Ադրբեջանի Հանրապետության անվանակոչման հարցի շուրջ
08 Օգոստոս 2022
Մուտք
Թուրք-ադրբեջանական տանդեմը մեր ժամանակներում և հատկապես վերջին մեկ-երկու տարում վարում է, ըստ էության, ոչ միայն տաք, այլև այն լրացնող և սպասարկող հակահայկական ապատեղեկատվական պատերազմ: Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ագրեսիվ-զավթողական նկրտումներն արդարացնելու ու «հիմնավորելու» համար կեղծվում ու խեղաթյուրվում են ոչ միայն ներկայիս իրողությունները, այլև պատմությունը: Դա պետական պաշտոնական մակարդակով, հատուկ հանձնարարությամբ կատարում են նաև Ադրբեջանի հին ու նոր պատմաբանները, և դրա «արդյունքների» մասին ժամանակ առ ժամանակ հրապարակավ հանդես է գալիս ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը: Դժվար չէ նկատել, որ նրանք հավակնություններ ունեն տիրանալու ոչ միայն Արցախին, այլև բուն ՀՀ տարածքներին՝ Սյունիքին, Սևանա լճի ավազանին, անգամ Երևանին: Այս կապակցությամբ, ի պատասխան Ադրբեջանի ղեկավարության հավակնություններին, տեղին ու դիպուկ է արձագանքել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը 2021 թ. ապրիլյան իր ճեպազրույցներից մեկի ժամանակ. «Զավեշտալի է, երբ Հայաստանի և իր բնօրրանում ապրող հայ ժողովրդի նկատմամբ տարածքային պահանջներ է ներկայացնում ղեկավարը մի երկրի, որի անվանումն անգամ Հարավային Կովկասի տարածքում ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով: Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում վերջին հարյուր տարում ընթացել և ընթանում է նոր ինքնության ձևավորման գործընթաց» : Ահա, ի լրումն դրա, կներկայացնենք 1920 թ. ՀՀ «Յառաջ» պաշտոնաթերթում հրապարակված մի վավերագիր-վկայություն (խոստովանություն) այն մասին, թե երբ, ինչպես, ինչ նպատակով և ում կողմից է առաջին անգամ անվանակոչվել Ադրբեջանի Հանրապետությունը:
Ադրբեջան անվան ծագման նախահիմքերը
Նախ պարզաբանենք մի հարց. իրականում ինչպե՞ս է առաջացել Ադրբեջան անվանումը, և ո՞վ է 1918 թ. մայիսի 28-ին առաջին անգամ նորանկախ այդ հանրապետությունը կոչել Ադրբեջանի Հանրապետություն:
Գիտական գրականության մեջ Ադրբեջան անվանումը բացատրվում է իրանական Ատրպատական երկրամասի անվանումով (եզրով): Համաձայն իրանական հեթանոսական (նախաիսլամական) զրադաշտական կրոնի սուրբ գրքի՝ «Ավեստայի»՝ գրված իրանական հին լեզուներից զենդերենով, որը ստեղծվել է Աքեմենյանների տիրակալության շրջանում՝ Ք. ա. 1-ին հազարամյակի կեսերին, Իրանի հյուսիսային մասում ընկած Ատրպատականի երկրամասը հնում կոչվել է Ատրոպատե, որը միջին պարսկերենում՝ պահլավերենում, թարգմանաբար նշանակել է «ատրուշան», հայերեն բացատրությամբ՝ «կրակարան», «կրակատուն արևապաշտների», «կրակի տուն» կամ «կրակի տաճար»: Հայ մեծանուն լեզվաբան Հր. Աճառյանի մեկնաբանությամբ՝ այդ բառի առաջին մասը՝ ատր-ը (պահլավերեն atu), թարգմանաբար նշանակել է «կրակ», իսկ երկրորդ մասը, ըստ նրա, առայժմ մեկնաբանված չէ : «Հայկական սովետական հանրագիտարանում» (ՀՍՀ) (հոդվածի հեղինակ՝ ակադեմիկոս Ս. Երեմյան) «ատրուշան»-ը բացատրվում է հետևյալ կերպ՝ պահլ. atur – «կրակ» և san – «տեղ, կրակարան, կրակատուն, մեհյան, որտեղ պահվում էր «սուրբ» անշեջ կրակը» : Ըստ լեզվաբան, ակադեմիկոս Էդ. Աղայանի՝ ատրուշանը այն տեղն էր, որտեղ կրակը միշտ վառ էր պահվում, այլ խոսքով՝ կրակատուն : Հայկ. ՍՍՀ ԳԱ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» «ատրուշան»-ը դարձյալ մեկնաբանվել է որպես «կրակատուն», «կրակապաշտների պաշտամունքի տեղ» :
«Ատրոպատե»-«ատրուշան» բառի նման լեզվաբանական մեկնությունների ու հղումների նպատակն էր ցույց տալ, որ դրա նախահիմքը Հյուսիսային Իրանի Ատրոպատեն-Ատրպատական երկրամասի անվանումն է, որից էլ արդեն մեր ժամանակներում աշխարհագրական ու քաղաքական առումներով փոխառվել, յուրացվել ու շրջանառության մեջ է դրվել Ազրբայջան-Ադրբեջան անվանումը: Թուրք-ադրբեջաներեն երկիրը կոչվում է Ազերբայջան, որը կազմված է պարսկերեն «ազեր» (թարգմանաբար՝ «կրակ») և «բայջան» (թարգմանաբար՝ «երկիր») բառերից: Հայերենում այդ անվանման հիմքում ընկած է «ադուր» կամ «ադր» բառը, որը նշանակել է «կրակ», իսկ «պատեն»-ը՝ «պատ, ամրոց, տաճար»:
Պատմականորեն գոյություն է ունեցել երկու Ադրբեջան. մեկը՝ Իրանի հյուսիսարևմտյան մասում գտնվող իրանական Ատրպատական-Ադրբեջանը, իսկ մյուսը՝ Անդրկովկասի կամ Այսրկովկասի հարավարևելյան հատվածում գտնվող Ադրբեջանը, որն էլ կազմում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը: Փաստենք, որ հին ժամանակներում Ատրպատականը և դրանից փոքր-ինչ հարավ ընկած Մարաստանը ժամանակ առ ժամանակ ներառվել են Մեծ Հայքի հայկական թագավորությունների կազմում կամ էլ սերտ կապերի մեջ են եղել իրար հետ :
Մ. թ. ա. 1-ին դարի սկզբին ներկայիս Ադրբեջանի տարածքում 26 ցեղերի միավորման հիմքի վրա առաջանում է Աղվանք պետությունը, որը հետագայում հիմնականում բարեկամական ու դաշնակցային հարաբերություններ է ունեցել Մեծ Հայքի հայոց թագավորության հետ: Միջին ու հետագա դարերում հաստատվելով Մեծ Հայքի ու Առաջավոր Ասիայի տարածքներում՝ թյուրք քոչվոր, ապա մոնղոլ, թուրքմեն և այլ նվաճող վաչկատուն ցեղեր կոտորում, ձուլում կամ դուրս են մղում Կովկասի աղվանական երկու տասնյակից ավելի ցեղերին (ժողովուրդներին): Հասկանալի է, որ մշակույթով Հայաստանին ու հայ ժողովրդին մոտ Աղվանից աշխարհն ու աղվանից ժողովուրդը որևէ ցեղային, լեզվական, հոգևոր-մշակութային կապ ու ընդհանրություն չէին կարող ունենալ 11-րդ դարից սկսած Այսրկովկաս ու Առաջավոր Ասիա ներթափանցած տափաստանաբնակ քոչվոր սելջուկ-թյուրքերի կամ հետագայում մոնղոլ-թաթարների և մյուս նվաճող էթնիկ տարրերի հետ:
Այս համատեքստում ընթերցողի մոտ կարող է տարակուսանք ու զարմանք առաջացնել, օրինակ, Ադրբեջանի՝ խորհրդային շրջանի պատմագրության վառ դեմքերից մեկի՝ Ալիսոյբաթ Սումբատզադեի (և ոչ միայն նրա) այն խոսքը, թե ոչ ավել, ոչ պակաս «Ադրբեջանի պատմությունը հաշվվում է շատ հազարամյակներ» : Խորհրդային պատմագրության մեջ ձևակերպում ստացած այս կեղծիքի գաղափարական-քաղաքական հիմքերը ստեղծվել են խորհրդային ժամանակներից՝ սկսած 1920-ական թվականներից: Դրա նպատակն էր Անդրկովկասի երեք «եղբայրական» հանրապետությունների պատմական անցյալի միջև ընդհանրության, կապի ու հավասարության նշան դնելը: Կոմունիստական գաղափարախոսության կարգախոսներից էր, օրինակ, այն, որ խորհրդային ժողովուրդները պետք է լինեին իրավահավասար, միանման ճակատագիր ունեցող, անցյալում ճնշված ու հարստահարված, որոնց լենինյան կոմկուսը եկավ փրկեց ճնշումից ու շահագործումից: Այսպես, օրինակ, եթե հայոց, նաև վրաց անցյալի պատմությունը շատ հին է, ապա նոր-նոր որպես ազգ-ժողովուրդ ձևավորված ադրբեջանական ժողովրդին ևս բարոյահոգեբանական առումով չվիրավորելու համար պետք է դարձնել առաջին երկուսին հասակակից։ Ադրբեջանական ժողովրդի պատմությունը ևս պետք է հասցվեր հին ու հնագույն ժամանակներ, մինչև իսկ հայոց պատմության հնագույն շրջանը. չէ՞ որ նրանք անցյալում պետք է ունենային նույն պատմական ճակատագիրը, իսկ արդեն խորհրդային ժամանակներում՝ խորհրդային ժողովուրդների հետ միասնաբար կառուցեին սոցիալիզմ ու կոմունիզմ:
Ահա սա է եղել խորհրդային պատմագրության գաղափարախոսական հայեցակարգերից մեկը: Եվ այս ամենը՝ այն դեպքում, երբ ընդամենը 11-րդ դարի կեսերից հրոսակային ներխուժմամբ այս տարածաշրջան ներթափանցեցին ու բնակություն հաստատեցին օղյուզ, սելջուկ թյուրք և ապա մոնղոլ, թուրքմենական կարակոյունլու ու աղկոյունլու և այլ քոչվոր տափաստանաբնակ տարրեր, իսկ դրանից միայն մեկ հազարամյակ անց՝ 1918 թ., պատմաքաղաքական իրադարձությունների բերումով հիմնվեց Ադրբեջան կոչվող պետությունը:
«Ադրբեջանցի ազգ» եզրույթի մասին
Արդյոք գոյություն ունեցե՞լ է ադրբեջանցի ազգ կամ ժողովուրդ: Այդ ժողովրդի ցեղասերման հարցը գիտության մեջ վիճահարույց է: Ադրբեջանցի ժողովրդի ցեղասերման միջուկը թյուրքական քոչվոր ցեղերն են, որոնք, 11-րդ դարից հաստատվելով մեր տարածաշրջանում և ընդունելով մուսուլմանական կրոն, դառնում են այդ տարածքում իշխող էթնոտարր: Մեր կարծիքով՝ նման անվանումով ազգ մինչև Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետության (ԱԿՄՀ) անկախության հռչակումը չի եղել: Մինչև 1918 թվականը արևելակովկասյան մուսուլմանական տարրը հայտնի էր կովկասյան թաթար կամ թյուրք անվանումներով: Մինչ այդ արխիվային, պատմավավերագիր, հուշագիր և այլ աղբյուրներից, նյութերից ու գրականությունից մեզ հայտնի է կովկասյան մուսուլման, կովկասյան թաթար կամ պարզապես թյուրք կոչվող բնակչությունը: Հարկ է նաև արձանագրել, որ Ատրպատականի մուսուլման տարրը մեծապես կրել է իրանական բարձր մշակույթի ազդեցությունը և հայտնի է ազերի անվամբ: Սխալվում են բոլոր նրանք, ովքեր թյուրք-թաթարական էթնիկ ծագում ունեցող ներկայիս ադրբեջանցիներին անվանում են ազերի: Հարկ է նշել, որ Անդրկովկասի թյուրք-թաթարների և Թուրքիայի թուրքերի լեզուն ու ավանդույթներն ընդհանրական են:
Մյուս կողմից՝ «Ատրոպատեն-Ադրբեջան»-ը աշխարհագրական հասկացություն է. Ադրբեջան կամ ադրբեջանցի անվանումը դրվել է որոշակի քաղաքական նպատակով: Ինչպես նշվեց, այն ի հայտ է եկել 1918 թ. մայիսի 28-ին՝ շնորհիվ իր կնքահայր Խալիլ փաշայի: Նախախորհրդային աղբյուրներում կովկասյան թուրք, թաթար և այլ անվանումների կարելի է հանդիպել ամենուրեք, իսկ, օրինակ, Ռուսական կայսրության 1897 թ. համընդհանուր մարդահամարի կովկասյան տարեցույցում կամ անդրկովկասյան երկրամասի վիճակագրական, վարչական, հարկային, կրթական և այլ ժողովածուներում ու ցուցակագրություններում Ադրբեջան և ադրբեջանցի անվանումների երբեք չեք հանդիպի:
1918 թվականից առաջ ադրբեջանական պետությունների գոյության մասին խոսք չի կարող լինել, ինչպես ներկայացվում է «Ադրբեջանի պատմություն» յոթհատորյակում , որում շահական Պարսկաստանի կազմում եղած Արևելակովկասյան երկրամասի խանությունների պատմությունը ներկայացված է որպես Ադրբեջանի պետականության պատմություն:
Համեմատության կարգով նշենք, որ պատմությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք լավ գիտե, որ վաղնջական ժամանակներից սկսած՝ հազարամյակների ընթացքում և մինչև 20-րդ դարի սկզբին Հայաստանի անկախության վերականգնումը, հայ ժողովուրդը հայրենի հողի վրա և ոչ միայն այնտեղ կերտել է առնվազն վեց համահայկական պետություն (թագավորություն): Ինչ վերաբերում է Անդրկովկասի արևելյան հատվածներում նախորդ դարերի ընթացքում ձևավորված պետական կազմավորումներին՝ մարզերին, ամիրայություններին, խանություններին և այլն, ապա դրանք եղել են արաբական, սելջուկյան, մոնղոլական, թուրքմենական, իրանական և այլն։ Ադրբեջանցի անվամբ էթնիկ ժողովուրդ չի եղել, որ ստեղծած լիներ իր պետականությունը և պատմական այդ հիմքի վրա էլ հավակնություններ ունենար իրեն հայրենիք համարվող և անգամ դրա սահմաններից դուրս ընկած այլ տարածքների նկատմամբ:
Արևելակովկասյան մուսուլմանների անկախացման հիմքերը:
Ադրբեջան անվան ծագումը
19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին Ռուսաստանում, այդ թվում՝ Անդրկովկասում տեղի ունեցող գաղափարական, սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական տեղաշարժերի ու փոփոխությունների հետևանքով կայսրությունում կատարվեցին մեծ հեղաբեկումներ, որոնց նպաստեց նաև Առաջին աշխարհամարտը։
1918 թ. Անդրկովկասյան Դաշնության փլուզումից հետո և թուրքական զորքերի՝ Անդրկովկաս ներխուժման պայմաններում վրացիների ու արևելահայերի նման արևելակովկասյան թյուրք-մուսուլմանները ևս կարողացան ստեղծել իրենց անկախ պետությունը:
1918 թ. մայիսի 26-ի կեսօրին (ժամը մոտավորապես 12.00-ին) Կովկասի փոխարքայի նախկին պալատում վրաց, հայ և մուսուլման հատվածների ներքաղաքական սուր հակասությունների ու տարամերժ քաղաքական կողմնորոշումների հետևանքով Անդրկովկասյան սեյմը (խորհրդարանը) վրաց սոցիալ-դեմոկրատ մենշևիկների նախաձեռնությամբ, ձայների ճնշող մեծամասնությամբ որոշում ընդունեց Սեյմի, ուստի և ապրիլի 9 (22)-ին իր անկախությունը հռչակած Անդրկովկասի Դաշնային Հանրապետության (ԱԴՀ) լուծարման մասին, և այդ նույն օրը՝ ժամը մոտավորապես 16.00-ին, Վրաց ազգային խորհուրդը՝ Նոյ Ժորդանիայի նախագահությամբ, ակնկալելով կայսերական Գերմանիայի հովանավորությունը, Վրաստանը հռչակեց անկախ պետություն՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն (ՎԴՀ): Հաջորդ օրը՝ մայիսի 27-ին, Թիֆլիսում Անդրկովկասի մուսուլմանների ժամանակավոր ազգային խորհուրդը՝ «Մուսավաթ» («Հավասարություն») կուսակցության հիմնադիր ու առաջնորդ Մամեդ Էմին Ռասուլզադեի ղեկավարությամբ, ստանալով Անդրկովկաս ներխուժած ցեղակից թուրքերի անվերապահ աջակցությունն ու հովանավորությունը, հիմնականում Բաքվի և Ելիզավետպոլի (ոչ ամբողջությամբ) նահանգների սահմաններում հայտարարեց Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետության (ԱԿՄՀ) անկախության մասին : Ինչպես նկատում ենք, մայիսի 27-ի հայտարարության մեջ Ադրբեջան (թուրքերեն արտասանությամբ՝ Ազերբայդջան) պաշտոնական անվանումը դեռ չկա: Մեկ օր անց՝ մայիսի 28-ին, փաստորեն՝ Հայաստանի անկախության հռչակման օրը, դարձյալ փոխարքայի նախկին պալատում կովկասյան թյուրք-թաթարների մեծ բարեկամ ու ցեղակից օսմանցի թուրք Խալիլ փաշայի նախաձեռնությամբ ու հեռագնա առաջարկով նորահռչակ Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետություն անվան փոխարեն ընտրվեց (ըստ էության՝ կրկնօրինակվեց) Իրանի հյուսիսարևմտյան մասում գտնվող պատմական Ադրբեջան երկրամասի անվանումը։ Դրա հիման վրա էլ հանգամանալի քննարկումից հետո 24 կողմ և 2 ձեռնպահ ձայներով ընդունվեց մեկ այլ լրացուցիչ որոշում, որով պաշտոնապես հռչակվեց ԱԿՄՀ անկախությունը, և միաժամանակ կատարվեց անվանափոխություն։ Այդպիսով ԱԿՄՀ-ն վերանվանվեց ու առաջին անգամ պաշտոնապես կոչվեց Ադրբեջան (ամբողջական անվանումը՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն (ԱԴՀ)) : Ի դեպ, նկատենք, որ Վրաստանի և Ադրբեջանի նորահռչակ հանրապետությունների անվանումներին հավելվեց «Դեմոկրատական» եզրը, իսկ Հայաստանի անվանը՝ ոչ, բայց դա ամենևին էլ չէր նշանակում, թե նրանք պետաիրավական առումով ավելի ժողովրդավարական էին, քան Հայաստանի Հանրապետությունը: Մուսուլմանների՝ ավելի քան երեք տասնյակ անդամներից կազմված ազգային խորհուրդը, նույն օրն ընդունելով անկախության մասին ակտը, կազմեց կառավարություն՝ մուսավաթական Ֆաթալի Խան-Խոյսկու գլխավորությամբ, իսկ մայիսի 30-ին ի լուր աշխարհի հայտարարվեց Ադրբեջանի անկախության մասին : Այնուհետև՝ հունիսի 16-ին, Ադրբեջանի ազգային խորհուրդն ու կառավարությունը փոխադրվեցին Ելիզավետպոլ (Գյանջա):
Ի լրումն այս ամենի՝ Ադրբեջան անվան առնչությամբ, իբրև պատմավավերագիր վկայություն, Արտաշես Չիլինգարյանի (Ռ. Դարբինյան) խմբագրությամբ լույս տեսնող ՀՀ կառավարության և ՀՅԴ Բյուրոյի «Յառաջ» պաշտոնաթերթի՝ 1920 թ. մարտի 16-ի «Խալիլ փաշայի ծրագիրները» հաղորդում-հրապարակման մեջ, Կովկասում և տարածաշրջանում ռազմաքաղաքական բնույթի մեկնաբանություններից զատ, բերված է նաև 1918 թ. վերաբերող հետևյալ քաղվածքը. «Երբ Կովկասը չորս հանրապետութիւնների մէջ բաժանւեց (նկատի էին առնվում Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Հյուսիսային Կովկասը – Ա. Հ.), ամուր կռւան հաստատւեց թաթարական նոր հանրապետութեան մէջ – Քուր գետի արևելեան շրջանում Ադրբէջան անունով: Անունը լաւ ենք ընտրել չէ՞, ասում էր Խալիլ փաշան քմծիծաղ (ընդգծումն մերն է – Ա. Հ.), ակնարկելով պարսկական Ատըրպատական, որի նոր հանրապետութեան հետ ձուլւելուն ոչ միայն բաղձանք ունէին, այլև այդ խնդրին ամէն կերպ մղումն էին տալիս» : Տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադարձություններին քաջատեղյակ անանուն հոդվածագիրը նկարագրում է, որ նորահաստատ թաթարական պետությունը 1918 թ. ամռան և աշնան ամիսներին, որ բոլոր կողմերից գրավված էր թուրքական՝ «իսլամական բանակի» կողմից, թուրքական մահիկով պատված հանրային շենքերը և այլն իր վրա թողնում էին թուրքական նահանգի տպավորություն : Անանուն հեղինակի այս հոդվածն ունեցել է շարունակություն «Յառաջ»-ի հաջորդ՝ մարտի 17-ի՝ 56-րդ համարում:Այն հարցի շուրջ, թե իրականում որն է Ադրբեջանի անկախության հռչակման ստույգ օրը, պատմագիտական ու հուշագրական գրականության մեջ կա տարակարծություն: ՀՀ առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունին վկայում է, որ մայիսի 26-ին Անդրկովկասյան Ֆեդերատիվ (Դաշնային) Հանրապետության կազմալուծումից հետո՝ «նոյն օրը Վրաստանը յայտարարեց իր անկախութիւնը: Երկու օր անցած, Մայիսի 28-ին, նոյնը արին Ազրբէյջանը եւ Հայաստանը» : Այսինքն՝ ըստ Հովհ. Քաջազնունու՝ Ադրբեջանի անկախությունը, ինչպես Հայաստանինը, հռչակվել է մայիսի 28-ին: Անկախացման այդ խառն օրերի առնչությամբ ՀՀ 2-րդ վարչապետ Ալ. Խատիսյանը գրում է, որ «թաթարները եւս կը պատրաստուին Մայիս 28-ին յայտարարել Ատրբէջանի անկախութիւնը» : Իսկ ՀԺԿ հիմնադիր Միք. Պապաջանյանը Հայոց ազգային ժողովի մայիսի 28-ի երեկոյան նիստում ունեցած իր ելույթում առաջ անցնելով նշում էր, որ թուրքերն արդեն ձևավորել են պառլամենտ և ընտրել կառավարություն : Ի դեպ, հարկ է նշել, որ կովկասյան թյուրք-թաթարների՝ Ադրբեջան անվան յուրացման նման հավակնությունների առնչությամբ շահական Պարսկաստանի կառավարությունը անգամ բողոք է ներկայացրել միջազգային ատյաններում։ Տեղեկություն կա, որ նորահռչակ ԱԴՀ կառավարությունը (վարչապետ՝ Ֆ. Խան-Խոյսկի) որպեսզի փարատի իրանական կողմի մտավախությունները, երբեմն արտասահման ուղարկվող գրություն-փաստաթղթերում, ըստ նպատակահարմարության, գործածել է «Կովկասյան Ադրբեջան» անվանումը : Այսպիսով՝ պատմության մեջ առաջին անգամ Կասպից ծովի արևմտյան ափին ստեղծվում է մի պետական կազմավորում, որը կոչվում է Ադրբեջանի Հանրապետություն:
Հարկ է կրկին շեշտել, որ «Ադրբեջան» եզրը բացառապես վերաբերել է Իրանի պատմական երկրամաս Ատրպատականին, որի բնակիչները հայտնի են ազերի անվամբ: Հենց այդ պատճառով էլ, ինչպես ասվեց, ժամանակին շահական Պարսկաստանի կառավարությունը բողոքել է նորանկախ Հարավարևելյան Անդրկովկասի՝ թյուրք-թաթարական էթնիկ տարրերից, նաև փոքրաթիվ լեզգի, թալիշ, ուդի և այլ ժողովուրդներից բաղկացած երկրամասը Ադրբեջան անվանելու առնչությամբ : Սա ինքնին նշանակում էր տարածքային հավակնություններ իրանական Ադրբեջանի նկատմամբ: Այս ամենով հանդերձ՝ արհեստականորեն արևելակովկասյան հատվածում Ադրբեջան կոչվող պետությունում այժմ էլ ամենաբարձր մակարդակով հայտարարվում է նույնիսկ Արևմտյան Ադրբեջանի մասին՝ նկատի ունենալով ՀՀ տարածքը։ Խոսվում է Սևանա լճի ավազանի, Սյունիքի, անգամ Երևանի մասին՝ իբրև նորահայտ Ադրբեջանի մասերի: Սա փաստում է, թե ինչպիսի հեռագնա նկրտումներ ունի ներկայիս Ադրբեջանի ռազմատենչ ղեկավարությունը: Արցախին ռազմաքաղաքականապես տիրելուց հետո, թիկունքում ունենալով մեծ եղբայր Թուրքիայի հովանավորությունն ու աջակցությունը, ռազմատենչ գործողություններով ու քարոզչական հռետորաբանությամբ նա ցանկանում է բռնազավթել բուն ՀՀ տարածքները: Քողարկված կերպով դրսևորվող նրա հեռագնա մյուս հավակնությունն էլ վերաբերում է իրանական Ատրպատականին՝ Ադրբեջանին։
Խալիլ փաշան իբրև Ադրբեջան անվան կնքահայր
Հրապարակի վրա եղած վավերագիր նյութից պարզ է դառնում, թե իրականում ով է եղել Ադրբեջանի Հանրապետություն անվան կնքահայրը: Իհարկե, խոսքը, լայն իմաստով, Թուրքիայի, իսկ ավելի կոնկրետ՝ նրա ռազմաքաղաքական գործիչներից, հայ ժողովրդի ջարդարարներից Խալիլ փաշայի մասին է: Խալիլ Կուտ փաշան (1882-1957) երիտթուրքական եռապետության պարագլուխներից էր, Իսմայիլ Էնվեր փաշայի հորեղբայրը: Նա նույնպես «Մեծ Թուրանի» ցնորամիտ գաղափարի ջատագովներից էր: Առաջին աշխարհամարտի տարիներին, ավելի ստույգ՝ 1916-1918 թթ., գլխավորել է Միջագետքում գործող թուրքական 6-րդ բանակը: 1918 թ. մարտին նա մեկ այլ ջարդարարի՝ Էնվերի խորթ եղբայր Նուրի փաշայի հետ Ատրպատականում բանակցել է մուսավաթականների հետ, որպեսզի վերջիններս աջակցեն Անդրկովկաս ներխուժած թուրքական բանակին՝ գրավելու Առանը՝ Կուր և Արաքս գետերի միջակայքը : Տեղեկություն կա, որ Կովկասում թուրքական բանակի հրամանատար Նուրի փաշան Պարսկաստանով իր 300 զինվորական հրահանգիչների հետ ժամանել էր Գյանջա՝ նպատակ ունենալով առաջին հերթին լուծելու «Բաքվի Կոմունայի պրոբլեմը» : Անկախացման այդ օրերին նախկին Սեյմի մուսուլման անդամները ցանկանում էին իմանալ թուրքական հրամանատարության վերաբերմունքը անկախության հարցում, ինչի համար Գյանջա էր մեկնել նրանց Ազգային խորհրդի պատվիրակությունը՝ Ն. Ուսուբբեկովի գլխավորությամբ: Անմիջապես պարզվել էր, որ թե՛ Բաթումից Խալիլ Բեյն ու Մեհմեդ Վեհիբ փաշան և թե՛ Գյանջայից Նուրի փաշան ու, ըստ ամենայնի, Խալիլ փաշան միանշանակ սատարել են Ադրբեջանի անկախացումը: Հայտնի է, թե Խալիլ և Նուրի փաշաները ինչպիսի մեծ դերակատարություն են ունեցել 1918 թ. սեպտեմբերի 15-ի Բաքվի հայերի (28884) և 1920 թ. մարտի 22-23-ի Շուշիի հայերի (մոտ 8000) կոտորածներում : Սակայն փաստենք, որ 1918 թ. հունիսի 4-ին Բաթումի պայմանագրի կնքումից հետո ընդամենը 10 հազ. քառ. կմ ընդգրկող նորանկախ ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված էին Խալիլ փաշայի գլխավորած թուրքական զորամասերը: Ստեղծված ռազմաքաղաքական անկայուն պայմաններում ՀՀ ՆԳ նախարար, Մայիսյան հաղթական հերոսամարտերի կազմակերպիչ ու ոգեշնչող Մեծն Արամը (Սարգիս Հովհաննիսյան), հաշվի առնելով Հայաստանի «փափուկ» վիճակը, փորձել է հանդիպել ու բանակցել 1915 թ. Վանի ինքնապաշտպանության օրերից իրեն ծանոթ այդ նույն Խալիլ փաշայի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել 1918 թ. օգոստոսի 31-ին Երևանի երկաթուղային կայարանում ջերմ ձեռքսեղմումով և անգամ գրկախառնությամբ, ինչը հակադաշնակցական գրականության մեջ հաճախ է շահարկվել: Արամի զգացական, սակայն միաժամանակ դիվանագիտական այդ նուրբ քայլը նպատակ ուներ ինչ-որ կերպ ապահովելու նորաստեղծ պետության կայունությունն ու նրա ժողովրդի անվտանգությունը: Ի դեպ, նրանց միջև եղած անձնական կապի շնորհիվ այդ հանդիպումից հետո Խալիլ փաշան բառիս բուն իմաստով սովյալ և համաճարակներով տառապող Հայաստանին հատկացրեց 25 հազար փութ ցորեն, ինչպես նաև հրահանգ տվեց հայությանը մշտապես անհանգստացնող Բաշ Գառնիի շրջանի Միլլի ձորի թաթարներին հեռանալու այդ վայրից : Նշենք նաև, որ այդ նույն օրերին Խալիլ փաշան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեսակցել է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին: Ի դեպ, Առաջին աշխարհամարտի ավարտին, ջարդեր կազմակերպելու հիմնավորմամբ, Խալիլ փաշան ընդգրկվել էր անգլիացիների կողմից Մալթա աքսորվելիք պատերազմի հանցագործների ցուցակում :
Ամփոփում
Հանրագումարի բերելով վերոշարադրյալը՝ կարելի է արձանագրել, որ Խալիլ Կուտ փաշան է Ադրբեջանի Հանրապետության անվանակոչման կնքահայրը, մի անվանում, որը պարունակել է աշխարհաքաղաքական իմաստ և նվաճողական (էքսպանսիոնիստական) հեռագնա հավակնություններ ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի հանդեպ:
Հին ու նոր Թուրքիան առաջնորդվել ու առաջնորդվում է պանթյուրքական ու պանթուրանական գաղափարախոսությամբ և ներկայումս ստեղծված՝ Միջերկրական ծովից մինչև Խաղաղ օվկիանոս ձգվող իբրև թե հոգևոր-մշակութային նպատակներ հետապնդող Թուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ), անշուշտ, ունի ռազմատենչ աշխարհաքաղաքական նշանակություն։ Անդրկովկաս, Միջին և Կենտրոնական Ասիա, Սիբիր և այլ հսկայածավալ տարածքներ հասնելու և, վերջին հաշվով, իբրև իրենց պատմական հայրենիք դրանց տիրելու թուրքական հեռագնա հավակնությունների հետ, որոնք պետք է մտահոգեն նաև ՌԴ-ին, Իրանին պետք է մտահոգի Ադրբեջանի շարունակությունը համարվող Ատրպատականի (Ազրբայդջան) կեղծիքը. իզուր չէր, որ Խալիլ փաշայի նախաձեռնությամբ 1918 թ. քաղաքական հրապարակ իջեցվեց Ադրբեջան կոչվող հանրապետությունը:
Արարատ Հակոբյան
Պատմ. գիտ. դոկտոր