Նոր և հին խաղացողները Հարավային Կովկասում
28 Սեպտեմբեր 2023
ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերը կոչ է արել Հայաստանին միանալ դաշինքին: Իմաստը պարզ էր՝ արևմտյան ռազմական դաշինքը, ի տարբերություն Ռուսաստանի Դաշնության, կկարողանա պաշտպանել Հայաստանին: Այս, շատ վիճելի տեսակետը հայ-ռուսական առանց այդ էլ լարվող հարաբերությունների մի նոր ազդակ էր։ Բայց խոսքը միայն դրա մասին չէ։ Շատ բարձրաստիճան և շատ լավատեղյակ աղբյուրին հղումով ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ եղան, որ Կրեմլում դժգոհ են Փաշինյանի ելույթից։ Միշտ զարմացել ենք, երբ բազմաթիվ անվանի մարդիկ ունեցող պետությունում կարևորագույն խնդիրներին արձագանքում է անանուն մեկը: Սակայն չուշացավ նաև պաշտոնական պատասխանը. «Հայ ժողովուրդը բավական խելամիտ է, որպեսզի «կուլ չգնա» հանրապետությունը դաշինքի ազդեցության գոտի ներքաշելու ՆԱՏՕ-ի փորձերին: Այս մասին ՏԱՍՍ լրատվական ծառայությանը հայտնեց ԱՊՀ երկրների պատասխանատու ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Պատասխանելով ՆԱՏՕ-ի եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը պետք է անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին՝ Մերձավոր և Միջին Արևելքի ուղղությունների պատասխանատու, ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գալուշկոն հայտարարեց, որ «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և մենք շարունակում ենք ելնել այս իրողությունից»՝ հավելելով, որ «սրանք մեծ ֆանտազիաներ են»:
Մոսկվայում բազմաթիվ շփումների ընթացքում փորձում ենք ռուսական կողմի ուշադրությունը հրավիրել այն անվիճելի իրողության վրա, որ իրավիճակ է փոխվել: Եվ դա պայմանավորված է Փաշինյան երևույթով, սակայն ավելի շատ աշխարհաքաղաքական նոր իրողություններով, որոնք Ռուսաստանում փորձում են չնկատել: Ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիչուկը գտնում է, որ Ռուսաստանը փորձում է բարեկամ լինել բոլորի հետ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Իրաքի և այլն։ Բայց քաղաքականության մեջ այդպես չի լինում։ Առանց հստակեցված առաջնահերթությունների՝ կորչում են և՛ առաջինը, և՛ երկրորդը, և՛ երրորդը: Տողերիս հեղինակը ստիպված է լինելու շարադրել պարզ ճշմարտություններ, որոնք լսելի դարձնելու խնդիր ունենք Ռուսաստան գերտերությունում: Մոսկվայում միշտ համոզված են եղել, թե Երևանի արտաքին քաղաքական նախագծերի համար մրցակցություն չկա և չի էլ սպասվում։
2020-ի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր տարաձայնությունների հիմնական թեմաներից մեկն այն էր, թե Ռուսաստանը ինչպես կարձագանքի տեղի ունեցողին։ Շատերիս համար զարմանալի էր, թե որքան զուսպ էր Մոսկվան բռնկված պատերազմի հարցում, հատկապես ի տարբերություն ուկրաինական ճգնաժամի կամ Վրաստանի հետ պատերազմի ժամանակ նրա պահվածքի: Կռիվների հինգերորդ օրը բրիտանացի հայտնի կովկասագետ, «The Caucasus Survey» ամսագրի գլխավոր խմբագիր Լոուրենս Բրոերսը թվիթերյան իր էջում գրեց. «Որտե՞ղ է Ռուսաստանը»: Մի քանի օր անց արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհրդի «Մեծ Եվրոպա» ծրագրի տնօրեն Նիկու Պոպեսկուն նույնպես զարմացավ, թե ինչո՞ւ Ռուսաստանը, որն այդքան ջանք էր գործադրել մեծ տերության և վստահելի դաշնակցի իմիջի կերտման վրա, չշտապեց աջակցել Հայաստանին: Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության հրապարակումից հետո։
Մոսկվան կրկին առաջին պլան մղվեց որպես միջնորդ և դուրս եկավ ինքնուրույն, այլ ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ ինչ-որ նոր տանդեմի կամ եռյակի մաս՝ Թուրքիայի կամ Իրանի մասնակցությամբ։ Խաղաղապահ գործողությունը նույնպես տեղի ունեցավ Ռուսաստանի կողմից, այլ ոչ թե բազմակողմ ձևաչափով։ Թուրքական մասնակցությունը սահմանափակվեց Անկարայի մի քանի ներկայացուցիչներով Ադրբեջանի մոնիտորինգի կենտրոնում։ Սակայն հաշվի չառնվեց մի կարևոր հանգամանք, որ ընդհանրապես, հայկական կողմը միշտ հակված է եղել իր ազգային անվտանգությունը պատկերացնելու՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը նկատի ունենալով, այլև չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նույնիսկ նրա շրջակայքը։ Մյուս կողմից՝ Մոսկվան այս հարցում միշտ ունեցել է տարբերակված մոտեցում, ինչի մասին բազմիցս ուղղակիորեն հայտարարել է։ Ռուսական կողմի ներկայացուցիչները մեզ մեղադրում են, որ մտածողության իներցիան և հաղթողի բարդույթը 1991-1994 թվականների քարոզարշավում բազմապատկված, երկար տարիներ պահպանվող ստատուս-քվոյով թույլ չտվեցին Հայաստանին (և ոչ միայն նրան) նկատել այդ նրբությունները, թեև Ռուսաստանը չթաքցրեց դրանք որևէ մեկից: Այս հանգամանքից փայլուն օգտվում են մնացած խաղացողները: Մի պարզ պատճառով. հետևյալ հարցերը, թե որքա՞ն կտևի Բաքվի և ռուս խաղաղապահների փոխըմբռնումը, արդյո՞ք Ադրբեջանը կգայթակղվի արագացնելու հակամարտության կարգավորումը՝ առանց Մոսկվայի շահերը հաշվի առնելու, ինչպե՞ս կանդրադառնա խաղաղապահ գործունեության վրա Թուրքիայի աճող ազդեցությունը և նրա ներկայացուցիչների մասնակցությունը հրադադարի պայմանների պահպանման վերահսկողության գործընթացում, ի՞նչ է լինելու Մինսկի խմբի հետ, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև կլինի՞ հակամարտության կարգավորման նոր «եվրասիական» մեխանիզմ, մինչև օրս պատասխան չունեն: Նոր համաձայնագիրն արագ ընդունվեց, սակայն այժմ պարզ է, որ նման սցենար վաղուց էր նախատեսված։ Ռուսաստանը վերջին տարիներին հակամարտող կողմերին առաջարկում էր, այսպես կոչված, Լավրովի պլանը, թեև պաշտոնապես հերքել է դրա գոյությունը։
Ծրագրի էությունն այն էր, որ հայերն աստիճանաբար դուրս բերեին իրենց ուժերը Լեռնային Ղարաբաղի շուրջ նախկինում ազատագրված շրջաններից, իսկ Ռուսաստանը խաղաղապահներ ուղարկեր այնտեղ՝ ապահովելու Արցախի հայերի անվտանգությունը։ Այս որոշումը չէր կարող դուր գալ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և եվրոպական այլ երկրներին, որոնք պնդում էին հակամարտության կարգավորման բազմակողմ ձևաչափի և միջազգային խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Ռուսական ծրագրի հրապարակումը կարծես թե անակնկալի է բերել Փարիզին ու Վաշինգտոնին, սակայն միայն սկզբնական փուլում: Հետագա քայլերը ցույց տվեցին, որ ոչ ոք չի պատրաստվում թույլ տալ Ռուսաստանին հեշտ ու հանգիստ իրականություն դարձնել իր ծրագրերը, թեկուզև «Ղարաբաղյան հակամարտություն» կոչվող թնջուկը հայկական կողմին ոչ ձեռնտու պայմաններով «գլխից ռադ անելու» ճանապարհով:
Պատմական փորձը ցույց է տվել, որ «հայկական հարցի» իր մասնաբաժինը Ռուսաստանը (կարևոր չէ, ցարական, բոլշևիկյան, թե ժողովրդավարական) միշտ էլ փորձել է թանկ վաճառել հանուն իր ազգային շահերի: Այս պահին դա հարթ չի ստացվում, և դրա համար կան առարկայական պատճառներ: Խորհրդային Միության փլուզումից երեսուն տարի անց ժամանակին ԽՍՀՄ-ի կազմում գտնվող նախկին հանրապետությունների աշխարհաքաղաքական առաջնահերթությունները փոխվել են։ Այսօր այս տարածքն այլևս հնարավոր չէ դիտարկել միայն որպես հետխորհրդային տարածք: Իհարկե, Ռուսաստանը չի վարանում ճնշում գործադրելու նախկինում ԽՍՀՄ-ին մաս կազմած երկրների վրա։ Սակայն վերջիններս դժվարին գնով են սովորել, որ Մոսկվայի հետ հարաբերությունները պահանջում են ուշադրություն և զգուշություն։ Այսօր ընկալել նույն Այսրկովկասը միայն որպես ռուսական ազդեցության գոտի, նշանակում է սխալ մեկնաբանել նրա հիմնական տարբերակիչ հատկանիշները: Ռուսաստանի ազդեցությունը ամբողջ հետխորհրդային տարածքում, անկասկած, թուլանում է: Կենտրոնախույս ուժերը, որոնք գործում են նույն Ղազախստանում, Մոլդովայում կամ Տաջիկստանում, Ռուսաստանի հարևան երկրները վերածել են ոչ միանշանակ ռուսական ազդեցության գոտիների: Այս միտումը հատկապես նկատելի է Հարավային Կովկասում։ Այսօր երեք պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Արևելյան Միջերկրական ծովի ու Մեծ Մերձավոր Արևելքի երկրների միջև աշխարհաքաղաքական սահմանները փոխվում են: Իհարկե, Ռուսաստանը ձգտում է վերահաստատել իր դերը տարածաշրջանում և մանևրում է Թուրքիայի ու Իրանի միջև, որոնք զգալի հաջողություններ են արձանագրել:
Նորություն չէ Հարավային Կովկասի նկատմամբ Չինաստանի և Իսրայելի հետաքրքրությունը: Հաշվի առնելով աշխարհագրական մոտիկությունը և պատմականորեն հաստատված կապերը՝ զարմանալի չէ Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի պետությունների փոխգործակցության փաստը։ Նույնիսկ նախախորհրդային ժամանակաշրջանում Կովկասը տարածք էր, որտեղ Օսմանյան, Պարսկական և Ռուսական կայսրությունները բախվում էին ազդեցության համար: Կայսրություններից յուրաքանչյուրն ինչ-որ ժամանակ գերիշխում էր այս տարածաշրջանում՝ ձեռք բերելով ազդեցություն այստեղով անցնող ամենակարևոր տարանցիկ առևտրական երթուղիների վրա։ 20-րդ դարի մեծ մասի ընթացքում Խորհրդային Միությունը վերահսկում էր Կովկասը և փորձում էր իր ազդեցությունն ավելի տարածել Իրանի և Թուրքիայի վրա: ԽՍՀՄ փլուզումը թուլացրեց Մոսկվայի դիրքերը տարածաշրջանում, ինչը իրանա-ռուս-թուրքական մրցակցությունը Կովկասում կարող է հանգեցնել ազդեցության նոր գոտիների ի հայտ գալուն: 1990-ականները դժվար ժամանակներ էին Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների համար։ Ռուսաստանն ավելի շատ կենտրոնացել էր Հյուսիսային Կովկասի ներքին անկայունության և տարածաշրջանում անկարգությունները ճնշելու վրա։ Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը պայմանավորված էր հիմնականում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությամբ, ինչպես նաև Վրաստանի անկայուն իրավիճակով: Իրանը 1990-ականներին նույնպես տնտեսական խնդիրների առջև էր՝ տուժելով ինչպես պատժամիջոցներից, այնպես էլ Իրաքի հետ գրեթե տասնամյա պատերազմի հետևանքներից: Համաշխարհային հարթակում խորապես մեկուսացված Իրանը քիչ բան ուներ առաջարկելու Հարավային Կովկասի երեք պետություններին, որոնցից յուրաքանչյուրը գտնվում էր Վաշինգտոնի ճնշման ներքո: ԱՄՆ-ն անում էր ամեն ինչ, որպեսզի հարավկովկասյան երկրները նվազեցնեն շփումները հարավային հարևանի հետ: Այդ տարիներին Թուրքիան իր հերթին ավելի շատ կենտրոնացած էր եվրաինտեգրման վրա՝ իր արևելյան հարևաններին թողնելով երկրորդ պլանում:
Ամբողջ Եվրասիայում պանթուրքական օրակարգը խթանելու Անկարայի ջանքերն ի սկզբանե իր համար խոստումնալից էին թվում, սակայն դրանք էական արդյունք չունեցան՝ բացառությամբ, թերևս, Ադրբեջանի պարագայի: Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ Անկարայի և Բաքվի միջև հաստատված դիվանագիտական և անվտանգային շփումները միայն ամրապնդեցին պանթուրքական սպառնալիքի ընկալումը Հայաստանի կողմից, ինչը հանգեցրեց հայ-թուրքական նոր սկսված շփումների սառեցմանը և տնտեսական շրջափակմանը, որը շարունակվում է մինչև օրս: 1990-ականներին Արևմուտքն ուներ փող, շուկաներ և աշխարհաքաղաքական ազդեցություն: Այդ օրերին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը հայտարարեց, որ «Վաշինգտոնը նոր Մոսկվան է»։ Տարածաշրջանի օրվա բոլոր ղեկավարները «թթու արևմտականներ» էին և էյֆորիայի մեջ էին ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերություններ կառուցելու հնարավորության հեռանկարով: Արևմտյան ազդեցությունը շարունակեց աճել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից և վրացական «վարդերի հեղափոխությունից» հետո, ինչը մեծացրեց տարածաշրջանի կարևորությունը ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ:
Ադրբեջանը և Վրաստանը դարձել էին Հարավային Կովկասով Կենտրոնական Ասիա և Աֆղանստան մատակարարման ուղիների վրա կարևոր հանգույցներ։ Վրաստանը մեծ թվով զորքեր ուղարկեց Իրաք, ինչը արժանացրեց նրա նկատմամբ ԱՄՆ ազգային անվտանգության համակարգի առանցքային ստորաբաժանումների բարեհաճ վերաբերմունքին։ Ծայրահեղականության դեմ պայքարը նաև նպաստել էր ՆԱՏՕ-ի և բոլոր երեք երկրների միջև անվտանգության կապերի ամրապնդմանը: Այդուհանդերձ Եվրասիան երկար չմնաց ամերիկյան արտաքին քաղաքականության կենտրոնում, ավելին, հաճախ այդ տեղը խոսքով էր զբաղեցվում, քան գործով։ Աֆղանստանում և Իրաքում ռազմական ներկայության կրճատումը Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ խնդրահարույց դարձրեց Վաշինգտոնի առանցքի հարցը Եվրոպայից և Եվրասիայից մինչև Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Հաշվի առնելով 2021 թվականի օգոստոսին Աֆղանստանից ԱՄՆ զինված ուժերի դուրսբերումը՝ Եվրասիայում Միացյալ Նահանգների ներկայությունը և տարածաշրջանում նրա հետաքրքրության չափը բաց հարց է։ Հետխորհրդային այն ժամանակաշրջանը, երբ Հարավային Կովկասը գտնվում էր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում, շատ առումներով պատմական անոմալիա էր: Աշխարհագրորեն տարածաշրջանը հեռու է Ամերիկայից, և այնտեղ գտնվող պետությունների ռազմավարական նշանակությունը, Վաշինգտոնի տեսանկյունից, կապված էր խորհրդային կառավարման ձևից նորի անցման հետ՝ անվտանգության ապահովման հրատապ անհրաժեշտությամբ: Միաժամանակ ԱՄՆ-ը նաև Աֆղանստան տանող այլընտրանքային ուղիներ էր որոնում։ Այն, որ Արևմուտքը հաճախ անտեսում էր Կովկասը, զուտ ամերիկյան երևույթ չէ։ Եվրամիությունը նույնն արեց ԵՄ ընդլայնման քաղաքականության հետ կապված ընդհանուր հոգնածության, Ուկրաինայի պատերազմի և ներքին խնդիրների՝ ներառյալ Brexit-ի և եվրոպական պարտքային ճգնաժամի պատճառով: Ինչևէ: Հայաստանը պետք է արձանագրի, որ Մոսկվան տեսանելի ապագայում կմնա տարածաշրջանի գերիշխող ուժը:
Մյուս կողմից՝ ժամանակն է Մոսկվայում հասկանան, որ հարավկովկասյան երեք պետությունների մայրաքաղաքները աշխարհագրորեն ավելի մոտ են Արևելյան Միջերկրական ծովի և Պարսից ծոցի տնտեսական և քաղաքական շատ կենտրոններին, քան հենց Մոսկվային: Օրինակ՝ Բաքուն մի փոքր ավելի մոտ է (մոտ 1600 կմ) Դոհային, Քաթարին և Անկարային, քան Ռուսաստանի մայրաքաղաքին (մոտ 2090 կմ): Թբիլիսիից Անկարա մոտ 1287 կմ է, իսկ Երևանից մինչև Իրաքի Մոսուլ քաղաքը, որտեղ ժամանակին ապրել է նշանավոր հայկական համայնքը, ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր: Այս մոտիկության շնորհիվ Թուրքիան և Պարսից ծոցի երկրներն այժմ օդային ճանապարհորդությունների առանցքային հանգույցներ են, ինչը խիստ հակադրվում է խորհրդային ժամանակներին, երբ արտաքին աշխարհի հետ կապը Մոսկվայի միջոցով էր: Թուրքիան Ռուսաստանից հետո դարձել է Կովկասից, այդ թվում՝ Հայաստանից աշխատանքային միգրացիայի երկրորդ ուղղությունը։ Կանանց թրաֆիքինգը Հարավային Կովկասի երեք պետությունների և Թուրքիայի, Պարսից ծոցի երկրների միջև և դրանից դուրս, ցավոք, մնում է չլուծված խնդիր անդրազգային կազմակերպված հանցավորության շղթաների գործունեության պատճառով: Կովկասի և Մերձավոր Արևելքի պատմական կապերն արտացոլված են համայնքների կյանքում, հատկապես Միջերկրական ծովի առափնյա պետություններում։
Թուրքիայում բնակվում են զգալի թվով մարդիկ Հյուսիսային և Հարավային Կովկասից, այդ թվում՝ ադրբեջանցիներ, հայեր, չերքեզներ և օսեր։ Լիբանանի բնակչության ակտիվ մեկ հատվածը էթնիկ հայեր են, մոտ 100.000 հայեր Սիրիան իրենց հայրենիքն էին անվանում մինչև 2011 թվականին երկրում սկսված քաղաքացիական սարսափելի պատերազմը։ Մերձավոր Արևելքում ապրող հազարավոր հայեր արյունալի հակամարտությունների հետևանքով փախել են Հայաստան և Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանն այսօր Եվրոպայի երրորդ երկիրն է Սիրիայից ընդունած փախստականների թվով։ Հայաստանն անմիջականորեն մասնակցեց Մերձավոր Արևելքի գործողություններին՝ ԱՄՆ-ի պնդմամբ խաղաղապահների ջոկատ ուղարկելով Իրաք (նույնը արեցին Ադրբեջանն ու Վրաստանը), իսկ ավելի ուշ՝ Սիրիա՝ Ռուսաստանի պնդմամբ։ Ինքնահռչակ «Իսլամական պետությունը» իր կազմ ներգրավեց արմատական իսլամականներին ամբողջ Հյուսիսային և Հարավային Կովկասից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից և Ռուսաստանի տարբեր շրջաններից: Վրաստանը տարիներ շարունակ փորձում է կայունացնել Պանկիսի կիրճում անհանգիստ իրավիճակը՝ մի տարածաշրջան, որտեղ մուսուլմանական, չեչենական փոքրամասնություն է, որը եղել է արմատականացման օջախ և ապահով ապաստարան Հյուսիսային Կովկասի զինյալների համար: Հիշեցնենք, որ Պանկիսի կիրճը կրկին ուշադրության արժանացավ 2015-ից 2017 թվականներին, երբ լուրեր էին շրջանառվում, որ «Իսլամական պետության» հավաքագրողները Վրաստանի քաղաքացիներին ներգրավել են՝ Իրաքում և Սիրիայում մարտական գործողությունների մեջ, իսկ հավաքագրվածներից ոմանք դարձան Իսլամական պետության ազդեցիկ դաշտային հրամանատարներ: Ադրբեջանական զինյալները ժամանել էին Մերձավոր Արևելք՝ Սիրիայում հակամարտության ամենաթեժ պահին «Իսլամական պետության» կամ «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումներին միանալու համար։ Ադրբեջանցիները կռվել են նաև Լիբիայում՝ ամենայն հավանականությամբ աջակցելով թուրքական միջամտությանը: 2020 թվականի աշնանն ակնհայտ էր, որ մոտ 2000 սիրիացի վարձկաններ կռվում են Ադրբեջանի օգտին, սակայն սուննի ծայրահեղականների հնարավոր ներկայությունը տարածաշրջանում չմտահոգեց նույնիսկ ռուսներին:
Սառը պատերազմի տարիներին Խորհրդային Միությունն օգտագործում էր Հարավային Կովկասը՝ ազդելու Մեծ Մերձավոր Արևելքի բոլոր երկրների և հատկապես՝ հարևան Իրաքի և Թուրքիայի վրա։ Կոպիտ հաշվարկներով ադրբեջանցիները կազմում են Իրանի ընդհանուր բնակչության մոտ մեկ քառորդը։ Ընդունելով Խորհրդային Միության կազմավորումից հետո առաջին տարիներին փախած ադրբեջանցիներին՝ Իրանն ու Թուրքիան ստեղծեցին ադրբեջանական հակախորհրդային ազգայնականության հենակետեր։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական լուրջ տարբերությունները՝ Բաքուն երկար ժամանակ շատ զգուշավոր է իրանական գաղտնի գործողություններից: Ադրբեջանի անվտանգության ծառայությունները պարբերաբար ձերբակալում են Իրանի և Ադրբեջանի քաղաքացիներին, որոնց կասկածում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեությանը աջակցելու մեջ։ Բաքուն և Թեհրանը տարբեր տեսակետներ ունեն և տարբեր կերպ են գործում տարածաշրջանում։ Այսօր Ադրբեջանը դիվանագիտական, տնտեսական և անվտանգային կապեր է պահպանում Իրանի երկու հիմնական հակառակորդների՝ Իսրայելի և Թուրքիայի հետ: Հայաստանն իրապես ունի խնդիր՝ նախաձեռնելու լուրջ տեղեկատվական-քարոզչական աշխատանք Միջերկրական ծովի ավազանի երկրներում։ Անկասկած է, որ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, տասը տարի առաջ քարոզելով հայ-թուրքական հաշտեցման գաղափարը, իր հիմնական լսարանը տեսնում էր Մերձավոր Արևելքի հայերին։ Այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, ներդրումները և դիվանագիտությունը, այս համայնքները որպես գործընկերներ օդ ու ջրի պես պետք են Հայաստանի:
Իրանը վաղուց յուրատեսակ աշխարհագրական և տնտեսական փրկօղակ է Հայաստանի համար, ինչը պարբերաբար բարդացնում է նրա հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, Հայաստանը դիվանագիտական աջակցության և մարդասիրական օգնության համար դիմեց Կիպրոսին, Հունաստանին, Լիբանանին և Հորդանանին։ Բոլոր չորս երկրներն էլ լարված կամ առնվազն «անհանգիստ» հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, ինչը նրանց դարձնում է բնական դիվանագիտական գործընկերներ Երևանի հետ։ Ադրբեջանը, իհարկե, չի կարող պարծենալ տպավորիչ սփյուռքով, սակայն Բաքուն ակտիվորեն իր շահերն առաջ է մղում իսլամական աշխարհում։ 1990-ականներից ի վեր Իսլամական համագործակցության կազմակերպությունը բազմիցս ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող և Հայաստանի զորքերը Լեռնային Ղարաբաղից, որպես Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքից, դուրս բերելու կոչեր: Իսլամական շատ երկրներ ՄԱԿ-ում և այլ միջազգային հարթակներում աջակցել են Ադրբեջանի բանաձևերին։ ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած առաջին տարիներին Բաքուն մարդասիրական օգնություն էր ստանում Պարսից ծոցի մի քանի բարգավաճ երկրներից, ինչը նպաստեց երկրում իրավիճակի կայունացմանը և միգրացիոն հոսքերի կարգավորմանը։
Տնտեսական առումով Ադրբեջանից Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա էներգետիկ խողովակաշարերն ու տրանսպորտային միջանցքները կասպիականի ռեսուրսների համար ճանապարհ բացեցին դեպի Հարավարևելյան Եվրոպա և Մերձավոր Արևելք՝ ինչը թույլ տվեց Ադրբեջանին ազդելու միջերկրածովյան մի շարք երկրների քաղաքականության վրա: Իսրայելը երկար ժամանակ փորձում է համոզել Ադրբեջանին քայլեր ձեռնարկելու Իրանի հետ կապված ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։
Այսօր Իսրայել ներմուծվող նավթի մոտավորապես 40-45%-ը գալիս է Ադրբեջանից: Ընդ որում, Իսրայելն Ադրբեջանի համար երրորդ արտահանման շուկան է Իտալիայից և Թուրքիայից հետո։ Իսրայելին էներգիայի մատակարարումը նպաստել է երկրների միջև կապերի ամրապնդմանը ինչպես քաղաքական, նույնպես և անվտանգության ոլորտում։ Ադրբեջանը իսրայելական զենքի երկրորդ գնորդն է, ինչն ակնհայտ էր, երբ Բաքուն օգտագործեց իսրայելական անօդաչու թռչող սարքերը Ղարաբաղյան հակամարտության ժամանակ։ Իսրայելը նաև հանդես է գալիս գյուղատնտեսության ոլորտում ավելի սերտ համագործակցության օգտին՝ նկատի ունենալով ածխաջրածիններից կախվածությունը նվազեցնելու Ադրբեջանի ցանկությունը։ Ալբանիան և Իտալիան ադրբեջանական գազ են ստանում Ադրադրիատիկի գազատարով, որը Թուրքիայի տարածքով անցնող Անդրանատոլիական գազատարի շարունակությունն է՝ Վրաստանի հետ սահմաններից մինչև Հունաստանի հետ սահմանները։ Այն թույլ է տալիս Ադրբեջանին թուրքական շուկա մատակարարելու 6 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ լրացուցիչ 10 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է Հարավային Եվրոպայի համար: Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը Կասպից ծովում վիճելի Քյափազ (Սերդար) գազի հանքավայրի համատեղ շահագործման վերաբերյալ, ի վերջո, թույլ կտա Կենտրոնական Ասիայի գազը հասցնել միջերկրածովյան շուկաներ: Հարավային Կովկասի երկրները երկար ժամանակ հանդես են եկել էներգետիկ միջանցքների ստեղծման օգտին, սակայն այդ երթուղիների տնտեսական կենսունակությունը մեծապես կախված կլինի համաշխարհային էներգետիկ շուկաների փոփոխություններից և անցումից ապագայում ձևավորելիք ցածր պարունակությամբ ածխածնին: Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված զինադադարը նախատեսում էր երկու երկրների տարածքով նոր տրանսպորտային ուղիների ստեղծում։ Տեսականորեն այդ ուղիները կարող են Ռուսաստանը կապել Թուրքիայի և Իրանի հետ՝ նոր կապեր ստեղծելով հարավի ու հյուսիսի, ինչպես նաև արևելքի ու արևմուտքի միջև։ Դա հնարավորություն է և՛ ամրապնդելու ռուսական ներկայությունը տարածաշրջանում, և՛ դեպի Կասպից ու Միջերկրական ծովեր, ինչպես և Պարսից ծոց նոր ուղիներ հարթելու համար: Այս ծրագրերը անհանգստություն են առաջացնում Վրաստանում, քանի որ Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող ցանկացած նոր տրանսպորտային ենթակառուցվածք կխաթարի Վրաստանի դերը՝ որպես Արևելք-Արևմուտք առևտրային առանցքային ճանապարհ Կասպից և Միջերկրական ծովերի միջև:
Նախատեսվող որոշ նախագծեր մտահոգիչ են նաև Հայաստանի համար՝ հաշվի առնելով նրա հարաբերությունները Բաքվի և Անկարայի հետ։ Ակնհայտ է, որ Հայաստանի մտավախությունները, Արցախում կայունացման և խաղաղության հաստատման համապարփակ ծրագրի բացակայությունը և Իրանի շարունակական մեկուսացումը կբարդացնեն տարածաշրջանային տրանսպորտային կապերի այս նոր տարբերակի իրականացումը: Վերջին տասնամյակում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները նկատելիորեն բարելավվել են։ Այդ հարցում էական դեր են խաղացել ավելի սերտ էներգետիկ կապերը. որպես օրինակներ նշենք «Թուրքական հոսք» գազատարը կամ «Աքքույու» ատոմակայանը։ Անկարան նաև գնել է ռուսական ՀՕՊ համակարգեր, ինչը լարվածություն է առաջացրել Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև և, իհարկե, շատ ուրախացրել է Մոսկվային։ Փոխըմբռնումը, որը հաստատվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև՝ հատկապես արևմտյան բազմաթիվ քննադատների նկատմամբ նրանց ընդհանուր բացահայտ թշնամանքի պատճառով, բարենպաստ ազդեցություն է ունենում երկու պետությունների հարաբերությունների վրա: Սակայն երկրների հարաբերություններում կան նաև խնդրահարույց ոլորտներ։ Թուրքիան և Ռուսաստանը հակադիր տեսակետներ ունեն Սիրիայում և Լիբիայում հակամարտությունների վերաբերյալ։
Թուրքիան դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան իր եվրասիական հարևանների դեմ, դատապարտում է Ղրիմի բռնակցումը և խոսում Սև ծովում ռուսական ռազմածովային ուժերի կուտակման սպառնալիքի մասին։ Անկարան շարունակում է ռազմական համագործակցությունը Կիևի հետ. 2021 թվականի ապրիլին Ուկրաինան Դոնբասի երկնքում օգտագործեց մի քանի թուրքական Bayraktar-TB2 հարվածային անօդաչու թռչող սարքեր (այդ անօդաչու սարքերը հաջողությամբ օգտագործվել են Ադրբեջանի կողմից 2020 թվականին): Միևնույն ժամանակ Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրման ժամանակաշրջանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանեց Թուրքիա և մասնակցեց թուրք-ուկրաինական բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստին, որին Էրդողանի հետ մասնակցում էր համանախագահի կարգավիճակով: Մոսկվայի գործողությունները Մերձավոր Արևելքում, Թուրքիայի եվրասիական նկրտումները և այն փաստը, որ և՛ Ադրբեջանը, և՛ Վրաստանը Անկարային նայում են որպես Ռուսաստանի հակակշռի, խթանում են ռուս-թուրքական մրցակցությունը: Թուրքիայում շահագրգիռ խմբերը խրախուսում են Անկարայի բազմաշերտ մոտեցումը Վրաստանի հետ հարաբերություններում։ Վրաստանում թուրքական բիզնեսը լավ է զարգանում, և դրա սկիզբը դրվել է 1990-ականներին: Էրդողանի կառավարությունը զգալի դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Վրաստանի տարածքային ամբողջականության հարցին, չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը և դատապարտում է վրացական տարածքների շարունակվող օկուպացիան Ռուսաստանի կողմից։ Միևնույն ժամանակ Թուրքիայում շատ ազդեցիկ աբխազական սփյուռքը, որն ունի հզոր լոբբի խորհրդարանում և գործարար շրջանակներում, նպատակ ունի զարգացնել առևտրային կապերն ու հարաբերությունները Աբխազիայի բնակչության հետ: Ադրբեջանը երկար ժամանակ ձգտել է ավելի ամուր կապեր հաստատել Թուրքիայի հետ՝ Անկարային դիտելով որպես միջազգային հարցերում իր ամենաուժեղ և վստահելի հովանավորի: Թուրքիան Ադրբեջանի և Վրաստանի տնտեսություններում հիմնական ներդրողներից մեկն է, և բոլոր երեք երկրները կապված են ճանապարհների, երկաթուղու և խողովակաշարերի միջոցով։
Ադրբեջանը Թուրքիային համարում է լուրջ հակակշիռ ոչ միայն Ռուսաստանին, այլև ԱՄՆ-ին ու Եվրոպային, որոնք ավելի են կոշտացնում Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված քննադատությունը։ Ադրբեջանին Թուրքիայի անվերապահ աջակցությունը լրջորեն դանդաղեցրեց Ռուսաստանի միջնորդական ջանքերը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի առաջին շաբաթներին։ Բաքվի և Անկարայի համառության շնորհիվ 2021 թվականի սկզբին ադրբեջանի տարածքում ստեղծվեց հրադադարի ռեժիմի մոնիտորինգի թուրք-ռուսական կենտրոն: Քանի որ Թուրքիայի ազդեցությունը Կովկասում մեծանում է, հարավկովկասյան բոլոր երեք պետություններն էլ ստիպված են մտածել, թե ինչպես հարմարվեն տարածաշրջանում Թուրքիայի աճող, իսկ Հայաստանի դեպքում՝ նաև Ռուսաստանի նվազող դերի մասին:
Ճիշտ է, Անկարան ստիպված է հավասարակշռել իր ներկայությունը Հարավային Կովկասում և պահպանել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ռուսաստանը դեռ ձգտում է տարածաշրջանը պահել որպես իր գերակշռող ազդեցության գոտու մաս և այնքան էլ շահագրգռված չէ, որ Թուրքիան ավելի մեծ տարածաշրջանային տերության վերածվի: Այդուհանդերձ այն փաստը, որ Թուրքիան կարևոր դերակատարություն է ձեռք բերել Կովկասում, կատարված փաստ է, որի հետ այժմ Ռուսաստանը պետք է հաշվի նստի։ Ինչպես նշել է Ստամբուլի Օկան համալսարանի միջազգային հարաբերությունների դոցենտ Հաբիբե Օզդալը, Ռուսաստանն ու Թուրքիան դաշնակիցներ չեն Կովկասում և Մերձավոր Արևելքում. նրանք պարտադիր չէ, որ հետապնդեն նույն նպատակները: Բայց քանի որ երկու ուժերը մշտապես խաչվում են միմյանց հետ, նրանք երբեմն ուղիներ են գտնում հաշտեցնելու իրենց հակասական շահերը, հարթելու սուր անկյունները: Մինչ Թուրքիան և Ռուսաստանը պայքարում են Կովկասում ազդեցության համար, այլ երկրներ նույնպես զբաղված են այստեղ իրենց ազդեցության հաստատմամբ։ Թեև Չինաստանը աշխարհագրորեն հեռու է, բայց օգտվում է տարբեր հնարավորություններից՝ ուսումնասիրելով ենթակառուցվածքային նախագծերի հնարավորությունները Հարավային Կովկասում, Պարսից ծոցում և Միջերկրական ծովում։
Նավահանգիստների, ճանապարհների և երկաթգծերի հետ կապված ամեն ինչ գտնվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» լայնածավալ նախաձեռնության հետ կապված նախատեսությունների շրջանակում։ Չինական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերել Վրաստանի և Ադրբեջանի ափերին ենթակառուցվածքային նախագծերի, ինչպես նաև հարավկովկասյան բոլոր երեք երկրներում ճանապարհների ու երկաթուղիների կառուցման հարցում։ Այնուամենայնիվ այս նախագծերի շուրջ առաջընթացը դանդաղ է և ուղեկցվում է կոռուպցիայի, աշխատողների շահագործման և շրջակա միջավայրին հասցված վնասի վերաբերյալ լուրջ մեղադրանքներով: 2020 թվականին Անակլիայի զարգացման կոնսորցիումի (ի սկզբանե վրաց-ամերիկյան կազմակերպություն) հետ պայմանագիրը չեղարկելու Վրաստանի որոշումը Սև ծովում խորջրյա նավահանգիստ կառուցելու համար, վերակենդանացրել է Չինաստանի երկարամյա հետաքրքրությունը նախագծի նկատմամբ: Պեկինը, ըստ երևույթին, ձգտում է միացնել այն կառույցը, որը նա ստեղծել է Կենտրոնական Ասիայում նմանատիպ ակտիվների հետ, որոնք կամ վերահսկում են, կամ նախատեսում են օգտագործել Միջերկրական ծովում՝ Կովկասի ճանապարհով: Կովկասի նկատմամբ Չինաստանի հետաքրքրությունը, սակայն, կարող է ավելի շատ ցուցադրական լինել։ Չինական ֆինանսական հոսքերը չիրականացան այնքան արագ, որքան սպասում էին տարածաշրջանի պետությունները: Տեղական առաջնորդները շարունակում են Պեկինը դիտարկել որպես տասնամյակների վաղեմության խնդիրները լուծելու հնարավորություն՝ կապված տարածաշրջանում ռուսական գերիշխող ներկայության սպառնալիքի, ինչպես և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ստեղծած լարվածության հետ: Իրանը ևս բարձրաձայնում է Կովկասում իր հավակնությունների մասին։
Թեհրանը նախաձեռնել էր խաղաղության հաստատման իր ձևաչափը 2020 թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմի ամենաթեժ պահին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարից հետո: Իրանը աջակցեց 3+3 ձևաչափի գաղափարին, ինչը տարածաշրջանային համագործակցության մեխանիզմն է՝ առաջարկված Թուրքիայի կողմից, և որը կմիավորեր կովկասյան երեք պետությունները Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ:
Այս մեխանիզմն ավելի քան նման է Սիրիայում երեք տերությունների կողմից փորձարկված համագործակցության և ռազմական ջանքերի համադրմանը։ Կովկասյան պետությունները, հատկապես՝ Վրաստանը, սառնասրտորեն արձագանքեցին այս առաջարկին։ Արևմուտքի կամ այլ հզոր խաղացողների տեսքով հակակշիռ չունենալու դեպքում վրացիները գոյաբանական մակարդակով զգուշանում են տարածաշրջանում գերիշխելու Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ձգտումներից: Մյուս կողմից՝ Ադրբեջանի և Հայաստանի համար Իրանը Պարսից ծոցի տարածաշրջանի հիմնական արտահանման շուկան է։ Երկու երկրները շարունակում են շահագրգռված մնալ հարավում տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցմամբ, որոնք կնպաստեն Պարսից ծոցի երկրների ավելի լայն շուկաների զարգացմանը:
Մինչև 2018 թվականի Իրանի տնտեսական դժվարությունները և կորոնավիրուսի համաճարակը Իրանից ժամանողները կարևոր գործոն էին Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում։ Որպես հիմնական աճի ոլորտ և զբաղվածության զգալի աղբյուր Հայաստանի և Վրաստանի տնտեսությունների համար՝ տարածաշրջանում զբոսաշրջությունը կենտրոնացած է հիմնականում փոքր բիզնեսում: Իրանից զբոսաշրջությունը գագաթնակետին է հասել 2017-2018 թվականներին, երբ Հայաստան է մուտք գործել 220 հազար իրանցի, Վրաստան՝ 320 հազար, Ադրբեջան՝ 360 հազար: Թվերը զգալիորեն նվազել են 2018 և 2019 թվականներին, թեև Իրանը դեռևս այն երկրների հնգյակում է, որտեղից ամենաշատ զբոսաշրջիկներն են գալիս Հարավային Կովկաս։
Պարսից ծոցի այլ երկրներ նույնպես սկսել են ներդրումներ կատարել Հարավային Կովկասի երկրներում զբոսաշրջության, բանկային, շինարարության և էներգետիկայի ոլորտներում, սակայն նրանք հիմնականում ձեռնպահ են մնում քաղաքականությանը և ռազմական գործողություններին առնչվելուց՝ ի տարբերություն Մերձավոր Արևելքում իրենց պահվածքի, ինչպես, օրինակ՝ Սաուդյան Արաբիան՝ Եմենում, կամ Արաբական Միացյալ Էմիրությունները՝ Լիբիայում: Սաուդյան Արաբիան վերջերս հայտարարեց Ադրբեջանում հողմակայան կառուցելու համաձայնագրի մասին, իսկ ԱՄԷ-ն ավելի քան 2 միլիարդ դոլար է ներդրել համատեղ ներդրումային հիմնադրամում, որը ստեղծվել է 2016 թվականին։ Վերջին տարիներին աճել է նաև ԱՄԷ-ի և Ադրբեջանի միջև առևտուրը, թեև 2019 թվականին ցուցանիշները եղել են համեմատաբար ցածր՝ կազմելով 240 մլն դոլար։ Նկատելի է առևտրային անհավասարակշռություն, քանի որ Էմիրություններից Ադրբեջան ներմուծումը զգալիորեն գերազանցում է Ադրբեջանի արտահանմանը։ Բաքուն հույս ունի, որ Էմիրությունների ներդրումները կօգնեն Ադրբեջանին՝ վերականգնելու հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված տարածքները։
Միևնույն ժամանակ Հայաստանն ու Վրաստանը Պարսից ծոցը դիտարկում են որպես գյուղատնտեսական արտահանման պոտենցիալ շուկա և ցանկանում են ազատ առևտրի համաձայնագրեր ապահովել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ: Կովկասի հարուստ բնակիչները, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության հետ առնչվողները, նույնպես Դուբայը համարում են լավ վայր բնակություն հաստատելու կամ փող լվանալու համար:
Տարածաշրջանում խիստ ակտիվանում է Ֆրանսիան: Չնայած Մինսկի խմբին իրենց երկար անդամակցությանը՝ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ Միացյալ Նահանգները չեն կարողացել կամ գուցե չեն ցանկացել միջնորդել անգամ ժամանակավոր զինադադարի հաստատմանը: Ադրբեջանը գտնում էր, որ երկու երկրներում էլ կան մեծ ու ազդեցիկ հայկական համայնքներ, ուստի նրանք չեն կարող լինել անաչառ բանակցողներ։ Մյուս կողմից՝ այս պատերազմում Հայաստանն իրեն լքված էր զգում Արևմուտքի (և Ռուսաստանի) կողմից, քանի որ հրադադար ապահովելու՝ Թրամպի վարչակազմի կիսատ ջանքերը շատ ուշացած էին: Դեռևս պարզ չէ, թե Ջո Բայդենի վարչակազմը ինչպիսի՞ ծրագրեր ունի հետպատերազմյան կայունացման, հաշտեցման և կառավարման նախագծերի համար. ոլորտներ, որտեղ կա արևմտյան աջակցության, ֆինանսավորման և մասնագիտական փորձաքննության կարիք: Բացի էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի երկու նշանակալի ներդրումներից, ինչպես նաև հայկական սփյուռքի դրամական փոխանցումներից և բարեգործական նվիրատվություններից՝ ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերն աննշան են: Երևանը հուսով է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական, այսպես կոչված, բարեփոխումների ուղղությամբ երկրի ջանքերը ճանապարհ կհարթեն Եվրոպայի ավելի մեծ տնտեսական ներգրավվածության համար:
Չնայած տնտեսական գործընկերների շրջանակն ընդլայնելու վերջին փորձերին՝ դժվար թե Հայաստանին մոտ ապագայում դա հաջողվի՝ հաշվի առնելով երկրում Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը։ 2020 թվականի պատերազմում կրած պարտության հետևանքով և ոչ միայն այս պատճառով ստեղծված քաղաքական անկայունությունը երկրում վատթարացնում է նաև ներդրումային միջավայրը։ Իսկ Ադրբեջանի համար, չնայած լարված հարաբերություններին, ԵՄ-ն մնում է ամենամեծ առևտրային գործընկերը (չնայած այս առևտրի մեծ մասը էներգետիկ ոլորտում է և հիմնականում մեկ երկրի՝ Իտալիայի հետ): Մինչդեռ Վրաստանը դեռ ձգտում է դառնալ անդրատլանտյան համայնքի անդամ։ Ի նշան Արևմուտքի հետ գործընկերության՝ նա հիմք է ստեղծել Թբիլիսիի մերձակայքում ՆԱՏՕ-ի ուսումնամարզական ճամբարի համար, թեև այս երկիրը գտնվում է ծայրահեղ անապահով վիճակում՝ կապված Վրաստանից տարածքների անջատման, ինչպես և Ռուսաստանի կողմից նրա ինքնիշխանությանը սպառնացող մշտական սպառնալիքների զգացողության հետ։ Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալը չնչին է՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին Վրաստանի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը հանգեցրել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացմանը։ Եվս մեկ անգամ կրկնենք, որ աշխարհաքաղաքական առումով Հարավային Կովկասը անցումային շրջանում է։ Դադարելով լինել Խորհրդային Միության անքակտելի մասը՝ նա այսօր կապված է աշխարհի շատ ավելի մեծ թվով տարածաշրջանների հետ՝ գտնվելով նրանց ազդեցության տակ և շփվելով նրանց հետ։ Աճում է Հարավային Կովկասի պետությունների և Միջերկրականում և Պարսից ծոցում նրանց հարևանների փոխկախվածությունը։
Այս միտումը տագնապ է առաջացնում Ռուսաստանում: Հասկանալի էր, սակայն, որ Ռուսաստանի ինքնաօտարման դեպքում (դա Փաշինյանի հայտնագործությունը չէ, մեր աչքի առաջ տեղի ունեցող իրողություն է), Հարավային Կովկասը, փաստորեն, հայտնվելու է իր պատմական, աշխարհաքաղաքական միջավայրում՝ որպես տարբեր ազդեցիկ հարևաններով շրջապատված տարածաշրջան։ Տարածաշրջանն իր հերթին ենթարկվում է ավելի լայն գլոբալ զարգացումների ազդեցությանը: Վաշինգտոնի արտաքին քաղաքականության պասիվացումը Օբամայի, և ավելի շատ՝ Թրամփի օրոք, ժամանակին հանգեցրեց ամերիկյան մեկուսացման խորացմանը: Սրա հետևանքով առաջացած վակուումը դրդեց հարավկովկասյան բոլոր պետությունների ղեկավարներին՝ ձևավորելու խաչաձև հարաբերություններ, որոնք ավելի սերտորեն են կապում Կովկասը Մերձավոր Արևելքի, Միջերկրական ծովի և Ասիայի հետ: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանային ինտեգրումը կարող է դառնալ դրական գործոն: Այսօր Ռուսաստանում պետք է գիտակցեն, որ սա տրամաբանական գործընթաց է, երբ իր քաղաքական վայրիվերումների, ոչ հետևողական արտաքին քաղաքական ուղենիշերի պարագայում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունները հետևում են Վաշինգտոնի ազդանշաններին՝ տեսնելու, թե արդյոք Բայդենի վարչակազմը հակված է ուշադրություն դարձնելու Հարավային Կովկասին:
Առաջին հայացքից ԱՄՆ-ի ներկայիս ձգտումը ձևավորելու Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանցքը և Չինաստանի վերելքին արձագանքելու անհրաժեշտությունը հուշում են, որ Վաշինգտոնը կենտրոնանալու է ավելի հրատապ խնդիրների վրա այլուր: Բացի այդ՝ Բայդենի վարչակազմը բախվում է բավականին հրատապ գլոբալ և ներքին այլ խնդիրների հետ՝ սկսած տնտեսական վերականգնումից, ռասսայական արդարադատությունից և կլիմայի փոփոխությունից: Այս ֆոնին Հարավային Կովկասի առանցքային խաղացողները դժվար թե արժանանան Վաշինգտոնի ավելի լուրջ ուշադրությանը: Այնուամենայնիվ, ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչները կձգտեն ավելի կայուն, բարգավաճ և արևմտյան հստակ կողմնորոշմամբ Հարավային Կովկասի կայացմանը:
Բայց դրան հնարավոր չէ հասնել միայն ցանկությամբ։ Միայն լայնամասշտաբ բարեփոխումները տարածաշրջանին հնարավորություն կտան լուծելու կառավարման խորքային խնդիրները, տեղական հակամարտությունները, ինչպես նաև հնարավորություն կստեղծեն ինտեգրվելու ավելի լայն տարածաշրջանային (և համաշխարհային) տնտեսական և քաղաքական կառույցներին: Հայաստանում և Վրաստանում քաղաքական ճգնաժամերը ցույց տվեցին, որ հասարակությունները դեռևս խիստ բևեռացված են, իսկ ժողովրդավարական հետընթացն իրական սպառնալիք է: Այնուամենայնիվ, տարածաշրջանի երկրների քաղաքացիները հասկացել են, որ իրենց անհրաժեշտ է արդյունավետ կառավարություն և տնտեսություն: Հաճելի է, թե ոչ, սակայն ընկալելի է, որ Վաշինգտոնի արտաքին քաղաքական օրակարգի համար պատասխանատու թիմը Հարավային Կովկասի նկատմամբ մոտեցում մշակելիս ճանաչել է տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները և խրախուսում է արագորեն ընդլայնվող կապերը մոտ և հեռու հարևանների հետ: Տարածաշրջանին այլևս չի կարելի նայել Ռուսաստանի և Արևմուտքի միջև զուտ մրցակցության պարզունակ պրիզմայով կամ, այսպես կոչված, ռուսական նեոիմպերիալիզմին ընդդիմանալու դերում: Տարածաշրջանի ճակատագիրը մշտապես վիճարկվում է զարգացող հզոր տերությունների կողմից և կրում ավելի լայն տարածաշրջանային ազդեցություն՝ գործընթացների ազդեցությունը՝ ներառյալ ծայրահեղականությունը, միգրացիան, էթնիկական լարվածությունը, էներգետիկ շուկայում փոփոխությունները: ԱՄՆ-ն ունի իր սեփական շահերը Հարավային Կովկասում, հատկապես Վրաստանում, որտեղ մեծ ներդրումներ են կատարվել պետական, քաղաքական և տնտեսական բարեփոխումների, պաշտպանության ամրապնդման և Արևմուտքին ինտեգրվելու ուղղությամբ: Սակայն ԱՄՆ-ի նախկին քաղաքականության բնույթը հուշում է, որ Վաշինգտոնը չունի և, ամենայն հավանականությամբ, Հարավային Կովկասում չի ունենա այնպիսի լուրջ ռազմավարական շահեր, ինչպիսիք ունեն մյուս խոշոր խաղացողները։ Հենց միայն ԱՄՆ-ի և Կովկասի միջև եղած հեռավորությունը հուշում է, որ Վաշինգտոնը չպետք է ձևացնի, թե դա գործոն չէ:
Հեռավորությունը, իհարկե, չի նշանակում, թե Բայդենի վարչակազմը կանտեսի տարածաշրջանը՝ հատկապես հաշվի առնելով, որ այստեղ են Արևմուտքի որոշ խոշոր մրցակիցների (Չինաստան, Իրան և Ռուսաստան) և նրա ամենադժվար գործընկերների (Իսրայել, Թուրքիա, Սաուդյան Արաբիան) շահերը խաչվում: Վաշինգտոնը պետք է վերջապես ճանաչի այլ խաղացողների դերը, ինչպես նաև այն փաստը, որ նրանք նույնպես շահագրգռված են Հարավային Կովկասի կայունության հարցում, և ապավինի նրանց՝ օգտագործելու սեփական ներուժը տարածաշրջանում ընդհանուր շահերի պաշտպանության համար: Նոր մոտեցումը պահանջում է ԱՄՆ-ի հզորության ավելի նպատակային կիրառում և ավելի նուրբ գործիքակազմ՝ նախկինում Վաշինգտոնի կողմից առաջ մղվող զանգվածային փոխակերպման ծրագրերի փոխարեն, սովորաբար փոքր հաջողությամբ: Այս ենթատեքստում Հայաստանը ամենադժվարին վիճակում է ոչ միայն Եվրասիական տնտեսական համագործակցության բազմաթիվ սահմանափակումների պատճառով, այլև առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ին անդամակցության բերումով: Այո՛, պետք է ընդունենք, որ ՀԱՊԿ-ի համար գլխավոր փորձությունը 44-օրյա պատերազմն էր: Կազմակերպությունը, փաստորեն, ժամանակի քննությունը չհանձնեց։ Սա լուրջ հիասթափություն առաջացրեց հայ հասարակության մեջ, որին չբավարարեց իրավական բացատրությունը, թե մարտերը տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում՝ ֆորմալ առումով Ադրբեջանի տարածքում։ Ավելին, ժամանակ առ ժամանակ ադրբեջանական հրթիռները թռչում էին հենց Հայաստանի տարածք, Սյունիք և Վարդենիս, իսկ անօդաչուները՝ գրեթե մինչև Երևան: Ժամանակին Ադրբեջանը նույնիսկ ընդունել էր նման գնդակոծության փաստը՝ այն անվանելով «կանխարգելիչ հարված՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»:
Տեսականորեն այս պայմաններում կարող էր գործել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածը, որի հիման վրա էլ ստեղծվել է կազմակերպությունը։ Դրանում ասվում է․ «Եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի (զինված հարձակում, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը), ապա դա մասնակից պետությունների կողմից կդիտվի որպես ագրեսիա բոլոր պետությունների դեմ»։ Որոշ հայ քաղաքական գործիչներ այն ժամանակ մատնանշեցին այս փաստը և պահանջեցին, որ Նիկոլ Փաշինյանը դիմի ՀԱՊԿ-ին, սակայն նա ինչ-ինչ պատճառներով չդիմեց։ Փաշինյանը ՀԱՊԿ-ի օգնությանը պաշտոնապես դիմեց միայն 2021-ի գարնանը, երբ ադրբեջանական զինուժը սկսեց «սահմանը ճշտել» և դիրքավորվեց հայկական տարածքում։ Ինչ-որ պահի ըստ դիտարկումների՝ Հայաստանի տարածքում գտնվել է մինչև հազար ադրբեջանցի զինվոր, իսկ սահմանի հյուսիսային հատվածներում նույնիսկ փոխհրաձգություններ են տեղի ունեցել։ Աջակցության համար դիմելու ընթացակարգը մեկնարկել է, սակայն Դուշանբեում նախարարների հանդիպման ժամանակ դիմումը մերժվել է։ Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ում դաշնակցին պաշտպանելու համար ուժեր օգտագործելու որոշումը կայացնում են մասնակից երկրների ղեկավարները։
Բացի այդ՝ կա նաև ՀԱՊԿ նախագահի գործոնը․ նա պետք է բարձրացնի օգնության հարցը։ Նախագահը փոխվում է ամեն տարի, նա ղեկավարն է այն երկրի, որտեղ անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը։ 2020 թվականին դա Ռուսաստանն էր, իսկ 2021 թվականին՝ Տաջիկստանը։ Այսինքն, որպեսզի Հայաստանը ՀԱՊԿ-ից իրական ռազմական օգնություն ստանար, Փաշինյանի կոչից հետո հարցը պետք է բարձրացներ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, իսկ մյուս բոլոր ղեկավարները միաձայն հավանություն տային օգնության տրամադրմանը, քանի որ կազմակերպությունում որոշումները ընդունվում են կոնսենսուսով։ Ակնհայտորեն, գրեթե անհնար է այն իրավիճակը, երբ ՀԱՊԿ-ը կարող է իրական կոլեկտիվ պաշտպանական գործողություններ սկսել։ Ժամանակակից պատերազմները սահմանային բախումներ են, դիվերսիա, դժվար ապացուցելի կիբերհարձակումներ: Իսկ ՀԱՊԿ կանոնադրությունը գրված է «Բարբարոսայի» պլանի ոճով լայնածավալ ռազմական հարձակման համար: Հայ հասարակությունը, բնականաբար, դաշնակիցների այս վերաբերմունքն ընկալեց որպես դավաճանություն։ Հենց Հայաստանում էր, որ մարդիկ ամենաշատը ՀԱՊԿ-ի վրա հույս դրեցին, քանի որ այստեղ ռազմական սպառնալիքը միանգամայն իրական է։
Այժմ հարցումները ցույց են տալիս, որ հարցվածների միայն 7%-ն է ակնկալում ՀԱՊԿ-ի օգնությունը, իսկ հայ քաղաքական գործիչները պարբերաբար քննադատում են կազմակերպությանը դանդաղկոտության համար: Անցած տարվա ընթացքում ՀԱՊԿ-ի երկրորդ փորձությունը նրա երկու անդամների զինված հակամարտությունն էր՝ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև ապրիլյան սահմանային պատերազմը, որի ժամանակ կիրառվեցին տանկեր և ականանետեր։ Իրավիճակն այնտեղ արտառոց էր նրանով, որ մարտերի ժամանակ Ղրղզստանի պաշտպանության նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը գտնվում էին թշնամու մայրաքաղաք Դուշանբեում, հենց ՀԱՊԿ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
Ասել է, թե մասնակից երկրները չփորձեցին ինչ-որ կերպ բարելավել ՀԱՊԿ-ի իմիջը և գործերով ամրապնդել նրա սուբյեկտայնությունը։ 2017 թվականին Ռուսաստանում քննարկվում էր այն հարցը, որ կազմակերպությունը պետք է պայքարի սպառնալիքների դեմ ոչ միայն իր սահմաններում, այլև հեռավոր մատույցներում, օրինակ՝ Սիրիայում։ Հիշեցնենք, որ այն ժամանակ Մոսկվան դաշնակիցներին խնդրեց Սիրիա ուղարկել իրենց զորախմբերը, սակայն միայն Հայաստանը արձագանքեց՝ ակնհայտորեն ցանկանալով ցույց տալ իր առանձնահատուկ հավատարմությունը։ Ճիշտ է, հայ զինվորականները չեն մասնակցել մարտերին՝ սահմանափակվելով ականազերծման գործողություններով։ Երբ Դոնբասի շուրջ բանակցությունների ժամանակ խոսվեց խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին, ենթադրվեց, որ նրանք պետք է լինեն ՀԱՊԿ-ի ներկայացուցիչներ։ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը նույնիսկ չբացառեց, որ դա կարող է տեղի ունենալ, եթե վերևներում քաղաքական որոշում լինի։ Բայց դրանից հետո Դոնբասի կարգավորումը կանգ առավ, և նման լավատեսական սցենարն այլևս չի հիշվում։
Ի վերջո, ՀԱՊԿ-ի շրջանակներում փորձեցին ստեղծել ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցանկ։ Բայց այս միտքը նույնպես անիրագործելի էր։ Օրինակ՝ Հայաստանն ընդհանրապես չունի ահաբեկչական կազմակերպությունների սեփական ցանկ, մինչդեռ Տաջիկստանում այդ ցանկում ներառված է, օրինակ, ընդդիմադիր «Իսլամական վերածնունդ» կուսակցությունը, որը հանրապետության խորհրդարանում ներկայացված է եղել մինչև 2015 թվականը, որից հետո նրան մեղադրեցին երկրի նորագույն պատմության ընթացքում տեղի ունեցած գրեթե բոլոր ահաբեկչությունները կազմակերպելու համար։ Այս դեպքում տհաճ ընտրության առաջ կկանգնեին նաև Ղազախստանն ու Ղրղզստանը։ Այժմ, որպեսզի չնեղացնեն իրենց թուրք գործընկերներին, նրանք պետք է Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) ճանաչեն որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ Մոսկվան չի պատրաստվում նման զիջումների Անկարային։ Հետևանքն այն է, որ ՀԱՊԿ-ն իրեն գրեթե ոչնչով չի արդարացնում՝ բացառությամբ ՆԱՏՕ-ի զորավարժություններին ի պատասխան կազմակերպված զորավարժությունները և «ռազմաքաղաքական իրավիճակի քննարկման» կլոր սեղանները։ Նման հանդիպումների ժամանակ նրանք, ի թիվս այլ հարցերի, խոսում են այն «կենսաբանական սպառնալիքի» մասին, որն ԱՄՆ-ն ստեղծում է հետխորհրդային տարածքում գտնվող լաբորատորիաների միջոցով։
Խնդիրն այն է, սակայն, որ Մոսկվային անհանգստացնող լաբորատորիաներ կան նաև Հայաստանում և Ղազախստանում, որոնք կազմակերպության անդամ են։ Տեղին չէ խոսել նաև ընդլայնման միջոցով ՀԱՊԿ-ի վերակենդանացման հնարավորության մասին։ Ռուսական իլյուզիաների դաշտում մի քանի տարի առաջ շատ էին վիճում Ադրբեջանի հնարավոր մուտքի մասին դաշինք, մանավանդ որ 1992-ին նա նույնպես ստորագրեց Հավաքական անվտանգության պայմանագիրը։ Բայց, ըստ ամենայնի, դրանք Հայաստանին մեկուսացնելու Բաքվի դիվանագիտական մանևրներն էին միայն։ Հիմա, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակից հետո, Ադրբեջանը դժվար թե ցանկանա իրեն կապել ավելորդ պարտավորություններով։
Մուտքի, ավելի ճիշտ՝ վերադարձի մյուս տեսական թեկնածուն Ուզբեկստանն էր, որը ՀԱՊԿ-ից դուրս եկավ 2012 թ: Երբ 2016-ին իշխանության եկած Շավքաթ Միրզոևը սկսեց բարելավել հարաբերությունները իր հարևանների հետ, ենթադրվում էր, որ Տաշքենդը կարող է վերադառնալ ՀԱՊԿ։ Չէ՞ որ 2006 թվականին նա արդեն դադարեցրել էր իր մասնակցությունը, իսկ հետո վերադարձել։ Չվերադարձավ, չէ՞: Մեր ասելիքը մեկն է: Տեսնես ե՞րբ Հայաստանում իշխանության եկած «կինդերսյուրպրիզների» մանկախումբը հանգիստ կթողնի «հանգուցյալին» դատափետելը և կզբաղվի գործով: Ռուսաստանը իրապես լուրջ խնդիրներ է կուտակել, և Հայաստանի խնդիրն է ճիշտ ժամանակին ընկալել, որ հյուսիսային քամիները կարող են ուղղությունը փոխել և դադարեցնել անիմաստ փոխհրաձգությունը: Ակնհայտ է, որ այն, ինչը ժամանակին կարելի էր համարել Ռուսաստանի տպավորիչ դիվանագիտական հաղթանակ, այսօր դառնում է թակարդ: Ռուսաստանի՝ իրար հերթ չտվող փոխարտգործնախարարների հայտարարությունները պարզած ձեռք են, և վկայում են նաև նրա մասին, որ ռուսական դիվանագիտությունը գործում է ծայրահեղ ցայտնոտի պայմաններում: Ռուսաստանը իր վրա էր վերցրել հսկայական պատասխանատվություն, և երբ ինչ-որ բան սկսում է այնպես չընթանալ, երկու կողմի համար էլ այդ երկիրը դառնում է դժգոհության թիրախ։ Տողերիս հեղինակը առիթ ունեցել է հայտնելու այն տեսակետը, որ գերտերությունները դաշնակիցներ չեն ունենում դրանց անհրաժեշտության բացակայության պատճառով: Սակայն այսօր ստեղծվել է եզակի (ունիկալ) իրավիճակ, երբ Ռուսաստանը ոչ միայն որևէ դաշնակից չունի Հարավային Կովկասում, այլև չկա որևէ ուժ, որը տարածաշրջանում կներկայացնի այդ երկրի շահերը: Նման իրավիճակ չի եղել նույնիսկ 1917 թվականի աշնանը, երբ փլուզվեց ցարական Ռուսաստանը: Ե՛վ Անդրկովկասյան սեյմում, և՛ կոմիսարիատում հայկական ֆրակցիաները կենաց և մահու կռիվ էին տալիս Այսրկովկասում Ռուսաստանի ներկայությունը պահպանելու համար: Այսօր բացառություն կարելի է համարել Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան և Արցախում տեղակայված խաղաղապահներին, սակայն երկուսի ճակատագիրն էլ կարծես օդից է կախված: Աշխարհաքաղաքական շախմատը, դիվանագիտությունը, ինչպես և ֆինանսները լռություն են սիրում:
Միգուցե ժամանակն է, որպեսզի Հայաստանում իշխանության եկած դիլետանտ «ամենագետների» այս խմբակը, որը վայելում է «ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը» և կամ երկրի կազմաքանդման պատվեր է կատարում, կամ ընդամենը մոլորյալ է, ճիշտ ընկալի Մոսկվայից եկող ազդակները, դուրս գա հրապարակային պոպուլիզմի և փոխհրաձգության դաշտից և վերադառնա մեր գոյաբանական խնդիրների քննարկման՝ դարեր շարունակ ընդունված տարբերակին: Ռուսները ասում են, «в тиши кабинетов» (կաբինետների լռության մեջ): Մի բանում կարող ենք վստահ լինել: Ռուսաստանը ոչ մի տեղ չի գնում: Ռուսը Կովկասը իր տունն է համարում, և դժվար ինչ-որ մեկին հաջողվի նրան վռնդել իր տնից: Հին հակամարտությունը, ըստ Մոսկվայի ցանկության, կարող է պարզապես նոր ձևեր ստանալ, և պարտադիր պայման չէ, որ 21-րդ դարի Բյուզանդիան, անպայման, լինի հակադիր խրամատում: Դրան պետք է պատրաստ լինել:
Սարգիս Սարգսյան
Մոսկվայի Սևծովյան-կասպիական տարածաշրջանի ինստիտուտի
ավագ գիտաշխատող