Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ իրանական կողմի տրամադրությունները
29 Հունվար 2023
«Մենք ռազմավարական սխալ ենք գործել։ Առաջին սխալն այն էր, որ փակել ենք Հայաստանի հետ սահմանը։ Սրանով մենք թույլ ենք տվել, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը թեքվի Իսրայելի և Թուրքիայի կողմը, ինչը երկարաժամկետ հեռանկարում իր ազդեցությունն է ունենալու մեր անվտանգության վրա» ,- Արցախյան երրորդ պատերազմի ավարտից օրեր անց նման գնահատական էր հնչեցրել Եվրասիայի և Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Շոաիբ Բահմանը։
Սա պատերազմից հետո իրանական կողմի մտահոգությունների ամենացայտուն արտահայտություններից է։ Բայց ընդամենը մեկը, քանի որ 2020 թվականի պատերազմում Հայաստանի պարտությունն Իրանում ընկալվեց նաև որպես իր պարտություն։ Պատճառը պատերազմի վերջնարդյունքներով ուժերի վերադասավորումն էր ի վնաս Իրանի, մասնավորապես՝
-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների սերտացումը,
-Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների սերտացումը և Իրանի սահմանների հարևանությամբ իսրայելական ուղղակի և անուղղակի ներկայության ամրապնդումը,
-Բաքվի շարունակական նկրտումները Հայաստանի տարածքի նկատմամբ, մասնավորապես՝ այսպես կոչված «միջանցքի» պահանջը և այլն:
Վերլուծելով նոր իրադրությունը՝ պատերազմից հետո իրանական փորձագիտական դաշտը մշտապես մատնանշել է Հայաստանի ու Իրանի համար ստեղծված անվտանգային սպառնալիքներն ու դրանց չեզոքացման համար անհրաժեշտ քայլերը։ Նորահայտ մարտահրավերներին դիմակայելու համար պաշտոնական Թեհրանն ակտիվացրել է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Այդ քաղաքականությունը երկու տարվա ընթացքում հարմարեցվել է նաև ընթացիկ զարգացումներին:
Պատերազմի ավարտից հետո՝ շուրջ մեկ տարի, Թեհրանը փորձում էր Հայաստանի և Ադրբեջանի հետ ակտիվորեն հարաբերվել թե՛ դիվանագիտական և թե՛ տնտեսական ոլորտներում: Թեհրանը նախ փորձեց առաջ տանել «3+3» ձևաչափը, և չնայած այդ նախագիծը ձախողվեց, Իրանը մինչ օրս շեշտում է դրա գործարկման կարևորությունը։
Տնտեսական առումով Ադրբեջանի դեպքում շեշտը դրվեց գրավված տարածքներում վերականգնողական աշխատանքներին մասնակցելու վրա. տարբեր մակարդակներով և բազմիցս Թեհրանից պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու շինարարական աշխատանքներին, օրինակ՝ մզկիթների վերակառուցմանը, վերանորոգմանը, ականազերծման աշխատանքներին և այլն: Դա, սակայն, տեղի չունեցավ, քանի որ Ադրբեջանն այդ աշխատանքները վստահեց թուրքական ու իսրայելական ընկերություններին՝ նաև այդպես հատուցելով պատերազմի ընթացքում նրանց օժանդակության դիմաց։
Հայաստանի դեպքում էլ իրանցիներն ակտիվություն ցուցաբերեցին թուրքական ապրանքներն իրանականով փոխարինելու, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու հարցերում։
Թեհրանի այս ակտիվությունն ուղեկցվում էր տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիության մասին հայտարարություններով, որոնք, բնականաբար, դժգոհությամբ էին ընդունվում Ադրբեջանում։
Ի վերջո, 2021 թ․ աշնանը Բաքու-Թեհրան հարաբերությունները խիստ սրվեցին, ինչի շարժառիթ հանդիսացան Արցախ իրանական բեռնատարների ելումուտը, Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ավտոմայրուղու մի հատվածի օկուպացիան ու իրանցի վարորդների ձերբակալությունը: Լարվածությունն ուղեկցվեց երկու երկրների պաշտոնյաների կողմից միմյանց հասցեին սպառնալիքներով ու նախազգուշացումներով, ԶԼՄ-ների քարոզչական գրոհներով։
Լարվածության որոշակի թուլացումից հետո Բաքուն ու Թեհրանը տնտեսական ոլորտում համագործակցության մի քանի պայմանավորվածություններ ձեռք բերեցին։ Բայց հարաբերությունները հարթ չէին նաև 2022 թ., և աշնանը լարվածությունն աննախադեպ մակարդակի հասավ։ Այն պահպանվում է մինչ օրս, և այդ պայմաններում իրանական լրատվական, փորձագիտական դաշտում որոշակի փոփոխություններ են նկատվում:
Իրանում հստակ գիտակցում են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի վարած քաղաքականությունն անմիջական սպառնալիք է նաև իրենց համար, ուստի կարևորում են Հայաստանի հետ փոխգործակցությամբ այդ սպառնալիքների չեզոքացումը: Այս համատեքստում հետաքրքրական են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացումներին իրանական մամուլի օպերատիվ արձագանքները, հայկական կողմի տեսակետները ներկայացնելու հարցում բաց մոտեցումը: Վերջին շրջանում հայ փորձագետները մի շարք հարցազրույցներ են տվել իրանական ԶԼՄ-ներին, որոնց թվում և՝ տողերիս հեղինակը, որը հարցազրույց է տվել Իրանի պետական հեռուստատեսության երկրորդ ալիքին, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում:
Հատկանշական է, որ իրանական մեդիայում նկատվում է նաև Արցախ անվան ավելի հաճախակի կիրառություն, այդ թվում՝ հեռուստաեթերի ժամանակ: Նշվածը հստակ վկայում է իրանական կողմի տրամադրվածության մասին: Եվ եթե նախկինում իրանական դաշտում ավելի նեղ շրջանակներում էին խոսում այն մասին, որ Իրանի շահերից է բխում Արցախի՝ հայկական կողմի վերահսկողության տակ լինելը, ապա այսօր այդ մասին ավելի բացահայտ են խոսում:
Ընդհանուր առմամբ իրանական մամուլի մոնիթորինգից և փորձագիտական շրջանակների հետ դեմ առ դեմ շփումներից պարզ է դառնում, որ՝
1.Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ,
2.Թեհրանը խիստ զգայուն է Իսրայել-Ադրբեջան, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների սերտացման հարցերում,
3.Թեհրանը զգայուն է Հայաստան-Արևմուտք հարաբերությունների հարցում։
Վերոնշյալն ունի իր բացատրությունը: Իրանում Հարավային Կովկասն ընկալում են որպես իրենց կորցրած տարածք և չեն ցանկանում կորցնել նաև ազդեցությունն այդ տարածաշրջանում: Այս տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու համար Իրանն ակտիվացել է հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո։
Վրաստանի որդեգրած քաղաքական կուրսի պատճառով Իրան-Վրաստան հարաբերությունները չզարգացան այնքան, որքան ցանկանում էր Թեհրանը։ Հարաբերությունները հատկապես հաջող ընթացք ունեցան ՀՀ-ի հետ, իսկ Ադրբեջանի դեպքում ուղեկցվեցին մի շարք խնդիրներով։
Արդեն արցախյան պատերազմից հետո Բաքվի քաղաքականությունը Իրանին ստիպեց ավելի շատ կենտրոնանալ հայկական ուղղությամբ։ Իրանի համար Հայաստանն այսօր այն կետն է, որից կառչելով կարող է իր ներկայությունն ապահովել Հարավային Կովկասում և վերջնականապես դուրս չմղվել այդ տարածաշրջանից։ Ընդ որում, ներկայություն ասելով Իրանում հասկանում են նաև ռազմական ներկայությունը։
Իրանական փորձագիտական դաշտում հատկապես խիստ ընդգծվում է ՀՀ Սյունիքի մարզում իրանական ռազմաբազայի ստեղծման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում կարևորվում է հայ-իրանական ռազմական համագործակցության մասին պայմանագրի կնքումը կամ ՀՀ իշխանությունների կողմից Իրանին ուղղված պաշտոնական դիմումը՝ Սյունիքում ներկայություն ունենալու համար։ Սրան էր ուղղված նաև Կապանում իրանական հյուպատոսության բացումը, ինչն ապահովեց Իրանի քաղաքական ներկայությունը և մեծ ուղերձ էր ադրբեջանա-թուրքական դաշինքին։
Իրանական կողմի համար հատկապես մտահոգիչ է Ադրբեջան-Իսրայել, Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների խորացումը։ Արցախի օկուպացված շրջաններում Իսրայելի կողմից «խելացի գյուղերի» կառուցումը Իրանում ընկալում են որպես Իսլամական Հանրապետությանը լրտեսելու և նրա դեմ գործողությունների հարթակի ստեղծում։ Ադրբեջանա-իսրայելական համագործակցության ցանկացած դրսևորում ընկալվում է Իրանի դեմ ուղղված քայլ, այդ թվում՝ երկկողմ փոխայցերն ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը։ Թել-Ավիվում դեսպանատուն բացելու Ադրբեջանի որոշումն էլ հակաիրանական գործողությունների նոր շրջափուլի մեկնարկ որակվեց։
Նույն կերպ Իրանին մտահոգում է նաև Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների խորացումը։ Ըստ իրանական կողմի՝ Թուրքիան փորձում է խեղաթյուրել Ադրբեջանի ժողովրդի՝ թե՛ հենց ադրբեջանցիների և թե՛ իրանախոս զանգվածի ինքնությունն ու նրանց թուրքացնել, բացի այդ՝ ծավալում է Ադրբեջանի բնակչության սուննիացման գործընթաց։
Իրանում առաջին հերթին նաև Թուրքիայի ազդեցությամբ են պայմանավորում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ Արցախյան երրորդ պատերազմն ու հաջորդիվ ՀՀ տարածքի օկուպացիան ու «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի առաջմղումը Իրանում Օսմանյան կայսրությունը վերականգնելու և թուրանական միություն ստեղծելու Թուրքիայի ծրագիր են համարում, Ադրբեջանը՝ գործիք այդ ծրագրում, իսկ Արևմուտքն էլ՝ օժանդակող ուժ։
Իրանական կողմը զգայունությամբ է հետևում նաև Հայաստան-Արևմուտք հարաբերություններին։ Իրանական պաշտոնական փորձագիտական մոտեցումն այն է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանում և տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Իրանական վերլուծական դաշտի գնահատմամբ՝ Արևմուտքին արցախյան հակամարտությունը, դրա լուծումը չեն հետաքրքրում, Հարավային Կովկասն Արևմուտքին պետք է Իրանին ու ՌԴ-ին դիմակայելու համար։
Հետևաբար հայ-ադրբեջանական շփման գծում ԵՄ դիտորդների տեղակայման կամ միջազգային խաղաղապահների մասին հայկական կողմի հայտարարություններն Իրանում անընդունելի են համարում։
«Հարավային Կովկասում խաղաղությունն ԱՄՆ-ի համար ի՞նչ նշանակություն ունի, որ ցանկանա աջակցել դրան: Անգամ եթե ենթադրենք, որ ԱՄՆ-ն իսկապես ձգտում է կայուն խաղաղություն հաստատելու Կովկասում, ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի նման ազդեցիկ շահագրգիռ կողմի մոտեցումը Կովկասում ամերիկյան խաղաղության շուրջ, երբ Ուկրաինայի մարտի դաշտում ականատես ենք Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ առճակատմանը։ Կարո՞ղ ենք պատկերացնել ամերիկյան և բրիտանական խաղաղապահ ուժերին և ՆԱՏՕ-ի նրանց մյուս դաշնակիցներին Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ կողք կողքի։ Այսօր միակ երկիրը, որը միջազգային իրավունքի տեսանկյունից Կովկասում միջամտության իրավունք ունի, Իրանն է: Այս ճգնաժամից դուրս գալու միակ լուծումը Լաչինում և Հայաստան-Ադրբեջան լարվածության այլ կետերում իրանցի խաղաղապահների տեղակայումն է ռուս խաղաղապահների կողքին» ,- իր հոդվածում նման դիտարկումներ է արել Իրանի Կովկասի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ջաֆար Խաշեն։
Ընդհանուր առմամբ Իրանի Իսլամական Հանրապետության տրամադրվածությունը նշանակում է, որ նրա հետ մեր հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել, թեև իրանական կողմի որոշ ցանկություններ Հայաստանի շահերի տեսանկյունից անընդունելի են: Այնուամենայնիվ փաստ է՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու նրանց դաշնակիցների ծրագրերը հակասում են Հայաստանի ու Իրանի ազգային շահերին, հետևաբար դրանց դիմակայելու հարցում երկու երկրները համընկնող շահեր ունեն և պետք է միասնական ճակատով հանդես գան՝ սկսած համատեղ քարոզչական պայքարից մինչև ռազմական ու հատկապես ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը:
Ժաննա Վարդանյան
Իրանագետ