«Արցախի համար» նախաձեռնող խմբի պահանջները Մեծ Բրիտանիայի դեսպանին
16 Դեկտեմբեր 2022
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության առջև տեղի ունեցավ «Արցախի համար» նախաձեռնող խմբի բողոքի ակցիան, որի մասնակիցները դեպանին փոխանցեցին նամակ հետեւյալ բովանդակությամբ.
«Նորին գերազանցություն պարոն Ջոն Գալագերին
Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան
Հարգելի դեսպան Գալագեր,
Արդեն հինգ օր է, ինչ Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղի փրկության օղակը՝ բնիկ հայ բնակչության համար հումանիտար աղետ ստեղծելու մտադրությամբ։ Ոչ մի սննդամթերք կամ բժշկական պարագաներ հնարավոր չէ տեղափոխել: Բնապահպանական ակտիվության կեղծ պատրվակով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լեռնային Ղարաբաղը/Արցախը Հայաստանի Հանրապետությանը միացնող միակ ճանապարհը։ Դա 120.000 բնիկ հայ բնակչություն է թողել ամբողջական շրջափակման մեջ, իսկ հարյուրավոր հայեր ձմեռային ջերմաստիճանի պայմաններում ճանապարհին են մնացել:
Ավելին, դեկտեմբերի 13-ին ադրբեջանցիները փակեցին բնական գազի մատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Խաղաղ քաղաքացիները, հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները, երեխաներն ու տարեցները միտումնավոր զրկված են ջեռուցումից և տաք ջրից։ Այս տարեսկզբին նույն բանն են արել՝ ծայրահեղ ցուրտ եղանակի պայմաններում ժողովրդին մատնելով բառիս բուն իմաստով ցրտահարության։
Այսպիսով, Ադրբեջանը հերթական անգամ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունը, այն է՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը երաշխավորելու իր պարտավորությունը։ Եթե անմիջապես չդադարեցվի, ապա ադրբեջանական սադրանքն անխուսափելիորեն կհանգեցնի աննախադեպ հումանիտար ճգնաժամի։ Վերջին 2 տարիներին Ադրբեջանի իշխանությունները էթնիկ զտումներ են իրականացնում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ՝ օգտագործելով տարբեր մեթոդներ, այդ թվում՝ ռազմական սադրանքներ, հոգեբանական ահաբեկչություն։ Այսօրվա սադրանքը ակնհայտորեն այս ցեղասպան քաղաքականության մի մասն է.
Որպես միջազգային հանրության անդամ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, մենք սույնով կոչ ենք անում ձեզ
– հասցեագրված և միանշանակ գնահատական տալ Ադրբեջանի այս ցեղասպան քաղաքականությանը։
– օգտագործել դիվանագիտական և տնտեսական լծակներ՝ ստիպելու Ադրբեջանին ապաշրջափակել միջանցքը և վերականգնել գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղ։
– պարզաբանել, թե արդյոք բրիտանական ընկերություններն իսկապես գնել են Լեռնային Ղարաբաղում գտնվող Կաշեն և Դրոմբոն հանքավայրերը, որոնք փաստացի օգտագործվել են որպես ադրբեջանցիների համար միջանցքը փակելու խեղճ պատրվակ։
Հարգանքներով՝
«Արցախի համար» նախաձեռնող խումբ»: