Այս անցումային, բարդ ժամանակահատվածում նման մարդկանց ներկայութունը և ղեկավար լինելն անհրաժեշտութուն է
08 Օգոստոս 2023
Շատ խոսքեր կարելի է ասել այս իսկապես մեծատառով մարդու, հոգատար ընկերոջ մասին, ով խոր հետք է թողել մեր 30 տարվա անցած ճանապարհի վրա։ Այս մասին օգոստոսի 7-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ նշել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՀ ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանին։
Անդրադառնալով ԱՀ ԱԺ նախագահ առաջադրված Դավիթ Իշխանյանի թեկնածությանը՝ պատգամավորն ասել է, որ հարազատի մասին դժվար է նրա ներկայությամբ խոսել, ներկայացնել․
«Դավիթ Իշխանյանին լավ եմ ճանաչում, պատիվ եմ ունեցել լինելու նրա դասախոսը, կուսակցական ընկերը, ընկերը։ Այս վերջին օրերին, երբ մարդկանց հետ հանդիպում եմ, նրանք հարցնում են՝ Դավիթ Իշխանյանն ի վիճակի՞ է Ազգային ժողովի նախագահ լինել և ժողովրդին, երկրին ծառայել։ Ես մարդկանց պատասխանում եմ, որ ոչ միայն Ազգային ժողովի նախագահ, այլև ավելի բարձր պաշտոնում էլ կարող է լինել։ Բնավորությամբ չոր անձնավորություն է և շատ դեպքերում կարող է իրեն չներկայացնել այնպես, ինչպես իրականում ինքը կա։ Խորքային անձնավորություն է, և շփումների ընթացում համոզվում ես, որ Արցախը կարող է հպարտանալ, որ նմանօրինակ զավակ ունի։
Դավիթ Իշխանյանի ռազմական, քաղաքական գործչի կերպարի մասին հետևյալը պիտի ասեմ, որ նա եփվել է այս ամենի մեջ, անցել է հայրենանվեր, աստվածաշնորհ ճանապարհ, իր ծառայությունն է բերել մեր երկրին ու ժողովրդին։ Այդ ճանապարհը հարթ չի եղել՝ քաղաքական կոնյուկտուրայից, որոշ հանգամանքներից ելնելով, շատ դեպքերում իշխանության շատ իշխանասիրության պատճառով։ Բայց այդ ամենը Դավիթ Իշխանյանը հաղթահարել է։
Քաղաքական գործչի համար անչափ կարևոր է սկզբունքային լինելը։ Այս մարդու մեջ դա շատ է, սկզբունքային է, և անկախ որևէ հանգամանքից նա մշտապես իր սկզբունքներին հավատարիմ է։ Դ․ Իշխանյանը՝ որպես քաղաքական գործիչ, կարգապահ անձնավորություն է, որը մեր օրերում անչափ կարևոր է, որովհետև կարգապահության շնորհիվ ի վիճակի ենք այս բարդ, ծանր ժամանակաշրջանը հաղթահարել։ Մտահոգություն հայտնվեց, որ քաղաքական փոքրամասնությունը չի կարող Ազգային ժողովի նախագահ ունենալ։ Դասական պառլամենտարիզմի տեսանկյունից դա այդպես է, բայց մենք ոչ ստանդարտ ժամանակներ ենք ապրում, և նախագահի որոշումը ճիշտ է, որովհետև սա համախմբող դերակատարություն պիտի ունենա, մանավանդ պառլամենտի ներսում։ Այն լավագույն ավանդույթները, որ պարոն Թովմասյանն այս վերջին տարիներին արմատավորել է, համոզված եմ, որ շարունակվելու ու ավելի են խորացվելու։
Դավիթ Իշխանյանի մարդ տեսակի մասին ասեմ, որ ինքը «հեշտ ուտվող» մարդ չէ։ Սա ևս կարևոր հանգամանք է, որը լրացնում է քաղաքական գործչի բնութագրումը։ Նա իր անցած ճանապարհով ապացուցել է, որ ազնիվ անձնավորություն է, հոգատար մարդ է իր շրջապատի նկատմամբ։ Հորդորում եմ պաշտպանել Դ․ Իշխանյանի թեկնածությունը, և սխալված չեք լինի։ Այս անցումային, բարդ ժամանակահատվածում նման մարդկանց ներկայությունը և ղեկավար լինելն անհրաժեշտութուն է։
Արցախ աշխարհը հզոր մարդիկ շատ է տվել, որոնք ծանր բեռը հազարամյակներ շարունակ տարել են՝ սկսած Առան նահապետից մինչև Վաչագան Բարեպաշտ, Ավան հարյուրապետ, Եսայի Հասան-Ջալալյան, Եղիշե Իշխանյան, Հայրապետ Մուսայելյան։ Մարդիկ, որոնք ժողովրդին հանել են կրակներից և առաջ են տարել։ Ամեն անգամ թվում էր, թե սա վերջը պիտի լիներ, բայց այս մարդիկ կարողացել են նուրբ դիվանագիտությունը համակցել ուժի հետ։ Սա շատ կարևոր է, և կարծում եմ, որ պարոն Իշխանյանն այս սկզբունքները հաշվի կառնի։ Բայց կա նաև մեկ ուրիշ հանգամանք․ այդ գործիչների կողքին ունեցել ենք նաև մելիք Շահնազար, որի քաղաքականության դառը պտուղներն առ այսօր քաղում ենք։ Ես ցանկանում եմ, որ մեր քաղաքական գործիչները հեռու մնան այդ ճանապարհից, ընտրեն առաջին ուղին, որովհետև դա Աստվածահաճո է և հանուն Արցախի ժողովրդի»։