Հայաստանը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա «Կովերի այգու» հարցում
30 Նոյեմբեր 2023
Հայաստանը պետք է օգտագործի դիվանագիտական ուղիները և ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ հասնելու այս խնդրի պատշաճ լուծմանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Հակոբ Սևանը` մեկնաբանելով «Կովերի այգու» տարածքում ստեղծված իրավիճակը։
Նա նշել է, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը նույնպես մասնակցել է բողոքի ցույցերի առաջին օրերին և ծանոթ է բոլոր մանրամասներին։
Հակոբ Սևանը չի համաձայնվել այն կարծիքին, որ Երուսաղեմի հայ համայնքի վիճակն անմխիթար է, հարցը կապված է պատրիարքարանի հետ։
«Համայնքն ինքնին՝ իր կառույցներով, շատ կազմակերպված է։ Մենք պատրիարքարանի հետ միասին, դիմակայում ենք այս գործարքին։ Իսրայելը միշտ նպատակ է ունեցել օգտագործել այս տարածքը, սակայն պատրիարքարանը միշտ մերժել է դրա հետ կապված ցանկացած նախաձեռնություն։ Այժմ պատրիարքարանը ևս չեղյալ է հայտարարել գործարքը։ Սակայն իսրայելական ընկերությունը փորձում է ուժով ձեռք բերել այդ հողերն օգտագործելու հնարավորությունը։ Սակայն հայերը 24 ժամ հերթապահում են այս տարածքում, որպեսզի իսրայելական ընկերությունը չկարողանա իրականացնել իր հավակնություններն այս հողերի նկատմամբ»,- հավելել է «Հայ դատի» գրասենյակի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը «Կովերի այգու» տարածքը 99 տարով վարձակալության էր տվել հրեա ձեռներեցին։ Այս որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել, և երկար պայքարից հետո գործարքը չեղարկվեց։
Սակայն երկու շաբաթ առաջ բուլդոզերները սկսեցին քանդել վիճելի տարածքի մի մասը: Երբ ցուցարարները փորձեցին կանգնեցնել այն, հայտնվեցին զինված իսրայելցի հրեա վերաբնակիչներն ու փորձեցին ցրել ցուցարարներին, սակայն անհաջողության մատնվեցին։