Ռուսաստանի տարածաշրջանային շահերը։ Ինչպե՞ս հարաբերվել Մոսկվայի հետ
27 Հունվար 2023
Ադրբեջանցի սադրիչների կողմից Բերձորի միջանցքի փակումը վեր հանեց բոլոր այն խնդիրները, որոնք կուտակվել են հայ-ռուսական հարաբերություններում։ Այն, որ Մոսկվայի և Երևանի միջև բազում տարաձայնություններ կան, իհարկե հայտնի էր նաև մինչ ադրբեջանական այդ սադրանքը։ Ավելին` ամենատարբեր առիթներով կողմերը բազմիցս ակնարկել են դրանց մասին։ Սակայն առավել սուր ճգնաժամային իրավիճակը, որն ստեղծվել է Արցախի շրջափակման պատճառով, ստիպեց ՀՀ և ՌԴ իշխանություններին մի կողմ դնել դիվանագիտական էթիկետի բոլոր կանոնները և ուղիղ տեքստով մեղադրանքներ հնչեցնել միմյանց հասցեին։
Ստեղծված իրավիճակում Հայաստանին սպառնացող բազում նոր վտանգներից խուսափելու համար չափազանց կարևոր է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում, որն է եղած խնդիրների ծագման պատճառը, և, ի վերջո, ինչ են ցանկանում միմյանցից ստանալ Հայաստանն ու Ռուսաստանը։ Ընդ որում, այս հարցերին հստակ պատասխանելու համար, որքան էլ տարօրինակ հնչի, այնուամենայնիվ անհրաժեշտ է վերանալ օրվա լրահոսում հրապարակվող հայտարարություններից ու գնահատականներից և փորձել ավելի ընդգրկուն հայացք նետել մեր տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին, դրանց տրամաբանությանն ու Հայաստանի և Ռուսաստանի առավել երկարաժամկետ շահերին։
Եվ այսպես, ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Մոսկվան մեր տարածաշրջանում։ 2022 թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում «Վստահելի աղբյուր» մակագրությամբ լույս է տեսել մի նյութ, որում, ըստ ամենայնի, ներկայացված է վերոնշյալ հարցի վերաբերյալ ՀՀ իշխանությունների մոտեցումը։ Հոդվածագիրը, որը, ըստ բազում հնչեցված, բայց չհերքված ենթադրությունների, հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է, գրում է, որ «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս»։ Հեղինակը նշում է, որ «Ռուսաստանին պետք է ԼՂ հարցի չլուծում, այսինքն, որ ԼՂ հարցը լինի չլուծված, որպես ազդեցության լծակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա»։ Սակայն, ըստ «հավաստի աղբյուրի», Արևմուտքի հետ կանխատեսելի հակամարտության հետևանքները մեղմելու համար Ռուսաստանում որոշել են դրական հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ և հետագայում օգտագործել թուրքական հաղորդակցական հնարավորությունները՝ արևմտյան շուկաներ դուրս գալու համար։ «Այս է պատճառը, որ ԼՂ հարցի Լավրովյան պլանը նախատեսում էր հարավային շրջանների հանձնում Ադրբեջանին, որ Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու և ավտոճանապարհների երթուղին ազատվեր խոչընդոտներից»։ Այս իմաստով, ըստ անանուն աղբյուրի, չնայած հրապարակային հայտարարություններին, «Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։ Էականը վերջին գործոնն է, որովհետև ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կա» :
Ռուսաստանի տարածաշրջանային շահերի այս ընկալումը, մեր խորին համոզմամբ, բազում անճշտություններ կամ գոնե ապացույցներ պահանջող ենթադրություններ է պարունակում։ Եթե հետևենք Փաշինյանի տրամաբանությանը, ապա պետք է փաստենք, որ 2011 թ. Ռուսաստանում Արևմուտքի դեմ զինված առճակատման գնալու որոշում է կայացվել, ապա այդ բախման մեջ Թուրքիան ընտրվել է որպես հնարավոր դաշնակից, որի հետ ցամաքային կապ հաստատելու ամենահարմար ուղի է ընտրվել Արցախի Հանրապետության արևելյան շրջաններով անցնող ենթադրյալ ճանապարհը (որը, ի դեպ, մինչ այս պահը գոյություն չունի)։ Եթե այս ամենը ճիշտ է, ապա մի շարք հարցեր են առաջանում։ Նախ՝ ինչո՞ւ Մոսկվան ընտրեց գոյություն չունեցող ճանապարհ։ Արդյոք ավելի հեշտ չէ՞ր լեզու գտնել Վրաստանի հետ և ապագայում օգտագործել աբխազական երկաթգիծը, որը նախ՝ գոյություն ունի ու հեշտ կարող է բացվել և երկրորդ՝ շատ ավելի կարճ է, քան ողջ Ադրբեջանի, հետո նաև Հայաստանի տարածքով կառուցվելիք երկաթգիծը, որի շինարարական աշխատանքներին պետք է նախորդեր նաև մեծ պատերազմ Հարավային Կովկասում։
Երկրորդ՝ եթե Մոսկվան իսկապես որոշել էր գնալ այդ դժվար ճանապարհով, ապա Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողություն սկսելուց առաջ ինչո՞ւ չսպասեց 2020 թ. պատերազմի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների, հատկապես տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման իրականացմանը։
Երրորդ հարցը, որ տրամաբանորեն առաջանում է «հավաստի աղբյուրի»՝ աշխարհաքաղաքական իրավիճակի նկարագրությունից, վերաբերում է Թուրքիայի հանդեպ Ռուսաստանում ստեղծված վստահության մակարդակին։ Փաշինյանը կարծո՞ւմ է, որ Կրեմլում իսկապես մտածում էին, թե տարածաշրջանում «Թուրքիայի աճող դերին» այլևս դիմակայել չկարողացող Ռուսաստանը կարող էր որոշել էլ ավելի նպաստել թուրքական գործոնի աճին Հարավային Կովկասում և հույս ունենալ, որ դրանից հետո կարող է անխոչընդոտ շահագործել Թուրքիայի հաղորդակցական հնարավորությունները։ Իհարկե, նման բան չէր կարող լինել։ Հետևաբար եթե նույնիսկ բացառենք պաշտոնական Երևանի քաղաքականության ընդգծված հակառուսական ուղղվածությունը, ապա, միևնույն է, կարելի է վստահ պնդել, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի գործունեության շարժառիթներն առնվազն լավ չեն ընկալված ՀՀ իշխանությունների կողմից։ Իսկ սա ինքնին արդեն մեծ խնդիր է Հայաստանի համար։
Վերադառնալով վերոնշյալ հարցին, թե ինչ խնդիրներ է փորձում լուծել Ռուսաստանը մեր տարածաշրջանում, փորձենք անդրադառնալ դրանցից ամենաակնհայտներին ու նաև կարևորներին։
ա) Ռուսաստանը ցանկանում է մնալ Հարավային Կովկասի ամենաազդեցիկ տերությունը:
Մեր տարածաշրջանը Ռուսաստանի համար կենսական շահերի գոտի է համարվում։ Դարեր շարունակ Ռուսաստանն ամեն ինչ արել է Հարավային Կովկասն իր ազդեցության ոլորտում պահելու համար և այժմ էլ նույնն է շարունակում անել։
Մանավանդ հիմա, երբ Ռուսաստանն ակտիվացրել է իր քաղաքականությունը հարակից տարածաշրջաններում (հատկապես Մերձավոր Արևելքում) և Արևմուտքի հետ առճակատման այս թեժ փուլում, Մոսկվայում կա հստակ համոզում այն մասին, որ Հարավային Կովկասի կորուստը կարող է մահացու հարված դառնալ ռուսական պետության համար։ Ուստի վերջինս ակտիվ պայքարելու է մեր տարածաշրջանի համար և ամեն գնով այստեղ պահպանելու է իր դոմինանտ դիրքերը։
բ) Ռուսաստանը ցանկանում է պահպանել Արևմուտքի կախվածությունն իր էներգակիր ռեսուրսներից:
Հարավային Կովկասն առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության համար։ Մոսկվայում քաջ գիտակցում են, որ Կասպից ծովի ավազանից և Միջին Ասիայից Արևմուտք տանող Ռուսաստանի էներգետիկ ուղիների այլընտրանքային ուղիներն անցնում են հենց մեր տարածաշրջանով։ Եվ ոչ միայն էներգետիկ ուղիները։ Հարավային Կովկասին մեծ տեղ է հատկացված նաև Չինաստանի մշակած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հայեցակարգում։ Ուստի Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի իր տարածքը շրջանցող տրանսպորտային և էներգետիկ ուղիները կա՛մ լիարժեք չշահագործվեն, կա՛մ գտնվեն իր վերահսկողության ներքո։
գ) Ռուսաստանը ցանկանում է օգտագործել Հարավային Կովկասը՝ այլ տարածաշրջաններում իր ազդեցությունը մեծացնելու համար:
Հարավային Կովկասում իր ներկայությունը թույլ է տալիս Մոսկվային ոչ միայն քիչ թե շատ ամուր դիրքերից հարաբերություններ կառուցել Իրանի և Թուրքիայի հետ, այլև օգտագործել տարածաշրջանի հնարավորությունները գլոբալ քաղաքականության մեջ, մրցակցային դիրք ունենալ նաև Եվրոպայի, Չինաստանի ու ԱՄՆ-ի հետ շփումներում։ Այս առումով Հարավային Կովկասը յուրահատուկ պլացդարմ է, որը թույլ է տալիս Ռուսաստանին հավակնել աշխարհաքաղաքական լուրջ կենտրոնի դերին։
դ) Ռուսաստանը ցանկանում է անվտանգության գոտիներ ունենալ հարակից տարածաշրջաններում:
2008 թ. վրաց-օսական, ապա նաև ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանի անվտանգային քաղաքականության մեջ առավել մեծ տեղ է հատկացվել հարակից տարածաշրջաններում սեփական անվտանգային խնդիրները լուծելու հայեցակարգին։ Պաշտոնական Մոսկվան մեծ զգուշավորությամբ է վերաբերվում Ռուսաստանին հարող տարածաշրջաններում Արևմուտքի ներկայությանը և հատկապես ռազմական պոտենցիալի մեծացմանը։ Ուկրաինական ճգնաժամը, ըստ էության, հենց այդ զգուշավորության դրսևորումներից մեկն է։ Իսկ Հարավային Կովկասը, հաշվի առնելով այստեղ ծավալվող էթնոքաղաքական բարդ գործընթացներն ու դրանց հնարավոր ազդեցությունը Հյուսիսային Կովկասում ընթացող զարգացումների վրա, Մոսկվայի համար առանձնահատուկ նշանակություն ունի հենց որպես անվտանգության գոտի, որի կորուստը կարող է մեծ հարված դառնալ Ռուսաստանի ողջ անվտանգային համակարգի համար։ Ընդ որում, Հարավային Կովկասում Ռուսաստանին ուղղված մարտահրավերները բխում են ոչ միայն Արևմուտքից, այլև Թուրքիայից։
Ահա սրանք են այն հիմնական խնդիրները, որոնք Ռուսաստանը փորձում է լուծել մեր տարածաշրջանում, և որոնցով պայմանավորված են Կրեմլի քայլերը Հարավային Կովկասում։ Իհարկե, քիչ չեն նաև դեպքերը, երբ աշխարհաքաղաքական հակամարտության մյուս հարթակներում խնդիրներ լուծելու նպատակով Ռուսաստանը որոշ զիջումներ է անում իր մրցակիցներին Հարավային Կովկասում։ Ցավոք, այդ զիջումները հիմնականում լինում են ի հաշիվ հայկական շահի, և 2020 թ. 44-օրյա պատերազմը դրա ապացույցներից մեկն է։ Մյուս կողմից, սակայն, պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանի ճիշտ հաշվարկված քաղաքականությունն ու դիվանագիտական քայլերը կարող են բացառել մեր հաշվին սեփական խնդիրները լուծելու Ռուսաստանի հաճախ դրսևորվող արատավոր մարտավարությունը։ Սա մի բան է, որը երկար ժամանակ կարողացել են անել ՀՀ նախկին իշխանությունները, և չեն կարողանում անել ներկաները։
Հակասո՞ւմ են արդյոք Ռուսաստանի վերոնշյալ խնդիրներն ու նպատակները Հայաստանի շահերին։ Սա երկրորդ կարևոր հարցն է, որի պատասխանը կարող է մեծ օգուտներ կամ վնասներ բերել մեր երկրին։ Ուստի այն զգուշավոր մոտեցում է պահանջում ոչ միայն Հայաստանի իշխանություններից, այլև քաղաքական էլիտաներից։ Մեր խորին համոզմամբ՝ այս հարցի պատասխանը, բացասական լինելով, բազում նրբություններ և բացառություններ ունի։
Փորձեմ միտքս ավելի պարզ ձևակերպել։ Ո՛չ, Ռուսաստանի տարածաշրջանային շահերը հակոտնյա չեն հայկական երկու պետությունների շահերին։ Բայց դա նաև չի նշանակում, որ, սպասարկելով իր շահը, Ռուսաստանը չի կարող վնասել հայկական շահերին։ Կարող է, և մենք բազմիցս եղել ենք դրա ականատեսը։ Ո՞րն է, ուրեմն, խնդիրը, և ի՞նչ հակասություն կա վերոնշյալում։ Ինչպես քիչ առաջ ակնարկեցի, խնդիրը Ռուսաստանին ճիշտ ուղղորդելու հայկական կողմի կարողությունն է։ Այլ խոսքով՝ Հայաստանին անհրաժեշտ է Ռուսաստանի հետ շփվելու ճիշտ մարտավարություն։ Այդ մարտավարությունը կարող է և խիստ լինել, սակայն չպետք է կրի հակամարտության բնույթ։ Դրա պատճառները երկուսն են։ Նախ, ինչպես նշեցի, Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանային հիմնարար շահերը միմյանց հակոտնյա չեն, և երկրորդ՝ հայ-ռուսական հակամարտության մեջ հաջողության հասնելու Ռուսաստանի հնարավորությունները հասկանալի պատճառներով շատ ավելի մեծ են, քան Հայաստանինը։
Վերջին ամիսների զարգացումները վերոնշյալի լավագույն ապացույցն են։ Որպես օրինակ դիտարկենք Բերձորի միջանցքի շրջափակումը։ Ադրբեջանի այդ սադրիչ գործողության առաջին փուլում ակնհայտ էր դրա ոչ միայն հակաարցախյան, այլև հակառուսական բնույթը։ Ադրբեջանցի «ցուցարարները» և զինվորականները ծաղրում էին ռուս խաղաղապահներին, սադրում նրանց, քաշքշում, և այդ ամենն ուղեկցվում էր տեղեկատվական-քարոզչական մեծ արշավով։ Ադրբեջանցիների նպատակը պարզ էր. նրանք անում էին ամեն ինչ, որպեսզի խաղաղապահների նյարդերը տեղի տան, և ինչ-որ բախում հրահրվի։ Դրանից հետո պաշտոնական Բաքուն կսկսեր բողոքել ռուս խաղաղապահների վարքագծից և օրակարգ կբերեր նրանց խնդիրը լուծելու, ասել է թե՝ Արցախից նրանց հեռացնելու հարցը։ Ռուսաստանում մեծ վտանգ էին տեսնում Ադրբեջանի նման կեցվածքում։ Նրանք հասկանում էին, որ խաղաղապահների վարկաբեկման արշավն ի վերջո կարող է սպառնալիք դառնալ ոչ միայն Արցախում, այլև ողջ տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության համար։ Եվ այն պահին, երբ հայկական կողմը կարող էր օգտվել ռուս-ադրբեջանական ուռճացած հակամարտության պտուղներից, պաշտոնական Երևանը ճիշտ հակառակ քայլն է անում և Ադրբեջանից առավել մեծ եռանդով սկսում է վարկաբեկել Արցախում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին։ Ցավոք, Երևանի այս վարքագիծը հանգեցնում է շատ կանխատեսելի հետևանքների, և ռուս-ադրբեջանական հակամարտության փոխարեն մենք ստանում ենք հայ-ռուսական հակամարտություն։ Բնական է, որ ճիշտ այդ պահից Ադրբեջանը փոխում է ռուս խաղաղապահների նկատմամբ իր վարքագիծը և Արցախի հետագա շրջափակման երկարաձգմամբ նպաստում Մոսկվայի և Երևանի միջև ծագած տարաձայնությունների խորացմանը։
Վերոնշյալ օրինակը, որը, ինչպես արդեն նշել ենք հոդվածի սկզբում, բացահայտում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում կուտակված բազում խնդիրներ, նաև մի շարք կարևոր հարցերի պատասխաններ է տալիս։ Այսպես՝ պարզ է, որ ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում այսօր պետք է թե՛ ռուսական և թե՛ հայկական կողմերին։ Այսինքն՝ այս հարցում Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են։ Սակայն պաշտոնական Երևանի ապաշնորհ (իրականում՝ դավաճանական) քաղաքականության հետևանքով այնտեղ, որտեղ կողմերը կարող էին համագործակցել, նրանք մրցակցում են՝ հուրախություն Ադրբեջանի և Թուրքիայի։ Իհարկե, չի կարելի անտեսել նաև այն փաստը, որ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակումը հնարավոր է դարձել նաև Ռուսաստանի հանցավոր անգործության հետևանքով։ Բայց այդ անգործությունն էլ իր պատճառներն ունի, իսկ եթե նույնիսկ պատճառներ չկան, ապա, միևնույն է, Արցախի անվտանգությունը պահանջում է, որ այդ հարցում Երևանը համագործակցի և ոչ թե հակամարտության մեջ մտնի Մոսկվայի հետ։
Հետևաբար եզրահանգումը մեկն է՝ Հայաստանը պետք է կարողանա ճիշտ աշխատել Ռուսաստանի հետ։ Միայն այդ դեպքում երկու երկրների տարածաշրջանային շահերը, որոնք հիմնականում համընկնում են, կիրացվեն ոչ թե ի հաշիվ, այլ ի լրացումն մեկը մյուսի։
Բայց կա մեկ այլ կարևոր խնդիր, այն է՝ Հայաստանն ու Ռուսաստանը, հնարավոր է, արդեն հատել են անդառնալիության կետը։ Համենայնդեպս, այսօր կարելի է վստահ պնդել, որ երկու երկրների միջև դաշնակցային հարաբերություններ այլևս գոյություն չունեն։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը կարող է միանգամայն նոր գործելաոճ որդեգրել։
Առաջինը, որ կարելի է ենթադրել Մոսկվայից, «զրո դիվանագիտության» քաղաքականությունն է։ Հատկապես եթե Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությունը հաջող ավարտ ունենա Ռուսաստանի համար (իսկ դրա հնարավորությունները չափազանց մեծ են), ուրեմն հաստատ զրո դիվանագիտություն։ Միայն պարտադրանք։ Ալիևի ու Փաշինյանի հետ Կրեմլը այլևս ոչինչ չի պայմանավորվելու։ Պուտինի վարչակազմը պարզապես ժամանակ է ձգելու և առաջին իսկ հնարավորության դեպքում, որը, կարծում եմ, շատ չի ուշանա, ուժային լուծումներ է պարտադրելու Հայաստանին ու Ադրբեջանին։ Փոքր հույսն այն է միայն, որ նախքան փղի՝ հախճապակու կրպակ մտնելն ու այնտեղ ամեն բան փշրելը Հայաստանում վերջապես հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել և գոնե նոր դեմքերով որոշակիորեն մեղմել ռուսական «արդարադատության» (իսկ իրականում՝ վրիժառության) հետևանքները հայկական երկու պետությունների համար։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար