Արցախը Միացյալ Հայաստանի գաղափարի համատեքստում: Թևանի ու թևանականների պայքարը Արցախը Հայաստանին վերամիավորելու համար
12 Նոյեմբեր 2022
«Մանուկները ծնողի մահը չեն ըմբռնում, ազգերը՝ հերոսի»:
Ավետիս Ահարոնյան
Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության օրակարգային գլխավոր հարցը ի սկզբանե՝ ավելի քան երեք տասնամյակ, Արցախի հիմնախնդիրն է։ Հիմնախնդիր, որի արմատները հասնում են մինչև ցարական Ռուսաստանի ժամանակները, բայց այն առավել սրվեց 1918-1921 թթ., երբ վերականգնվեց Հայաստանի Հանրապետությունը, և Էնվերի եղբայր Նուրի փաշայի ծրագրով Հայաստանի հարևանությամբ և Արևելյան Հայաստանի տարածքի զգալի մասում ստեղծվեց Արևելամուսուլմանական հանրապետությունը։ Արհեստականորեն նորաստեղծ պետական միավորին տրվեց «Ադրբեջան» անվանումը, որը ծրագրում էր զավթել Հայաստանի տարածքները, եթե նույնիսկ դրանք 80 և ավելի տոկոսով բնակեցված էին հայերով։ Այդ տարածքներից մեկն էլ 94 % հայ բնակչություն ունեցող Արցախն էր կամ գոնե նրա լեռնային մասը, որը 1921 թ. հուլիսի 5-ին Ստալինի ապօրինի որոշմամբ կցվեց Ադրբեջանին։
Այսպիսով՝ մոտ յոթ տասնամյակ հիմնախնդիրը սառեցվեց, այնուհետև կրկին սրվեց 1988 թ. և 1990-ականներին Արցախի ազատագրումից հետո, երբ թվում էր, թե հիմնախնդրի արդարացի լուծումը մոտ է: 2020 թ. կրկին արմատական շրջադարձ տեղի ունեցավ ի վնաս հայության. այս անգամ Հայաստանի ղեկավարը Արցախի մի մասը հանձնեց Ադրբեջանին և Հայաստանի իշխանության անունից հրաժարվեց Արցախի փաստացի անկախ հանրապետությունից:
Առաջին հանրապետության տարիներին Արցախը Հայաստանի կառավարության և խորհրդարանի կողմից հռչակված Անկախ և Միացյալ Հայաստանի անբաժան մասն էր, իսկ խորհրդայնացումից հետո Հայաստանում իշխող հայ բոլշևիկները ձեռքերը լվացին Արցախից՝ բառ անգամ չասելով հայոց հայրենիքի այդ հատվածը Ադրբեջանին կցելու Ստալինի ապօրինի որոշման դեմ։ Հակառակ դրա՝ Արցախում թևանականները շարունակում էին հերոսական պայքարը՝ երկրամասը խորհրդայնացված Հայաստանին միացնելու համար: Թևանականներին ու նրանց պայքարին կանդրադառնանք փոքր-ինչ ուշ, իսկ մինչ այդ՝ մի քանի խոսք Անկախ և Միացյալ Հայաստանի մասին: Վերջին 103 տարվա ընթացքում հայ քաղաքական կյանքի օրակարգային գլխավոր հարցը Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի ստեղծումն է: յն հայ քաղաքական օրակարգ մտավ 1919 թ., երբ կարծես նորաստեղծ Հայաստանի Հանրապետության համար Արևմտյան Հայաստանի վեց նահանգները (Պողոս Նուբար փաշայի ներկայացրած ծրագրով՝ նաև Կիլիկիան) իրեն միացնելու բարենպաստ պայմաններ էին ստեղծվել:
1919 թ. մայիսի 28-ին ընդունվեց հռչակագիր Միացյալ և Անկախ Հայաստանի մասին, և արևմտահայ 12 գործիչներ համալրեցին ՀՀ խորհրդարանի պատգամավորների շարքերը: Հայաստանի Հանրապետությունում Անկախ և Միացյալ Հայաստանի գլխավոր գաղափարախոսն ու ջահակիրը իշխող կուսակցությունն էր՝ Դաշնակցությունը: Այդ մասին է վկայում ՀՅԴ 9-րդ Ընդհ. ժողովում ՀՅԴ ծրագրում Անկախ և Միացյալ Հայաստանի ստեղծման նպատակի ամրագրումը: Այսպես. «1919 թ. աշնանը (սեպտեմբերի 27-նոյեմբերի 2) մայրաքաղաք Երևանում գումարվեց ՀՅԴ 9-րդ Ընդհ. Ժողովը, որում կատարվեց կուսակցության նվազագույն ծրագրի մասնակի փոփոխություն: Նոր ծրագրային փոփոխությամբ Միացյալ Հայաստան ստեղծելու պահանջը պետք է դառնար շրջադարձային Դաշնակցության քաղաքական ծրագրերում»1:
Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարը ենթադրում էր Ռուսահայաստանից, Տաճկահայաստանի վեց նահանգներից և Կիլիկիայից ձևավորել ընդարձակ հայկական պետություն: Այս առումով ՀՅԴ 9-րդ Ընդհ. ժողովը արձանագրում էր. «Հայաստանի արտաքին քաղաքականութեան առանցքը պիտի կազմէ Միացեալ Հայաստանի անկախութիւնը օտար պետութիւններին ճանաչել տալու եւ ապահովելու մտահոգութիւնը»2:
Իսկ ի՞նչ Միացյալ Հայաստանի մասին կարող էր խոսք լինել առանց Արցախի ու Զանգեզուրի: Ուստի կուսակցության 9-րդ Ընդհ. ժողովը հայկական այս երկու երկրամասերի վերաբերյալ ընդունեց Միացյալ Հայաստանի գաղափարից բխող մի բանաձև, որով ՀՀ կառավարությանն ու ՀՅԴ Բյուրոյին հանձնարարում էր. «Հայաստանի եղած սահմանները պահել եւ այդ սահմաններում իշխանութիւն հաստատել, կը յանձնարարէր նաեւ անմիջականօրէն ձեռք առնել Ղարաբաղի եւ Զանգեզուրի վերաբերմամբ….»3, քանի որ պատմականորեն հայկական այդ երկու երկրամասերը իրավացիորեն համարվում էին «Անբաժանելի մաս Անկախ եւ Միացեալ Հայաստանի Հանրապետութեան»4: Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկեց հնարավոր բոլոր քայլերը՝ Արցախը, Զանգեզուրն ու Նախիջևանը Հայաստանի Հանրապետությանը միացնելու համար։
Իրադարձությունները ծավալվեցին գահավեժ արագությամբ և ի վերջո հանգեցրին թուրք-բոլշևիկյան դավադրության հետևանքով Հայաստանի խորհրդայնացմանը, ինչն էլ իր հերթին հանգեցրեց մեր երկրի բզկտմանն ու բաժանմանը մի քանի երկրների միջև, քանի որ հայ բոլշևիկների ծրագրերում, ի տարբերություն ՀՅԴ ծրագրերի, Միացյալ և Անկախ Հայաստանի ստեղծման նպատակ չկար, և նրանք հեշտությամբ զիջեցին ոչ միայն Կարսն ու Սուրմալուի գավառը, այլև Ջավախքը, Նախիջևանը, Արցախն ու Զանգեզուրը:
Իհարկե, շատ է խոսվել այն մասին, որ Զանգեզուրը Խորհրդային Հայաստանի սահմաններում մնաց միայն Գարեգին Նժդեհի հերոսական պայքարի շնորհիվ, բայց գրեթե չի խոսվում նույն ժամանակահատվածում Արցախում ծավալված ոչ պակաս հերոսական պայքարի մասին: Այստեղ պետք է կանգ առնել մեր պատմության թերևս ամենաքիչ ուսումնասիրված էջի, խորհրդային եզրույթով ասած՝ «թևանիստների» պատմության վրա:
Ովքե՞ր էին թևանիստները, ո՞րն էր նրանց նպատակը, և ո՞վ էր նրանց առաջնորդը: Թևանիստներ կոչվում էին Արցախն Ադրբեջանին կցելու դեմ զինված պայքար մղող արցախցի մարտիկները, որոնց նպատակը Արցախը Հայաստանի հետ վերամիավորելն էր, իսկ նրանց առաջնորդը Դիզակի (Հադրութ) Տումի գյուղից դաշնակցական Թևան Ստեփանյանն էր՝ Նժդեհի անդավաճան զինակիցներից մեկը, որը տասնամյակներ շարունակ դարձել էր բոլշևիկյան իշխանությունների (հատկապես Խորհրդային Ադրբեջանի) սարսափը, իսկ ժողովրդի շրջանում՝ առասպելական հերոս: Ո՞վ էր առասպելական, միաժամանակ իրական Թևան Ստեփանյանը: Թևան Աղաջանի Ստեփանյանը ծնվել է 1892 թ. Դիզակի շրջանի Տումի գյուղում: Սովորել է հարևան Տող գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Թիֆլիսի ռազմական դպրոցում, որն ավարտելուց հետո ծառայել է ցարական բանակում որպես վաշտի հրամանատար: Կարճ ժամանակում արժանացել է արծաթե մեդալի և պարգևատրվել տասհարվածանի մաուզերով:
Թևանը կռվել է Արևմտյան, ապա` Կովկասյան ռազմաճակատում, ականատես եղել Հայոց ցեղասպանությանը, որը շատ ծանր էր տարել:
«1918 թ. վերադառնալով գյուղ, սկսում է աշխատել սեփական տնտեսությունում: Միաժամանակ գլխավորում էր դաշնակցական զինյալներից կազմված ջոկատը, որով պաշտպանում էր Դիզակի արևելյան գյուղերը Կարյագինոյի (Ֆիզուլի) կողմից պարբերաբար կրկնվող թուրք-թաթարների հարձակումներից: Արցախի համար դժնդակ այդ ժամանակներում՝ 1918-ի ամռանը, Շուշիի հայ ազգային խորհուրդը որոշեց դիմադրել ինչպես հարձակվող թուրքերին, այնպես էլ տեղական ադրբեջանցիների զինված ջոկատներին: Ռազմական գործողությունների ղեկավարի նշանակման հարցի քննարկումներին հրավիրված էր նաև Թևանը: Ցավոք, խորհրդակցությունն այդպես էլ արդյունքի չհասավ:
Թևանն իր զինակիցների հետ որոշեց ստանձնել ռազմական գործողությունների ղեկավարությունը հարավարևելյան կողմում։ Տողի եկեղեցում հանդիսավոր ծեսից հետո գյուղացիների ներկայությամբ, իր կրոնի ուսուցիչ Տեր-Ավետիքի օրհնությամբ Թևանը զենքով երդվեց պաշտպանել ազգի շահերը: Կազմեցին 400 հետևակայիններից և 150 հեծյալներից բաղկացած ջոկատներ»5: Թուրքական զորամասի հետ առաջին զինված ընդհարումը տեղի ունեցավ 1918 թ. հոկտեմբերի 18-ին Մսմնա գյուղի մոտ: Հայկական զորքերի ընդհանուր հրամանատարն էր Արտյոմ Լալայանը, ճակատամարտի անմիջական հրամանատարը` Լալայանի օգնական, կեմրակուճցի Ասլան Մարութխանյանը: «Մսմնա գիւղի մօտ հոկտեմբերի 18-ին չարաչար կերպով պարտուելով՝ տաճիկները փախել էին, հայերին թողնելով իրանց թնդանօթները եւ մեծ քանակութեամբ ռազմամթերք»6:Այս հաղթանակը կերտելու գործում մեծ դերակատարություն ունեցավ դիզակցիների հեծյալ գունդը՝ տումեցի Թևանի գլխավորությամբ:
1920 թ.՝ Շուշիի հայերի կոտորածից հետո, Դրոյի ղեկավարությամբ ՀՀ զինված ուժերը մտնում ու ազատագրում են Արցախը, Թևան Ստեփանյանն էլ նշանակվում է Դիզակի հրամանատար:
«Ապրիլի 28-ին Ադրբեջանը խորհրդայնացվում է, որից հետո տարածաշրջան, այդ թվում՝ Արցախ են ներխուժում 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, որոնց միանում են Ղարաբաղում գտնվող մի քանի հազարի հասնող մուսավաթական ասկյարները և իրագործում անասելի բռնություններ: Թվում էր, բոլշևիկների բանակը դարձել էր Ադրբեջանի ազգայնամոլներին ենթակա պատժիչ ջոկատ, որի նպատակն էր Արցախն ու Զանգեզուրը բռնակցել Ադրբեջանին: Սկսվում է ձերբակալությունների, տեռորի, քաղաքական հետապնդումների փուլը:
Կալանավորված, ապա բանտից փախած Թևանին հաջողվում է, հիրավի, ժողովրդական ապստամբություն բարձրացնել, որը հետագայում բոլշևիկյան պատմագիրներն անվանեցին «Թևանական ավանտյուրա», ապստամբներին` թևանիստներ: 1920 թվականի նոյեմբերին Թևանը մեկնեց Զանգեզուր, հանդիպեց Նժդեհին, որի ծրագրերում նաև Արցախի ազատագրումն էր, ինչին մեծապես կարող էր օժանդակել Թևանը: Վերադառնալով Արցախ` շնորհիվ Նժդեհի տված դրամական օգնության, Թևանը հայթայթեց բավարար քանակությամբ զինամթերք և զինուժը հասցրեց 800-ի, ապա` 1800-ի, ինչի շնորհիվ ազատագրեց Խծաբերդ, Մեծ Թաղեր, Դրախտիկ, Սուզ, Սարին շեն, Քեշիշքենդ, Ճարտար ու էլի շատ գյուղեր, մի քանի օրից` նաև ներկայիս Ստեփանակերտը՝ Շուշին կտրելով Աղդամից: Խորհրդային զորամասերը, տալով բազմաթիվ զոհեր, թողնելով մեծաքանակ ռազմամթերք, պարեն, փախան Ջեբրայիլի կողմերը: Այսպիսով` ազատագրելով Դիզակն ու Վարանդան, նաև այլ շրջանների որոշ գյուղեր, Թևանն Արցախը հայտարարեց Հայաստանի անբաժանելի մաս»7:
Վրաստանը խորհրդայնացնելուց և Հայաստանում Փետրվարյան ապստամբությունը ճնշելուց հետո՝ 1921 թ. գարնանը, բոլշևիկները մեծաթիվ ուժեր կենտրոնացրին Արցախի դեմ: Թևանի սակավաթիվ ուժերը պարզապես անկարող էին դիմադրել թվով իրենց մի քանի անգամ գերազանցող բոլշևիկներին, Զանգեզուրից օգնություն ստանալ ևս հնարավոր չէր, քանի որ Երևանից դեպի Զանգեզուր էր գալիս մի կործանարար հողմ: Արցախի փոքրաթիվ պաշտպանները մեն-մենակ էին մնացել թվով մի քանի անգամ իրենց գերազանցող թշնամու դեմ. «Բոլշևիկները շրջափակման մեջ էին առել Արցախը, փակել Պարսկաստանի սահման տանող բոլոր ճանապարհները, ուժեղ հսկողության տակ առել Լաչինով ու Կուբաթլուով Զանգեզուր տանող ուղիները: Անհավասար մարտերում արցախցիները նահանջեցին: 1921 թ. ապրիլի 18-ին Թևանը 700 զինակիցների հետ կատաղի մարտերով հասավ սյունեցիների կողմից բացված Զաբուղի միջանցքը և անցավ Լեռնահայաստան, ավելի ուշ` Պարսկաստան»8:
Հետագայում մի քանի անգամ Թևանն անցավ Արաքսը և կնոջն ու դստերը տանելու նպատակով հասավ Արցախ, եղավ հայրենի գյուղում, նաև Ստեփանակերտում, ուր տեղափոխվել էր ընտանիքը: Հարազատներին արտերկիր փախցնելու ծրագիրը ձախողվեց, բայց նրա հանդեպ մատնության, հետապնդումների, նրա՝ մատնիչին պատժելու, սարերում թաքնվելու, ծածուկ գործելու մասին առասպել դարձած պատմությունները շրջանառվում էին ժողովրդի մեջ:
Թևանը շատ անգամներ անցավ հայոց մայր գետը, հաստատվեց հայրենի Արցախում, բայց հետո էլի ստիպված եղավ տարագրվել: Նա, ինչպես արդեն ասել ենք, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության սարսափն էր, և 1941 թ. Խորհրդային Ադրբեջանի ԿԿ առաջին քարտուղար Միրջաֆար Բաղիրովը խորհրդային հետախուզության աշխատակից Էդուարդ Մարտիրոսովին հանձնարարում է ձերբակալել նրան: Ահա Բաղիրովի հանձնարարականը հայազգի բոլշևիկ հետախույզ Մարտիրոսովին. «Պետք է ձերբակալել ավազակ Թևանին, պետք է ոչնչացնել այդ հային, պետք է գնդակահարել այդ ղարաբաղցուն, պետք է ջնջել Թևան անունը»9:
Իհարկե, խաբեությամբ ու դավադրությամբ Մարտիրոսովը կարողացավ Իրանում ձերբակալել և Բաքու տեղափոխել Թևանին, որտեղ էլ, ըստ տարածված լուրերի, տեղի ունեցավ նրա դատավարությունը: Թևանին դավադրությամբ ծուղակը գցած և ձերբակալած Մարտիրոսովը գրում է. «….դատավարության վերջին օրը Թևանը, արյունոտված պիջակի գրպանից հանելով մի փոքրիկ քսակ, պարզում է դեպի Մարտիրոսովը և ասում. «Այս քսակի մեջ ես պահում եմ մի բուռ հող, որը վերցրել եմ հայրենի Ղարաբաղից: Այս բուռ հողը իմ սրտի մեջ պահում եմ քսան տարուց ավելի: Ես այս հողի համար եմ պայքարել, այս հողը հային պահելու համար են ինձ հետապնդել և օտարել իմ հայրենի Ղարաբաղից: Այս հողը, իբրև սրբություն, որպես մեր քաջ նախնիների արյամբ ամրացած, կրել եմ մարմնիս վրա և ուժ ու եռանդ ստացել: Որտեղ էլ որ մեռնեի, իբրև պատգամ պիտի խնդրեի այս մեկ բուռ հողը շաղ տան գերեզմանիս վրա: Խնդրում եմ կատարեք իմ այս պատգամը….»»10:
Թևանին դատապարտում են գնդակահարության, և այստեղ է, որ սկսվում է իրարամերժ պատմությունների մի ամբողջ շղթա այն մասին՝ գնդակահարվե՞լ է արդյոք Թևանը, թե՞ ոչ: «Որոշ տվյալներով, նրան գնդակահարել են, ոմանք պնդում են Սիբիր աքսորվելու, մյուսները` իբր բոլշևիկների կողմն անցնելու և որպես հետախույզ աշխատելու, ուրիշներն էլ` դարձյալ փախչելու մասին: Տեսակետ կա, որ Թևանին առհասարակ չեն բռնել, և այս պատմությունը հորինվել է իրենց երբեմնի հրամանատարին սպասող թևանիստների (այսպես էին Արցախում կոչում հակախորհրդային տարրերին) հույսերը մարելու համար: Հայաստանում գտնվող արխիվային սակավ փաստաթղթերում նշվում է միայն գնդակահարության մասին: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տեղեկանքով` Թևան Ստեփանյանի քրեական գործի պահման մասին տեղեկություններ չկան: Նշված է միայն, որ գնդակահարության մասին դատավճիռը կայացվել է 1942 թ․ սեպտեմբերի 16-ին, այն էլ` ՌԴԽՍՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ինչը, որոշ մասնագետների կարծիքով, խոսում է Թևանին Ռուսաստան տեղափոխելու վարկածի օգտին: Դատավճիռն իրականացնելու մասին ոչինչ չկար»11:
Իհարկե, չի կարելի բացառել նաև, որ Թևանին բռնելու և գնդակահարելու մասին լուրերը տարածվում էին հատուկ նպատակով՝ ազատագրական ձգտումներն Արցախում մարելու, նրան սպասողներին հուսահատեցնելու համար, ինչպես մինչև 1955 թվականը բազմաթիվ լուրեր էին տարածում Նժդեհի մահվան մասին, բայց փաստ է, որ 1941 թվականից հետո Թևանի մասին պատմություններն արդեն միայն ենթադրությունների ժանրից են, գուցե նաև այն պատճառով, որ, ինչպես իրավացիորեն նշել է Ավ. Ահարոնյանը, «Մանուկները ծնողի մահը չեն ըմբռնում, ազգերը՝ հերոսի»12: Ու թեև հետագա տարիներին Ադրբեջանի բռնապետական կառավարությունը Արցախում իր վայրագությունները, արցախցիների նկատմամբ բռնաճնշումները «բացատրում» էր «թևանիստների» դեմ պայքարով, բայց, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Արցախում