Ալ. Շնեուրը Սարդարապատյան հերոսամարտի և հայկական հետախուզական ծառայության ակունքներում (1918-1920 ԹԹ.)
10 Հուլիս 2023
Ալեքսանդր Շնեուր հետախույզը և մարտիկը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայկական հետախուզության կոհորտայում: Քննարկվող հարցի և մասնավորապես հանիրավի մոռացված Առաջին հանրապետության լավագույն հետախույզներից մեկի՝ Սար-դարապատի հերոս Ալ. Շնեուրի դիտարժան կերպարի ամբողջացման տեսանկյունից միանգամայն արժեքավոր է Ա. Բախչինյանի և ԱՄՆ-ից Վ. Մաթևոսյանի փոքրիկ, սակայն կարևոր հրապարակումը Առաջին հանրապետության 100-ամյա տարեդարձի առթիվ1, որում ներկայացված է սարդարապատյան Շնեուրը։ Ալ. Շնեուրի կենսագրության հե-տախուզական էջին, սակայն, բոլորովին անդրադարձ չի կատարվել, ինչը մենք որոշակի չափով ամբողջացրել ենք արխիվներից և այլ հազվագյուտ հրապարակումներից՝ տարբեր վավերագրերից քաղված, հայթայթված նյութերում առկա կցկտուր վկայակոչումներով: Հենց դրանք էլ հնարավորություն են տալիս մասամբ լույս սփռել Ալ. Շնեուրի գործունեության հայ ընթերցողին անհայտ, սակայն շատ հետաքրքիր մի շարք պատմափաստերի վրա2։
——————————
Տե՛ս Բախչինյան Ա., Մաթէոսեան Վ., Ալեքսանդր Շնէուր՝ Սարդարապատի մասնակից ու վկայ, «Հա-յաստանի Հանրապետություն–100». միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Եր.: ՀՀ ԳԱԱ պատմ. ինստ., 2018, էջ 94-105:
2 Կարևոր է նշել, որ Պրագայում գտնվող ռուսական արտասահմանյան պատմական արխիվում է գտնվում գնդապետ «О событиях в Армении в 1918–19 гг.», հուշագրության ձեռագիրը, որի մասին Ա․ Ֆ․ Իզյումովը կարծիք է գրել։ Տե՛ս Русский заграничный исторический архив в Праге – документация (Каталог собраний документов, хранящихся в пражской Славянской библиотеке и в Государственном архиве Российской Федерации, Cоставители: Лукаш Бабка, Анастасия Копршивова, Лидия Петрушев, Прага, Национальная библиотека Чешской Республики – Славянская библиотека, 2011, с. 146:
Բոլոր դարաշրջաններում էլ ամեն մի պետության հետախուզական և հակահետախուզական ծառայությունների համար կադրային հիմնախնդիրները համարվել են առաջնային, ինչով պայմանավորված է բոլոր տեսակի անվտանգային ծրագրերի մշակումն ու իրականացումը, երկրի պաշտպանությունն արտաքին վտանգներից: Ի սկզբանե Ալեքսանդր Շնեուրը փորձառու զինվորական, փոխգնդապետ Մ. Զինկևիչի, Վլադիմիր Պրիտոմանովի, ինչպես նաև կապիտաններ Նիկոլայ Շումո-վի, Միխայիլ Մեդվեդևի և հայկական դիվիզիայի շտաբի զորամասերի մի շարք սպաների հետ ընդգրկվեց գլխավոր շտաբի կազմում, և նրանց անունները հայտնվեցին պատերազմական և այլ արտակարգ իրավիճակների հետ կապված տեղեկագրերում, ինչի մասին վկայում են ար-խիվային փաստաթղթերը, մասնավորապես՝ ՀՀ Ազգային արխիվի նյութերը3։
Ալ․ Շնեուրի վկայությամբ՝ դեռևս 1918 թ․ սկզբներին նա սերտ կապերի մեջ էր հայկական զինվորական շրջանակների հետ, սակայն հայոց պետականության բացակայության փուլում գտնվել է «միայն առաքելութեամբ, զօրավար Բարատովի իրաւասութեան շրջանը»4՝ ստանձնելով Կարին (Էրզրում) քաղաքի առաջին գումարտակի սպայակույտի պետի պաշտոնը՝ հանրահայտ գնդապետ Ն․ Մ․ Մորելի5 հրամանատարության ներքո։ Կարինում Շնեուրը ստանձնելով ամրոցի սպայակույտի ղեկավարությունը՝ 1918 թ․ մարտին՝ Կարինի անկումից հետո, նշանակվում է շուրջ 250 հոգանոց 2-րդ գումարտակի սպայակույտի պետ։
———————
3 Տե՛ս Հայաստանի Ազգային արխիվ [այնուհետև՝ ՀԱԱ], ֆ. 91, ց. 3, գ. 3594, թ. 2 -20, ֆ. 200, ց. 1, գ. 180, թ. 14, ֆ. 368, ց. 1, գ. 4, թ. 4 և այլն:
4 Ալեքսանդր Կ. Շնէուր, Սարդարապատի հերոսամարտը. մասնակցողի յուշեր, թարգմ. Անդրէ Ամուրեան, Ֆրէզնօ, 1967, էջ 33։
5 Մորել Նիկոլայ Միխայիլի [03.11.1869- 08.12,1920] – ռուսական բանակի՝ ծագումով ֆրանսիացի սպա, 1917-1918 թթ. եղել է Անդրկովկասում և Արևմտյան Հայաստանում: 1917 թ. փետրվարի 13-ից կովկասյան 27-րդ հրաձգային հայկական գնդի հրամանատարն էր: Այնուհետև նա ծառայել է Ռուսաստանի հարավի զինված ուժերում՝ գեներալ Ա. Դենիկինի կամավորական բանակում [28.04. 1919 թ. -1920 թ.]։ 1920 թ. նոյեմբերի վերջերին Նովո-Դմիտրյովկա գյուղի մոտ գերի է ընկել և այնուհետև հանիրավի գնդակահարվել միրբանակայինների կողմից: Հարկ է ավելացնել, որ Երզնկայում հենց գնդապետ Ն. Մորելը և Սեբաստացի Մուրադը կարողացել էին հաստատել մի յուրահատուկ «Հայկական իշխանություն»: Գնդապետ Ն. Մորելը Սեբաստացի Մուրադի, այսպես կոչված, «աջ բազուկն» էր:
Տե՛ս Ганин А. В., նշվ. աշխ., էջ 285, 449: Չելեպյան Անդրանիկ, Զորավար Անդրանիկ և հայ հեղափոխական շարժումը. Կենսագրական ակնարկ, Եր., «Արևիկ» հրատ., 1990, էջ 416:
Դարձյալ ըստ իր վկայության՝ այդ պահին նա առնչվում է մի հյուծված զորամասի հետ՝ «յոգնած, հիւծուած, ջարդերից բարոյալքուած եւ դէպի ապագան՝ անյոյս»6։
Ալ․ Շնեուրը, չհուսահատվելով, արագ գործի է անցնում իրեն վստահված զորաջոկատը համալրելու և կարգի բերելու ուղղությամբ։ Հայերեն տպավորիչ կոչով նա դիմում է զինակոչի ենթակա հայերին, այն ունենում է ցանկալի արդյունք․ Շնեուրի կոչին արձագանքում է մոտ 1300 մարդ, որոնք համալրում են նրա գլխավորած գումարտակը։ Պատշաճ կերպով լուծվում են նաև պարենավորման և սննդի հարցերը։ Շնեուրն այd կոչում նկատի ունենալով 1918 թ․ սկզբների թուրքական առաջխաղացումը, հայ բնակչության խուճապահար փախուստը դեպի ռուսական սահման, դեպի Անդրկովկաս և Արևելյան Հայաստան՝ հատկապես կարևորում է վերահաս վտանգի դեմ համախմբվելու անհրաժեշտությունը. «Եթէ այժմ էլ հայ ժողովուրդը ոտքի չկանգնի զէնքը ձեռքին՝ ի պաշտպանութիւն իր հայրենիքի, ապա իր ճակատագիրը կը լինի նոյնը, ինչ որ հրեայ ժողովրդինն է։ Նա ցրուած է ամբողջ աշխարհում՝ բոլորին օտար, բոլորին թշնամի»7։
Ի վերջո, Ալեքսանդր Շնեուրի գործունեության ամենապայծառ էջերից մեկն է դառնում նրա սարդարապատյան հերոսապատումը, նրա նվիրումը հայոց հողին և Հայաստանի ապագա հանրապետությանը։
1918 թ․ մայիս 21-ին թուրքական զորքը, օգտվելով Անդրկովկասի աշխարհաքաղաքական իրավիճակի սրընթաց փոփոխությունից, կովկասյան ճակատից ռուսական զորքերի խուճապահար նահանջից, խրախուսվելով իր դաշնակից Գերմանիայի թողտվությունից և աջակցությունից, ներխուժում է Արարատյան դաշտ՝ գրավելով Սարդարապատ գյուղն ու երկաթուղային կայարանը։ Թուրքական լավ զինված 36-րդ հետևակային զորաբաժնին դեմ հանդիման տեղակայվում է հայկական զորաբաժինը, որը բաղկացած էր հետևազորի երկու և հեծելազորի մեկ վաշտից, որի 1-ին վաշտը գլխավորում էր դեռևս Երզնկայի պաշտպանության ժամանակ աչքի ընկած գնդապետ Ն․Մորելը, իսկ փոխգնդապետ Շնեուրը այդ պահին 2-րդ վաշտի հրամա-նատարն էր։
——————
6 Տե՛ս Ալեքսանդր Կ. Շնէուր, Սարդարապատի հերոսամարտը. մասնակցողի յուշեր, թարգմ. Անդրէ Ամուրեան, Ֆրէզնօ, 1967, էջ 20։
7 Նույն տեղում, էջ 26։
Կարճ ժամանակ անց իր գլխավորած վաշտը նա հանձնում է գնդապետ Հասան Փաշայանին՝ նշանակվելով ռազմաճակատի հրամանատար, գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի սպայակույտի պետ. «Եւ այսպէս, Սարդարապատը վերջնախաղն էր։ Զօրավար Դանիէլ Բէկ Փիրումեանը այդ վճռական պահին յարմար եւ արժանի, անվեհեր զինուորական վարիչն էր»8։ Դանիել Բեկ-Փիրումյանն ու Ալ․ Շնեուրը զգալի ջանքեր են գործադրում երևանյան զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանի անթերի մարտածրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ, այն է՝ կասեցնել թուրքական առաջխաղացումը և դուրս շպրտել նվաճված բնագծերից, ինչն էլ փայլուն իրագործվում է՝ դառնալով հայոց հերոսամարտի պայծառ էջերից մեկը: Ինքը՝ Ալ․ Շնեուրը, իր հուշագրությունում վերհիշում է այդ ոգեղեն ու հերոսական օրերը, թե ինչպես մայիսի 22-ին Դանիել Բեկ-Փիրումյանը անձամբ մեկնում է գործող զորքերի մոտ՝ գլխավորելու ռազմաճակատը․ «Զօրավար Փիրումեան, իր կարմիր աստառով զինուորական վերարկուի մէջ, քայլում էր յետ ու առաջ եւ, վերջապէս, չհամբերելով, մեկնեց դէպի կռուող շղթան։ Մեկնելիս նա ինձ յանձնեց կռուի ղեկավարութիւնը, ասելով.— «Կապիտա՛ն, դուք արդէն ամէն ինչ գիտէք, ղեկավարէք կռիւը, ինչպէս որ մենք որոշած ենք»»9։ Եվ այսպես պատմական դժվարի պահին Շնեուրը և նրա զինակիցները, քաջարի հայ զինվորները, թիկունքից միանալով Հասան Փաշայանի զորքերին, խուճապի են մատնում Վեհիբ փաշայի ավարից արբեցած զորքերին. «Թուրքերի յետեւից վազում էին հայերը՝ կրակելով, սրաթռիչ արշաւում էին զէյթունեան հեծելագունդը՝ գնդապետ Սալիբէկովի գլխաւորութեամբ եւ մեր հարիւրեակները։ Թուրքերը փախան 50 վերստ։ Նրանք փախան, ցրուեցին լեռներով մէկ։ Նրանց կարող էին հաւաքել միայն մի քանի օր յետոյ»10։ Բազմախոնջ և արհեստավարժ զինվորականն, իր դերն անթերի կատարելով Սարդարապատում, այնուհետև տեղափոխվում է Բաշ-Ապարան, ուր «թուրքերը փորձեցին ներխուժել Հայաստանի սիրտը աւելի հիւսիսից (…), բայց չարաչար ջախջախուեցին Դրաստամատ Կանայեանի (Դրօ)ձեռքով»։
—————
8 Շնէուր, նշվ․ աշխ․, էջ 39-40։
9 Նույն տեղում, էջ 42։
10 Նույն տեղում, էջ 42։
Իր անձի վերաբերյալ ռուս զինուորականն ասում է․ «Այնտեղ եւս եղայ ես եւ հրաշքով ողջ մնացի, որովհետեւ հրաշքով ընկայ թուրք պահակների շրջանը, հազիւ 20 քայլ հեռու»11։ Շատ դիտարժան է, որ Ալ․ Շնեուրը վստահ լինելով հայկական զենքի փառավոր հաղթանակի հարցում՝ խիստ դժգոհեց դիվանագիտական հարթակում ամրագրված արդյունքներից, որոնք խիստ չափավոր էին և ամենևին էլ Սարդարապատում հայոց միասնության հաղթանակի արտացոլանքը չեղան։ Ալ․ Շնեուրը հետագայում նշեց Սարդարապատի մասին իր հանրահայտ հուշագրությունում․ «Դժբախտաբար հայ ներկայացուցիչները Բաթումի խաղաղութեան ժողովին լուր չունէին հայերի փայլուն յաղթանակի մասին Սարդարապատի տակ, ապա թէ ոչ խաղաղութեան պայմանները թեթեւ կը լինէին Հայաստանի համար»12։
1918 թ․ մայիսյան փառավոր հաղթանակներից և մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Ալ․ Շնեուրը շարունակում է մնալ Հայաստանում՝ զինվորագրվելով հայոց պետականության և զինուժի ստեղծման գործին, իր եռանդն ու ջանքերը անմնացորդ ծառայեցնելով բանակաշինությանը։
Ալեքսանդր Կոնստանդինի Շնեուրը գլխավոր շտաբում հետա-խուզական բաժանմունքի պետն էր նրա ստեղծման առաջին օրերից։ Բազմահմուտ փոխգնդապետը13 1919 թ. ապրիլից մինչև 1919 թ. սեպ-տեմբեր եղել է գլխավոր սպայակույտի հետախուզական և հա-կահետախուզական բաժնի վարիչը` իր տրամադրության տակ ունենալով սահ- ամանափակ թվով աշխատակիցների։ Հետագա տարիներին ՀՀ հետախուզական բաժանմունքը գլխավորեցին մի շարք սպա-ներ, որոնց անունները մեկընդմիշտ կմնան այդ ծառայության պատմության էջերում: 1919 թ. սեպտեմբերից սկսած մինչև 1920 թ. ապրիլը որպես հետախուզական բաժնի պետ է աշխատել ոչ անհայտ կապիտան Վահագն Գալուստի Մուրադյանը, որն անկուսակցական էր:
————————
11 Նույն տեղում, էջ 43։
12 Նույն տեղում, էջ 43։
13 Ա․ Շնեուրը 1909 թ․ հուլիսի 20-ին ստացել է պորուչիկի կոչում, 1913 թ․հուլիսի 30-ին դարձել է շտաբս-կապիտան, 1917 թ․ մարտի 30-ին նրան շնորհվել է կապիտանի կոչում, 1918 թ․ ապրիլի 9-ի հրամանով դարձել է փոխգնդապետ, իսկ արդեն 1919 թ․ հոկտեմբերի 10-ին՝ գնդապետ։ Տե՛ս Шергалин Евг Эд., Александр Константинович Шнеур (1884-1977) – Военный, энтомолог и герпетолог: Астраханский Вестник Экологического Образования № 1 (35) 2016. с. 127-128:
1920 թ. ապրիլից մինչև հունիսի վերջը հետախուզական բաժանմունքի գործունեությունը ղեկավարում էր Տիգրան Թադևոսի Դևոյանցը14, որը Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ էր (վերջինս, իր վկայությամբ, Դրոյի դասընկերն է եղել15)։ 1920 թ. հուլիսից մինչև Հայաս-տանի խորհրդայնացումը հետախուզական բաժինը գլխավորել է Մի-քայել Նիկիտայի Դոդոխյանը:
Փոխգնդապետ Ալեքսանդր Կոնստանդինի Շնեուրը (ազգանունը գործածական է եղել «Chneour» ձևով, իսկ թերթերում ու գրքերում 1917 թ. և հետո տարածված են եղել «Schneur, Schneour, Shneur» ձևերը և ան-գամ կիրառական է եղել «Schneour» տարբերակը) եղել է Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունների, մասնավորապես՝ հե-տախուզության վառ դեմքերից։ Գլխավոր շտաբի հայկական հետևա-կային դիվիզիայի շտաբին կից հանձնարարությունների գծով այս սպան ծագումով էլզաս-լոթարինգցի էր՝ գերմանացի16։ Շնեուրների տոհմը Ռուսաստանում հայտնվել է XIX դարում, նրանք մեծ մասամբ եղել են հայտնի իրավաբաններ և զինվորականներ: Ա. Շնեուրի նախնիներից մեկը՝ գլխավոր շտաբի գնդապետ Նիկոլայ Յակովլևիչ Շնեուրը (1848-1894 թթ), Արդահան քաղաք-ամրոցի գրավման համար պարգևատրվել է Գեորգիևյան խաչով:
—————————
14 Դևոյանց Տիգրան Թադևոսի (20.08.1887, Երևան – 12. 09. 1965, ԱՄՆ, Նյու Յորք) – սովորել է Տոմսկի հա-մալսարանի լեռնային ճարտարագիտական ֆակուլտետում, մանկավարժ: Հայտնի է Դևո, Тигр և այլ ծած-կանուններով: Տե՛ս Հովակիմյան Բ. Մ., Հայոց ծածկանունների բառարան, Եր., ԵՊՀ հրատ., 2005, էջ 596. – Օգտագործ. աղբյուրները՝ «Հորիզոն» (Թիֆլիս), 1914, № 230, 233, «Армянский вестник» (Москва), 1916, № 33, стр. 24, «Кавказское слово» (Тифлис), 1914, № 28-30, 34-36, 1918, № 117: Հ.Գ.: Ծննդյան տարեթիվը ճշտվել է՝ նախկինում մեր կողմից շրջանառված 1890-ի փոխարեն – Տե՛ս Վիրաբյան Վ. Հ., Տիգրան Դևոյանցի հետախուզական գործունեությունը /Վ. Հ. Վիրաբյան, -Եր., ԵՊՀ հրատ., 2018, էջ 16: Հենց Դևոյանցի իսկ վկայությամբ՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից պրապորչիկ էր և ռուսական կովկասյան բանակի շտաբին առընթեր հետախուզության վարիչը, որն այդ օրերին իր հիմնական գործունեությանը զուգահեռ զբաղվել է նաև հայկական ջարդերի մասին արժանահիշատակ փաստերի և նյութերի հավաքչությամբ. Տե՛ս Тигр. Дево, Материалы по истории армянской жизни 1915-1916 гг. Протоколь. Допрось свидетеля, «Армянский Вестник». Еженедельний журнал, 1917 г., № 41-42:
15 Տե՛ս Դէոյեանց Տիգրան, Հետախոյզի մը յուշերը (Պատասխան իմ քննադատներուն), «ՎԷՄ» (Փարիզ), 1938, Յունւար-Մայիս, թիւ 2, էջ 49:
16 Տե՛ս Ավետիսյան Հ., Հայկական հարցը 1918 թվականին, Եր., 1997, էջ 223:
Նիկոլայ Շնեուրի քեռին` Վլադիմիր Շնեուրը, որն եղել է 1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմի մասնակից, այնուհետև մասնակ-ցել 1917 թ. Ռուսաստանի փետրվարյան-հոկտեմբերյան փոթորկալից իրադարձություններին, ծանոթ է եղել Լև Տրոցկու (Լ. Դ. Բրոնշտեյն) հետ, մեղադրվել գերմանացիների հետ լրտեսական կապերի մեջ և անգամ որոշակի հանգամանքներում համագործակցության մեջ մտնելով մեծամասնականների (բոլշևիկների) ռեժիմի հետ՝ 1918 թ. նրանց կողմից գործուղվել է Ֆրանսիա` հատուկ հետախուզական առաջադրանքով և այլն։
Ի վերջո, նա դատապարտվել և մահացել է Արխանգելսկի մոտ գտնվող Սոլովեցկի կղզու համակենտրոնացման ճամբարում: Վլա-դիմիր Շնեուրը ունեցել է երկու քույր և երկու եղբայր, որոնցից մեկը` Նիկոլայ Կոնստանդինովիչ Շնեուրը, մահացել է Ճապոնիայում 1934 թ., իսկ մյուս եղբայրը՝ ՀՀ զինվորական նախարարության գլխավոր շտաբի գնդապետ Ալեքսանդր Կոնստանդինի Շնեուրն էր17:
Ալ. Կ. Շնեուրը ծնվել է 1884 թ. օգոստոսի 20-ին Ս. Պետերբուրգում՝ ռուս ուղղափառ ընտանիքում: Ալ. Շնեուրը 1904 թ. ավարտել է Պետերբուրգի Գուրևիչի գիմնազիայի ութամյա դասընթացը:
Այդ ըն-թացքում նա ավարտել է նաև Ս. Պետերբուրգի համալսարանի բնագիտական ֆակուլտետը: Այն ավարտելուց հետո մտել է հեծյալ հրետանային զորակազմի մեջ։ 1906 թ. ավարտել է Միխայլովյան հրետանային դպրոցը18: Այնուհետև զինվորական ծառայության է անցել Լեհաստանում՝ որպես հեծելազորային հրետանու մարտկոցի սպա։ 1909 թվականին նրան շնորհվել է տեղակալի, իսկ 1913-ին՝ փոխգլխապետի (շտաբս-կապիտան) աստիճան։ Ակտիվորեն մասնակցել է Առաջին աշխարհամարտին և պարգևատրվել 5 մարտական շքանշանով: Առաջին աշխարհամարտի ընթացքում Շնեուրը պարգևատրվում է մի շարք շքանշաններով իր զինվորական նշանակալից ծառայությունների համար (Ս. Ստանիսլավի 2-րդ և 3-րդ աստիճանների, Ս. Աննայի 4-րդ, 3-րդ և 2-րդ աստիճանների, Ս. Վլադիմիրի 4-րդ աստի-ճանի շքանշաններով)։
————————
17 Ալեքսանդր Կոնստանդինի Շնեուր (20. 08.1884 թ.-16. 09.1977 թ.):
18 Այդ մասին մանրամասն տե՛ս Шергалин Ев. Эд., Александр Константинович Шнеур (1884-1977) – Во-енный, энтомолог и герпетолог: «Астраханский Вестник Экологического Образования», № 1 (35), 2016, с. 127-128:
Առաջին աշխարհամարտի նախօրյակին եղել է 5-րդ հեծյալ-հրետանային դիվիզիոնի շտաբս-կապիտան, իսկ այնուհետև՝ 9-րդ հեծյալ-հրետանային մարտկոցի սպա:
1915 թ. երկամսյա դասընթաց է անցել Կիևի օդանավորդության դպրոցում՝ ստանալով օդաչուի վկայական, իսկ 1916-1917 թթ. ուսանել է Նորին մեծության Ս. Պետերբուրգի Նիկոլաևյան սպայակույտի ակադեմիայում19: 1917 թ. Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո նա հայտնվել է Ռուսաստանի հարավում, այնուհետև ծառայության անցել Կովկասում: 1917 թ. արժանացել է գլխապետի (կապիտան) աստիճանի20։
Ալեքսանդր Շնեուր
1917 թ. Բոլշևիկյան հեղափոխության ժամանակ Ալ. Շնեուրը ռուսական 19-րդ զորաբաժնի (կորպուսի) սպայակույտի պետն էր Լեհաստանում։ Հակաբոլշևիկյան «Սպիտակ» կամավորական բանակի կողմն անցնելով՝ Ալ. Շնեուրը 1917 թ. դեկտեմբերի 6-ին ուղարկվել է Նովոռոսիյսկ և ապա՝ Բաքու՝ անգլիացիների հետ բանակցելու զենք-զինամթերքի առաքման հարցով, այնուհետև մաս կազմել գեներալ Նիկոլայ Բարաթովի (1865-1932 թթ.) ռուս-պարսկական ռազմական արշավախմբին՝ համալրվելով կամավորական բանակի կազմում, 1918 թ․ սկզբներին գեներալ Բարաթովի իրավասությամբ գործող ուժերի առաքելության փուլում միացել է հայկական զինուժին՝ ստանձնելով 1-ին բանակային կորպուսի շտաբի պետի պաշտոնը Էրզրումում, Էրզրումի բերդի շտաբի պետի պարտականությունները21։
1918 թ. սկիզբներին, իր վկայությամբ, Շնեուրը միացել է հայկական բանակին՝ ստանձնելով Էրզրում քաղաքի առաջին գումարտակի սպայակույտի պետի պաշտոնը՝ գնդապետ Մորելի հրամանատարության ներքո, և ապա՝ Կարինի ամրոցի սպայակույտի ղեկավարությունը։
———————
19 Տե՛ս Kayaloff Jacques, The Battle of Sardarabad, The Hague and Paris, 1973, p. 36։ Նյու Յորքում ապրած Կայալովը թղթակցություն է ունեցել Ալ. Շնեուրի հետ։
20 Տե՛ս Բախչինյան Արծուի (Հայաստան), Մատթէոսեան Վարդան (ԱՄՆ), Ալեքսանդր Շնէուր՝ Սարդարապատի մասնակից ու վկայ// «Հայաստանի Հանրապետություն – 100». միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Երևան, ՀՀ ԳԱԱ պատմ. ինստ., 2018. էջ 96։
21 Այդ մասին մանրամասն տե՛ս Шергалин Евг. Эд., Александр Константинович Шнеур (1884-1977)–Военный, энтомолог и герпетолог: «Астраханский Вестник Экологического Образования», № 1 (35), 2016, с. 127-128: Ալեքսանդր Կ. Շնէուր, Սարդարապատի հերոսամարտը. մասնակցողի յուշեր, թարգմ. Անդրէ Ամուրեան, Ֆրէզնօ, 1967, էջ 33։
Քաղաքի անկումից հետո (1918 թ. մարտ) նշանակվել է երկրորդ գումարտակի սպայակույտի պետ»22: Նշանակալի է եղել Շնեուրի գործունեությունը Կարսի շրջանում, հատկապես՝ Բեռնա գյուղի կռվի ժա-մանակ (1918 թ. ապրիլի 18-20), որի համար 1918 թ. ապրիլին նրան շնորհվել է փոխգնդապետի աստիճան։
Դեռ 1918 թ. մայիսյան հերոսամարտի օրերին հայկական զորքերի Սարդարապատի խմբի շտաբի պետն էր և հերոսամարտի մասին հրատարակել է բարձրարժեք հուշեր23: Հայկական դիվիզիայի գծով 1918 թ. օգոստոսի 21-ի No 12 հրամանում զորքերի հրամանատար Մ. Սիլիկյանը իրեն վստահված դիվիզիայի շտաբի հանձնարարությունների գծով շտաբային սպաների հաստիքային պաշտոնում է նշանակում Ալ. Կ. Շնեուրին և Իվան (Հովհաննես) Դավիդի Վեքիլյանին (Վեքիլով Իվան Դավիդի24)՝ որպես գլխավոր շտաբի փոխգնդապետներ:
Հայաստանի Հանրապետության զինվորական գերատեսչության գծով զինվորական աստիճանների մասին 1918 թ. հոկտեմբերի 11-ի հրամանագրով (No 21) զինվորական նախարար Հախվերդյանը իրենց զբաղեցրած պաշտոններում հաստատում է մի շարք սպաների, այդ թվում՝ Շնեուրին: Այսպես 2-րդ հատուկ հայկական հետևակային բրի-գադի շտաբի նախկին պետ, փոխգնդապետ Շնեուրը հաստատվում է որպես Հայկական հետևակային դիվիզիայի շտաբի հանձնարարությունների գծով սպա25: Պետք է նշել, որ Ալեքսանդր Շնեուրը` որպես բարձրաստիճան կադրային սպա, բազմիցս կատարել է ամենադժվա-րին հանձնարարությունները և զբաղեցրած պաշտոնում հաճախակի փոխարինել է գլխավոր շտաբի պետ Զինկևիչին` վերջինիս գործուղումների ժամանակ26:
——————
22 Տե՛ս Շնէուր Ալեքսանդր Կ., նշվ. աշխ., էջ 20։
23 Տե՛ս Սարդարապատի հերոսամարտը, գրեց գլխաւոր սպայակոյտի գնդապետ Ալեքսանդր Կ. Շնէուր․ մասնակցողի յուշեր, էջ 7:
24 Իվան [Հովհաննես] Դավիդի Վեքիլյան (Վեքիլով Իվան Դավիդի[ 6 դեկտեմբերի, 1894 թ. -16 հունիսի 1953 թ.], Տե՛ս Маршалы, генералы и адмиралы армянского происхождения, Биографический справочник, Изд. Второе, допол., составил Армен Меружанян, Санкт-Петербург, Изд-во «Роза ветров», 2013, с. 99:
25 Նույն տեղում, գ. 40, թ. 55:
26 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 204, ց. 1, գ. 129, թ. 6 -7:
1918 թ. մայիսյան հաղթանակներից և Հայաստանի Հանրապե-տության հռչակումից հետո Ալ. Շնեուրը ավելի քան մեկ տարի շարունակում է ծառայել հայոց բանակում, ռազմական նախարար Հովհաննես Հախվերդյանի հրամանով նշանակվում է հետևակային զորա-բաժնի սպայակույտի՝ հանձնարարությունների գծով սպայի պաշտոնում: Մասնակցել է 1918 թ. դեկտեմբերյան վրաց-հայկական պատերազմին և Նոր Բայազետ-Բասարգեչարի գավառի (ներկայում՝ Վարդենիս) մահմեդականների խռովությունը ճնշելուն ուղղված «Զոդ» գործողությանը։ Իսկ արդեն զինվորական նախարարի 1918 թ. դեկտեմբերի 5-ի (No 42) հայկական դիվիզիայի գծով հրամանագրում (No 58/137) գլխավոր շտաբի փոխգնդապետ, դիվիզիայի շտաբի հանձնարարությունների գծով սպա Ալ. Շնեուրը և 1-ին հետևակային բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Փիրումյանը ստանում են հատուկ նշանակում՝ համարվելով մշտական գործուղման մեջ` սկսած դեկտեմբերի 3-ից՝ առանց իրավունքի զբաղեցնելու թափուր մնացած պաշտոնը և առանց պահպանելու ռոճիկը, որը նրանք պետք է ստանային իրենց ծառայության նոր վայրում: Դա «Զոդ» հանրահայտ օպերացիայի նախա-պատրաստական փուլն էր, որի իրագործման ժամանակ ճնշվեց հակապետական և հակահայկական մահմեդական խռովությունը Բասարգեչարի շրջանում: 1918 թ. դեկտեմբերի 31-ից սկսած Ալ. Շնեու-րը առանձին ղարաբաղյան բրիգադի պետն էր27: 1919 թ. սկզբի «Զոդ» օպերացիային նա մասնակցեց որպես գեներալ-մայոր Դանիել Բեկ-Փիրումյանի կողմից գլխավորած ջոկատի շտաբի պետ: «Զոդ» օպերացիան նաև հայկական բանակի և հետախուզական ծառայության փոխհամագործակցության ուսանելի օրինակներից է: Ուշագրավ է, որ Զոդ գյուղի շրջանում այդ ջոկատի գործողությունները բարձր գնահատականի արժանացան նույնիսկ անգլիական ծառայության գնդապետ Կ. Թեմպերլեյի կողմից: Այս օպերացիայի ավարտից հետո առանձին ղարաբաղյան բրիգադի պետ Ալ. Շնեուրը նշանակվում է գլխավոր շտաբի բաժնի պետ28:
—————————
27 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 204, ց. 1, գ. 104, թ. 53, Ավետիսյան Հ., Հայկական հարցը 1918 թվականին, էջ 223:
28 Նույն տեղում, գ. 131, թ. 24:
1919 թ. սեպտեմբերին նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական սպայակույտի ժամանակավոր պետ՝ փոխարինելով դեր-զորավար /գեներալ մայոր/ Դոլուխանյանին29։
Շնեուրը այդ ժամանակի ամենատեղեկացված սպաներից էր։ Ուշագրավ է 1919 թ. օգոստոսի կեսի նրա զեկուցագիր-հաղորդագրությունը՝ Փարիզում գտնվող հայկական զինվորական ներկայացուցիչ գեներալ Գ. Ղորղանյանին` փախստականների և Էրզրումի շրջանում իշխող ռազմաքաղաքական իրավիճակի որոշ հարցերի վերաբերյալ: Ի լրացում իր ավելի վաղ ուղարկած մեկ այլ զեկուցագրի՝ Շնեուրը նշում է, որ ֆրանսիական հրամանատարության առաջարկությամբ խնդիր է դրվել կազմել փախստականների վերադարձի պլան, ինչի կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նաև ինքը։ Նպատակն է զբաղեցնել Վանի, Մուշի, Էրզրումի գավառները, ինչպես նաև Ալաշկերտի և Խնուսի հովիտները, ինչից ելնելով՝ իր կողմից խնդիր է դրվում վերականգնել Մակուի ճանապարհը, որով, ինչպես և Էրզրումի նեղ երկաթուղագծով, առավել հարմար կլինի տեղափոխել փախստականներին և բեռները: Շնեուրը տեղեկացնում է, որ սույնին վերաբերող պլանները և սխեմաները ներկայացվել են գեներալ Թովմաս Նազարբեկովին: Այս տեղեկատվության մեջ մեզ համար առավել կարևորն այն է, որ հետախուզական ծառայության ղեկավարներից մեկը` Շնեուրը, խիստ կարևորելով ժողովրդա- գրարական առումով Արևմտահայաստանը հայերով վերաբնակեցնելու քաղաքականությունը, խնդիր է դնում վերացնել Էրզրումի կառավարությունը, այնտեղից դուրս բերել թուրքական զորքերը և ամերիկյան զորքերի միջոցով գրավել այդ տարածքը։ Ավելացնում է նաև, որ լավ կլինի միաժամանակ կոստանդնուպոլսյան-կիլիկյան և Բուլղարիայի հայերից կազմավորել զորքեր30:
Ալեքսանդր Շնեուրը այնտեղ էր, որտեղ դժվար էր և անհանգիստ: 1919 թ. սեպտեմբերին գեներալ-մայոր Արսենի Սերգեյի Դոլուխանյանի (Ա. Դոլուխանովի) փոխարեն ՀՀ զինվորական շտաբի պետ է նշանակվում գնդապետ Ա. Կ. Շնեուրը31, որին հետագայում փոխարինում է գեներալ-մայոր Բ. Վ. Բաղդասարովը։
—————————
29 Տե՛ս Շնէուր Ալ., նշվ. աշխ., էջ 43։
30 Հայաստանի Հանրապետության արխիվ (Բոստոն), թիվ 9/9, պահ. 12, դ. 3:
Օգոստոսի 30-ից զինվորական նախարարության գլխավոր համբարակապետ է դառնում գեներալ-մայոր Ա. Բեյ-Մամիկոնյանը32: Առկա փաստաթղթերի մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կազմակերպական-ֆինանսական խնդիրները նշված բնագավառում հեշտությամբ չէին լուծվում, երբեմն էլ արհեստական խոչընդոտներ էին հարուցվում, որոնք դժվարացնում էին հայկական հետախուզական ծառայությունների աշխատանքները, հաճախ էլ վերջիններիս կանգնեցնում փակուղու առաջ: Գլխավոր շտաբի պետին հասցեագրված (No P07) զեկուցագրում հետախուզական բաժանմունքի պետի պաշտոնակատար Հովհան Խան-Կոտուրսկին (Արտեմի Նիկիտայի Հովհաննեսով) նշում է, որ հետախուզական բաժնի գործունեության ընդարձակման և հարևան երկրներում նոր կետերի բացման հետ կապված անհրաժեշտ է հոգ տանել, որպեսզի Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հետախուզության գործակալները ինչ-որ աջակցություն ունենան իրենց երկրի դիվանագիտական ներկայացուցիչներից:
Գաղտնիք չէ, որ հետախուզության գլխին միշտ էլ կանգնած են լինում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները: Զեկուցագրում միաժամանակ ափսոսանք է արտահայտվում, որ հայկական դիվանագիտական ներկայացուցչությունները հետախուզության գործակալների դիմելու դեպքում մերժում են, բացատրելով, որ տագնապում են հնարավոր «դիվանագիտական բարդացումներից»։
Դիմումագիրը հասցեագրված էր Ալ. Շնեուրին, որին և հանձնարարվեց հարցի պրակտիկ կողմի մշակումը33: Եվ արդեն 1919 թ. մայիսի 21-ին զինվորական նախարարության գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող փոխգնդապետ Ալ. Շնեուրը զինվորական նախարարին ուղղված դիմումագրում խնդրում է վերջինիս միջնորդությունը արտաքին գործերի նախարարության միջոցով աջակցել հետախուզության աշխատակիցներին34:
———————
31 Նույն տեղում, գ. 131, թ. 27, 43, 46, 55-56, 61, 67:
32 Տե´ս ՀԱԱ, ֆ. 204, ց. 1, գ. 40, թ. 43-44, 46, 59, Կարապետյան Մ., Հայաստանի Հանրապետության բանա-կը (1918 -1920), Եր., 1999, էջ 30-31:
33 Տե՛ս նույն տեղում:
Նույն օրը Հայաստանի զինվորական նախարար գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյանը35 գաղտնի գրությամբ դիմում է արտաքին գործերի նախարարին՝ կցելով նաև գլխավոր շտաբի հետախուզական բաժանմունքի պետի զեկուցագիրը` կապված արտաքին գործերի նախարարության աստիճանավորների և զինվորական նախարարության գործողությունների ուղղորդման հետ36:
Իրական կյանքը, սակայն ավելի բարդ էր, գործընթացներն էլ՝ ոչ միանշանակ: 1919 թ. նա հեռանում է Հայաստանից և ծառայության անցնում Դե-նիկինի բանակում37: Ըստ Կայալովի՝ «Շնէուր մնացած է հայկական զօրքերուն հետ մինչեւ Հոկտեմբեր 1919, երբ հայկական կառավարութիւնը որդեգրած է ազգայնացման ծրագիրը»38։
——————
34 Տե՛ս նույն տեղում:
35 Արարատյան (Արարատյան Քրիստափոր Գերասիմի -18 հունիսի, 1876 թ. – 10 դեկտեմբերի, 1937 թ.: Արարատյան (Արարատով) Խաչատուր Գերասիմի [18.06.1876 թ.- 10.12.1937 թ.] – Գեներալ-մայոր: Ակտիվորեն մասնակցել է 1918 թ. մայիսյան Բաշ-Ապարանի և Սարդարապատի հերոսական ճա-կատամարտերին, այնուհետև հոկտեմբերին գլխավորել է Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև սահմանների հաստատման հանձնաժողովը, 1919 թ. մարտից մինչև 1920 թ. սկիզբը եղել է ՀՀ զինվորական նախարարը: Պաշտոնից հեռացվել է ՀՅԴ կուսակցության անդամ դառնալուց հրաժարվելու համար: 1920 թ. աշնանը մասնակցել է աղետաբեր թուրք-հայկական պատերազմին և դավաճանության հետևանքով գերի ընկել: Հետաքրքիր է նաև նշել, որ թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կա-րաբեքիր փաշայի կողմից Ք. Արարատյանին առաջարկ է արվել՝ թուրքական ռազմական ակադեմիայում դասավանդելու հրետանային պատրաստության դասընթաց, սակայն վճռաբար մերժվել է վերջինիս կող-մից: Վերջինս թուրքական գերությունից ազատվել է Խորհրդային Հայաստանի հանրահայտ ղեկավար և ականավոր պետական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի համառ ջանքերի շնորհիվ, և նրա իսկ անմիջական առաջարկով գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյանը 1923 թ. զբաղեցրել հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալի պաշտոնը: Զորացրվելուց հետո գեներալ-մայոր Քրիստափոր (Խաչատուր) Արարատյանը եղել է Երևանի պետական համալսարանի և գյուղատնտեսական ինստիտուտի ռազմագիտության ամբիոնների վարիչ.– Տե՛ս Հայազն Տիգրան [Պետրոսյան Տիգ-րան], Գարեգին Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ: Կենսագրական հանրագիտարան, Եր., Հեղին. հրատ., 2009, էջ 120-121: Маршалы, генералы и адмиралы армянского происхождения, с. 46 – 47:
36 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 155, թ. 23:
37 Տե՛ս Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն), Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., էջ 399:
38 Տե՛ս Kayaloff J., The Battle of Sardarabad, p. 37.։
Լեզվական բարեփոխումը գաղափարաքաղաքական առումով գուցե և ճիշտ էր, սակայն ոչ լիովին տեղին, քանզի դրա պատճառով հայկական բանակի շարքերը լքեցին շատ օտարազգիներ, ցարական բանակի նախկին բարձրաստիճան և փորձառու զինվորականներ, որոնց թվում՝ նաև Սարդարապատի հերոս, գնդապետ Ալ․ Կ․ Շնեուրը։ 1920 թ․ Ալ․ Շնեուրի՝ Հայաստանում ակտիվ գործելու մասին արժանահիշատակ փաստեր չկան, հիմնականում դրանք վերաբերում են 1919 թ․ վերջերին։ Պետական լեզվի մասին օրենքի փոփոխությամբ հայերենը ճանաչվեց պետական լեզու, որը պարտադիր դարձավ բոլոր պետական և հասարակական հիմնարկությունների, այդ թվում՝ նաև հայոց բանակի համար, ինչը ռազմական նախարար Ռ․ Տեր-Մինասյանի շրջաբերական հրահանգով 1920 թ․ օգոստոսի 1-ից սկսած պետք է գործադրվեր բոլոր պետական հիմնարկներում․ գրագրությունը և գործավարությունը պետք է վարվեին միայն հայերեն։ Այս պահանջը չշրջանցեց նաև Ալ․ Շնեուրին։ Դրանից հետո նա հարկադրված լքեց Հայաստանը՝ չնայած հայ ժողովրդին իր մատուցած անհերքելի ծառայություններին։ Այդ մասին աներկբա եզրահանգման է եկել նաև պատմաբան Մ․ Կարապետյանը․ «Բացի դրանից, նոյն հրամանի համաձայն, բանակից զօրացրման էին ենթակայ բոլոր այն օտարազգի սպաները, աստիճանաւորները եւ ազատ վարձու ծառայողները, որոնք չէին տիրապետում հայոց լեզուին»39։
Մեկ այլ հետաքրքիր փաստաթղթից տեղեկանում ենք Շնեուրի հետախուզական կենսագրության դիտարժան մի փաստի մասին. այսպես՝ Գեներալ Պ. Ն. Վրանգելի ռուսական բանակում հետախուզության կազմակերպման մասին 1920 թ. հուլիսի 29-ի խիստ գաղտնի գործակալական տեղեկության մեջ ռազմաճակատի հատուկ բաժանմունքի օպերատիվ մասի պետ Ռ. Խասկինը հայտնում է, որ վերջին ժամանակներում Վրաստանում գեներալ Վրանգելի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Դանիիլ Պավելի Դրացենկոյի գլխավորած շտաբին առընթեր նշանակվել է գործակալական մասի նախկին պետ, գնդապետ Ալ. Շնեուրը՝ ստանձնելով հետախուզական գործի վարույթը Կովկասում և գլխավորապես լեռնական ժողովուրդների մոտ40:
————————
39 Տե՛ս Կարապետեան Մ․ Լ․, «Հայաստանի Հանրապետութեան բանակի կազմաւորումը (1918-1920 թթ.)», «Հայկական բանակ», N 5-6, 1995, էջ 18։
Հետաքրքիր է նշել նաև, որ 1920 թ. Ալ. Շնեուրը գեներալ Խալիլովի հետ ուղարկվել է Բաթումի՝ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի հետ կապի համար, իսկ արդեն 1920 թ. օգոստոսի 1-ին գործուղվել է Ղրիմ41:
Մի շարք փաստեր օգնում են ավելի ամբողջական պատկերացում կազմել հայկական պետականությունը և ուժային կառույցները մարմնավորող հետախուզական և հակահետախուզական ծառայությունների կայացման ակունքներում կանգնած հետախույզ-սպայի՝ Ա. Կ. Շնեուրի կերպարի մասին:
Այսպիսով՝ 1919 թ. հոկտեմբերին Շնեուրը հրաժարական է տալիս ու մեկնում է արտերկիր։ Վերադառնալով Ռուսաստան՝ միանում է Անտոն Դենիկինի «Սպիտակ» զորքերին, որոնք պայքար էին մղում մեծամասնական ուժերի դեմ՝ Վ. Լենինի գլխավորությամբ, որը Գերմանիայի կողմից Ռուսաստանում ներդրված լրտես էր։ Շնեուրը 1919 թ. սեպտեմբերի 1-ից պաշտոնավարել է Ռուսաստանի հարավի զինված ուժերի հրամանատարի շտաբում՝ Տագանրոգում42:
Ինչպես պարզվում է Տ. Դևոյանցի կողմից գեներալ Ղորղանյանին Փարիզ ուղարկած 1919 թ. նոյեմբերի 23-ի զեկուցագրից (No 57), Դևոյանցը 1919 թ. նոյեմբերի 11-ին նամակ է ստացած լինում գնդապետ Ալ. Շնեուրից, որով վերջինս հայտնել էր, որ վերջնականապես մեկնել է կամավորական բանակ, որտեղ նա ծառայում է մինչև 1920 թվականը43, իսկ այնուհետև նա հայտնվում է տարագրության մեջ՝ համալրելով ռուս սպիտակգվարդիական տարագիրների շարքերը:
—————————
40 Русская военная эмиграция 20-х-40-х rодов. Документы и материалы Том I. Так начиналось изгнанье 1920-1922 гг. Книга первая: Исход, Москва, Издательство «Гея», 1998 с. 112: Ганин А. В., Корпус офицеров Генерального штаба в годы Гражданской войны 1917-1922 гг.: Справочные материалы, Москва, Русский путь, 2009, с.213, 458։
41 Տե՛ս Шнеур_Александр_Константинович: https://ria1914.info/index.php: 11.02.2020 թ.:
42 Այդ մասին մանրամասն տե՛ս Шергалин Евг Эд., Александр Константинович Шнеур (1884-1977) –Военный, энтомолог и герпетолог: Астраханский Вестник Экологического Образования № 1 (35) 2016. с. 127-128:
43 Տե՛ս Հայաստանի Հանրապետության արխիվ (Բոստոն), թիվ 17/17, պահ. 12, դ. 3, թ. 4:
Այնուհետև, որպես կամավոր, Ալ. Շնեուրը ծառայության է անցել ֆրանսիական բանակի կազմում։Մեծամասն ականների դեմ պայքարում պարտվելուց հետո Ա. Դենիկինի «Սպիտակ» կամավորական բանակի այլ սպիտակգվար-դիական սպաների նման Ալ. Շնեուրը ևս վտարանդի դառնալով՝ մեկնում է Թուրքիա՝ Գալիպոլիի ճամբարը և ապա՝ Բուլղարիա։ Թե՛ Թուրքիայում և թե՛ Բուլղարիաում նա դասավանդում է ռուսական բանակի տակավին նոր կազմակերպվող զորամասերում, ինչպես նաև Բուլղարիայի սպաների ճարտարագիտական դպրոցում՝ որպես դասախոս և սպա-ինժեներ:
Շնեուրը երկու անգամ վիրավորվել է և կոնտուզիա ստացել: Որոշակի փոթորկալից իրադարձություններից հետո տարբեր առիթներով եղել է ոչ միայն Բուլղարիայում, այլև Հարավսլավիայում, այդ ժամանակ դեռ ֆրանսիական գաղութ Թունիսում: 1923-1924 թթ. եղել է գլխավոր շտաբի սպաների ընկերության անդամ, որից հետո արդեն հայտնվել է Ֆրանսիայում44:
Ըստ որոշ տվյալների՝ Շնեուրը Թունիս է անցել 1929 թ., իսկ մեկ այլ տվյալով՝ Թունիսում ապրել է 1934-1946 թթ.45, աշխատել որպես ֆրանսիական գաղութային վարչության աշխարհագրական բա-ժանմունքում և քարտեզագրի պաշտոնով աշխատել ճանապարհների ու կամուրջների գործերի բաժանմունքում: Թունիսում ապրած տարիներին նվիրվել է բնական գիտություններին, հատկապես՝ երկրի թեփուկաթևավորների (lepidopter) ուսումնասիրությանը, տարբեր թիթեռներ է հավաքել, որոնցից 7-ը անվանակոչվել է նրա անունով։ Հսկայական հավաքածու է կազմել։ 1934-1937 թթ. գերմաներեն «Schneeur» ստորագրությամբ հրատարակել է վեց գիտական հոդված, իսկ այնուհետև անցել է ֆրանսերենի և 1942-1963 թվականներին 14 հոդված է տպագրել գլխավորապես Թունիսի գիտական հանդեսներում՝ «Chnéour» տառադարձությամբ46։
——————————
44 Տե՛ս Шнеур_Александр_Константинович: https://ria1914.info/index.php: 11.02.2020 թ.:
45 Տե՛ս Государственный архив Российской Федерации (ГАРФ), Раздел 6 – Персональная переписка РЗИА (респонденты), л. 390: http://statearchive.ru/assets /files / trzia/06.pdf./26.02.2021 թ.:
Որոշ ժամանակ էլ բնակվել է Ֆրանսիայում․ Լիոնում ուսու-ցչություն է արել, ի վերջո, 1959 թ.արտագաղթել է ԱՄՆ, հանգրվանել է Սան-Ֆրանցիսկոյում: 1942 թվականից եղել է Ֆրանսիայի միջատաբանական ընկերության անդամ (Société entomologique), 1964 թվականից՝ Ամերիկայի թեփուկաթևավորների ընկերության անդամ: 1956 թ. հունիսի 2-ին 72 տարեկանում տարագրվել է ԱՄՆ, հանգրվանել է Նյու Յորքում, Թունիսից բերած հավաքածուն նվիրել է Նյու Յորքի բնական պատմության ամերիկյան թանգարանին և Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիային47։ 1961 թ. ֆրանսերեն հրապարակել է Թունիսի թիթեռների մասին իր աշխատությունների ռեզյումեն՝ «Լեպիդոպտերոլոգի 26-ամյա աշխատանքը Թունիսում» (1930-ից 1956 թթ.) վերնագրով: Այսպիսով՝ Ալ. Շնեուրի կողմից հրատարակվել է 21 գիտական աշխատանք ֆրանսերենով և գերմաներենով: Ըստ Ս. Ա. Մոզգովոյայի՝ ներկայում գնդապետ Ա. Կ. Շնեուրի թիթեռների հավաքածուն գտնվում է Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիայում, իսկ հեղինակը եղել է ֆրանսիական և ամերիկյան միջատաբանական ընկերությունների անդամ: Ըստ Կ. Մախրովի՝ Ալ․Շնեուրը 1942 թ. ամուսնացել է այրիացած Ելիզավետա Կոնստանդինովնա-Տիռնշտեյնի հետ։ Մախրովի հավաստմամբ՝ «Ա. Կ. Շնեուրը հավաքում էր թիթեռներ…հավաքածուն զբաղեցնում էր ողջ սենյակը…»: Ոչ պատահականորեն Ա. Շնեուրը հենց դրանով դասվեց երեք նշանավոր տարագիրների շարքում, որոնց անունները 20-րդ դարում մտան գիտական տարեգրությունների մեջ Հյուսիսային Աֆրիկայի և Սահարա անապատի ֆլորայի և ֆաունայի հետազոտման բնագավառում ունեցած մեծ ներդրման համար։
——————
46 Տե՛ս այդ մասին Шергалин Евг. Эд., Александр Константинович Шнеур (1884-1977– Военный, энтомолог и герпетолог: «Астраханский Вестник Экологического образования» № 1 (35) 2016. снх. 127-134.
47 Տե՛ս Шергалин Е. Эд., նշվ. աշխ., էջ 127:
Ալեքսանդր Շնեուրը Ն. Շպակովսկու համահեղինակությամբ հրապարակում է «Թունիսի օձերը» աշխատությունը48։ Այդ ընթացքում նա անդամագրվել է Հայրենական մեծ պատերազմի ռուս վետերանների ընկերությանը, հրապարակել է հուշեր «Вестник» ամսագրում, 1963-1968 թթ. հրատարակել է «Հայերը. թրքական պատերազմ» հանրահայտ գիրքը:
Այդ մեղմ ու նրբազգաց մարդը Սան Ֆրանցիսկոյի իր տան շեմին անգթորեն ծեծվել է փողոցային խուլիգանների կողմից և կյանքի վերջին երեք տարիներն անցկացրել է ծերանոց-հիվանդանոցում:
Այնտեղ էլ Սարդարապատի հերոսամարտի մասնակից, հերոս գնդապետ Ալ. Շնեուրը 93 տարեկանում կնքել է մահկանացուն։ Հայտնի հետախույզ, գնդապետ Ա. Կ. Շնեուրը վախճանվել է 1977 թ. սեպտեմբերի 16-ին և հողին հանձնվել ԱՄՆ-ի Սան-Ֆրանցիսկո քաղաքի Քոլմե արվարձանի սերբական գերեզմանատանը49: Այնտեղ է թաղված նաև նրա կինը՝ Ելիզավետա Կոնստանդինովնան (օրիորդական ազգանունը՝ Տիռնշտեյն (1897–1971 թթ.)50:
Նշենք նաև, որ Շնեուրի առանձնահատուկ հետաքրքրությունների ոլորտում են գտնվել հայկական օդուժի կազմակերպման և զարգացման հարցերը: Դեռ 1918 թ. հոկտեմբերի 8-ին հայկական դիվի-զիայի հրամանատար, գեներալ-մայոր Մ. Սիլիկյանը հատուկ հրամանագրով անդրադառնալով իրեն վստահված դիվիզիայի գլխա-վոր շտաբի օպերատիվ բաժնի պետ, փոխգնդապետ Ալ. Կ. Շնեուրի զեկույցին51՝ տեղեկացնում է վերջինիս կողմից հոկտեմբերի 4-ին (N 70) հայկական օդագնաց ջոկատի ստուգման մասին և շնորհակալություն է հայտնում:
——————————
48 Мозговой С. А., Морская парусная экспедиция в Тунис по следам русской эскадры: В сб.: Судьба Русской эскадры: корабли и люди. Материалы Международной историко-просветительской конферен-ции «Судьба Русской эскадры: корабли и люди» (Санкт-Петербург, 21–22 ноября 2019 г.). / Науч. ред. и сост. С. А. Мозговой, М. : Институт Наследия, 2020, с. 133-134:
49 Տե՛ս Русские в Северной Америке. Е. А. Александров. Хэмден (США)-Сан-Франциско (США)-Санкт-Петербург (Россия), 2005, с. 576, Архив Общества русских ветеранов Великой войны в Сан-Франциско. Генерального штаба полковник Александр Константинович Шнеур, 1977, Сентябрь. Альбом VI. 30-B. Некролог // «Часовой» (Брюссель). 1977, Декабрь, № 609. с. 19:
50 Տե՛ս Шнеур_Александр_Константинович: https://ria1914.info/index.php: 11.02.2020 թ.:
51 Ալեքսանդր Կոնստանդինի Շնեուրը 1915 թ. երկամսյա դասընթաց է անցել Կիևի օդանավորդության դպրոցում՝ ստանալով օդաչուի վկայական, իսկ 1916-1917-ին ուսանել է Ս. Պետերբուրգի Նիկոլաևյան սպայակույտի ակադեմիայում: Տե՛ս այդ մասին Шергалин Евг. Эд., Александр Константинович Шнеур (1884-1977) – Военный, энтомолог и герпетолог: «Астраханский Вестник Экологического образования», 2016, № 1 (35), с. 127-128: Տե՛ս Kayaloff Jacques, The Battle of Sardarabad, The Hague and Paris, 1973, p. 36։
Սիլիկյանին ներկայացված զեկույցում Շնեուրը նշել էր, որ ինքը ստու-գել է օդագնաց ջոկատը՝ վկայելով, որ աշխատանքները փայլուն են կատարվել, ամեն ինչ դասդասվել է և խնամքով, կանոնավորապես տեղավոր-վել: Փաստվում էր, որ երեք թռչող ապարատները սարքին են և հոկ-տեմբերի 12-ին պատրաստ կլինեն թռիչքների: Հավելվում է, որ 4-րդ «Վուազենը» կարելի է կարգի բերել, սակայն միայն դրանց մասերը Դիլիջանից տեղափոխելուց հետո։ Մտահոգություն է հայտնվում, որ մեխանիկների բացակայության պատճառով աշխատանքները սպա-ներն են կատարում՝ որպես հասարակ փականագործներ և հյուսներ: Շնեուրը նաև տեղեկացրել է, որ բանվորական ուժի սուր կարիք է զգացվում: Ավիաջոկատի դիտարկումից Ալ. Շնեուրը գոհ է մնացել, սակայն առաջարկել է ավիաջոկատին աջակցելու նպատակով ջոկատ գործուղել 10 զինվորի, սակայն ո՛չ դասալիքների52:
1919 թ. հոկտեմբերի 10-ին (N 0012) գնդապետ Ալ. Շնեուրին ուղղված պաշտոնական նամակում Սևծովյան նավատորմի ծովակալության գծով նախկին պորուչիկ Հովհան Խան-Կոտուրսկին (նշանավոր Խան-Ղոթուրին կամ Արտեմի Նիկիտայի Հովհաննեսովը) հայտնում է, որ օդային և լճային նավատորմի ստեղծման գաղափարը ծագել է դեռ հանրապետության ձևավորման առաջին օրերից: Խան-Կոտուրսկին նշելով, որ թե՛ Շնեուրը և թե՛ անձամբ ինքը ուժերի ներածին չափով նպաստել են գործի ձեռնարկմանը, իրենց վիճակվել է դիմանալ շատ խեթ հայացքների և անվստահության, որ առաջին նախագծերը չոր վերաբերմունքի են հանդիպել, և սական իրենց երազանքը կյանքում միս ու արյուն ստացավ, իրագործելի դարձավ՝ օդային և առագաստանավային ոչ մեծ, այնուհանդերձ ժողովրդի ապագա հզորության և երջանկության խորհրդանիշ նավատորմիղի գաղափարը իրողություն դարձավ: Շնեուրը համոզվածություն էր հայտնում, որ երկուսով, և առավել ևս ինքը, որն իր աչքերով տեսել է հարազատ Սևծովյան նավատորմի կործանումը, և այժմ մտահղացել է երիտասարդ հանրապետության նավատորմի ծնունդը, կանգ չի առնի կես ճանապարհին: Խան-Կոտուրսկին և Ալ. Շնեուրը վստահ էին, որ իրենց վիճակված է իրականացնելու օդային և լճային նավատորմի կազմակերպման պետականորեն կարևոր գործը, որը վճռական դեր կխաղա պետական պաշտպանության գործում և ազգային մշակույթի առաջընթացում53:
—————————
52 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 204, ց. 1, գ. 42, թ. 95:
1919 թ. հոկտեմբերի 14-ին (N 54) ՀՀ զինվորական նախարար, նորին գերազանցություն գեներալ Հովհ. Հախվերդյանին ուղղված պաշ-տոնագրում գլխավոր շտաբի պետ, փոխգնդապետ Ալ. Շնեուրը կրկին անդրադառնում է օդային և ծովային նավատորմի ստեղծման գաղափարին, գտնելով, որ այն պահանջում է ժողովրդական միջոց-ների ներգրավում: Շնեուրը համոզված էր այդ նոր նախաձեռնության հաջողության մեջ, ավելացնելով, որ պահանջում է այդ գործում ներ-գրավվել անձանց, որոնց համար թանկ է հայ ժողովրդի անունը և պատիվը. ակնկալում է զինվորական նախարարի շահագրգիռ մասնակցությունը, գեներալ Թ. Նազարբեկյանի և անձամբ Հ. Հախվերդյանի միջնորդական առաքելությունը՝ կառավարության առջև ներգրավվելու համար համազգային գործում54:
Ալեքսանդր Շնեուրը Հայաստանի առաջին հանրապետության բանակի, նրա հատուկ ծառայությունների այն բացառիկ սպաներից էր, որն անուրանալի ներդրում ունի նրա կայացման համար մղված համառ և դժվարին պայքարում: Շնեուրը բազմակողմանի գործունեություն էր ծավալում, նրա կարիքը զգացվում էր բոլոր բնագավառներում: Ալ. Շնեուրը մշտապես շարժման մեջ էր, նրան կարելի էր տեսնել Հայաստանի բոլոր շրջաններում՝ որոշակի նպատակներով։ Մասնակցում էր նաև ՀՀ զանազան զորամասերում իշխող իրավիճակի ստուգմանը, տարաբնույթ բացթողումների և չարաշահումների բացահայտմանը:
Անուրանալի է այս հայասեր մարդու վաստակը Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման և կայացման, նրա անվտանգության ապահովման գործում։
——————————
53 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 199, ց. 1, գ. 29ա, թ. 218:
54 Տե՛ս նույն տեղում, թ. 216:
Վանիկ Վիրաբյան