«Թեհրան 22». եռակողմ հանդիպման ամփոփում
22 Օգոստոս 2022
2022 թ. հուլիսի 19-ին «Թեհրան 43»-ին կարծես թե փոխարինելու եկավ «Թեհրան 22»-ը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հակահիտլերյան կոալիցիայի երեք առաջնորդների հանդիպումը հենց Թեհրանում նախասկիզբ հանդիսացավ Յալթայի համաժողովի համար: 2022 թ. ևս, եթե ոչ համաշխարհային, ապա գոնե տարածաշրջանային մակարդակով ընթանում է պատերազմ, որում նոր շրջադարձեր են նախատեսվում, ինչը նշանակում է, որ հավանական հաղթող երկրների ղեկավարները քննարկել են աշխարհի ապագան: Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների միջև լայնածավալ բանակցություններ առաջին անգամ անցկացվել էին 5 տարի առաջ Աստանայում, և թեհրանյան հանդիպումը նման ձևաչափով երկրորդն էր։
Հանդիպման շրջանակներում երկկողմ և եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տարաբնույթ խնդիրներ: Մասնավորապես, ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպման ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ա. Խամենեին առաջ է քաշել հետևյալ կարևոր թեզերը.
• Համաշխարհային իրադարձությունները վկայում են, որ Իրանն ու Ռուսաստանը ընդլայնվող և փոխադարձ համագործակցության կարիք ունեն։ Երկու երկրների միջև բազմաթիվ հուշագրեր և համաձայնագրեր, այդ թվում՝ նավթագազային ոլորտում, պետք է ավարտին հասցվեն և կյանքի կոչվեն:
• ՆԱՏՕ-ն վտանգավոր է, և եթե չլիներ ուկրաինական պատերազմը, ապա նա ագրեսիա կսանձազերծեր Ղրիմում:
• ԱՄՆ-ն և Արևմուտքը ավելի են թուլացել, և, չնայած հսկայական ջանքերին ու ծախսերին, նրանց քաղաքականության ազդեցության շրջանակը հարավկովկասյան տարածաշրջանում, այդ թվում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում և Պաղեստինում, էապես սեղմվել է:
• Սիրիայի հարցում մեկ այլ կարևոր խնդիր է ամերիկացիների կողմից Եփրատի արևելյան ափի բերրի և նավթաբեր տարածքների օկուպացումը, և այդ հարցը պետք է լուծվի տարածաշրջանից նրանց վտարումով:
• Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի սահմանների փակմանը:
• Իրանն աջակցում է երկու երկրների առևտրաշրջանառության մեջ ազգային արժույթներ և դոլարին փոխարինող այլ արժույթներ օգտագործելու քաղաքականությանը։
Իր հերթին Վ. Պուտինը նշել է, որ՝
• ոչ ոք չի ողջունում պատերազմը և հասարակ մարդկանց մահը, սակայն Արևմուտքի պահվածքը Ռուսաստանին այլընտրանք չի թողել, իսկ «գեներալ Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ի վայրագությունների ևս մեկ օրինակ է»,
• Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցները վնասակար են Արևմուտքի համար, ինչի հետևանքով խնդիրներ են առաջանում, ինչպիսիք են նավթի գների աճը և պարենային մատակարարման ճգնաժամը,
• Ռուսաստանի Դաշնությունը և Իրանը մշակում են երկու երկրների հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման նոր ուղիներ,
• Եփրատի արևելքում գտնվող տարածքը պետք է լինի Սիրիայի զինված ուժերի վերահսկողության տակ,
• Իրանն ու Ռուսաստանը Սիրիայում համատեղ պայքարում են ահաբեկչության դեմ, իսկ ռազմական ոլորտում նաև փորձում են զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև Չինաստանի հետ եռակողմ համագործակցությունն ու զորավարժությունները։
Անդրադառնալով եռակողմ հանդիպմանը՝ Թուրքիայի նախագահ Թ. Էրդողանը նշել է.
• Թուրքիան նպատակ ունի զարգացնելու համագործակցությունը Իրանի հետ։ Թուրք առաջնորդը հիշեցրել է, որ կողմերը նախկինում սահմանել են տարեկան 30 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության նպատակ։ «Ցավոք, համաճարակի պատճառով այս ցուցանիշը դեռ 7.5 միլիարդ դոլարի մակարդակում է։ Թուրքիան պատրաստ է ակտիվ համագործակցության Իրանի հետ, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում»,- հավելել է նա։
• Իրենք շարունակելու են պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ և ակնկալում են, որ Ռուսաստանն ու Իրանը կուղեկցեն Թուրքիային այս պայքարում, և հենց ահաբեկչությունն է սպառնում Սիրիայի տարածքային ամբողջականությանը։
• Թուրքիան, մաքրելով իր տարածքի հարավային հատվածը, փորձում է օգնել Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը, և եթե այսօր Իդլիբում խաղաղություն է, դա Աստանայի ձևաչափի հանդիպումների շնորհիվ է։
Ամփոփելով «Թեհրան 22»-ի արդյունքները՝ Իրանի նախագահ Է. Ռաիսին «Աստանայի գործընթացի» երաշխավոր երկրների ղեկավարների գագաթնաժողովին հաջորդած մամլո ասուլիսում նշել է.
• Արևելյան Եփրատում ամերիկացիների ներկայությունն արդարացված չէ, և նրանք պետք է հեռանան այնտեղից:
• Գեներալ Սոլեյմանին ահաբեկչության դեմ պայքարի խորհրդանիշն էր:
• Այսօր ահաբեկչական շարժումները սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը, և Իրանը հաջող պայքար է մղում դրա դեմ:
• Սիրիայի բոլոր հատվածները պետք է լինեն Սիրիայի վերահսկողության տակ:
• Սիրիայի որոշ հատվածներում ահաբեկիչների ներկայությանը հակազդելը երկրների կողմից լուրջ հանձնառություն է պահանջում։
Վերլուծաբանների մեծամասնությունը այն կարծիքին է, որ Թուրքիան այժմ Արևմուտքից անկախ քաղաքականություն է վարում, ինչը մեծապես նյարդայնացնում է Արևմուտքին։ Այդ քաղաքականությունն ուղղված է ավելի քան 40 տարի պատժամիջոցների տակ գտնվող Իրանի հետ համագործակցությանը, Իրանի և Ռուսաստանի Դաշնության հետ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։
Մյուս կողմից՝ Ռուսաստանում բազմաթիվ փորձագետներ այժմ քննարկում են իրանական անօդաչու սարքերի թեման։ Իրոք, Իրանը դրանց ստեղծման հսկայական փորձ ունի, և Ռուսաստանին անհրաժեշտ են այդ անօդաչու սարքերը: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ինքն է արտադրում անօդաչու սարքեր, բայց իրանական անօդաչուները անգնահատելի աջակցություն կցուցաբերեին ռուսական բանակին։ Մինչդեռ Իրանը արժույթի կարիք ունի:
«Թեհրան 22»-ը միանշանակ չընդունվեց նաև Արևմուտքի կողմից: Հատկանշական է, որ հանդիպումը տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենի՝ Պարսից ծոցի երկրներ կատարած այցից հետո: Ասվածի համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Պարսից ծոցի որոշ երկրներ ձգտում են խորացնելու համագործակցությունը Իրանի և Ռուսաստանի հետ: Ըստ էության, արևմտյան երկրները կորցնում են իրենց դիրքերը Մերձավոր Արևելքում։
Քննարկումներ տեղի ունեցան նաև հայ-իրանական սահմանների վերաբերյալ: Հատկապես ուշադրության է արժանի Իրանի հոգևոր առաջնորդ Ա. Խամենեիի հայտարարությունը առ այն, որ Իրանը չի հանդուրժի հայ-իրանական սահմանի փակումը կամ դրա շահագործման համար արգելքների ստեղծումը: Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ առաջ տանելով վերոնշյալ թեզը՝ Ա. Խամենեին հավելել էր, որ հայ-իրանական սահմանը հազարամյակների պատմություն ունի, ուստի իրանական կողմը կարևորում է դրա անվտանգությունն ու անարգել շահագործումը: Ա. Խամենեին, ըստ էության, իրանական լեզվամտածողությանը համապատասխան, Թուրքիային և Ադրբեջանին հասկացրեց, որ հայ-իրանական սահմանն ավելի հին է, քան նրանց մտացածին պատմությունը, և այն կեղծ օրակարգը, որը նրանք փորձում են առաջ տանել տարածաշրջանում, դատապարտված է կործանման:
Լիանա Պետրոսյան