ԱՄՆ միջանկյալ ընտրությունները և դրանց վրա ազդող հիմնական գործոնները
24 Օգոստոս 2022
2022 թ. նոյեմբերի 8-ին Միացյալ Նահանգներում կայանալու են ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների միջանկյալ ընտրություններ։ Միացյալ Նահանգներում կա մի օրինաչափություն. եթե նախագահը ընտրվում է դեմոկրատական կուսակցությունից, ապա Կոնգրեսի ընտրություններում մեծ մասամբ հաղթում են հանրապետականները և հակառակը։ Նման կերպ ԱՄՆ քաղաքացիները փորձում են հավասարակշռություն պահպանել երկու կուսակցությունների միջև և թույլ չտալ, որ ամբողջ իշխանությունը կենտրոնանա մեկ կուսակցության ձեռքում։ Տվյալ պահին ԱՄՆ նախագահը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է, իսկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում և Սենատում մեծամասնություն են կազմում հենց դեմոկրատները, որոնք մեծամասնություն էին դարձել, երբ նախագահը հանրապետական Դոնալդ Թրամփն էր։
Վերջերս կատարված հարցումները ցույց են տալիս, որ հանրապետականները ավելի մեծ հնարավորություն ունեն հաղթելու ԱՄՆ միջանկյալ ընտրություններում և մեծամասնություն կազմելու Ներկայացուցիչների պալատում։ Սենատում հանրապետականները նույնպես ունեն հաղթելու մեծ հնարավորություն, այնուամենայնիվ, Սենատի պարագայում հարցումների արդյունքներն առավել վիճահարույց են, քան Ներկայացուցիչների պալատի դեպքում է։
ԱՄՆ Սենատի ընտրությունները
Ներկայումս Սենատում մեծամասնություն են կազմում դեմոկրատները, չնայած որ 100 տեղից 50-ը զբաղեցնում են հանրապետականները, իսկ 48-ը՝ դեմոկրատները։ ԱՄՆ Սենատում դեմոկրատներին մեծամասնություն են դարձնում 2 անկախ սենատորները, որոնք խմբակցում են դեմոկրատներին, և դեմոկրատ փոխնախագահ Քամալա Հարիսի վճռորոշ ձայնը, որը, ԱՄՆ Սահմանադրությամբ, Սենատի ղեկավարն է և կարող է քվեարկել միայն այն դեպքում, եթե քվեարկության ժամանակ ձայները հավասար են բաշխվում ։
Այս տարվա նոյեմբերին Սենատում 100 տեղից ընտրությունների են դրված 35-ը, որոնցից 14-ը ներկայումս զբաղեցնում են դեմոկրատ սենատորներ, իսկ 21-ը՝ հանրապետական։ Պաշտոնավարող սենատորներից 6-ը (5 հանրապետական և 1 դեմոկրատ) այլևս չեն առաջադրվելու։ Չառաջադրվող սենատորներից են դեմոկրատ Պատրիկ Լիհին և հանրապետական Ռոբ Փորթմանը, որոնք հայամետ մի շարք նախաձեռնությունների են աջակցել իրենց պաշտոնավարման ընթացքում։ Նորընտիր թեկնածուները կպաշտոնավարեն 6 տարի ժամկետով։ Նախատեսվում է անցկացնել երկու հատուկ ընտրություն. մեկը՝ Օկլահոմա նահանգում՝ սենատոր Ջիմ Ինհոֆի պաշտոնավարման 4 տարին լրացնելու համար, քանի որ վերջինս 2022 թ. փետրվարին հայտարարել է իր պաշտոնաթող լինելու մասին, երկրորդը՝ Կալիֆոռնիա նահանգում՝ լրացնելու համար այժմ փոխնախագահ Քամալա Հարիսի պաշտոնավարման վերջին մի քանի շաբաթները ։
Ընտրության դրված 21 հանրապետական տեղերից առավել խոցելի են 2-ը՝ Վիսկոնսին և Փենսիլվանիա նահանգներում՝ հաշվի առնելով այն, որ 2020 թ. նախագահական ընտրությունների ժամանակ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հենց այդ նահանգներում պարտվեց դեմոկրատներին։
Վիսկոնսին նահանգը ներկայացնող հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնի դեմ դեմոկրատներն ունեն մի քանի ուժեղ թեկնածուներ։ Այնուամենայնիվ, Ջոնսոնի հիմնական դեմոկրատ մրցակցի անունը հայտնի կդառնա միայն օգոստոսի 9-ին կայանալիք փրայմերիզի ժամանակ։ Հարցումների համաձայն՝ դեմոկրատները մեծ հնարավորություններ ունեն հաղթելու այս նահանգում, սակայն հանրապետականները պնդում են, որ Ջոնսոնին նախկինում էլ են թերագնահատել, բայց, միևնույնն է, նա հաղթել է։
Հարցումների նկատմամբ հանրապետականների թերահավատությունը գալիս է դեռևս 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններից, երբ, ըստ բոլոր հարցումների, Դոնալդ Թրամփի հաղթելու հավանականությունը շատ փոքր էր, սակայն հենց նա դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահը։
Հանրապետականների համար երկրորդ խոցելի նահանգը Փենսիլվանիան է։ Այդ նահանգը ներկայացնող հանրապետական սենատոր Փեթ Թումին դեռևս 2020 թ. հայտարարել է, որ հաջորդ ընտրություններում չի առաջադրվի ո՛չ սենատորի, ո՛չ էլ նահանգապետի պաշտոններում, քանզի լքում է քաղաքականությունը։ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ և երկու անգամ սենատորի պաշտոն զբաղեցրած Թումիի պնդմամբ՝ ինքը կհաղթեր այս ընտրություններում, եթե որոշեր մասնակցել։ Իր այս քայլով սենատորը ծանր հարված հասցրեց հանրապետական կուսակցությանը՝ պայքարի մեծ դաշտ թողնելով դեմոկրատների և հանրապետականների համար։
Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Փենսիլվանիա նահանգում հանրապետականների կողմից թեկնածություն է առաջադրել ազգությամբ թուրք Մեհմեդ Օզը։ Վերջինս մասնագիտությամբ վիրաբույժ, իսկ այժմ հայտնի հեռուստաաստղ է, որը վայելում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը։ Խոսելով Օզի մասին` Թրամփը նշել է․ «Ես երկար տարիներ ճանաչում եմ բժիշկ Օզին, ինչպես շատ շատերը, թեև միայն իր շատ հաջողված հեռուստահաղորդման միջոցով… Նա միշտ եղել է շատ հայտնի, հարգված և խելացի» ։ Չնայած Թրամփի աջակցությանը՝ կասկածի տակ է դրվում Մեհմեդ Օզի հավատարմությունը ԱՄՆ-ի նկատմամբ, քանզի վերջինս, լինելով նաև Թուրքիայի քաղաքացի, խոր կապեր ունի թուրքական բիզնես էլիտայի և քաղաքական շրջանակների հետ, որոնք իրենց հերթին կապեր ունեն Էրդողանի հետ ։
Օզը հայտարարել է, որ սենատոր դառնալու դեպքում կհրաժարվի Թուրքիայի քաղաքացիությունից, թեև կան զուգահեռ զեկույցներ, որ նա չի գնա այդ քայլին։ Այնուամենայնիվ, Թուրքիայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում էլ Օզը, բազմաթիվ կապեր ունենալով Թուրքիայի հետ և անգամ ծառայած լինելով Թուրքիայի բանակում, ընտրվելով այս կամ այն կերպ դառնալու է թուրքական շահերի ներկայացուցիչը ։
Ինչ վերաբերում է Սենատում ընտրության դրված 14 դեմոկրատական տեղերին, ապա դրանցից վտանգված են հատկապես 4-ը։ Այդ նահանգներն են Արիզոնան, Ջորջիան, Նևադան և Նյու Հեմփշիրը։ Թեև այժմ այդ նահանգները ներկայացնում են դեմոկրատ սենատորներ, այնուամենայնիվ, այս միջանկյալ ընտրությունների ժամանակ հնարավոր է, որ դրանցում դեմոկրատները կորցնեն իրենց տեղերը։ Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով՝ հանրապետականների կողմից անվանի թեկնածուների առաջադրմամբ, դեմոկրատների օրոք տնտեսական վիճակի վատթարացմամբ, ժողովրդագրական պատկերի փոփոխությամբ ։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այժմ մեծամասնություն են կազմում դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները՝ 435 տեղից զբաղեցնելով 222-ը. հանրապետականները զբաղեցնում են 213 տեղ: Հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների 2-ական ներկայացուցիչների պաշտոնաթողությունից հետո՝ 2022 թ. հուլիսի դրությամբ, դեմոկրատները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում պահպանում են առավելությունը (220-211)։ Այսպիսով՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններում հանրապետականներին անհրաժեշտ է ձեռք բերել ևս 7 մանդատ՝ պալատում մեծամասնություն կազմելու համար:
Ի տարբերություն Սենատի՝ Ներկայացուցիչների պալատում ընտրության են դրված բոլոր 435 ներկայացուցիչների տեղերը: Ընտրության են դրված նաև Ներկայացուցիչների պալատի 6 չքվեարկող անդամներից 5-ի տեղերը: Իսկ 117-րդ համագումարի թափուր պաշտոնների զբաղեցման համար տեղի կունենան հատուկ ընտրություններ ։
2022 թ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրություններում այլևս չեն առաջադրվի 31 դեմոկրատ և 18 հանրապետական պաշտոնավարող ներկայացուցիչներ։ Հեռացող կոնգրեսականների թվում են նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Բրենդա Լորենսը, Էդի Բեռնիս Ջոնսոնը, Ֆրեդ Ափթոնը, Թեդ Դոյչը, Քեթլին Ռայսը, Ջեյմս Լենջվինը, Էդվին Փերլմութերը, Բոբի Ռաշը, Ալբիո Սիրիսը, Լուսիլ Ռոյբալ-Ալարդը, Ալան Լոուենտալը, Մայք Դոյլը և Էնթոնի Գոնսալեսը ։ Պաշտոնաթող կոնգրեսականների թվում է նաև հայկական արմատներ ունեցող և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերը, որը 2021 թ. հայտարարել էր, որ այլևս չի առաջադրվի կոնգրեսականի պաշտոնում ։ Սփիերի հեռացումը մեծ կորուստ կլինի, քանզի վերջինս մշտապես ակտիվորեն պայքարել է ԱՄՆ Կոնգրեսում հայերի շահերի առաջմղման համար՝ առաջադրելով և աջակցելով բազմաթիվ հայամետ բանաձևերի ընդունմանը, միանալով հայամետ նախաձեռնություններին։ Բացի այդ՝ 2019 թ. Ջեքի Սփիերը այն կոնգրեսականների թվում էր, որոնք այցելեցին Արցախ։ Սփիերը աջակցել է նաև Արցախին օգնության տրամադրմանը, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության սահմանափակմանը և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ Հայաստան վերադարձին։
Միջանկյալ ընտրությունների վրա ազդող գործոնները
Ինչպես արդեն նշվեց, հարցումների համաձայն՝ հանրապետականները 2022 թ. միջանկյալ ընտրություններում հնարավորություն ունեն մեծամասնություն կազմելու ԱՄՆ Կոնգրեսում, մանավանդ որ ԱՄՆ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի վրա է։
Դա պայմանավորված է մի շարք գործոններով։ Ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել հետևյալ հիմնական գործոնները, որոնք իրենց ազդեցությունը կունենան միջանկյալ ընտրությունների վրա։
Գնաճ: Ընտրությունների վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործոնը թերևս գնաճն է։ «Washington Post-ABC News»-ի հարցման մոտավոր հաշվարկներով՝ 10 ամերիկացիներից 7-ը դժգոհ են նախագահ Բայդենի՝ գնաճի խնդրի լուծման մոտեցումից: Հարցվածների 50 %-ը կարծում է, որ գնաճի խնդիրը կարող են լուծել հանրապետականները, իսկ 31 %-ը՝ դեմոկրատները ։ Հետաքրքիր է, որ Օբամայի վարչակազմի օրոք՝ 2011 թ., գազի գնի աճը մոտավորապես նույնն էր, իսկ գործազրկության