ՀՅ Դաշնակցութիւնն ինքը ժողովրդավարութեան մարմնացում է
02 Ապրիլ 2023
Սոցիոլոգ, իրանագետ Սարգիս Մկրտչյանի ելույթը Սարդարապատում ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ.
Սիրելի՛ ընկերներ,
Յարգելի՛ ներկաներ,
Այսօր հաւաքուել ենք այս սուրբ վայրում, որպէսզի վկան լինենք ՀՅ Դաշնակցութեան շարքերը համալրող 60 ընկերների երդմնակալութեան արարողութեանը։ Սուրբ վայր, որտեղ սրանից 105 տարի առաջ մեր նախնիները կենաց ու մահուան պայքար մղելով կերտել են Հայաստանի անկախութիւնը։
1918 թուականին հայ ազգը՝ ՀՅ Դաշնակցութեան ղեկավարութեամբ դուրս եկաւ ոսոխ թուրքի դէմ, թօթափեց վեցդարեայ ստրկութեան լուծը եւ կերտեց իր անկախ պետականութիւնը։
Այսօր, Հայաստանի վերանկախացումից 30 տարի անց, կրկին կանգնած ենք անկախ պետականութիւն ունենալու, թէ ստրուկի պէս մեր գոյութիւնը քարշ տալու ընտրանքի առջեւ։
Դա մեզ պարտադրեցին։ Պարտադրեցին հայութեան թոյլ ու վախկոտ տեսակի մէջ պարտուղականութեան եւ յարմարուողականութեան սերմեր աճեցնելով եւ ամբոխավարութեան հմտութիւնների կիրառմամբ նրանց իշխանութեան բերելով։ Տասնամեակներ շարունակ փափուկ ու աննկատ աշխատեցին, խամաճիկներ պատրաստեցին եւ ստեղծեցին այն ենթահողը, որ իբր Հայաստանը իր գոյութիւնը պահպանելու համար այլ ելք չունի, քան հայրենիքի մի կտոր՝ հայրենիքի մի այլ կտորի հետեւից թշնամուն զիջելուց։
Ինչպէս ասում էր ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկեր Սարգիս Զէյթլեանը. «Միջազգային յարաբերութիւնները ղեկավարւում են՝ իբրեւ զսպանակ ունենալով ուժի «իրաւունքը» եւ ոչ երբէք՝ իրաւունքի ուժը»։
Այսօր, Հայաստանի ու հայութեան հետ խօսում են ուժի «իրաւունքի» դիրքերից։
ՀՅ Դաշնակցութեան ընտրութիւնը յստակ է, նոր չէ, վերջնական է։ «Ազատութիւն կամ մահ», ահա այն կուսակցութեան կարգախօսը, որին դուք անդամագրուել էք։
Դուք, ՀՅ Դաշնակցութեանը զինուորագրուել էք այն պայմաններում, որ Հայաստանում թէ Հայաստանից դուրս, մոլեգնում է հակադաշնակցական պայքարը։ Պայքարում են Դաշնակցութեան դէմ, որովհետեւ Դաշնակցութիւնը ազգային է։
Դաշնակցութիւնը, ինչպէս որեւէ ազգի որեւէ ազգային կուսակցութիւն՝ պատրաստ է պաշտպանել իր ազգի շահերը։ Եւ սա չեն ներում։ Դաշնակցութիւնը պատրաստակամ է իր լաւագոյն տղաներին զոհաբերել Հայաստանի ու հայութեան ազատագրութեան դատին։ Եւ ոսոխը դրանից սարսափում է։ Սարսափում են հայութեան թշնամիները, սարսափում են հայութեան թշնամիների հովանաւորները, սարսափում են նաեւ հայ օտարամոլները։
Չի ներւում Դաշնակցութեան հայրենասիրութիւնը, իսկ ներւում են օտարների ծաւալապաշտական նկրտումները։ Չի ներւում Դաշնակցութեան արդարամտութիւնը, բայց ներւում է Հայաստանում թէ Հայաստանից դուրս ուժի իրաւունքի կիրառումը։ Չի ներւում Դաշնակցութեան ժողովրդավարութիւնը, բայց ներւում են ժողովրդավարութեան քողի տակ Հայաստանում, թէ Հայաստանից դուրս բռնապետութիւնների հաստատումը։
Դաշնակցութիւնը ամենաժողովրդավարական կուսակցութիւնն է եւ պէտք չէ մէկը մեզ ժողովրդավարութիւն դաս տայ։
Դաշնակցութիւնն ինքը ժողովրդավարութեան մարմնացում է։ Նրանք, ովքեր ծանօթ չեն Դաշնակցութեան Կանոնագրին, ընկերների ու մարմինների փոխյարաբերութիւնների ձեւին, նրանք, ովքեր աղօտ պատկերացում ունեն Դաշնակցութեան մասին, խորհրդաւոր բաներ են հիւսում Դաշնակցութեան վերաբերեալ։ ՀՅԴաշնակցութիւնն ունի մէկ ու միասնական Կանոնագիր՝ հաստատուած Ընդհանուր Ժողովի կողմից։ Չկայ երկրորդը։ Ցանկացած համակարգում, որ յստակ չլինեն կանոնները եւ կարգապահութիւն չլինի՝ խառնաշփոթ կստեղծուի։ Դաշնակցութեան խստապահանջութիւնը եւ կարգապահութիւնը՝ պէտք չէ շփոթել ժողովրդավարութեան բացակայութեան հետ։ Ճիշտ հակառակը՝ ժողովրդավարութիւնը պահանջում է կարգապահութիւն։
ՀՅ Դաշնակցութեանն անդամգրուելով, այսօր, դուք հայութեան եւ օտարներին պատգամեցիք, որ պայքարը շարունակւում է, շարունակւում է աւելի ուժգին, եւ իզուր են Դաշնակցութեան դէմ ներսից թէ դրսից, գիտակցաբար թէ անգիտակցաբար, տարատեսակ պայքարները։
Դուք պէտք է գիտակցէք, որ Դաշնակցութեան մէջ ձեզ հեշտ ու հանգիստ կեանք չի սպասւում։ Որ դաշնակցականի կեանքը ամենօրեայ պայքար է՝ լինի դա իշխանութեան մէջ թէ իշխանութիւնից դուրս, Ազգային ժողովում թէ Ազգային ժողովից դուրս, Հայաստանում թէ Սփիւռքում, մտքի, ռազմի, թէ որեւէ այլ բնագաւառում։
Դաշնակցութիւնը ապրելակերպ է եւ դա ամէն մարդու գործ չէ։ Պէտք է վարժուել այդ կեանքին։
Եւ պէտք է գիտակցել, որ ազգային շահը պահանջում է ընկերային արդարութիւն։ Ազգային շահ՝ չի նշանակում հայրենիքի սահմանները անառիկ պահել եւ վերջ։ Չի նշանակում վերականգնել հայութեան ոտնահարուած իրաւունքները եւ վերջ։ Ազգային շահ նշանակում է երկրի ներսում պայքարել ընկերային արդարութեան հաստատման ուղղութեամբ։
Պայքարել, որ որեւէ հայ երեխայ սոված չմնայ, որ որեւէ հայ երեխայ չզրկուի կրթութիւն ստանալու հնարաւորութիւնից, որ հայ մարդը բուժուելու հնարաւորութիւն ու միջոց ունենայ, որ հայը՝ տղամարդ թէ մանաւանդ կին, իր իսկ հայրենիքում բռնութեան չենթարկուի, որ բռնութիւնը վերանայ մեր երկրից, որ հայ մարդը արժանապատիւ ու բարեկեցիկ ապրի իր երկրում, ապահով զգայ ու երջանիկ լինի, երկիրն ունենայ հզօր տնտեսութիւն, հզօր բանակ, հզօր գիտակրթական համակարգ։ Ահա այսպիսի Հայաստանն է կարող յետ մղել իր նկատմամբ կիրառուող ուժի «իրաւունքը» եւ հաստատել իրաւունքի ուժը։
ՀՅ Դաշնակցութիւնը պայքարել եւ պայքարում է նաեւ այդ նպատակների համար։ Եւ նրանք, ովքեր Դաշնակցութեան միայն մարտական երեսն են տեսնում՝ չարաչար սխալւում են կամ դիտմամբ չեն ուզում տեսնել միւս երեսները։
ՀՅ Դաշնակցութիւնը ազգային, ընկերվարական, ժողովրդավարական եւ յեղափոխական կուսակցութիւն է։ Եւ տեսնել այս հիմնասիւներից միայն մէկը ու չտեսնել միւսները՝ նշանակում է չհասկանալ ՀՅ Դաշնակցութիւնը։
Սիրելի՛ ընկերներ,
Ահա այսօր դուք այսպիսի կուսակցութեանն էք անդամագրուել։
Հայաստանի եւ հայութեան համար գերզգայուն այս պայմաններում՝ ձեր ընտրութիւնը գնահատելի է եւ ոգեշնչող։ Իմացէ՛ք, որ ահա այս պահից դուք ընկերներ, գաղափարակից ընկերներ ունէք Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների բոլոր քաղաքներում ու գիւղերում։ Դուք ընկերներ ունէք աշխարհի բոլոր այն անկիւններում, որտեղ հայ կայ։ Որովհետեւ որտեղ հայ կայ՝ այդտեղ Դաշնակցութիւնը ներկայ է։ Որովհետեւ Դաշնակցութիւնը կուսակցութիւն լինելուց առաջ՝ գաղափար է։
Յարգելի՛ ներկաներ,
Այսօր մենք ո՛չ միայն ներկայ ենք ՀՅԴաշնակցութեան շարքերը համալրող մեր վաթսուն ընկերների երդմնակալութեան արարողութեանը, այլ այստեղ ենք որպէսզի մէկ անգամ եւս վերանորոգենք մեր ուխտը՝ ծառայելու Հայաստանի եւ հայութեան դատին՝ ՀՅԴաշնակցութեան ճանապարհով։
Ողջունում եմ մեր ընկերների մուտքը ՀՅ Դաշնակցութեան շարքեր եւ բարի երթ եմ մաղթում։
Սարգիս Մկրտչեան
2 ապրիլ, 2023 թ.
Սարդարապատ