Բրյուսելի հանդիպմանը ինչ-որ բան հարթ չի գնացել, ՀՀ-ի դեմ ավելի մեծ պայմաններ են դրել
08 Ապրիլ 2024
ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին խոստացված գումարը, եթե վերածենք եվրոյի, տարեկան գալիս է 80 մլն եվրոյից էլ պակաս գումար, դա չնչին է տնտեսական բում ապահովելու համար, ինչը խոստանում էինք այս իշխանությունները Բրյուսել մեկնելուց առաջ. ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Այս տարվա սկզբից ՀՀ իշխանությունները դրանից կրկնակի անգամ ավել միայն արտաքին պարտքն են մեծացրել: Այնպես որ արդյունքն ու ակնկալիքը, որ ունեինք, իրար հետ ընդհանրապես համատեղել չեն: Հիշեցնեմ, որ 2021-ի հուլիսին ԵՄ-ն խոստացել էր 2,6 մլրդ եվրո եւ մոտավորապես նույնքան էլ խոստացել էր մոբիլիզացնել այլ գործընկերներից: ԱՄՆ-ի աջակցությունը դեռեւս 1990-կաններից 100 մլն դոլարի կարգի էր, եթե ոչ ավելի: Գնողունակությունների տարբերությունը որ նայենք, այսօրվա փողով դա 200 մլն-ից ավել է դառնում: Այնպես որ, կարծում եմ՝ ինչ-որ բան հարթ չի գնացել: Կարծում եմ՝ ավելի մեծ պայմաններ են դրվել Հայաստանի առաջ եւ Հայաստանն ուղղակի, գնահատելով իրավիճակը, երեւի հասկացել է, որ դրա տակից դուրս չի գա: Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում երկու քարի արանքում ենք հայտնվել: Սրան էլ գումարած թուրք-ադրբեջանական քարը»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ռուս-արեւմտյան հակասությունները վերջին 100 տարում երբեք այսքան խորացած չեն եղել, երկու կողմերն էլ փորձում են դաշնակիցներ ձեռք բերել, իրար տակից դաշնակիցներ հանել. «Չմոռանանք, որ արտաքին աջակցությունը արտաքին քաղաքականության գործիքներից մեկն է: Այնպես որ, ես կարծում եմ, որ կամ քաղաքական, կամ ռազմաքաղաքական, գուցե նույնիսկ տնտեսական սահմանափակումներ կամ պահանջներ են դրվել,-ասաց նա:
Նախորդ տարի Ռուսաստանի հետ մեր առեւտուրը 7-7,5 մլրդ է կազմել. Հիմա այս իշխանություններն ասում են՝ մենք արտաքին առեւտուրը դիվերսիֆիկացնում ենք. Ոչ մի բան էլ չեն դիվերսիֆիկացնում. նշեց Արթուր Խաչատրյանը:
«Եթե 2021-ի համեմատ 2023-ի համեմատ դեպի ԱՄԷ մեր արտահանումը 70 մլն-ից դարձել է 2,2 մլրդ, դա Հայաստանի գործոններով պայմանավորված չի, Ռուսաստանից ստանում են ոսկին, կոդը փոխում են, արտահանում են ԱՄԷ: Ներմուծման ու արտահանման աճը նույնպես ռուսական գործոնով է պայմանավորված: Եթե Փաշինյանը դա չի գիտակցում, տնտեսական բլոկի պատասխանատուները դա շատ լավ գիտակցում են եւ իրեն հասկացնում են, որ դա կարող է բերել տնտեսական անկման, սոցիալական դժգոհության աճի, որից իր աթոռը կերերա: Իսկ Փաշինյանը ոչ արեւմտամետ է, ոչ ռուսամետ, ինքը աթոռամետ է»,-ասաց նա:
Արթուր Խաչատրյանը նկատեց, որ 2022-ին դրսից եկած տրանսֆերտներն ավելի շատ էին, քան Հայաստանի պետական բյուջեի բոլոր եկամուտները միասին վերցրած. «Խոսքը 5 մլրդ դոլարի մասին էր: 5 միլիարդը ո՞ւր, 300 մլն-ը ո՞ւր»:
Նրա խոսքով, Հայաստանն այսօր մանր անհարմարություններ է պատճառում Ռուսաստանին, որոնք ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի լեզվով են հնչում. «Ավելի լուրջ անհարմարություն չի պատճառում, հավանաբար Հայաստանին Բրյուսելում փորձ է արվել դրդել որոշակի գործողությունների, բայց իշխանություններն էլ գիտակցում են՝ դա ինչով է հղի: Կամ ես հույս ունեմ, գոնե գիտակցում են՝ ինչով է հղի»,- ընդգծեց նա:
Ես կարծում եմ ՝ այո, այդ հակառուսականությունը կշարունակվի, կշարունակեն բոլոր դժվարություններում մեղադրել ռուսներին. նշեց Արթուր Խաչատրյանը:
«Տեսեք, նույնիսկ Բրյուսել գնալուց առաջ Փաշինյանն ինչ էր գրել, ասել էր՝ մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել: Նպատակն ի՞նչ էր, ինքը գիտակցում էր, որ եթե գնար Արևմուտքի հետ մերձեցման, ապա դա կբերի տնտեսական դժվարությունների, սոցիալական իրավիճակի լարման, պետք է իրեն ասեին, գիտե՞ս ինչ կա, խելքդ գլուխդ հավաքի, եթե երեխաս տանը սոված ա, դու էդ վեհ գաղափարներով մի՛ առաջնորդվիր:
Որպեսզի իրեն ապահովագրեր, ասում էր՝ ես ոչ մի բան չեմ արել, ամբողջ պրոբլեմը էնտեղ է, իմ քաղաքականության հետ դա կապ չունի: Այնպես որ, ես կարծում եմ սա կշարունակվի, բայց չգիտեմ՝ ինչքան կուժգնանա»,-ասաց նա:
Ադրբեջանը պահանջներ է ներկայացրել Հայաստանին՝ Տավուշից տարածքներ կորզելու, հիմա կրակոցներով ուղղակի հիշեցնում է, որ պահանջը ներկայացրել է և պատասխանի է սպասում. ասաց Արթուր Խաչատրյանը:
Հարցին՝ այդ դեպքում Սյունիքում ինչու՞ է կրակում, նա պատասխանեց. «Կարող է Սյունիքում կրակել, վաղը Նախիջևանի սահմանագլխին կրակել: Չմոռանանք, որ Ադրբեջանի բոլոր մխրճումները ՀՀ տարածք, եղել են նոր ձևավորված սահմաններից, և իրենց համար, իհարկե, շատ ավելի հեշտ է Սյունիքում կրակել, Վայոց ձորում կրակել, Գեղարքունիքում կրակել և առաջխաղացում ապահովել այդ սահմաններից: Տավուշում հնուց կահավորված դիրքեր են, և ադրբեջանցներն այս 30 տարիների ընթացքում մի միլիմետր առաջ չեն եկել, և պատճառներից մեկն էլ, թե ինչու են այդ տարածքներն ուզում, նրանք ուզում են ամուր սահմանի մեջ ճեղք առաջացնել»:
Ինչ վերաբերում է նրան, որ ՊՆ-ն փաստում է, որ սահմանին կուտակումներ չկան, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ամեն օր խոսում է պատերազմի հավանականության մասին, Արթուր Խաչատրյանն ասաց. «Դե զիջումների համար պատասխանատուն Փաշինյանն է, և ինքը սեփական ժողովրդին շանտաժի է ենթարկում՝ կամ գնում եմ զիջումների, կամ կլինի պատերազմ: Դա սեփական ժողովրդին վախեցնելու, պայքարի ոգին կոտրելու նպատակ է հետապնդում»:
Մանրամասները՝ տեսանյութում