Այս առաքելությունը պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական
04 Նոյեմբեր 2022
Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները դիտորդական առաքելության ժամկետը երկարացնելու և դիտորդների թիվը մեծացնելու անհրաժեշտություն են տեսնում։ Այս առաջարկը խոստանում են անել Եվրոպական խորհրդարանում։ Մտադիր են բարձրացնել նաև Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը։
Ճիշտ է, Եվրոպան նախաճգնաժամային իրավիճակում է, սակայն չպետք է թույլ տալ, որ էներգետիկ հարցերը առավել կարևորվեն. Նոյեմբերի 3-ին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։
«Մեծապես մտահոգված ենք և դատապարտում ենք ադրբեջանական ագրեսիան, որ տեղի ունեցավ սեպտեմբերին Հայաստանի տարածքային ամբողջականությամբ նկատմամբ, այն դաժանությունները, որոնք թույլ են տրվել ռազմագերիների նկատմամբ։ Սրանք մարդկության դեմ հանցագործություններ են»,- ասել է նա:
Նա հույս հայտնեց, որ պատասխանատուները կպատժվեն։ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի խոսքով, դատապատելի է, որ դեռ 2020 թվականից Բաքվում գտնվող հայ ռազմագերիները չեն վարադարձվում հայրենիք։ Նա դատապարտեց նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Ադրբեջանի կողմից։
Իտալացի պատգամավորը վստահեցրեց, որ շարունակելու են պայքարել հասնելու ԵՄ-ի ավելի հասցեական վերաբերմունքի. «Այս առաքելությունը պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական։ Դիտորդների թիվը պետք է ավելացվի»։
Նշենք որ, պատվիրակության անդամները այցելել են Սյունիք, հանդիպել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այցելել են ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր և հանդիպել քաղաքացիական բնակչության հետ։
Մանրամասները «Երկիր Մեդիայի» տեսանյութում