրված տեղափոխումների միջոցով նախագահական կլանը տարեկան ստացել է մոտ 1 մլրդ դոլարի եկամուտ :
Մի քանի միջազգային ուսումնասիրություններ ցույց են տվել, որ Ադրբեջանը դարձել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը:
Հեյդար Ալիև:
Սկսած 1969 թվականից՝ 33 տարի (ներառյալ 1987-1993 թթ. վեցամյա ընդմիջումը) Ալիևը եղել է Ադրբեջանի գլխավոր ղեկավարը: Պոլիտբյուրոյի որոշ հուշագիրներ նշում են, որ 1988 թ. Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած հայկական առաջին ջարդերը Կրեմլում իշխանության համար մղվող պայքարի արտացոլումն էին։ Դրանք կառավարում էին Ալիևի հին կադրերը, որոնք հույս ունեին Գորբաչովի կողմից նշանակված Ա. Ռ. Վեզիրովի փոխարեն, ով «չափից ավելի ազնիվ էր հանրապետությունում կազմակերպված հանցավորության համար», Ադրբեջանում վերականգնել Ալիևի իշխանությունը : Հեյդար Ալիևի քաղաքական ծրագրի հիմնական կարգախոսն էր անգործունակ քաղաքական գործիչների՝ իրավասու և գործունյա քաղաքական գործիչներով փոխարինումը : Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության քաղաքական մանևրները կենտրոնացած էին Հեյդար Ալիևի ժառանգության շուրջ։ Հ. Ալիևը դեռևս 1994 թ., երբ եկավ իշխանության, իր որդուն՝ Իլհամ Ալիևին, նշանակեց ադրբեջանական նավթային ընկերության՝ «ՍՈԿԱՐ»-ի փոխնախագահ: Նախագահի պաշտոնում Իլհամին ժառանգորդ նշանակելու գործընթացի օրինականացման համար նախագահ Ալիևն առաջարկեց Սահմանադրության մեջ կատարել 39 փոփոխություն և 2000 թ. օգոստոսին դրանց հաստատման համար հանրաքվե անցկացրեց: Ամենակարևոր փոփոխությունն այն էր, որ նախագահի մահվան, հրաժարականի կամ անաշխատունակության դեպքում նրա պարտականություններն անցնում էին վարչապետին: Տեղի քաղաքական գործիչները միաձայն պնդում են, որ այդ փոփոխությունների նպատակն էր Հեյդար Ալիևին իրավունք տալ որդուն նշանակելու վարչապետի պաշտոնում, ինչը հետագայում նրա համար կապահովեր նախագահի աթոռը:
Ներքին դրությունը Ադրբեջանում Իլհամ Ալիևի օրոք:
Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության համար որոշ առումով բախտորոշ տարեթիվ էր 2003 թվականը: Երկրի նախագահ դարձավ Իլհամ Ալիևը, որը շարունակեց իր հոր՝ Հեյդար Ալիևի ուղին՝ որոշ նորամուծություններ մտցնելով քաղաքական դաշտում: Նախ Իլհամի՝ իշխանության գալուց հետո երկրում քաղաքացիական ազատության մակարդակը շեշտակի հետընթաց արձանագրեց: Այսպես՝ «Freedom House» միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցներում 2003 և 2004 թվականներին Ադրբեջանը համարվել է «մասամբ ազատ» պետություն, մինչդեռ 2005 թվականից ի վեր այն ներառվել է «անազատ» երկրների շարքում : Ալիևն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում կարողացել է համախմբել իշխանությունը և կայունություն ապահովել Ադրբեջանում, սակայն, իշխանական համակարգի հովանավորչական բնույթը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում կայունությունը խոցելի է՝ պայմանավորված վերնախավի կլանային մրցակցությամբ։
Կառավարությունն ունի նեոֆեոդալական համակարգի բնույթ. երկրի նախագահը բաշխում է տնտեսության եկամտաբեր ճյուղերից ստացված եկամուտները, թույլ տալիս թիմակիցներին հավաքել գումարներ և նույնիսկ վերահսկել տվյալ շրջանը կամ տարածքը։ Իշխանական համակարգը գործում է վերևից ներքև սկզբունքով։ Իշխող վերնախավն իր շուրջը ստեղծում է նմանատիպ հովանավորչական ցանցեր՝ առանցքային պաշտոններում նշանակելով իր թիմակիցներին ու ազգականներին։
Երկրի նախագահը հանդես է գալիս ոչ միայն որպես իշխանություն և եկամուտներ բաշխող, այլև որպես հարցեր կարգավորող։ Մի կողմից նա համակարգը միասնական է պահում՝ հանդես գալով որպես կապող օղակ վերնախավի անդամների միջև մրցակցությունում, մյուս կողմից՝ կիրառում «բաժանի՛ր, որ տիրես» մարտավարությունը՝ միակենտրոն ու միանձնյա իշխանություն ունենալու նպատակով։ Ուստի, ըստ էության, Իլհամ Ալիևի թիմից որևէ անդամ հայտնի չէ, բայց և այնպես, Ալիևի իշխանությունը կախյալ վիճակում է այն մարդկանցից, որոնք շրջապատում են իրեն։
Ադրբեջանի Հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգը և Ալիևի դոկտրինը:
Ադրբեջանի Հանրապետության տնտեսական համակարգը մոնոտնտեսություն է՝ կառուցված ածխաջրածինների (հում նավթ, հարակից նյութեր և բնական գազ) զգալի պաշարների, դրանց արդյունահանման և արտահանման վրա: ԱՀ իշխանությունները երկրի ածխաջրածինների պաշարներն ընկալում են որպես ռևանշի միջոց թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի նկատմամբ: Ավելին՝ այդ ընկալումը դյուրինացրեց 1990-ական թթ. սկզբին Հ. Ալիևի կողմից իշխանության զավթումը: Հանրությանը նա ներկայացավ իբրև «փրկիչ», որն ազգի ցավերն ամոքելու, հայերից վրեժխնդիր լինելու և ազգի բարեկեցությունն ու երկրի զարգացումն ապահովելու ծրագիր ունի:
Ալիևի դոկտրինի ռազմավարական և աշխարհաքաղաքական բաղադրիչը պետք է դիտարկել 20-րդ դարի 50-ական թթ. վերջի և 70-ական թթ. սկզբի այն գործընթացների ծիրում, երբ արաբա-իսրայելական հակամարտության ենթատեքստում և ավելի լայն` գաղութատիրական համակարգի դեմ «երրորդ աշխարհի» ու «չմիացած երկրների» պայքարի ընթացքում նավթային հարստությունը և նավթի տարանցիկ ուղիները սկսեցին դիտարկվել որպես աշխարհաքաղաքական զորեղ գործիք : Ալիևի դոկտրինը հակադրության մեջ է մեր տարածաշրջանի 6 երկրներից անմիջականորեն 3-ին (Հայաստան, Իրան, ՌԴ)՝ պատանդ վերցնելով տարածաշրջանի 4-րդ երկիրը` տրանզիտային Վրաստանը: Իրականում Անդրկովկասի ներկայիս պառակտման հիմքում ընկած են հենց Ալիևի դոկտրինը և գաղութատիրական աշխարհաքաղաքական իրողությունները, այլ ոչ թե հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ազատագրական պայքարը: Այն անշեղորեն և գրեթե անփոփոխ կյանքի կոչվեց 1990-ական թթ. կեսից սկսած մինչև 2007-2008 թթ.՝ մի կողմից ապահովելով Ադրբեջանի համախառն ներքին արտադրանքի տպավորիչ աճը, մյուս կողմից` տարածաշրջանում Հայաստանը համառորեն շրջանցող էներգատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, լինեն դրանք նավթատարներ և գազատարներ, մայրուղի, երկաթուղի (Բաքու-Թբիլիսի-Կարս) թե էլեկտրաէներգիայի բարձրավոլտ հաղորդագծեր (Բորչկա-Ախալցխա 400 կվ լարման գիծ):
Ադրբեջանն ու «Freedom House»-ը:
Չնայած այն բանին, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի ու Մարդու իրավունքների խորհրդի անդամ է, նա շարունակաբար ենթարկվում է քննադատության մի շարք միջազգային մարմինների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ Պետդեպարտամենտը, «Amnesty International»-ը, «Freedom House»-ը, «Human Rights Watch»-ը և այլն։
ԱՄՆ-ում գտնվող «Freedom House»-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հեղինակավոր կազմակերպություն է, որի կողմից 2014 թվականից ի վեր Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 29 երկրներում իրականացված հետազոտության արդյունքներն ամփոփող վերլուծական զեկույցում Ադրբեջանը դասվում է ավտորիտար երկրների շարքը: Ադրբեջանում ազատ խոսքի և իրավապաշտպանների նկատմամբ գործադրվող ճնշումների՝ Իլհամ Ալիևի վարած հետադիմական քաղաքականությունը երկիրը հեռացնում է ԱՄՆ-ի և Եվրոպայի որդեգրած արժեքներից, և արդեն հասել է ժամանակը, որ միջազգային հանրությունը պատժամիջոցներ կիրառի Բաքվի դեմ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում պարբերաբար նշվում է, որ ավելացել են ազատ արտահայտվելու սահմանափակումները, նաև ահաբեկչությունը, ձերբակալությունները և ուժի կիրառումը լրագրողների և մարդու իրավունքների ու ժողովրդավարության պաշտպանությամբ հանդես եկող ակտիվիստների նկատմամբ:
Ադրբեջանի ամբողջատիրական քաղաքականության դրսևորումներից է նաև
ինֆորմացիոն կամ տեղեկատվական պատերազմը:
Ներկայումս Ադրբեջանը, այսպես կոչված, տեղեկատվական պատերազմ է վարում Հայաստանի դեմ: Տեղեկատվական պատերազմը այնպիսի գործողություն է, երբ հակառակորդը թափանցում է տվյալ երկրի պետական համակարգ և օգտագործում ցանկացած օգտակար տեղեկություն, որպեսզի խաղաղ ժամանակ հակառակորդի դեմ պատերազմ վարի: Տեղեկատվական պատերազմների դրսևորումներից են հակառակորդի մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը, երկրի լարված մթնոլորտում սոցիալական խմբերի մանիպուլյացիան, անվստահության, կասկածամտության սերմանումը, կրոնական բախումների հրահրումը, այլ երկրների հետ պետության հարաբերությունների խաթարումը:
Դեռևս խորհրդային շրջանում ընթանում էր պատմամշակութային հարստությունը սեփականելու տեղեկատվական պատերազմ: Ադրբեջանցի պատմաբանները ցանկանում էին ադրբեջանականացնել հայերի պատմական ժառանգությունը` կեղծելով հայ ժողովրդի պատմությունը: Այսօր ինֆոքաղաքականությունը Ադրբեջանի ռազմավարական կարևոր ուղեգծերից է: Ադրբեջանը հավաքում է տեղեկատվություն, որը կարող է օգտագործել հայության դեմ՝ ներկայացնելով այն սեփական հանրությանը, հայ հանրությանը, իսլամական աշխարհին, ինչպես նաև միջազգային կառույցում որոշումներ կայացնողներին: Որպես թիրախային խումբ նրանք ընտրում են երիտասարդներին: Ադրբեջանական դպրոցական դասագրքերում զետեղված են հայատյացություն սերմանող տեքստեր: Այսպես ադրբեջանցի դպրոցականների նկատմամբ մանիպուլյացիոն միջոցառումներ են իրականացվում հենց Ադրբեջանի նախագահ Ալիևի որոշմամբ:
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան մեծ աշխատանքներ է իրականացնում. կեղծելով պատմական փաստերը՝ ներկայացնում է, թե Արցախում բնակվել են թուրքերը, իսկ հայերը եկվորներ են։ Արցախի և Հայաստանի պատմության կեղծումը իրականում ՀՀ-ի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի արդարացման միջոց է: Կեղծված են նաև Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում իրականացված հայ բնակչության կոտորածները, որոնք ադրբեջանցիների կողմից ներկայացվում են որպես հայկական սադրանքներ:
Ադրբեջանի նոր հռետորաբանությունը Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ 2020 թ. արցախյան պատերազմը հանգեցրեց տարածաշրջանում ուժերի վերադասավորության և ադրբեջանական իշխանությունների կոշտ հռետորաբանության ի հայտ գալուն: Ըստ էության, Ադրբեջանը չսահմանափակվեց միայն այն տարածքների վերադարձով, որոնք վիճելի էին, այլ սկսեց ուժային ճնշում գործադրել անմիջապես Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ։ Բացի այդ՝ հաղթողի դիրքերից Ի. Ալիևը պարբերաբար կոշտ հռետորաբանությամբ դիմում է եվրոպական երկրներին, ԱՄՆ-ին և Ռուսաստանին՝ պահանջելով սահմանափակել շփումներն ու աջակցությունը ՀՀ-ին և Արցախի Հանրապետությանը:
Թեպետ Ադրբեջանը տոնում է հաղթանակը, բայց երկրի ներսում դրա ընկալման զգացողությունը բացակայում է։ Սա Բաքվին մղում է պակաս հավասարակշռված քաղաքականության. մի կողմից նա փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի և Հայաստանի վրա, մյուս կողմից օգտագործում է Թուրքիայի օգնությունը, բայց փորձում է չափից դուրս կախվածության մեջ չհայտնվել նրանից։
Այս հաղթանակը լուրջ խնդիր է ստեղծել Ադրբեջանում վերջին 20 տարվա ընթացքում իրականացվող քարոզչության համար։ Իշխանությունները ժողովրդին վստահեցնում էին, որ հենց ազատագրվեն վիճելի տարածքները, դրանք անմիջապես կբնակեցվեն։ Բայց այդ գործընթացը շատ դանդաղ է ընթանում, հիմնականում խոսքը ռազմական ներկայության մասին է, ոչ թե տարածքների կարգավորման։ Բացի այդ՝ ի հայտ է եկել ահաբեկչական նոր գործոն։ Հայտնի տվյալներով՝ կա մինչև 2000 սիրիացի ահաբեկիչ, որոնք սպասում են իրենց ընտանիքների ժամանմանը այս տարածք։ Որպես հետևանք՝ Ադրբեջանի իշխանությունների քարոզչությունը կորցնում է իր հիմքը:
Լիանա Պետրոսյան