Այս սրբազան պայքարն այլընտրանք չունի, պետք է հասցնենք ավարտին
27 Մայիս 2024
Լկտիությունն հասել է այն աստիճանի, որ առավոտյան ոստիկանության կազմակերպված հանցագործ մի խումբ փորձ էր անում մոտք գործել «Սիմոն Վրացյան» կենտրոն՝ բերման ենթարկելու մարդկանց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ թույլ չեն տվել ոստիկաններին մտնել շենք։ «Սա հանցագործություն է, որն անպատասխան և անպատիժ չի մնալու։ Ոստիկանությունը պետք է հասկանա, որ կատարում է ոչ թե ցեղասպանության հանցակից, հանցագործ Նիկոլ Փաշինյանի հրահանգները, այլ ուղիղ Ալիևի հրահանգները։ Եվ այս պարագային Փաշինյանը Ալիևի հրահանգներն է փոխանցում նրանց»։ Ընդդիմադիր գործիչը հավելեց, որ հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, միջազգային կառուցներին տեղյակ է պահվել։
Առավոտյան՝ ոստիկանության 6 տասնյակից ավելի ծառայողներ փորձել են ներխուժել ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոն, սադրելով և հարձակվելով գրասենյակ անօրինական մուտքն արգելող կուսակցության ղեկավար անդամների նկատմամբ: Երեք տասնյակ ոստիկաններ շրջապատել էին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանին, հարվածում էին պատգամավորին ու քաշքշում։
«Դաշնակցությունը, այո՛, իր ամբողջ ուժերով ներգրավված է Շարժման մեջ, ամեն ինչ անելու է, որ այս Շարժումը հաջողի։ Մենք այս Շարժման ամբողջական աջակիցն ենք, Սրբազանի կողքը կանգնած ենք և մեր հնարավորություններով շարունակելու ենք պայքարը։ Այս բոլոր բռնությունները որևէ կերպ չեն կարող Դաշնակցությանը ետ պահել այս պայքարից, ընդհակառակը, մեզ ստիպում է, որ ավելի կտրուկ, վճռական, հետևողական լինենք մեր պահանջների մեջ և շարունակելու ենք։
Ես կոչ կանեմ նաև բոլոր այն քաղաքական ուժերը, անհատները, գործիչները, որոնք այս ընթացքում իրենց աջակցությունն են հայտնել Շարժմանը իրենք ևս, չնայած այս օրերին բազմաթիվ ուժեր փողոցում են, ամբողջ ծավալով ներգրավվեն, որովհետև այս սրբազան պայքարն այլընտրանք չունի, պետք է հասցնենք իր հաղթական ավարտին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
https://youtu.be/B0rrOzZVcBw