Մեր եռագույնը կրկին կծածանվի Շուշիում և բռնազավթված մյուս տարածքներում
25 Դեկտեմբեր 2022
Այսօր` դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել համաժողովրդական հանրահավաք: Արցախցիները պահանջել են, որ ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները բացեն արդեն 2 շաբաթ լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախի «կյանքի ճանապարհը»:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Հանրահավաքին մասնակցել են նաեւ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը եւ այլ գործիչներ:
ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Անդրանիկ Չավուշյանն իր ելույթում ասաց.
«Ես Անդրանիկ Չավուշյանն եմ, ծնվել եմ Սիրիայում՝ Ղամիշլի քաղաքում, նախնիներս ծագումով Արևմտյան Հայաստանից են՝ Սասունից։ Այնուհետև տեղափոխվել ենք Լիբանան, այնտեղից՝ Արցախ՝ մշտական բնակություն հաստատելու։ Աղավնո համայնքի համայնքապետն էի, Աղավնոն Արցախի դարպասն էր, պարիսպը։ Մեր իշխանությունների զիջողական դիրքի, սխալ քաղաքականության հետևանքով ունեցանք այս ժամանակավոր կորուստը։ Չեմ ուզում առանձնացնել Աղավնոն, բայց այն սիմվոլ էր։ Ուզում եմ այլևս չունենանք ոչ մի զիջողական պահվածք։
Սփյուռքի մեր հայրենակիցները միշտ կապի մեջ են՝ վերանորոգելու ուխտը, որ մենակ չենք, իրենք մեր կողքին են։ Բայց դա միայն խոսքով չենք ուզում լինի, այլ նաև գործով։ Հավատում ենք, որ գալիք օրերին տեսնելու ենք այդ ամենը։
Հայաստանում, Սփյուռքում, Արցախում շատ ազնիվ հայորդիներ ունենք։ Հավատում եմ, որ կրկին մեր եռագույնը կծածանվի Շուշիում և բռնազավթված մյուս տարածքներում։ Մենք հաղթելու ենք մեր համախմբվածությամբ։ Մեր ճակատագիրը մեկն է, մեր փրկությունը մեր միասնականության մեջ է, և հաղթելու ենք միասին, չենք զիջի միասին, կզարգանանք միասին»: