Ունենք այնքան ստորագրություն, որ կարող ենք հրավիրել ԱԺ արտահերթ նիստ
10 Հունիս 2024
ԱԺ պատգամավորները նախաձեռնել են արտահերթ նիստ հրավիրելու օրակարգով հարցը. Օրակարգում մեկ հարց է՝ ԱԺ ուղերձը կառավարությանը՝ կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության կազմավորման անհրաժեշտության մասին: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Մենք արդեն պաշտոնապես շուրջ 3 ժամ առաջ մուտքագրել ենք ԱԺ թվով 33 պատգամավորների ստորագրություններով առաջարկը: գործող օրենքի համաձայն, եթե արտահերթ նիստը պետք է գումարվի մինչեւ 5 աշխատանքային օր առաջ, ապա դրա համար անհրաժեշտ է ԱԺ խորհրդի դրական դիրքորոշումը: Մենք մեր գրության մեջ նշել ենք, որպեսզի օրենքի դրույթը պահպանվի եւ նաեւ անկախ խորհրդի ցանկությունից այս նիստը գումարվի, 5 օրը հաշվարկելով հանդերձ, որ եթե ԱԺ խորհուրդը չուզենա որեւէ պատճառով ներառել օրակարգում, կամ դեմ քվեարկի այս օրակարգով հարցին, ապա 5-րդ աշխատանքային օրը, այսինքն հունիսի 17-ին, ժամը 18.30-ին, օրենքի ուժով պետք է գումարվի արտահերթ նիստ:
Այնուամենայնիվ, գրության մեջ հստակ արձանագրվել է եւ այսօր երկու խմբակցությունների՝ Հայաստան եւ «Պատիվ ունեմ»ի կողմից նաեւ միջնորդություն է ներկայացված այն մասին, որ այսօրվա ԱԺ խորհրդի նիստի օրակարգում ներառվի հարցը եւ որոշում կայացվի վաղը՝ հունիսի 11-ին ժամը 18.30-ից արտահերթ նիստ հրավիրելու մասին:
Նաեւ գրության մեջ հստակ արձանագրվել է, որ եթե անգամ վաղն էլ խորհուրդը նպատակահարմար չգտնի, կարող է մինչեւ 17-ը ցանկացած օր ժամը 18.30-ից հրավիրել արտահերթ նիստ: Հակառակ դեպքում հունիսի 17-ին 18.30-ին օրենքի ուժով պետք է գումարվի արտահերթ նիստ»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Նա հիշեցրեց, որ որպես կանոն ԱԺ մեծամասնությունը օրենքի ուժով գումարվող նիստերն էլ են տապալում: Մինասյանի խոսքով, այս գործընթացի համար անհրաժեշտ է 27՝ ԱԺ պատգամավորների 1/4 պատգամավորի ստորագրություն, իսկ իրենք արդեն ունեն 33 ստորագրություն:
«Այսինքն մենք ունենք այնքան ստորագրություն, որով անպայման այս արտահերթ նիստի օրակարգը պետք է ներառվի: բացի դա, Սահմանադրությամբ կարեւոր երկու սուբյեկտ, երկու խմբակցություններ իրենց միջնորդություններն ամրագրել են եւ այդ միջնորդությունների հիմքի վրա այսօր ժամը 16-ին ԱԺ խորհրդին ներկայացվելու է այս միջնորդությունը:
Թե ինչպիսի վարքագիծ կցուցաբերի ԱԺ մեծամասնությունը, որը նաեւ բացարձակ մեծամասնություն է ԱԺ խորհրդի կազմում, գուցե շատերի համար կանխատեսելի է, բայց եւս մեկ անգամ ցույց կտա իրենց տրամադրվածությունն ու մտադրությունը:
Այս ուղերձով առաջարկվում է, որ նկատի առնելով մի շարք հանգամանքներ, առաջին հերթին այն, որ կառավարության ծրագիրը 2021-2026 թվականների տապալված է եւ հայաստանը կանգնած է մարտահրավերների առաջ եւ դրա հաղթահարումը պահանջում է հրատապ լուծումներ, առաջարկվում է, որպեսզի գնահատելով, որ անհրաժեշտություն կա քաղաքական համաձայնությամբ, խաղաղ եւ անցնցում եղանակով ձեւավորել հանրային հեղինակություն ունեցող, փորձառու անձանցից կազմված նոր կառավարություն, որն ամենասեղմ ժամկետներում կներկայացնի ստեղծված իրավիճակին համապատասխան նոր ծրագիր, եւ կիրագործի երկրի դիմադրողականության մեծացմանը, պաշտպանության ու անվտանգության ամրապնդմանը, տարածքային ամբողջականության ապհովմանն ուղղված առաջնահերթ քայլեր, ԱԺ-ն, որպես սահմանադրական ներկայացուցչկան բարձրագույն մարմին, ուղերձով դիմում է Կառավարությանը, որպեսզի կառավարությունը վիճակով թելադրված ներկայացնի հրաժարական:
Եվ երկրորդ կետով ԱԺ-ն ուղերձով դիմում է հանրությանը, որպեսզի Հայաստանում եւ Սփյուռքում բոլոր մակարդակներում զորակցեն եւ սատարեն նոր կառավարությանը եւ համախմբվեն նրա շուրջը»:
Արծվիկ Մինասյանի խոսքով որպես հիմնավորում ներկայացված է այն, որ կառավարության ծրագիրը չի կատարվել:
«Եթե վախենան, չուզենան ներառել օրակարգում, կարծում եմ՝ սա եւս մեկ ապացույցն է, որ այս մարդկանց միակ նպատակն է կառչած մնալ այդ աթոռներին, անգամ վախենալ քննարկել իրենց իսկ մեծամասնության պայմաններում նոր կառավարություն ձեւավորելու հարցը»,- ընդգծեց Մինասյանը:
Ժողովրդի պահանջը պետք է լինի այնքան հուժկու, որ ամսի 17-ին նիստը կայանա
Մենք այսօր ևս մեկ անգամ ականատես եղանք քաղաքական մեծամասնություն համարվող մի խմբավորման հերթական ապօրինի պահվածքին: Քվեարկություն եղավ՝ 12 դեմ, 2 կողմ: Սա նշանակում է, որ մեր պահանջը, վաղը կամ մյուս օրը, կամ մինչև ամսի 17-ը ցանկացած օր՝ ժամը 18:30-ին գումարվի արտահերթ նիստ, ՔՊ-ը մերժեց: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում ցուցարարներն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հիշեցնելով, որ արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց պետք է լիներ՝ կառավարության հրաժարականը եւ նոր կառավարության կազմավորման անհրաժեշտությունը:
Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ ԱԺ խորհուրդը, 14 անդամից է կազմված, որոնցից 12-ը «Քաղաքացիական պայմանագիրն» են ներկայացնում, մյուս երկուսն էլ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներն են:
«Բայց օրենքի ուժով, ամսի 17-ին՝ ժամը 18:30-ին, նիստը պետք է կայանա, սա ՔՊ-ի ցանկությունից դուրս է: Ժողովրդի պահանջը պետք է լինի այնքան հուժկու, որ սրանք գան նիստին, նիստը կայանա: Հակառակ դեպքում սրանք նորից կգտնվեն իրենց անօրինական գործընթացի մեջ: Այն, որ այս մեծամասնությունը սահմանադրական կարգը տապալել է, բազմիցս ապացուցվել է, բայց որ սկսել է արդեն տասնյակ հազարավոր ժողովրդի կամքն էլ անտեսել: Աշխարհին ներկայանում են, թե իբր մենք ժողովրդրավարական ենք, իրավական ենք, բայց ևս մեկ անգամ հաստատեցին, որ ոչ միայն ուրացել են այս արժեքները, այլ իրենց աթոռը պահելու համար պատրաստ են անտեսել ժողովրդին»,-հավելեց նա: