«Բացե՛ք կյանքի ճանապարհը». ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ
22 Մարտ 2023
Արցախի 100 օրվա շրջափակման կապակցությամբ, այսօր՝ մարտի 22-ին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց:
Ներկաների ձեռքին կային «Բացեք կյանքի ճանապարհը, «Արցախն ուժեղ է», «Ազատ և ուժեղ Արցախ», «Հայրենի հողը չի սակարկվում», «Կանգ առ, Նիկոլ» եւ այլ գրություններով պաստառներ: Ակցիայի մասնակիցները բերանները փակել էին կարմիր ժապավեններով:
Մենք այս մարդկանցից պահանջելու ոչինչ չունենք, այստեղ ենք, որ ցույց տանք, որ այս մարդիկ 100 օր է՝ լուռ են, ձեռքերը լվացել են Արցախից. Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցայի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը։
«Ինչքան էլ ուզում են ներկայացնել, որ Արցախի անվտանգությունը պատկանում է այլ երկրի, այս մարդիկ պատասխանատու են 120․000 մեր հայրենակիցների համար, որպես իշխանություն, պատասխանատու են մեր հայրենիքի համար, սակայն նրանք լուռ են։ Ինչ են անում այս մարդիկ՝ այս մարդիկ բոլորին մեղադրում են, բացի իրենցից, մեղավոր են նախկինները, մեղավոր է տատանվող և փլուզվող աշխարհը, չգիտես ինչու ամբողջ աշխարհում ճգնաժամերից էլ կա օգուտներ, բացի Հայաստանից, մենք միշտ պետք է ծնկի գանք, վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ կա 5-րդ շարասյուն և հենց այդ շարասյան պատճառով է, որ այսօր այս վիճակում ենք։ Նախ եթե ունենայինք նորմալ իշխանություն, ապա իշխանությունը 5-րդ շարասյան մասին, եթե կա այդպիսին, հայտարարում են 5-րդ շարասյունը բռնելուց հետո։ Սա ևս փաստ է, որ կամ այդպիսի բան չկա, կամ այս մարդիկ անզոր են, կամ էլ ուղղակի քաղաքական շահարկման թեմա են տալիս, և Նիկոլ Փաշինյանի դեմ չոքած ՔՊ-ականները ուղղակի սարքել են քաղաքական թեմա և ամեն առիթի դեպքում խոսում են 5-րդ շարասյունից»,- ասաց նա
«Մի բան շատ հստակ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնաց վարչապետ, Հայաստանի Հանրապետություն չի՛ լինելու»,- ասաց Գոռ Սարգսյանը։
Մեր ակցիայի հիմնական մեսիջն այն է, որ 100 օր է Արցախը շրջափակված է, բայց այս իշխանությունը ոչինչ չի անում, մատնված են լռության. բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը:
«Մենք մեր պայքարից չեն նահանջելու, մենք չենք հանդուրժելու այս իշխանության արածները, հիմա մեր մարտավարությունը պետք է փոխվի և ավելի կարծրանա»,-ասաց նա:
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ իր հերթին հայտնեց, որ Արցախի շրջափակման հարցով քայլեր են անում դաշնակիցները, ԵՄ–ն, իսկ ՀՀ-ն գործնական ոչինչ չի անում։
«ՀՀ սահմաններում ռուս զինվորներ են վիրավորվել` փորձելով հետ բերել ՀՀ քաղաքացուն, մյուս կողմից էլ տեսնում ենք ՀՀ իշխանությունների մեղադրանքները բոլորի հասցեին։ Եթե այս ամենի հարցում մեղավորները նախկիններն են, դաշնակիցները, բա իշխանությունն ինչի՞ համար է, պարգևավճար ստանալո՞ւ»,– ասաց նա։
Ակցիայի ավարտին մասնակիցները պաստառներն ու կարմիր ժապավենները թողեցին Կառավարության շենքի մայթին։