Թանկացումները՝ գերիշխող ընկերությունների «թելադրա՞նք»
20 Դեկտեմբեր 2018 «Կարծում եմ, որ գերիշխող կազմակերպություններն իրենց դերակատարումն ունեն»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո ալյուրի գնի թանկացմանը: «Ալյուրի շուկան մեզ մոտ գերկենտրոնացված շուկաներից մեկն է համարվում: Այստեղ գործում են մի շարք գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ, որոնք մեծ ազդեցություն ունեն շուկայի մրցակցային իրավիճակի վրա և շատ հաճախ հենց նրանք են թելադրում գները: Այս շուկայում նաև մեծ ստվեր կա՝ կապված մեր գյուղատնտեսության ոլորտի ոչ հստակ ցուցանիշներով, քանի որ չի երևում, թե իրականում ինչքան ցորեն է արտադրվում Հայաստանում, ինչը լուրջ խնդիր է»,- ասում է տնտեսագետը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին տեղական ցորենի արտադրության ցուցանիշը կրճատվում է, քանի որ մեծ քանակությամբ ներմուծում է տեղի ունենում ավելի ցածր գներով ԵԱՏՄ երկրներից՝ մասնավորապես Ռուսաստանից: Հետևաբար, մեր մրցակցային ցորենը կորցնում է իր առավելությունը:
Սուրեն Պարսյանը նշում է՝ նախկինում տեղական արտադրությունը պահելու համար բարձր գին էին շուկայում սահմանում ալյուրի համար, որպեսզի տեղական արտադրողների համար ձեռնտու լիներ: «Վերջին տարիներին իրավիճակը փոխվել է, և ներմուծողներն ավելի ցածր գներով են իրենց ապրանքը իրացնում մեր ներքին շուկայում, այդ պատճառով մեր տեղական արտադրողների մեծ մասը դուրս մնացին»,-ընդգծում է Պարսյանը:
Խոսելով անասնակերի՝ թեփի գնի թանկացումից, տնտեսագետը նկատեց. «Թեև թեփը ևս կախված է ցորենի արտադրության հետ, բայց ինձ համար զարմանալի է դրա թանկացումը, քանի որ այս տարի անասնագլխաքանակի կտրուկ նվազում է գրացվել: Օրինակ, խոտի գինն այս տարի անհամեմատ ավելի ցածր է, քան նախորդ տարի: Առաջնային պատճառը հենց այն է, որ նախորդ տարվա չափով պահանջարկ չկա, որովհետև այս տարի այդքան անասուն չկա: Կարծում եմ, որ թեփի գնի թանկացումը ևս պայանավորված է գերիշխող կազմակերպությունների՝ այսպես ասած թելադրանքով»:
Հարցին, թե ինչու՞ ալյուրի գնի թանկացում նկատվեց հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, տնտեսագետը պատասխանեց. «Կարծում եմ՝ բարձրացման պատճառները մինչև ընտրություններն են եղել, ուղղակի ընտրությունների արտահերթությունն էր, որ համընկավ: Այսինքն, շատ ապրանքների գներ, որ պիտի բարձրանային դեկտեմբեր ամսին, ընտրությունների արդյունքների վրա իր ազդեցությունները չէին ունենա, եթե ընտրություններն ավելի շուտ տեղի ունենային»:
Խոսելով ալյուրի մեծածախ վաճառքի դեպքում դրա՝ դոլարով իրացմանը Հայաստանի Հանրապետությունում, տնտեսագետը նշում է, որ Հայաստանում արգելվում է դոլարով վճարում իրականացնել և դրա համար նախատեսված է առնվազն 2 միլիոն դրամ տուգանք:
Ըստ նրա, այս հարցով պետք զբաղվեն համապատասխան լիազոր մարմինները՝ հատկապես հարկային տեսչությունը, և սահմանեն վերահսկողություն: «Հացի թանկացումը ՀՀ-ում բոլոր խավի մարդկանց մոտ խնդիր է առաջացնելու: Ալյուրի գնին կարող են միանալ այլ սննդամթերքներ, թանկացել է, օրինակ, ձվի գինը՝ 5 դրամով։ Հիմնական պատճառը նախատոնական օրերին թանկացումներն են, և այս տարի ձվի ներմուծման ծավալներն ավելի քիչ են, իսկ դա կհանգեցնի շուկայում ձվի դիֆիցիտի, եթե շարունակվի այս տեմպերով»,- եզրափակեց Սուրեն Պարսյանը: