Հայաստանի դաշնակիցները, Թուրքիան, Բոլշևիկյան Ռուսաստանը, 1920 թ․ թուրք-հայկական պատերազմը
28 Մայիս 2023
Մինչ 1917 թ. Անդրկովկասի ոչ մի ազգային-քաղաքական ուժի կողմից պետական ինքնուրույնության և անկախության հռչակման հարց չի դրվել, այլ ընդամենը լայն ինքնավարության՝ Ռուսաստանի կազմում։ Համանման ծրագրեր կային Արևմտահայաստանում` ի դեմս ՀՅԴ նախագծերի: Այդ հարցը Անդրկովկասի քաղաքական ուժերի համար ազգային առաջնահերթություն չի եղել՝ պայմանավորված աշխարհաքաղաքական իրադրության թելադրանքով:
Անկախության խնդիրը՝ որոշակի վերապահումներով, առաջադրվեց միայն 1918 թ․ մայիսյան իրադարձությունների ժամանակ, երբ Անդրկովկասի փլուզումը դարձավ փաստացի իրողություն։
Անդրկովկասյան ժողովուրդները հարկադրված էին ինքնահռչակվել և այն իրագործելու համար փնտրել դաշնակիցներ, որոնց սկզբնապես ունեին միայն Ադրբեջանն ու Վրաստանը՝ ի դեմս Թուրքիայի և Գերմանիայի։ Հայաստանը պարտադրված եղավ սպասել պատերազմի ավարտին և դաշնակից երկրներին, որոնք այնքան էլ չէին շտապում։
Ի վերջո, 1918 թ․ վերջում բրիտանական զորաջոկատները և գրեթե միաժամանակ ժամանած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների ռազմաքաղաքական ներկայացուցչությունները Անդրկովկասից ժամանակավորապես դուրս մղեցին Թուրքիային և Գերմանիային։ Այդ փաստը հույսեր ներշնչեց հատկապես եվրոպասեր հայերին։ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս անգլիացիների, կարծես թե արդեն ուներ հուսալի հովանավորներ և ակնկալում էր վերջիններիս դիվանագիտական-ռազմական աջակցությունը: Սակայն կարելի է ասել, որ հայկական կողմը չափից ավելի չարդարացված հույսեր կապեց հաղթող պետություններից սպասվող օգնության հետ՝ հօգուտ Հայաստանի հանգուցալուծելու սահմանների և ՀՀ ինքնիշխանության հարցերը։ Դաշնակիցները խաբուսիկ հույսեր ներշնչեցին բարեկամ համարվող հայ ժողովրդին։ Սա հանգեցրեց ձախողումների մասնավորապես արտաքին-քաղաքական հաշվարկների մեջ և ռազմավարական ընտրանքում:
Անմիջական հարևաններ Ադրբեջանի ու Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունները մնացին չափազանց վատ, իսկ պատերազմական բնույթի բախումները չվճռեցին կուտակված խնդիրները, սահմանների մասին հարցերը մնացին չլուծված։ Հույս կար, թե Փարիզի խաղաղության վեհաժողովը կլուծի դրանք, սակայն քաղաքական ակնկալիքները չարդարացան: Փաստերի ռեալ գնահատման առումով հետաքրքրական է Է. Անդերսենի և Գ. Պարխուլաձեի փորձագիտական եզրահանգումը, ըստ որի՝ Հայաստանի քաղաքական ղեկավարության միամտությունն արտահայտվեց այն ենթադրության մեջ, թե հարավկովկասյան հարևանների՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման, ծագած տարածքային բախումների հարցերը մեծ տերությունները կլուծեն իրենց օգտին՝ որպես հատուցում և շնորհակալություն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայության գործադրած ջանքերի համար, ըստ այդմ՝ հրաժարվելով անմիջական հարևանների հետ դրանք բանակցությունների միջոցով լուծելու փորձերից: Այդ պայմաններում 1918 թ. վերջին տեղի ունեցավ Վրաստանի հետ Հայաստանի ռազմական բախումը, որը զգալի վնաս հասցրեց երկուսին էլ։
Հայաստանը բոլոր կողմերից հայտնվեց շրջափակման և մեկուսացման մեջ, որին հաջորդեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև «հիբրիդային» պատերազմները վիճելի տարածքներին՝ Ղարաբաղին, Զանգեզուրին և Նախիջևանին տիրելու համար։ Այս գործընթացն ուղեկցվեց դաժանագույն էթնիկական զտումներով և ընդհատվեց միայն երկու հանրապետությունների անկմամբ և խորհրդայնացմամբ: Ըստ վերոնշյալ կովկասագետների՝ այդ պատերազմի ընթացքում բրիտանական զինված ուժերի հրամանատարությունը, որի՝ որպես «օբյեկտիվ և ազնիվ միջնորդի» վրա էր դրված արևելյան միջերկրածովյան շրջանի վրա հսկողության իրականացումը (Օսմանյան կայսրության նախկին տարածքներ, Կովկաս և հյուսիսային մերձսևծովյան շրջան), փաստացի կանգնեց նավթով հարուստ Ադրբեջանի կողքին՝ մասնավորապես Ղարաբաղյան հարցը վճռելով վերջինիս օգտին ։
Այդուհանդերձ, ինչպես ոչ առանց հիմքի նշում են մի շարք հետազոտողներ, հենց 1918 թ. աշնան տագնապալից իրադարձությունները խորհրդային ղեկավարությանը դրդեցին քայլեր ձեռնարկել և հարձակում սկսել նախկին դաշնակիցների դեմ, որոնք Ռուսաստանում ծավալել էին ակտիվ հետախուզական, տեռորիստական և դիվերսիոն-սադրիչ աշխատանքներ՝ սպիտակ բանակներին զինելով, ֆինանսավորելով և ուղղորդելով ոտքի կանգնել փորձող ռուսական նոր տիպի պետության դեմ:
Անդրկովկասի ռազմակալումը անգլիացիների կողմից նշանակալից չափով, սակայն ոչ արմատապես փոխեց Հայաստանի Հանրապետության քաղաքական կուրսը, քանզի նրանց դուր չէր գալիս հայերի ռուսամետությունը: Իրականում հայկական ղեկավարության «օրիենտացիան» մի շարք առումներով փոփոխական էր: Երբեմն առ երբեմն նկատվում էր ձգտում դեպի Ռուսաստանը, քանզի դաշնակիցները չէին կարողանում հայ ժողովրդին պատնեշել բացահայտ ազգասպանությունից, որն իրագործվում էր ողջ Անդրկովկասում։ Հայոց կառավարության մոտ շատ դեպքերում տարակուսանք էր առաջացնում անգլիացիների դիրքորոշումը՝ «էթնիկական, տնտեսական, ֆինանսական, ռազմական և այլ տեսանկյուններից»:
Նման բան տեղի ունեցավ Երրորդ հանրապետության տարիներին և մասնավորապես՝ 2018-2020-ական թթ., երբ ՀՀ կառավարությունը արտաքինքաղաքական ռազմավարության և հաշվարկների հարցում համաշխարհային այլ ուժերի դրդմամբ կտրուկ շրջադարձերի դիմեց և հայտնվելով նախկին անտանտյան-եվրոպական երկրների և ԱՄՆ ազդեցության տիրույթում, Ռուսաստանի հետ էլ անորոշության և ոչ հստակ դիրքորոշման մեջ՝ մեկուսացավ և լքվեց: Որպես հետևանք՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկիրը ներքաշեց համաշխարհայնացման անկանխատեսելի գործընթացների և
հայ-ադրբեջանական արյունոտ ռազմաքաղաքական հակամարտության մեջ, իսկ «օբյեկտիվ և ազնիվ միջնորդների» դեր ստանձնած ՄԱԿ-ը, եվրոպական երկրները և մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն՝ ՆԱՏՕ-ի ռազմական պատրաստության բովով անցած և մինչև ատամները միլիտարիզացված Ադրբեջանին, Թուրքիայի բացահայտ և ծանրակշիռ աջակցությամբ հնարավորություն տվեցին ետ գրավելու Արցախի մեծ մասը, հօգուտ Ադրբեջանի կատարելու Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանագծի լուրջ վերագծումներ՝ վերջինիս համար ապահովելով ռազմավարական էական առավելություններ:
Այս վերջին հանգամանքից ելնելով՝ կարելի է պնդել, որ որպես դաշնակիցներ շահելով Առաջին աշխարհամարտում Գերմանիայի և Թուրքիայի դեմ պատերազմը, սակայն ներքուստ շահագրգռված չլինելով Ռուսաստանի հզորացմամբ՝ քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված երկրում ամեն կերպ խրախուսեցին անջատողական տրամադրությունները։ Իբր թե բոլշևիզմի վտանգի դեմ պայքարելու ցնորական նպատակներից ելնելով՝ Անտանտի երկրները խրախուսեցին երկու և ավելի Ռուսաստանների գոյության հնարավորությունը և պայքարը նրանց միջև:
Է․ Անդերսենը և Գ. Պարխուլաձեն այստեղ ևս նկատում են․ «Հայ ժողովուրդը և առաջին հերթին հայ քաղաքական և զինվորական առաջնորդները չընդունեցին Բրեստի հաշտության պայմանները և փորձեցին խոչընդոտել թուրքական ծավալապաշտությանը՝ հույսը դնելով արևմտյան դաշնակիցների ակտիվ օգնության վրա։ Ռազմական գործողությունները շարունակվեցին, բայց քանի որ հայերը ոչ մի ռեալ օգնություն չստացան, գրեթե ողջ պատմական Հայաստանը զավթվեց թուրքերի կողմից, շարունակվեց ցեղասպանությունը, որին զոհ գնացին հարյուր հազարավոր նոր սպանվածներ և փախստականներ։ Միայն համաշխարհային պատերազմի ավարտը և Օսմանյան կայսրության (սուլթանական Թուրքիայի) 1918 թ․ հոկտեմբերի 30-ի կապիտուլյացիան կանխեցին «հայկական հարցի վերջնական լուծումը», հայերի վերջնական անհետացումը իրենց պատմական հայրենիքից։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, դեռևս 1918 թվականի մայիսին հռչակելով իր անկախությունը, Հայաստանը պատրաստվեց հաղթող տերությունների ձեռքից ընդունելու դեռևս 1914 թ․ խոստացված «փայլուն ապագան»։ Նորաթուխ հայկական պետու-թյան առաջնորդները չափից ավելի մեծ տարածքային պահանջներ ներկայացրին պարտված Թուրքիային։ Փարիզի հաշտության վեհաժողովում, որտեղ վերաձևվում էր հետպատերազմյան աշխարհի քարտեզը, հայկական պատվիրակության կողմից հնչեցվեցին պահանջներ, որոնք ներառում էին հսկայական տարածքներ, և որոնց մի մասը հազիվ թե կարելի էր համարել «բուն հայկական»։ Ընդ որում, էթնիկ զտումներից հետո այդ տարածքներում հայկական բնակչություն գրեթե չկար։
Դաշնակից պետությունները, պատերազմի օրերին հաճույքով օգտագործելով հայ ժողովրդի մարդկային և այլ ռեսուրսները, սկսեցին փոքրիկ, սահմանափակ բնական հարստություններ ունեցող Հայաստանը դիտարկել որպես «ցավալի թյուրիմացություն և դժվար լուծելի խնդիրների աղբյուր»։ Նրանք չշտապեցին ոչ միայն վերջինիս տարածքային պահանջների բավարարման, այլև նույնիսկ նրա պետա-կան անկախության ճանաչման հարցում» ։
1918 թ. մայիսի 28-ին Թիֆլիսում անկախության հռչակումից, ռուսական զորքերի հապճեպ նահանջից և Կովկասյան ճակատը լքելուց հետո ստեղծված դժվարին ու բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում՝ ի դեմս ՀՀ կառավարության դեր ստանձնած Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի, որը հայտարարեց Հայաստանի անկախության հռչակման մասին և իրեն հռչակեց «հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել հայոց ագգային կառավարություն՝ ագգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»: Սակայն հանգամանքների բերումով հայ քաղաքական առաջնորդները ավելի քան երեք ամիս ուշացումով հայտնվեցին Երևանում: Հայոց նորանկախ պետությունը գոյատևեց մոտ երկուսուկես տարի՝ կարճատև ու դժվարին ժամանակահատված, հիմնականում սեփական ժողովրդի և նախընտրած քաղաքական առաջնորդող ուժի՝ Դաշնակցության գործունեության, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների խիստ սահմանափակ օժանդակության շնորհիվ:
Պատմության ընթացքը ցույց է տվել, որ Հայաստանը գտնվելով համաշխարհային կարևորագույն խաչմերուկում՝ իբրև անկախ պետա-կան միավոր, կարողացել է թերևս գոյատևել այն ժամանակ, երբ շրջապատող տերությունները բավարար չափով ուժեղ չեն եղել, որպեսզի շահագրգռված լինեին տիրելու հայկական միջանցքին: Ակնհայտ է, որ ով կարողանում էր տիրել անառիկ միջնաբերդ հիշեց-նող և շրջակայքին իշխող Հայկական լեռնաշխարհին, նա կարողանում էր իշխել միջմայրցամաքային ճանապարհներին, անսպառ ռեսուրսներին և ժողովուրդներին, ինչպես դա տեղի ունեցավ Տիգրան Աշխարհակալի օրոք։
11-րդ դարից կորցնելով պետականությունը և 1917 թ․ աննախադեպ շրջադարձից հետո ակամայից հայտնվելով իր անկախ պետությունը հռչակել-չհռչակելու երկընտրանքի առջև՝ ինչին ավելի պատրաստ գտնվեցին բեկերից, խաներից և ազնվական խավից ձևավորված վրաց և թուրք-մահմեդական քաղաքական էլիտաները, ռոմանտիկ մտավորականներից բաղկացած և հայ քաղաքական առաջնորդությունը ստանձնած խավը հիմնականում մտածում էր, որ առանց դրսի հովանավորության պետությունը չի կարող գոյատևել՝ անկախ նրանից, թե այդ բարերար տերությունը կլիներ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, թե՞ Ֆրանսիան, իսկ Ռուսաստանը այդ պահին հաշվարկներից դուրս էր։ Դրան ավելացրած այն հանգամանքը, որ Ռուսական կայսրության փլուզման մեջ շահագրգիռ երկրները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, ամեն կերպ ձգտեց իր գնահատմամբ՝ «ռուսից ավելի ռուս» հայերին և նրանց առաջնորդներին ներգրավել սեփական իմպերիական հավակնությունների դաշտ։
Անկախ Հայաստանը անկարող եղավ ինքնուրույն գոյատևել քեմալականների և բոլշևիկների դեմքով վերակենդանացած Թուրքիայի և Ռուսաստանի մրցակից նպատակադրությունների պայմաններում:
Տարածաշրջանային ուժերի յուրահատուկ փոխհարաբերությունների պայմաններում ցեղասպանությունից մազապուրծ արևմտահայերի, ինչպես և արևելահայության ցանկություններն ու գործողությունները մեծապես անպտուղ եղան, իսկ բարերարների որոնումը՝ անարդյունավետ և անհուսալի: Այդ առումով դիտարժան եզրահան-գում է արել թուրք պատմաբան Բ․ Գյոքայը․ «․․․․հետևաբար, դա թուրքական ազգային շարժման ոչ պատահական մերձեցումն էր ռուս բոլշևիկների հետ, որն առաջին անգամ նյութականացավ այդ տարածաշրջանում թուրք-բոլշևիկյան համագործակցության ձևով՝ Խորհրդային կողմից Կովկասի նկատմամբ հսկողության հաստատմամբ․․․․
Դա ավելին էր, քան եղել է երբևիցե դրանից առաջ։ Համագործակցությունը նման էր գործնական ընկերակցության, իսկ այնուհետև այն հանգեց սկզբունքների ընդհանրության։
Թուրքերը չէին ձգտում գնալ առաջ՝ դեպի պատմականորեն ռուսների կողմից զավթված Հայաստանի մասը, և ռուսներն ավելի առաջ չէին շարժվում դեպի թուրքական Հայաստանը»։
Հայ ժողովուրդը և նրա առաջնորդները անկարող եղան ապահովելու սեփական անվտանգությունը և ենթարկվեցին մրցակից տերությունների քաղաքական հաշվարկներին: Հայաստանի ճակատագիրը, ինչպես և այսօր՝ 2020-ական թվականներին, մեծապես կախվածության մեջ հայտնվեց գերտերություններից: Հայկական պետության ճակատագրի համար կարևոր գործոններ դարձան արտաքին-քաղաքական առաջնահերթությունների ընտրությունը և գաղափարախոսական նախապատվությունների համադրումը, ինչպես նաև աշխարհաքաղաքական միջավայրը և նրա վերաբերյալ առաջնորդների պատկերացումներն ու հայեցակարգային մո-տեցումները։ Նրանց աշխարհաքաղաքական նպատակադրումները անհամապատասխան էին մարդկային-նյութական ռեսուրսների ու միջոցների հետ․ ակնհայտորեն չափազանց ծավալուն պահանջա-տիրությունը իշխում էր սակավազոր հնարավորությունների վրա: Հայ քաղաքական էլիտան իր նպատակադրումները և արտաքին-քաղաքական ընտրանքը նույնականացնում էր արևմտյան դաշնակիցների աշխարհաքաղաքական ձգտումների հետ, ինչը և՛ քեմալական Թուրքիայի, և՛ բոլշևիկյան Ռուսաստանի համար մեկնաբանվում էր, թե նրանք արևմտյան իմպերիալիստների կամակատարներն են: Հայաստանի Հանրապետությունը կառավարող ՀՅ Դաշնակցությունը Մոսկվայի և Անկարայի կողմից դիտվեց իբրև, այսպես կոչված, միջազգային սոցիալիստական հեղափոխության, թուրքական ազգայնականության և բոլշևիկների ու քեմալականների հակագաղութային նպատակների թշնամի: Այստեղից հարկ է եզրակացնել, որ, ի վերջո, անկախ Հայաստանի նպատակադրման ձախողումը ո՛չ ընդդիմադիր հայ քաղաքական ուժի, ո՛չ էլ հայ քաղա-քական առաջնորդների անձեռնհասության կամ ագրեսիվության պատճառով էր, այլ աշխարհաքաղաքական զարգացումները ծրագրող և դրանց ընթացք տվող ուժերի՝ ի դեմս մի բևեռում գտնվող արևմտյան երկրների և մյուս բևեռում՝ Թուրքիայի և Ռուսաստանի:
1920 թ․ սկզբներին ակնհայտ դարձավ՝ խորհրդային ուժերը հաղթել էին Անտանտի կողմից բացահայտորեն ֆինանսավորված և ռազմական աջակցություն ստացող սպիտակ ուժերի դեմ առճակատման մեջ։ 1920 թ. բոլշևիկյան ուժերը սրըթաց առաջացան դեպի Կովկաս՝ այն վերանվաճելու հստակ նպատակով։ Այս պայմաններում ՀՀ դաշնակցական առաջնորդներն առերեսվեցին մի նոր և լուրջ վտանգի հետ: Ակնհայտ էր, որ Խորհրդային Ռուսաստանն անվերապահորեն չէր աջակցի արևմտյան տերություններին ապավինող և բոլշևիկների դեմ անսքող թշնամություն դրսևորող քաղաքական ուժի կողմից կառավարվող հանրապետությանը։ Ակնհայտ դարձավ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սխալվել է իր հաշվարկներում՝ ավելացրած այն, որ չփորձեց ավելի ճկուն գտնվել թուրք ազգայնականների հանդեպ։ Թեև, վերջին հաշվով, Հայաստանի անկման գերակա գործոնը խոշոր տերությունների արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական հավակնոտ ու եսասիրական օրակարգն էր: Հովհաննիսյանը գտնում է, որ հակառակ իրենց հաստատուն արևմտյան արևելումին՝ Դաշնակցությունը և հայկական կառավարությունը մնացին առանձին և լքված Արևմուտքի կողմից, որն Արևմտյան Հայաստանը գծել էր թղթի վրա։ Երկիրը ուժասպառ եղավ, օժանդակություն չստացավ, իրադարձությունների ձգձգումը նպաստեց ոչ միայն բոլշևիկյան Ռուսաստանի և Թուրքիայի գործակցությանը, այլև առիթ տվեց թուրքերին նոր պատերազմ սկսելու և Հայաստանին ճնշող պայմաններ պարտադրելու։ Այդ ժամանակ քաղաքական որոշ գործիչների մոտ արդեն կար աստիճանաբար որոշակիացող համոզմունք բոլշևիզմի հնարավոր հաստատունության և համաշխարհային նոր ռեալ ուժ դառնալու վերաբերյալ: Դա նրբորեն նկատել է Ալ. Խատիսյանը ՀՀ պառլամենտի 1920 թ. ապրիլի 30-ի նիստում (No 86) ունեցած ելույթում. «Այնուամենայնիվ, չպետք է անտեսել, որ բոլշևիկներն են Ռուսաստանի իրական ուժը, այդ փաստը մատնանշվում է մասնավորապես Եվրոպայում, ուր նկատվում է դեպի Ռուսաստան ունեցած քաղաքականության բեկում. ֆրանսիական պառլամենտը հանձնարարել է կառավարությանը` բանակցություններ վարել Ռուսաստանի հետ: Նույն տեսակետին է Իտալիան, Ամերիկայի դիրքը հայտնի է ձեզ․ այն, ինչ հնարավոր չէր հունվարին, այն հնարավոր է դառնում, և մեծ տերությունները մտածում են կամ գուցե սկսել են բանակցություններ վարել Ռուսաստանի հետ թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական հարցերի վերաբերյալ»։
ՀՀ կառավարող քաղաքական ուժը պահը կորցրեց և չըմբռնեց, որ քաղաքական իրադրությունը անդրկովկասյան տարածաշրջանի ու Հայաստանի շուրջ 1919 թ․ վերջին 1920 թ․ սկզբներին կտրուկ փոխվել է՝ շրջադարձային զարգացումների սկիզբ դնելով: Թուրքական ազ-գայնական շարժումը այդ պատմափուլում կտրուկ վերելք էր ապրում․ Թուրքիան վերակենդանանում էր քեմալականների իշխանության ներքո, իսկ կոմունիստները հաղթանակած էին դուրս գալիս ռուսական քաղաքացիական պատերազմում, որը էապես հրահրվեց դրսից, ինչպես այսօր՝ նպատակ հետապնդելով վերջնականապես հյուծել Ռուսաստանին, ջախջախել նրան ու դառնալ աշխարհի միահեծան տերերը՝ օգտագործելով կեղծ կարգախոսեր: Ադրբեջանում առաջ խաղացող թուրքերի ու Կարմիր բանակի աքցանում հայտնված` Հայաստանը հայտնվեց երկփեղկված վիճակում։ Օրակարգում դեռևս ամուր նստած էր Արևմուտքի միջոցով ելք գտնելու ձգտումը, որն էլ արդեն շատ ծանր վիճակում հայտնված Հայաստանի կառավարությանը խորհուրդ տվեց գնալու անհապաղ համաձայնության թուրքերի հետ՝ նախապատվությունը տալով վերջիններիս։
Այս հեղհեղուկ վիճակում էլ Հայաստանի ճակատագիրը օրակարգային դարձավ Բաքվում 1920 թ. սեպտեմբերի սկզբին հրավիրված հայտնի Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում։ Այնտեղ քննարկվեց Հայկական հարցը, և դրա հետևանքը եղավ Հայաստանի հանդեպ խորհրդային քաղաքականության խորապես ծրագրված հաշվարկը՝ հաջորդող մի քանի տարիների համար: Հայաստանի ճակատագիրը ստորադասվեց մուսուլմանական աշխարհում հեղափոխության կեղծ օրակարգին, ինչպես նաև թուրք և պարսիկ ազգայնականների շրջանում դաշնակիցներ ձեռք բերելու ռազմավարությանը։ Ակնհայտ էր, որ Հայաստանը խորհրդային պետության համար արժեք չէր ներկայացնում, Հայաստանի անկախությունը և հայ ժողովրդի ֆիզիկական գոյության հարցը ստորադասվեցին Ռուսաստանի հեղափոխական նպատակներին:
Ինչպես շատ դիպուկ նկատել է ամերիկահայ պատմաբան Ռ․ Սյունին, 1920 թ. փետրվարից դեկտեմբեր բախտորոշ ամիսներին պարզ դարձան հայկական պետության հանդեպ արևմտյան հավատարմության սահմանները, և քեմալական թուրքերի ու Խորհրդային Ռուսաստանի մահաբեր դաշինքն9 իր շրջապտույտի մեջ առավ հայկական հանրապետությանը: Փետրվարին՝ Լոնդոնի համաժողովից սկսած, Հայաստանը հետզհետե կորցրեց դաշնակիցների արդյունավետ և ցանկալի աջակցությունը, իսկ ապրիլին Սան Ռեմոյում Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան հստակեցրին, որ չնայած հայ ժողովրդի կորուստների ու հավատարմության հանդեպ իրենց կարեկցությանը՝ իրենք հայկական հանրապետության գոյությունը երաշխավորելու նպատակով ուժ չեն կիրառի: Սին հույսեր կային, թե Միացյալ Նահանգները կվերցնի այդ բեռն իր վրա, սակայն վերջինս էլ արդեն հստակորեն հրաժարվել էր Հայաստանի նկատմամբ խնամակալության բեռից։
Այդ ընթացքում ադրբեջանցիներն օգտվելով տերությունների բացահայտ թողտվությունից՝ տիրեցին Ղարաբաղին այն պահին, երբ Ադրբեջանը Մ․ Քեմալի խորհրդով անարյուն խորհրդայնացվեց և Կարմիր բանակը մտավ Բաքու, ինչն արմատապես փոխեց ուժերի հավասարակշռությունն Անդրկովկասում: Խորհրդային ուժերի Կովկասում գտնվելը Հայաստանի և Վրաստանի տեղական բոլշևիկներին խրախուսեց ապստամբություններ սկսելու, սակայն իշխող մենշևիկներն ու դաշնակցականները դաժանորեն ճնշեցին այդ շարժումները։ Մայիսյան խռովությունը Հայաստանում հանգեցրեց անհամեմատ ավելի չափավորական կառավարության փոխարինմանը Դաշնակցության բյուրո-կառավարության կուսակցական դիկտատուրայով:
Հայաստանի դաշնակցական առաջնորդները «հարկադրված էին» անզոր և անվստահելի բանակի միջոցով լուծել ուժից վեր խնդիրներ, ինչպես նաև զսպել հանրապետության սահմանների ներսում՝ Զանգիբասար-Վեդիբասարում, Բասարգեչարի, Կարսի և այլ շրջան-ներում գտնվող մուսուլմանների ստվար զանգվածի հակահայկական գործողությունները, որոնք հովանավորվում և ռազմական-նյութական զգալի աջակցություն էին ստանում Թուրքիայից: Ավելին, մահմեդական շրջանների հնազանդեցման ընթացքում հայկական զորքը տկարացավ և ուժասպառվեց։ Բանակաստեղծ քաղաքականության ոլորտում կառավարությունը ոչ միշտ ճիշտ լուծումներ գտավ, երբեմն էլ ուղղակի նրան պակասեց շրջահայացությունը և կոնկրետ իրավիճակների օբյեկտիվ վերլուծությունը, հետևաբար դրական զարգացումների հետ մեկտեղ մի շարք երևույթների տրվեցին անսթափ և հապշտապ լուծումներ, ինչը որոշակիորեն վնասեց հանրապետության անվտանգության համակարգի ձևավորմանը:
Որոշակի բացասական դեր խաղաց նաև այն հանգամանքը, որ դեռ 1919 թ. գարնանը Ռուսաստանի հարավի ռազմաքաղաքական շրջաններում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե ՀՀ կառավարությունը փոխել է իր վերաբերմունքը Հայաստանում գտնվող ռուսների և մասնավորապես՝ պետական պաշտոնյաների և սպաների նկատմամբ, ինչն այդ պահին խիստ անցանկալի էր և կարող էր վատթարացնել Ռուսաստանի հարավ ՀՀ ռազմաքաղաքական հարաբերությունները, խնդիրներ ստեղծել ամենուր սփռված հայ գաղթականության համար և այլ հույժ կարևոր հարցերում։ Վրաստանում ՀՀ դիվանագիտական հավատարմատար Լ. Եվանգուլյանը 1919 թ. մայիսի 30-ին ահազանգում է կառավարությանը և մասնավորապես ՀՀ ԱԳՆ-ին. «Հայաստանի կառավարության վերաբերմունքը դեպի ռուսներն ընդհանրապես և մասնավորապես՝ դեպի ռուս պաշտոնյաները և սպաները, որոնք Հայաստանում պետական ծառայության մեջ են, զգալի չափով փոխվել է…
Ռուս գյուղացիներին հաճությամբ չեն վերադարձնում իրենց տեղերը, ռուս սպաներին համարյա թե քշում են զորքից հաջող ազգայնացման դրոշի տակ, բոլոր քաղաքացիական հաստատություններում գտնվող ռուս պաշտոնյաներին փոխարինում են հայերով, նույնիսկ Երևանում կազմվել է մի ընկերություն, որի նպատակն է ազգայնացման ճանապարհով երկրում արմատախիլ անել ռուսական ոգին»10: Եվանգուլյանը զգուշացնում էր, որ ռուսների վերաբերյալ այդ լուրերը չափազանցված հասնում են Դենիկինի գլխավորած կամավորական բանակին։ Զգաստության կոչելով՝ Եվանգուլյանը խորհուրդ էր տալիս չանտեսել այն կարևոր հանգամանքը, որ Կուբանի և Թերեքի երկրամասերում գտնվում են թուրքական սպանդից մազապուրծ հազարավոր հայ գաղթականներ, որ չի կարելի այս ամենը և կամավորական բանակի դեպի հայերն ունեցած սրտագին վերաբերմունքը նկատի ունենալով՝ հարաբերությունները վերջինիս հետ վատթարացնել, որով այդ գաղթականների վիճակը կմոտենա վերջնական բնաջնջման։ Նա անհրաժեշտ էր գտնում պահպանել բարեկամական հարաբերությունները թե՛ Հայաստանում բնակվող ռուսների հետ և թե՛ նրանց միջոցով այն «Ռուսիա»-ների հետ, որոնք ներկայումս գոյություն ունեն:
Միևնույն ժամանակ կառավարությունը ռազմական գործողություններ իրականացրեց մուսուլմանական գյուղերի դեմ` քրդերին ու թուրքերին նախկին ռուս-թուրքական սահմանից դուրս հանելով:
Հրաժարվելով ճանաչել հայկական պահանջները` քեմալականները վիճարկեցին սահմանային այն շրջանը, որը 1878 թ․ օսմանյան թուրքերը զիջել էին ցարական Ռուսաստանին: Է՛լ ավելի չարաղետ էր Հայաստանի համար այն, որ երբ հայկական բանակը փորձեց շարժվել դեպի մուսուլմանաբնակ Նախիջևան, ճանապարհն արգելափակվեց խորհրդային ու թուրքական զորքերով` միավորված կեղծ կարմիր դաշինքով: Հուլիսին Բաթումում բրիտանական կայազորը` դաշնակիցների վերջին զորքն Անդրկովկասում, նահանջեց` հայերին մենակ թողնելով ավելի հզոր թշնամիների դեմ։
Հայկական դիվանագիտական ջանքերը զարգացան երկու առանձին ուղղություններով. մեկն՝ Արևմուտքում, որը և հանգեցրեց Սևրի պայմանագրին, որով թղթի վրա ստեղծվեց ընդարձակ հայկական պետությունը` Վուդրո Վիլսոնի գծած սահմաններով, մյուսը` Մոսկվայում և Երևանում Խորհրդային Ռուսաստանի ներ-կայացուցիչների հետ` թուրք ազգայնականներից պաշտպանություն ձեռք բերելու նույնքան ապարդյուն ջանքերով:
Ե՛վ հանրապետությունում, և՛ արտերկրում գտնվող հայերը 1920 թ. համախմբվեցին անկախ պետությանն աջակցելու նպատակի շուրջ: Նրանք ունեին այն հույսը, որ ինչ-որ պահի, անկանխատեսելի ապագայում, փոքրիկ կովկասյան միավորը կդառնա ավելի ընդարձակ, միավորված հայկական պետության կորիզը, որը կներառի պատմական Հայաստանի հողերը, այն հողերը, որոնց վրա երիտթուրքերը 1915-1916 թթ. բնաջնջել էին հայերին: 1920 թ. մայիսի վերջին նախագահ Վ․ Վիլսոնը դիմեց Կոնգրեսին Հայաստանի նկատմամբ հայկական իրավասության հաստատման թույլտվություն ստանալու համար, սակայն սենատոր Հենրի Քեբոթլոջի առաջնորդած «անհաշտները» Սենատում դեմ քվեարկեցին նրա դիմումին: Դաշնակիցների ընկրկման պայմաններում Հայաստանի անկախ ապագան ավելի ու ավելի էր պայմանավորվում Խորհրդային Ռուսաստանի հետ վստահելի հարաբերության մշակումով։ Բայց այստեղ ևս ամեն ինչ հստակ չէր․ խորհրդային առաջնորդները բաժանված էին երկու մասի` չափավորների, ինչպես, օրինակ` արտաքին գործերի կոմիսար Գեորգի Չիչերինը, որոնք պատրաստ էին Հայաստանի ու Վրաստանի հետ հաստատել խաղաղ միջպետական հարաբերություններ, և ռազմատենչների, օրինակ` Սերգո Օրջոնիկիձեն, որոնք ձգտում էին հարավկովկասյան մնացյալ հանրապետությունների հեղափոխական կամ ռազմական ուղով գրավմանը:
Անկախ պետության ստեղծմանն ի նպաստ` Չիչերինը փորձում էր համոզել հայերին ետ կանգնելու Արևմտահայաստանի նկատմամբ պահանջներից: Բայց հայերը մերժեցին: Նախիջևանի, Զանգեզուրի և Ղարաբաղի հարցով լուրջ տարաձայնությունները ևս պառակտում էին Հայաստանի ու Խորհրդային Ռուսաստանի հարաբերությունները: Նույնիսկ երբ երկու պետությունների միջև բանակցությունները շարունակվում էին, Կարմիր բանակի զորամիավորումները շարժվեցին վիճահարույց տարածքներ, և խորհրդային ու հայկական զորքերը բախվեցին Զանգեզուրում: Խորհրդային պատվիրակ Բորիս Լեգրանը բանակցեց ընդհարման շուտափույթ դադարի համար և օգոստոսի 10-ի համաձայնությամբ ճանաչեց «Հայաստանի Հանրապետության անկախությունն ու լիարժեք ինքնորոշումը»: Այդ նույն օրը Եվրոպայի մյուս ծայրում հայկական պատվիրակությունը ստորագրեց Սևրի դաշնագիրը` հանրապետության ճակատագիրը կապելով արևմտյան խոստումներին: Տասն օր անց՝ օգոստոսի 24-ին, Խորհրդային Ռուսաստանը ստորագրեց Մ․ Քեմալի առաջնորդած թուրք ազգայնականների հետ բարեկամության դաշնագիրը, և Հայաստանն ընկավ խորհրդային մուրճի ու քեմալական զնդանի արանքը:
Հանրապետության գոյության վերջին արարը սկսվեց սեպտեմբերի սկզբին, երբ թուրքական զորքերը նախահարձակ եղան նախկին ռուս-թուրքական սահմանի երկայնքով: Իրադարձություններն արագ զարգացան: Թեպետ Մոսկվան համակրում էր քեմալականների հակակայսերական օրակարգը, կողմերից յուրաքանչյուրը կասկածանքով էր վերաբերում Անդրկովկասի առնչությամբ մյուսի մտադրություններին: Լեգրանը Երևանում մեծահոգի պայմանագրի մի նախագիծ էր ստորագրել` խորհրդային ճանաչում շնորհելով Հայաստանի տարածքային պահանջների մի մասին, սակայն, միևնույն ժամանակ Մոսկվայում և Բաքվում խորհրդային քաղաքականությունը կողմնորոշվել էր դեպի ռազմատենչների դիրքորոշումը` նախապատվություն տալով հանրապետության խորհրդայնացմանը, որն ընթացավ 1920 թ․ կեսերին՝ անդրկովկասյան տարածաշրջանի շուրջ քաղաքական իրադրության շրջադարձային փոփոխությունների համատեքստում։ Երբ քաղաքացիական պատերազմը Ռուսաստանում գրեթե ավարտվեց, Ռուսաստանի ներքին գործերին միջամտած, քաղաքացիական կռիվներին օժանդակած և ինտերվենցիան ուղղորդող եվրոպական երկրները պարզապես լքեցին հովանավորյալներին, այդ թվում՝ ազգային հանրապետություններին, որոնք իրենց ակնկալիքները շաղկապել էին Եվրոպայի հաղթող երկրների հետ։ Բարդ իրավիճակում Անտանտի երկրները «սթափվեցին», վերաձևումներ կատարեցին իրենց ռազմավարական հաշվարկներում՝ նկատելով, թե ինչպես քաղաքացիական կռիվներում հաղթանակած բոլշևիկյան նոր Ռուսաստանը և պատերազմում պարտված քեմալականների Թուրքիան փոխշահավետ համաձայնության են գալիս։ Ստեղծված ցայտնոտային իրավիճակում դաշնակիցներից լքված Հայաստանին այլ ելք չմնաց, քան ուշացած այլընտրանք չունեցող քաղաքական համաձայնության գնալ Խորհրդային Ռուսաստանի հետ՝ հայ ժողովրդի համար ձեռք բերելով գոյատևման հնարավորություն։ Իսկ ՀՀ նախկին դաշնակիցները ևս, տագնապելով աշխարհաքաղաքական ուժերի այս նոր համախմբումից, ուղիներ որոնեցին՝ եզրեր գտնելու թե՛ Խորհրդային Ռուսաստանի, թե՛ քեմալական Թուրքիայի հետ՝ զուգընթաց ձգտելով վերականգնել կորսված դիրքերը մուսուլմանական երկրների հետ, որի ուղղությամբ նոր ռազմավարության հիմքը դրվեց Ռուսաստանի կողմից Արևելքի ժողովուրդների 1-ին համագումարում։
Դրանով իսկ Հայաստանի շահերը և գոյության խնդիրը ստորա-դասվեցին մուսուլմանական աշխարհում դիրքերի ձեռքբերմանը՝ այն ուղղելով բրիտանական կայսերապաշտական ռազմավարության ծավալման դեմ։ ՀՀ դաշնակիցներն էլ արդեն 1920-1923 թթ․ վերջնականապես հրաժարվեցին թե՛ Սևրի պայմանագրից, թե՛ հայկական հանրապետության գոյության երաշխավորի դերից՝ բացառելով ռազմուժի կիրառումը հայկական հարցի լուծման համար։
Թուրքիայում թե՛ քեմալականների, թե՛ նախկինների կողմից Սևրի մերժումին զուգընթաց ակնհայտ էր նաև Հայաստանին օգնելու նախկին խոստումներից հաղթող երկրների հրաժարումը, ինչն էլ կրկնվեց 1920 թ․ վերջին և հանգեցրեց հայկական կապիտուլյացիային։
Հետևանքը եղավ հոկտեմբերի 24-ին հայկական զորքերի ձեռնարկած հարձակման ձախողումը, հակառակորդի ակտիվ հակահարձակումը, և արդեն հոկտեմբերի 29-ին թուրքերը հայտնվեցին Սարիղամիշում, հոկտեմբերի 30-ին՝ Կարսում, որը չպաշտպանվեց։ Քեմալականների հարձակումը շարունակվեց և հենց հոկտեմբերի 30-ին Երևանը օգնության խնդրանքով դիմեց Անտանտի իր դաշնակիցներին, նոյեմբերի 5-ին՝ ԱՄՆ-ին, իսկ նոյեմբերի 6-ին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը: Մեծ տերություններից և ոչ մեկը կոնֆլիկտին միջամտելու ցանկություն չդրսևորեց, Հայաստանին թողեցին ճակատագրի քմահաճույքին, ինչպես դա եղավ հարյուր տարի անց՝ 2020 թ. չարաբաստիկ աշնանը:
Օգտվելով ամենաթողությունից՝ թուրքերը շարունակեցին հարձակումը, որն ուղեկցվում էր դաժանագույն կոտորածով և էթնիկական զտումներով։ Սիմոն Վրացյանի գլխավորած կառավարությունը հարկադրված էր ընդունել ստեղծված վիճակի անելանելիությունը, որի հետևանքը եղավ Ալեքսանդրապոլի կապիտուլացիոն հաշտությունը։ Ստորագրվեց Անկարայի կառա-վարության առաջին միջազգային պայմանագիրը: «Նա, հիշում է Ք. Աթաթյուրքը, մեզ, այսինքն՝ ազգային կառավարությանը հանձնեց այն տարածքները, որոնք «օսմանյան» կառավարությունը կորցրել էր 1876-1877 թթ.»:
Ինչքան էլ Քեմալական Թուրքիան և Խորհրդային Ռուսաստանը դաշնակիցներ էին, այդուհանդերձ թե՛ մեկին և թե՛ մյուսին ձեռնտու չէր մյուսի ծավալվելը ռազմավարական շահեր ներկայացնող տարածաշրջանում, ինչպես և այսօր: Անտանտը հատկապես խորհրդային կողմի ծավալումը դիտարկեց որպես փորձ Հայաստանը դարձնելու «իր միջնաբերդը», սակայն նա բավարարվեց ընդամենը դեկլարատիվ հայտարարագրերով։
Վհատված հայկական բանակը հոկտեմբերի 30-ին Կարսը գեներալ Քյազիմ Կարաբեքիրի զորքերին հանձնելով՝ դրանով վճռեց Հայաստանի Հանրապետության ճակատագիրը: Թուրքական բանակը գրավեց Ալեքսանդրապոլը (Գյումրին) և շարժվեց առաջ դեպի Ղարաքիլիսա` հայկական կառավարությանը ստիպելով կնքել զինադադարի նվաստացուցիչ պայմանագիր: Թուրքական հաջողություններից անհանգստացած` Խորհրդային Ռուսաստանն առաջարկեց միջնորդել հակամարտության լուծմանը, որի հետ Երևանն ու Անգորան համաձայնեցին: Բանակցությունների մի մասը անմիջականորեն թուրքերի հետ անցավ Ալեքսանդրապոլում, իսկ մյուս մասը խորհրդային պատվիրակների հետ` Երևանում: Այդ ընթացքում առավել ռազմատենչ կոմունիստները որոշեցին գործն իրենց ձեռքը վերցնել և նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակեցին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն: Կարմիր բանակը Հայաստան մտավ Ադրբեջանից` կանխելով իշխանությունը խաղաղ փոխանցելու Լեգրանի ջանքերը: Խորհրդային Ադրբեջանի առաջնորդ Նարիման Նարիմանովը «մեծահոգաբար և միակողմանի կարգավորեց» Հայաստանի հետ տարածքային վեճերը` Նախիջևանը, Զանգեզուրն ու Ղարաբաղն «ընծայելով» նորահռչակ Խորհրդային Հայաստանին, ինչն ընդամենը քաղաքական հնարք էր։ Հետագայում այդ «ընծայի» վերաբերյալ որոշումն արագ փոխվեց։ Ի հակադրություն սրան՝ թուրքերը հայկական տարածքի անդամահատման հարցում չափազանց արմատական գտնվեցին: Այդ իրավիճակում ՀՀ դաշնակցական կառավարությունը որոշեց իշխանությունը փոխանցել խորհրդային ուժերին, բայց Թուրքիայի հետագա հետապնդումների դեմն առնելու համար միևնույն ժամանակ ստորագրեց թուրքերի կողմից առաջադրված կոշտ պայմանների տակ: Գեներալ Դրոն (Դրաստամատ Կանայան)` Հայաստանի դաշնակցական կառավարության լիազոր ներկայացուցիչը, և Սիլինը` Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչը, 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը հռչակեցին «անկախ սոցիալիստական հանրապետություն»: Մի քան ժամ անց նախկին կառավարության պատվիրակությունը կնքեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որը թեպետև փաստացի անօրինական էր, այդուհանդերձ հաստատեց այն սահմանը, որը ձգվեց նորաստեղծ Խորհրդային Հայաստանի Հանրապետության և ազգայնական Թուրքիայի միջև:
Խորհրդայնացման պահին երկիրը գտնվում էր իր արդի պատմության անկման ծայրագույն կետում: Հայերը ոչ միայն արտաքսվել էին Հայկական բարձրավանդակի թուրքական ենթակայության տակ գտնվող մասից՝ 1915 թ. ցեղասպանական կոտորածներով ու տեղահանմամբ, այլև Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից ի վեր պատերազմի, գաղթի ու համաճարակների հետևանքով կտրուկ անկում էր ապրել Ռուսա-հայաստանի բնակչությունը: Մինչև 1920 թ. Արևելյան Հայաստանում ապրում էր ընդամենը 720.000 մարդ, ինչը նշանակում էր 30 տոկոս անկում, այն դեպքում, երբ 1919 թ. ՀՀ համեմատական կայունացման շրջանում բնակչության թիվը 961,7 հազար մարդ էր։ Ավելին, այս բնակչության գրեթե կեսը փախստականներն էին: Բազմաթիվ հասարակական և քաղաքական հաստատություններ, որոնք հայերը դարեր շարունակ կառուցել էին Կովկասում և Թուրքիայում, ոչնչացվել էին: Հայկական միջին խավը` ժամանակին արտոնյալ վերնախավը Թիֆլիսում և Բաքվում, այժմ վստահություն չէր վայելում Վրաստանի և Ադրբեջանի նոր խորհրդային կառավարությունների մոտ: Նրանց ոչ նախանձելի ընտրությունն էր կա՛մ հարմարվել օտար սոցիալիստական կարգին, կա՛մ գաղթել Արևմուտք: Պատերազմի, ցեղասպանության, հեղափոխության և քաղաքացիական պատերազմի յոթ տարիներին (1914-1921 թթ․) հայ հասարակությունը բազմաթիվ առումներով «ապաարդիականացվել էր», հետ էր դարձել դեպի իր նախակապիտալիստական երկրագործական տնտեսություն ու ավելի ավանդական գյուղացիական հասարակություն: Եվ այսպես՝ Առաջին Հանրապետությունը հավակնելով ստեղծել ընդարձակ Հայաստան` խիստ սահմանափակ միջոցների և հզոր հակառակորդների պայմաններում հայտնվեց աշխարհաքաղաքական անձուկ փակուղում և կործանվեց, այլընտրանքը պարտադրաբար եղավ Խորհրդային Հայաստանը:
Հարավկովկասյան պետությունների դիվանագիտության լուրջ պարտությունն էր նաև 1920 թ. ապրիլի 19-ից ապրիլի 26-ը Սան Ռեմոյի կոնֆերանսի ձախողումը, որի ընթացքում Վրաստանի և Հայաստանի պատվիրակությունները տարածքային վեճերի լուծման հարցում չկարողացան միմյանց հետ համաձայնության գալ, ինչն էլ առիթ տվեց մեծ տերությունների կառավարություններին հրաժարվելու իրենց բոլոր մշուշոտ խոստումներից՝ աջակցելու անդրկովկասյան հանրապետություններին՝ Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին, ընդդեմ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի առաջխաղացման: Այդ պահից դեռևս անկախ հարավկովկասյան հանրապետությունները (Ադրբեջանն արդեն խաղից դուրս էր մնացել, այդ պահին դեռևս անկախ էին Հայաստանն ու Վրաստանը) արևմտաեվրոպական տերությունների կողմից թողնվեցին ճակատագրի քմահաճույքին:
Հենց արևմտյան տերություններն էլ դրդեցին քեմալական ուժերին և արդեն 1919-1920 թթ. սահմանագծում աստիճանաբար ուշքի եկող Ռուսաստանին գնալու ռազմաքաղաքական մերձեցման և միմյանց աջակցության, որի հարցում Թուրքիան անմասն չմնաց։ Այս հանգամանքը պատմագիտության կողմից անբավարար է հետազոտված, թեև կան այդպիսի փաստեր։ Այսպես՝ 1920 թ. սեպտեմբերի 17-ին Նովոռոսիյսկ է ժամանում թուրքական «Այդին-Ռեյս» հրետանավը, իսկ հոկտեմբերի 17-ին՝ «Փրեվեզ» համանման հրետանավակը: Մուստաֆա Քեմալի կառավարությունը խորհրդային հրամանատարությանը տրամադրում է այդ նավերը գեներալ Վրանգելի դեմ պայքարելու համար:
Որպես հետևանք՝ ամբողջական ռազմական ջախջախման և քեմալական Թուրքիայի կողմից հայկական տարածքի սրընթաց զավթման պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարությունը թույլ տվեց Վրաստանի զորքերին ժամանակավորապես՝ 3 ամսով, զբաղեցնել Լոռվա չեզոք գոտին՝ իբր թե այն թուրքերի կողմից գրավել թույլ չտալու համար: Սակայն նոյեմբերի 16-ին վրացական զորքերը ոչ մի-այն գրավում են չեզոք գոտին, այլև տեղաշարժվում ավելի առաջ՝ դուրս գալով նախկին Թիֆլիսի նահանգի հին սահմանագիծ, որը Վրաստանում համարվում էր անվիճարկելի և արդար սահման հարավկովկասյան երկու հանրապետությունների միջև։ Դա հաստատվեց նաև Մոսկվայի պայմանագրով, և Վրաստանի կողմից հսկողության տակ առնվեց Բորչալուի գավառի նախկինում վիճարկելի ողջ հատվածը, որտեղ վրացական կողմը կարճ ժամկետում անցկացրեց պլեբիսցիտ՝ հանրաքվե, որի հիման վրա ողջ Բորչալուի գավառի Լոռու հատվածը, այսինքն՝ և՛ չեզոք գոտին, և՛ 1919 թ. հունվարի 17-ի պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը հանձնված հողաշերտը անեքսիայի ենթարկվեցին Վրաստանի կողմից, և շուրջ մեկ տարվա ընթացքում նրա սահմանագծումը փոփոխության չենթարկվեց, իսկ հետագա զարգացումները մշտապես իրենց տիրույթում պահեցին սահմանազատման խնդիրները:
Հայ ժողովրդի դաշնակից երկրները առաջին աշխարհամարտի ժամանակ մեծ հաճությամբ և արդյունավետությամբ օգտագործելով հայ ժողովրդի մարդկային և այլ ռեսուրսները՝ ի դեմս հայկական լեգիոնի, որի շարքերում հայերը տվեցին հազարավոր զոհեր, սկսեցին ոչ մեծ բնական ռեսուրսներ ունեցող Հայաստանը դիտարկել որպես «ցավալի թյուրիմացություն» և դժվար վճռելի հարցերի աղբյուր: Ըստ այդմ՝ նրանք ոչ միայն շտապողականություն չցուցաբերեցին վերջինիս տարածքային պահանջների բավարարման, այլև նույնիսկ նրա պետական անկախության ճանաչման խնդրում:
1920 թ. օգոստոսին՝ ՀՀ անկումից քիչ առաջ, հաղթող դաշնակից տերությունները Թուրքիայի հետ Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրելիս կարծես թե հաշվի առան Հայաստանի շահերը, ըստ որի՝ հայերին պետք է հատկացվեր նախկին Օսմանյան կայսրության տա-րածքի մի զգալի մասը, սակայն այդ պայմանները մնացին թղթի վրա: Ինչպես կարծում են մի շարք կովկասագետներ, դաշնակիցները ոչ մի ռեալ ցանկություն չդրսևորեցին օգնելու Հայաստանին՝ այդ տարածքների միացման հարցը լուծելու ռազմուժի միջոցով։ Այդ հարցը ինքնուրույն լուծելու ՀՀ կառավարության փորձերը բախվեցին թուրքական նոր պատերազմի հետ, որի հարցում ուրույն դերակատարում ունեին «բոլշևիկյան Ռուսաստանի ու Ադրբեջանի «կարմիրները»։ Հայությունը կրեց ջախջախիչ պարտություն, և հայկական Առաջին հանրապետությունը կործանվեց՝ կուլ գնալով իրար հետ մերձեցած Թուրքիային և Խորհրդային Ռուսաստանին, որոնք իրար մեջ բաժանեցին Հայաստանի Հանրապետությունը:
Ինչպես վերևում նշեցինք, որքան էլ որ քեմալական Թուրքիան և Խորհրդային Ռուսաստանը դաշնակիցներ էին, այդուհանդերձ թե՛ մեկին, և թե՛ մյուսին ամենևին էլ ձեռնտու չէր մյուսի ծավալվելը ռազմավարական շահեր ներկայացնող տարածաշրջանում, ինչպես և այսօր: Դա նկատել է նաև ադրբեջանցի հեղինակ Իլգար Նիֆտալիևը․ «Շարունակելով կասկածել Անկարային Անտանտի հետ գաղտնի համաձայնության մեջ և ցանկություն ունենալով օկուպացնել ողջ Հայաստանը և ներխուժել Ադրբեջան՝ Մոսկվան հասկացավ, որ հասել է ռազմական միջամտության ժամանակը՝ նպատակ հետապնդելով շուտափույթ խորհրդայնացնել Հայաստանը, որպեսզի այն լիովին չկորցնի թուրքական ընդարձակվող ռազմական ներկայության պայմաններում։ Գ․ Օրջոնիկիձեի առաջարկով, ինչը հավանություն ստացավ Ի․ Ստալինի կողմից, բոլշևիկները վճռեցին ռազմական եղանակով սեպի նման խրվել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, նրա համար, որպեսզի հայկական բուֆերի ստեղծմամբ հետագայում վերջիններիս զրկեն անմիջական սահմաններից»։ Դա ակնհայտորեն դրսևորվեց նաև Վրաստանի պարագայում․ 1921 թ․ փետրվարին, երբ իրագործվում էր Վրաստանի խորհրդայնացման ծրագիրը, քեմալական Թուրքիան օգտվելով Վրաստանի ծանր կացությունից, Քյազիմ Կարաբեքիրի զորամասերն ուղարկեց՝ գրավելու Բաթումը և մի շարք այլ շրջաններ, ինչի մասին թուրք զորահրամանատարը բացեիբաց հայտարարեց 1921 թ․ մարտի 17-ին, կարծելով, թե խորհրդային կողմը կամ չի հասցնի խոչընդոտել, կամ իրենք վերջինիս կկանգնեցնեն կատարված փաստի առջև։ Չնայած վրացիների համառ դիմադրությանը՝ նրանք կարող էին պարտվել, եթե վրաց զորքերին չօգնեին ժամանակին տեղ հասած Կարմիր բանակի զորամասերը, որոնք էլ հարկադրեցին թուրքերին հեռանալ20։ Խորհրդային Ռուսաստանը հաստատեց իր գերակայությունը այդ կենսականորեն կարևոր ռազմավարական հանգույցում։
Անտանտը խորհրդային կողմի այդ ռազմավարական ծավալումը անդրկովկասյան տարածաշրջանում դիտարկեց որպես փորձ Հայաստանը դարձնելու «իր միջնաբերդը» և հենակետը Արևելքում ազդեցությունը մեծացնելու նպատակով:
Խորհրդայնացման գործընթացից հետո դաշնակիցները ելնելով իրենց շահերից և աշխարհաքաղաքական նոր իրավիճակով պարտադրված՝ արխիվ ուղարկեցին իրենց հակաբոլշևիզմը: Դաշնակիցները հապճեպ լքեցին Անդրկովկասը՝ այն ճանաչելով բոլշևիկյան ազդեցության ոլորտ և հակվելով Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտության գաղափարին: Անտանտի գերագույն խորհուրդը 1920 թ. հունվարի 16-ին բանաձև է ընդունում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական շրջափակումը վերացնելու մասին, իսկ 1920 թ. նոյեմբերին Դ․ Լլոյդ Ջորջը և խորհրդային կողմի ներկայացուցիչ Լ․ Բ․ Կրասինը նախ-նական համաձայնության են գալիս ռուս-բրիտանական տնտեսական պայմանագրի կնքման վերաբերյալ21․ սկսվում է առևտրական պայմանագրի ակտիվ քննարկումը, որը ստորագրվում է 1921 թ. մարտի 16-ին: Արդյունքում Մեծ Բրիտանիայի վարչապետը ոչ միայն համակերպվում է Անդրկովկասում Խորհրդային Ռուսաստանի ներկայության փաստի հետ, այլև ոչ պաշտոնապես իր կառավարության համաձայնությունն է տալիս տարածաշրջանում վերջինիս ազատ գործելու հարցում։
Այսպիսով՝ ազգամիջյան և աշխարհաքաղաքական զարգացումները 1918-1920 թթ. Անդրկովկասում ընթացել են ՀՀ ղեկավարության ու հայ ժողովրդի համար ամենաաննպաստ ձևով։ Հայատանը դավաճանաբար լքվեց իր դաշնակիցների կողմից, սրընթաց գահավիժեց Սևրի լուծման չափազանց գայթակղիչ բարձունքներից և 1920 թ. աշնանը թուրք-հայկական պատերազմի ժամանակ հայտնվեց բոլոր կողմերից թշնամիներով շրջափակված անձուկ միջավայրում։ Ինչպես 1920 թ, այնպես էլ 2020 թ․ արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիան օժանդակեց Ադրբեջանի հաղթանակին, իսկ Թուրքիային էլ զգալի չափով օժանդակեց Ռուսաստանը, որի առումով չափազանց խոսուն են Անկարայում ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի առիթով 2021 թ. մարտի 16-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (պառլամենտ) կազմակերպված հանդիսությանը (կոնֆերանսին) Թուրքիայում Ռուսաստանի Դաշնու-թյան արտակարգ և լիազոր դեսպան Ա. Վ. Երշովի կողմից «Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկովյան պայմանագրի հարյուրամյակի կապակցությամբ» թեմայով ունեցած զեկույցում բերված ծանրակշիռ փաստերը. «Անտանտի և նրա դաշնակիցների դեմ այդ պատերազմում թուրքական զորքերի կողմից օգտագործված բոլոր փամփուշտների կեսից ավելին, յուրաքանչյուր չորրորդ հրացանը, յուրաքանչյուր չորրորդ հրետանին և յուրաքանչյուր հրետանապարկը ներմուծվել են Խորհրդային Ռուսաստանից:
Անկարայի կառավարության կողմից Գերմանիայում գնված 22 ինքնաթիռները Թուրքիա են հասցվել Ռուսաստանի տարածքով՝ առանց որևիցե մաքսային և հարկային տուրքերի: Նովոռոսիյսկի նավահանգստից «Շախին» նավով մեծ գաղտնիությամբ ինքնաթիռները արագ հասցվել են թուրքական ափամերձ գոտի: Ինքնաթիռների առաքումը համընկավ թուրքական բանակի հարձակման հետ, դրանք հաջողությամբ կիրառվեցին անատոլիական ճակատում:
Նույն ձևով Նովոռոսիյսկից Թուրքիա ուղարկվեց զենք և զինամթերք: Սևաստոպոլի և Ինեբուլուի միջև դիվանագիտական պատվիրակությունների և բանագնացների փոխադրության համար օգտագործվել են խորհրդային երեք ստորջրյա նավեր»: 1920 թ. մարտի 27-ին ֆրանսիացի մարշալ Ֆոշը գրել է թուրքական կառավա-րությանը. «Ամեն գնով շարունակվող Ռուսաստանի ծովային մատակարարումները, ինչպես նաև թուրք ժողովրդի աննախադեպ ինքնազոհաբերությունը նրանց երբեք դժվար դրության մեջ չեն դնի»: Ժամանակակից հետազոտողների տվյալներով՝ ընդհանուր առմամբ Ռուսաստանը Թուրքիայի ազգային-ազատագրական շարժմանը տրամադրել է մոտ 80 միլիոն թուրքական լիրայի չափով ոսկի՝ որպես օգնություն, որը 1920-ական թթ. սկզբին Մեջլիսի բյուջեի կեսից ավելին էր:
Խորհրդային մասնագետները օգնել են կարգավորելու ռազմական արտադրությունը. նրանց ղեկավարությամբ կառուցվել է վառոդի երկու ֆաբրիկա, Ռուսաստանը ֆինանսական օգնություն է տվել դաշտային տպարաններ և կինոսարքավորումներ ձեռք բերելու համար: Մ. Վ. Ֆրունզեն Տրապիզոնում թուրքական իշխանություններին է հանձնել 100 հազար ռուբլի ոսկու հաշվարկով գումար՝ ռազմաճակատում ծնողներին կորցրած երեխաների համար որբանոց կառուցելու համար: Հենց դա նկատի ունենալով՝ նշվում է Մ. Ք. Աթաթյուրքի նամակի մասին՝ ուղղված Լենինին. «Պատմության հետ ընդհանուր կապի առումով, լցված արյունոտ պատերազմների աղմուկով, որոնք հարյուրամյակներով տեղի են ունեցել թուրքերի և ռուսների միջև, մեր միջև այդպիսի արագ հաշտեցումը ապշեցրեց այլ ազգերին: Թուրքիան ավելի մոտիկ է Ռուսաստանին, հատկապես վերջին ամիսների Ռուսաստանին, քան Արևմտյան Եվրոպային: Թուրքիան չի նահանջի իր կուրսից Սովետական Ռուսաստանի նկատմամբ, և հակառակի մասին բոլոր լուրերը զուրկ են հիմքից: Ես վստահեցնում եմ Ձեզ, որ մենք երբեք չենք ստորագրի համաձայնագիր և չենք մտնի ալյանսի մեջ՝ ուղղակիորեն կամ անուղղակի ուղղված ընդդեմ Խորհրդային Ռուսաստանի»:
Թուրք-հայկական պատերազմի թեժ պահին՝ 1920 թ. նոյեմբերին, երբ ինչպես արդարացիորեն նշում է ժամանակակից առաջատար հետազոտողներից Վ. Մ. Մուխանովը, մեծ տերություններից և ոչ մեկը ցանկություն չունեցավ միջամտելու հակամարտությանը, ուղղակի Հայաստանը թողնվեց ճակատագրի քմահաճույքին:
Միանգամայն իրավացի է հայտնի թուրքագետ Ռ․ Սաֆրաստյանը, երբ եզրահանգում է, որ Հայաստանի վրա հարձակման վերջնական ժամկետը որոշելիս հաշվի առնվեց հիմնականում արտաքին գործոնը: Ըստ հեղինակի՝ 1920 թ. օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին իրադրությունն այնպիսին էր, որ Հայաստանի դեմ նախանշվող պատերազմին չէին միջամտի ո՛չ արևմտյան երկրները, ո՛չ էլ բոլշևիկները: Ըստ այդմ՝ որոշիչ նշանակություն ունեցավ քեմալականների և բոլշևիկների միջև փաստացի դաշնակցային հարաբերությունների հաստատումը: 1920 թ. սեպտեմբերի 8-ին Կարին (Էրզրում) հասավ Ռուսաստանից որպես օգնություն ուղարկած 200 կիլոգրամ ոսկին: Նրա մի մասը հանձնվեց Կարաբեքիրի հրամանա-տարության տակ գտնվող բանակին, մյուս մասը ուղարկվեց Անկարա և օգտագործվեց քեմալականների, պաշտոնյաների և սպաների աշխատավարձերը վճարելու նպատակով26: Ավելին, դաշնակիցները չէին էլ մտածում խանգարել Հայաստանի ոչնչացման՝ Մ․ Քեմալի ագրեսիվ ծրագրերին։ Ռ․ Սաֆրաստյանի դիպուկ բնութագրմամբ՝ սկսած 1920 թ. ամռանից և մանավանդ՝ հայ-թուրքական պատերազմի սկզբնական փուլում քեմալականների ձեռք բերած հաջողություններից հետո Անկարայի և Լոնդոնի միջև ի հայտ եկան որոշ ընդհանուր եզրեր, սկիզբ դրվեց գաղտնի շփումների դիվանագիտությանը, դրան զուգընթաց առժամանակ Անկարայի սերտ հարաբերությունները Մոսկվայի հետ սկսել էին որոշ չափով սառել, և շփումները ընդունել էին անկանոն բնույթ: Թուրքական աղբյուրները նշում են, թե Քեմալը կարողացավ ճիշտ գնահատել այդ նոր ձևավորվող իրադրությունը և ճարպկորեն օգտվել դրանից: Կարելի է ասել, որ 1920 թ․ կեսերին իրավիճակը ավելի շուտ առավե-լություններ տվեց քեմալական Թուրքիային, քան բոլշևիկյան Ռուսաստանին, որը քաղաքացիական պատերազմից դժվարությամբ էր դուրս գալիս, դեռ բազմաթիվ տագնապներ ուներ, ինչն էլ պայմանավորեց Մ․ Քեմալի ճարպիկ խաղարկումը թե՛ անգլիացիների, թե՛ ռուսների և թե՛ հայերի մյուս դաշնակիցների հետ, ինչն էլ նրան գործողությունների ազատություն ընձեռեց Հայաստանի հարցում։
Թուրքիան կարողացավ ապահովել առավել բարենպաստ դիվանագիտական մթնոլորտ Հայաստանի դեմ պատերազմում իր ռազմավարական նպատակներին հասնելու համար:
Քաղաքական այդ ընթացքի նրբերանգները ընդհանուր առմամբ ճիշտ է նկատել Ալ. Խատիսյանը. «Միւս կողմէ, Փարիզի Վեհաժողովը չափազանց կ՛ուշացնէր Թուրքիոյ խնդիրներով զբաղուիլը եւ քեմալականներուն ժամանակ տուաւ ուժեղանալու համար: Իսկ յետոյ, երբ Ռու-սաստանը վերջացուց իր ներքին քաղաքացիական կռիւները, Դաշնակիցները վախցան բարդութիւններէն եւ հեռացան` բախտի բերմուն-քին ձգելով նորակազմ հանրապետութիւնները»28 և որ ինքը «եկած է այն անխախտ համոզման, որ Դաշնակիցները լքեցին Հայաստանը, որ Թուրքերը ատկէ լայնօրէն օգտուեցան, բայց Թուրքերու գլխաւոր զինակիցները բոլշեւիկներն էին, որ ոյժ եւ հնարաւորութիւն տուին Թուրքերուն յարձակելու Հայաստանի վրայ: Այդ անվիճելի փաստ է: Փաստ է նոյնպէս, որ իրար օգնելէ ետքը իրար մէջ բաժնեցին Հայաստանը: Եւ բոլշեւիկները ըրին այդ ո՛չ թէ առանձին թշնամութենէն դէպի Հայաստանը, այլ դրդուած իրենց «համաշխարհային» քաղաքականութենէն, որուն համար անոնք պէտք կը զգային շահելու Թուրքերու բարեկամութիւնը՝ զոհաբերելով Հայաստանը: Եւ բոլշեւիկները Թուրքերուն տուին այն, ինչ-որ անոնք կուզէին Կարսը, Սուրմալուն, Արտահանը, մնացած մասը, ինչ-որ Թուրքերուն պէտք չէր, այսինքն՝ Հայերով բնակուած շրջանները Ռուսները առին»:
1920 թ. օգոստոսին՝ ՀՀ անկումից քիչ առաջ, հաղթող տերությունները Թուրքիայի հետ հաշտության պայմանագիր ստորագրելիս կարծես թե հաշվի առան Հայաստանի շահերը, ըստ որի՝ հայերին պետք է տրվեր նախկին Օսմանյան կայսրության տարածքի մի մասը: Այն մեծ տպավորություն թողեց հայ քաղաքական շրջանակների վրա, սակայն հայտնի պատճառներով Սևրի պայմանագիրը չմտավ գործողության մեջ։ Իսկ արդեն 1921 թ. փետրվարի 21-ից մինչև մարտի 14-ը Լոնդոնում տեղի ունեցած Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի կառավարությունների ղեկավարների և արտաքին գործերի մինիստրների խորհրդաժողովում սկիզբ դրվեց Թուրքիային նոր զիջումների գնալու քաղաքականությանը։ 1921 թ. հոկտեմբերի 20-ին Անկարայում Ֆրանսիայի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Ֆրանկլեն-Բույոնի պայմանագիրը Մերձավոր Արևելքում Սևրի համակարգի կործանման կարևոր փուլերից մեկն էր, որը հանգեցրեց Կիլիկիայի հայերի նոր սպանդին և հայաթափմանը։ Եռյակ համաձայնության անդամ կենտրոնական պետություններից մեկը դուրս էր գալիս Սևրի համակարգից՝ դրանով իսկ Սևրի պայմանագիրը դատապարտելով չգոյության։ Արտահայտելով ֆրանսիական կառավարող շրջանների այդ տրամադրությունները՝ Փարիզի քաղաքական շրջաններում մեծ հեղինակություն վայելող հրապարակախոս Մորիս Պերնոն գրեց. «Այլևս մենք չպետք է փորձարկումների ենթարկենք ո՛չ ինքնավար Քրդստանի և ո՛չ էլ անկախ Հայաստանի հարցերը»30։ Եվ արդեն 1922 թ. նոյեմբերից մինչև 1923 թ. հուլիսը տեղի ունեցած Լոզանի կոնֆերանսում թուրքական պատվիրակության ղեկավար Իսմեթ Ինոնյուն հայտարարեց, որ քրդերը չեն ցանկանում բաժանվել Թուրքիայից, ինչպես որ նախատեսվում էր Սևրի պայմանագրով, որ Անատոլիայի քրդերը պատրաստ են թուրքերի հետ կողք կողքի, զենքը ձեռքին պայքարել Քրդստանը Թուրքիայից անջատելու ամեն մի փորձի դեմ։
Ինչպես կարծում են կովկասագետներ Է. Անդերսենը և Գ․ Պարխուլաձեն, դաշնակիցները ոչ մի ռեալ ցանկություն չդրսևորեցին՝ օգնելու Հայաստանին այդ տարածքների միացման հարցը լուծելու ռազմուժի միջոցով։ Հայաստանը կանգնեց նոր փորձությունների ճանապարհին։
Վանիկ Վիրաբյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոն, պատմության և հասարակագիտության ֆակուլտետ