ՀՅԴ ՀԵՄ-ը ազգային պայքարի կիզակետում
05 Սեպտեմբեր 2023
Հայաստանում Դաշնակցության վերընձյուղումից ի վեր օրախնդիր է եղել երիտասարդության հետ աշխատանքը։ Երիտասարդությունն է, որ պատմական տարբեր ժամանակաշրջաններում երբեմն թվացյալ անտարբեր, սակայն վերջնարդյունքում առաջամարտիկն է դարձել անկյունաքարային շրջադարձերի և պտտել է պատմության անիվը։
2018 թվականին այսօրվա իշխանությունը մոլորեցրեց հայ հանրությանը, ամբոխավարական կոչերով և խոստումներով երկիրը մտցրեց փոփոխությունների նոր փուլ։ Փոփոխություններ, որոնք, ցավոք, կործանարար դարձան։ Այդ ժամանակ կրկին հայ երիտասարդությունը, սոցիալական արդարության, հավասարության և զարգացման արդար նպատակներ հետապնդելու ազնիվ մղումներով, դարձավ տեղի ունեցող իրադարձությունների լոկոմոտիվը, ինչը ժողովրդին դրական փոփոխությունների հույս ներշնչեց։ Իրական քաղաքական նպատակները, սակայն, որոնք գաղտնի էին պահվում ժողովրդից, այլ էին և աղետաբեր։
Հայաստանում ՀՅԴ երիտասարդական միության գործունեությունը արդարացիորեն կարելի է բաժանել 3 շրջանի։
Առաջինը մինչև 2018 թվականն էր, երբ Հայաստանը հարաբերականորեն անվտանգ և կայուն պետություն էր։
2016 թվականի Ապրիլյան պատերազմը առիթ դարձավ, որ ՀՅԴ ՀԵՄ տասնյակ ընկերներ ձեռք բերեն նաև մարտական փորձառություն՝ դառնալով ավագ սերնդի հետևորդը նաև այս ուղղությամբ։
Այդ շրջանում, սակայն, երկրում օրեցօր խորանում էր սոցիալական անարդարությունը՝ մեծացնելով անդունդը հասարակության տարբեր շերտերի միջև։ Իրավամբ այս շրջանն էր, որ օգտագործվեց դրսի և ներսի շատ ուժերի կողմից՝ նախապատրաստելու 2018 թվականի «ժողովրդական» շարժումը։ Այս շրջանում ՀՅԴ ՀԵՄ-ը տարբեր առիթներով երիտասարդական-քաղաքական դաշտում փորձում էր բարձրացնել սոցիալական անարդարությանը վերաբերող հարցեր, մասնակիցը դառնալ հասարակական տարբեր շարժումների՝ փորձելով դառնալ նաև հավասարակշռող ուժ այդ շարժումների մեջ բացասական տարրերի բացառման համար։ Զուգահեռաբար փորձ էր կատարվում քարոզել ազգայինը՝ ընդլայնելով ազգային արժեքներ կրող երիտասարդության շրջանակը։
Որպես երկրորդ շրջան կարելի է առանձնացնել 2018 թվականի ժողովրդական շարժումից մինչև 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմն ընկած ժամանակահատվածը, որը նշանավորվեց ազգային հարցերում հետընթացով, երբ նախկին ամեն երևույթի մերժման քողի տակ փորձ էր կատարվում տարբեր ուղղություններով հարված հասցնել ազգային արժեհամակարգին։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու, հայ մշակույթի, մեր հաղթանակների և հերոսների, ազգային տոների, հայոց պատմության, հայոց լեզվի, ինչպես նաև ուղիղ կերպով Դաշնակցության հասցեին ուղղված բազմաթիվ հարվածներն անտարբեր չէին կարող թողնել ՀՅԴ երիտասարդական միությանը։ Այս շրջանում էր, որ ՀՅԴ ՀԵՄ-ը իջավ երիտասարդական-քաղաքական ասպարեզ՝ որպես ամեն ազգայինի պաշտպան և կարողացավ իր ուրույն խոսքն ասել այս ասպարեզում։ 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցավ այդ շրջանի համար աննախադեպ բողոքի նստացույց․ գործողություններ, որոնք ուղղված էին օրվա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի դեմ, որը պատասխանատու էր կրթական համակարգում տեղի ունեցող ապազգային փոփոխությունների նախագծի համար։ Այդ օրերին առաջ քաշվեց նախարարի հրաժարականի պահանջը, որը, չնայած վերջնական արդյուք չունեցավ, բայց հասարակության աչքին բառացիորեն ոչնչացրեց Արայիկ Հարությունյանի արհեստածին հեղինակությունը՝ որպես նախարարի։ Հետագայում տարբեր ձևաչափերով շարունակվեց պայքարը մինչև հենց իշխանության ներքին որոշմամբ՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնից ազատումը։ Նստացույցն օրեր շարունակ լրատվականների ամենժամյա լուսաբանման առարկան էր դարձել, քաղաքացիների համար առիթ՝ գործող իշխանության ապազգային քաղաքականության դեմ իրենց վերաբերմունքն արտահայտելու։
Սրան զուգահեռ, նույն թվականին ՀՅԴ ՀԵՄ-ը սոցիալական անարդարությանը նպաստող եկամտային հարկի համահարթեցման գաղափարի դեմ տարբեր բողոքի գործողություններ իրականացրեց՝ բարձրաձայնելով այդ փոփոխությունների հնարավոր բացասական ազդեցությունը և սոցիալական անարդարության խորացման սպառնալիքը։ Կարևոր է նշել, որ բողոքի այս երկու գործողությունների ժամանակ էլ դեռ հանրային լայն աջակցություն ունեցող Նիկոլ Փաշինյանը, առիթ ստեղծելով, եկավ և հանդիպեց ՀՅԴ երիտասարդականի ընկերների հետ, սակայն դրանով իր անձի ու գործունեության մասին դրական տպավորություն թողնելու ջանքերը հակառակ ազդեցություն ունեցան։
Երրորդ՝ հետպատերազմյան շրջանը, հիմնված է այնպիսի ցավալի իրողությունների վրա, ինչպիսիք են պատերազմում պարտությունը, դավաճան իշխանութան առկայությունը և ՀՀ իշխանության՝ երկիրն անդունդը տանող դավաճանական քաղաքականությունը։ ՀՅԴ երիտասարդականը կարևոր մասնակցություն ունեցավ 44-օրյա պատերազմին, երբ ՀՅԴ առաջին վաշտի կազմում պատերազմի առաջին օրն իսկ շուրջ 30 հեմականներ մեկնեցին ռազմաճակատ։ Հետագայում ՀԵՄ բազմաթիվ ընկերներ ևս միացան ՀՅԴ կամավորական գումարտակին։
Պատերազմի ցավալի հետևանքը և Դաշնակցության քաղաքական ուղեգիծը ՀՅԴ երիտասարդությանը հանեց փողոց՝ պայքարի։ Առաջին իսկ օրերից բողոքի և անհնազանդության գործողությունների կազմակերպումը և իրականացումը, ցույցերի առաջնագծում լինելը բարձրացրին ՀՅԴ երիտասարդական միության դերը երիտասարդական դաշտում՝ ձևավորելով ազնիվ, ազգային և պայքարող երիտասարդության հեղինակություն։ Սա օգնեց մեզ հետագայում ևս մեր շուրջ համախմբելու շատ երիտասարդների՝ ընդլայնելու միության, համակիրների շարքերը և համագործակցելու բազմաթիվ երիտասարդական խմբերի հետ։ ՀՅԴ ՀԵՄ-ի պայքարը ակնառու էր և՛ «Հայրենիքի փրկության», և՛ «Դիմադրության» շարժման օրերին։ Այս ողջ ընթացքում ՀՅԴ ՀԵՄ-ը ուղենիշային դերակատարություն է ունեցել և ունի ազգային երիտասարդության շրջանում։
Մենք՝ իբրև այս երկրի ազգային հիմքերի պահապաններ, իրավունք չունենք դադարեցնելու մեր պայքարը։ Մենք պայքարել և պայքարելու ենք հանուն մեր իդեալների, հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն մեր պատմական իրավունքների վերականգնման։ Այս պայքարը պետք է մեր հաղթանակով ավարտվի, և այդ ճանապարհին դաշնակցական երիտասարդի կամքն անկոտրում է։
Միշտ կգան նորերը, և պայքարը կշարունակվի․․․
Սևակ Նազարեան
ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության ներկայացուցիչ