ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Մերձավոր Արևելք
22 Օգոստոս 2022
Բայդենի այցը… Արդյոք այն փոփոխությո՞ւն էր Մերձավոր Արևելքի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության մեջ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, չսպասելով Իսրայելի առաջնորդների հետ իր հանդիպմանը, Լոդի միջազգային օդանավակայան ոտք դնելուն պես հայտարարեց, որ սիոնիստ լինելու համար իրեն պետք չէ հրեա լինել։
Այցի ընթացքում Բայդենը վերահաստատեց ԱՄՆ իշխող կառույցի ավանդական դիրքորոշումը՝ հավատարիմ մնալով Իսրայելի անվտանգության ապահովման սկզբունքին, պահպանելով նրա ռազմական գերակայությունը և թույլ չտալով Իրանին ձեռք բերել միջուկային զենք ու դիմակայել իր գործունեությանը տարածաշրջանում։
Այս տողերն ամփոփում էին Երուսաղեմի հռչակագիրը, որը ստորագրվել էր Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև՝ պաղեստինցիների և իսրայելցիների միջև սառեցված քաղաքական կարգավորմանն արագ անցմամբ:
Բայդենը չմանրամասնեց ցանկալի կարգավորման մասին, բավարարվեց երկու պետությունների հակամարտության կարգավորմանն աջակցելով, որպեսզի առաջ շարժվի դեպի իրականություն, որտեղ իսրայելցիներն ու պաղեստինցիները կարող են ունենալ անվտանգության և ազատության հավասար հնարավորություններ:
Բայդենը փոխարինեց Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման օրինական իրավունքի հարցը կենսական այլ հարցերով, որոնք կարող են ծառայել որպես քաղաքական ծրագիր, քանի որ նա խոսում էր ամերիկյան ֆինանսական աջակցության և խոսքի ազատության իրավունքի մասին:
Սառը ընդունելություն
Այնուամենայնիվ, Բայդենի այցը Իսրայել չի կարող դիտարկվել տարածաշրջանային վերջին տեղաշարժերից անկախ:
Պարսից ծոցում՝ Ջիդայում, Բայդենին ընդունեցին սառնությամբ, որը չմեղմվեց ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված 18 պայմանագրերով։ Տարածվել է երկու կողմերի համատեղ հայտարարությունը, որն իր ձևով և բովանդակությամբ ընդհանուր է. հաստատում է երկու կողմերի պատրաստակամությունը՝ նպաստելու համաշխարհային էներգետիկ շուկաների կայունությանը, և ամերիկյան հանձնառությունը՝ աջակցելու թագավորության անվտանգության ապահովմանը և պաշտպանելու նրա տարածքը։
ԱՄՆ նախագահի այցը Ջիդդա, ուր նա ժամանել էր անմիջապես Իսրայելից, ավարտվեց Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների և Եգիպտոսի, Հորդանանի ու Իրաքի ղեկավարների հետ ամերիկյան գագաթնաժողովով, որի ժամանակ Բայդենը լսեց Պաղեստինի հարցին քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտության վերաբերյալ արաբների միասնական դիրքորոշումը։
Բայդենը, որը ծանրաբեռնված էր հաջորդ տարվա նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հոգսով և Ասիայում քաղաքական մարտահրավերներով, կենտրոնացավ նավթային երկրների կողմից արտադրությունն ավելացնելու անհրաժեշտության, Մերձավոր Արևելքում իր երկրի դերի և ԱՄՆ գործընկերների հետ նոր դարաշրջան բացելու հարցերի վրա:
ԱՄՆ նախագահի այցը տարածաշրջան տևեց 4 օր, որի ժամանակ նա փորձեց ուժով ԱՄՆ-ին վերադարձնել Մերձավոր Արևելք՝ ձգտելով, որ այն ունենա նոր տեսք՝ Իսրայելը դարձնելով դաշինքների համակարգի մաս և պաղեստինյան հարցը թողնելով առանց քաղաքական հորիզոնի:
Ներքին և արտաքին նպատակները
Քաղաքականությունների ուսումնասիրման և հետազոտությունների արաբական կենտրոնի քաղաքագիտության բաժնի տնօրեն Մարվան Կաբալանը կարծում է, որ այցը հետապնդում էր երկու նպատակ: Դոհայից «Al-Araby»-ին տված հարցազրույցում նա նշում է, որ Բայդենի առաջնահերթ նպատակները կապված են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ երկրի ներսում հատկապես էներգետիկ խնդիրների՝ գնաճի հետևանքով ստեղծված թույլ և երերուն վիճակի հետ։ Հետևաբար նա պետք է քայլ աներ հաղթահարելու այս իրավիճակը՝ արտադրությունն ավելացնելու միջոցով իջեցնելով գները: Ինչ վերաբերում է արտաքին նպատակներին, ապա Կաբալանը նշում է, որ Ուկրաինայի պատերազմը սկսվելուց հետո ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ դիրքերը սասանվել են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում, քանի որ տարածաշրջանում մերձավոր դաշնակիցները հրաժարվեցին նրա կողքին կանգնել այս պատերազմում, ինչին ավելանում է այդ դաշնակիցների հարաբերությունների զարգացումը Չինաստանի հետ: Ուստի այցի ընթացքում Բայդենը փորձեց իր շուրջը խմբել դաշնակիցներին, փակել ճանապարհը չինական և ռուսական ներթափանցման համար և հանգստացնել դաշնակիցներին նրանց հետ Վաշինգտոնի հարաբերությունների ու դաշինքների հարցում։
Կաբալանը խոսում է նաև այն առաջնահերթ նպատակի մասին, որի համար եկել էր Բայդենը, այն է՝ փորձել Իսրայելին ինտեգրել տարածաշրջանում։
«Անցում դեպի պրագմատիզմ»
Մերձավոր Արևելքի հետազոտող Սիգուրդ Նյուբաուերն իր հերթին հաջողված է համարում Բայդենի այցը Մերձավոր Արևելք՝ նշելով, որ դրա պատճառը Իսրայելում, Արևմտյան ափին և Սաուդյան Արաբիայում շրջագայությունից առաջ տեղի ունեցած նախապատրաստական աշխատանքներն էին։ Այնուամենայնիվ, Նյուբաուերը կարծում է, որ այցը ամերիկյան կողմում շրջադարձ է առաջ բերել դեպի պրագմատիզմ՝ հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները փորձում է խուսափել այն գնաճից, որը գրանցվել է Եվրոպայում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքով։
Նա նշեց, որ, այս հանգամանքներից ելնելով, Բայդենը «ստիպված էր խոսել Սաուդյան Արաբիայի հետ՝ չնայած բեն Սալմանի հասցեին իր քննադատությանը։ Նա դա արեց այնպես, որ փրկի իր դեմքը՝ նախ այցելելով Իսրայել և փորձելով հասնել դիվանագիտական հաղթանակի, որին նա հասավ՝ ապահովելով Սաուդյան Արաբիայի օդային տարածքով իրականացվող բոլոր, այդ թվում՝ իսրայելական թռիչքների անվտանգությունը»։
Մերձավոր Արևելքի հարցում ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը
Կատարի համալսարանի Պարսից ծոցի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Մահջուբ ալ-Զվեյրին հաստատում է, որ Բայդենի այցի հաջողությունը պայմանավորված է ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությամբ: Նա սկսեց հստակ հայտարարությամբ, որ ԱՄՆ այս վարչակազմի համար առաջնահերթը ոչ թե Մերձավոր Արևելքն է, այլ Չինաստանն ու Ասիան:
Ալ-Զվեյրին պնդում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ զգալի հետընթաց է գրանցվել, ինչը նպաստել է Ուկրաինայում ռուսական պատերազմի բյուրեղացմանը։ Նա մատնանշում է, որ ԱՄՆ նախագահը ստիպված էր տարածաշրջան գալ, քանի որ չի կարող զբաղվել էներգակիրների խնդրով՝ առանց մեր տարածաշրջանում գազի և նավթի կարևոր արտահանողների հետ շփվելու։
(Աղբյուրը՝ https://bit.ly/3OXMjhr)
Բայդենի մերձավորարևելյան այցի արդյունքները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձեց օգտագործել Մերձավոր Արևելք իր առաջին նախագահական այցը տարածաշրջանում Վաշինգտոնի ազդեցությունը վերահաստատելու համար: Բայց նա վերադարձավ այցից՝ առանց հասնելու դիվանագիտական ճեղքման, ինչը վերլուծաբանները զարմանալի չեն համարում։ 4 օր տևած հանդիպումներից և ելույթներից հետո արդյունքները, եթե այդպիսիք կան, շատ քիչ են թվում՝ էներգիայի գներից մինչև մարդու իրավունքներ և տարածաշրջանում Իսրայելի դերը:
«Կասկածից վեր է, որ Բայդենի այցի ընթացքում հայտարարված քայլերը «համեստ» էին»,- ասում է Բրայան Քաթուլիսը Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտից, թեև նշում է նաև, որ դրանցից մի քանիսը «դրական ազդանշաններ են տալիս հետագայում ավելի մեծ հնարավորության մասին»:
«Նրանք տարածաշրջանը մեկ գիշերվա ընթացքում չեն վերաձևի, և տարածաշրջանի դերակատարները դեռ շատ անելիք ունեն այս առաջին քայլերի ողջ ներուժն իրացնելու համար»,- ավելացնում է նա:
Ամենախիստ քննադատությունը, սակայն, հնչել է իրավապաշտպանների կողմից, որոնք անհանգստացած են Բայդենի վերջին կանգառից Սաուդյան Արաբիայում, մի երկրում, որը նա ժամանակին խոստացել էր «մեկուսացնել» իրավախախտումների պատճառով, որոնցից ամենացայտունն առնչվում էր լրագրող Ջամալ Խաշոգջիին:
Նավթի արդյունահանման ծավալների աճ չի լինի
Ի սկզբանե Սաուդյան Արաբիան համարվում էր ուղևորության ամենազգայուն հատվածը, սակայն դա մի ուղղություն էր, որը պարտադիր դարձավ այն բանից հետո, երբ Բայդենի վրա ճնշում գործադրվեց Էլ-Ռիադին սիրաշահելու՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով, ինչի հետևանքով բարձրացվեցին էներգակիրների գները: Վաշինգտոնը ձգտում էր հասնելու անմշակ նավթի խոշորագույն արտահանող երկրի օգնությանը՝ նվազեցնելու համար նավթի գները, որոնք վտանգում են նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հնարավորությունները:
Ուրբաթ օրը Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ իր երկկողմ հանդիպումներից հետո Բայդենն ասել է. «Ես անում եմ ամեն ինչ, որպեսզի ավելացնեմ մատակարարումները Միացյալ Նահանգներ»՝ նշելով, որ արդյունքները դեռ տեսանելի չեն լինի «ևս երկու շաբաթ»: Ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջեյք Սալիվանը շտապեց նվազեցնելու ակնկալիքները՝ ասելով լրագրողներին, որ ցանկացած գործողություն ձեռնարկվելու է ՕՊԵԿ+ի շրջանակներում, կազմակերպություն, որի կազմի մեջ մտնում է նաև Ռուսաստանը:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի խոսքերով՝ հաջորդ օրը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վեց անդամների և Եգիպտոսի, Իրաքի ու Հորդանանի գագաթնաժողովում նավթը «քննարկման թեմա չէր»:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանը հայտարարել էր, որ մինչև 2027 թվականը իր երկրի արդյունահանման ծավալը կբարձրացվի օրական 13 միլիոն բարելի։
Անավարտ հաղթանակ
Ինչ վերաբերում է Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը, Բայդենն այդ առումով պատմական որոշում է համարել Սաուդյան Արաբիայի ավիացիոն կազմակերպության հայտարարությունը «բոլոր քաղաքացիական ավիաընկերությունների» թռիչքների սահմանափակումները վերացնելու մասին, ինչը ճանապարհ է հարթել իսրայելական ինքնաթիռների համար՝ օգտագործելու Սաուդյան Արաբիայի օդային տարածքը։ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն ասել է, որ դա «առաջին պաշտոնական քայլն է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման համար»: Սակայն արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանը շաբաթ օրը՝ իր մամլո ասուլիսի ժամանակ, ընդգծել է, որ դա «կապված չէ» Իսրայելի հետ և «ոչ մի կերպ ճանապարհ չի հարթում հետագա քայլերի համար»։
Թագավորությունը բազմիցս հաստատել է, որ հրաժարվում է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ և միանալ 2020 թվականին Իսրայելի և հարևան Բահրեյնի ու Արաբական Միացյալ Էմիրությունների, այնուհետև Մարոկկոյի և Սուդանի միջև ձեռք բերված «Աբրահամյան համաձայնագրերին», քանի դեռ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը չի լուծվել պաղեստինյան պետության ստեղծմամբ։
Բայդենի՝ Իսրայելում և պաղեստինյան տարածքներում գտնվելու ընթացքում որևէ առաջընթաց չի գրանցվել երկար ժամանակ ձգձգվող խաղաղ բանակցություններում, ինչը ստիպել է ԱՄՆ նախագահին փոխարենը կենտրոնանալ տնտեսական հարցերի վրա, որոնցից է, օրինակ, պաղեստինյան տարածքներում ինտերնետի չորրորդ սերնդի զարգացմանը նպաստելը:
«Հետընթաց իրավունքների ոլորտում»
Բայդենը և Լապիդը ստորագրեցին անվտանգության նոր պայմանագիր, որով Միացյալ Նահանգները խոստանում էր թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Սակայն դա չվերացրեց երկու կողմերի մոտեցումների տարբերությունները։ Լապիդը նշում էր, որ Իրանի դեմ ուժի կիրառումը պետք է տարբերակ լինի, երբ դիվանագիտությունն ու բանակցությունները բավարար չեն, մինչդեռ Բայդենը՝ կրկնում, որ ցանկանում է դիվանագիտությանը հնարավորություն տալ՝ նշելով, որ ուժը «վերջին միջոցն է»:
Բայդենի այցին ամենաուժեղ արձագանքները կենտրոնացած էին Խաշոգջիի գործով արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հետ նրա հանդիպման վրա: Սաուդյան ընդդիմադիր Աբդուլլահ ալ-Աուդան, ով բնակվում է Միացյալ Նահանգներում, ասաց, որ այս ողջույնը «խոշոր հետընթաց է»: Ալ-Աուդան նշանավոր հոգևորականի որդի է, որը կալանավորվել է Սաուդյան Արաբիայում 2017 թվականի,ն՝ «այլախոհության դեմ համատարած պայքարի» հետևանքով:
Վերլուծաբան Հուսեյն Իբիշի խոսքերով՝ «այցն ինքնին ձեռքբերում է, հատկապես սաուդցիների և առաջին հերթին Մուհամմադ բեն Սալմանի համար»։ Նա հավելում է, որ Բայդենի համար այցը նպատակ ուներ կարգավորելու իր վարչակազմի և սաուդցիների միջև անձնական և քաղաքական հարաբերությունները՝ նշելով, որ «կարծես թե դա ձեռք է բերվել»։
(Աղբյուրը՝ https://bit.ly/3SrI5BH)
Բայդենի՝ Մերձավոր Արևելք այցի շարժառիթներն ու արդյունքները
2022 թ. հուլիսի 13-16-ը ԱՄՆ նախագահ Բայդենի այցը Մերձավոր Արևելք ևս մեկ անգամ հաստատեց, որ ամերիկյան բարձր շահերը խստորեն պարտադրվում են կուսակցական դիրքորոշումներում և կարծիքներում, ինչպես նաև դեմոկրատական կուսակցության այն քարոզում, որ ժողովրդավարությունը, հանրային ազատությունները և մարդու իրավունքները նրա արտաքին քաղաքականության և երկրների հետ հարաբերությունների կարևորագույն հիմքերից են։ Բայդենը, 2021 թ. հունվարին ստանձնելով իշխանությունը, սկսեց ընդգծել այս քաղաքականությունը և ոչ բարեկամական դիրքորոշում որդեգրեց արաբական երկու կարևորագույն երկրների՝ Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի վերաբերյալ։ Սակայն տարածաշրջանային և միջազգային իրադրությունը Բայդենի՝ իշխանության գալուց հետո՝ մոտ մեկուկես տարվա ընթացքում, էականորեն փոխվեց, և նրան ստիպեցին հետ կանգնել այդ դիրքորոշումից՝ չհրաժարվելով ուրիշների նկատմամբ ուժի ազդեցությունից, թեև վերջիններս ուժեղացել են և ունեն իրենց ուրույն կարծիքն ու դերը, ինչը կարևորում են:
Բայդենը եկավ Մերձավոր Արևելք՝ առաջնորդվելով մի քանի հզոր գործոններով.
Առաջին. ԱՄՆ-ն գիտակցում է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում հարաբերությունների և հավասարակշռության քարտեզում ամերիկյան դերին այլընտրանք կա՝ ի դեմս Ռուսաստանի և Չինաստանի և նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրների, ինչպիսիք են Ֆրանսիան և Գերմանիան։ Ճիշտ է, նրանք ամբողջությամբ չեն փոխարինի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, սակայն նրանք ևս իրենց մասնակցությունն ունեն տարածաշրջանում գործող ազդեցության և ուժի կենտրոններում և հիմնականում կենտրոնացած են ֆիզիկական ներկայության, ռազմական, տնտեսական, առևտրային, քաղաքական և տեխնոլոգիական հարաբերությունների վրա: Վաշինգտոնը ստիպված եղավ հետ կանգնել այն պնդումից, որ Մերձավոր Արևելքն այլևս առաջնահերթ ոլորտ չէ ամերիկյան շահերի համար, նույնիսկ եթե այն մնա կարևոր տարածաշրջան, թեև դա արեց փոքր-ինչ ուշացած:
Երկրորդ. ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները և Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների՝ Ռուսաստանի դեմ ռազմական էսկալացիայի քաղաքականությունը՝ Ուկրաինային զենքի մատակարարումները, ֆինանսավորման և տեղեկատվության տրամադրումը և Ռուսաստանի դեմ տնտեսական, առևտրային և ֆինանսական ամենախիստ պատժամիջոցների կիրառումը, որոնք ազդել են էներգակիրների ու պարենային ապրանքների գների աճի և տնտեսական ճգնաժամի բռնկման վրա հենց Միացյալ Նահանգներում և նրա բոլոր դաշնակիցների ու աշխարհի բոլոր երկրներում, հանգեցրել են նախագահ Բայդենի ժողովրդականության մակարդակի էական անկմանը, ինչը պատճառ դարձավ, որ դեմոկրատական կուսակցությունը մեծապես անհանգստանա 2022 թ. նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում թե՛ Սենատում, թե՛ Ներկայացուցիչների պալատում իր մեծամասնությունը կորցնելու մեծ հավանականության համար: Այդ հավանականությունը խիստ իրատեսական են դարձնում բուռն դժգոհության ալիքը, ՆԱՏՕ-ի ակնհայտ և թաքնված պառակտումը, էսկալացիոն քաղաքականության արդյունավետության մեջ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի համոզմունքի բացակայությունը, Ուկրաինայում պատերազմի շարունակման և այնտեղի իրավիճակի համար խոր մտահոգությունը։ Եվրոպական երկրների լուրջ անհանգստությունը կարճ և միջնաժամկետ հեռանկարում ռուսական նավթին և գազին այլընտրանք չունենալու հարցում։
Երրորդ. արաբական երկրները, բացառությամբ Սիրիայի, չեզոք դիրք են գրավում ռուս-ուկրաինական պատերազմի հարցում՝ մերժելով երկրների ինքնիշխանության և անկախության դեմ ագրեսիան, միաժամանակ մերժելով միջազգային իրավասու շրջանակներից դուրս տնտեսական և այլ պատժամիջոցների կիրառումը՝ կազմակերպություններին կոչ անելով դադարեցնելու ռազմական գործողությունները և բանակցությունների գնալու հակամարտության քաղաքական կարգավորմանը հասնելու համար։ Այս դիրքորոշումն անհանգստացրեց Վաշինգտոնին, և Բայդենը հասկացավ, որ անհրաժեշտ է այդ հարցով անմիջական խորհրդակցություններ անցկացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների համար բարեկամ արաբական երկրների հետ:
Չորրորդ. Ի մտի ունենալով Իսրայելի անհանգստությունը իրանական միջուկային փաթեթի հարցում, մի կողմից՝ Իրանի դեմ նրա արշավները և մյուս կողմից՝ հակազդեցությունը ԱՄՆ-ի վերադարձին Իրանի հետ միջուկային համաձայնագրին: Բայդենը տեսավ, որ բախվում է Կոնգրեսում թե՛ դեմոկրատների և թե՛ հանրապետականների առաջնորդների, իսրայելական ընդդիմության ու նրա կողմնակից ԱՄՆ պաշտոնյաների դիմակայությանը իր ցանկությանը՝ վերադառնալու Իրանի հետ միջուկային համաձայնագրին, որի ստորագրումը 2015 թ. նա համարում է Օբամայի վարչակազմի կարևոր ձեռքբերումներից մեկը։
Հինգերորդ. չնայած ԱՄՆ նախորդ նախագահ Թրամփի նկատմամբ Բայդենի ատելությանը և նրանց միջև եղած թշնամանքին՝ ծանր ճգնաժամի միջով անցնող ամերիկյան տնտեսության համար դժվար է անտեսել Թրամփի կողմից ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունը ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի՝ մոտ 450 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումների շուրջ՝ ի լրումն ԱՄՆ գանձապետական պարտատոմսերում Սաուդյան Արաբիայի բաժնեմասի և նրա՝ ամերիկյան զենքի, պահեստամասերի և ռազմական տեխնիկայի գնումների: Սա՝ ի հավելումն ԱՄՆ հարաբերությունների աշխուժացմանը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի մյուս անդամների, Եգիպտոսի, Հորդանանի և Իրաքի հետ:
Բայդենն իր այցը տարածաշրջան սկսել է Իսրայելից։ Նա միշտ պարծենում է, որ թեև հրեա չէ, բայց սիոնիստ է։ Նա չափազանց հեռուն գնաց Իսրայելին ռազմական, քաղաքական և տնտեսական օգնության տրամադրման հարցում և հանգստացրեց ենթադրյալ մտավախությունները Իրանի և Իրանի միջուկային փաթեթի առնչությամբ՝ ստորագրելով Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ Երուսաղեմի հռչակագիրը՝ բոլոր հնարավոր միջոցներով խանգարելու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Ընդ որում, Իսրայելը, որն ունի միջուկային զենք, չի ստորագրել միջուկային զենքի չտարածման պայմանագիրը և չի ընդունում որևէ կարգի վերահսկողություն՝ ի տարբերություն Իրանի, որը ստորագրել է համաձայնագիրը և համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ ի լրումն մեծ տերությունների հետ իր միջուկային համաձայնագրի: Բայդենի՝ չափից ավելի աջակցությունն Իսրայելին և նրա ինտեգրմանը տարածաշրջանում՝ որպես «Աբրահամյան համաձայնությունների» շարունակություն, Սաուդյան Արաբիա նրա այցի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ու երեք երկրների (Եգիպտոս, Հորդանան և Իրաք) գագաթնաժողովին մասնակցության սադրիչ նախերգանք էր:
Բայդենի այցը պաղեստինյան գրավյալ տարածքներ և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ մոտ մեկ ժամ տևած նրա հանդիպումը ենթադրում էր հասցված վնասների հատուցում և ֆինանսական օգնության տրամադրում պաղեստինյան հիվանդանոցներին ու ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը (UNRWA)։ Դա կարծես այլընտրանք լիներ Արևելյան Երուսաղեմում ամերիկյան հյուպատոսություն բացելուն, Վաշինգտոնում Պաղեստինի ազատագրման կազմակերպության գրասենյակի վերաբացման նրա նախկին խոստմանը և ՊԱԿ-ի անունը ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու՝ Պաղեստինի խնդրանքին արձագանքելուն: Բայդենը հայտարարեց, որ կողմ է «երկու պետությունների» խնդրի լուծմանը, սակայն շտապեց ասելու, որ դա ներկայիս պայմաններում իրագործելի չէ: Սա հաստատում է, որ Բայդենն իր կառավարման չորս տարիները կանցկացնի առանց պաղեստինցիների համար որևէ բան անելու, միայն սին խոստումներ տալով։
Նախքան տարածաշրջան ժամանելը Բայդենը Իրանի դեմ ամերիկա-արաբա-իսրայելական ռազմական դաշինք ստեղծելու պահանջին արաբական կողմից հստակ մերժում ստացավ։ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրները հաստատեցին, որ Իրանը հարևան երկիր է, որն իրենց հետ կիսում է իրենց մշակույթն ու կրոնը, և պահանջեցին չմիջամտել իրենց բարիդրացիական հարաբերություններին, ինչը Բայդենին ստիպեց հետ կանգնել այդ պահանջից և առաջ քաշել ռազմական համագործակցության գաղափարը՝ Կարմիր ծովում (Բաբ էլ-Մանդեբ) և Պարսից ծոցում (Հորմուզի նեղուց) ջրային ուղիներն ապահովելու համար, սակայն այն մինչ այժմ որևէ մեկնաբանության չի արժանացել արաբական կողմից։
Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները չեն արձագանքել նավթի և գազի արդյունահանման ծավալները մեծացնելու Բայդենի պահանջին՝ հավատարիմ մնալով ՕՊԵԿ-ի և նրա դիտորդ անդամների որոշումներին՝ Ռուսաստանի գլխավորությամբ։ Միակ բանը, որին Բայդենը կարողացավ հասնել, Սաուդյան Արաբիայի հայտարարությունն էր, որ նավթի օրական արդյունահանման ծավալը կմեծացնի՝ հասցնելով առավելագույնը 13 մլն բարելի: Ներկայումս Սաուդյան Արաբիան օրական արդյունահանում է մոտ 12 մլն բարել նավթ։ Այս քայլն էական ազդեցություն չի ունենա նավթի ներկայիս գների վրա։ Նշենք, որ Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը մեծ քանակությամբ ռուսական նավթ են ներկրում՝ օգտվելով ցածր գներից։
Արաբական երկրներն ընդգծել են Պաղեստինի հարցի՝ «երկու պետությունների» լուծմանը հավատարիմ մնալու անհրաժեշտությունը և այն, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է համապատասխանի արաբական նախաձեռնությանը: Սաուդյան Արաբիան Իսրայելի քաղաքացիական ավիացիային իր օդային տարածքը հատելու թույլտվությունը չհամարեց Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում և դա մեկնաբանեց որպես քաղաքացիական ավիացիայի միջազգային համաձայնագրի պարտավորություն, ինչը կնվազեցնի Իսրայելի քաղաքացիական ավիացիայի թռիչքների ծախսը, կիջեցնի տոմսերի գները և կկրճատի թռիչքների տևողությունը։
Բայդենը արաբ առաջնորդների հետ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հանդիպումների ընթացքում հստակ ուղերձ ստացավ առ այն, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կան կարևոր և շարունակական ռազմավարական շահեր, սակայն դրանք հիմնված են ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա ու չեն խանգարում կապերին և իրենց երկրների հարաբերություններին աշխարհի այլ տերությունների հետ: Կարևոր է հաշվի առնել արաբական երկրների շահերը և քաղաքական դիրքորոշումները տարածաշրջանային ու միջազգային բոլոր հարցերի վերաբերյալ, և կարևոր է, որ Միացյալ Նահանգները համագործակցի Պաղեստինի հարցի, Եմենի, Սիրիայի և Լիբիայի ճգնաժամերը, Իրաքում, Սուդանում և արաբական այլ երկրներում ստեղծված իրավիճակները հաղթահարելու համար արդար քաղաքական լուծում գտնելու համար:
(Աղբյուրը՝ https://bit.ly/3BEzcim)
Սոնա Տոնիկյան
Արաբագետ