Համախմբվենք, դառնանք մեկ բռունցք և տեր կանգնենք մեր իրավունքներին
30 Հոկտեմբեր 2022
ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի ելույթը՝ հոկտեմբերի 30-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ.
Այսօր ԱԺ արտահերթ նիստը և Վերածննդի հրապարակի հանրահավաքը ունեն մեկ օրակարգ, և այդ օրակարգի էությունն ու բովանդակությունը շատ պարզ են: Արցախահայությունը պատրաստ է տեր կանգնելու ազատ և անկախ ապրելու իր իրավունքին, ինչպես և շուրջ երեք տասնամյակ առաջ Արցախյան ազգային-ազատագրական շարժման օրերին։
Անշուշտ, փոխվել են ժամանակները, փոխվել են իրողությունները, փոխվում է աշխարհակարգը։ Անփոփոխ է մնացել արցախցու կամքն ու վճռականությունը՝ տեր կանգնելու իր պատմությանը, իրավունքներին, եկեղեցիներին, շիրիմներին, հազարավոր մեր նահատակ հերոսների արյունով սրբագործված հողին ու հայրենիքին։
44-օրյա աղետալի պատերազմից հետո մեր երկիրը կանգնել է նոր իրողությունների և մարտահրավերների առաջ։ Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, իրենք լուծել են այն։
Միջազգային տարբեր դերակատարների կողմից շրջանառվում են տարբեր փաստաթղթեր, տարբերակներ, որոնց հիմքում ընկած են ոչ այնքան միջազգային իրավունքի համամարդկային նորմերը, այլև տարբեր ուժային կենտրոնների տարածաշրջանային շահերը։ Այդպիսի քննարկվող փաստաթղթերից մեկը վերջին օրերին ՀՀ Ազգային ժողովում պատռվեց մեր գործընկերոջ կողմից, այո՛, մենք փաստում ենք, որ անընդունելի, պատռման և շպրտման ենթակա է յուրաքանչյուր փաստաթուղթ, ում կողմից էլ այն ներկայացված լինի, որն Արցախը կներառի Ադրբեջանի կազմում, որովհետև դա պարունակում է 21-րդ դարում նոր ցեղասպանության կամ Արցախի հայաթափման վտանգ։
Այս ամենը թույլ չտալու համար կա մեկ ճանապարհ՝ համախմբվենք, դառնանք մեկ բռունցք և տեր կանգնենք մեր իրավունքներին։ Սա երկարատև պայքարի ճանապարհ է։
Հայ ժողովրդից առավել ոչ մեկը չգիտի խաղաղության արժեքը: Իրական խաղաղության հասնելու համար պետք է հրաժարվել խաղաղության պատրանքից:
Պետք է ձերբազատվել թույլի, անճարակի, արհեստականորեն սերմանվող կոմպլեքսներից ու մարդկանցից։ Հաջողության կհասնենք միայն մեր իրավունքների համար աննահանջ պայքարող համահայկական ներուժով և Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ: