Արայիկ Հարությունյանից հստակ քայլեր ենք սպասում
08 Հունիս 2023
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը երեկ հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Մենք մեր գործողությունների ծրագիրը վաղուց ենք ներկայացրել և նույն թեմաներով էլ նախագահի հետ զրույց ենք ունեցել։
Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց շարժման խորհրդի անդամ Արա Պուլուզյանը։
«Մնեք մեր տեսակետն ենք հայտնել ադրբեջանական անցակետի վերաբերյալ, ասել ենք, որ այն մեզ համար անընդունելի է։ Իրականում, երեկվա հանդիպումից հետո երկու կողմն էլ իր տեսակետին է մնացել, փոփոխություն չկա։ Մենք մեր տեսակետն ենք հայտնել, որոշողն ինքն է։ Մեր երկրում նման կարևոր հարցերում որոշում կայացնողն Արայիկ Հարությունյանն ու իր թիմակիցներն են»,-ասաց նա։
Հիշեցմանը, որ Արայիկ Հարությունյանը հայտարարում էր, թե ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում և դիտարկմանը, որ Հայաստանն էլ իր հերթին լրիվ համաձայն է Հարությունյանի այս որոշման հետ, քանի որ ասում է՝ Բաքվի հետ պետք է Ստեփանակերտը բանակցի, վերջինս արձագանքեց․
«Այո, մենք կարող ենք բանակցել ոչ թե կարգավիճակի, այլ հումանիտար հարցերի վերաբերյալ։ Կարգավիճակի մասով մենք չենք կարող հավասարը հավասարի պես բանակցության նստել։ Այն ստորագրահավաքը, որին մասնակցեց նաև նախագահը, այնտեղ հստակ գրված է, որ թշնամու անցակետի տեղադրումը մեզ համար կարմիր գիծ է և այն դեռ կարմիր գիծ է ու անընդունելի, այս մասին մենք նրան էլ հիշեցրինք»,-շեշտեց Պուլուզյանը և հավելեց, որ ամեն դեպքում նախագահից հստակ քայլեր են սպասում։
Հիշեցնենք, որ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ անթույլատրելի է համարում որևէ կարմիր գծի խախտում: Ներկայում տեղի ունեցող իրադարձությունները շարժումը համարում է Արցախի Հանրապետության նախագահի կողմից իր իսկ հայտարարած կարմիր գծի՝ Հայաստանի հետ անխափան և առանց սահմանափակումների կապի ապահովման խախտում:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Արցախի անվտանգության և զարգացման ճակատը, իր հազարավոր համակիրների անունից, Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում է՝
-անհապաղ վերանայել «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով մեր քաղաքացիների երթևեկի վերաբերյալ որոշումը
– զերծ մնալ առանց հանրային քննարկումների, առանց այդ որոշումներից բխող վտանգների ուսումնասիրման ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ ընդունելու արատավոր երևույթից»,-ասված էր նրանց հայտարարության մեջ։
Լիաննա Թորոսյան