Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է
26 Հոկտեմբեր 2023
Անպատիժ հանցագործությունները ոչ միայն կրկնվելու, այլև շատ հաճախ կրկնօրինակվելու հատկություն ունեն
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված ռազմական ագրեսիան և դրան հաջորդած իրադարձությունները տարաբնույթ մեկնաբանությունների և գնահատականների արժանացան՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային քաղաքական, գիտական, հանրային և մեդիա տիրույթում՝ առաջացնելով իրադարձությունների ճշգրիտ բնութագրման կատարյալ քաոս։ Արցախի Հանրապետությունը շուրջ ինն ամիս ապօրինի շրջափակման մեջ պահելուց, մշտապես ռազմատենչ սպառնալիքներ հնչեցնելուց հետո Ադրբեջանի իշխանությունները, բախվելով արցախահայության՝ հայրենի հողում ապրելու և արարելու աննկուն վճռականությանը, որոշեցին իրենց բաղձալի վերջնանպատակին հասնել, այն է՝ տիրանալ Արցախի Հանրապետությանը ռազմական ճանապարհով։ Սկսելով չհայտարարված ռազմական գործողություններ՝ Ադրբեջանի զինված ուժերը շուրջ մեկուկես օր կիրառեցին արգելված զինատեսակներ, ռմբակոծեցին բնակավայրեր, թիրախավորեցին քաղաքացիական հաստատություններ ու անձանց, որոշ բնակավայրերում, օգտվելով միայնակ մնացած կանանց, երեխանների և ծերերի անպաշտպան վիճակից, կատարեցին մարդկային բանականության և երևակայության անսահմանության մեջ չտեղավորվող վայրագություններ։ Այս ամենը, ի վերջո, ստիպեց Ադրբեջանի ագրեսիայի դեմ միայնակ պայքարող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական իշխանություններին գնալու բանակցությունների՝ այդ ճանապարհով փորձելով փրկել արցախահայությանը ֆիզիկական լիակատար բնաջնջումից։ Մի քանի օր տևած բանակցություններից հետո, պատմության մեջ առաջին անգամ, հայկական Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։
Սույն հոդվածի նպատակն է փաստական տվյալների հիման վրա ներկայացնել Արցախի ամբողջական հայաթափման ընթացքում, դրան նախորդող ինն ամիսների շրջափակման ժամանակ և հայաթափված Արցախում այսօր տեղի ունեցող իրադարձություններն ու դրանց իրավական նկարագիրը՝ դրանով իսկ կանխելով տեղի ունեցածի կամայական կամ սիրողական բնութագրումները, որոնք հղի են բազում վտանգներով, այդ թվում նաև՝ տեղի ունեցածի վերաբերյալ իրավական դաշտում վճռական քայլեր ձեռնարկելու, պատշաճ որակավորում տալու և կատարված հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հնարավորությունների վիժեցման առումով։
Արցախահայության դեմ իրագործված և դեռևս շարունակվող հանցագործությունները պետք է դիտարկել և քննել մեկ ամբողջության մեջ, քանզի դրանք Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով մշակված, ավելին` որպես պետական ռազմավարություն ընդունված, քաղաքականության դրսևորում են։ Դրանք ունեն Քրեական իրավունքում հստակ սահմանված անուն և բնութագրում։ Արցախահայության դեմ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսված և ցայսօր շարունակվող Ադրբեջանի՝ ի դեմս ռազմաքաղաքական ղեկավարության, գործողություններն իրենց բնույթով և էությամբ լիովին համապատասխանում են 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայով սահմանված հատկանիշներին։
Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի Հանրապետությունում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, տեղական քաղաքական, հանրային և լրատվական դաշտում, երբեմն նաև գիտական միջավայրում, բնութագրվում են որպես էթնիկ զտումներ։ Այս առումով միջազգային քաղաքական և լրատվական դաշտում իրավիճակն է՛լ ավելի աղետալի է, քանզի ադրբեջանական նավթային և խավիարային դիվանագիտության արդյունքում բարձր բարոյական արժեքներ քարոզող, արդարության, հավասարության և ժողովրդավարության մասին բազմահատոր գրականություն հրատարակող և երկարաժամ ելույթներ ունեցող արևմտյան քաղաքական գործիչները, որոշում կայացնողներն ու այդ ամենը լուսաբանող միջազգային ճանաչում ունեցող լրատվական գործակալություններն ու դրանց ներկայացուցիչները դեռևս խորը տարակուսանքի մեջ են և դժվարանում են հստակ գնահատական տալ տեղի ունեցածին, երբեմն կցկտուր և կիսաբերան հայտարարելով, թե «միգուցե տեղի ունեցածը էթնիկ զտումներ են»։
Եղան բացառություն կազմող իրավապաշտպան կազմակերպություններ, անհատ քաղաքական գործիչներ և պետություններ, որոնք տեղի ունեցածը բնութագրում են որպես էթնիկ զտումներ ։ Սակայն, հարկ է ընդգծել, որ «էթնիկ զտում» բնութագրումը արցախահայության դեմ Ադրբեջանի իրականացրած գործողությունների նկարագրության և որակման պարագայում սխալ է։ Այս պնդումը հիմնավորելու համար նախ ներկայացնենք, թե ինչ է նշանակում «էթնիկ զտումներ» եզրույթը, և ինչ իրավական հետևանքներ կարող է առաջացնել այն կատարած պետության կամ պետությունների և դրանց իշխանությունների համար։
«Էթնիկ զտում» եզրույթը, որն ի հայտ է եկել միայն 1990-ական թվականներին՝ բնութագրելու համար նախկին Հարավսլավիայում տեղի ունեցող իրադարձությունները, քրեական իրավունքի համաձայն, չի ճանաչվում որպես ինքնուրույն հանցագործություն։ «Էթնիկ զտում» եզրույթը գործածվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և գլխավոր ասամբլեայի բանաձևերում և նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալի վճիռներում և մեղադրական եզրակացություններում, թեև չի եղել քրեական հետապնդում սահմանող կետերից որևէ մեկը։
«Էթնիկ զտումներ» եզրույթը քրեական իրավունքի համաձայն չունի իրավական սահմանում։ Միավորված ազգերի կազմակերպության փորձագետների հանձնաժողովը, որը լիազորված էր ուսումնասիրելու նախկին Հարավսլավիայի տարածքում կատարված միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, իր S/25274 միջանկյալ զեկույցում հետևյալ կերպ է բնութագրել «Էթնիկ զտումներ» եզրույթը․ «Տարածքը դարձնել էթնիկապես միատարր՝ օգտագործելով ուժ կամ ահաբեկում, հեռացնելով որոշակի խմբերի անդամներին տվյալ տարածքից»: Իսկ արդեն իր վերջնական S/1994/674 զեկույցում նույն հանձնաժողովը էթնիկ զտումները նկարագրեց որպես «… նպատակային քաղաքականություն՝ մշակված մեկ էթնիկ կամ կրոնական խմբի կողմից մեկ այլ էթնիկ կամ կրոնական խմբի խաղաղ բնակչությանը որոշակի աշխարհագրական տարածքներից բռնությամբ և ահաբեկչությամբ հեռացնելու նպատակով» ։ Փորձագետների հանձնաժողովը հայտարարեց նաև, որ քաղաքացիական բնակչությանը հեռացնելու համար կիրառվող հարկադրանքի պրակտիկան կարող է ներառել սպանություններ, խոշտանգումներ, կամայական ձերբակալություններ և կալանավորումներ, արտադատական մահապատիժներ, բռնաբարություններ և սեռական ոտնձգություններ, քաղաքացիական անձանց ծանր ֆիզիկական վնասվածքներ հասցնելը, քաղաքացիական բնակչության բանտարկություն գետտոյական շրջաններում, քաղաքացիական բնակչության բռնի տեղահանում, կանխամտածված ռազմական հարձակումներ կամ հարձակումների սպառնալիքներ քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական տարածքների վրա, քաղաքացիական անձանց օգտագործումը որպես կենդանի վահան, գույքի ոչնչացում, անձնական ունեցվածքի կողոպուտ, հարձակումներ հիվանդանոցների, բժշկական անձնակազմի վրա և այլն ։
Հարկ է նշել, որ վերը նկարագրված հանցագործությունները որքան էլ անմարդկային և դատապարտելի լինեն, եթե չեն որակվում որպես ցեղասպանություն, այլ բնութագրվում են որպես էթնիկ զտմանը նախորդած կամ դրա ընթացքում տեղի ունեցած հանցագործություններ, միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից չեն քննվում մեկ գործի շրջանակներում, դրանք հովանավորած պետության կամ դրա իշխանությունների նկատմամբ չի կիրառվում քրեական հետապնդում, չեն կարող լինել դատական գործընթացներ և դատավճիռներ։ Այդ հանցագործություններից յուրաքանչյուրը կարող է քննվել որպես առանձին դեպք՝ տուժած կողմի կամ նրա իրավահաջորդի ներկայացրած բողոքի հիման վրա։ Այս պարագայում, եթե Ֆիզիկական անձի մեղքը ապացուցվի, ապա պատժի կենթարկվի ոչ թե այն իրագործելու հրաման տված կամ այն իրագործելը խրախուսած պետությունը կամ դրա իշխանությունները, այլ տվյալ հանցագործությունը իրագործած անհատը կամ զինվորականը։ Անհրաժեշտ է սակայն ընդգծել, որ ռազմական ագրեսիայի ժամանակ իրագործված նմանօրինակ հանցագործությունների բացահայտումը գրեթե անհնար է, քանզի դրա համար բացակայում են անհրաժեշտ պայմանները՝ դեպքի վայրի անաչառ քննություն, փաստերը հավաքագրելու հնարավորությունները, և, որ, ամենակարևորն է, հանցագործությունը բացահայտելու քաղաքական կամք։ Գործողություն, որը կարող է որակվել որպես հանցագործություն, էթնիկ զտման դեպքում որեւէ իրավական հետեւանք չի առաջացնում։
Թեև վերոբերյալ հանցագործություններն առանձին կամ շատ դեպքերում միաժամանակ իրականացվել են արցախահայության դեմ, սակայն այդ հանցագործություններն առանձին դիտարկելը կամ ընդհանուր անվամբ «էթնիկ զտումներ» կոչելը իրավական տեսանկյունից ոչ միայն սխալ և անընդունելի է, այլև ներառում է ապագային ուղղված լուրջ սպառնալիքներ՝ համամարդկային առումով։
Հանցագործության իրական բնույթն ու էությունը դիտավորյալ կամ միամտաբար մեղմացնելը կամ այլ, քրեորեն անպատժելի եզրույթով բնութագրելը կարող է նախադեպ դառնալ ցեղասպանական մտադրություններ ունեցող պետության կամ պետությունների իշխանությունների համար։ Ուստիև, արցախահայության դեմ իրագործված հանցագործությունն իր բնույթին ու էությանը համապատասխան ճշգրիտ իրավական անուն և գնահատական տալն անհրաժեշտ է ոչ միայն հայությանը, այլև գիտակից ազգերին և պետություններին, որոնք այսօրեական նյութական շահերը չեն գերադասում մարդկության, այդ թվում նաև՝ իրենց անվտանգ ապագայից։ Նախադեպային անպատիժ հանցագործությունները ոչ միայն կրկնվելու, այլև շատ հաճախ կրկնօրինակվելու հատկություն ունեն։
Հիմնավորելու համար մեր այն պնդումը, որ արցախահայության դեմ տեղի ունեցածն անհրաժեշտ է բնութագրել որպես ցեղասպանություն, հարկ է նախ և առաջ ներկայացնել ՄԱԿ-ի 1948 թվականին ընդունած Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի այն հոդվածներն ու կետերը, համաձայն որոնց՝ դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինաբար շրջափակելով Բերձորի միջանցքը՝ արցախահայությանը ենթարկել է ցեղասպանության։
Ստորև ներկայացնում ենք կոնվենցիայի 2-րդ հոդվածի բ և գ կետերը, համաձայն որոնց՝ Ադրբեջան պետությունը և դրա այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախի Հանրապետության ազգաբնակչության դեմ իրագործել է ցեղասպանություն.
ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2
Սույն կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.
բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,
գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը։
Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիայի վերոբերյալ կետերը փաստում են, որ ադրբեջանական իշխանությունները, արգելելով մարդկանց ազատ ելումուտը Արցախի Հանրապետություն, այդ թվում նաև՝ պարբերաբար խոչընդոտելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից անհապաղ բժշկական օգնություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվելու կարիք ունեցող բուժառուների տեղաշարժը, զրկելով սննդի, դեղորայքի, նորմալ կենսապայմաններ ապահովելու համար անհրաժեշտ պարագաների, ինչպես նաև վառելիքի մատակարարումը Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն, միտումնավոր ստեղծել են այնպիսի կենսապայմաններ, որոնք ուղղված են մարդկանց լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը։ Միտումնավոր ստեղծված կենսապայմաննները արցախահայության մոտ առաջացրել են մարմնական լուրջ վնասվածքներ՝ այն է, թերսնուցում, հիվանդությունների բարդացում, եւ այլն, ինչպես նաեւ մտավոր լուրջ վնաս են պատճառել ողջ ազգաբնակչությանը, ինչը անշեղ համապատասխանություն է առաջացնում Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի վերոբերյալ կետերի հետ։
Արցախի Հանրապետությունում լիակատար շրջափակման հետևանքով, համաձայն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հրապարակած տվյալների, եղել են ինչպես թերսնման հետևանքով վաղաժամ, թերհաս ծննդաբերության, խրոնիկ հիվանդությունների և մահացությունների կտրուկ աճի, այնպես էլ սովամահության դեպքեր։
Արցախի շուրջ ինն ամիս տևած շրջափակման և դրա վտանգների մասին պարբերաբար ահազանգել են մի շարք տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ։ Մասնավորապես, Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 5-ը հրապարակել է ութ Կարմիր դրոշի մասին ահազանգ՝ ընդգծելով Ադրբեջանի գործողություններում ցեղասպանության մտադրության մասին, զգուշացնելով նաև տարածաշրջանում ազդեցություն ունեցող գերտերություններին և որոշում կայացնողներին, որ վերջիններս մեղսակից են դառնում արցախահայության դեմ իրագործվող ցեղասպանության համար ։
2023 թվականի սեպտեմբերի 5-ին Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը 127 էջանոց լայնածավալ զեկույց հրապարակեց, որում փաստերով ներկայացնում և զգուշացնում էր աշխարհին, որ Ադրբեջանի որդեգրած ցեղասպանական քաղաքականությունը, որը դրսևորվում էր արցախահայությանը լիակատար շրջափակման մեջ պահելով, միտում ունի վերածվելու ռազմական ճանապարհով վերջիններիս ֆիզիկական ոչնչացմանը։
Ցավոք, նախազգուշացնող հայտարարություններում բարձրաձայնվող վտանգներն իրենց երկար սպասել չտվեցին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին չհայտարարված ռազմական ագրեսիա Արցախի Հանրապետության ողջ տարածքով մեկ՝ թիրախավորելով ինչպես ռազմական ստորաբաժանումները, այնպես էլ բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը։ Ականատես վերապրողների վկայությունները փաստում են, որ ադրբեջանական զինուժի վայրագությունները հիշեցնում էին 1915-1923 թթ. արևմտահայության դեմ Օսմանյան պետության իրագործած ցեղասպանությունը ։
Արցախահայության բռնի տեղահանմամբ չավարտվեցին Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները։ Այսօր արդեն հայաթափված Արցախում Ադրբեջանի իշխանությունների հրահանգով ոչնչացվում և պղծվում է արցախահայության պատմամշակութային ժառանգությունը։ Ինչպես նշում է ԱՄՆ-ի Հարավային Կոնեկտիկուտ նահանգի պետական համալսարանի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանը իր «Ցեղասպանություն այլ մեթոդներով. ժառանգության ոչնչացումը, ազգային պատումները և ազերիների հարձակումը Ղարաբաղի բնիկ հայերի վրա» հոդվածում. «Խմբի մշակութային ժառանգության ոչնչացումը և մշակութային արտադրության ճնշումը խումբը ոչնչացնելու ամենահուսալի միջոցն է» ։
Ադրբեջանցիների՝ հայերի ոչնչացման քաղաքականությունն ու նկրտումները նոր չեն։ Ինչպես նշում է Գառնիկ Դավթյանը, Ադրբեջանում հայատյացությունը զարգացել է երեք փուլով՝ առաջին փուլ՝ 1918-1920 թթ., երբ Ադրբեջանը որպես պետություն նոր էր ձևավորվում, երկրորդ փուլ՝ 1920-1991 թթ., Ադրբեջանի խորհրդայնացումից մինչև դրա անկախացումը, և 1991 թ. անկախացումից ցայսօր ։
Հայերին ցեղասպանելու ադրբեջանաթուրքական ծրագրի մեկդարյա լինելու հանգամանքն ապացուցվում է նաև 1918-ի փետրվարի 27-ին գաղտնի գրությամբ ռազմական նախարարի անունից Անդրկովկասում հայերին ամբողջովին կոտորելու մասին արձակած հրամանը։ Հրամանում ասվում էր. «Իրադրությունը պահանջում է հայ ժողովրդի ամբողջական ոչնչացում, որն էլ հրամայված էր սուլթանական հրամանագրով»։
Հարկ է ընդգծել, որ, հետևելով ադրբեջանաթուրքական ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններին, ակնհայտ է դառնում, որ Արցախի Հանրապետության նվաճումով և արցախահայությանը ցեղասպանության ենթարկելուց հետո անգամ, հայության սպառնացող վտանգները չեն անցել։ Իրենց ներքին և արտաքին լսարանին ուղղված ամենօրյա ուղերձներում թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի քաղաքական և ռազմական ղեկավարներն անթաքույց հայտարարում են Հայաստանի Հանրապետությունից նոր տարածքներ գրավելու իրենց մտադրության մասին։ Ինչպես ճշմարտացիորեն նշում է պատմաբան Ալիկ Ղարիբյանը. «Թուրքական նկրտումները միշտ էլ լինելու են հայության խնդրում, վտանգը ևս, ուստի հայության գոյատևման միակ փրկությունը միասնականության, զգոնության, և իր հայրենիքի յուրաքանչյուր հատվածին տեր կանգնելու մեջ է» ։
Ադրբեջանաթուրքական տանդեմի դեմ պայքարը ենթադրում է ոչ միայն երկրի տնտեսական, ռազմական հզորացում և դաշնակցային հարաբերություններում կայունության ապահովում, այլև իրավական դաշտում ամուր հիմքերի ստեղծում, որի առաջին քայլը տեղի ունեցած հանցագործության ճիշտ որակավորումն ու ճշգրիտ բնութագրի կիրառման ապահովումն է ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում։
Մարի Հովհաննիսյան