ապրող բոլոր հայերը «թևանիստներ» էին, որոնց արդար զայրույթը՝ մայր հայրենիքին միանալու պահանջով, պայթեց 1918 թ. մայիսից ու 1988 թ. փետրվարից հետո՝ առաջին անգամ հանգեցնելով համազգային բացառիկ միասնության: Արցախի կամ, ինչպես այն ժամանակ էին ասում, ԼՂԻՄ հայության (կազմում էր բնակչության 80 %-ը) արդարացի պահանջին, որն արտահայտվում էր խաղաղ ցույցերով, Ադրբեջանը պատասխանեց իրեն բնորոշ ոճով՝ բռնությամբ ու արյունահեղությամբ, և սանձազերծեց պատերազմ փոքրիկ Արցախի դեմ։ Հայաստանն իհարկե չէր կարող Արցախին միայնակ թողնել, և Հայաստանից ու Սփյուռքից սկսվեց հազարավոր «նժդեհների» ու «դրոների» կամավոր մեկնումը Արցախ՝ միանալու համար «թևանիստների» արդար կռվին:
Որպես արդյունք՝ ազատագրվեց Լեռնային Արցախը, որի հիմքի վրա հռչակվեց Լեռնային Ղարաբաղի (2016 թվականից՝ Արցախի) Հանրապետությունը: Այսպիսով՝ Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի ՀՅԴ գաղափարախոսության մի փոքրիկ մասը՝ Արցախի ազատագրումը, իրականություն էր դարձել, և ենթադրվում էր, որ այն պետք է պատվանդանը դառնար ապագա Միացյալ Հայաստանի, բայց… 2018 թ. «հեղափոխությամբ» Հայաստանում իշխանության բերվեցին մարդիկ, որոնց համար խորթ է ոչ միայն Միացյալ Հայաստանի, այլև հայկական Արցախի, ազգ-բանակի ու ազգային պետականության գաղափարներն ընդհանրապես։ Հետևանքը եղավ 2020 թ. նոյեմբերի 9-ը, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունն ու հայ ժողովրդի ազգային շահերը, միանձնյա որոշում կայացրեց Արցախի 75 %-ը Ադրբեջանին հանձնելու մասին, այնուհետև սկսեց համոզել, որ Արցախը «Ադրբեջան է, և վերջ», իսկ հետևանքը եղավ այն, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր կանգնած է իր ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առաջ. չէ՞ որ Հայաստանի անկախության գործընթացը սկսվեց միայն ու միայն Արցախում սկիզբ առած ազատագրական պայքարի շնորհիվ։ Արցախը դարձավ այն վեմը, որի վրա բարձրացավ Հայաստանի անկախությունը, և Արցախի հնարավոր կորուստը կգուժի Հայաստանի՝ որպես պետության վերացման մասին այնպե՛ս, ինչպես 1920 թ. հոկտեմբերի 30-ին Կարսի անկումը գուժեց Հայաստանի Հանրապետության անկախության կորստի մասին:
Այսինքն՝ եթե 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի անկախության կորուստը հանգեցրեց Արցախի, Նախիջևանի, Ջավախքի ու ՀՀ մյուս տարածքների կորստին, ապա մեր օրերում Արցախի բռնակցումը Ադրբեջանին կարող է հանգեցնել Հայաստանի անկախության կորստին… Հայաստանի ճակատագիրը որոշվելու է Արցախով, իսկ Արցախի հայկական մնալ-չմնալու համար չափազանց կարևոր է այն հանգամանքը, թե որքան շուտ Հայաստանի իշխանության ղեկից կհեռացվեն ազգային պետականության գաղափարին խորթ ու Միացյալ Հայաստանի ստեղծմանը դեմ նորօրյա օտարասուն «կասյաններն» ու «ավիսները»։ Իսկ նրանցից հետո եկողները կլինե՞ն արդյոք Միացյալ և Անկախ Հայաստանի տեսլականը կրողներ:
Այս հարցերի պատասխանը պետք է տա հայ ազգը Արցախում, Սյունիքում, Երևանում, Ջավախքում ու Սփյուռքում: Ի լրումն ասվածի նշենք նաև, որ 2011 թ. Տումի գյուղում կանգնեցվել է Թևան Ստեփանյանի կիսանդրին, այնուհետև Թևանի պապենական տունը վերանորոգվել և գործում էր որպես նրա տուն-թանգարան, բայց 2020 թ. Դիզակի հետ միասին դավաճանաբար թշնամուն հանձնվեց նաև Թևանի հայրենի գյուղը՝ Տումին, որտեղ գտնվող նրա կիսանդրին կովկասյան թուրքերն ավերեցին:
________________________
Հղումներ
Հակոբյան Ա., Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարը հայոց պատմության հոլովույթում, Եր., 2020, էջ 105-106:
Քաղվածքներ ՀՅԴ 9-րդ Ընդհանուր Ժողովի որոշումներից, Եր., 1920, էջ 5:
Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հ. 7 (Է), Թեհրան, 1982, էջ 206:
Նույն տեղում:
https://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/20963-legendy (մուտք՝ 30.10.2022).
Ասատրյան Հ., Հայաստան – Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում, «Հատընտիր», Եր., 2004, էջ 343, http://bnaban.am/wp-content/uploads/2016/01/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF-%D4%B1%D5%BD%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6.-%D5%80%D5%A1%D5%BF%D5%A8%D5%B6%D5%BF%D5%AB%D6%80.pdf (մուտք՝ 30.10.2022):
https://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/20963-legendy (մուտք՝ 30.10.2022).
Նույն տեղում:
Թևան, Լեգենդ և իրականություն, փաստագրական ֆիլմ, https://www.youtube.com/watch?v=SyM9DvImR28#t=245 (մուտք՝ 30.10.2022):
https://www.aysor.am/am/news/2011/07/23/tevan-stepanyan/315442 (մուտք՝ 30.10.2022).
https://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/20963-legendy (մուտք՝ 30.10.2022).
http://www.ysu.am/newspaper/hy/1395060080#.Y10C-_1BzIU (մուտք՝ 30.10.2022).
Օգտագործված գրականության և աղբյուրների ցանկ
ա) Գրականություն
1. Ասատրյան Հ., Հայաստան – Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում, «Հատընտիր», Եր., 2004:
2. Հակոբյան Ա., Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարը հայոց պատմության հոլովույթում, Եր., 2020:
3. Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հ. 7 (Է), Թեհրան, 1982:
4. Քաղվածքներ ՀՅԴ 9-րդ Ընդհանուր Ժողովի որոշումներից, Եր., 1920:
բ) Համացանցային նյութեր
1. https://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/20963-legendy (մուտք՝ 30.10.2022).
2. http://bnaban.am/wp-content/uploads/2016/01/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF-%D4%B1%D5%BD%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6.-%D5%80%D5%A1%D5%BF%D5%A8%D5%B6%D5%BF%D5%AB%D6%80.pdf (մուտք՝ 30.10.2022).
3. https://www.aysor.am/am/news/2011/07/23/tevan-stepanyan/315442 (մուտք՝ 30.10.2022).
4. http://www.ysu.am/newspaper/hy/1395060080#.Y10C-_1BzIU (մուտք՝ 30.10.2022).
Անի Մելքոնյան