Դաշնակցության ուղին հայոց պատմության անբաժանելի եւ անուրանալի մասն է
06 Դեկտեմբեր 2018 Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, ազատամարտիկ, շինարար, թիվ 6 ընտրատարածքում ՀՅԴ տարածքային թեկնածու առաջադրված Արամայիս Մխիթարյանը:- Ինչո՞ւ եք որոշել ՀՅԴ ցուցակով առաջադրվել պատգամավորության թեկնածու:
- Նորանկախ Հայաստանի պատմության առաջին օրերից անդամագրվել եմ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, ակտիվ մասնակցություն եմ ունեցել Արցախյան ազատամարտին, այնուհետև պետականաշինության տարիներին լծվել եմ քաղաքացիական աշխատանքի. 2002-ին ընտրվել և մինչ օրս աշխատում եմ Արմավիրի մարզի Այգեշատ (Արմավիր) համայնքի ղեկավար: Նախորդ ԱԺ ընտրություններին նույնպես մասնակցել եմ ՀՅԴ ցուցակով` որպես Արմավիրի մարզից տարածքային թեկնածու: Գրանցել եմ լուրջ արդյունքներ և համարում եմ, որ իմ նպաստը կարող եմ բերել նաև հայրենիքի շենացմանը՝ մասնակցելով ՀՀ Ազգային ժողովի աշխատանքներին:
- Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, և անձամբ Դուք ի՞նչ հարցեր եք բարձրացնելու, եթե ընտրվեք:
- Դաշնակցության հետապնդելիք խնդիրները ոչ միայն Դաշնակցությանն են, այլև երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերներն են: Դրանք են՝ արտաքին քաղաքական ուղեգծի հստակ, առանց շեղումների ամրապնդումը, երկրում սոցիալական արդարության հաստատումը՝ յուրաքանչյուրի` իր աշխատանքով արժանապատիվ ապրելու հնարավորությամբ, Արցախի հիմնախնդրի լուծման «Զարգանալ` առանց զիջելու» սկզբունքի ամրապնդումը:
Քանի որ ինքս խոշոր գյուղատնտեսական մարզի ներկայացուցիչ եմ, ուստի ապագային միտված ծրագրերը հիմնականում առնչվելու են գյուղատնտեսությանը՝ անխափան ոռոգման ջրամատակարարում, գյուղմթերքի մթերման ապահովում, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների իջեցում (առավելագույնը 5%), գյուղատնտեսության ապահովագրություն, համայնքների համաչափ զարգացում և այլն:
- Հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը՝ ժողովրդական շարժում, հետհեղափոխական էյֆորիա, ընտրողին դժվար կլինի համոզել, վստահության քվե խնդրել: Ի՞նչ եք պատրաստվում առաջարկել ընտրողին, ի՞նչ նոր մոտեցում ու շեշտադրում եք անելու, որ հենց ձեզ վստահի, ձեր ուժին ընտրի:

– ՀՅԴ-ն իր սկզբնավորման օրվանից ծառայել է Հայաստանի և հայության ազատագրություն դատին, ուստի Դաշնակցության ուղին ոչ միայն հերոսական է, պետականաստեղծ, այլև հայոց պատմության անբաժանելի և անուրանալի մասն է: Այսօր ընտրողին խորհուրդ կտամ մի պահ «անջատել» էյֆորիան, սեղանին շարել բոլոր թեկնածուների ծրագրերը, անցած ուղին, կենսագրությունները, և համոզված եմ` դրանից հետո սեղանին մնալու են միայն դաշնակցական թեկնածուների անունները՝ իրենց վաստակով, կենսափորձով, ապագայի և հայրենիքի նկատմամբ անհուն սիրով և աննահանջ կեցվածքով:
– Ի՞նչ նոր գաղափարներով եք գնում այս ընտրություններին, ո՞րն է լինելու ՀՅԴ պլատֆորմի գլխավոր շեշտադրումը:
– ՀՅԴ-ն` որպես համահայկական կառույց, իր ուրույն դերն ունի Սփյուռքում հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք կապն ավելի խորացնելու հարցում: ՀՅԴ-ն հանդես է գալիս երկրում սոցիալական արդարության ամրապնդման, արտաքին քաղաքական հստակ դիրքորոշման և Արցախի հարցի արդարացի լուծման հետապնդման դիրքերից:
– Ի՞նչ խնդիրներ ունի համայնքը, ինչպե՞ս եք պատկերացնում դրանց լուծումները:
Ինչպես Այգեշատ (Արմավիր) համայնքի, այնպես էլ մարզի բոլոր համայնքների խնդիրները գրեթե միանման են ոռոգման ջրի սակավություն, բարձր սակագին, գյուղատնտեսական վարկերի բարձր տոկոսադրույք, մթերման գործընթացի ոչ բավարար կազմակերպում, ֆինանսավորման անբավարարության պատճառով մանկապարտեզների թերի աշխատանք, մշակութային օջախների, ճանապարհների անմխիթար վիճակ և այլն: ՀՅԴ ծրագրերում կան այդ բոլոր խնդիրների լուծման տարբերակները:
– Հայտնի է, որ քաղաքական ուժերը քարոզարշավների ժամանակ շեշտը դնում են ոչ թե իրենց ծրագրերն ու գաղափարները ներկայացնելու, այլ մյուս ուժերին սևացնելու վրա: Դուք ի՞նչ եք պատրաստվում անել:
– Դաշնակցության պահվածքին հարիր չէ մյուսներին սևացնելու գնով քվեներ շահելը: Մեր քննադատությունը լինելու է թիրախային և փաստարկված: Մենք պատրաստվում ենք բացառապես պաշտպանել մեր ծրագրային դրույթները, ինչով և շահելու ենք ընտրողի քվեն:
– Այսօր ՀՅԴ-ի հասցեին տարբեր կողմերից հնչում են քննադատություններ, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց, ինչպե՞ս եք գնահատում այս երևույթը:
– Դաշնակցությանը քննադատում են այն ուժերը, որոնք կողմ են Արցախի հարցում պարտվողական հայեցակարգին, որոնք կողմ են սեռական այլասերվածության տարածմանը և քարոզին, որոնք կողմ են քայքայիչ կրոնական կազմակերպությունների ( մասնավորապես` Եհովայի վկաների) անարգել գործունեությանը, որոնք կողմ են, ՀՀ արտաքին քաղաքական ուղեգիծը շեղելով, երկիրն արկածախնդրության ճանապարհով տանելուն, որոնք պայքարում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ և քննադատում Հայ եկեղեցու պատմության դասավանդումը դպրոցներում: Հետևությունը թողնում եմ ընտրողին:
– Արդյո՞ք անհրաժեշտություն է, որ ՀՅԴ-ն ներկայացված լինի գալիք խորհրդարանում, որո՞նք են այս հարցում ձեր փաստարկները:
– ՀՅԴ-ի ներկայության անհրաժեշտությունը ապագա խորհրդարանում աներկբա է: Վերը թվարկված մարտահրավերների անխոնջ պաշտպանը, առաջամարտիկը և անվերապահորեն կյանքի կոչողը եղել է և լինելու է Դաշնակցությունը:
Մ.Մ.