Ադրբեջանը Հայաստանին ներկայացնելու է նոր կապիտուլյացիոն պայմաններ, որոնց այս իշխանությունը մտադիր է տեղի տալ
09 Ապրիլ 2024
Ողբերգություն է, երբ երկրիդ բարձրաստիճան պաշտոնյաները եւ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները փրփուրը բերանին փորձում են հիմնավորել, որ ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքները ադրբեջանական են. այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Սրանից բխեցնելով պետք է ասել, որ եթե տեղի ունենա ռազմական գործողություններ կամ Ադրբեջանի կողմից հարձակում, պետք է ֆիքսել, որ դրա հրահրողը եւ դա լեգիտիմացնողը այսօրվա իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Իրենք անընդհատ Ադրբեջանի շահերը սպասարկող հիմքեր անընդհատ փորձում են մեջտեղ բերել: Ադրբեջանի ԱԳՆ-ն կարող է ՔՊ-ական որոշ գործիչների գործի ընդունի»,-ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ ընդդիմությունը ներկայացրել է հայտարարության նախագիծ, որտեղ կա իրավիճակի գնահատում, կոչ միջազգային հանրությանը, հայ ժողովրդին եւ այլընտրանքային լուծումներ. «Իրենց տրամադրվածությունից ակնհայտ է, որ իրենք դեմ են լինելու մեր ներկայացրած հայտարարության նախագծին:
Մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ երկիրը գտնվում է մի ուժի ձեռքում, որոնք շարունակելու են զիջումները, և մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ իրականում սահմանազատման և սահմանագծման աշխատանք չկա, իրականում Հայաստան-Ադրբեջան բանակցություններ չկան, կան Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող նոր կապիտուլյացիոն պահանջներ, որին այս իշխանությունը մտադիր է տեղի տալ։ Իշխանությունները իրենց պահվածքով լեգիտիմացնում են Ադրբեջանի առաջիկա ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ: Հայաստանը պատրաստ չէ դիմադրություն ցույց տալ, պատրաստ չէ լիարժեք սահմանազատման աշխատանքների եւ դա հիմնվորում են Ադրբեջանի կողմից պահանջներով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Սաղաթելյանը նշեց, որ ընդդիմությունը ևս մեկ անգամ արձանագրել է, որ այդ տարածքները Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն և դրանք զիջելով՝ կառաջանան անվտանգային լրջագույն խնդիրներ։
Պատգամավորը միաժամանակ նշեց, որ փակ հանդիման ընթացքում Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է, որ Տավուշում կոնկրետ պայմանավորվածություն չկա սահմանագծման վերաբերյալ:
Արարատ Միրզոյանը էդ գծի մեջ էր, որ եթե այդ տարածքները չտանք, պատերազմ կլինի.ասաց Իշխան Սաղաթելյանը:
«Քանի դեռ կա քաղաքական մեծամասնություն սրանց գլխավորությամբ, այո, երկիրը տանելու են դեպի անդունդը»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ կարող եք փոխանցել տավուշեցիներին այս հանդիպումից հետո, նա պատասխանեց. «Ոչ միայն տավուշցիներին, այլև Հայաստանի ողջ ժողովրդին կարող եմ ասել, երկիրը վտանգի մեջ է, քանի որ իշխանության ղեկին գտնվում է մի խումբ, որը երկիրը տանելու է նոր փորձությունների, իսկ դա կանխելու համար մեզ անհրաժեշտ է երեք մակարդակներով դիմադրություն` Հայաստանում, Տավուշում ու Սփյուռքում: Պետք է սրանց լինի հակազդեցություն, որն ինչ-որ փուլում պետք է վերածվի համազգային պոռթկումի, հնարավոր լինի ազատվել այս իշխանությունից, հնարավոր լինի կանխել նոր կապիտուլյացիան, որը կախված է մեր գլխին»:
Հակասություն չասեմ, բայց… ինչպես ձևակերպեմ, Արարատ Միրզոյանը Նիկոլից Նիկոլ էր դահլիճում. ասաց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են հասկացել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դիրքորոշումներում հակասություններ կան։
«Իսկ Մհեր Գրիգորյանը փորձում էր ներկայացնել այն աշխատանքը, որ արել են, այն սկզբունքները, որ գոյություն ունեն։ Ինձ թվում է ընդհանրապես, սա նոր տպավորություն չէ, սա նաև բանակցային փաստաթղթերին ծանոթանալուց հետո տպավորություն է, կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն ու կան արտգործնախարարությունների ու հանձնաժողովների միջև բանակցություններ։
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր պայմանավորվածությամբ, որի մասին շատ պաշտոնյաներ տեղյակ չեն լինում։ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ աշխատում է ուղիղ»,-ասաց Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում