Հայ ժողովրդի պատմության վերջին էջի շրջո՞ւմ, թե՞ խավար արևածագից առաջ
26 Հոկտեմբեր 2023
«Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»:
Մոնթե Մելքոնյան
Սեպտեմբերի 19-ին հայկական աշխարհը հերթական անգամ ալեկոծվեց Արցախից ստացված լուրերից․ «Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր»1:
Հայաստանի անկախության մերան, ընդամենը 120.000 բնակչություն և մոտ 2500 կռվող ուժ ունեցող փոքրիկ Արցախը գոյության կռիվ էր մղում՝ 10 մլն բնակչություն և 60.000 զորք ունեցող Ադրբեջանի դեմ՝ նույնիսկ քաղաքական և ռազմական օգնություն չստանալով Հայաստանի Հանրապետությունից:
Երեք տասնամյակի կայացած պետություն Արցախը կանգնեց իր բնակչության ֆիզիկական գոյությունը պահպանելու խնդրի առաջ, իսկ 1991 թ․ Արցախի անվտանգության երաշխավոր համարվող Հայաստանի վարչապետն այս համապատկերի վրա հայտարարեց․ «Այս գործընթացի նպատակներից մեկը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է, սա նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել»2։
Ասել է, թե Հայաստանում քաոս ստեղծած իշխանությունը մտադիր չէր օգնել Արցախին, այսինքն՝ իր 120.000 քաղաքացիների հետ վարվեց պիղատոսաբար․ ձեռքերը լվաց նրանց ճակատագրի նկատմամբ պատասխանատվությունից:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնողը հերթական մեծ ծառայությունը մատուցեց Ադրբեջանին՝ հայտարարելով. «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»3։ Օրեր անց Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ՄԱԿ-ում օգտագործեց Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը՝ ի պաշտպանություն իր երկրի շահերի:
Արցախում իրականացվող «էթնիկ զտումների», իսկ իրականում ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը Ջեյհուն Բայրամովը հակադարձելով՝ մեջբերեց հենց Նիկոլ Փաշինյանին»4։ Այսինքն՝ պարզից էլ պարզ է, որ ՄԱԿ-ի սպասվող նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը պաշտպանվելու համար խաղաթուղթ տվեց Ադրբեջանին՝ այդպիսով ցույց տալով, որ Արցախի ցեղասպանության գործում ինքը համերաշխ է Ադրբեջանի հետ:
Սեպտեմբերի 23-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց.
«Ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները.
-Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքներին զուգահեռ,
-որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ,
-ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ,
-Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ,
-սեպտեմբերի 24-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ,
-Արցախի և նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում»5։
Միայնակ մնացած Արցախը, փաստորեն, ստիպված էր զինաթափվել: Բայց սա դեռ ամենը չէր, զինաթափումը նշանակում էր Արցախի անխուսափելի հայաթափում, որովհետև ամենամիամիտներին անգամ պարզ է, որ արցախցին առանց զենքի ու զինուժի՝ Ադրբեջանի տիրապետության տակ ապրել չէր կարող, նրա կյանքը ամենօրյա կոտորած ու կեղեքում էր լինելու, ինչպես դարեր շարունակ արևմտահայերի կյանքն էր օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ:
Արդեն սեպտեմբերի 24-ին սկսվեց Արցախի բնակչության տեղահանման գործընթացը, և մինչև սեպտեմբերի 30-ը Արցախը ամբողջությամբ հայաթափվեց: Սա հայոց պատմությանը հայտնի միակ դեպքն է, երբ Արցախն ամբողջապես հայաթափվում է։ Հարյուրավոր տարիներ հայկական պետության չգոյության պայմաններում Արցախը միշտ եղել էր պետականության պահպանման կղզյակ:
Արցախի հայաթափումը ուղեկցվեց Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարմամբ:
Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նորանշանակ նախագահ Սամվել Շահրամանյանը ստիպված եղավ հրամանագիր ստորագրել, ըստ որի՝ «մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»6:
Արցախի Հանրապետության նախագահի այս հրամանագիրը, իհարկե, իրավական առումով «խնդիրներ ունի», քանի որ նախ՝ ստորագրվել է ռազմական սպառնալիքի, այլ կերպ ասած՝ ահաբեկչության իրականացման պայմաններում, երկրորդ՝ Արցախը Խորհրդային Միությունից (ոչ Խորհրդային Ադրբեջանից, որի կազմից դուրս էր եկել 1988 թ․-ի հունիսի 12-ի որոշմամբ, ինչպես արդեն գրել ենք «Դրօշակի» նախորդ համարում) անկախացել էր միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով, հետևաբար Արցախի ժողովուրդը ինքը պետք է որոշեր ինչպե՞ս վարվել Արցախի Հանրապետության հետ:
Այս փաստաթղթից, իհարկե, կարելի է հրաժարվել, եթե Հայաստանում տեղի ունենան լուրջ քաղաքական փոփոխություններ, և իշխանության գան արցախյան հիմնախնդրին տիրապետող, ազգային դիմագիծ ունեցող քաղաքական ուժեր:
Այս իրադարձությունների համապատկերում հարց է առաջանում՝ արդյո՞ք շրջվեց հայոց պատմության վերջին էջը, և արդյո՞ք հայ ժողովուրդը վերջնականապես կորցրեց Արցախը։ Առաջին հայացքից թվում է, թե այո՛, Արցախը վերջնակապես կորսված է, Հայաստանի ապագան էլ՝ անորոշ, բայց հատկապես վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ աշխարհաքաղաքական զարգացումները ժամ առ ժամ փոփոխվում են․ ձևավորվում են տարատեսակ ռազմաքաղաքական դաշինքներ, և աշխարհի հերթական վերաբաժանումը անխուսափելի է թվում:
Ինչպես տեսանք, վերջին շաբաթներին լարված փուլ մտավ Իսրայել-Պաղեստին հակամարտությունը, որի մանրամասների մեջ չմտնելով՝ նշենք միայն, որ այն կարող է վերաճել կամ առիթ դառնալ խոշոր պատերազմի աշխարհաքաղաքական մի շարք կենտրոնների, այդ թվում՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Սա բնականաբար կարող է բերել Հայաստանի ակամա ներքաշվելուն պատերազմի մեջ, որովհետև ակնհայտ է, որ պանթյուրքիստական նպատակներ հետապնդող Թուրքիա-Ադրբեջան տանդեմը Հայաստանից հնարավորինս շատ տարածքներ զավթելու հնարավորությունը բաց չի թողնի, իսկ հայկական Արցախը՝ որպես Հայաստանը պաշտպանող վահան, այլևս չկա:
Ի՞նչ անել համաշխարհային սպասվող առճակատման ընթացքում չճզմվելու և պատմության թատերաբեմից դուրս չմղվելու համար:
Առաջին և գլխավոր նախապայմանը բարեկամ Իրանից հակառակորդ և դաշնակից Ռուսաստանից թշնամի կերտող իշխանությունից ազատվելն է, այնուհետև.
1. Բոլոր արցախցիներին տալ փախստականի կարգավիճակ, տրամադրել անհատույց բնակարաններ։
2. Ճանաչել Արցախի Հանրապետությունը 12,5 հազ. քառ կմ տարածքով և Հայաստանի Հանրապետության տարածքում Արցախի գործող կառավարությանը տալ վտարանդի կառավարության կարգավիճակ և ՀՀ կառավարության մասնաշենքերից մեկը կամ երկուսը տրամադրել Արցախի վտարանդի կառավարությանը։
3. Ճանաչել Ադրբեջանին օկուպանտ, որը օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքը ու բարձրաձայնել այդ մասին հնարավոր բոլոր միջազգային հարթակներում։
4. Արցախի վտարանդի կառավարության համար առանձնացնել բյուջե։
5. Պետական քաղաքականության գերխնդիրը պետք է լինի Արցախի ազատագրումը, և դա պետք է ամրագրվի Սահմանադրությամբ։
6. ՀՀ ՊՆ-ն և ԳՇ-ն պետք է ղեկավարեն արցախցիները, կամ արցախի վերահայացման նպատակը որդեգրող այլ հայ զինվորականները և դա պետք է ամրագրվի հատուկ օրենքով։
7. Հայաստանի Հանրապետության ներկա կառավարության և ԱԺ ՔՊ խմբակցության անդամները պետք է կանգնեն դատարանի առաջ:
Այս գործողություններից հետո անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի պաշտպանունակությունը, վերազինել ու վերակազմավորել հայկական բանակը, վերականգնել հարաբերությունները դաշնակիցների հետ և պատրաստվել դիմակայելու գալիք մարտահրավերներին՝ մշտապես օրակարգում ունենալով Արցախի ազատագրումը և Արցախի Հանրապետության վերականգնումը՝ որպես գերնպատակ, քանզի Արցախը ոչ միայն հայրենիք է, այլև Հայաստանի՝ որպես պետության գոյության մերանը՝ Հայաստանի պաշտպանական վահանը և քաղաքական հաղթաթուղթը, հետևաբար անձամբ մեզ և համոզված ենք՝ նաև հայ ազգի մի ստվար հատվածի համար Արցախը վերջնականապես կորսված, Հայաստանի պատմության վերջին էջն էլ փակված չէ, պարզապես խավար է պայծառ արևածագից առաջ, սակայն այդ արևածագին հասնելու համար ազգային ուժերը պարտավոր են գործել արագ, վճռական և արդյունավետ, հակառակը պատմությունը չի ների:
____________________________________________
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/pfbid0qqANwKwPtNbiiCk5Tb8dhuYVEpVgbWyWoMFJ6eps9TArvPjqySbHLRXCDpa74ygcl։
2. https://zarkerak.am/show/71635։
3. https://www.aravot.am/2023/09/21/1370963/։
4. https://www.yerkir.am/public/hy/article/2023/10/03/18916։
5.https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02nn2GZNrndwpuZRv9xd2taPFUsGzinxF5Kwm9PauKVBoWts1MEUdNAWS5S7Bf981ol&id=100069203860119&mibextid=Nif5oz։
6.https://mediamax.am/am/news/karabakh/52684/։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
1. https://www.facebook.com/ArtsakhInformation
2. https://zarkerak.am
3. https://www.aravot.am
4. https://www.yerkir.am
5. https://mediamax.am
Անի Մելքոնյան