Հանրահավաք Հանրապետության հրապարակում
24 Սեպտեմբեր 2023
Սեպտեմբերի 24-ին Հանրապետության հրապարակը բազմամարդ էր։ Արդեն 4-րդ օրն է՝ տեղի է ունենում հանրահավաք իշխանության հրաժարականի պահանջով։ Հանրահավաքը մեկնարկեց Արցախի իրավիճակի քննարկմամբ:
«Ընդհանրապես դրանք պետության անելիքներն են, բայց քանի որ այսօր մենք պետություն չունենք, պետությունն անգլուխ է և պետության գլխի տեղը դրված է լրիվ ուրիշ մի իր, մենք ստիպված ենք այդ խնդիրների մի մասը մենք ստանձնենք։ Մենք՝ այս երկրի պատասխանատու քաղաքացիներս, որոնք հավաքվել են այստեղ»,- ասաց Ազգային կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանը:
Ազգային կոմիտեի անդամ Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այսօրվա տեսաուղերձին.«Նա ձախողել է մեր ամբողջ արտաքին քաղաքականությունը, հանձնել է Արցախը, այնպես է արել, որ մենք մենակ մնանք թուրքի ու ադրբեջանցու դիմաց, քանդել է մեր բանակը, մեր փառապանծ գեներալներին նստացրել է բերդեր ու այդքանից հետո համարձակվում է ասել, որ այստեղ կանգնած հայերնասերները մեր երկրի անկախությանը վնասելու են: Ինքը հերթական անգամ անում է սև ու սպիտակի բաժանում, ինքը հերթական անգամ, երբ որ թուրքի հետ դավադիր պատերազմով երկիրը հանձնել փորձի՝ մեղքը փորձում է գցել այստեղ կանգնած մարդկանց վրա»:
Հանրահավաքին ժամանակ ԵՊՀ ուսանողները հայտարարեցին, որ իրենք միացել են դասադուլին. «Մեզ խոստացել էին խաղաղություն, բայց բերեցին պատերազմ՝ երեք պատերազմ երեք տարում: Մենք հրաժարվում ենք այս իրականությունից, մենք չենք կարող հանգիստ նստենք դասի, երբ մեր երկիրը տանում են կործանման, լսարանը ապաստարան չէ, դուրս արի դասադուլի, դուրս արի պայքարի»,-ասացին նրանք:
Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը իշխանափոխության համար պայքարող քաղաքական ուժերին համերաշխության ու միասին գործելու կոչ արեց. «Ներեք իրար, ձեռք ձեռքի տվեք, իրար լրացրեք։ Բոլորս միասին դա պետք է անենք։ Ես պատրաստ եմ կոմիտեի գործընկերների հետ հանդիպել քաղաքական ուժերի հետ։ Թող գան, միայն համերաշխությամբ կարելի է լուծել հարցը, միասնական լինելով կարող ենք ջարդել այս դևին:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Ազգային կոմիտեի անդամ Իշխան Սաղթելյանը ներկայացրեց վաղվա անելիքները:
Անհնազանդության բողոքի ակցիաները սկսվելու են վաղն առավոտյան 8։00-ից։
«Մեր միակ ռեսուրսը դուք եք՝ հայ մարդը։ Մենք ոչ ոստիկանություն ունենք, ոչ զինված բանդաներ ունենք, ոչ էլ օտարերկրյա գործակալներ ենք ֆինանսավորվում ենք ինչ-որ մարդկանց կողմից։ Այս փոփոխությունը մենք պետք է անենք մենք մեզանով՝ մեր թիմն ավելացնելով։ Մենք պետք է դուրս գանք փողոց, անհնազանդության մակարդակը հասցնենք մի աստիճանի, երբ իշխանությունը ծնկի գա։ Վերջնական փոփոխության հասնելու համար մենք միմյանց անհրաժեշտ ենք ոչ միայն այս հանրահավաքում, այլ նաեւ առավոտ ժամը 8-ին՝ բուն գործողություններ սկսելու համար։ Վաղը առավոտյան 8։00-ից մինչեւ 11։00 մայրաքաղաքում համատարած անհնազանդության բողոքի ակցիաներ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Ոստիկանություն։
«Մենք չենք գնում ինչ-որ մեկի հետ հանդիպենք, գնում ենք մեր բողոքն արտահայտենք ընդդեմ ոստիկանական բռնությունների եւ ցուցադրենք մեր ուժը»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը:
Քաղաքացիները վանկարկեցին «Արցախ», «Արցախ», «Արցախ»։