Արցախի ապաշրջափակումն ու տարածաշրջանային արձագանքները
28 Հունվար 2023
2022 թ. դեկտեմբերի 12-ին հայկական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիական հագուստով մոտ 500 քաղաքացիներ բնապահպանական գործունեության պատրվակով փակել են Բերձորը (Լաչինի միջանցք)՝ Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող ճանապարհը։ Դա հանգեցրել է 120.000 հայերի, այդ թվում՝ 30.000 երեխաների լիակատար մեկուսացման, ազատ տեղաշարժի և մարդու այլ հիմնարար իրավունքների խախտման։ Արցախում սպառվում են անհրաժեշտ բժշկական պարագաները, սննդամթերքը և վառելիքը, իսկ դպրոցները փակ են ջեռուցման բացակայության պատճառով: Ավելին՝ Ադրբեջանը նաև երեք օրով դադարեցրեց Հայաստանից Արցախ մատակարարվող գազը։
Մի շարք ապացույցներ փաստում են, որ բողոքի ակցիան իրական զանգվածային շարժում չէ, այլ հիմնականում բաղկացած է ադրբեջանական հատուկ ծառայությունների անդամներից, զինվորականներից, Ալիևի հիմնադրամի շահառուներից և պետական իշխանությունների այլ աջակիցներից։ Նրանք ակնհայտորեն հովանավորվում են պետության կողմից, իսկ նրանց անվտանգությունն ապահովում են Շուշիում տեղակայված ադրբեջանական հատուկջոկատայինները: Նրանք կիրառում են ահաբեկման մարտավարություն, օրինակ՝ բարձր երաժշտություն, ելույթներ, որոնք գովաբանում են Ադրբեջանի զինված ուժերը, և ցուցադրում «Գորշ գայլերի» խորհրդանիշները ։
Ցուցարարների սկզբնական պահանջը Լեռնային Ղարաբաղում հանքերի արդյունահանման մշտադիտարկումն էր, սակայն այն ստացավ քաղաքական ենթատեքստ, որը նախատեսում էր Արցախի ղեկավարության հրաժարականը և ադրբեջանական վերահսկողության հաստատումը Բերձորում և ամբողջ Արցախում։
Բնականաբար, նախապայմանները, որոնք առաջ քաշեցին, այսպես կոչված, էկոակտիվիստները, քննարկումների առարկա դարձան նաև հարևան Իրանում և Ադրբեջանի քաղաքական դաշնակից Թուրքիայում։
«ԻՍՆԱ»-ին տված հարցազրույցում Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Սալար Սեյֆ օդ-Դինին ընդգծեց, որ Բաքու-Թուրքիա զորավարժությունների անցկացմամբ պարզ դարձավ, որ Ալիևը Հայաստանի հետ թշնամությունը վերածել է Իրանի հետ թշնամության։ Նա պարզաբանել է, որ Իրանի ռազմական մուտքը Սյունիք ՆԱՏՕ-ի՝ Թուրանի միջանցքի գաղափարը կյանքի կոչելու փորձի պայմաններում հավանության է արժանացել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից և հստակ է, ինչից էլ Բաքուն վտանգ է զգում։ Իրանը մտադիր չէ զորքեր ուղարկել կամ ռմբակոծել Բաքվի սահմանները. Իրանի հիմնական խնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, որով էլ նա ապահովում է իր սահմանների անվտանգությունը: Այսպիսով, եթե ադրբեջանական ուժեր ուժ չկիրառեն Սյունիքի՝ Իրանին սահմանակից շրջաններում, ապա կարելի է ասել, որ Իրանը Բաքվի հետ այս հակամարտությունում վիճելի հարցեր չի ունենա:
Հարավային Կովկասի հարցերով փորձագետը հավելեց, որ Ալիևը փորձում է ռազմականացված պահել իր երկրի մթնոլորտը, որպեսզի քողարկի կոռուպցիան և ֆինանսատնտեսական բնագավառում անհրաժեշտ թափանցիկության բացակայությունը։ Այդ դեպքում ոչ ոք չի կարող հարցնել, թե ինչու այս երկրի նավթն ազգային չէ, ինչու է ոսկու հանքերի արդյունահանումը Անգլիայի մենաշնորհը, և ինչու են երկու իշխող ընտանիքների հետ կապ ունեցող ընկերությունները կուլ տալիս խոշոր պայմանագրերը։
Սալար Սեյֆ օդ-Դինին նաև ասել է. «Բաքվի ժողովուրդը երեսուն տարի է, ինչ իր ողջ ներուժը կենտրոնացրել է Ղարաբաղում, դեռ մի քանի տարի զբաղված է լինելու Սյունիքով և Իրանով, որպեսզի թալանը շարունակվի, և Անկարան ու Թել Ավիվը գոհ լինեն զենքի վաճառքից» :
Նման պայմաններում Ադրբեջանին սպառնացել է նաև ԻՀՊԿ գեներալ Ալի Ռեզա Թանհային։ Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանը չպետք է կրկնի Ուկրաինայի ու Սադամի սխալները և պետք է իմանա, որ Իրանը երբեք չի հանդուրժի իր սահմանների համար որևէ սպառնալիք։ «Իրանում և նրա սահմանամերձ շրջաններում անդորրը խախտելուն ուղղված ցանկացած քայլի կհետևի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի վճռական պատասխանը» ,- ասել է Թանհային։
«ԻՍՆԱ»-ին տված հարցազրույցում Կովկասի հարցերով փորձագետ Բուրհան Հեշմաթին, վերլուծելով Բաքվի վերջին գործողությունները և Ալիևի հայտարարությունները Զանգեզուրի միջանցքի գաղափարը կենսագործելու վերաբերյալ, ընդգծել է, որ բրիտանացիները, սիոնիստները և թուրքերը, պանթյուրքական և ՆԱՏՕ-ի կենտրոնները խստորեն հետևում են այս ծրագրին, և հատկապես հետաքրքիր է այն, որ ՆԱՏՕ-ն փորձում է տարածքային կապ հաստատել Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ։
Հեշմաթին հավելել է. «Եկեք նկատի ունենանք՝ ինչպես որ Իրանի թշնամիները շատ վճռական են այս ուղղությամբ, Իրանը նույնպես պետք է վճռական լինի դրան դիմակայելու հարցում։ Այս ծրագիրը սահմանված է Իրանը շրջափակելու համար, ուստի մենք պետք է փորձենք հակազդել դրան» ։
Հեշմաթին ընդգծել է հատկապես այն փաստը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի զորավարժություններն անցկացվելու են Հայաստանում: Եթե տարածաշրջանում այլ պայմաններ լինեին, զորավարժությունները կարելի էր բնական համարել, բայց Ադրբեջանի ու Թուրքիայի՝ այս տարածաշրջանում վարած քաղաքականության պատճառով Կովկասը դարձել և դառնում է ռազմական մրցակցության դաշտ։ Օրինակ՝ Ադրբեջանի սխալ գործողությունների պատճառով Իրանը ստիպված եղավ մանևր կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ զգուշացնելու, որ թույլ չի տա Ադրբեջանին դառնալ սիոնիստական վարչակազմի տարածաշրջանային բազան ։
Միաժամանակ իր հակահայկական քարոզչությունն է շարունակում Թուրքիան։ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը հայտարարել է, թե իրենք օգնում են Ղարաբաղի իրենց եղբայրներին, այլ կերպ ասած՝ ադրբեջանցիներին. «Ղարաբաղում մենք օգնության ենք հասնում մեր եղբայրական Ադրբեջանին, նույն կերպ մենք գործեցինք Լիբիայում: Այնտեղ, որտեղ մեր եղբայրներն են, նաև մենք ենք» ։
Դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը, նշել է, որ Անկարան շարունակում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ սերտորեն համագործակցելով Բաքվի հետ։ «Լաչինի միջանցքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները անկեղծության փորձություն կլինեն Հայաստանի համար» ,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նա նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում, որը Բաքուն համարում է իր տարածքը, տեղի է ունենում Ադրբեջանի «հարստության յուրացում», ինչն անընդունելի է ։
Բաքվում քննադատությունների նոր ալիք է բարձրացել նաև այն դեպքից հետո, երբ ռուս խաղաղապահները ադրբեջանցի լրագրողներին թույլ չտվեցին անցնել Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով։
Բաքվի վարչակազմը պնդում է, որ հաղթել է արցախյան պատերազմում և ազատագրել Արցախը, սակայն նրանց թույլ չեն տալիս նույնիսկ մի քանի կիլոմետր անցնել Ստեփանակերտով։ Մինչդեռ Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի և Շվեդիայի քաղաքացիները վերջին մի քանի ամիսների ընթացքում հեշտությամբ մուտք են գործել Արցախ և Ստեփանակերտ ։
Այսպիսով՝ արդեն մեկ ամիս է, ինչ Բաքվի հակահայ իշխանությունները ամբողջ աշխարհի աչքի առաջ «գերի» են վերցրել շուրջ 120.000 հայերի և բնապահպանական գործունեության պատրվակով Արցախը կանգնեցրել հումանիտար ճգնաժամի առաջ։ Չնայած միջազգային հանրության մեղադրանքներին ու սպառնալիքներին՝ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց գործողությունները և բավականին հաջողությամբ կատարում է տարածաշրջանում թուրքական պանթյուրքիստական քաղաքականության շղթայի իր պարտավորությունները։ Թե դեռ որքան Լաչինի միջանցքը կմնա ապաշրջափակման մեջ, պարզ չէ, սակայն մի բան հստակ է, որ միայն դիմադրության միջոցով հնարավոր կլինի դուրս գալ տարածաշրջանային դերակատարների քաղաքական շահերի բախման կիզակետից։ Զիջելով Արցախը՝ Հայաստանն աստիճանաբար զիջելու է Սյունիքը՝ դանդաղորեն կորցնելով իր ազգային-պետական ինքնությունը։
Նարե Գևորգյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի աշխատակից