Նիկոլը եւ իր խունտան Արցախով մտահոգվելու փոխարեն, մեզ արգելում են հայրենիք այցելել
21 Հուլիս 2023
ՀՅԴ անդամ, սփյուռքահայ Ասլան Ասլանյանը, ում մուտքը Հայաստանի տարածք նախօրեին արգելվել էր, տեսաուղերձ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Հայաստան էր գալիս ընտանիքի ու երեխաների ընկերների հետ՝ հայրենիքում արձակուրդն անցկացնելու: Նրա խոսքով՝ 9 ժամ սպասել է չեզոք գոտում, ցավով է նշում, որ տարբեր ազգեր ազատ մուտք ունեին Հայաստան, իսկ ինքը՝ ոչ:
Նա նշել է. «Որպես սփյուռքահայ եւ որպես դաշնակցական, համոզված եմ, որ օտար երկրներում ապրող հայը ամեն հարմար առիթի պետք է Հայաստան այցելի: Ի վերջո, Հայաստանը բոլոր հայերի տունն է»:
«Մեր հայրենիքի, Արցախի ծանր վիճակի պատճառով ես անհարմար եմ զգում իմ մուտքը Հայաստան արգելելու մասին խոսելու համար: Ցավն այն է, որ այսօր երբ Արցախը շրջափակված է, և Արցախի ժողովուրդը սովի է մատնված, Հայաստանի իշխանությունները, Նիկոլը եւ իր խունտան Արցախով մտահոգվելու փոխարեն, մեզ արգելում է հայրենիք այցելել: Նիկո՛լ, լավ լսի՛ր, այս բոլորի համար դու պիտի պատասխան տաս: Ես եւ իմ ընկերները քեզ երբեք հանգիստ չենք տալու», — ասել է նա:
Նշենք, որ ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն երեկ այս կապակցությամբ հանդես էր եկել հայտարարությամբ: