ՔՊ-ի բերած հայտարարությունը ամբողջական չէ
13 Սեպտեմբեր 2022
«Ափսոսում եմ, որ հերթական մանիպուլյացիային եմ ականատես լինում»,-Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ՀՀ ԱԺ հայտարարության տեքստի քվեարկությունից առաջ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նա հայտնեց, որ խմաբակցությունն երեկ ամբողջ գիշերը աշխատել է իր հայտարարության տեքստի վրա և ՔՊ պատգամավորներին հորդորեց ծանոթանալ դրան՝ տեսնելու, թե ինչ ուղերձներ կան այնտեղ:
«Ես զարմանում եմ, որ մեր հայտարարության կրկնությունը, որ դուք այստեղ դրել եք, ասում եք թե այդ հայտարարությանը մենք չենք միացել: Մենք այս հայտարարությանը դեմ չենք, այլ ասում ենք, որ այն ամբողջական չէ: Հետևաբար ոչ մի լուծում չի պարունկում իր մեջ»,-ասաց Մինասյանը և, հայտնելով, որ եթե ցանկանում են հայտարարությունը լուծում պարունակի, ապա պետք է այն հստակ թիրախավորված լինի, հավելեց. «Եթե մենք տրամադրված չլինեինք մեր պետականության պաշտպանության հարցով, այս կարևորագույն կետերը չէինք ասի, այլ պարզապես կգայինք և կասիենք՝ Նիկոլ Փաշինյա՛ն, դու պետք է այսօր գաս հրաժարականով: Ի դեպ, այն ամենաանկեղծ քայլը կլիներ, որը կմիավորեր մեր ժողովրդին, ընդդիմությանը և դիմությանը՝ կատարելով ձեր կամքը և մեր ցանկությունը, որպեսզի մենք կարողանայինք ուժեղացնել մեր պետականությունը»:
Նա հայտնեց, որ ընդդիմության հայտարարության կարևոր շեշտադրումն այն է, որ կետերից մեկը վերաբերում է ՔՊ-ի իշխանության ժամանակահատվածում թույլ տված սխալների վերխմբագրմանն ու ուղղմանը և հարցրեց, թե իշխող խմբակցությունն ինչո՞ւ այն չի ուզում:
«Բերել եք այսքան ավեր, կորուստ և այսքանից հետո, պարո՛ն Վլադիմիր Վարդանյան, ասում եք զոհերի հիշատակը հարգելու համար ոտքի չենք կանգնում: Չե՞ք ամաչում, առավոտը մենք այստեղ չէի՞նք, որ միասին հոտնկայս հարգեցինք մեր հայրենակիցների հիշատակը»,-ասաց Մինասյանը և հայտարարեց, որ այս իրավիճակում ընդդիմությունը չի մասնակցի հարցի քվեարկությանը, քանի որ այն համարում է կիսատ-պռատ նախագիծ: