Գ. Նժդեհի կյանքի որոշ դրվագներ Բուլղարիայում ապրած տարիներից
29 Դեկտեմբեր 2022
Սեդա Գալստյան
Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերնդի և նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես՝ անհայրենիք:
Գարեգին Նժդեհ
Մեծանուն հայորդու անվան հետ կապված հերոսական և ողբերգական էջերը միահյուսված են իրար: Դրանց արդար գնահատականը դեռ կտա պատմությունը` իր արժանի տեղը հատկացնելով նրան համամարդկային մեծերի շարքում:
Ցայսօր ավելի շատ խոսվել և գրվել է Գ. Նժդեհ (Գարեգին Տեր-Հարությունյան) հայազգի ռազմական ու պետական գործչի, Զանգեզուրի և Գողթանի ինքնապաշտպանության ղեկավարի, Լեռնահայաստանի առաջնորդի մասին, սակայն ավելի քիչ է խոսվել, և սակավ տեղեկություններ են պահպանվել նրա կյանքի ու գործունեության հաջորդ փուլի, հատկապես Բուլղարիայում ապրած տարիների մասին:
Նյութերի ուսումնասիրությունը նորովի է լուսաբանում ազգային հերոսի կյանքի մի հատվածը: «Լեռնահայաստանէն ակամայ եւ արիւնոտ սրտով հեռանալով, ուրիշ բազմութիւններու նման Նժդեհ կը մնայ Թաւրիզ, ուր կ’ենթարկուի բոլշեւիկներու հետապնդումին, ըստ այդ շրջանին հոն ապրողներուս վկայութեան: Նժդեհ շուրջ չորս ամիս պահուած կ’ապրի Թավրիզ, ապա կ’անցնի Եգիպտոս, ուրկէ կ’երթայ Պուլկարիա եւ հոն ալ կը հաստատուի: Գ. Նժդեհ լայն ժողովրդականութիւն կը վայելէ պուլկարահայ գաղութին մէջ, ինչպէս նաեւ համակրանք՝ պետական շրջանակներու եւ մակեդոնական յեղափոխական ղեկավարներու մօտ, որոնց հետ յաճախ կը տեսակցի հայկական հարցերու կապակցութեամբ» :
Մի փոքր մանրամասնենք զորավարի կյանքի և գործունեության բուլղարյան շրջանը, որի մասին պատմող նյութերը (բուլղարերեն, ռուսերեն, հայերեն) 2009 թ. սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանը (ՀՊԹ) ստացել է Հայաստանի Հանրապետության կառավարությունից: Այդ թղթածրարն ամփոփում է 16 միավոր նյութ, որոնց թվում՝ 73 փաստաթուղթ և լուսանկար: Փաստաթղթերը հիմնականում ներառում են Նժդեհի կենսագրության ոչ այնքան հայտնի էջերը, լույս սփռում հերոսի կյանքի որոշ դրվագների վրա, ներկայացնում նրա նամակները, գրությունները` հիշողություններ, լուսանկարներ, «Ռազմիկ» ցեղակրոն թերթի համարներից հրապարակախոսական գործեր և այլն: Հատկապես կարևորում ենք Բուլղարիայի ճանաչված բանաստեղծների, արձակագիրների, հասարակական և քաղաքական գործիչների ու Գ. Նժդեհի միջև նամակագրական կապը։ Փորձենք մանրամասնել, վերլուծել որոշ փաստաթղթեր: 2001 թ. բոլոր փաստաթղթերը Սոֆիայի համալսարանի բանասիրական գիտությունների դոկտոր Վիդկա Նիկոլովան, ով 1993 թ․ հեղինակել է «Ոգու բանաստեղծը, սրի ասպետը» գիրքը, հանձնել է Սոֆիայում ՀՀ դեսպանատան հյուպատոս Արթուր Մադոյանին:
Գրքի առաջին օրինակի վրա Նիկոլովան գրել է «Աստուած պահէ լաւ մարդոց»: Գիրքը նվիրված է բուլղարացի բանաստեղծ Թեոդոր Տրայանովին (1882-1945)՝ ծնված Բազարչիկում, ով փիլիսոփա էր, սիմվոլիստ, ուսուցիչ ու դիվանագետ, ինչպես և հայտնի հեղափոխական գործիչ Գ. Նժդեհի (1886-1955) կյանքին ու գործունեությանը և նրանց միջև հաստատված երկարամյա բարեկամությանը: Առաջին անգամ բուլղարերենով լույս տեսած այս գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել հենց բուլղար հասարակության շրջանում: Նիկոլովան, ով ուսումնասիրել է Տրայանովի ստեղծագործական կյանքը, գրող Վերա Բալաբանովայի արխիվում հայտնաբերել է Գ. Նժդեհի բաց նամակը՝ ուղղված բուլղար բանաստեղծին: Այդ օրվանից նա սկսել է հայ հերոսի կյանքի ու գործունեության ուսումնասիրությունը և համոզվել, որ նրա ողջ գործունեությունը հայրենասիրության վառ օրինակ է` ներկայացված նրա ստեղծագործական ժառանգության էջերում: Նրա խոհափիլիսոփայական մտքերով սնվել է ոչ միայն հայրենի, այլև սփյուռքահայ երիտասարդությունը: «Ազգերի մէջ գուցէ եւ միայն դու իրաւունք չունիս ներքուստ պառակտուած լինելու»,- ասում էր Նժդեհը: Առաջին օրինակի վրա կան նաև գրող Վերա Բալաբանովայի մակագրությունը և ստորագրությունը, ներքևում՝ 2 բուլղարահայ քույրերի՝ Մարիանա և Վարդանուշ Ղազարյանների ստորագրությունները՝ շնորհակալական երկտողով: Գրքում տեղ է գտել նաև Տրայանովի և Բալաբանովայի նկարը` արված Սոֆիայում։ Բուլղարիայի դեսպանատան՝ ՀՀ կառավարությանն ուղարկված փաստաթղթերի մեջ կարևորում ենք բալկանյան պատերազմների ժամանակ Նժդեհի՝ որպես մակեդոնա-օդրինական աշխարհազորի հայկական վաշտի հրամանատարի գործունեությանը նվիրված նյութերը: Դրա մասին կա վկայություն նաև Մեծ Տիռնովոյի ռազմապատմական արխիվում (ֆ. 422, ց. 1, գ. 6, թ. 24): Թուրքերի դեմ բալկանյան պատերազմում հայերի ծառայության վերաբերյալ բուլղարական կառավարության բարձր գնահատականի մասին է վկայում Սոֆիայի ռազմական նախարարության վկայականը առ այն, որ պոդպորուչիկ Գ. Նժդեհը, ով 12-րդ՝ Լոզենգրադյան դրուժինայի հայկական 2-րդ վաշտի հրամանատարն էր, պարգևատրվել է «Խիզախության համար» 4-րդ աստիճանի սպայական խաչով 25.11.1913 թ. (ՀՊԹ, նգպֆ, բ/մ 9043, 23): Այդ մասին հաղորդում է նաև «Բոլգարսկի դոբրովոլեց» թերթը՝ նշելով, որ հայկական վաշտն իսկապես կռվել է առասպելական քաջությամբ: Վաշտի հրամանատարն էր Նժդեհը, ով ուներ քաջության շքանշաններ, բայց ժամանակները ստիպում էին լինել լռակյաց ու համեստ՝ հակառակ իր բարձր ուսման: Այս փաստաթղթերում կան քիչ հանդիպող լուսանկարներ, որոնցում Գ. Նժդեհը բալկանյան պատերազմի օրերի զինվորական համազգեստով է: Նժդեհին Բազարչիկում հարազատների հետ 1931 թ. լուսանկարել են Ղազարյան քույրերը. այդ մասին պատմել է Հայկ Ասատրյանը (ՀՊԹ, բ/մ 9043, 23, 24):
Պատերազմի ժամանակ Նժդեհը դրական է արձագանքել բուլղարական զորքի մի գեղեցիկ սովորությանը, այն է՝ «զինվորների անվանացուցակների ստուգման ժամանակ նախ հիշատակել իրենց երկրի ազատագրության ճանապարհին ընկած հերոսների անունները: Երբ ստուգողը տալիս է այդ նվիրական անունները, «ընկան» պատասխանում է զորաշարքի աջ թևի 1-ին զինվորը: «Փառք» կրկնում է աջ թևի երկրորդ զինվորը, «Հավերժ փառք» ավելացնում է ամբողջ զորաշարքը» : Նժդեհը համոզված էր, որ ազգի նահատակների անունների ամենօրյա հիշատակումը բարձրացնում է զինվորների բարոյահայրենասիրական ոգին: «Գ. Նժդեհը դարձաւ 20-րդ դարի հայոց ռազմարուեստի խոշորագոյն տեսաբանը: Նա վերականգնեց, հարստացրեց ու կիրարկեց հայոց կորուսեալ ու մոռացուած մարտաբառապաշարը….» : Այսօր էլ նրա մարտաբառապաշարը որոշ չափով կիրառվում է մեր ազգային բանակում: Նժդեհը իրեն հատուկ եռանդով Սոֆիայում լծվում է ազգային, հանրային և կուսակցական աշխատանքների. «Տարիներով անդամ կ’ընտրուի Հ.Յ.Դ Պալքանեան կեդրոնական կոմիտէին, կը ստանձնէ ու կը վարէ պատասխանատու պաշտօններ» : 1924 թ․ հունիսին Սոֆիայի գերեզմանատանը բացվում է ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանի կիսանդրին, որտեղ բոցաշունչ ճառով հանդես է գալիս Գ. Նժդեհը՝ մասնավորապես նշելով, որ այդ համեստ մարդու մեջ կար աննկուն, հերոսական ոգի, որը բոցավառվեց ու համակեց իրեն և իր ընկերներին: Նա նվիրվեց իր ժողովրդին ու ծառայեց նրան մինչ ի մահ: 1924-1925 թթ. Նժդեհը հոդվածներ է տպագրել Պլովդիվում լույս տեսնող Դաշնակցության «Հայաստան» թերթում: Այստեղ տպագրվել են առանձին գլուխներ նրա օրագրից՝ «Էջեր իմ օրագրեն», որը 1924 թ. լույս է տեսել Կահիրեում: Հետաքրքիր են մեծ զորավարի մտքի գույները, նրա բնութագրումները, զգաստության և խոհեմության կոչերը «Բաց նամակ հայ մտավորականության» շարքում, որը տպագրել է Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» թերթում (1926 թվականից համագործակցել է թերթի հետ և տպագրվել):
Ըստ այս հավաքածուի մի փաստաթղթի՝ Բուլղարիայի Բորիս 3-րդ թագավորի կողմից 1932 թ. Նժդեհին տրվել է Բուլղարիայի հպատակության մասին վկայագիր (ՀՊԹ, նգպֆ, նո. 9050, 25): Այս փաստը ևս վկայություն է Բուլղարիայում ունեցած նրա դերի և գործունեության գնահատանքի մասին:
Հավաքածուն հարուստ է հատկապես բանտից գրված անձնական բնույթի նամակներով (1950-ականներ), որոնք ավարտվում են հայրենիքի, Արարատի պատկերը չլքելու վեհ մտքերով: «Ամենայն բարիք քեզ և մյուսներին, որոնց բախտ է վիճակված ամեն օր տեսնելու մեր Արարատը, որի տեսիլքը ինձ չի լքում երբեք, որի վեհապանծ պատկերը ներհայեցորեն տեսնում եմ ամեն առավոտ և երեկո, ինձ հանգիստ չի տալիս: Ինչպես կուզեի մեռնել Հայաստանում՝ հայացքս Արարատին»: Ամալյային ուղղված նամակի (01.11.1955) հետգրության մեջ ասում է. «Ինձ թույլատրել են գրագրություն հաստատել ընտանիքիս հետ, արդեն գրել եմ առաջին նամակը: Պատասխանին սպասում եմ այնպես, ինչպես դու սպասում ես քո հորեղբոր ազատ արձակմանը: Կուզենամ՝ հետաքրքրվեք, և եթե կան Բուլղարիայից հայրենադարձներ, տվեք իմ հասցեն, ինձ էլ այդ մասին տեղեկացրեք: Առաջին նամակս ընտանիքիս գրել եմ հին հասցեով՝ չիմանալով՝ հիմա որտեղ են ապրում: Եթե ընտանիքս այլևս չի ապրում Սոֆիայում, դժվար թե նամակս հասնի նրանց: Մեկ անգամ ևս խնդրում եմ իմանալ հասցեն Եփիմեի (կնոջ – Ս․ Գ.) և տեղեկացնել ինձ» (ՀՊԹ, նգպֆ, բնօրինակը՝ ռուսերեն, թարգմ.՝ Ս. Գ.):
ՀՀ կառավարության տրամադրած փաստաթղթերում մեզ հետաքրքրեց Սոֆիայի «Տրիադիցա» համայնքի ձեռնարկը (ՀՊԹ, բ/մ 9051, 71-72), որը մշակել էր բանասիրական գիտությունների դոկտոր Վ. Նիկոլովան: Այդ ձեռնարկում վերարժևորվել է Նժդեհ պետական-քաղաքական, հասարակական գործչի, «արյունով ու ջղերով» գործող փիլիսոփայի, ռազմահոգեբանի, ազգային գաղափարախոսության ինքնապաշտպանական համակարգը ստեղծողներից մեկի դերը: Կազմակերպվել է դասախոսությունների շարք՝ «Արգելված և մոռացված» վերտառությամբ: Նպատակը մեկն էր՝ վերհիշել մոռացության մատնված գրողների, նկարիչների, լրագրողների, հասարակական-քաղաքական գործիչների անունները: Բուլղարիայի «Երևան» թերթի խմբագրությունը «արգելված և մոռացված» անունների ցանկում ներառել էր նաև Գ. Նժդեհի անունը: Առաջին իսկ դասախոսությունը նվիրված էր բանաստեղծ Թեոդոր Տրայանովին և Գ. Նժդեհին: Բանախոսը՝ «Տրիադիցա» համայնքի ատենապետ Ստոյան Կրոյչևը, հակիրճ ներկայացրել է Տրայանովի զգալի ներդրումը բուլղարական գրականության մեջ և Նժդեհի պայքարը բոլշևիկյան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու դեմ: Ներկաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացել են Նժդեհի հերոսական կյանքի դրվագներին և նրա ողբերգական վախճանին: «Ինչ որ հայկական է, վեր է ամեն ինչից». սա էր Նժդեհի նշանաբանը նաև օտար հողում:
Հեռավոր Բուլղարիայում ևս նրա հոգին պայքարում էր, նրա մտահոգության առանցքում Հայաստանն էր ու հայը: Դերասան Բոգդան Կլիշևը, ով խոսել է Նժդեհի մասին, ընթերցել է նրա նամակը՝ ուղղված բանաստեղծ Տրայանովին՝ որակելով այն ինքնաբուխ նամակ: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի մեջբերումներ անել նամակից՝ գրված Սոֆիայում 1941 թ. հունվարի 21-ին մեծ բանաստեղծ Թ. Տրայանովին, որում Նժդեհը խոստովանում է, որ չնայած ծանոթ էր բուլղար ժողովրդի ցեղային կարողություններին, նրա պատմությանն ու շարժող ոգուն, նրա մշակութաստեղծ խանդավառությանը, սակայն երկտողով իրեն ուղարկված գիրքը եկավ լրացնելու բուլղար «Ոգու» և «Հողի» մասին իր պատկերացումները: Հանճար և մարգարեականություն՝ ահա թե ինչերն են ծնունդ տվել Տրայանովի բալլադներին: «Ճշմարտօրէն մե՛ծ բանաստեղծ, որ, դժբախտաբար, ամէն սերունդի օրով աշխարհ չի գալիս»,- ասում էր Նժդեհը: Նժդեհը հիշում է, որ Ֆրանսիայում մի ամսագիր Փարիզի անկման օրերին հարց է տվել, թե ուր է մեծ բանաստեղծը, որ հանուն Ֆրանսիայի պաշտպանության կկարողանար զորահավաքի ենթարկել բոլոր սրտերը: Ավելացնում է, որ գիրքը թերթելուց հետո հավատացած է, որ երբ «բուլղար ժողովուրդը հարկադրված լինի մերկացնելու իր կատաղի սուրը, Բուլղարիայում ոչ ոք չպիտի կրկնի ֆրանսիացիների խռովքի հարցը», քանզի ապրում է մեծ բանաստեղծը՝ Ոգու բանաստեղծը, վկա նրա բալլադները: Ապա շարունակում է. «Եթէ ես լինէի վարիչը բուլղար բանակի, եկեղեցու, դպրոցի, պիտի հրամայէի, որ ամեն զօրական ու զինւոր, եկեղեցական ու հաւատացեալ, ուսուցիչ ու աշակերտ, որ ամեն բուլղար իր ծոցում կրէր ձեր բալլադների գիրքը…. միայն հանճարով ու մարգարէութեամբ օծուն նման գրքերին է յաջողւում ժողովրդից շանթանման առաջնորդներ ու մահապատրաստ վիտիազներ քամել: Ձեր բալլադների հզոր շունչը կարող է հոգեվերանորոգել Ձեր ժողովուրդը, զայն վերածելով մի հոգեւոր մոնոլիտի…. որովհետեւ գալիս են զօրաւոր ժամանակներ:
Եղբայրօրէն՝ Զօր. ՆժԴԵՀ» (ՀՊԹ, նգպֆ, 9041, 5): Բուլղարիայում Գ. Նժդեհի ապրած տարիների լուսաբանմանն էր նվիրված Սոֆիայում 1996 թ. նրա ծննդյան 110-ամյակի առիթով Հայ դատի կազմակերպած միջոցառումը: Այնտեղ խոսվել է Նժդեհ ռազմական, քաղաքական, հասարակական գործչի դերի և մեծության մասին: Շատ գրավիչ ու տպավորիչ էր Սոֆիայի համալսարանի լեզվաբանության բաժնի դասախոս դոկտոր Նիկոլովայի ելույթը, որն ավարտվել է հետևյալ խոսքերով. «Թող մեզմե ամեն մեկը իր հոգվու մեջ մոմ մը վառե Գ. Նժդեհի փայլուն հիշատակին առջեւ եւ թող երբեք չմոռնա անոր հերոսական օրինակը» («Երևան», 1996, նո 6)։ Նժդեհի պատգամն էր՝ «Երբեք և ոչ մի տեղ առանց հոգևոր հայրենիքի»: «Երևան» թերթը 1991 թ. 16-21-րդ համարներում զետեղել է Նժդեհի կենսագրականը: Միջոցառմանը մասնակցած հյուրերի թվում էր նաև հոր կորուստը վերապրած զավակը՝ Նժդեհի որդին՝ Սուքիաս-Վրեժը, որի մասին կան որոշ վկայություններ ՀՊԹ-ում պահվող հավաքածուում: Խոսքը նախ նրա ծննդյան և մկրտության վկայականի մասին է. Սուքիաս-Վրեժ՝ ծնված 1936 թ. Սոֆիայում, մկրտված 1937 թ. (ՀՊԹ, բ/մ 9042, 12): Կարծում եմ՝ այս փաստաթուղթը վերջ կդնի որդու մասին այլ «ասեկոսեների»: 1994 թ. Վազգեն Տեր-Հարությունյանը՝ Նժդեհի եղբոր՝ Լևոնի թոռը, մեկնել է Բուլղարիա և տեսակցել իր ազգականին՝ Սուքիաս-Վրեժին, ով մեծ դժվարությամբ է հաղորդակցվել՝ ներսում պահելով վիրավորանքն ու հերոս հոր կորստի դառը վիշտը, այն զրկանքները, որ կրել են ինքն ու մայրը հոր ձերբակալությունից հետո: Սուքիաս-Վրեժն ականատես է եղել հոր ձերբակալությանը: Դաժան ժամանակները, տասնամյակների կաշկանդվածությունը իրենց դրոշմն էին թողել նրա բնավորության վրա: Մարդկային տարրական իրավունքներից զրկվելը, երիտասարդի երազանքների փշրվելը… և այդ բոլորն այն պատճառով, որ Գ. Նժդեհի որդին էր (պատմում է Վ. Տեր-Հարությունյանը, այդ մասին գրել է նաև Կարո Հայրապետյանը իր «Անձնվեր ազատամարտիկը» հոդվածում): Վրեժին և մորը տեղափոխել են Սոֆիայից Պավլիկենե 1945 թ.: Նժդեհի կինը աշխատել է գործարանում: Այս մասին հանդիպում ենք բանտից Ամալյային՝ եղբոր աղջկան ուղարկված Նժդեհի 1955 թ. դեկտեմբերի նամակում: Նամակում նա գրում է, որ առաջին նամակն է ստացել իր ընտանիքից, գրել են Պավլիկենեից. «….Նյութական վիճակը այնքան էլ բարվոք չէ, Վրեժիկը աշխատում է մի գործարանում, Եփիմեի առողջականը տկար է, ահա ողջ նամակի բովանդակությունը, որը ավելի շատ տխրեցրեց, քան ուրախացրեց ինձ: Երևում է տղայիս կարիքն է ստիպել աշխատել, երբ փխրուն դեռահասին դեռ պետք էր սովորել: Ճակատագիր է….» (ՀՊԹ, նգպֆ, ի պահ, 1996): Այդ տխուր ճակատագիրը դրոշմված էր տղայի աչքերի մեջ, դեմքի վրա:
Նժդեհի ծննդյան 110-ամյակի միջոցառմանը մասնակցել են նաև մակեդոնական միության անդամները, ՀՕՄ և ՀԲԸՄ ներկայացուցիչները: Այստեղ Ալիս Կրընչարովան առաջարկել է հայերին մարմարե հուշատախտակ դնել հայտնի հայ գործչի տան առջև, որտեղ նա ապրել է, աշխատել ու ձերբակալվել: Առաջարկը հետագայում կյանքի է կոչվել քաղաքապետարանի որոշմամբ, ինչը, կարծում եմ, նորից փաստում է Բուլղարիայում մեր ազգային հերոսի ըստ արժանվույն ընդունված լինելու, հայ համայնքին անմնացորդ նվիրվելու մասին: Այդ են վկայում Սոֆիայից գրած տողերը. «Որտեղ եւ երբ էլ մեռնեմ, հաւատա՛ իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդէ: Զինւոր զավակդ՝ Նժդեհ, 1937թ., Սոֆիա» :
Ազգային հերոսին հանգիստ չէին տալիս թուրք-բոլշևիկները, որոնք ամեն քայլափոխի հետևում էին նրան, հատկապես այն բանից հետո, երբ ականատես են լինում 1935 թ. օգոստոսի 18-ին նրա կազմակերպած ցույցին. նրանք չէին սպասում այդպիսի բազմամարդ հավաք, որի մասնակիցները և՛ հայեր, և՛ բուլղարացիներ էին: Այս 2 ժողովուրդների եղբայրական ուխտը արձագանք է գտել նաև Բուլղարիայի մամուլում: Զորավարը կարողացել էր հարաբերություններ հաստատել բուլղարացի բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների հետ, որոնք նրան հրավիրում էին հոբելյանական օրերի տոներին, զինվորական հավաքների մասնակցելու: Ավելի ուշ Կրեմլի պետերին ուղղված նամակում Նժդեհը գրում է. «1944 թ., երբ խորհրդային բանակն արդեն Ռումինիայում էր, ես չհեռացա Սոֆիայից…. թէեւ որպես հրապարակախօս ունեէի հիանալի հնարաւորութիւն՝ Շվեյցարիա անցնելու…. լինելով Ռուսաստանից փախած տարագիր, ես Սոֆիայում ներկայացայ ռուսական դեսպանին եւ ցանկութիւն յայտնեցի օրէնքով սահմանուած կարգով վերադառնալ Ռուսաստան եւ մասնակցել Թուրքիայի դէմ պատերազմին»:
1944 թ. սեպտեմբերի 9-ին, երբ խորհրդային զորքերը մտնում են Սոֆիա, Նժդեհը գրում է նամակ Տոլբուխինին (ուկրաինական ռազմաճակատների գլխավոր հրամանատար), ապա նրան հաղորդում են, որ պետք է մեկնի Մոսկվա և անձամբ անի իր առաջարկը: Որպես արդյունք՝ նա հայտնվում է Լյուբյանկայում (Անվտանգության ծառայության բանտում)… ապա ամիսներ անց նրան ուղարկում են Երևան՝ հարցաքննության, որի հիման վրա Մոսկվայի դատարանը առանց դատ ու դատաստանի կայացնում է 25 տարվա ազատազրկման վճիռ…
Բանտից ուղարկված նամակներում պարզ երևում է Նժդեհի ներքին պայքարը: Որպես զինվորական և մտածող, հրամանատար ու քաղաքական գործիչ, գրող, փիլիսոփա՝ Նժդեհը չէր դադարում պայքարել թե՛ արտաքին աշխարհի և թե՛ ինքն իր դեմ: Առաջին 3 նամակներն ուղարկված են բանտից 1944 աշնանը, որոնցում Եփիմեից խնդրում է տաք գուլպաներ, ներքնազգեստ և կենցաղային մի քանի իրեր: Ավելի ուշ եղբորը գրած նամակում հայտնում է, որ բժիշկները հաստատել են այն հիմքը, որը լիովին համապատասխանում է ՆԳՆ-ի ընդունած հրամանագրին, որով ինքը կարող է ժամկետից շուտ ազատվել:
Նժդեհը եղբորը խորհուրդ է տալիս այդ հիմնավորմամբ դիմելու Գերագույն դատարան, Գերագույն խորհուրդ և այլ համապատասխան մարմինների: Գրում է, որ կարող են տեսակցություն կազմակերպել, ինչը պայմանավորված է բանտային գլխավոր վարչության թույլտվությամբ: Խնդրում է գրել հին հասցեով նամակներ, այն էլ՝ հաճախ, սակայն ծանրոց չուղարկել (ՀՊԹ, Նժդեհի անձնական նյութեր):
Նույն օրը գրած հաջորդ նամակում, դիմելով իր հարազատներին, Նժդեհն ասում է, որ նրանց խորհուրդը` իր ձեռագրերի հարցով դիմելու Հայաստանի գրողների միությանը, կփորձի իրականացնել, երբ իրեն կտեղափոխեն. «Քանի որ ինձ ժամանակ է հարկավոր ձեռագրերս կարգավորելու, քանի որ թեմաները բազմազան են և հարուստ՝ մտորումներ պատմության և փիլիսոփայության մասին, գրականության, ժողովրդի, առաջնորդների, մարդու և մարդու իրավունքների, զինվորների և հրամանատարների, օրենքի խոսքի, հայրենասիրության, գրական քննադատության, հավերժի և անցողիկի, Հայաստանի և հայերի մասին: Դրան զուգահեռ ես ունեմ ինքնակենսագրություն՝ «Երկխոսություն Մասիսի և իմ միջև» (ՀՊԹ, նգպֆ, Գ. Նժդեհի անձնական արխիվ): Այս երկխոսությունը շարունակվեց մինչև իր մահը:
Հավաքածուում կա հետաքրքիր բովանդակությամբ մի նամակ՝ գրված եղբորը, որում կա և՛ վիրավորանք, և՛ վեհություն, և՛ կարոտ, և՛ խղճահարություն՝ միախառնված մի կերպարում. «Ես տասնյակ տարիներ ապրել եմ առանց գրոշի, ես սովորել եմ ապրել այդպես և այնքան խանդավառված եմ, որ պատրաստ եմ ինչպես Բուդդա, ինձ զոհաբերել հանուն սոված էգ առյուծի: Ես կարիք չունեմ Լիլիայի (Լիլյա Դադայան, առաջին կնոջ՝ Գոհար Դադայանի աղջիկը, որին Նժդեհը չի տեսել – Ս. Դ.) օգնությանը, բայց եթե նա չունի գոնե տարրական էթիկա (որ հետաքրքրվեր հայրենասեր հոր ողբերգական ճակատագրով – Ս. Դ.), Աստված իր հետ, ամեն մեկին տրված չէ այրվել վեհ զգացումներով: Ես նրան այլևս չեմ գրի: Գրել եմ Օլյային, քո տված հասցեով, չի պատասխանել, երևի նամակս տեղ չի հասել: Վրեժի հանդեպ քո եղբայրական զգացմունքների համար շնորհակալ եմ: Խե~ղճ տղաս, նա արժանի է դրան: Նա որբացավ շատ ավելի վաղ: Իսկ իմ զառամյալ աղավնյակս՝ Եփիմեն: Խղճուկ վիճակու՞մ են: Ես լուսանկարներ չունեմ և հնարավոր չէ լուսանկարվել: Ինձ մոտ կար Վրեժի, Եփիմեի և իմ նկարները, բայց հիմա նրանք Հայկական ԽՍՀ-ի ՆԳՆ-ում են: Ձեզ եմ ուղարկում հրաշքով փրկված Վրեժի փոքրիկ լուսանկարը, որը գտել եմ Լեոյի «Հայոց պատմություն» ստվարածավալ գրքի մեջ: Այն կարելի է մեծացնել: Դե ցտեսություն, համբուրում եմ բոլորիդ, Ձեր Գարեգին: 9.05.55թ.» (ՀՊԹ, բ/մ 9054, 74):
Թանգարանին ի պահ տրված Գ. Նժդեհի հավաքածուում կարևորում ենք նրա քրեական գործի կարճման, արդարացման մասին փաստաթուղթը (1992 թ. մարտի 30), որին նա սպասում էր դեռ կենդանության օրոք… Վազգենը նշեց, որ այս փաստաթուղթը դեռ որևէ տեղ տպագրված չէ, և որևէ մեկը չի ցուցադրել, թանգարանն առաջինն է, որ այն ձեռք է բերում, որը ցուցադրեց կարճ ժամանակահատված: Զորավարն իր կենդանության օրոք էր սպասում այս փաստաթղթին: Դա երևում է նրա նամակներից՝ գրված եղբոր աղջկան՝ Ամալյային. «Ստացել եմ նամակդ թվագրված 18.11.55թ.
….Իմ գործերի մասին, ոչինչ որոշակի ասել չեմ կարող: Դեռ 2 ամիս առաջ ՆԳՆ-ն ինձ տեղյակ պահեց, որ գործս վերանայվում է: Չեմ ընկալում, ինչու են ուզում, որ ես մեռնեմ բանտում: Իմ ընդհանուր վիճակը օրեցօր վատանում է: Երեկվանից գտնվում եմ հիվանդանոցում: Բարևներ Թափառականից Օլյային, Գագիկին, համբուրում եմ, քո հորեղբայր՝ Գարեգին 02.12.55» (ՀՊԹ, Նժդեհի նյութերը):
1. (Նկար 1) Գ. Նժդեհն իր մտերիմների հետ. Բազարչիկ, 1931 թ.
2. (Նկար 2) Վկայական Գարեգին Հարությունյանին Բուլղարիայում հպատակություն տալու մասին. 1933 թ.