Այսօր Վահան Հովհաննիսյանը կդառնար 66 տարեկան
16 Օգոստոս 2022
«…Ո՛չ Ղարաբաղյան շարժման սկզբում, ո՛չ Սպիտակի երկրաշարժի սարսափելի օրերին, ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ մութ ու ցուրտ, սովի 90-ականներին, ո՛չ, առավել եւս, 2000-ականների սկզբին մենք չէինք կարող պատկերացնել, որ, որպես ազգ ու երկիր, կարող ենք հայտնվել այն կեղտի մեջ, որում այսօր ենք: Հասկանալ իրադրությունը մեզ կօգնի ոչ միայն այսօրվա իրավիճակի` որպես մեր քաղաքական պատմության առանձին փուլի, վերլուծությունը (մեր լրատվամիջոցներում այդ թեմայով նյութերի պակասություն չկա), այլ նաեւ մեզ այսօրվա աննախանձելի վիճակին հասցրած իրադարձությունների շղթայի սթափ ուսումնասիրությունը…». Վահան Հովհաննիսյանի՝ տարիներ առաջ ասված այս խոսքերը գրեթե ոսկերչական ճշգրտությամբ բնորոշում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների և համայն հայության այսօրեական վիճակը:
Օգոստոսի 16-ին լրանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, մտավորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի ծննդյան 66 ամյակը:
1973 թ. Երևանի թիվ 55 դպրոցը ավարտելուց հետո, կիսատ թողնելով ուսումը Վ. Բրյուսովի անվան ինստիտուտում, Վահան Հովհաննիսյանը մեկնեց Մոսկվա և 1978 թվականին այնտեղ ավարտեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը: Ավարտելուց հետո նշանակվեց աշխատանքի Հարավային Սիբիրում գտնվող Երոֆեյ Պավլովիչ անունով մի քաղաք: Բայց Վահան Հովհաննիսյանը գերադասեց վերադառնալ հայրենիք և աշխատել գյուղում որպես ուսուցիչ: Նա պատրաստ էր դասավանդել ամեն ինչ` պատմություն, գրականություն, ռուսերեն, գերմաներեն: Սակայն, հայրենիքը, ի դեմս այն ժամանակվա Կրթության նախարարության, անհարմար զգալով ուղիղ մերժել վտարանդու որդուն, պատասխանեց, որ նա ՌՍԴՀ կադր է և պետք է աշխատի հենց Ռուսաստանում:
1989 թվականից Վահան Հովհաննիսյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ էր: Հայրենիքում կուսակցության պաշտոնական վերահաստատումից հետո 1990 թվականին ընտրվել է Դաշնակցության առաջին Կենտրոնական Կոմիտեի անդամ և գործուղվել Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանության կազմակերպմանն ու իրականացմանը, և որտեղ վերջապես պետք եկան 5-րդ գրոհային բանակի զինվորական հրաձգարաններում ձեռք բերված գիտելիքները:
1992 թվականին Վ. Հովհաննիսյանն ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ պարտականությունների մոտավորապես նույն շրջանակով: Սակայն քաղաքական մթնոլորտը Հայաստանում շիկանում էր ՀՀՇական իշխանությունների ամեն մի ապաշնորհ սայթաքումի հետևանքով, և Ղարաբաղյան հարցից զատ Դաշնակցության առջև կանգնում էին նորանոր խնդիրներ:
Կուսակցությունը մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասին հաստատուն քայլերով գնում էր դեպի հաղթանակ 1995 թվականի խորհրդարանական ընտրություններում: Դրանից խուսափելու նպատակով իշխանությունները մի շարք կեղծ քաղաքական գործեր մոգոնեցին` քրեական երանգներով, մեղադրեցին Դաշնակցությանը բոլոր տեսակի մահացու մեղքերի մեջ և բանտարկեցին կուսակցության շատ ղեկավարների:
Գտնվելով կալանքի տակ` Վ. Հովհաննիսյանը 1997 թվականին հեռակա կերպով ընտրվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ: 1999 թվականից մինչ կյանքի ավարտը՝ 2014 թվականի դեկտեմբերի 28-ը, ՀՅԴ Բյուրոյի անդամ էր:
Ստորև առաջարկում ենք ընթերցել Վահան Հովհաննիսյանի` միշտ այժմեական հոդվածներից մեկը` «Վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի»։
«Ֆիզիկապես բանտը խլեց իմ կյանքից համարյա երեք տարի: Խլեց երեխաներիս հասունացման կարևորագույն ժամանակաշրջանում նրանց կողքին լինելու հնարավորությունը: Եվ շատ ուրիշ հնարավորություններ, որոնցից մի մասն այլևս չես վերադարձնի: Առաջացան նաև որոշակի առողջական պրոբլեմներ, բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ: Բայց բանտը ոչ միայն ինձնից խլեց, ոչ միայն ընկերներիցս: Խլեց նաև ժողովրդից. արժանապատվության ու սեփական ուժերին ապավինելու հույսը խլեց: Շատերն այդ պահին վախեցան: Կուսակցության մասին չէ խոսքս` կուսակցությունը դիմացավ: Խոսքս հասարակության այն շերտերի մասին է, որոնք քաղաքական առումով ձգտումներ ու իղձեր ունեին՝ նրանք մի կողմ քաշվեցին: Մեր ձերբակալումից հետո ու բանտարկության տարիներին, նույնիսկ, արտագաղթի տեսակը փոխվեց, վերածվեց քաղաքականի: Շատերին թևաթափ արեց այն միտքը, որ մեր երկրում որևէ բան փոխել չի լինի: Տնտեսական հիասթափության դեպքում մարդը ժամանակ հետո ընդունակ է վերականգնել հավատը, իսկ քաղաքական հիասթափության պատճառով գնացածները շատ հազվադեպ են վերադառնում երկիր:
Այնուամենայնիվ ես իմ երեք տարվա մենությունը միանշանակ կորուստ չեմ համարում: Ձեռքբերումներ էլ եղան. օրինակ, ծխելը թողեցի: Անգլերեն լեզվին տիրապետեցի: Սկզբնական շրջանում գրքեր չէին տալիս, հետո կամաց-կամաց ահագին գրականություն կարդացի… Բանտը նաև մտածելու ժամանակ է տալիս: Արած-չարածներդ վերանայելու հնարավորություն: Առհասարակ բանտում իրեն շատ վատ է զգում այն մարդը, որի համար հասարակական կյանքից բացի ուրիշ բան չկա:
Հիասթափության պահեր լինում էին, բայց ոչ այն պատճառով, որ իբր սխալվել ես: Եթե կային սխալներ, դրանք մարտավարական էին, բայց ռազմավարությունը, հո, գիտեի, որ ճիշտ էր: Ու գիտեմ, որ իմ մեջ ոչինչ չի փոխվել: Պարզապես քայլերս եմ վերանայել, որպեսզի հասկանամ՝ որ պահին եմ վրիպել: Պատժի գաղափարը պարտադիր չէ, որ մեղքի հետևանք լինի, ճիշտ լինելու դեպքում էլ կարող ես պատժվել, եթե սխալ ես քայլել: Համենայն դեպս, բանտարկված ժամանակ երբեք չեմ մտածել. վայ, էս ինչ արեցի, ինչու մտա այս խաղերի մեջ, էլ չեմ անի…
Ոչ էլ հակառակն եմ մտածել. հիմա դուրս կգամ ու դրանց աչքերը կհանեմ: Վրեժխնդրության պահանջ երբեք չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ: Այս ռեժիմի ու դրա ղեկավարների նկատմամբ պարզապես գարշանք եմ զգում: Իսկ վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի. վենդետան իր ետևից վենդետա է բերում, և այդպես շարունակ…
Ի վերջո, Տեր Պետրոսյանի դեմ շարժումը հաղթեց: Ուրիշ բան է, որ անմիջապես իր նկատմամբ պետք է արվեին որոշակի քայլեր. գահընկեցությունից հետո սահմանադրական ժողովը պետք է որոշեր նրա քաղաքական նոր կարգավիճակը, որից հետո արդեն ձևավորված լեգիտիմ իշխանությունը քննություն անցկացներ: Դա մեր խնդիրը չէր: Մենք տեսնում էինք երկիրը թալանչիներից, ապազգային տարրերից ազատագրելու նպատակը, որն, ի դեպ, բոլորովին չէր ենթադրում իշխանության գալու պարտադիր պայման: Այդ ժամանակ կային, հիշում եմ, հնգյակներ, վեցյակների բլոկներ, հանրապետականները սկզբից մեզ հետ էին, հետո Լևոնի հետ ինչ-որ ձևով լեզու գտան, Վազգեն Մանուկյանը նշանակվեց պաշտպանության նախարար…
Մի խոսքով Լևոնին հաջողվեց քայքայել ընդդիմադիր միասնությունը՝ մեկին կաշառեց, մեկին համոզեց, իսկ մեզ՝ քանի որ ոչ կաշառել էր կարելի, ոչ էլ համոզել, փորձեց ջարդել: Բայց ի՞նչ շահեց. մեզ չջարդեց, իսկ ինքը պարտվեց»: