«Դրօշակ»-ի Առաջնորդող. Խաբկանքի և իրականության միջև
18 Օգոստոս 2022
Հայաստանում լրատվամիջոցներ կան, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման օրերից գրեթե ամեն օր հայտարարում են, թե Ռուսաստանը փլուզվում է, շուտով այդ երկիրը կդադարի գոյություն ունենալուց, առնվազն այն տեսքով, որ ունի հիմա։ Այս քարոզին զուգահեռ ժամանակի ընթացքում Արևմուտքի ձեռքին խաղալիք դարձած Ելցինին փոխարինեց ռուսական մեծապետական ձգտումները մարմնավորող Պուտինը, և փոխվեց Ռուսաստանը։ Պուտինյան իշխանությունն արմատախիլ արեց Չեչնիայի ու առհասարակ Հարավային Կովկասի անջատողական ձգտումներն ու դրա համար պայքարողներին։ Այսօր արդեն Չեչնիայի ղեկավարը Պուտինին ամենանվիրված թիմակիցներից է, և նրա գլխավորած չեչենական ուժերը Ուկրաինայում կռվում են հանուն Ռուսաստանի հաղթանակի։
Ելցինը մի օր հայտարարել էր, որ երկրի յուրաքանչյուր տարածաշրջանային վարչական միավոր թող վերցնի այնքան ինքնուրույնություն, որքան կարող է, և գործընթացը հասել էր այնտեղ, որ ազգային բնույթ ունեցող վարչական միավորումները սեփական սահմանադրություններ էին գրում։ Պուտինը ցարական ժամանակների գեներալ նահանգապետությունների օրինակով բոլոր այդ տարածաշրջանների գլխին զինվորական պատասխանատուների նշանակեց, որոնց վերահսկողությամբ կենտրոնաձիգ իշխանությունը կրկին ամրապնդվեց։ Քրեածին, և օլիգարխիկ բիզնեսի հավակնոտ ներկայացուցիչները, որոնք անվերահսկելիորեն թալանում էին հսկա երկրի արտադրական ու բնական հարստությունները և պետությանը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ուղեգիծ էին թելադրում, կա՛մ հայտնվեցին բանտերում, կա՛մ փախան երկրից, կա՛մ հավատարիմ շնիկների պես տեղավորվեցին նոր իշխանության ոտքերի արանքում։ Երկրի քաղաքական համակարգը բզկտող արևմտամետ ընդդիմությունը խաղաղ ու աննկատ անհետացավ ասպարեզից, ինչպես ջուրը՝ ավազի մեջ։ Պետականամետ ընդդիմադիր հիմնական ուժերը մաս կազմեցին պետական համակարգին և հիմնականում դարձան իշխող ուժի գործակիցը նրա վարած քաղաքականության հարցում։ Ելցինյան ժամանակներում ռուս հրամանատարները չեչեններին զենք էին վաճառում, որով վերջիններս սպանում էին ռուս զինվորներին, գեներալները հեռուստատեսային էկրանների առաջ ողբում էին բանակի կործանումը և, ի դեպ, ռուսական Ղրիմի՝ որպես ռազմավարական դարավոր ֆորպոստի քայքայումն ու դանդաղ թաթարաթուրքացումը։ Քսան տարվա ընթացքում Պուտինը քայքայված բանակը վերածեց ամենահզոր ռազմական տեխնիկայով հագեցած՝ աշխարհի երևի թե ամենաուժեղ բանակին, իսկ թե ինչ պատահեց Ղրիմի հետ, հայտնի է բոլորին։ Խորհրդային անծայրածիր կայսրությունը զբաղված էր բնական պաշարների թալանով և վաճառքով, արտերկրից գնում էր ամեն ինչ, այդ թվում՝ ցորեն, ընդ որում՝ այն երկրներից, որոնց տարածքներից մեծ էին իր հացահատիկի դաշտերը, իսկ թե ներկայումս, առանց ռուսական բնական և այլ պաշարների, ինչպիսի տնտեսական ճգնաժամում է հայտնվել աշխարհը, նույնպես հայտնի է։ Ռուսական բանակն այսօր սահմանափակ ռազմական գործողություններով կոտրել է ուկրաինական բանակի ողնաշարը և դանդաղ մաշում է նրան ու Արևմուտքից անընդհատ հոսող ռազմական հսկայական տեխնիկան․․․ Իսկ Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ծնած քարոզչամեքենան շարունակում է փչացած սկավառակի պես կրկնել Ռուսաստանի կործանման հանգերգը՝ հիմա նաև «ավետելով» ռուսների մոտալուտ պարտությունը Ուկրաինայի հետ պատերազմում։
Կարելի է մտածել, թե սա քաղաքական դիրքորոշում է, որը նույնպես գոյության իրավունք ունի: Իրականում, սակայն, այս ապատեղեկատվության խորքում քարոզչա-քաղաքական հիմնասյուներից մեկն է, որի դերն էր տարիների ընթացքում հայ հասարակությանը ներշնչելը, թե անհրաժեշտ է հրաժարվել Ռուսաստանին տարածաշրջանային հիմնական գործոն դիտարկելուց և երկրի քաղաքական արևելումը շուռ տալ դեպի Արևմուտք։ Իհարկե, քանի դեռ հասարակությունը անհրաժեշտ չափով նախապատրաստված չէր, պետք է թաքցվեր այն իրողությունը, որ Արևմուտքին տարածաշրջանում ներկայացնում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան։ Հենց Թուրքիան էլ պետք է ապահովեր Ռուսաստանի դուրսմղումը Հարավային Կովկասից և գրավեր դատարկված տեղը։ Թուրքիան է, որ պետք է դուրս բերի Ադրբեջանը Ռուսաստանի ազդեցությունից, բացի Կենտրոնական Ասիայի դուռը և ապահովի ՆԱՏՕ-ի թափանցումը Ռուսաստանի հարավային սահմանների մոտ։ Դաշնակիցների շահերը համընկնում են գլխավորում, իսկ թե այդ առաջխաղացման մեջ կողմերից յուրաքանչյուրը ինչ ռազմավարական շահեր է հետապնդում, այլ հարց է։
Որ սա նոր ի հայտ եկած նախագիծ չէ, փաստում է այն, որ դեռևս 1918 թ. աշնանը Երևանում Խալիլ փաշան առաջարկել էր Արամ Մանուկյանին Մեղրիով ճանապարհ տալ Թուրքիային՝ փոխարենը անելով փոխզիջումների գայթակղիչ առաջարկներ։ Այս կետի վրա Արամ Մանուկյանը ավելորդ էր համարել բանակցությունների շարունակումը։ Այլ տարածքների դիմաց թուրքերին Մեղրիով ճանապարհ տալու առաջարկը կրկնեց ամերիկացի վերլուծաբան Պոլ Գոբլը արդեն 1990-ականների արցախա-ադրբեջանական պատերազմի օրերին։ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց բանակցություններ թուրքերի հետ՝ որպես նախապայման խոստանալով զիջել ազատագրված տարածքները և Հայաստանում հաղթող դարձնել Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու գաղափարը, սակայն այն ժամանակ հայ ժողովուրդն ազգային վերելք էր ապրում և տարածքների փոխարեն հրաժարվեց Լևոն Տեր-Պետրոսյանից։ Հաջորդ երկու նախագահները գտնվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ վարելու ամերիկացիների ճնշման տակ։ Իհարկե, մեծ հանելուկ չէ այն, որ հայ-թուրքական հաշտությունը պետք է հանգեցներ սահմանների բացմանը, և այդ դեպքում Հայաստանի տարածքում ռուսական զորքի առկայությունը կդառնար ավելորդ։ Այս ընթացքում 42․000 քառակուսի կիլոմետրի վրա իր անվտանգությունը լիարժեքորեն ապահովող հայկական կողմը ձևավորեց հարգանք ներշնչող ռազմական ուժ, Հայաստանը ճկունորեն փոխլրացնող քաղաքականություն էր վարում ՀԱՊԿ-ի և որոշ չափով ՆԱՏՕ-ի հետ, մնալով Անկախ Պետությունների Համագործակցության անդամ՝ փոխգործակցության բազմակողմ հարաբերություններ էր հաստատել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Միջին ու Մերձավոր Արևելքի, այլ տարածաշրջանների ու երկրների հետ։ Այս պայմաններում հայոց դիվանագիտությունը, ձեռք բերելով բավականին անկախություն, կարողանում էր հայկական գործոնի անունից համաձայնել կամ չհամաձայնել տարբեր առաջարկների հետ և լինել շահեկան վիճակում Ադրբեջանի հետ շարունակվող բանակցություններում։ Տեսնելով, որ չի հաջողվում Հայաստանին պարտվողական օրակարգեր պարտադրել, այդ հարցով շահագրգիռ ուժերը որոշեցին միասնականության ու ազգային նպատակների հիման վրա ձևավորված հայկական գործոնը քայքայել ներսից։
1988 թ. գարնանը Ազատության հրապարակում իշխող «Ղարաբաղ» կոմիտեում տեղի ունեցած ներքին հեղաշրջումից հետո ժողովրդական շարժման առաջնորդների ասելիքի մեջ սկսեցին ավելանալ հակախորհրդային, հակակրեմլյան կարգախոսները։ Նույն թվականի ամռանը հեղափոխության հրապարակում հայտնված արևմտյան առաջին լրագրողներին խանդավառ ժողովուրդն ընդունեց որպես բացված պատուհանից ներս խուժած ազատության ծիծեռնակների, իսկ հակակրեմլյան կարգախոսների կողքին սկսեց հնչել այն քարոզը, թե այսօրվա Թուրքիան նախկինը չէ, որ ցեղասպանությունն ու ավանդական թշնամությունը կաղապարված մտայնությունների հետևանք են, և Թուրքիան Հայաստանի համար պատուհան է դեպի Եվրոպա։
Մենք մեր իշխանությունների հակառուսականության համար պետք է թանկ վճարեինք հատկապես պատերազմի ժամանակ, երբ կորցրինք Գետաշենն ու Մարտունաշենը, Շահումյանը, Մարտակերտի, Հադրութի մի շարք գյուղեր և անգամ հարվածներ ստացանք Հայաստանի տարածքում։
Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ստանձնել էր Ղարաբաղի ազատագրական շարժման առաջնորդի դերը, կամաց-կամաց վերածվում էր այդ շարժման հակառակորդի. նա փորձում էր կանխել հայկական զորքերի առաջխաղացումը, հանձնել գրավված տարածքներ, (ինչը կոշտ հակադրություն էր ստեղծել Արցախի իշխանությունների հետ) ի դեպ, ինչի մասին իր հուշերում գրել է նաև Իրանի՝ այդ օրերի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին :
Ամեն գնով խաղաղության հասնելու գաղափարը Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ անգամ էլ առաջադրեց 2008 թ․, երբ երկար լռությունից հետո նման պլատֆորմով մասնակցեց նախագահական ընտրապայքարի։ Այս անգամ էլ նա արժանացավ ժողովրդի բացարձակ մեծամասնության մերժմանը։ Ի դեպ, այդ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ էր։
Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժը, ժողովրդական շարժման միջոցով 1990 թ․գալով իշխանության, շատ չանցած ձեռնարկեց 19-20-րդ դարերի ազգային-ազատագրական պայքարի գնահատականի վերանայման գործընթաց՝ մասնավորապես ժխտելով այդ պայքարի նշանակությունը, 1914-1918 թթ. կամավորական շարժումը՝ ցեղասպանությունը ներկայացնելով որպես ինքնապաշտպանական պայքարի հետևանք։ Շուռ տալով պատմական փաստերն ու տրամաբանությունը՝ ստացվում էր նաև, որ, ազգային-ազատագրական պայքարի ուժին վարկաբեկելով, ըստ էության, արդարացվում էր ցեղասպանության կազմակերպիչ Թուրքիան։ Խորքում իշխող ուժի գլխավոր նպատակը ազգային ազատագրական պայքարի գաղափարը մերժելն էր առհասարակ, իսկ մասնավորապես՝ ի դեմս Արցախյան շարժման։ Պատահական չէ, որ երկրի ղեկավարի և հեղափոխական շարժման առաջնորդի բերանով կեղծ արժեքներ էին հռչակվում ազգային գաղափարախոսությունն ու պատմությունը։
2018 թ. գալով իշխանության՝ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա սաներն ու զինակիցները հայտարարեցին, որ դպրոցական ծրագրերից պետք է դուրս թողնվի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, բուհական ծրագրերում պետք է կրճատվեն հայագիտական առարկաների ժամերը, պետք է արմատապես վերանայվեն դպրոցների ու համալսարանների պատմության և գրականության ծրագրերը, իսկ, ըստ էության, կրթական չափորոշիչների վերանայումն արդեն իրականացվում էր թուրքերի հետ։
Շարադրելով պրակտիկ քաղաքականության իրենց պատկերացումները՝ փաշինյանական թիմի ներկայացուցիչները ոչ հրապարակայնորեն խոսել են այն մասին, թե Արցախն այն խնդիրն է, որի միջոցով Մոսկվան Հայաստանին ու Ադրբեջանին պահում է իրենից կախման մեջ, և եթե ազատվենք այդ հարցից, Մոսկվան այլևս կկորցնի ազդեցության լծակները։ Այդ դեպքում Հայաստանը կկարողանա ազատ լինել իր արտաքին կողմնորոշումների հարցում։ Կարելի է հիշել վարչապետի կնոջ այն միտքը, որ զոհերը եղել են ոչ մի բանի համար։
Երբ 2018 թ. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանում հայտարարեց, որ պետք է հրաժարվել պատմական կաղապարներից և փոխել արտաքին կողմնորոշումները, մենք չմտածեցինք, թե սա շարունակությունն է Խալիլ փաշայի, Պոլ Գոբլի առաջարկների ու հայ-թուրքական հաշտության ծրագրի և, ըստ էության, այս անգամ տվյալ ծրագրի իրականացման ցուցումն արդեն իսկ իրականացվում է։
Իրար կողք դնենք 2018 թ. իշխանափոխությունից հետո նոր վարչակարգի ասածներն ու արածները, դրանց կողքին դնենք 2020 թ. ցեղասպանական պատերազմում կրած պարտության փաստը և այդ պատերազմից օրեր անց արդեն շրջանառության մեջ դրված՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հաղորդակցական ուղիները բացելու, առևտուր անելու, խաղաղության ու բարեկամության դարաշրջան սկսելու կոչերը, հետպատերազմյան շարունակվող զիջումները, որոնք չի բացատրվում, թե այս անգամ ով է գցել «խեղճ հարիֆ» վարչապետի գրպանը և առավել քան ակնառու է դառնում իրադարձությունների ողջ շղթայի տրամաբանական կապը։ Կուրորեն մտնելով իր գիտելիքը, փորձն ու կարողությունը բազմապատիկ գերազանցող արկածախնդրական խաղի մեջ՝ երկիրը կառավարելու հմտությունից զուրկ ղեկավարությունը ոչ միայն պետք է հայտնվեր պետության կրած դաժան կորուստների փաստի առջև, այլև ստիպված էր լինելու խուսանավել քաղաքական բևեռների, ուժերի և անձերի միջև։ Խայտառակ պարտության հետևանքները հաղթահարելու, ազգը վերահամախմբելու, բանակը ոտքի հանելու, զինելու և մարտունակությունը վերականգնելու ջանքերի բացակայությունը, քաղաքական պատեհապաշտությունն ու հարմարվողականությունը, ներազգային անհանդուրժողության պայմաններում արտաքին ուժերի ու մասնավորապես թուրք-ադրբեջանական տանդեմի առջև բացարձակ անձնատվությունը Հայաստանը դուրս են բերել քաղաքական սուբյեկտի կարգավիճակից, և նրա ճակատագիրը որոշվում է առանց իր մասնակցության։ Ավելին՝ տարածաշրջանում ուժերի, տարածքների և ազդեցության գոտիների վերաբաշխումը տեղի է ունենում Հայաստանի հաշվին։
Այն դեպքում, երբ ադրբեջանա-թուրքական տանդեմը Հայաստանի նկատմամբ համադրված, ձևով վարում է նախաձեռնողական, բազմակողմ և խիստ ագրեսիվ քաղաքականություն, Հայաստանի պատեհապաշտ ու հակազգային իշխանությունը մի կողմից շարունակում է արևմտյան օրակարգերի սպասարկումը, մասնավորապես և հակառուսական մթնոլորտի թեժացումը երկրի ներսում, մյուս կողմից փորձում է դրական գործակցություն խաղալ ռուսների հետ՝ քանի որ բոլորից լավ հենց ինքը գիտի, թե ինչ բազմակողմանի կախվածության մեջ է Հայաստանի և Արցախի ճակատագիրը ռուսական գործոնից։
Այսօր միայն անմեղսունակ նիկոլապաշտը կարող է հավատալ, թե ՀՀ վարչապետն ունակ է տարածաշրջանում խաղաղության օրակարգ թելադրել Արցախ-Հայաստանը մաս-մաս յուրացնելու աճապարանքով գործող ադրբեջանցիներին ու թուրքերին։ Իրականում այդ խաղաղության մասին հայտարարությունների խորքում թշնամի հարևաններին ուղղված ուղերձ է, զիջումների պատրաստակամության, ազգային շահերի պաշտպանությունից հրաժարվելու մասին, ինչն էլ ազգային ինքնագիտակցության ու ոգու անկման մեջ գտնվող հայության համար նշանակում է, թե հայրենիքն ամենամեծ զիջումների տանելու, պետականության կորստի գնով իշխանությունը խուսափելու է երկրի հզորացումից և դիմադրության կազմակերպումից։ Իհարկե, հենց մեր օրերի իրադարձությունները փաստում են 2020-ից հետո ընդդիմության արդարացված ահազանգն այն մասին, որ դիմադրության գաղափարից հրաժարումն ու թշնամու հետ ծնկած խոսելն է, որ բազմապատիկ մեծացնում է նորանոր պատերազմների հավանականությունը։ Ակնհայտ է վարչապետ Փաշինյանի սարսափը ադրբեջանցիներից ու թուրքերից, որոնց 20 թվականի վայրագությունների մասին նա ոչ միայն թույլ չտվեց պետականորեն բարձրաձայնել միջազգային բեմերում, այլև այսօր չի համարձակվում արձագանքել, երբ հակառակորդն իր պարտավորությունը չկատարելով նորանոր պահանջներ է ներկայացնում հայկական կողմին՝ նվաստացնում է երկիրն էլ, իր ղեկավարներին էլ։ Այդ սարսափի մեկ դրսևորումն էլ սույն թվականի օգոստոսի 3-ին, ադրբեջանցիների նախաձեռնած նոր լայնածավալ սադրանքի օրը, անշուշտ, Ալիևի խիստ պահանջով, հապճեպ, մեկ գիշերվա մեջ, բեռնատարներով հայաստանցի զինվորներին Արցախից Հայաստան տեղափոխելն էր։ Այդ սարսափն այնքան մեծ է, որ Երկրի ղեկավարը Պաշտպանության բանակի տոնին անգամ չհամարձակվեց շնորհավորել իր գլխավորած զինված ուժերին և արգելեց, որ ավանդույթը պահպանելով դա անեն համապատասխան մյուս բարձրագույն պաշտոնյաները։
Նիկոլ Փաշինյանը, շարունակելով ծառայել տարածաշրջանի գործընթացների տնօրինումը թուրք-արևմտյան ուժերին հանձնելու ծրագրին, միաժամանակ գավառացու ճարպկությամբ փորձում է ձև անել, թե մնում ռուսական միջնորդության կողմնակիցը։
2020 թվականի հոկտեմբերի 19-ին Պուտինը Փաշինյանին հայտնեց, որ համոզել է Ալիևին, և Փաշինյանի համաձայնության դեպքում պատերազմն անմիջապես կդադարեցվի։ Դա նշանակում էր, որ այդ օրվա դրությամբ մենք չէինք կորցնելու Շուշին ու Հադրութը, ինչպես և չէինք ունենալու ավելի քան 2000 նոր զոհեր։ Փաշինյանը մերժեց առաջարկը, և այդ խոսակցությունը գաղտնի պահեց բոլորից՝ այդ թվում այն պաշտոնյաներից, ովքեր ի պաշտոնե պետք է իրազեկվեին այդ մասին։ Այս շրջանից արդեն Փաշինյանը նաև դադարեցրեց շփումները ինչպես երկրի ներսի, այնպես էլ արտաքին գործակիցների հետ։ Ռուսները, հավանաբար, ենթադրում էին, թե Նիկոլ Փաշինյանը ձգտում էր պահպանել ավելին։ Մյուս կողմից, պարտության ծրագիրը չտապալելու համար Փաշինյանն ու իր մանկլավիկները, իրականությունը ներկայացնելով գլխիվայր, ժողովրդին համոզում էին, թե հաղթում ենք։
Պատերազմից հետո բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանն ու Իրանը, հաշվի նստեցին այն նոր իրողության հետ, որը ձևավորվել էր տարածաշրջանում։ Թուրքիան և Թուրքիայի թելադրանքով Ադրբեջանը ակտիվ քաղաքականությամբ և բազմակողմանի ճնշումներով փորձում են հայկական թույլ, վախեցած կողմից ավելին ու ավելին ստանալ՝ դրանով ավելի ու ավելի շատ նահանջ պարտադրելով Ռուսաստանին և, մասնավորապես, սահմանափակելով նրա խաղաղապահական գործունեությունը։
Ռուսաստանի դիմաց մի կողմից՝ թույլ ու անվստահելի, հակառուսական, պրոարևմտյան-պրոթուրքական կուրս որդեգրած Հայաստանն է, և մյուս կողմից՝ ամրապնդված ու հսկայական դիրքային առավելություն ձեռք բերած Ադրբեջանն է և Թուրքիան, ում հետ, հատկապես, Ուկրաինայի դեմ պատերազմի ճակատագրական ժամանակահատվածում Ռուսաստանն ունի փոխադարձ կենսական շահեր։
Այս պայմաններում Ռուսաստանը ձգտում է կանխել անդրկովկասյան հակամարտության սրումը և վերջնական լուծումները թողնել հետպատերազմյան, իր համար ամուր ու կայուն շրջանին։ Ադրբեջանցիներն ու թուրքերը, ռուսական դիրքերի ամրապնդման հավանականությունը նկատի ունենալով, ձգտում են Հայաստանից կորզել առավելագույնը՝ օգտվելով Ռուսաստանի ոչ դյուրին վիճակից։
Մեծ խաղի մեջ, որի խաղասեղանին ոչ միայն Սիրիան է, Ուկրաինան ու Անդրկովկասը, այլև աշխարհի վաղվա ճարտարապետության հետ կապված խնդիրներն ու վերադասավորումները, շատ հավանական է, որ Ռուսաստանը Արցախի ու Հայաստանի հաշվին կարող է գնալ մեզ համար ճակատագրական՝ իր համար դիրքային որոշակի զիջումների, ինչ որ տեղի ունեցավ 1920-1921 թվականներին։
Ռուսաստանն այսօր հավակնում է որոշիչ խոսք ասել նոր աշխարհակարգի հարցում և դրա մեջ լուծել նաև իր ազեցությամբ ձևավորվելիք նոր որակի միությունների ու դաշինքների հարցերը։
Եվ այս աստեղային պահին, երբ աշխարհը հիմնական վերաձևումների մեջ է, հայության անկումի ու բարոյազրկության հանճարը ավերեց մեր բոլոր առավելությունները, դավաճանեց առկա ու պոտենցիալ դաշնակիցներին և երկիրը տարավ դեպի ցեղասպան գիշատչի երախը։
Ոչնչացնելով հայոց երկրի ուժն ու քաղաքական գործոնի կարգավիճակը՝ ազգադավ իշխանությունն ունի մեկ հոգս՝ ինչպես անել, որ արտաքին ուժերը շահագրգռված մնան իր իշխանության երկարաձգմամբ և նրանց լուռ համաձայնությամբ շարունակի ներքին ճնշումներն ու բռնությունները, ինչպես և իր ու թիմակիցների անվերահսկելի թալանը։
Ավելորդ է ասել, որ նման իշխանության համար երկրի վարկը, նրա ճակատագիրն ու ներքին կայունությունը ստորադասվում են այն հեռանկարի առջև, որ նրանց սպասվում է, եթե զրկվեն իշխանությունից։ Ազգային ուժերի համար ակնհայտ է, որ հայրենիքի փրկության խնդիրը պայմանավորված է իշխանության փոփոխությամբ, ինչպես ակնհայտ է, որ արտաքին ուժերը գործնականորեն դեմ են խամաճիկ կամակատարների փոխարինմանը ազգային շահերին հետամուտ ուժերով։ Եվ այս ամենն այն պայմաններում, երբ անցնող երեսուն տարիների ընթացքում հայ ժողովրդի մոտ տեղի է ունեցել հոգեմտավոր, ազգային-բարոյական արժեքների այնպիսի խեղում, որ նա կորցրել է վտանգի զգացողությունը դեռ երեկ իր զավակներին կոտորած, Արցախն ու Հայաստանը հոշոտել փորձող թուրքի նկատմամբ։
Հոգևոր հոր և քաղաքական մսուրի դասերը սերտած Փաշինյանը դեռ որոշ ժամանակահատված կարողանալու է յուրայիններին առնելու, մրցակիցներին հալածելու ու բռնությունների ենթարկելու ճանապարհով երկարաձգել իր դավաճանական կառավարումը։
Եթե մենք պետք է ապավինենք ժամանակին, ապա ցանկալի ժամանակը կարող է գալ այն պահին, երբ այլևս միևնույն կլինի, թե Հայաստանն ով է ղեկավարում։ Ազգային փրկության գործի հավակնորդները պետք է գտնեն նոր և թարմ լուծումներ։ Նոր ու թարմ լուծումները, որոնք կմիավորեն ժողովրդին ու երկրի անկումը կկասեցնեն, ի հայտ կբերեն այն գործիչներին, ովքեր կկարողանան անդունդից դուրս բերել և դեպի լուսավոր ապագա առաջնորդել ազգին։