Տրակտատներ հեղափոխության, պատերազմի եւ ազգի մասին
05 Նոյեմբեր 2023
ՏՐԱԿՏԱՏ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի՞ՆՉ Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հին հունական փիլիսոփայության ականավոր ներկայացուցիչ Արիստոտելը հեղափոխությունն ընկալում է որպես սահմանադրական կարգի փոփոխություն: Սակայն այդ սահմանադրական կարգի փոփոխությունը պետք է լինի գաղափարախոսական լուրջ հենքի վրա: Սա էլ իր հերթին ենթադրում է համաժողովրդական գիտակցական բարձր մակարդակի առկայություն: Իշխանությունը ըմբոստությունից և հեղափոխությունից խուսափելու համար ժողովրդին պահում է անգրագիտության և հետադիմության մեջ: Հեղափոխության համար անհրաժեշտ է մտքի ազատություն և առաջադիմություն:
Երկու դեպքում էլ իշխանության դիրքորոշումը կարևոր է: Իշխանությունը կարող է դառնալ կամ դահիճ, կամ՝ ժողովրդի ծառա:
Եթե ըմբոստությունը, ապստամբությունը, իշխանափոխությունը դրսևորվում է որպես ընդամենը բնազդային երևույթ, առանց գաղափարական ծրագրի, այն չի վերածվում հեղափոխության: Խորքում փոխվում են միայն նախկին դերակատարները:
Միայն ծրագրված գաղափարական փոփոխությունները, որոնք վերածվում են հաջողության և առաջընթացի, կարող են դիտարկվել որպես հեղափոխություն:
Գոյություն ունի հեղափոխության երկու ճանապարհ՝ բռնի և անարյուն: Գիտակից հասարակության առկայության դեպքում բռնի հեղափոխությունը գրեթե բացառվում է:
Հեղափոխությունը պետք է լինի մեծամասնության ցանկությամբ և համոզումով: Եթե փոքրամասնությունը, պատահական, մանիպուլյացիաների շնորհիվ իր իշխանությունը հաստատում է մեծամասնության վրա, այն վաղ թե ուշ վերածվելու է բռնակալության: Հետևաբար սա նույնպես չի կարող դիտվել որպես հեղափոխություն:
Հեղափոխական մեծամասնության հաջողությունը մեծապես պայմանավորված է նաև փոքրամասնության հանդեպ ունեցած հանդուրժողական վերաբերմունքով: Հատկապես գաղափարական փոքրամասնությունը հեղափոխական մեծամասնության համար առավել քան անհրաժեշտություն է:
ԵԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՆՐԱ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՂՁԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՆ, ՔԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ:
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Հեղափոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ժողովրդական զանգվածների համընդհանուր և խորը դժգոհությամբ:
Առանձնապես ազդեցիկ է հուսահատությունն այն պարագայում, երբ զանգվածների կողմից մեծ ակնկալիք կա առաջընթացի, և այդ առաջընթացը տեղի չի ունենում իշխանությունների անկարողության կամ, որ ավելի վատ է, դիտավորության պատճառով:
Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է շրջապատից, իր նմաններից հետ մնալու անարդար իրողությամբ: Հնարավորությունների՝ մի կողմից անհավասար բաշխումը, մյուս կողմից՝ անարդյունավետ օգտագործումը անարդարության արտահայտություն են հանդիսանում:
Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորվում է նաև հասարակության արհեստական պառակտման, շերտավորման բացահայտ վիրավորական քաղաքականությամբ: Երկար հանդուրժելի չէ նույն տեսակին հակադիր մասերի բաժանելն ու այդ հակադրության վրա իշխանություն պահելը:
Ի վերջո, գալիս է մի պահ, երբ մեծամասնությունը փոփոխություններ չտեսնելով իր չարքաշ, նվաստ կարգավիճակի համար մեղադրելու է փոքրամասնությանը, արդարացիորեն՝ իշխող փոքրամասնությանը:
Երբ պարբերաբար կրկնվող զրկանքները, անհաջողությունները, նվաստացումները անհատին և զանգվածներին հասցնում են հուսահատության գիրկը, մնում է փրկության մեկ ուղի, որը անցնելու է «հաղթանակ կամ մահ» ընդհանուր նշանաբանի ներքո: Այդ ուղին հեղափոխությունն է:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԱՅԹԵԼՈՒ Է, ԵՐԲ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԶԳՈՒՄ Է ԻՐ ԳԼԽԻՆ ԿԱԽՎԱԾ ՎՏԱՆԳԸ:
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հեղափոխության տեսակավորման համար անհրաժեշտ հաշվի առնել մի շարք գործոններ և չափանիշներ՝ ուժգնության և հաջողության աստիճանը, գաղափարաբանական առաջադրանքները և դրանց իրականացման չափը, բնույթը, ընդհանրականությունը, ծավալը, տևողությունը, գործադրված միջոցները, համաժողովրդականության աստիճանը, ղեկավարության սոցիալական մակարդակը, քաղաքական ըմբռնումները և այլն:
Սոցիալ-քաղաքական առումով հեղափոխությունները կարող են լինել ազգային, քաղաքական, սոցիալական կամ սոցիալ տնտեսական:
Ազգային հեղափոխությունն այն է, երբ ժողովուրդը ձգտում է ազատության օտար ազգի կամ բռնակալների լծից և ինքն է որոշում իր ճակատագիրը: Այդպիսի հեղափոխություն էր 19-րդ դ. վերջի և 20-րդ դ. սկզբի արևմտահայ ազգային-ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ, Հունաստանի, Բուլղարիայի և բալկանյան մյուս ժողովուրդների անկախացումը օսմանյան լծից, Այդպիսի հեղափոխությամբ անկախացան բրիտանական և ֆրանսիական գաղութները:
Քաղաքական հեղափոխությունն այն է, երբ պայքար է մղվում մարդու իրավուքների, օրենքի առջև հավասարության, ժողովրդավարության հաստատման համար: Այդպիսի հեղափոխությունները սովորաբար ավարտվում են սահմանադրության փոփոխությամբ:
Սոցիալական կամ սոցիալ-տնտեսական հեղափոխությունները լինում են սոցիալական անարդարությունները սրբագրելու համար: Երբ երկրում կան տնտեսական և այլ բնույթի մենաշնորհներ, որոնք խոչընդոտում են ընդհանուր զարգացմանը, միաժամանակ գործադրվող բարեփոխումները չեն արդարացնում սպասելիքները, հեղափոխությունը դառնում է անխուսափելի:
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ
Հեղափոխության վերջնական հաղթանակը կամ սկզբում հռչակված նպատակների իրականացումը մեծապես պայմանավորված են հեղափոխության առաջնորդով:
Շատ կարևոր է, որ հեղափոխության առաջնորդը լինի սկզբունքային, գործի մեջ փորձված, ազդեցիկ խոսքի տեր անհատականություն: Հեղափոխության հաջող ընթացքը պայմանավորված է առաջնորդի սկզբունքայնությամբ, որը պետք է փաստված լինի ոչ միայն հեղափոխության ընթացքում, այլ նաև դրանից առաջ, կատարած գործով, որի արդյունքին հասարակությունը պետք է ծանոթ լինի, վճռական և տիրական խոսքով, որին բոլորը պետք է հավատան:
Հուզառատ զանգվածների համար առանցքային է հատկապես հեղափոխության առաջնորդի խոսքը: Նրա արտասանած սուտն անգամ այնքան ազդեցիկ պետք է լինի, որ ընդունվի որպես անքննելի ճշմարտություն: Սա, սակայն ոչ թե նրա համար, որ հեղափոխության առաջնորդն իրավունք ունի սուտ խոսելու, այլ նրա համար, որ գնահատի իր խոսքի արժեքը: Առաջնորդն իրավունք չունի չարաշահել ժողովրդի հավատը, և խաբելով նրան, հեղափոխությունը ծառայեցնել իր նեղ անձնական, խմբակային, կուսակցական շահերին:
Անթույլատրելի է հեղափոխության ընթացքում ժողովրդի համար անընդունելի տեսությունների փորձարարությունը, փորձաքննություն չանցած սոցիալական քայլերի կիրառումը և այլն: Սա ժողովրդին մաշեցնող պերմանենտ հեղափոխությունների փուլ կտանի:
Պինդ նյարդերի տեր, նախաձեռնող, հաստատակամ, պատասխանատու, ազդեցիկ, այս հատկանիշներն են հատուկ հեղափոխության առաջնորդին:
Հեղափոխության վերջնական հաղթանակի համար կարևոր է նաև առաջնորդի անձնազոհ կերպարը: Ընդ որում այդ անձնազոհությունը պետք է լինի խոնարհ և առանց ավելորդ ցուցամոլության: Պարտադիր չէ, որ առաջնորդն իր կյանքը զոհի՝ ցույց տալու համար իր նվիրվածությունը հեղափոխությանը: Պարտադիր է, որ ցույց տա ինքնազոհության անկեղծ պատրաստակամություն: Կյանքում երբևիցե վճռական պահին իրեն վստահված ճակատը լքածը չի կարող հեղափոխություն առաջնորդել:
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ
Հեղափոխականի նկարագիրը տարբեր մեկնությունների կարող է արժանանալ: Սակայն կան որոշ պատկերացումներ, որոնք պարտադիր են հեղափոխական կոչվելու համար: Անշուշտ հեղափոխականը նախ պետք է գաղափարական լինի և իր գաղափարների իրականացման համար պատրաստ լինի անձնազոհության:
Հեղափոխականը պետք է ըմբոստ լինի: Հեղափոխականի ըմբոստությունը հանուն գաղափարի պիտի լինի կշռադատված և գեղեցիկ, այն չպետք է վերածվի ցինիզմի:
Շատ կարևոր է հեղափոխականի ինքնուրույն մտածողությունը, այլապես նա կվերածվի պարզ հրաման կատարողի: Հեղափոխականը պետք է համոզված լինի իր քայլերի ճշմարտացիության մեջ: Այդ դեպքում երիցս արդարացված կլինի նրա՝ փորձությունների գնալու պատրաստակամությունը:
Հեղափոխականն անշուշտ հավակնություններ ունի սակայն այդ հավակնությունը նախ պետք է հավաքական լինի:
Հեղափոխականի անձնական հավակնությունները պետք է բխեն միայն հեղափոխության հավաքական հավակնություններից:
Հեղափոխականի ինքնաբավությունը պետք է կառուցվի ընդհանուրի ինքնաբավության շուրջ: Հեղափոխականը կյանքում արժանապատվություն ունեցողն է: Հեղափոխականը պաշտում է գաղափարը և ո՛չ անձը:
Առանց նման հեղափոխականների հեղափոխություն հնարավոր չէ իրականացնել:
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ցանկացած հեղափոխություն արժևորվում է իր հետևանքներով: Հեղափոխության հետևանքների գնահատականը տրվում է նախապես իր հռչակած սկզբունքների և նպատակների համեմատության մեջ:
Անշուշտ, գործնականում շատ քիչ են դեպքերը, երբ հեղափոխությունների հետևանքները ճշգրտորեն համապատասխանել են ի սկզբանե հայտարարված նպատակներին: Պարզ է, որ հեղափոխության ընթացքում առարկայական և ենթակայական պատճառներով պայմանավորված կարող են լինել նպատակների մարտավարական փոփոխություններ, սակայն ռազմավարական առումով սխալ է, եթե ոչ անթույլատրելի, էական փոփոխությունների իրականացումը: Սա պետք է բացատրել ոչ թե հեղափոխության հռչակած նպատակներին կարծրատիպորեն հավատարիմ մնալու մոլուցքով, այլ՝ պերմանենտ հեղափոխություններից ապահովագրվելու պարզ տրամաբանությամբ:
Այդ նպատակով հեղափոխության կազմակերպիչները պետք է նախապես հռչակեն իրենց համար իրատեսական նպատակներ, որոնց իրականացումը, թեկուզ որոշակի փոփոխություններով, հնարավոր լինի: Եթե հեղափոխությունը լայն իմաստով չի իրականացնում իր հռչակած սկզբունքը, լավագույն դեպքում պատճառ է դառնում նոր հեղափոխության, իսկ վատագույն դեպքում հիասթափության և հասարակության համընդհանուր ձախողման:
Հեղափոխության հռչակած նպատակների իրականացման դեպքում նույնպես պետք է պատրաստ լինել հասարակության մեջ այդ արդյունքների ամրագրմանը: Եթե այդ ամրագրումները ամուր հիմքեր չունենան, դրանք հակահեղափոխության պատճառ կարող են հանդիսանալ:
Հեղափոխության հետևանքները պետք է բավարարեն հասարակության հնարավորինս շատ և հնարավորինս լայն շերտերի, եթե դա այդպես չէ, ապա հեղափոխությունը կիսատ է մնացել: Սա իր հերթին հասարակության մեջ հոգեբանական հետևանքներ է թողնում, դրական և բացասական առումներով:
ՏՐԱԿՏԱՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՄԱՐԴԸ
Մարդը և պատերազմը նույն տարիքի են: Մարդկության պատմությունը նախ պատերազմների պատմություն է: Չկա մարդկության պատմության մի շրջան, որ արյունով գրված չլինի:
Իր արարման օրվանից մարդը պատերազմել է հանուն իր գոյության, հանուն իր ազատության: Անցնելով հասարակական զարգացման տարբեր աստիճաններով և անընդհատ վերելք ապրելով՝ մարդը ոչ միայն չի դադարել պատերազմելը, այլև կատարելագործել է դրա արվեստը: Եվ սա արվել է ոչ թե որովհետև մարդը պատերազմասեր է, այլ որովհետև մարդու տեսակի գոյության միակ գրավականը կամ պատերազմն է, կամ պատերազմին պատրաստ լինելը:
Պատերազմին պատրաստ լինելու համար մարդը պետք է գործադրի իր հանճարը, տաղանդը և աշխատասիրությունը ամբողջական նվիրումով: Եթե չի գործադրել բավարար ներուժ, մարդը պարտվել է պատերզամում. որքան քիչ ներուժ, այնքան ծանր պարտություն:
Պատերազմին պատրաստվելը միայն զինվելը կամ այդ զենքին տիրապետելը չէ: Պատերազմին պատրաստվելը խանդավառությամբ զինվելն ու խանդավառությամբ զենքին տիրապետելն է: Եթե պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո չկա հաջորդ պատերազմի պատրաստվելու հոգևոր-բարոյական խանդավառություն, ուրեմն մարդը զիջել է անգամ շահած պատերազմը:
Այդպիսին է նաև ՀԱՅ մարդը, այդպիսին է նաև պատերազմը ՀԱՅ մարդու համար:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՈԳԻՆ
Պատերազմը յուրօրինակ քննություն է, թե մարդն ինչպես է դրսևորում իր կազմակերպական ՈԳԻՆ: Պատերազմում հաղթելու համար պետք է ամեն ինչ ներդաշնակորեն կազմակերպված լինի: Միայն ոգու առկայութայն պայմաններում է, որ ներդաշնակությունը կատարյալ կլինի, իսկ դա պարտադիր պայման է վերջնական հաղթանակի համար:
Պատերազմում զինվորի ցուցաբերած հերոսությունը, զորահրամանատարի ռազմական տաղանդը, թիկունքի անմնացորդ աջակցությունը պետք է ներդաշնակեցնել կազմակերպական ՈԳՈՎ: Պատերազմում կլինեն նաև դավաճանության, հրամանատարական սխալների, թիկունքի անտարբերության դեպքեր, բայց դրանք հեշտ սրբագրելի են, եթե կա կարգապահություն: Կարգապահությունը պիտի դառնա թթվածնին համազոր անհրաժեշտություն:
Պատերազմում ցուցաբերված բազմաթիվ առասպելական հերոսություններ արդյունք չեն տվել կարգապահության բացակայության պատճառով: Իսկ կարգապահությունը թույլ կլինի, եթե նրան հետևող հրամանատարը ապիկար է:
Պատերազմի քննությունը մարդը բարեհաջող կհանձնի, եթե կարգապահ է և կազմակերպված: Պատերազմի արդյունքով է չափվում մարդու կազմակերպական ոգին:
Հայն իր մղած պատերազմում հաղթել է, երբ հերոսության ու նվիրումի կողքին և դրանցից առավել եղել է կազմակերպված:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՂԹԵԼՈՒ ԿԱՄՔԸ
Պատերազմը կամքի դրսևորման ասպարեզ է: Կամք է անհրաժեշտ չվախենալու, փախուստի չդիմելու, չգաղթելու, չհանձնվելու, մինչև վերջ պայքարելու և հաղթելու համար:
Պատերազմում վախը սարսափելի հետևանքներ է թողնում: Վախը բնական երևույթ է, որը հատուկ է յուրաքանչյուր գիտակից մարդու: Կամք է անհրաժեշտ գիտակցելու համար, որ վախը մարդուն կդարձնի կենդանի դիակ: Վախը սպանում է մարդու մեջ հավատը հաղթանակի հանդեպ, խիղճը պարտականության առջև, սերը զինակցի հանդեպ:
Հիմնականում վախով են պայմանավորված պատերազմի մյուս արգահատելի երևույթները՝ փախուստի դիմելը, գաղթը, թշնամուն հանձնվելը: Հնարավոր է, որ չվախենաս, բայց՝ գաղթես: Կամք է պետք նաև չգաղթելու համար: Այդ զարհուրելի երևույթը ոչ միայն բարոյապես կոտորում է գաղթողին, այլև՝ զինվորին: Մի բան է, երբ զինվորը կռվում է՝ իր թիկունքում զգալով բնակչի շնչառությունը, մի այլ բան, երբ տեսնում է գաղթի քարավանը: Կամք է պետք պատերազմի ժամանակ չգաղթելու և զորություն՝ թշնամուդ գաղթ պարտադրելու համար:
Պատերազմում մինչև վերջ անվարան կռիվը և հաղթելու անսակարկ կամքը հաջողություն նախապայմաններ են: Հաղթական տրամադրությունը, հաղթանակին հոգեբանորեն պատրաստ լինելը որակներ են, որոնք կոփում են հաղթելու կամքը. այլապես մարդը պարտվում է:
Հայը հաղթել, երբ պատերազմել է հաղթելու կամքի դրսևորմամբ: Պարտվել է դրա բացակայության պատճառով….
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԶՈՐԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Պատերազմում պարտվում են նախ զորահրամանատարները:
Զորահրամանատարը առաջնորդ է, ով պարտավոր է տիրապետել հաղթանակի հասնելու բոլոր լծակներին: Նրա միտքը պետք է սթափ և կշռադատված լինի, յուրաքանչյուր քայլը՝ հաշվարկված և անսասան, խոսքը՝ պարզ և զորավոր:
Առաջնորդ բառն ինքը հուշում է, որ նա պետք է առջևից գնա: Առաջնորդը համարձակության, անվեհերության, ինքնազոհության խորհրդանիշ պետք է լինի:
Զորահրամանատարի ամենանանշան թերացումն անգամ հանգեցնում է համընդհանուր խախտումի, շփոթի և վերջում՝ նաև խուճապի:
Որքան էլ զորահրամանատարը տաղանդավոր լինի, նա պետք է զարգացում ապրի. պատահական զորահրամանատարները չեն գիտակցում ոչ հաղթանակի իրական քաղցրությունը, ոչ էլ պարտության իրական դառնությունը:
Զորահրամանատարի կերպարի մեջ է ամփոփված ամբողջ բանակը՝ յուրաքանչյուր զինվորի անհատական կարողություններով և առանձնահատկություններով, ֆիզիկական և մտավոր ներուժով, սոցիալ-հոգեբանական նկարագրով, հասարակական ու քաղաքացիական գիտակցությամբ:
Զորահրամանատարը հաղթանակ ապահոված ռազմարվեստի կրողը պետք է լինի: Նա միաժամանակ և պատմություն է, և ներկա, և ապագա: Կտրեց այս տրամաբանական շղթայի որևէ օղակ, ուրեմն տապալել է ամեն ինչ:
Որքան որ զորահրամանատարի դրական կերպարը ոգևորում է զորքին, նույնքան և ավելի՝ նրա թերացումը հիասթափություն է առաջ բերում: Ուժեղ զորահրամանատարի բանակում դասալիքներ չեն լինում: Ուժեղ զորահրամանատարի խոսքն ու հրամանը դառնում են աղոթքին համազոր և չեն քննարկվում:
Պատերազմում հաղթելու համար պետք է նախ ուժեղ զորահրամանատար ունենալ:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԸ
Պատերազմում զինվորը կռվում է հաղթելու, բայց նաև՝ չզոհվելու համար: Պատերազմին մասնակցող զինվորը ակամայից առերեսվելու է մահվան հետ: Այս առերեսման ժամանակ զինվորի համար անհրաժեշտություն է մահն արհամարհելը: Միայն մահն ահրամարհելով, մահվան սարսափը հոգու խորքում մեռցնելով է հնարավոր հաղթել թշնամուն և ապրել:
Սակայն հեշտ չէ զինվորին պատերազմի նախապատրաստելն ու մահվան աչքերին անսասան նայել սովորեցնելը:
Ինչպես երեխայի համակողմանի և ներդաշնակ զարգացման համար է անհրաժեշտ ընտանիքում ջերմ և հաշտ մթնոլորտի առկայությունը, այնպես էլ զինվորի համար է անհրաժեշտ գաղափարական-բարոյական առողջ մթնլորտի առկայությունը հայրենիքում և բանակում՝ հատկապես պատերազմի ժամանակ:
Զինվորը պետք է գիտակցի, որ ինքն ամենթանկ մարդն է հայրենիքի համար, իսկ հայրենիքը պետք է գործով ապացուցի, որ դա այդպես է: Պատերազմում զինվորի անմնացորդ նվիրումով է ապահովվում հաղթանակը: Իսկ զինվորի այդ նվիրումն ու ինքնազոհաբերումը հասունանում է նախքան պատերազմը: Որքան առողջ և բարոյական եղավ այն միջավայրը, որտեղ պատրաստվում է ապագայի զինվորը, այնքան հեշտ է լինելու զինվորի գործը պատերազմի ժամանակ:
Հայ զինվորին պատերազմի պատրաստելու համար պետք է ամենայն պարզությամբ մատուցել նրա ստանձնելիք հանձնառությունները, որոնք հստակ ձևակերպել է 5-րդ դ. պատմիչ Փավստոս Բյուզանդն իր «Հայոց պատմության» Ե դպրության 20-րդ գլխում.
1. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն անկախ Հայաստան աշխարհին, երկրին ու թագավորությանը։
2. Ասպետական պատվի և համարումի («քաջի անվան») անբիծ պահպանում, հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով։
3. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի պետական համակարգի ամենակարևոր
նվիրագործված հաստատությանը՝ Հայաստանի թագավորին (Արշակունի «բնիկ տերերին»)։
4. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի ժողովրդին, բոլոր բնակիչներին անխտիր՝ անկախ
նրանց սոցիալական ծագումից և դիրքից։
5. Քրիստոնեական հավատի և ազգային եկեղեցու նկատմամբ բարեպաշտ վերաբերմունք և դրանց անձնուրաց
պաշտպանություն։
6. Նվիրվածություն ընտանիքին։
7. Նվիրվածություն տոհմակիցներին։
8. Հավատարմություն զինակիցներին։
Շուրջ 1600-ամյա այս վարքականոնը պետք է դաջված լինի հայ զինովորի հոգու և գիտակցության մեջ նաև այսօր՝ թե պատերազմի, թե խաղաղ օրերին:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Պատերազմի ժամանակ ժողովուրդն է ամենածանր զրկանքներ կրողը: Ժողովրդինն են թե՛ հաղթանակը, թե՛ պարտությունը: Պատերազմում հաղթելու համար առաջնորդները նախ ժողովրդին են դիմում կոչերով:
Ժողովուրդը պարտավոր է պատերազմի ժամանակ լինել և կարգապահ, և համախմբված, և համբերատար, և զոհաբերող:
Հատկապես այս չորս հատկանիշները պետք է վերածվեն բնազդի: Առանց սրանց առկայության թե զորահրամանատարը, թե զինվորը ծանր կացության մեջ են հայտնվում: Առանց կարգապահ, համախմբված, համբերատար և զոհաբերող թիկունքի, բանակի հաղթականկի հավանականությունը կիսով չափ կրճատվում է:
Շատ կարևոր է նաև հավաքական վտանգի գիտակցումը: Վայ այն ժողովրդի, ով զուրկ է դրանից։ Ցուցաբերված կարգապահությունը, համբերատարությունը, թիկունքի համախմբված աշխատանքն ու զոհաբերությունը վայրկենապես ջուրը կլցվեն, եթե չլինի այն պարզ գիտակցությունը, որը սահամանին ապրող բնակչի տունը քանդվելիս քանդվում է նաև մայրաքաղաքի կենտրոնում ապրողի տունը: Հավաքական վտանգի գիտակցումով է, որ ոչ միայն սահմանին ապրողը պետք է համաժողովրդական միջոցներով ապահով գետնապաստարան ունենա, այլ մայրաքաղաքում ծնված պատանին ձգտի զինովորական դառնալ, պատերազմում հաղթանակը հեշտացնելուն միտված կրթություն ստանալ:
Պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, պատերազմից հետո ժողովուրդը պետք է առաջնորդվի հավաքական վտանգի գիտակցումով և, անկախ վտանգից, հավաքական գիտակցությամբ դիմագրավի նրան: Այլապես ձախողումը անդառնալի կարող է լինել:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքակրթություններին պետք է նայել պատերազմների պրիզմայով: Ազգը պատերզմում է նաև իր քաղաքակրթությունը տարածելու և հաստատելու համար:
Քաղաքակրթության ներկայիս ընկալումը նույնպես ուղղակիորեն կապված է պատերազմի հետ: Խաբկանքից ազատ մարդն է, որ օգտվում է քաղաքակրթության բարիքներից: Պատերազմի ժամանակ ամենամեծ խաբկանքը քաղաքակիրթ լինելն ու քաղաքակիրթ մարդկությունից ակնկալիք ունենալն է:
Պատերազմի ժամանակ ազգը քաղաքակրթությունը պետք է ծառայեցնի իր կենսական շահերին, իսկ եթե չի ստացվում, պետք է ոտնակոխ անի այդ քաղաքակրթությունը:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՋՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Ինչպես արդեն նշվեց, մարդկության պատմությունը նախ պատերազմների պատմություն է: Հետևաբար պատերազմից անմիջապես հետո պետք է նախապատրաստվել հաջորդ պատերազմին:
Պատերազմի ժամանակ առաջադրված նպատակների իրականացմանը զուգահեռ ճշգրտվում են հաջորդ պատերազմի ռազմավարական և մարտավարական խնդիրները: Պատերազմը մղում են ոչ միայն հաղթանակի հասնելու, այլև հաջորդ պատերազմում դիրքային առավելություն ունենալու համար: Կարճմտություն է պատերազմի նպատակը սահմանափակել միայն այդ պատերազմի առաջադրած խնդիրներով: Եթե ընթացող պատերազմում, թեկուզ հաղթական, չես առաջնորդվում նաև հաջորդ պատերազմում հաղթելու տրամաբանությամբ, ուրեմն կատարյալ չէ քո հաղթանակը նաև ընթացող պատերազմում:
Եվ հիշենք․ որքան էլ կորստաբեր, ծանր ու դաժան լինի պատերազմը, այն անխուսափելի է: Պատերազմում հնարավոր կորուստներից կարելի է խուսափել, բայց պատերազմից՝ երբեք: Եվ ուրեմն՝ պատրաստվել է պետք հաջորդ պատերազմին, որքան շատ պատրաստվածություն, այնքան քիչ կորուստ, որքան քիչ կորուստ, այնքան շատ ձեռքբերում:
ՏՐԱԿՏԱՏ ԱԶԳԻ ՄԱՍԻՆ
Մաս 1
ԱԶԳԻ ԳԱՂԱՓԱՐԻ ԸՆԿԱԼՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱԶԳի գաղափարն ու էությունը շատ երկար ժամանակ քննարկվել են և շարունակում են քննարկվել ինչպես համաշխարհային դասական քաղաքական մտքի, այնպես էլ հայ հասարակական-քաղաքական մտքի կողմից:
ԱԶԳի գաղափարի ընկալումը ուրույն սոցիոլոգիական տեսական խնդիր է: Քաղաքական դաստիարակության տեսակետից խիստ կարևոր է դրա լուծումը՝ այդ գաղափարի մարսումը: Անկախ պետականությունը չկորցնելու, ամրացնելու, հայության հավիտենականությունը երաշխավորելու համար մեզ անհրաժեշտ է վերաթարմացնել ԱԶԳի գաղափարը:
Թերևս կարիք կա առաջադրելու այն հարցադրումները, որոնք անմիջականորեն կապ ունեն ԱԶԳ կոչվող հավաքականության և նրանից ածանցվող ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ինչու ոչ՝ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՈՒԹՅԱՆ և այլ երևույթների հետ:
Պետք է դիտարկել Ազգն առավելաբար քաղաքական, մշակութային, թե՞ ծագումնաբանական կատեգորիա է, կամ՝ դրանց ամբողջությունը, կամ՝ դրանց մի մասի ամբողջությունը: Այս հարցերի պատասխանների պարզաբանումը և դրանց ընկալումն է, որ մեզ համար ճանապարհ է բացելու դեպի ընդհանուր ընկալելի ապագա:
Մաս 2
ԱԶԳԻՆ ԲՆՈՐՈՇՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
Սեփական հայրենիքի, պատմության, պատմական հիշողության, քաղաքակրթական ակունքների, պետության հանդեպ սերն ու հարգանքը պետք է ներառվեն ազգի բարոյական հիմքերի մեջ:
Ընդունված է ազգին բնորոշող հատկանիշներ համարել ծագումը, մարդաբանական կառուցվածքը, ընդհանուր աշխարհագրական տարածքը, մշակույթը, լեզուն, պատմությունը, պետության ընկալման ձևը, ապագայի մասին պատկերացումները:
Սակայն նշված յուրաքանչյուր հատկանիշ ոչ միայն կարիք ունի մեկնաբանության, այլև պետք չէ միանշական ընդունել: Այս բոլոր հատկանիշները պետք է համահունչ լինեն հավաքականության մեջ:
Արյան կապը, մարդաբանական կառուցվածքը միանշանակ առաջնային նշանակություն ունեն հավաքականության համար ծագումնաբանական հիմքերով օժտելու տեսանկյունից:
Աշխարհագրական տարածքը մեծապես կարևոր է ազգին բնութագրելու համար: լեռները, հարթավայրերը, ծովը, տաք և ցուրտ կլիման իրենց հետքն են թողնում ազգերի ճակատագրի վրա՝ կազմավորումից սկսած:
Ազգ-հավաքականության բնորոշման համար անհրաժեշտություն է լեզուն և մշակույթը: Չի կարող ազգը կատարյալ լինել առանզ լեզվի և մշակույթի: Տարբեր ազգեր, եթե կրում են նույն լեզուն, նույնիսկ այդ պարագայում փորձում են նույն լեզվի մեջ տարբերություններ ստեղծել: Հատկանշական է, որ այդ տարբերությունը ավելի շատ բնական է, քան արհեստական: Ինչ վերաբերում է մշակույթին, ապա առանց ուրույն և բարձրարժեք մշակույթի ազգերը պարզապես չեն կարող գոյություն ունենալ:
Ազգերին հավաքական գիտակցություն տալիս է նաև պատմական անցյալը, նրա փառավոր և ողբերգական էջերի հավաքական ընկալումը:
Ազգն իր բնարոշումը բյուրեղացնում է հատկապես պետության ընկալման ձևի և ապագայի հանդեպունեցած իր պատկերացումներում:
Հիմնականում այս հատկանիշներով են օժտված ազգերը և այս հատկանիշներով տարբերվում միմյանցից:
Մաս 3
ԱԶԳԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Ազգը կարելի է որակել որպես ժողովրդի քաղաքակրթվածության, զարգացածության դրսևորում: Իսկ ոչ զարգացած ժողովուրդներն ու ազգերը աշիրեթ են, հորդա, ցեղ: Ազգը քաղաքակրթության ծնունդ է և քաղաքակրթության դրսևորում, ոչինչ արհեստական չի կարող լինել:
Մարդկության ապագան կապված է ազգի, ազգային պետության ապագայի հետ: Քաղաքակրթության ձեռքբերում համարվող համամարդկային հանդուրժողականությունը, համագործակցությունը պայմանավորվում է միայն ազգերի իրավունքների հարգման պարագայում:
Ազգերի և քաղաքակրթության համդրման ընկալումը հատկապես կարևոր է մշակույթի տեսանկյունից: Ազգը ինքը մշակույթ է, հետևաբար ազգի կորուստը՝ մշակույթի կորուստ: Համընդհանուր մշակույթի զարգացումը պայմանավորված է բազմազանությամբ և բազմազանության ներդաշնակությամբ: Իսկ ազգերն էլ մարդկության բազմազանության արտահայտություն են հանդիսանում: Հետևաբար ազգի զարգացումը քաղաքակրթական, առաջադիմական երևույթ է, և միաժամանակ ազգի, ազգային մշակույթի կորուստը՝ համամարդկային մշակույթի կորուստ:
Ազգերը քաղաքակրթության ձեռքբերումներից են, և նույն քաղաքակրթությունը պահպանելու է ազգերի գոյությունը:
Մաս 4
ԱԶԳԸ ԵՎ ԼԵԶՈՒՆ
Հայ քաղաքական մտքի դասականներից Հովհաննես Քաջազնունին ազգին բնորոշող ամենակարևոր բաղադիրչը համարում է լեզուն:
Արդեն նշեցինք, որ ազգը մշակույթ է, ազգը կազմավորվում է այնտեղ, ու կան մշակութային հարստության բավարար պայմաններ: Իսկ այդ հարստություններից ամենաարժեքավորը լեզուն է: Լեզվի ձևավորումը ենթադրում է ազգի ձևավորում, լեզվի ինքնահաստատումը՝ ազգի ինքնահաստատում: Պատահական չէ, որ ազգերին տարբերում են լեզուներով:
Ազգերը միմյանցիցի տարբերվելու համար ստեղծում են լեզուներ:
ԼԵԶՈՒՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԾՆՈՒՄ, ԱՅԼԵՎ ԱՊՐԵՑՆՈՒՄ Է ԱԶԳԸ: ԱԶԳԸ ԿԵՆԴԱՆԻ Է ԻՐ ԼԵԶՎՈՎ: ԼԵԶՎԻ ՄԱՀԸ ԱԶԳԻ ՄԱՀՆ Է, ԻՆՉՊԵՍ ՈՐ ԱԶԳԻ ՄԱՀԸ ԼԵԶՎԻ ՄԱՀՆ Է:
Պատահական չէ, որ ազգերի պայքարը յուրատեսակ լեզվական պայքար է: Ուժեղ ազգը թույլերին իր մեջ ձուլելու համար նախ հարձակվում է նրանց լեզվի վրա: Իսկ վտանգի ենթարկված ազգերը նախ ուզում են իրենց լեզուն պահպանել: Լեզուն և լեզվի հետ կապված դպրոցը, գրականությւոնը, մամուլը, թատրոնը այն միջնաբերդն են, որոնք ապահովում են ազգի գոյությունը:
Մաս 5
ԱԶԳԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ժամանակակից ընկալումներում, հատկապես եվրոպական, ազգ եզրույթին երբեմն տրվում է պետության իմաստ, հաճախ է օգտագործվում ազգ-պետություն (nation-state) եզրույթը: Սա պատահական չէ, որովհետև հատկապես Եվրոպայում խառնամուսնություններով պայմանավորված դժվար է որոշել, թե որ ազգությանն է պատկանում ֆրանսիացի հորից և անգլիացի մորից ծնվածը, առավել ևս շվեյցարացի գերմանո-իտալացուց և կատալոնացուց ծնվածը: Հենց այստեղ է, որ ազգին տրվում է պետական իմաստ, և ազգը ընկալվում է որպես պետություն կազմող ժողովուրդ կամ հավաքականություն:
Օրինակ` nation-ը (le nation francaise) ֆրանսիացիները ընկալում են ֆրանսիահպատակ ժողովուրդ կամ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի: Իհարկե, սա Ֆրանսիայի օրինակն է, բայց ոչ բոլորի:
Նույն տրամաբանությամբ է առաջին աշխարհամարտից հետո կազմավորվել Ազգերի լիգան, որն, ըստ էության ոչ թե ազգերի, այլ պետությունների դաշինք էր:
Մի խոսքով, պետությունը ազգ է ներկայանում այն դեպքում, երբ հանդես է գալիս որպես հավաքականություն:
Պետության սահմանները կարող են փոխվել, բայց այդ փոփոխված սահմաններում ապրող ազգերը չեն փոխվում, եթե, իհարկե, ցեղասպանություն կամ տեղահանություն տեղի չի ունենում:
Հակված ենք կարծելու, որ պետությունը միջոց է ազգի պահպանման համար, և քանի դեռ չկա առավել հուսալի միջոց ինքնության պահպանման համար, քան պետությունն է, ազգերը պահպանում են պետությունը, երբեմն նույնանալով նրա հետ:
Մաս 6
ԱԶԳԸ ԵՎ ԿՐՈՆԸ
Կա մի շփոթ, երբ ազգը նույնացնում են կրոնի հետ: Իրականում չկան քրիստոնյա ազգ, բուդդայական ազգ, մահմեդական ազգ: Այլ բան է, որ կան քրիստոնեություն դավանող տարբեր ազգեր: Ավելին, ազգերը կարող են լինել կրոնական տարբեր դավանանքների, նույնիսկ տարբեր կրոնների ներկայացուցիչների հավաքականություն: Օրինակ՝ մենք՝ հայերս առաքելական, կաթոլիկ, ավետարանչական ու նաև մահեմդական: Ճիշտ է, գերազանցապես (95 տոկոսից ավելին) առաքելական ենք, բայց դա չի նշանակում, որ կաթոլիկ հայերը հայ ազգ-հավաքականության մեջ չեն ընդգրկվելու: (Կաթոլիկ Մխիթարյանների ազգանվեր գործունեության մասին բազմիցս է խոսվել):
Նույն օրինակը կարելի է բերել եվրոպական մի շարք երկրների դեպքում:
Մեր օրերում, անշուշտ, բացառություններ կան՝ բոսնիացի մահմեդականները: Վերջիններս հասել են նրան, որ որպես ազգություն պաշտոնապես անվանվում են մահմեդականներ: Իրականում բոսնիացի մահմեդականները այնքան էլ չեն հետևում մահմեդական կրոնի ավանդույթներին և ծեսերին, բայց խոսում են սերբախորվաթերեն, և որպեսզի տարբերվեն սերբերից կամ խորվաթներից (այդ լեզուն են կրում), իրենց ինքնանվանեցին մահմեդականներ:
Վերադառնալով հայերիս պետք է ընդգծել, որ քրիստոնեությունը իր կարևոր դերակատարումն է ունեցել մեր ազգային հոգեկերտվածքի կայացման զարգացման գործում, սակայն դա չի նշանակում, որ մեր օրերում ոչ քրիստոնյա հայերը, (կամ եթե մանրանանք՝ ոչ առաքելական հայերըը) իրավունք չունեն մաս կազմելու հայ ազգային հավաքականությանը: Նրանք ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտավոր են:
Մաս 7
ԱԶԳԵՐԸ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Ազգը դա ժողովրդի անհատականության դրսևորումն է, որպեսզի այդ անհատականությունը դրսևորվի, ազգը պետք է անկախություն ունենա: Թերևս անհատականության պահպանման մղումով է, որ ազգերը պետք է իրենց մեջ կենսունակություն պահպանեն: Այսինքն պատրաստ լինեն պայքարելու հանուն անկախության ձեռքբերման կամ դրա պահպանման:
Առանց անկախության նույնպես հնարավոր է պահպանել անհատականությունը, բայց այդ դեպքում անհրաժեշտ են մշակույթին հալածող գործոնների, կրոնափոխության պարտադրանքի, խառնամուսնությունների բացառումը:
Այլապես պետք է կանգնել ազատություն կամ մահ երկընտրանքի առջև:
Հայ ազգի ամբողջական պատմությունը անկախության համար պայքարի պատմություն է՝ անկախության նվաճման կամ պահպանման, ասել է, թե անհատականության պահպանման:
Մաս 8
ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ազգության հիմքը ազգայնորեն մտածելու եղանակն է: Այսինքն՝ անհատի որևէ ազգին պատկանելը ենթադրում է բացի վերոնշյալ հատկանիշներից նաև համապատասխան ինքնագիտակցության դրսևորում:
Ազգային գիտակցության դրսևորումը դա այն կապերի գիտակցումն է, որոնք անհատին կապում են ազգային հավաքականության հետ, անհատը գիտակցում է ազգային հավաքականության իրավունքները, շահերը, վտանգները: Առանց նման գիտակից անհատների հավաքականությունը չի կարող ազգ լինել:
Խաչատուր Ստեփանյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