Ընկերվար երիտասարդների միջազգային միության Սեւծովյան տարածաշրջանի անդամ կազմակերպությունների երեւանյան համաժողովը
25 Սեպտեմբեր 2022
Ծիծեռնակաբերդի բարձունք այցով են սկսում Ընկերվար երիտասարդների միջազգային միության Սեւծովյան տարածաշրջանի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները երեւանյան համաժողովը:
Համաժողովը հյուրընկալել է աշխարհի խոշորագույն երիտասարդական-քաղաքական այս կազմակերպության լիիրավ անդամ` ՀՅԴ երիտասարդականը:
Երեւան եկածներին ողջունելով՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց՝ համաժողովն անցկացվում է Հայաստանի համար ծանր ու լարված պայմաններում. ընդամենը մի քանի օր առաջ է Ադրբեջանը հարձակվել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա:
Համաժողովի քննարկման հիմնական թեման Սեւծովյան տարածաշրջանի երկրներում մարդու իրավունքների, դրանց ոտնահարման հետ կապված իրավիճակն է: Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ պատմում է իր պետության խնդիրներից, մտքերի փոխանակում են անում՝ լուծումներ գտնելու համար: Համաժողովին Արցախի ներկայացուցիչը խոսում է արցախահայության հանդեպ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունից՝ օտարերկրացի պատվիրակների մոտ իրավիճակի ավելի ճիշտ պատկեր ձեւավորելու համար:
Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած 44-օրյա պատերազմը, նաեւ Հայաստանի ինքնիշան տարածքի դեմ վերջին հարձակումը Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը խստորեն դատապարտել է: Աջակցում է նաեւ Արցախի միջազգային ճանաչմանը:
Մարդու իրավունքների ոտնահարման թեմայով պանելային քննարկմանը բանախոսները մասնակիցներին հանգամանալից ներկայացրին նաեւ Արցախի հարցի էությունը. այն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ չէ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն էլ ուշադրություն հրավիրեց Ադրբեջանին Թուրքիայի՝ զենքով ու վարձկան ահաբեկիչներով բացահայտ աջակցության վրա:
Հայ ռազմագերիների, զոհված զինծառայողների ու խաղաղ բնակիչների հանդեպ ադրբեջանացի զինծառայողների իրականացրած խոշտանգումների մասին պատմեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով դրանք ծնող գլխավոր պատճառը:
Ագրեսոր Ադրբեջանի մասին այժմ ավելի քաջատեղյակ համաժողովի մասնակիցները օրվա ավարտին այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիներին:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում