Բարոյական մայրամուտը շարունակվում է
03 Հուլիս 2023
«Նրանց աստվածն իրենց որովայնն է»:
Պողոս առաքյալ
Հայաստանի անկախ հանրապետությունը հայ ժողովրդի վեցհարյուրամյա դեգերումի և փայփայած երազանքի բյուրեղացումն է: Գուցե զարմանալի է, բայց հալածվող, ֆիզիկական ոչնչացման վտանգին ամեն ակնթարթ առերեսվող ժողովուրդը երբեք չդադարեց հավատալ այդ երազանքին և չկորցրեց պետականության գիտակցությունը։ Այս հարցում անգնահատելի է հայոց եկեղեցու, իսկ 19-րդ դարավերջից՝ նաև ազգային կուսակցությունների ավանդը։ Հենց սա էր պատճառը, որ եկեղեցին և ազգային կուսակցությունները, մասնավորապես՝ ՀՅ Դաշնակցությունն, առաջինն էին հայտնվում Օսմանյան կայսրության, Պարսկաստանի, ցարական Ռուսաստանի, ապա՝ նաև խորհրդային իշխանությունների թիրախում. հալածվում էին և խոշտանգվում։
Ցավալի է, սակայն հայոց եկեղեցին այսօր էլ հայտնվել է Հայաստանի իշխանությունների թիրախում և հալածանքների է ենթարկվում։ Սակայն դատելով Հայաստանի իշխանությունների վարքուբարքից՝ կարելի է պնդել, որ ամեն բան օրինաչափ է, և զարմանալի ոչինչ չկա։
Վերջին տարիներին բազմաթիվ մեղադրանքներ են հնչում Ամենայն Հայոց հայրապետի և, առհասարակ, հոգևոր դասի հասցեին։ Եկեղեցուն են վերագրվում պետության գործերին, քաղաքական գործընթացներին միջամտելու որոշ դեպքեր՝ հղում կատարելով ՀՀ Սահմանդրության (2015թ.) 17.2 հոդվածին, ըստ որի՝ եկեղեցին անջատ է պետությունից։ Սակայն, ի հակադրություն իշխող քաղաքական ուժի ջանքերին, կարծես թե չի մոռացվել, որ դեռևս 2018 թ. հունիսին իրենք և իրենց համակիր շրջանակը «Նոր Հայաստան, նոր հայրապետ» կոչերով փորձում էին խառնվել եկեղեցու գործերին՝ անտեսելով ՀՀ Սահմանադրության նույն հոդվածը։ Այս շարժումը, փաստորեն, չհաջողեց, սակայն իշխանությունը դեռ «զենքերը վայր չի դրել»։ Կրթական նոր չափորոշիչների համաձայն՝ 2001 թ. դպրոցում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան 2023 թ. սեպտեմբերից դադարելու է դասավանդվել որպես առանձին առարկա։ Կրկին մանիպուլյացիայի դիմելով՝ ոլորտի պատասխանատուները պնդում են, թե ՀԵՊ առարկայի ուսումնական նյութն ընդգրկված է լինելու պատմության դասագրքերում։ Մի կողմ թողնենք այն փաստը, որ իրենց չափորոշիչներին բավարարող դասագրքեր դեռևս չկան, իսկ ՀԵՊ֊-ի «ճակատագրի» մասին որոշումն արդեն կայացված է. առարկայի շրջանակներում ուսուցանվող նյութին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք կարող է փաստել, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում այն իր ողջ ծավալով չի կարող ընդգրկվել պատմության դասագրքերում։ Մասնավորապես ուսումնական նյութից դուրս են մնալու 10-֊րդ դասարանում դասավանդվող քրիստոնեական բարոյագիտությունը և 11-֊րդ դասարանում դասավանդվող աշխարհայացքի ձևավորման տարրերը, քրիստոնեական և ազգային արժեքային համակարգը, ազգային-֊հոգևոր նկարագիրը։
Ահա և պարզ է դառնում ՀԵՊ-֊ի հանդեպ այս «անմեղ» քայլի իշխանական դրդապատճառը։ Հասկանալի է, որ այս իշխանությունը պարզապես խորշում է բարոյականից և ազգայինից, չի կարողանում հանդուրժել ընտանիքի, ազգի, հայրենիքի, հավատի, մշակույթի՝ որպես հիմնարար արժեքների առաջնայնությունը, կոսմոպոլիտիզմի նկատմամբ հայրենասիրության գերակայության գաղափարի տարածումը ՀԵՊ֊-ի միջոցով։
Փաստորեն, օրենքի և օրինականության մասին թմբկահարող ուժը դարձյալ շրջանցում է ՀՀ մայր օրենքը, մասնավորապես՝ 18.1 հոդվածը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Թեման այսքանով չի սահմանափակվում. երիտասարդների հետ հանդիպման ընթացքում եկեղեցի-պետություն հարաբերություններին վերաբերող հարցին ի պատասխան՝ ակնարկում են եկեղեցին հարկելու մասին, եկեղեցուն առաջարկում ստեղծել քաղաքական կուսակցություն քաղաքական գործընթացներին հավասար պայմաններով միջամտելու համար։ Եկեղեցու համար այս ամենի պատճառը պարզ է՝ իշխանությունը հակազգային է։
Այս ամենի ֆոնին, բնականաբար, այլևս տարօրինակ չի թվում նաև Հայաստանի անկախության մասին 1991 թ. հռչակագրի 11-֊րդ կետից՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, հետքայլը և զիջողական քաղաքականությունը։
Եվ ցավն այն է, որ այս բարոյական մայրամուտը նույնպես դեռևս չի հաջողվում կասեցնել։
Անահիտ Դանիելյան