Հարկեր հավաքող են՝ թող իրենց շրջապատի օլիգարխներից հավաքեն
23 Մայիս 2024
Իշխանությունը դեռ 2018-ից էր պայքարում եկեղեցու դեմ` «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումն առաջին ծիծեռնակներից էր, եւ դրա ակտիվիստներին հետո բարձր պաշտոններ տվեցին, անգամ բուհի ռեկտոր սարքեցին: Բայց տարեցտարի այդ պայքարն ավելի թեժացավ ու անթույլատրելի ձեւեր ստացավ: Բանը հասավ այնտեղ, որ անգամ սուրբծննդյան պատարագներին պետական պաշտոնյաները սկսեցին չմասնակցել, նույնիսկ՝ ցածրակարգ չինովնիկները, որովհետեւ Նիկոլ Փաշինյանից եկած ազդակ կար` խփել եկեղեցուն եւ կաթողիկոսին, Հայ առաքելական եկեղեցուն հայտարարել թշնամի: Այդ գործընթացի բաղկացուցիչներից էին եկեղեցուն հարկելու փորձերը, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելը եւ, իհարկե` ուսապարկերի պարբերական ելույթները մոմ վաճառելու, հարկեր չվճարելու, եկեղեցին քաղաքականացնելու մասին:
Իսկ Բագրատ սրբազանի նախաձեռնած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկից ի վեր, առհասարակ, եկեղեցին եւ հոգեւորականները դարձան իշխանավորների աչքի գրողը, եւ արդեն բացահայտ արշավ է սկսվել առաքելական եկեղեցու դեմ:
Հարց է ծագում․ 6 տարի իշխանություն ունեք, եթե օրենքի խախտումներ կան, բացահայտեիք այս ընթացքում, պատժեիք: Եթե օրենսդրությունն է թերի, փոխեիք, ինչպես որ մի քանի օրում Սահմանադրություն փոխեցիք խորհրդարանում, ինչպես որ հաշված օրերի ընթացքում օրենքներ եք ընդունում: Եթե չեք արել, այս պոպուլիստական, լրագրողական, բամբասանքային ելույթներն ինչի՞ համար են:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում այս թեմայի հետ կապված ասաց.
«Այս իշխանության վարքագիծն այլախոհների նկատմամբ` երեւացող-չերեւացող ու անուղղակի տեռորն է: Ազատ խոսքի, այլակարծության ցանկացած դրսեւորման նկատմամբ այս իշխանությունները որդեգրում են նման կեցվածք: Մարդը կարող է իրենց համար լինել ընդունելի, նույնիսկ պաշտոններ կարող են շնորհել, գովերգեն, սակայն երբ գեթ մեկ այլակարծության նշույլ նկատեն, վերջ, միանգամից թշնամանում են, ողջ պետական համակարգն ու իրենց ֆեյք ինդուստրիան, որը մեր երկրի տունն է քանդել, ուղղորդում են այդ անձի, ուժի, երեւույթի դեմ: Ակնհայտ է, որ երբ եկեղեցին կանգնեց ժողովրդի կողքին, բարձրաձայնեց ազգային ողբերգությունների շարանը, միայն նոր հիշեցին հարկերը: Եկեղեցին իշխանության կողմից թիրախավորված է, ինչը, մեղմ ասած, նենգություն է: Թուղթն ու գրիչն իրենց ձեռքին է, իրենց թվում է՝ այդպես կարող են բոլորին ահաբեկել: Սա ահաբեկչական դրսեւորում է: Ստացվում է, ասում են` եթե դուք այլ տեսակետ ու կարծիք ունեք, անկախ այն բանից, ազգային շահերից դա բխում է, թե ոչ, միանգամից հարձակվում են` իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով: Այն հայտարարությունները, թե պետք է եկեղեցուն հարկել, ուղղակի հակասահմանադրական է: Եկեղեցին ոչ միայն մեր մտքում ու սրտում է, այլեւ օրենքով է կարգավորված` Սահմանադրությամբ: Այնպես որ, նման հայտարարություններն օրենքին դեմ են: Ինչ վերաբերում է տնտեսական կողմին. «Հարկեր վճարեք՝ փամփուշտ գնենք» կեղծ օրակարգին, ապա եթե հարկեր հավաքող են, թող իրենց շրջապատի օլիգարխներից հարկեր գանձեն, որոնք երբ զգում են հարկերի օրինական մոտալուտ շունչը, բոլորի դիմակները պատռվում են: Հարկերից զատ, պետական գանձարանն այդ ո՞վ է փոշիացնում` մեկ անձից գնումներով: Ես բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ մեկ անձից գնումները հենց սրանց օրոք դարձան օրինաչափ: Այն բարձր տնտեսական աճը, որի պատճառով իշխանությունները գլխապտույտի մեջ էին որոշ ժամանակ առաջ, իրենց հետ այնքանով կապ ունի, ինչքան, օրինակ, Չիլիի իշխանությունը Հայաստանի հետ»:
Հայկ Գևորգյան