Արցախի անկախության տարեդարձին նվիրված միջոցառում Բելգիայում
07 Սեպտեմբեր 2022
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին Բելգիայի Մեխելեն քաղաքի «Անի» միության «Հայ տան» հրապարակում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-րդ տարեդարձին։
Միջոցառմանը ներկա էին Բելգիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի խորհրդական, Արցախի հարցերով պատասխանատու Իրինա Բեգլարյանը, դեսպանատան խորհրդական Գևորգ Ղազարյանը, Բելգիայի հոգևոր հովիվ Հայր սուրբ Զատիկ Ավետիքյանը, Մեխելենի հոգևոր հովիվ Արմեն քահանա Մելքոնյանը և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։
Միջոցառման ընթացքում հնչեցին ողջույնի և շնորհավորանքի խոսքեր, նվիրված Արցախի անկախության տոնին։
Արցախի Հանրապետության օրհներգի ներքո, Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության պետական դրոշների կողքին բարձրացվեց Արցախի Հանրապետության պետական դրոշը, այնուհետև միջոցառումը շարունակվեց համերգային ծրագրով։ Ելույթ ունեցան Մեխելենի «Անի» միության պարախմբերը և դուդուկահար Անդրանիկ Մուրադյանը։
Միջոցառմանը ներկա էին Մեխելենի, Անտվերպենի, Բրյուսելի և այլ համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։
yerkir.am
https://youtu.be/pDjTZBOUNv0
Բելգիայի թագավորի ու Արցախի նախագահի ստորագրությունը մեկ գրքում
Արցախի դրոշը բարձրացնում են Բելգիայի Մեխելեն քաղաքում՝ Արցախի Հանրապետության հռչակման օրը: Մեխելենի «Անի» միության հրավերով միջոցառմանը ներկա մեր հայրենակիցները ներկայացնում են Արցախի անվտանգության հարցը, ընդգծում, որ այն ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրն է:
Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը հիշեցնում է՝ Բելգիայում գործող հայկական կառույցների ջանքով Արցախը միշտ եղել է ուշադրության կենտրոնում: Նա հիշատակում է Արցախի Հանրապետության նախագահի այցը Բելգիայի թագավորություն: Գասպար Կարապետյանն ընդգծում է, որ անհրաժեշտ է շարունակել Արցախը մեկուսացումից դուրս բերելու ջանքերը:
Նա տեղեկացնում է, որ տեղի է ունենալու քննարկում, որին մասնակցելու է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:
Առանց Արցախի Հայաստանի գոյությունը վտանգված լինելու թեզն իրենց ելույթներում ընդգծեցին նաեւ մյուս բանախոսները: Արցախը Հայաստանի դարպասն է ու բոլոր հայտարարությունները, իբրեւ թե Արցախը Ադրբեջանի կազմում կարող է գոյատեւել ու դրանով կլինի խաղաղություն հայի համար հայկական լեռնաշխարհում, կեղծ են:
Մեխելեն քաղաքի «Անի» միության «Հայ տան» հրապարակում Արցախի Հանրապետության դրոշը կծածանվի Բելգիայի թագավորության ու Հայաստանի Հանրապետության դրոշների կողքին:
yerkirmedia.am