մակարդակը կրկնակի բարձր էր։ Այնուամենայնիվ, Օբամայի վարկանիշը զգալիորեն ավելի բարձր էր, քան այժմ Բայդենի վարկանիշն է: Այս անհամապատասխանության հիմնական պատճառներից մեկը կարող է լինել ԶԼՄ-ների բացասական անդրադարձը գնաճին և ընդհանրապես տնտեսական վիճակի վատթարացմանը, ինչը միանշանակ իր ազդեցությունն է թողել ԱՄՆ հանրային կարծիքի վրա ։ Սա ոչ միայն ազդում է նախագահ Բայդենի վարկանիշի վրա, այլև թուլացնում է դեմոկրատական կուսակցության դիրքերը գալիք միջանկյալ ընտրություններում։ Անգամ եթե միջանկյալ ընտրություններից առաջ գնաճն աստիճանաբար կրճատելու նոր քաղաքականություն ներդրվի, այն ընտրությունների համար որոշիչ չի դառնա ։
• Ընտրական շրջանների սահմանների վերանայում: 2020 թ. մարդահամարով վեր հանված բնակչության թվաքանակի փոփոխությունն արտացոլելու համար ԱՄՆ նահանգներում իրականացվեցին ընտրական շրջանների սահմանների փոփոխություններ։ Սրանով հանրապետական կուսակցությունը առավելություն ստացավ, որով ակնկալվում է, որ հանրապետականները ավելի շատ տեղեր կստանան որոշ նահանգներում՝ պայմանավորված ընտրաշրջանների սահմանների փոփոխություններով ։
Վերաբաշխման հետևանքով 6 նահանգներ (Տեխաս, Կոլորադո, Ֆլորիդա, Մոնտանա, Հյուսիսային Կարոլինա և Օրեգոն) լրացուցիչ տեղեր ստացան, իսկ 7 նահանգներ (Կալիֆոռնիա, Իլինոյիս, Միչիգան, Նյու Յորք, Օհայո, Փենսիլվանիա և Արևմտյան Վիրջինիա) տեղեր կորցրին ։ Նման առավելությունը թույլ կտա հանրապետականներին առավել շատ ռեսուրսներ հատկացնել այն նահանգներին, որտեղ դեմոկրատների հետ մրցակցությունն առավել թեժ է։
• ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից Ռոուն ընդդեմ Ուեյդի որոշման չեղարկում: Այս որոշմամբ չեղարկվեց հղիության արհեստական ընդհատման՝ սահմանադրական իրավունք լինելը։ Այդ հարցի կարգավորումը այդուհետ հանձնվեց նահանգային իշխանություններին, որոնցից շատերն արդեն իսկ արգելել են հղիության արհեստական ընդհատումը, իսկ մի մասն էլ դա կանի ապագայում ։ Այս որոշումը կայացվել է Գերագույն դատարանի՝ մեծամասնություն կազմող պահպանողական դատավորների կողմից, ինչը հաստատում է այն փաստը, որ հանրապետականները, չունենալով իշխանություն ո՛չ Սպիտակ տանը, ո՛չ էլ Կոնգրեսի երկու պալատներում, շարունակում են վճռորոշ ազդեցություն ունենալ ԱՄՆ ներքին կյանքի վրա։ Ռոուն ընդդեմ Ուեյդի որոշման չեղարկումը կարող է մոբիլիզացնել դեմոկրատ ընտրողներին, որ մասնակցեն ընտրություններին և քվեարկեն դեմոկրատների օգտին։
• Կովիդ-19 համավարակ: Առաջին հայացքից համավարակն ինքնին առաջնահերթ խնդիր չէ ԱՄՆ ընտրողների և մրցապայքարի մասնակցող թեկնածուների համար։ Չնայած 2 տարի առաջ այս գործոնը զգալիորեն ազդեց Դոնալդ Թրամփի վերընտրվելու վրա, այժմ այն շատ քիչ ընտրողների համար է առաջնային խնդիր, անգամ այն պայմաններում, երբ Կովիդ-19-ի հետևանքով մահերի թիվն անցել է 1 միլիոնը։ Սակայն հարկ է նշել, որ հենց համավարակը սկիզբ դրեց ընտրությունների արդյունքների վրա ազդող գլխավոր գործոնին՝ գնաճին ։
• Հանցագործությունների թվի աճ: Վերջին տարիներին ԱՄՆ-ում գրանցվել է հանցագործությունների՝ զինված հարձակումների, գողության և ռասիզմի դեպքերի աճ։ Նման ցուցանիշները անհանգստացնող են ԱՄՆ ընտրողների համար։ Այս իրավիճակը գործում է ի վնաս գործող դեմոկրատ իշխանությունների և մեծացնում հանրապետականների ընտրվելու հավանականությունը ։
Եզրակացություն
Ամփոփելով վերոնշյալը, եթե դատենք այն օրինաչափությամբ, որը մշտապես գործել է ԱՄՆ-ում, դեմոկրատ նախագահ ունենալու դեպքում մեծ են Կոնգրեսում մեծամասնություն կազմելու հանրապետականների հնարավորությունները։ Այս օրինաչափության օգտին են վկայում նաև անցկացված հարցումները, ըստ որոնց՝ հանրապետականներն ավելի մեծ հնարավորություններ ունեն Կոնգրեսում մեծամասնություն կազմելու (առավել մեծ հնարավորություններ՝ Ներկայացուցիչների պալատում)։ Միևնույն ժամանակ մի շարք կոնգրեսականներ կայացրել են այլևս ընտրություններին չմասնակցելու որոշում, որոնց թվում են բազմաթիվ հայամետ կոնգրեսականներ։ Նրանց թվում է նաև ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերը։ Դրան հակառակ՝ սենատորի պաշտոնում առաջադրվել է ազգությամբ թուրք և Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Օզը՝ ԱՄՆ-ում հայտնի որպես «բժիշկ Օզ»։ Ընտրվելու դեպքում հնարավոր է, որ նա դառնա Կոնգրեսում Էրդողանի շահերի ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է Կոնգրեսում մեծամասնություն կազմելու հանրապետականների կամ դեմոկրատների հնարավորություններին, ապա կարելի է առանձնացնել մի քանի հիմնական գործոններ, որոնք 2022 թ. ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ժամանակ լինելու են վճռորոշ։ Հանրապետականների օգտին են գնաճը, ընտրական շրջանների սահմանների վերանայումը և հանցագործությունների թվի աճը։ Այդ գործոնների ազդեցությամբ է, որ ներկայումս ԱՄՆ դեմոկրատ նախագահ Բայդենի վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի վրա է, ինչն իր հերթին նվազեցնում է դեմոկրատների ընտրվելու հավանականությունը։ Իսկ հանրապետականների դեմ գործող և դեմոկրատների ընտրվելու հավանականությունը մեծացնող գործոն է ԱՄՆ Գերագույն դատարանի պահպանողական դատավորների մեծամասնության կողմից Ռոուն ընդդեմ Ուեյդի որոշման չեղարկումը։
___________________________________
. Տե՛ս Why Republicans Are Favored To Win The House, But Not The Senate, https://fivethirtyeight.com/features/why-republicans-are-favored-to-win-the-house-but-not-the-senate/ (մուտք՝ 25.07.2022):
. Տե՛ս U.S. Constitution, Article I, section 3, https://www.senate.gov/civics/constitution_item/constitution.htm#a1_sec3 (մուտք՝ 26.07.2022):
. Տե՛ս United States Senate elections, 2022, https://ballotpedia.org/United_States_Senate_elections,_2022 (մուտք՝ 25.07.2022):
. Տե՛ս Mandela Barnes gets open path to take on Wisconsin Sen. Ron Johnson, https://www.politico.com/news/2022/07/27/alex-lasry-dropping-out-of-wisconsin-senate-race-to-unseat-ron-johnson-00048186 (մուտք՝ 26.07.2022):
. Տե՛ս Sen. Pat Toomey to retire from politics in blow to GOP, https://www.politico.com/news/2020/10/05/pat-toomey-senate-retirement-426429 (մուտք՝ 26.07.2022):
. 2022 Midterms: A Guide to the Races Worth Watching A cheat sheet for all the crucial races, upsets, and campaign drama from now through Election Day, https://nymag.com/intelligencer/article/2022-midterms-guide.html (մուտք՝ 26.07.2022).
. Տե՛ս Would Turkey’s president have leverage over ‘Senator Doctor Oz’? https://www.washingtonpost.com/opinions/2022/02/16/doctor-oz-close-ties-to-turkey-raise-concern-about-senate-candidacy/ (մուտք՝ 26.07.2022):
. Տե՛ս Dr. Oz vows to renounce Turkish citizenship if elected to Senate, https://edition.cnn.com/2022/03/16/politics/dr-oz-turkish-citizenship-pennsylvania-senate/index.html (մուտք՝ 27.07.2022):
. Տե՛ս Senate, Balance of the chamber could come down to four states where Democrats are up for reelection, https://www.washingtonpost.com/politics/interactive/2022/senate-control-midterms-2022/?itid=lk_readmore_elections_enhanced_index (մուտք՝ 27.07.2022):
. Տե՛ս United States House of Representatives elections, 2022,
https://ballotpedia.org/United_States_House_of_Representatives_elections,_2022 (մուտք՝ 27.07.2022):
. Տե՛ս List of U.S. Congress incumbents who are not running for re-election in 2022, https://ballotpedia.org/List_of_U.S._Congress_incumbents_who_are_not_running_for_re-election_in_2022 (մուտք՝ 27.07.2022):
. Տե՛ս Rep. Jackie Speier retiring from Congress,
https://www.politico.com/news/2021/11/16/jackie-speier-retiring-congress-522690 (մուտք՝ 27.07.2022):
. Տե՛ս Key issues that could determine the 2022 midterm elections, https://www.washingtonpost.com/politics/interactive/2022/key-issues-voting-2022-midterms/ (մուտք՝ 28.07.2022):
. Տե՛ս Is the Democrats’ problem Biden or Inflation, https://www.washingtonpost.com/opinions/2022/07/12/how-much-does-inflation-explain-biden-bad-polling/ (մուտք՝ 28.07.2022):
. Տե՛ս The Inflation Election: Economics Factors May Have Already Cooked the Midterm Election Results, https://www.aei.org/economics/the-inflation-election-economics-factors-may-have-already-cooked-the-midterm-election-results/ (մուտք՝ 28.07.2022):
. Տե՛ս How Redistricting Gives Republicans New Political Power, https://www.wsj.com/articles/how-redistricting-gives-republicans-new-political-power-11657359001 (մուտք՝ 28.07.2022):
. Տե՛ս United States House of Representatives elections, 2022։
. Տե՛ս Abortion is now banned in these states. See where laws have changed, https://www.washingtonpost.com/politics/2022/06/24/abortion-state-laws-criminalization-roe/ (մուտք՝ 29.07.2022):
. Տե՛ս Why have politicians stopped talking about Covid? https://www.vox.com/coronavirus-covid19/2022/6/16/23167365/covid-19-2022-us-midterm-elections-vaccines-masks (մուտք՝ 29.07.2022):
. Տե՛ս Key issues that could determine the 2022 midterm elections:
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն